Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1096-11.10.2016-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2011թ. նոյեմբերի 28-ի Ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 15-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 14.1-ին եւ 14.2-րդ կետերով.

«14.1) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման մրցութային հանձնաժողովի գործունեության կարգի սահմանումը.

14.2) լիազոր մարմնի եւ ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված անձի միջեւ կնքվող նախնական պայմանագրի օրինակելի ձեւի սահմանումը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 17-րդ հոդվածի՝

1. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 20-րդ եւ 21-րդ կետերով.

«20) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման մրցութային փաթեթի կազմումը.

21) մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված իրավաբանական անձի հետ նախնական պայմանագրի կնքումը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասում «սահմանված» բառից հետո լրացնել «ընդհանուր հիմունքներով կամ մրցութային» բառերը:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 20.1-ին եւ 20.2-րդ հոդվածներով.

«ՀՈԴՎԱԾ 20.1 Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը մրցութային կարգով

1. Ընդերքօգտագործման իրավունքը մրցութային կարգով տրամադրվում է ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության դեպքում:

2. Մրցույթին մասնակցության հայտերին, մրցույթի մասնակիցների որակավորմանը, ֆինանսական եւ տեխնիկական կարողություններին ներկայացվող չափորոշիչները, ինչպես նաեւ մրցութային փաթեթների պատրաստման կարգը սահմանում է կառավարությունը:

3. Ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար մրցույթի մասնակցության հայտը ներկայացվում է լիազոր մարմնին՝ էլեկտրոնային կամ թղթային տարբերակով:

4. Մինչեւ մրցույթի կազմակերպումը լիազոր մարմնի եւ ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողատարածքների սեփականատիրոջ միջեւ կնքվում է հողօգտագործման նախնական պայմանագիր, որով սահմանվում է ընդերքօգատգործողի կողմից՝ հողամասի օգտագործման վճարի եւ ընդերքօգտագործման հետեւանքով հողամասի սեփականատիրոջը պատճառվելիք վնասի եւ բաց թողնված օգուտի չափի փոխհատուցում:

5. Մրցույթը կազմակերպվում, անցկացվում եւ բողոքարկվում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի, uույն oրենսգրքի եւ «Հրապարակային uակարկությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի պահանջների համաձայն:

Հոդված 20.2. Մրցույթի արդյունքների ամփոփումը

1. Մրցույթների կազմակերպման եւ անցկացման նպատակով լիազոր մարմնի կողմից ստեղծվում է մրցութային հանձնաժողով:

2. Մրցույթում հաղթած անձը որոշվում է մրցութային առաջարկությունների քննարկման արդյունքով` հետեւյալ չափանիշների հիման վրա.

1) ընդերքօգտագործման ոլորտում հայտատուի նմանատիպ աշխատանքների փորձը, ընդերքօգտագործման առաջարկվող ծրագիրը, նորագույն մեթոդների եւ տեխնոլոգիաների կիրառումը, միջազգային փորձի հաշվառումը, նախատեսվող ներդրումների ծավալը, իրականացվելիք աշխատանքների ժամկետները, ստեղծվելիք՝ աշխատատեղերի քանակը.

2) մրցույթի մասնակիցների կողմից առաջարկվող՝ աշխատանքների կատարման ընթացքում շրջակա միջավայրի պահպանության, բնակչության առողջության անվտանգության եւ տեխնիկական անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները.

3) մրցույթի մասնակիցների որակավորումը, ֆինանսական եւ տեխնիկական կարողությունները.

4) մրցույթին չեն կարող մասնակցել սույն օրենսգրքի 40-րդ հոդվածի 7-րդ մասի 7-րդ կետում նշված անձիք:

3. Մրցույթի արդյունքների ամփոփման կարգը սահմանվում է մրցույթի կազմակերպիչի կողմից:

4. Մրցույթի մյուս մասնակիցների պահանջով վերջիններիս 10-օրյա ժամկետում տրամադրվում է արձանագրության կրկնօրինակը:

5. Մրցութային հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչված անձի հետ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո 15-օրյա ժամկետում լիզոր մարմինը կնքում է նախնական պայմանագիր, որով սահմանվում են շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի եւ երկրաբանական ուսումնասիրության նյութերի փորձաքննության ներկայացման ժամկետները:

6. Մրցույթում հաղթող ճանաչված անձը նախնական պայմանագրով սահմանված ժամկետում դիմում է լիազոր մարմնին ընդերքօգտագործման իրավունք ստանալու համար՝ դիմումին կից ներկայացնելով շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: Լիազոր մարմինը ընդերքօգտագործման իրավունքը տրամադրում է սույն օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-4-րդ մասերով եւ 41-րդ հոդվածով սահմանված կարգով:

7. Եթե Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը բացասական է, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է մրցույթում հաղթող ճանաչված անձին ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը:»:

Հոդված 5. Օրենսգրքի 40-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 9-րդ կետով.

«9) ընդերքի այն տեղամասը, որի համար դիմումատուն դիմել է, հանդիսանում է ռադիոակտիվ հումքի երեւակման տեղամաս:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագիծը մշակվել է «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսված ֆինանսական վարկի երկրորդ եւ երրորդ մասնաբաժինների տրամադրման համար անհրաժեշտ նախապայման հանդիսացող` 9.2 կետով սահմանված միջոցառման կիրարկումն ապահովելու նպատակով:

Ներկայումս գործող ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքով բոլոր տեսակի օգտակար հանածոների համար գործում է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման միեւնույն ընթացակարգը: Սակայն Օրենսգրքով չի կարգավորվում ռադիոակտիվ հումքի (որպես ռազմավարական նշանակություն ունեցող հումք) երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:

Ռազմավարական նշանակություն ունեցող՝ ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման իրավունքը նախատեսվում է տրամադրել մրցութային կարգով, որով կապահովի մրցակցային հավասարություն:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրությունների իրավունքը կտրվի մրցութային կարգով, որը հնարավորություն կտա կազմակերպությանը ընտրելիս հաշվի առնել վերջինիս ընդերքօգտագործման ոլորտում նմանատիպ աշխատանքների փորձը, ընդերքօգտագործման առաջարկվող ծրագիրը, նորագույն մեթոդների եւ տեխնալոգիաների կիրառումը, միջազգային փորձի հաշվառումը, նախատեսվող ներդրումների ծավալը, ստեղծվելիք աշխատատեղերի քանակը, մրցույթի մասնակիցների կողմից առաջարկվող՝ աշխատանքների կատարման ընթացքում շրջակա միջավայրի պահպանության, բնակչության առողջության անվտանգության եւ տեխնիկական անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները, մրցույթի մասնակիցների որակավորումը, ֆինանսական եւ տեխնիկական կարողությունները:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

Օրենքի նախագծը մշակվել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից:

4. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ներկայացված օրենքի ընդունման նպատակն է ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման հավասար մատչելիության ապահովումը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող մետաղական օգտակար հանածոների ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը մրցութային կարգով, որ կապահովվի մրցակցային հավասարությունը, ինչպես նաեւ կհստակեցվի ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման չափորոշիչները:

Նախագծով կարգավորվող շրջանակները առնչվում են մետաղների (մոլիբդեն, պղինձ եւ այլն) շուկայի հետ, սակայն Նախագծի ընդունմամբ նշված շուկայում մրցակցային դաշտի վրա զգալի ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1 «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ներկայացված տարբերակով ընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա կարող են առաջանալ բացասական հետեւանքներ:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին առնչվում է եւ չի հակասի ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին, եթե հաշվի առնվեն ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ներկայացված առարկությունները եւ առաջարկությունները:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի, տեխնածին հանքավայրերի շահագործման, ռադիոակտիվ հումքի, ինչպես նաեւ այլ հանքային հումքի վերարտադրությունը ապահովելու նպատակով առանձնացված հեռանկարային տեղամասերի երկրաբանական ուսումնասիրությունների իրավունքները տրամադրել միայն մրցութային կարգով: Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կնախատեսվի չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի, տեխնածին հանքավայրերի շահագործումը, ռադիոակտիվ հումքի, ինչպես նաեւ հանրապետության տնտեսության համար անհրաժեշտ այլ հանքային հումքի վերարտադրությունը ապահովելու նպատակով առանձնացված հեռանկարային տեղամասերի երկրաբանական ուսումնասիրությունների իրավունքները տրամադրվում են մրցութային կարգով:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ հայտնում ենք, որ նախագծի ընդունումը ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լրամշակված նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լրամշակված նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված կոռուպցիոն գործոն չի պարունակում: