Հոդված 1. Սույն օրենքը սահմանում է 2004-2007 թվականների ընթացքում կրթության ոլորտում պետական ծախսերի ֆինանսավորման միջոցառումները եւ դրանց տարեկան համամասնությունները:
Հոդված 2. Կրթության ոլորտի ուսուցիչների աշխատավարձի տարեկան աճը 2004-2007 թվականների ընթացքում կազմում է ուսուցիչների 2003 թվականի միջին աշխատավարձի առնվազն հիսուն տոկոսը` 2007 թվականին աշխատավարձի միջին չափը հասցնելով առնվազն 60 հազար դրամի:
Հոդված 3. Մեկ աշակերտի համար կատարվող պետական ծախսերի տարեկան աճը 2004-2007 թվականների ընթացքում կազմում է 2003 թվականին դրա համար նախատեսված ծախսերի առնվազն քսանհինգ տոկոսը` 2007 թվականին առնվազն կրկնապատկելով մեկ աշակերտի համար կատարվող պետական ծախսերը:
Հոդված 4. Կրթության ոլորտի ուսուցիչների աշխատավարձի եւ մեկ աշակերտի համար կատարվող պետական ծախսերի չափերը 2004-2007 թվականների ընթացքում ենթակա են ինդեքսավորման` տվյալ տարվա պետական բյուջեով հաստատված սղաճի չափով:
Հոդված 5. Կրթության ոլորտում պետական ծախսերի ֆինանսավորման տարեկան աճը 2004-2007 թվականների ընթացքում առնվազն պետք է ապահովի սույն օրենքի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով նախատեսված միջոցառումների իրականացումը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից: