Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքով`
ա/ կարգավորվում են Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրական էներգիայի արտադրության, կերպափոխման, հաղորդման եւ բաշխման գործունեություն իրականացնող («Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիցենզավորված ու չլիցենզավորված) անձանց, տեխնոլոգիական եւ կենցաղային նպատակներով էլեկտրական էներգիա սպառողների (այսուհետ՝ սպառողներ) էլեկտրատեղակայանքների տեխնիկական ստուգումների կազմակերպման եւ անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ ստուգումների միջոցով իրականացվող տեխնիկական վերահսկողության խնդիրներն ու շրջանակները,
բ/ սահմանվում են էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց ու սպառողների, ինչպես նաեւ էլեկտրաէներգետիկական համակարգում եւ էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի լիազորությունները:
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Տեխնիկական ստուգումներ՝ Էլեկտրատեղակայանքների փաստացի տեխնիկական վիճակի, կատարված կառուցման, վերակառուցման եւ հավաքակցման աշխատանքների ու նախագծի համապատասխանության հաստատման նպատակով իրականացվող ակնադիտական, ինչպես նաեւ տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին էլեկտրատեղակայանքների համապատասխանությունը հաստատող փորձարկումների ու չափումների փաստաթղթերի ուսումնասիրություններ:
Տեխնիկական վերահսկողություն՝ Տեխնիկական ստուգումների միջոցով իրականացվող գործընթաց, որն ուղղված է էլեկտրատեղակայանքների գործարկման ժամանակ, ինչպես նաեւ շահագործման ընթացքում եւ տեղի ունեցած պատահարների դեպքում տեխնիկական կանոնակարգերի նորմերի պահանջների խախտումների հայտնաբերմանն ու դրանց վերացմանը:
Էլեկտրատեղակայանքներ՝ Տեխնիկական կանոնակարգերով սահմանված էլեկտրական մեքենաների, սարքերի, սարքավորումների, էլեկտրահաղորդման գծերի եւ դրանց կառավարման ու պաշտպանության սարքերի համախումբ, որոնք նախատեսված են էլեկտրական էներգիայի արտադրության, հաղորդման, կերպափոխման, բաշխման կամ սպառման համար:
Վերակառուցվող էլեկտրատեղակայանք ` Գործող էլեկտրատեղակայանք, որտեղ լրացուցիչ էլեկտրասարքավորումների տեղադրման ու հավաքակցման եւ (կամ) էլեկտրատեղակայանքի հանգույցի ապահավաքակցման կամ փոխարինման արդյունքում տեխնիկական անձնագրի, տեխնիկական պայմանների, նախագծի փոփոխության անհրաժեշտություն է առաջացել:
Գործարկման եզրակացություն՝ Տեխնիկական կանոնակարգերի նորմերին էլեկտրատեղակայանքների համապատասխանությունը հաստատող փաստաթուղթ, որը տալիս է տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր կառավարման մարմինը եւ հավաստում էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձի կամ սպառողի էլեկտրատեղակայանքների տվյալ պահին գործարկմանը պատրաստ լինելու մասին:
Պատահար՝ Էլեկտրատեղակայանքների բնականոն աշխատանքի խաթարում, այդ թվում՝ մարդկանց կյանքին, գույքին եւ շրջակա միջավայրին վնասի պատճառմամբ: Պատահարների դասակարգումը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը
Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց եւ սպառողների վրա:
Հոդված 4. Էլեկտրաէներգետիկական համակարգում եւ էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության պետական քաղաքականության խնդիրները
էլեկտրաէներգետիկական համակարգում եւ էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության պետական քաղաքականության խնդիրներն են.
ա/ Մարդկանց կյանքի, գույքի եւ շրջակա միջավայրի՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանված, անվտանգության նորմերի պահպանման ապահովումը,
բ/ Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության եւ անվտանգության ապահովումը:
Հոդված 5. Տեխնիկական վերահսկողություն իրականացնող մարմինը
Էլեկտրաէներգետիկական համակարգում եւ էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազոր կառավարման մարմին)՝ օրենքով սահմանված իր իրավասության շրջանակներում:
Հոդված 6. Լիազոր կառավարման մարմնի գործառույթները
1. Լիազոր կառավարման մարմինը.
1). էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց եւ սպառողների էլեկտրատեղակայանքներում տեխնիկական ստուգումներ է կատարում՝
ա/ 110 կՎ եւ բարձր լարման էլեկտրատեղակայանքներում, համակարգի հուսալիության եւ անվտանգության չափանիշների պահպանման նպատակով, ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ,
բ/ կոնկրետ դեպքերում, շահագրգիռ այլ մարմինների հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ,
2). էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց եւ սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական ստուգումների արդյունքներով, տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումներ հայտնաբերելիս, կազմում է ակտ-կարգադրագրեր, վերահսկում կարգադրագրերում նշված պահանջների կատարումը եւ կայացնում որոշում՝ սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ,
3). Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տալիս է 6 կՎ եւ բարձր լարման նոր կառուցվող եւ վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություններ՝ թույլատրելով դրանց գործարկումը,
4). վարում է տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտումների վերաբերյալ վիճակագրություն,
5). ներկայացնում է առաջարկություններ նոր տեխնիկական կանոնակարգեր ընդունելու կամ գործող տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ:
2. Լիազոր կառավարման մարմինը էլեկտրատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, իրականացնում է դրանց մասնագիտական քննությունը՝ տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտման բացահայտման եւ համապատասխան եզրակացություն կազմելու համար:
Հոդված 7. Տեխնիկական ստուգումների կարգը
1. Էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց ու սպառողների էլեկտրատեղակայանքներում տեխնիկական ստուգումները կատարվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
2. Նոր կառուցված, վերակառուցված, տեխնիկական կանոնակարգերի խախտմամբ պայմանավորված շահագործման դադարեցումից հետո վերագործարկվող էլեկտրատեղակայանքի տեխնիկական ստուգման ընթացքում լիազոր կառավարման մարմնի ներկայացուցիչը շահագործող անձնակազմից կարող է պահանջել էլեկտրատեղակայանքի առանձին հանգույցների փորձարկման իրականացում:
3. Նոր կառուցված, վերակառուցված, տեխնիկական կանոնակարգերի խախտմամբ պայմանավորված շահագործման դադարեցումից հետո վերագործարկվող էլեկտրատեղակայանքների գործարկումն իրականացվում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին էլեկտրատեղակայանքի համապատասխանության մասին տրված գործարկման եզրակացության առկայության դեպքում:
4. Էլեկտրատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների քննության արդյունքում լիազոր կառավարման մարմնի կազմած ակտ-կարգադրագիրը պետք է ներառի պատահարի ծագման պատճառների, զարգացման եւ հետագա ընթացքի վերաբերյալ մասնագիտական գնահատականը:
Հոդված 8. էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց եւ սպառողների իրավունքներն ու պարտականությունները
1. էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձինք ու սպառողներն իրավունք ունեն լիազոր կառավարման մարմնի տեխնիկական վերահսկողության իրականացմամբ պայմանավորված գործողությունները բողոքարկել վերադասության կամ դատական կարգով:
2. էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձինք ու սպառողները պարտավոր են.
ա/ թույլատրել լիազոր կառավարման մարմնի ներկայացուցիչների մուտքը էլեկտրատեղակայանքներ` սույն օրենքով նախատեսված տեխնիկական ստուգումներ իրականացնելու համար,
բ/ լիազոր կառավարման մարմնի կողմից տրված կարգադրագրերի համաձայն եւ դրանցում նշված ժամկետներում իրականացնել միջոցառումներ՝ ուղղված տեխնիկական ստուգումների արդյունքում հայտնաբերված տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտումների վերացմանը,
գ/ ինքնուրույն կամ լիազոր կառավարման մարմնի կողմից տրված կարգադրագրի համաձայն անհապաղ դադարեցնել այն էլեկտրատեղակայանքների (հանգույցների) շահագործումը, որոնց ընթացիկ տեխնիկական վիճակը սպառնում է մարդկանց կյանքին, գույքին եւ շրջակա միջավայրին,
դ/ չգործարկել էլեկտրատեղակայանքը՝ մինչեւ լիազոր կառավարման մարմնից գործարկման եզրակացություն ստանալը:
3. Էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձինք պատահարի դեպքում պարտավոր են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հայտնել լիազոր կառավարման մարմիններին:
Հոդված 9. Պատասխանատվության միջոցները
1. Սույն օրենքի եւ տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի պահանջները խախտելու համար էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց ու սպառողների համար սահմանվում են հետեւյալ պատասխանատվության միջոցները.
ա/ նախազգուշացում,
բ/ էլեկտրատեղակայանքի (հանգույցի) շահագործման դադարեցում,
գ/ տուգանք:
2. Տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի խախտում հայտնաբերելու դեպքում լիազոր կառավարման մարմնի տեսչական անձնակազմը կիրառում է ա/ ենթակետում նշված պատասխանատվության միջոցը: Եթե էլեկտրատեղակայանքի (հանգույցի) տեխնիկական վիճակը կարող է պատահարի առաջացման պատճառ դառնալ ու սպառնալ մարդկանց կյանքին, գույքին եւ շրջակա միջավայրին, տեսուչը կիրառում է բ) ենթակետով սահմանված պատասխանատվության միջոցը՝ մեկ օրվա ընթացքում զեկույց ներկայացնելով իր անմիջական ղեկավարությանը՝ կատարած գործողությունների հիմնավորմամբ:
Լիազոր կառավարման մարմնի (ստորաբաժանման) ղեկավարը կիրառում է գ/ ենթակետում նշված պատասխանատվության միջոցը:
3. Լիցենզավորված անձանց նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցների մասին տեղեկատվությունը լիազոր կառավարման մարմինը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ կիրառման օրվանից տաս օրվա ընթացքում:
Հոդված 10. Լիազոր կառավարման մարմնի պատասխանատվությունը
Լիազոր կառավարման մարմնի տեսչական անձնակազմն իր գործողությունների համար պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով: