Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-89413-10.11.2015,06.09.2016-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 12-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 169.25-րդ եւ 169.26-րդ հոդվածներով.

« Հոդված 169.25. Հասարակական կազմակերպության կողմից հաշվետվությունը չհրապարակելը

«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտադիր հրապարակման ենթակա հաշվետվությունը թերի հրապարակելը, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չհրապարակելը առաջացնում է նախազգուշացում հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձանց նկատմամբ:

Օրենքով սահմանված կարգով նախազգուշացվելուց հետո 30 օրվա ընթացքում հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանարապետության արդարադատության նախարարության պահանջը չկատարելը .

առաջացնում է տուգանքի նշանակում հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Տուգանքի նշանակման օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության նախազգուշացման պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։

Հոդված 169.26. Հասարակական կազմակերպության կողմից կանոնադրության նպատակներին անհամապատասխան գործունեության իրականացում

Հասարակական կազմակերպության կողմից կանոնադրության նպատակներին անհամապատասխան գործունեության իրականացումը առաջացնում է նախազգուշացում հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձանց նկատմամբ:

Օրենքով սահմանված կարգով նախազգուշացվելուց հետո 30 օրվա ընթացքում Հայաստանի Հանարապետության արդարադատության նախարարության պահանջը չկատարելը .

առաջացնում է տուգանքի նշանակում հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Տուգանքի նշանակման օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության նախազգուշացման պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»

Հոդված 2. Օրենսգրքի 223.1-րդ հոդվածի «169.18-րդ» բառը փոխարինել «169.18-րդ, 169-25-րդ, 169.26-րդ» բառերով:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: