Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10851-06.10.2016-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 225.1. հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, բանկային հաշվի, դեպոզիտի (ավանդի), ինչպես նաեւ արժեթղթի գրավի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքի 15 գլխով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 226-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, բանկային հաշվի, դեպոզիտի (ավանդի) կամ արժեթղթի գրավով ապահովված պարտավորության պարտատերը (գրավառուն) պարտապանի կողմից այդ պարտավորությունը չկատարվելու դեպքում գույքի տիրոջ (գրավատուի) մյուս պարտատերերի հանդեպ գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունք ունի: Անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, բանկային հաշվի, դեպոզիտի (ավանդի), ինչպես նաեւ արժեթղթի գրավի պայմանագրից ծագող իրավունքը լիազորված մարմնի կողմից վարվող գրավի գրանցման մատյանում առավել վաղ գրանցած գրավառուն, մյուս՝ համապատասխան գույքի գրավի պայմանագրերից ծագող իրենց իրավունքներն առավել ուշ գրանցած կամ չգրանցած գրավառուների հանդեպ գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունք ունի:»:

Հոդված 3. Օրենսգրքի 249-րդ հոդվածը լրացնել 4-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«4. Ֆինանսական գործարքների դեպքում գրավի բռնագանձման առանձնահատկությունները սահմանվում են 252.1. հոդվածով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 250-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ պարբերությունում «համաձայնությամբ» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենսգրքի 252.1. հոդվածով նախատեսված դեպքի)» արտահայտությունը:

Հոդված 5. Օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Գրավ դրված անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, բանկային հաշվի, դեպոզիտի (ավանդի), ինչպես նաեւ արժեթղթի իրացումից ստացված գումարից կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած համապատասխան գույքի արժեքից այդ գույքի վրա բռնագանձում տարածելու եւ իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարներ պահելուց հետո բավարարվում են գրավառուի՝ գրավով ապահովված պահանջները, իսկ մնացած գումարը տրվում է գրավատուին: Գրավառուի՝ գրավով չապահովված պահանջները սույն կետով նախատեսված գումարից (արժեքից) բավարարվում են սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված ընդհանուր կարգով:»:

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել նոր՝ 252.1. հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 252.1. Գրավի առանձնահատկությունները ֆինանսական գործարքների դեպքում

1. Սույն գլխով նախատեսված դրույթները կիրառվում են ֆինանսական գործարքներից բխող պարտավորության գրավի հետ կապված հարաբերություների վրա, եթե սույն հոդվածով այլ բան նախատեսված չէ:

2. Սույն հոդվածի իմաստով ֆինանսական գործարքներ են համարվում՝

ա) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ածանցյալ ֆինանսական գործիքները,

բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին բավարարող գլխավոր համաձայնագրերի շրջանակներում կնքված գործարքները:

3. Այն դեպքում, երբ գրավով ապահովվում է ֆինանսական գործարքից բխող պարտավորություն եւ գրավատուն իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր է, ապա գրավով ապահովված այդ պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն բռնագանձման ծանուցում է ուղարկում գրավատուին (պարտապանին):

Այն դեպքում, երբ կողմերը պայմանագրով ավելի երկար ժամկետ չեն նախատեսել, բռնագանձման ծանուցումը պարտապանին (գրավատուին) ուղարկելուց անմիջապես հետո գրավառուն իրավունք ունի սույն օրենսգրքի ուժով գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան կամ վերցնելու ի սեփականություն համաձայն գրավի պայմանագրի:

4. Այն դեպքում, երբ գրավով ապահովվում է ֆինանսական գործարքից բխող պարտավորություն եւ գրավատուն իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր է, ապա.

ա) գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) այլ կարգ կարող է սահմանվել նաեւ հասարակ գրավոր ձեւով կնքված գրավի պայմանագրով կամ գրավառուի եւ գրավատուի միջեւ հասարակ գրավոր ձեւով կնքված համաձայնությամբ.

բ) hասարակ գրավոր ձեւով կնքված գրավի պայմանագրով կամ գրավառուի եւ գրավատուի միջեւ հասարակ գրավոր ձեւով կնքված համաձայնությամբ կարող է գրավառուին իրավունք վերապահվել գրավի գործողության ժամկետի ընթացքում ցանկացած պահի դադարեցնելու գրավը եւ որպես սեփականություն ձեռք բերելու գրավադրված գույքը՝ այն որպես իր պարտավորությունների ապահովման միջոց օգտագործելու նպատակով (rehypothecation): Այն պահից սկսած, երբ գրավառուն օգտվում է նշված իրավունքից, գրավատուն գրավառուի նկատմամբ ձեռք է բերում գրավի առարկայի վերադարձման կամ վերջինիս արժեքի չափով պահանջի իրավունք, որն իրավասու է իրացնել իր պարտավորության մարման օրը, եթե այլ բան նախատեսված չէ համապատասխան գրավի պայմանագրով կամ համաձայնությամբ։»:

Հոդված 7. Օրենսգրքի 996-րդ հոդվածը լրացնել նոր 8-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«8. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով նախատեսված ածանցյալ ֆինանսական գործիքները ապահովագրության պայմանագիր չեն հանդիսանում»:

Հոդված 8. Օրենսգրքի 1039-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով նախատեսված ածանցյալ ֆինանսական գործիքների վրա հիմնված պահանջները չեն համարվում ռիսկի վրա հիմնված խաղեր կամ գրազ (մոլեխաղեր), նույնիսկ եթե դրանք պարունակում են խաղերին եւ(կամ) գրազին (մոլեխաղերին) բնորոշ կամ համանման պայմաններ»:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը: