Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 25-ի ընտրական օրենսգրքի (այuուհետ` Oրենuգիրք) 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-ին մասով.
«11.1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կառավարության սահմանած կարգով անցկացված մրցույթի արդյունքում ընտրված մասնագիտացված կազմակերպությանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլատրում է իրականացնել բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում եւ միաժամանակյա համացանցային հեռարձակում՝ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով:
Տեսանկարահանումը պետք է իրականացվի անշարժ տեսախցիկների միջոցով: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը՝ մինչեւ 50 մետր շառավղով, ինչպես նաեւ ընտրողների գրանցման, քվեարկության ծրարների ու քվեաթերթիկների հատկացման եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացները: Տեսանկարահանումը եւ համացանցային հեռարձակումը պետք է իրականացվեն սույն օրենսգրքով սահմանված՝ քվեարկության գաղտնիության սկզբունքի պահպանմամբ:
Տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողը եւ ընտրական հանձնաժողովները պարտավոր են աջակցել մասնագիտացված կազմակերպությանը տեսանկարահանման եւ համացանցային հեռարձակման գործընթացը կազմակերպելու հարցում, սակայն պատասխանատվություն չեն կրում գործընթացի կազմակերպման եւ դրա որակի համար:
Մասնագիտացված կազմակերպությունն ընտրական տեղամասում իրականացված տեսանկարահանված նյութերից պատճեններ՝ գրավոր դիմումի հիման վրա, տրամադրում է ընտրական հանձնաժողովներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին եւ դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին՝ պատճենահանման ինքնարժեքի վճարման պայմանով: Դիմումը կարող է ներկայացվել մինչեւ Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչեւ սահմանադրական դատարանի որոշում ընդունելը: Դիմումը պետք է ներառի այն ընտրական տեղամասի համարը, որի տեսանկարահանված նյութերից պահանջվում է պատճենը, եւ դիմումի հետ պետք է ներկայացվի մասնագիտացված կազմակերպության կողմից սահմանված պահանջները բավարարող էլեկտրոնային կրիչ:
Տեսանկարահանված նյութերն արխիվացնում է մասնագիտացված կազմակերպությունը եւ պահպանում ընտրական փաստաթղթերի պահպանման համար սահմանված կարգով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները, բացառությամբ զորամասում, քրեակատարողական հիմնարկում եւ ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող` ընտրողների ստորագրված ցուցակների, հրապարակվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 31-րդ հոդվածի 4-րդ մասը «1-ին եւ 2-րդ կետերի պահանջները,» բառերից հետո լրացնել «կամ դիմումը ներկայացվել է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետների խախտմամբ,» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում`
1) «, իսկ քվեարկության արդյունքների ամփոփման նիստի ժամանակ սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգով` տեխնիկական սարքավորման միջոցով տպված տեղեկանքին» բառերը հանել.
2) վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.«Չմիջամտելով ընտրական հանձնաժողովի աշխատանքներին եւ չխաթարելով քվեարկության ընթացքը՝ ինքնուրույն կատարելու քաղվածքներ եւ նշումներ ընտրական փաստաթղթերից (բացառությամբ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների, քվեարկության կտրոնների): Քվեարկության ընթացքում քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներից եւ քվեարկության կտրոններից քաղվածքներ եւ նշումներ կատարելն արգելվում է.»:
Հոդված 5. Օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում՝
1) «իսկ քվեարկության արդյունքների ամփոփման նիստի ժամանակ սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգով` քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներին,» բառերը հանել.
2) վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.«Չմիջամտելով ընտրական հանձնաժողովի աշխատանքներին եւ չխաթարելով քվեարկության ընթացքը՝ ինքնուրույն կատարելու քաղվածքներ եւ նշումներ ընտրական փաստաթղթերից (բացառությամբ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների, քվեարկության կտրոնների), քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ ինքնուրույն կատարելու քաղվածքներ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներից: Քվեարկության ընթացքում քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներից եւ քվեարկության կտրոններից քաղվածքներ եւ նշումներ կատարելն արգելվում է.»:
Հոդված 6. Օրենսգրքի 35-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Սույն հոդվածով սահմանված դրույթները կիրառվում են նաեւ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուի լիազոր ներկայացուցչի համար:»:
Հոդված 7. Օրենսգրքի 41-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «լիազոր ներկայացուցիչները» բառերը փոխարինել «ընտրություններին մասնակցող կուսակցության, համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուի լիազոր ներկայացուցիչները» բառերով.
2) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Քաղաքացին միաժամանակ կարող է ընդգրկվել միայն մեկ ընտրական հանձնաժողովի կազմում, բացառությամբ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի համար սույն մասով սահմանված դեպքի:
Քաղաքացին կարող է լինել միաժամանակ մեկից ավելի տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամ, եթե սահմանված են ընտրությունների քվեարկության անցկացման տարբեր օրեր:»:
Հոդված 8. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 10-րդ մասից «տեխնիկական սարքավորման միջոցով տպված 68-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված տեղեկանքի կամ» բառերը հանել:
Հոդված 9. Օրենսգրքի 48-րդ հոդվածում՝
1) 8-րդ մասի «9-15-րդ» թվերը փոխարինել «9-18-րդ» թվերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16-18-րդ մասերով.
«16. Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն`
1) ընտրություններին մասնակցող կուսակցության լիազոր ներկայացուցիչը, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն.
2) վստահված անձը.
3) համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը,
4) քվեարկությանը չմասնակցած այն ընտրողը, որի տվյալների դիմաց, ընտրողների ցուցակում առկա է ստորագրություն քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ:
Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումն իրավասու անձը ներկայացնում է համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով քվեարկության հաջորդ օրը ժամը 12.00-ից մինչեւ քվեարկության օրվանից հետո երրորդ օրը` ժամը 11.00-ն:
Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումները պետք է ներկայացվեն առանձնացված՝ ըստ Հայաստանի Հանրապետությունից բացակայող եւ քվեարկությանը չմասնակցած եւ ըստ Հայաստանի Հանրապետությունում գտնվող եւ քվեարկությանը չմասնակցած անձանց:
Ընտրական հանձնաժողովը մերժում է այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումով վարչական վարույթի հարուցումը եւ դիմումն ըստ էության չի քննում, եթե դիմումը ներկայացվել է սույն մասի դրույթների խախտումով:
17. Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումը քննվում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ վարչարարության հիմնարար սկզբունքների պահպանմամբ:
Հայաստանի Հանրապետությունից բացակայող անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումները քննելիս տարածքային ընտրական հանձնաժողովը՝
1) ստուգում է դիմումում նշված անձի՝ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու փաստի վերաբերյալ տեղեկությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (այսուհետ՝ ՍԷԿՏ) համակարգի միջոցով:
Եթե ՍԷԿՏ համակարգի տվյալների հիման վրա պարզվում է, որ անձը, որի վերաբերյալ դիմում է ներկայացվել, Հայաստանի Հանրապետության սահմանը դեպի դուրս հատել է քվեարկությունը սկսվելուց հետո, ապա դիմումն այդ անձի մասով համարվում է առարկայազուրկ, եւ վարչական վարույթն այդ մասովկարճվում է:
Եթե ՍԷԿՏ համակարգի տվյալների հիման վրա պարզվում է, որ անձը, որի վերաբերյալ դիմում է ներկայացվել, Հայաստանի Հանրապետության սահմանը չի հատել կամ վերջին անգամ հատել է Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս, ապա դիմումը այդ անձի մասով համարվում է առարկայազուրկ, եւ վարչական վարույթն այդ մասով կարճվում է.
2) պարզում է, թե անձը, որի վերաբերյալ դիմում է ներկայացվել, արդյոք գրանցվել է տեխնիկական սարքավորման միջոցով.
3) տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված եւ նույնականացման քարտ ունեցող ընտրողի դեպքում ստուգում է նաեւ, թե գրանցման ժամանակ հանձնած մատնահետքն արդյոք համընկնում է ոստիկանության կողմից վարվող նույնականացման քարտերի էլեկտրոնային շտեմարանում առկա այդ ընտրողի մատնահետքին:
Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումների ստուգումների կազմակերպման գործում տարածքային ընտրական հանձնաժողովի պահանջով կարող են ներգրավվել ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը եւ, ըստ անհրաժեշտության, այլ մարմիններ:
Եթե չկան տվյալ անձի կողմից քվեարկությանը մասնակցությունը հաստատող բավարար ապացույցներ, ապա հավաստիության կանխավարկածի սկզբունքի կիրառմամբ, բացառապես ընտրությունների արդյունքներով որոշում կայացնելու համար համարվում է, որ տեղի է ունեցել այլ անձի փոխարեն քվեարկություն:
Անկախ տարածքային ընտրական հանձնաժողովում դիմումի քննության ընթացքից՝ բոլոր դիմումներն ուղարկվում են նաեւ համապատասխան իրավապահ մարմին:
18. Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումին պետք է կցված լինի որեւէ անձի աներկբա հայտարարությունն այն մասին, որ ընտրողը քվեարկությանը չի մասնակցել, եւ այդ ընտրողի փոխարեն քվեարկել է այլ անձ:
Հայտարարություն տվողը պետք է նաեւ գրավոր հավաստի եւ ստորագրի, որ տեղյակ է այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին:
Հայտարարությունը պետք է պարունակի հայտարարություն տվողի անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը (անձնագրի դեպքում՝ սերիան եւ համարը), հաշվառման վայրի հասցեն, բնակության վայրի հասցեն, եթե տարբերվում է հաշվառման վայրի հասցեից, հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն, հայտարարության տրման ամսաթիվը: Հայտարարության մեջ պետք է նաեւ նշված լինեն քվեարկությանը չմասնակցած ընտրողի անունը, հայրանունը, ազգանունը, ընտրական տեղամասի համարը, որ ցուցակի ընտրող է, ընտրողի համարը համապատասխան ցուցակում: Հայտարարությունը ներկայացվում է բնօրինակով` ստորագրված բացառապես հայտարարություն տվող անձի կողմից:
Դիմում ներկայացնողը պետք է գրավոր հավաստի եւ ստորագրի, որ տեղյակ է այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիմումին կից կեղծ ստորագրությամբ հայտարարություն ներկայացնելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Հայտարարությունը համարվում է կեղծ ստորագրությամբ հայտարարություն, եթե այն ստորագրվել է ոչ այն անձի կողմից, որի անունից տրվում է հայտարարությունը, կամ ստորագրվել է մտացածին անձի անունից: Սույն պարբերությամբ սահմանված պահանջը չի տարածվում այն դեպքի վրա, երբ դիմումը ներկայացնողը եւ հայտարարություն տվողը նույն անձն են:
Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումը ներկայացվում է բնօրինակով` ստորագրված բացառապես դիմումատուի կողմից: Դիմումը պետք է պարունակի դիմողի անունը, հայրանունը, ազգանունը, հաշվառման վայրի հասցեն, բնակության վայրի հասցեն, եթե տարբերվում է հաշվառման վայրի հասցեից, ապա հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն, կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի տրման ամսաթիվը: Սույն հոդվածի 16-րդ մասի1-3-րդ կետերով սահմանված սուբյեկտների ներկայացրած դիմումներին կից պետք է ներկայացվի նաեւ դիմումատուի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը:
Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումի, հայտարարության ձեւերը, ինչպես նաեւ այլ անձի փոխարեն քվեարկելու մասին սուտ հայտարարություն տալու եւ այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումին կից կեղծ ստորագրությամբ հայտարարություն ներկայացնելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին տեղեկացված լինելու ձեւաթղթերը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ ներբեռնելու հնարավորությամբ տեղադրում հանձնաժողովի համացանցային կայքում:
Դիմումին կից պահանջվող փաստաթղթերի բացակայության դեպքում կամ դիմումի կամ հայտարարության համար սույն մասով սահմանված վավերապայմաններին չհամապատասխանելու դեպքում դիմումով վարչական վարույթի հարուցումը մերժվում է: Եթե նույն անձը ներկայացրել է այլ անձի փոխարեն քվեարկելու մասին մեկից ավելի դիմումներ, կամ մեկ դիմումում նշված են այլ անձանց փոխարեն քվեարկելու վերաբերյալ մեկից ավելի անձանց տվյալներ, եւ ստուգման ընթացքում պարզվում է, որ դիմումին կցված է այլ անձի փոխարեն քվեարկելու մասին առնվազն մեկ սուտ հայտարարություն կամ այլ անձի փոխարեն քվեարկելու մասին առնվազն մեկ կեղծ ստորագրությամբ հայտարարություն, ապա այդ անձի ներկայացրած դիմումների հետագա քննարկումը դադարեցվում է, վարչական վարույթը կարճվում է, եւ բոլոր նյութերը ներկայացվում են համապատասխան իրավապահ մարմին: Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ մինչ այդ ստուգված եւ ճշտված տեղեկությունները հաշվի են առնվում ընտրությունների արդյունքներով որոշում կայացնելու համար:»:
Հոդված 10. Օրենսգրքի 50-րդ հոդվածի 14-րդ մասից հանել «` առանց դրանք լուսապատճենահանելու, լուսանկարելու եւ տեսանկարահանելու իրավունքի» բառերը:
Հոդված 11. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ նախադասությունը «տողը» բառից հետո լրացնել «, ընտրողը ստորագրում է իր տվյալների դիմաց` ընտրողի ստորագրության համար նախատեսված սյունակում» բառերով:
Հոդված 12. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 2-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) ընտրողների ցուցակում ընտրողների ստորագրությունների հիման վրա հաշվում է քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը:».
2) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) եթե տեխնիկական սարքավորումն անխափան աշխատել է քվեարկության ընթացքում, ապա Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեխնիկական սարքավորման միջոցով տպում է տեղեկանք, որում նշվում են տարածքային ընտրական հանձնաժողովի եւ ընտրական տեղամասի համարները, տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների հերթական համարը համապատասխան ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում: Տեղեկանքը պետք է պարունակի նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց գրանցումն իրականացվել է անձը հաստատող փաստաթղթի տվյալները ստեղնաշարով տեխնիկական սարքավորման մեջ ներմուծելու միջոցով:
Տեղեկանքը տպելու անհնարինության դեպքում այդ մասին համապատասխան գրառում է կատարվում գրանցամատյանում:
Տեղեկանքի մեկ օրինակը, ստորագրված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից եւ կնքված հանձնաժողովի կնիքով, տեղադրվում է պարկում:
Տեղեկանքի մեկական օրինակ, ստորագրված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից եւ կնքված հանձնաժողովի կնիքով, ըստ պահանջի տրամադրվում է ամփոփման նիստին ներկա գտնվող թեկնածուներին, դիտորդներին եւ ընտրություններին մասնակցող կուսակցության մեկական վստահված անձի:
Ընտրողների ցուցակները (բացառությամբ զորամասում, քրեակատարողական հիմնարկում եւ ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող ընտրողների ստորագրված ցուցակների) փաթեթավորվում են, փաթեթը կնքվում է եւ ստորագրվում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի կողմից եւ տարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվում սույն օրենսգրքի 71-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով: Զորամասում, քրեակատարողական հիմնարկում եւ ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող ընտրողների ստորագրված ցուցակները փաթեթավորվում են առանձին, փաթեթը կնքվում է եւ տեղադրվում պարկում.»:
Հոդված 13. Օրենսգրքի 71-րդ հոդվածի 9-րդ մասը «պարկը,» բառից հետո լրացնել «ընտրողների ցուցակների փաթեթը,» բառերով:
Հոդված 14. Օրենսգրքի 73-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից սկսած, իրականացնում է ընտրողների ցուցակների սկանավորում, որին կարող են հետեւել ընտրական հանձնաժողովների անդամները, թեկնածուները, վստահված անձինք, դիտորդները եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:
Ընտրողների ցուցակները սկանավորվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով եւ չափորոշիչներին համապատասխան այնպես, որ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, հաշվառման վայրի հասցեն, ինչպես նաեւ ընտրողի ստորագրության, ընտրողների գրանցման համար պատասխանատու հանձնաժողովի անդամի անհատական կնիքի համար նախատեսված սյունակները լինեն տեսանելի:
Ընտրողների սկանավորված ցուցակները ոչ ուշ, քան սկանավորման աշխատանքներն սկսվելուց 24 ժամ հետո պաշտոնապես հրապարակվում եւ ներբեռնելու եւ, ըստ ընտրական տեղամասերի, որոնման հնարավորությամբ տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:»:
Հոդված 15. Օրենսգրքի 74-րդ հոդվածի 9-րդ մասում «որոշման օրինակները երկօրյա ժամկետում» բառերը փոխարինել «ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշման օրինակները հնգօրյա ժամկետում» բառերով:
Հոդված 16. Օրենսգրքի 118-րդ հոդվածի 7-րդ մասում «ընտրության մասին որոշումն ընդունելուց հետո` երկօրյա ժամկետում, այն ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ մարզպետին» բառերը փոխարինել «ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում, ներկայացնում է մարզպետին» բառերով:
Հոդված 17. Օրենսգրքի 119-րդ հոդվածի 8-րդ մասում «ընտրության մասին որոշումն ընդունելուց հետո` երկօրյա ժամկետում, այն ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ մարզպետին» բառերը փոխարինել «ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում, ներկայացնում է մարզպետին» բառերով:
Հոդված 18. Օրենսգրքի 141-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ չորրորդ պարբերությունով.
«Երեւանի ավագանու անդամ ընտրված թեկնածուների մասին արձանագրությունը՝ հնգօրյա ժամկետում, ուղարկվում է վարչապետին, իսկ Գյումրու եւ Վանաձորի ավագանու անդամ ընտրված թեկնածուների մասին արձանագրությունը՝ համապատասխան մարզպետին:»:
Հոդված 19. Սույն օրենքի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ եւ 8-14-րդ հոդվածների դրույթները կիրառվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` Ազգային ժողովի առաջին ընտրություններից սկսած:
Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: