Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 332.5-րդ հոդվածով.
«Հոդված 332.5. Նոտարի գործունեությանը միջամտելը
Նոտարի գործունեությանը միջամտելը, այդ թվում՝ նոտարական գործողություններ կատարելուն հարկադրելը կամ ներգործելը՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով:»:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 338.1-ին հոդվածով.
«Հոդված 338.1. Նոտարի մոտ կեղծ երդում տալը
1. Դատարան կամ պետական այլ մարմին ներկայացնելու նպատակով նոտարի մոտ արված բանավոր հայտարարությունը ճշմարտացի լինելու վերաբերյալ կեղծ երդում տալը՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է շահադիտական դրդումներով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
3. Անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե իր բանավոր հայտարարության ճշմարտացի չլինելը որեւէ նշանակություն չէր կարող ունենալ դատարանում կամ պետական այլ մարմիններում:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: