Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-990-18.04.2016,13.10.2016-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել 188.2 հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 188.2. Ֆինանսական բուրգ ստեղծելը, կազմակերպելը, կամ ղեկավարելը

1. Ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը՝ գույքի ներգրավմանն ուղղված գործունեություն իրականացնելը (բացառությամբ հատուկ թույլտվության (լիցենզիայի) հիման վրա իրականացվող լիցենզավորման ենթակա գործունեության), որով գույք ներդրող կամ ֆինանսական բուրգում առաջարկվող գույքի կամ ծառայության դիմաց վճարում կատարող անձանց առաջարկվող նյութական օգուտը պայմանավորվում է բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գույքի հաշվին

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկ տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները`

1) որոնց արդյունքում ֆինանսական բուրգում ներգրավվել է խոշոր չափերով գումար կամ գույք,

2) որոնք անձանց, կազմակերպություններին կամ պետությանը պատճառել են խոշոր չափի վնաս,

3) որոնք կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով`

պատժվում են ազատազրկմամբ երկուսից հինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված արարքները`

1) որոնց արդյունքում ֆինանսական բուրգում ներգրավվել է առանձնապես խոշոր չափերով գումար կամ գույք,

2) որոնք անձանց, կազմակերպություններին կամ պետությանը պատճառել են առանձնապես խոշոր չափի վնաս,

3) որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից`

պատժվում են ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

4. Սույն հոդվածում խոշոր չափ եւ խոշոր գույքային վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից տասնհինգհազարապատիկը չգերազանցող գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ եւ առանձնապես խոշոր գույքային վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկը գերազանցող գումարը:

5. Սույն հոդվածում գույքային վնասի հաշվարկման համար հիմք է հանդիսանում բուրգում ներգրավված բոլոր անձանց, այդ թվում՝ կազմակերպություններին, ինչպես նաեւ պետությանը պատճառված միասնական վնասը:

6. Ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծող, կազմակերպող կամ ղեկավարող անձը ազատվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված քրեական պատասխանատվությունից, եթե այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին եւ նպաստել ֆինանսական բուրգի գործունեության խափանմանը, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։