ԳԼՈՒԽ 1.
Ընդհանուր դրույթներ
Հոդված 1. Oրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը սահմանում է կուսակցությունների իրավական կարգավիճակը, կարգավորում է կուսակցությունների ստեղծման, պետական գրանցման, գործունեության, վերակազմակերպման, գործունեության կասեցման, արգելման, լուծարման եւ կուսակցությունների իրավական կարգավիճակի հետ կապված այլ հարաբերություններ:
Հոդված 2. Կուսակցության հասկացությունը
1. Կուսակցությունը քաղաքացիների` կամավոր միավորում է, որը պետական գրանցման պահից ձեռք է բերում ոչ առեւտրային իրավաբանական անձի կարգավիճակ եւ հանրաքվեներին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու եւ հասարակության եւ պետության քաղաքական կյանքին մասնակցության այլ ձեւերով նպաստում է ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանն ու արտահայտմանը:
Հոդված 3. Կուսակցությունների մասին օրենսդրությունը
1. Կուսակցությունների կազմավորման եւ գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, , ինչպես նաեւ սույն օրենքին համապատասխան ընդունված այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով:
Հոդված 4. Կուսակցությունների գործունեության սկզբունքները
1. Կուսակցությունները հավասար են օրենքի առջեւ` անկախ իրենց ծրագրային փաստաթղթերում արտացոլված գաղափարախոսությունից, նպատակներից եւ խնդիրներից:
2. Կուսակցության գործունեությունը հիմնվում է անդամության կամավորության, անդամների իրավահավասարության, խտրականության բացառման, կուսակցության անկախության, ինքնակառավարման, կոլեգիալության, գործունեության թափանցիկության, հրապարակայնության եւ հաշվետվողականության սկզբունքների վրա:
Հոդված 5. Կուսակցությունների ստեղծման եւ գործունեության սահմանափակումները
1. Արգելվում է այն կուսակցությունների ստեղծումը կամ գործունեությունը, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով:
2. Արգելվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, իրավապահ մարմիններում, պետական այլ կազմակեպություններում, նախադպրոցական, դպրոցական եւ այլ ուսումնական հաստատություններում կուսակցությունների ստորաբաժանումների ստեղծումը կամ գործունեությունը:
3. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա կուսակցությունների կամ դրանց ստորաբաժանումների, ինչպես նաեւ հիմարկների ստեղծումը, կամ գործունեությունը:
Հոդված 6. Պետությունը եւ կուսակցությունները
1. Արգելվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց միջամտությունը կուսակցությունների գործունեությանը՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
2. Կուսակցությունների անդամները, որոնք Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ են զբաղեցնում, իրավունք չունեն իրենց ծառայողական (պաշտոնեական) դիրքն օգտագործել հօգուտ կուսակցական շահերի: Նշված անձինք իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կաշկանդված չեն կուսակցության որոշումներով:
3. Կուսակցություններին անդամակցելը կամ չանդամակցելը անձի իրավունքներն ու ազատությունները սահմանափակելու կամ պետության կողմից նրան որեւէ արտոնություն կամ առավելություն տրամադրելու հիմք չի հանդիսանում:
ԳԼՈՒԽ 2.
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 7. Կուսակցությունների ստեղծումը
1. Կուսակցությունը ձեւավորվում է քաղաքացիների նախաձեռնությամբ` հիմնադիր համագումարի որոշմամբ:
2. Հիմնադիր համագումարը իրավազոր է, եթե դրան մասնակցում են առնվազն 100 հիմնադիրներ:
Հոդված 8. Կուսակցության հիմնադիր համագումարի կողմից որոշումների ընդունումը
1. Կուսակցության հիմնադիր համագումարը որոշումներ է ընդունում կուսակցության ստեղծման, կուսակցության ծրագրի ընդունման եւ կանոնադրության հաստատման, պետական գրանցման համար լիազորված անձի (անձանց), ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման մասին, ինչպես նաեւ իր կազմից նշանակում (ընտրում) է մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավար (կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար):
2. Կուսակցության ստեղծման, կուսակցության ծրագրի եւ կանոնադրության հաստատման, ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմինների ձեւավորման մասին որոշումներն ընդունվում են կուսակցության հիմնադիր համագումարին ներկա առնվազն 100 հիմնադրի միաձայն որոշմամբ։
3. Հիմնադիր համագումարի կազմակերպիչները հիմնադիր համագումարի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում են կուսակցության հիմնադիր համագումարի անցկացմանժամանակի եւ վայրի մասին ծանուցում, ինչպես նաեւ կուսակցության կանոնադրության եւ ծրագրի նախագծերի հիմնական դրույթները:
Հոդված 9. Կուսակցության պետական գրանցման կարգը
1. Կուսակցության` որպես իրավաբանական անձի իրավունակությունը ծագում է պետական գրանցման պահից, իսկ կուսակցության տարածքային ստորաբաժանումների իրավունակությունը` պետական հաշվառման պահից:
2. Պետական գրանցման պահին կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 1000 հիմնադիր, որոնք ներկայացնում են Երեւան քաղաքը կամ Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ը կամ Երեւան քաղաքի եւ Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ը, ինչպես նաեւ տարածքային ստորաբաժանումներ Երեւան քաղաքում կամ Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ում կամ Երեւան քաղաքում եւ Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ում:
3. Կուսակցության պետական գրանցումը կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` պետական լիազոր մարմին):
4. Պետական գրանցման նպատակով կուսակցությունը պետական լիազոր մարմին է ներկայացնում.
1) կուսակցության կանոնադրության եւ ծրագրի առնվազն երկուական օրինակ
2) պետական գրանցման մասին դիմում՝ ստորագրված կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների կողմից` նրանցից յուրաքանչյուրի անձնագրային տվյալների եւ հաշվառման հասցեի նշումով.
3) հիմնադիր համագումարի արձանագրությունը՝ ներառյալ կուսակցության ստեղծման, «մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի (կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի) նշանակման կամ ընտրության», տարածքային ստորաբաժանումների կազմավորման, դրանց գտնվելու վայրի, կանոնադրության հաստատման ու ծրագրային փաստաթղթերի ընդունման, պետական գրանցման համար լիազորված անձի (անձանց), ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման մասին որոշումները.
4) պետական գրանցման պահին կուսակցության հիմնադիրների ցանկը, որը պետք է պարունակի անդամի անունը, ստորագրությունը, նշում՝ համապատասխան տարածքային ստորաբաժանման վերաբերյալ, կուսակցությանը անդամագրվելու իրավունքի սահմանափակումների կամ արգելքի մասին.
5) հիմնադիր համագումարին մասնակցած հիմնադիրների անունները, անձնագրերի պատճենները, ստորագրությունների ցանկը, նշում կուսակցություն ստեղծելու սահմանափակումների կամ արգելքի մասին.
6) կուսակցության ղեկավար մարմինների կազմի մասին տեղեկություններ (անուն, ազգանուն, անձնագրային տվյալներ, բնակության վայր).
7) կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի գտնվելու վայրի մասին տեղեկանք.
8) պետական գրանցման համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված փաստաթղթերը պետական գրանցման համար ներկայացվում են կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման օրվանից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում:
6. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում պետական լիազոր մարմինը մեկամսյա ժամկետում գրանցում է կուսակցությունը կամ սույն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում՝ վերադարձնում է պետական գրանցման դիմումը կամ մերժում է կուսակցության պետական գրանցումը:
7. Կուսակցության պետական գրանցումից հետո երկշաբաթյա ժամկետում կուսակցության կանոնադրությունը, ծրագիրը եւ այլ ծրագրային փաստաթղթերը համընդհանուր իրազեկման նպատակով ենթակա են հրապարակման՝ լիազոր մարմնի պաշտոնական կայքում:
Հոդված 10. Կուսակցության պետական գրանցման դիմումը վերադարձնելը
1. Պետական գրանցման համար օրենքով սահմանված պահանջների խախտման դեպքում պետական լիազոր մարմինը վերադարձնում է պետական գրանցման դիմումը: Կուսակցության պետական գրանցման դիմումը վերադարձնելու մասին լիազոր մարմնի որոշումը պետք է լինի գրավոր եւ պատճառաբանված՝ նշում պարունակելով իրավական ակտի այն դրույթի վերաբերյալ, որի պահանջները խախտվել են:
2. Հայտնաբերված թերությունները շտկելու եւ պետական գրանցման դիմումը 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին լիազոր մարմին ներկայացնելու դեպքում այն համարվում է ընդունված սկզբնական ներկայացման օրը, եւ պետական տուրք կրկին չի գանձվում: Նշված ժամկետի ավարտից հետո՝ պետական տուրքի վճարմամբ, պետական գրանցման դիմումը կարող է կրկին պետական լիազոր մարմին ներկայացվել կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման օրվանից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում:
3. Պետական գրանցման դիմումը վերադարձնելը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
Հոդված 11. Կուսակցության պետական գրանցումը մերժելը
1. Պետական լիազոր մարմինը մերժում է կուսակցության պետական գրանցումը, եթե՝
1) կուսակցության կանոնադրության կամ ծրագրի դրույթները ուղղված են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի բռնի տապալմանը,
2) կուսակցության հիմնադիրների թիվը չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին, կուսակցության հիմնադիր համագումարում որոշում չի ընդունվել կուսակցության ստեղծման, կուսակցության ծրագրի ընդունման կամ կանոնադրության հաստատման, ղեկավար կամ վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման մասին, ինչպես նաեւ նշանակված (ընտրված) չէ մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավար (կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար) կամ
3) կուսակցության պետական գրանցման դիմումը ներկայացվել է կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման օրվանից 3 ամիս անց:
2. Կուսակցության պետական գրանցումը մերժելու մասին լիազոր մարմնի որոշումը պետք է լինի գրավոր եւ պատճառաբանված՝ հղում պարունակելով իրավական ակտի այն դրույթներին, որոնք մերժման հիմք են հանդիսացել:
3. Կուսակցության պետական գրանցման մերժումը, ինչպես նաեւ օրենքով սահմանված ժամկետում չգրանցելը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 3.
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Հոդված 12. Կուսակցության անդամները
1. Կուսակցությանն անդամակցությունը կամավոր է եւ անհատական:
2. Կուսակցության անդամներ կարող են լինել տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացիները: Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքով օժտված այլ անձինք կարող են անդամակցել կուսակցությանն առանց նրա կանոնադրության եւ ծրագրի հաստատման, ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմիններում ընտրվելու իրավունքի:
3. Կուսակցության հիմնադիրները կուսակցության պետական գրանցումից հետո օրենքի ուժով դառնում են կուսակցության անդամները:
4.Յուրաքանչյուր անձ կարող է միաժամանակ լինել միայն մեկ կուսակցության անդամ:
5. Կուսակցությանն անդամակցությունը կատարվում է քաղաքացու դիմումի հիման վրա` սույն օրենքին համապատասխան՝ կուսակցության կանոնադրությամբ նախատեսված կարգով:
6. Կուսակցության անդամներն իրավունք ունեն ընտրել եւ ընտրվել տվյալ կուսակցության ու նրա տարածքային ստորաբաժանումների ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմիններում, ներկա գտնվել կուսակցության համագումարի նիստերին, ծանոթանալ կուսակցության մարմինների արձանագրություններին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները, տեղեկատվություն ստանալ կուսակցության ու նրա ղեկավար մարմինների գործունեության վերաբերյալ, ստանալ փաստաթղթերի պաճեններ` կուսակցության կանոնադրության փոփոխությունների, գույքի կառավարումից ստացած դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաեւ ստանալ նրա ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացությունը, ինչպես նաեւ բողոքարկել կուսակցության մարմինների որոշումներն ու գործողությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
7. Կուսակցության անդամները կուսակցության կանոնադրությանը համապատասխան կարող են ունենալ այլ իրավունքներ եւ պարտականություններ:
8. Իրենց կանոնադրական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կուսակցության անդամները կարող են կանոնադրությամբ նախատեսված կարգով ենթարկվել կարգապահական պատասխանատվության, ընդհուպ` կուսակցությունից հեռացման:
Հոդված 13. Կուսակցությանն անդամակցելու արգելքները
1. Կուսակցության հիմնադիր կամ անդամ չեն կարող լինել դատավորները, դատախազները, քննիչները։
2. Իրենց լիազորությունների իրականացման ընթացքում կուսակցության անդամ չեն կարող լինել Հանրապետության նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամները, Հաշվեքննիչ պալատի անդամները, Կենտրոնական բանկի խորհրդի անդամները:
3. Այլ օրենքներով կարող են սահմանվել կուսակցություն հիմնադրելու կամ կուսակցությանն անդամագրվելու իրավունքի այլ սահմանափակումներ:
Հոդված 14. Կուսակցության անվանումը
1. Կուսակցության անվանումը ներառում է «կուսակցություն» բառը:
2. Կուսակցության անվանումը կամ հապավումը չպետք է նույնական կամ շփոթելու աստիճան նման լինի գրանցված կուսակցությունների ու այլ հասարակական միավորումների, տվյալ կուսակցության գրանցմանը նախորդող հինգ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով գործունեությունը արգելված կուսակցությունների, ինչպես նաեւ գրանցման գործընթացում գտնվող կուսակցությունների անվանումներին կամ դրանց հապավումներին:
3. Կուսակցության անվանման մեջ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը կարող է օգտագործվել միայն այդ անձի, իսկ հանրահայտ ֆիզիկական անձի մահացած լինելու դեպքում` նրա ժառանգի գրավոր համաձայնությամբ: Եթե հանրահայտ անձը, իսկ նրա մահացած լինելու դեպքում նրա ժառանգը գտնում է, որ կուսակցության գործունեությունն ստվերում է այդ անձի հեղինակությունը, ապա կարող է կուսակցության անվանման մեջ անձի անունն օգտագործելու իրավունքից կուսակցությանը զրկելու պահանջով դիմել դատարան:Ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը կարող է օգտագործվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
4. Կուսակցության անվանման մեջ չի թույլատրվում օգտագործել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումները կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ:
5.Կուսակցության անվանումը չպետք է խախտի քաղաքացիների եւ իրավաբանական անձանց մտավոր սեփականության իրավունքը:
6. Կուսակցություններ չհանդիսացող իրավաբանական անձինք, ինչպես նաեւ դրանց առանձնացված ստորաբաժանումները եւ հիմնարկները չեն կարող իրենց անվանման մեջ օգտագործել «կուսակցություն» բառը:
7. Կուսակցության տարածքային ստորաբաժանումները օգտագործում են կուսակցության անվանումը՝ նշելով համապատասխան տարածքը:
Հոդված 15. Կուսակցության խորհրդանշանը եւ այլ խորհրդանիշերը
1. Կուսակցությունները կարող են ունենալ խորհրդանշան եւ այլ խորհրդանիշեր, որոնց նկարագրությունը սահմանվում է կուսակցության կանոնադրությամբ:
2. Կուսակցության խորհրդանշանը եւ այլ խորհրդանիշերը չեն կարող նույնական կամ շփոթելու աստիճան նման լինել Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության դրոշին կամ զինանշանին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ գործող կուսակցությունների ու հասարակական այլ միավորումների, միջազգային կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության տարածքում արգելված կազմակերպությունների կամ կուսակցությունների խորհրդանշաններին եւ այլ խորհրդանիշերին:
3. Կուսակցության խորհրդանշանը եւ այլ խորհրդանիշերը չպետք է խախտեն քաղաքացիների եւ իրավաբանական անձանց մտավոր սեփականության իրավունքը:
Հոդված 16. Կուսակցության կանոնադրությունը
1. Կուսակցությունը, նրա կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումները գործում են կուսակցության կանոնադրության հիման վրա, որի դրույթները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին:
2. Կուսակցություններն ինքնուրույն են որոշում իրենց ներքին կառուցվածքը, նպատակները, գործունեության ձեւերն ու մեթոդները, որոնք չեն կարող հակասել ժողովրդավարական սկզբունքներին:
3. Կանոնադրությունում սահմանվում են կուսակցության`
1) անվանումը, ներառյալ` անվանման հապավումը, ինչպես նաեւ խորհրդանշանի, խորհրդանիշերի նկարագրությունը (եթե դրանք առկա են).
2) կուսակցությանն անդամակցելու եւ անդամությունը դադարեցնելու պայմաններն ու կարգը.
3) անդամների իրավունքները եւ պարտականությունները,
4) կառուցվածքը, ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմինների ձեւավորման եւ կազմալուծման կարգը, լիազորությունները եւ դրանց ժամկետները,
5) կուսակցության համագումարին մասնակցող պատվիրակների ընտրության կարգը,
6) տարածքային ստորաբաժանումների ստեղծման եւ գործունեության դադարեցման կարգը.
7) տարածքային ստորաբաժանումների ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմինների ձեւավորման եւ կազմալուծման կարգը, լիազորությունները եւ դրանց ժամկետները.
8) կանոնադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու կարգը.
9) կուսակցության անդամների նկատմամբ կիրառվող կարգապահական պատասխանատվության միջոցները, դրանց կիրառման հիմքերն ու կարգը, դրանք կիրառող իրավասու մարմինները.
10) դրամական միջոցների եւ գույքի ձեռքբերման աղբյուրները, գույքը կառավարելու` կուսակցության տարածքային եւ կառուցվածքային ստորաբաժանումների իրավունքները:
4. Կուսակցության կանոնադրությունը կարող է պարունակել նաեւ նրա գործունեությանը վերաբերող այլ դրույթներ:
Հոդված 17. Կուսակցության ծրագիրը
1. Կուսակցությունը պետք է ունենա ծրագիր, որում նշվում են նրա գործունեության նպատակները եւ խնդիրները, ինչպես նաեւ այդ նպատակներին հասնելու եւ խնդիրները լուծելու ուղիները:
Հոդված 18. Կուսակցության ղեկավար մարմինները
1. Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը կուսակցության համագումարն է, որը հրավիրվում է կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կողմից կուսակցության կանոնադրությամբ նախատեսված ժամկետում, բայց ոչ ուշ, քան 2 տարին մեկ անգամ: Կուսակցության համագումարում ընտրվում են կուսակցության կանոնադրությամբ սահմանված մարմինները, որոնք հաշվետու են համագումարին:
2. Կուսակցության համագումարն իրավասու է քննարկել կուսակցության կանոնադրությամբ նախատեսված ցանկացած հարց։
Կուսակցության համագումարի բացառիկ իրավասություններն են`
1) կուսակցության կանոնադրության հաստատումը եւ ծրագրի ընդունումը, դրանցում փոփոխություններ եւ լրացումներ կատարելը,
2) ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորումը
3) մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի ընտրությունը(նշանակումը)
4) կուսակցության վերակազմակերպումը
5) կուսակցության լուծարումը:
3. Կուսակցության անունից այլ մարմինների եւ անձանց հետ հարաբերություններում հանդես է գալիս Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը, իսկ կոլեգիալ ղեկավար մարմնի դեպքում կոլեգիալ մարմնի ղեկավարը:
Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը.
1) հաստատում է Կուսակցության տարեկան բյուջեն, եթե այդ իրավասությունը կուսակցության կանոնադրությամբ վերապահված չէ կուսակցության համագումարին,
2) հաստատված տարեկան բյուջեի հիման վրա հաստատում կուսակցության ծախսերի նախահաշիվը,
3) կուսակցության անունից կնքում է քաղաքացիաիրավական գործարքներ,
4) իրականացնում է օրենքով եւ կանոնադրությամբ վերապահված այլ իրավունքներ։
Հոդված 19. Կուսակցության համագումարում որոշումների ընդունման կարգը
1. Կուսակցության համագումարին ձայնի իրավունքով մասնակցում են կուսակցության ստորաբաժանումներից ընտրված ներկայացուցիչները՝ պատվիրակները:
2. Կուսակցության համագումարն իրավազոր է, եթե նրան ներկա են (գրանցված են) համագումարի պատվիրակների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը, բայց ոչ պակաս, քան 100 պատվիրակ:
3. Կուսակցության համագումարի որոշումները, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, ընդունվում են համագումարին ներկա (գրանցված) պատվիրակների ձայների մեծամասնությամբ:
4. Կուսակցության կանոնադրության հաստատման եւ ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման, մշտապես գործող ղեկավար մաիմնի ղեկավարի ընտրության (նշանակման), կուսակցության վերակազմակերպման, լուծարման մասին որոշումներն ընդունվում են ընտրված պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Հոդված 20. Կուսակցության տարածքային ստորաբաժանումները
1.Կուսակցությունների տարածքային ստորաբաժանումները ստեղծվում են տարածքային հատկանիշով՝ Հայաստանի Հանրապետության մարզերում եւ Երեւան քաղաքի վարչական շրջաններում:
2.Կուսակցության տարածքային ստորաբաժանումները հաշվառվում են պետական լիազոր մարմնի կողմից` օրենքով սահմանված կարգով:
3.Կուսակցության ղեկավար մարմիններն ու նրա տարածքային ստորաբաժանումները կարող են գտնվել միայն Հայաստանի Հանրապետության տարածքում: Այլ պետություններում կուսակցությունը կարող է ունենալ միայն ներկայացուցչություններ:
ԳԼՈՒԽ 4.
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
Հոդված 21. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի բացառիկ իրավունքները
1. Կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները բացառիկ իրավունք ունեն առաջադրելու Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուներ:
2.Ազգային ժողովի ընտրություններում կուսակցության կողմից թեկնածուների առաջադրումը կատարվում է կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի նիստում ընդունված որոշմամբ, եթե կուսակցության կանոնադրությամբ նման որոշման կայացման իրավազորությունը վերապահված չէ կուսակցության համագումարին:
3.Ազգային ժողովի ընտրություններում կուսակցությունների դաշինքների կողմից թեկնածուների առաջադրումը կատարվում է կուսակցության դաշինքների մշտապես գործող ղեկավար մարմինների նիստում ընդունված որոշմամբ:
4.Կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով այդ նիստին մասնակցում են կուսակցության ստորաբաժանումների ղեկավարները: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունը չի կարող ինքնուրույն մասնակցել ընտրություններին: Կուսակցությունը կարող է ընդգրկվել միայն մեկ դաշինքի կազմում:
Հոդված 22. Կուսակցության իրավունքները
1. Կուսակցությունն իրավունքի ունի օրենքով սահմանված կարգով`
ա) մասնակցել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, ինչպես նաեւ հանրաքվեների նախապատրաստմանն ու անցկացմանը.
բ) ընտրական գործընթացում հավասար եւ ոչ խտրական պայմաններով օգտվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած զանգվածային լրատվության միջոցներից.
գ) հիմնադրել զանգվածային լրատվության միջոցներ եւ հրատարակչություններ,
դ) ազատորեն տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին, քարոզել իր գաղափարներն ու նպատակները.
ե) կազմակերպել եւ անցկացնել խաղաղ, առանց զենքի հավաքներ.
զ) առանց իրավաբանական անձ կազմավորելու այլ կուսակցությունների հետ ստեղծել դաշինքներ (միավորումներ).
է) հաստատել եւ պահպանել միջազգային կապեր այլ պետությունների կուսակցությունների եւ հասարակական միավորումների, միջազգային կազմակերպությունների հետ, դառնալ միջազգային միությունների եւ ասոցիացիաների անդամ.
ը) իրականացնել օրենքով չարգելված եւ իր կանոնադրությանը համապատասխանող այլ գործունեություն:
2. Կուսակցությունն իրավունքի ունի իր կանոնադրային նպատակներին համապատասխան տնօրինել իր գույքը եւ գործունեության արդյունքները:
3. Կուսակցությունն իրավունք չունի ստեղծել առեւտրային իրավաբանական անձ, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
4. Կուսակցությունները կարող են առաջադրել համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուներ: Կուսակցությունը կարող է համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածու առաջադրել նաեւ իր կուսակցության անդամ չհանդիսացող անձի:
5. Ազգային ժողովի ընտրություններում կուսակցությունների դաշինքները կարող են կազմավորվել առնվազն երկու կուսակցության կողմից:
6. Կուսակցությունների համար երաշխավորվում է ընդդիմադիր գործունեություն իրականացնելու ազատություն, այդ թվում`
ա) հրապարակայնորեն ներկայացնել իր դիրքորոշումը պետական եւ հասարակական կյանքի տարբեր հարցերի վերաբերյալ.
բ) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ներակայացնել առաջարկություններ, որոնք համապատասխան մարմինների կողմից պարտադիր ենթակա են քննարկման:
Հոդված 23. Կուսակցության պարտականությունները
1. Կուսակցությունը պարտավոր է`
1) պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները,
2) յուրաքանչյուր տարի http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել գույքի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն` նշելով դրա կազմավորման աղբյուրները:
2. Ընտրություններին մասնակցող կուսակցությունները ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո 5 օրվա ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում կուսակցության (կուսակցությունների դաշինքները` դրանցում ընդգրկված կուսակցությունների) գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիր:
Հոդված 24. Կուսակցության գույքը
1. Կանոնադրությամբ եւ ծրագրով սահմանված նպատակների իրականացման համար կուսակցությունը սեփականության կամ այլ գույքային իրավունքով կարող է ունենալ ցանկացած գույք` բացառությամբ գույքի առանձին տեսակների, որոնք օրենքին համապատասխան չեն կարող պատկանել կուսակցությանը կամ հանված է շրջանառությունից:
2. Կուսակցության գույքը գոյանում է`
1) կուսակցությանն անդամագրվելու համար միանվագ կատարվող վճարներից (մուտքի վճարներից), սահմանված չափով պարբերաբար կատարվող վճարներից (անդամավճարներից), եթե դրանք սահմանված են կուսակցության կանոնադրությամբ.
2) սույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված նվիրատվություններից.
3) սույն օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորումից.
4) սույն օրենքով սահմանված գործնեությունից ստացված եկամուտներից::
3. Կուսակցության անդամը սեփականության իրավունք չունի կուսակցությանը պատկանող գույքի նկատմամբ: Կուսակցության գույքի նվիրատվությունը արգելվում է:
4. Կուսակցությունը իր գույքով պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար, իսկ կուսակցության անդամը իր գույքով պատասխանատվություն չի կրում կուսակցության պարտավորությունների համար:
Հոդված 25. Կուսակցություններին կատարվող նվիրատվությունները
1. Կուսակցություններն իրավունք ունեն գույքի, այդ թվում` դրամական միջոցների տեսքով նվիրատվություններ ստանալու ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Կուսակցությանը տրվող նվիրատվության, ինչպես նաեւ կուսակցության համար կատարված աշխատանքների ու ծառայությունների (այսուհետ` նվիրատվություն) ընդհանուր չափը` դրամական արտահայտությամբ, մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի միլիոնապատիկը, այդ թվում`
1) մեկ առեւտրային կազմակերպության կողմից` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը.
2) մեկ ոչ առեւտրային կազմակերպության կողմից` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը.
3) մեկ ֆիզիկական անձի կողմից` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում մեկ անձի կողմից կուսակցությանը նվիրված անշարժ գույքի արժեքը չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհազարապատիկը: Կուսակցությանը նվիրատվության կարգով տրվող անշարժ գույքը չի կարող օտարվել նվիրատվության օրվանից առնվազն հինգ տարվա ընթացքում:
4. Նվիրատվություններ չի թույլատրվում`
1) բարեգործական կամ կրոնական կազմակերպություններից, ինչպես նաեւ դրանց մասնակցությամբ կազմակերպություններից.
2) պետական եւ համայնքային բյուջեներից եւ (կամ) արտաբյուջետային միջոցներից, բացառությամբ սույն օրենքի 27-րդ հոդվածի համաձայն կատարվող ֆինանսավորման.
3) պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններից եւ պետական ու համայնքային մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններից.
4) նվիրատվության կատարման օրվանից մինչեւ վեց ամիս առաջ գրանցված իրավաբանական անձանցից.
5) օտարերկրյա պետություններից, օտարերկրյա քաղաքացիներից ու իրավաբանական անձանցից, ինչպես նաեւ օտարերկրյա մասնակցությամբ իրավաբանական անձանցից, եթե օտարերկրյա մասնակցի բաժնետոմսերը, փայը, բաժնեմասը տվյալ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում 30 տոկոսից ավելի է.
6) միջազգային կազմակերպություններից եւ միջազգային հասարակական շարժումներից.
7) քաղաքացիություն չունեցող անձանցից.
8) անանուն անձանցից:
5. Սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով սահմանված չափը գերազանցող նվիրատվությունների ստացման դեպքում կուսակցությունը պարտավոր է ստանալուց հետո` երկու շաբաթվա ընթացքում, նվիրատվության սահմանված չափը գերազանցող մասը կամ նվիրատվությունն ամբողջությամբ, իսկ սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին, 4-րդ եւ 7-րդ կետերով չթույլատրված նվիրատվությունները ամբողջությամբ վերադարձնել նվիրատուին, իսկ դրա անհնարիության դեպքում փոխանցել պետական բյուջե:
6. Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ եւ 8-րդ կետերով չթույլատրված նվիրատվությունների ստացման դեպքում կուսակցությունը պարտավոր է ստանալուց հետո` երկու շաբաթվա ընթացքում, դրանք փոխանցել պետական բյուջե:
7. Նվիրատվություն կատարող ֆիզիկական անձինք պարտավոր են նշել իրենց անունը, ազգանունը, բնակության վայրը, իսկ իրավաբանական անձինք` իրավաբանական անձանց միջեւ անկանխիկ հաշվարկի կանոններով պահանջվող բոլոր տեղեկությունները:
8. Կուսակցությանը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի դրամական հատկացումները կատարվում են անկանխիկ:
9. Սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով սահմանված համապատասխան նվիրատվությունների ստացման եւ դրանք օրենքով սահմանված ժամկետներում համապատասխանաբար պետական բյուջե կամ նվիրատուին չփոխանցելու դեպքում կուսակցությունը օրենքով սահմանված կարգով ենթակա է պատասխանատվության:
ԳԼՈՒԽ 5.
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 26. Կուսակցություններին հանրային աջակցության ձեւերը
1.Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները օրենքով սահմանված կարգով կուսակցություններին հավասար եւ ոչ խտրական պայմաններով ցուցաբերում են հետեւյալ աջակցությունը.
1) ապահովում են իրենց մասնակցությամբ հիմնադրված զանգվածային լրատվության միջոցներից օգտվելու հնարավորությունը.
2) կուսակցություններին տրամադրում են իրենց պատկանող շինություններ, կապի միջոցներ, որոնցից օգտվելու առաջնահերթ իրավունք ունեն Ազգային ժողովի ընտրություններում մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցությունները.
3) նախընտրական քարոզչություն իրականացնելու համար կուսակցություններին ու նրանց տարածքային ստորաբաժանումներին Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ապահովում են համապատասխան հնարավորություններով.
4) միջոցառումներ անցկացնելու նպատակով կուսակցություններին ապահովում են անհրաժեշտ պայմաններով:
2. Պետական մարմինները սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված կարգով ֆինանսավորում են կուսակցությունների գործունեությունը:
Հոդված 27. Կուսակցությունների պետական ֆինանսավորումը
1. Կուսակցությունների պետական ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Այդ ծախսերը արտացոլվում են պետական բյուջեում առանձին հոդվածով:
2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված` կուսակցությունների ֆինանսավորման միջոցների ընդհանուր ծավալը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 0,03-ապատիկի եւ Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թվի արտադրյալից:
3. Պետական բյուջեից միջոցներ հատկացվում են այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որի ընտրական ցուցակն Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն 3 տոկոսը:
4.Պետական բյուջեից կուսակցություններին(կուսակցությունների դաշինքներին) հատկացվող միջոցները կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջեւ բաշխվում են Ազգային ժողովի վերջին ընտրություններում նրանց ստացած ձայներին համամասնորեն:
5. Նշված միջոցները կուսակցությունների ընտրական դաշինքին մասնակցող կուսակցությունների միջեւ բաշխվում են հավասարապես, եթե այլ բան նախատեսված չէ կուսակցությունների ընտրական դաշինքի որոշմամբ:
6. Կուսակցության վերակազմակերպման, լուծարման մասին որոշում ընդունելու, գործունեության արգելման մասին սահմանադրական դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից պետական բյուջեի միջոցների հատկացումը դադարեցվում է:
ԳԼՈՒԽ 6.
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՈՒԴԻՏԸ
Հոդված 28. Կուսակցությունների հաշվետվությունները
1. Կուսակցությունները պետական մարմիններին ֆինանսական ու հաշվապահական հաշվետվություններ են ներկայացնում իրավաբանական անձանց համար օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում:
2. Կուսակցությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի` հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների եւ ծախսերի, ինչպես նաեւ գույքի մասին հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն) եւ օրենքով նախատեսված դեպքերում դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը, ինչպես նաեւ սահմանված կարգով այն տեղադրել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
3. Կուսակցությունն իր հաշվետվությունը զանգվածային լրատվության միջոցով հրապարակելուց եւ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո պարտավոր է հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 1-ից ոչ ուշ հաշվետվությունը եւ դրա հրապարակման փաստը վկայող ապացույցը ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն (այսուհետ` վերահսկիչ-վերստուգիչ):
4. Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության հաշվետվությունը պետք է տվյալներ պարունակի կուսակցության հաշվում մուտք արված միջոցների աղբյուրների եւ ծավալի, այդ միջոցների ծախսման, ինչպես նաեւ ունեցած գույքի մասին` նշելով դրա արժեքը: Սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված վճարումներից ստացված ընդհանուր գումարի հետ կուսակցության հաշվետվությունում նշվում է նաեւ նշված վճարումները կատարած կուսակցության անդամների թիվը:
5. Կուսակցության ստացած` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող արժողությամբ նվիրատվության աղբյուրը նշվում է կուսակցության հաշվետվությունում:
6. Կուսակցության կողմից նախընտրական քարոզչության նախապատրաստման եւ իրականացման համար ծախսված միջոցների հաշվառումը կատարվում է առանձին:
7. Հաշվետվության հրապարակման եւ ներկայացման կարգը (ներառյալ` հաշվետվության ձեւը) սահմանում է ՀՀ կառավարությունը:
Հոդված 29. Կուսակցությունների հաշվետվությունների աուդիտը
1. Այն կուսակցությունները, որոնց ակտիվների արժեքը գերազանցել է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը, պարտավոր են հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ:
2. Այն կուսակցությունները, որոնց ակտիվների արժեքը սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը գերազանցելը պայմանավորված է եղել հաշվետու տարում կուսակցության հաշվեկշռում առկա անշարժ եւ շարժական գույքի արժեքով, եւ կուսակցությունն այդ կապակցությամբ արդեն մեկ անգամ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը ներկայացրել է աուդիտորական եզրակացություն, հաջորդող հաշվետու տարիներին ազատվում է աուդիտորական եզրակացություն ներկայացնելու պարտականությունից, եթե նախորդ հաշվետու տարվա համեմատությամբ նրա հաշվեկշռում անշարժ եւ շարժական գույքի մասով փոփոխություններ տեղի չեն ունեցել: Կուսակցության հաշվեկշռում անշարժ եւ շարժական գույքի մասով փոփոխությունների դեպքում կուսակցությունը պարտավոր է հաշվետվությունը ներկայացնել սույն օրենքով սահմանված կարգով աուդիտորական եզրակացության հետ, եթե հաշվետու տարում իրականացրած բոլոր գործարքների գինը գերազանցել է սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը:
3. Սույն օրենքով սահմանված կարգով պետական բյուջեից ֆինանսավորում ստացած կուսակցությունները պարտավոր են հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ, եթե պետական բյուջեից ֆինանսավորումը հաշվետու տարում գերազանցել է նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը:
ԳԼՈՒԽ 7.
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 30. Կուսակցությունների միջազգային գործունեությունը
1.Կուսակցությունն իրավունքի ունի կապեր հաստատել եւ պահպանել օտարերկրյա պետությունների քաղաքական կուսակցությունների, հասարակական միավորումների, միջազգային կազմակերպությունների հետ, կնքել համագործակցության մասին համաձայնագրեր եւ իրականացնել այլ միջոցառումներ, որոնք չեն հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային պայմանագրերին եւ օրենքներին:
2. Կուսակցություններն իրավունք ունեն անդամակցել միջազգային միությունների եւ ասոցիացիաների:
ԳԼՈՒԽ 8.
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 31. Կուսակցությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները
1.Կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը:
2. Կուսակցության հրապարակած եւ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը ներկայացրած հաշվետվության հավաստիությունը ստուգելու համար վերջինիս պահանջի դեպքում կուսակցությունը պարտավոր է երեք օրվա ընթացքում տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն կուսակցության դրամարկղային եւ բանկային մուտքերի եւ ելքերի վերաբերյալ, ներկայացնել նախնական հաշվապահական հաշվառման եւ այլ փաստաթղթեր:
ԳԼՈՒԽ 9.
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԱՐԳԵԼՈՒՄԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
Հոդված 32. Կուսակցության գործունեության կասեցման եւ արգելման կարգը
1. Կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել սահմանադրական դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:
2. Կուսակցության գործունեության կասեցման կամ արգելման հարցով սույն օրենքով նախատեսված հիմքերով սահմանադրական դատարան կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 33. Կուսակցության գործունեության կասեցումը
1. Կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել, եթե կուսակցությունն իր գործունեության ընթացքում թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով օրենքի կոպիտ խախտում է համարվում կուսակցության կողմից՝
1) նվիրատվությունների տնօրինման կամ կուսակցության տարեկան հաշվետվությունների հրապարկման կամ օրենքով սահմանված փաստաթղթերը տրամադրելու` օրենքով սահմանված կարգը խախտելը եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկվելուց հետո` երեսնօրյա ժամկետում խախտումը չվերացնելը,
2) կուսակցության հիմնադրման կամ պետական գրանցման ժամանակ օրենքի այնպիսի խախտում թույլ տալը, որը եթե հայտնի լիներ պետական գրանցման պահին, կուսակցությունը չէր գրանցվի։
3. Կասեցման ժամանակահատվածում կուսակցությանն արգելվում է իրականացնել ցանկացած գործունեություն, բացառությամբ այն գործողությունների, որոնք անհրաժեշտ են կասեցման հիմք հանդիսացող խախտումները վերացնելու համար եւ կուսակցության` որպես կազմակերպաիրավական միավորի գոյությունն ապահովելու համար՝ ի կատարումն քաղաքացիաիրավական, աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունների, պատճառված վնասի հատուցման պարտավորությունների, հարկերի, տուրքերի եւ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարների վճարման պարտավորությունների եւ այլն:
4. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված վարչական իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկելիս զգուշացնում է, որ կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել երեսնօրյա ժամկետում խախտումը չվերացնելու դեպքում:
5. Վարչական պատասխանատվության ենթարկելուց հետո՝ երեսնօրյա ժամկետում խախտումը չվերացնելու դեպքում վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը այդ մասին անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին:
6. Պետական լիազոր մարմինը Կառավարությանը անհապաղ տեղեկացնում է կուսակցության հիմնադրման կամ պետական գրանցման ժամանակ օրենքի այնպիսի խախտման մասին, որը եթե հայտնի լիներ պետական գրանցման պահին, կուսակցությունը չէր գրանցվի։
7. Կուսակցության գործունեությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշմամբ կասեցվում է։ Կասեցման հիմքերը վերացնելու նպատակով Սահմանադրական դատարանի որոշմամբ սահմանվում է ողջամիտ ժամկետ: Կուսակցության կողմից կասեցման հիմքերի վերացման վերաբերյալ ապացույցները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան։ Կասեցման հիմքերը վերացված գնահատվելու դեպքում Սահմանադրական դատարանը կայացնում է որոշում՝ կուսակցության գործունեությունը վերսկսված համարելու մասին։ Կասեցված հիմքերը վերացված չգնահատվելու դեպքում կասեցման հիմքերը վերացնելու նպատակով Սահմանադրական դատարանը կուսակցությանը տրամադրում է ողջամիտ ժամկետ։
Հոդված 34. Կուսակցության գործունեության արգելումը
1. Արգելման ենթակա է այն կուսակցությունների գործունեությունը, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով:
2. Կուսակցության գործունեության արգելումը հիմք չէ այդ կուսակցության առաջադրմամբ ընտրված պատգամավորի լիազորությունները դադարեցնելու համար:
3.Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ կուսակցության գործունեությունը արգելելու դեպքում կուսակցության գործունեությունը համարվում է դադարեցված, եւ այն ենթակա է լուծարման:
Հոդված 35. Կուսակցության վերակազմակերպումը
1. Կուսակցությունը կարող է կուսակցության համագումարի որոշմամբ սույն օրենքով սահմանված կարգով վերակազմակերպվել (միաձուլվել, միանալ, բաժանվել կամ առանձնանալ) այլ կուսակցության:
2. Կուսակցության վերակազմակերպման դեպքում նրա իրավունքները եւ պարտականությունները բաշխվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի կանոններին համապատասխան:
Հոդված 36. Կուսակցության լուծարումը եւ լուծարման հետեւանքները
1. Կուսակցությունը լուծարվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով եւ օրենքով սահմանված կարգով:
2? Կուսակցության լուծարվելու դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է կուսակցության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե: Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում կուսակցության լուծարումից հետո մնացած գույքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը։
3. Կուսակցությունը կարող է դադարեցնել իր գործունեությունը լուծարման միջոցով` համագումարի որոշմամբ:
4. Եթե Սահմանադրական դատարանի որոշմամբ արգելվել է կուսակցության գործունեությունը, կուսակցության նկատմամբ սկսվում է լուծարման գործընթաց։ Այս դեպքում լուծարային հանձնաժողովի իրավասություններն իրականացնում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից ստեղծված հանձնաժողովը։
ԳԼՈՒԽ 10.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 37. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-410-Ն օրենքը:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում կուսակցությունները պարտավոր են իրենց տարածքային ստորաբաժանումները սույն օրենքով սահմանված կարգով ներկայացնել հաշվառման: