ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.
Օրենքի կարգավորման առարկան
Սույն սահմանադրական օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ՝ Պաշտպան) լիազորությունները, գործունեության կարգը եւ երաշխիքները, Պաշտպանի ընտրության եւ լիազորությունների դադարեցման կարգը, Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց (այսուհետ՝ պետական ծառայող) իրավական կարգավիճակի, նրանց պաշտոնի նշանակման եւ ազատման, դասային աստիճաններ շնորհելու, պետական ծառայության կազմակերպման եւ ղեկավարման առանձնահատկությունները, ինչպես նաեւ դրանց հետ կապված այլ հարաբերություններ:
Հոդված 2. Մարդու իրավունքների պաշտպանը
1. Պաշտպանը Սահմանադրության 191-րդ հոդվածով նախատեսված պաշտոնատար անձն է:
2. Պաշտպանը հանդիսանում է «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի 1984 թվականի կոնվենցիայի 2002 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման ազգային մեխանիզմ (այսուհետ՝ կանխարգելման ազգային մեխանիզմ):
3. Պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մոնիթորինգ, ինչպես նաեւ երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում եւ պաշտպանություն:
Հոդված 3. Պաշտպանի գործունեության սկզբունքները
Պաշտպանն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է օրինականության, իրավահավասարության, անկողմնակալության, հրապարակայնության, ժողովրդավարության, մարդասիրության եւ սոցիալական արդարության սկզբունքներով։
Հոդված 4. Պաշտպանի` այլ գործունեությամբ զբաղվելու սահմանափակումը
1. Պաշտպանը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն` առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից:
2. Պաշտպանը կարող է անդամակցել կամ այլ կերպ ներգրավվել մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպությունների աշխատանքներին, եթե դա չի հակասում Սահմանադրությամբ եւ սույն օրենքով Պաշտպանին վերապահված գործառույթներին, ինչպես նաեւ չի ազդում նրա անկողմնակալության վրա:
3. Պաշտպանն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում Պաշտպանը պարտավոր է ցուցաբերել քաղաքական զսպվածություն։
ԳԼՈՒԽ 2. ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 5. Պաշտպանի անկախությունը
1. Պաշտպանն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է, առաջնորդվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
2. Պաշտպանը չի ենթարկվում պետական կամ տեղական ինքնակառավարման որեւէ մարմնի, կազմակերպության կամ պաշտոնատար անձի:
Հոդված 6. Պաշտպանի անձեռնմխելիությունը
1.Պաշտպանն իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել Պաշտպանի՝ իր կարգավիճակից բխող գործունեության շրջանակներում, այդ թվում՝ Ազգային ժողովում հայտնած կարծիքիկամ քվեարկության համար:
2.Պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում, ինչպես նաեւ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց կարող է հարուցվել միայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաձայնությամբ:
3. Պաշտպանն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տեւել յոթանասուներկու ժամից ավելի: Պաշտպանին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:
4.Պաշտպանն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում եւ դրանից հետո չի կարող բացատրություն տալ կամ հարցաքննվել որպես վկա պաշտոնավարման ընթացքում իրեն հասցեագրված դիմումների կամ բողոքների, դրանց ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում ձեռք բերված փաստաթղթերի էության կամ իր կայացրած որոշումների կապակցությամբ։
Հոդված 7. Պաշտպանի անվտանգությունը
Պաշտպանը եւ նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության հատուկ պաշտպանության ներքո: Իրավասու պետական մարմինները, Պաշտպանի դիմումի հիման վրա, պարտավոր են ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ` Պաշտպանի եւ նրա ընտանիքի անվտանգությունն ապահովելու նպատակով։
Հոդված 8. Պաշտպանի գործունեության ֆինանսավորումը եւ սոցիալական երաշխիքները
1. Պաշտպանի եւ նրա աշխատակազմի բնականոն գործունեության համար պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում է պատշաճ ֆինանսավորում:
2. Պաշտպանի եւ նրա աշխատակազմի բյուջեն պետական բյուջեի մաս է, որը ֆինանսավորվում է առանձին տողով: Հատուկ ֆինանսավորվում է նաեւ Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությունը:
3. Պաշտպանը օրենսդրությամբ սահմանված կարգով եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Պաշտպանի եւ նրա աշխատակազմի, առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (նախահաշիվը) ներկայացնում է պետական լիազորված մարմին` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:
4. Պաշտպանի եւ նրա աշխատակազմի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (նախահաշիվը) կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Կառավարությունն Ազգային ժողով եւ Պաշտպանին է ներկայացնում բյուջետային ֆինանսավորման վերաբերյալ առարկության հիմնավորումը:
5. Պաշտպանն ունի 30 աշխատանքային օր տեւողությամբ ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:
6. Պաշտպանն իր լիազորությունների իրականացման ողջ ժամանակահատվածում ազատվում է ժամկետային զինվորական ծառայությունից, զորահավաքներից եւ վարժական հավաքներից:
Հոդված 9. Պաշտպանի գործունեությանն աջակցելու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ կազմակերպությունների պարտականությունը
1.Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, դրանց պաշտոնատար անձինք կամ ներկայացուցիչները պարտավոր են սույն օրենքով սահմանված կարգով Պաշտպանին անվճար եւ անարգել տրամադրել անհրաժեշտ նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ այլ կերպ աջակցել նրա աշխատանքներին:
2. Պաշտպանի պահանջած նյութերը, փաստաթղթերը, տեղեկությունները եւ պարզաբանումները պետք է Պաշտպանին ուղարկվեն հնարավոր սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան հարցումն ստանալուց հետո` երեսուն օրվա ընթացքում, եթե հարցման մեջ ավելի կարճ ժամկետ նշված չէ: Եթե Պաշտպանի հարցմանը պատասխանելու համար օբյեկտիվորեն անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, ապա այդ մասին պետք է համապատասխան հիմնավորում ներկայացվի Պաշտպանի սահմանած ժամկետում կամ հարցումը ստանալուց հետո երեսուն օրվա ընթացքում, եթե Պաշտպանի կողմից պատասխանի համար որեւէ ժամկետ չի նշվել:
3. Իր լիազորությունների շրջանակում Պաշտպանն օգտվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, դրանց պաշտոնատար անձանց եւ ներկայացուցիչների մոտ անհետաձգելի ընդունելության իրավունքից: Պաշտպանի կողմից բողոքներին արագ արձագանքելու դեպքում սույն մասում նշված մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք եւ ներկայացուցիչները պարտավոր են Պաշտպանին կամ նրա ներկայացուցիչներին ցուցաբերել անհապաղ աջակցություն:
4. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, դրանց պաշտոնատար անձինք կամ ներկայացուցիչները պարտավոր են ազատության սահմանափակման կամ ազատությունից զրկման վայրում գտնվող անձի հետ երաշխավորել Պաշտպանի կամ նրա ներկայացուցչի անարգել եւ խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորությունը: Պաշտպանի կամ նրա ներկայացուցիչների` այդ անձանց հետ առանձնազրույցները ենթակա չեն միջամտության կամ գաղտնալսման:
5. Պաշտպանին ուղղված բողոքները եւ այլ փաստաթղթերն ենթակա չեն ստուգման կամ գրաքննության: Դրանք, իրավասու մարմինների կամ կազմակերպությունների կողմից ստանալուց հետո, անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում պետք է ուղարկվեն Պաշտպանին:
Հոդված 10. Պատասխանատվությունը Պաշտպանի գործունեությանը խոչընդոտելու համար
1. Պաշտպանի գործունեությանը օրենքով չնախատեսված ցանկացած միջամտություն արգելվում է:
2. Պաշտպանին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ սույն օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը ցանկացած ձեւով խոչընդոտելը, ինչպես նաեւ Պաշտպանին սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն։
3. Պաշտպանի պահանջած նյութերը, փաստաթղթերը, տեղեկությունները կամ պարզաբանումները սույն օրենքին համապատասխան սահմանված ժամկետներում չտրամադրելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված նյութերը, փաստաթղթերը, տեղեկությունները կամ պարզաբանումները Պաշտպանին չտրամադրած՝ պաշտոնատար անձը ենթակա է կարգապահական պատասխանատվության: Պետական կամ տեղական ինքնակառավարման իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է Պաշտպանի առաջարկի հիման վրա քննարկել եւ կարգապահական պատասխանատվության ենթարկել սույն մասում նշված պաշտոնատար անձին, ինչպես նաեւ այդ մասին անմիջապես տեղեկացնել Պաշտպանին:
Հոդված 11. Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող աձանց եւ կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետների գործունեության երաշխիքները
1. Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձի կամ կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետի նկատմամբ որեւէ հիմքով քրեական հետապնդում հարուցվելու կամ նրան ազատությունից որեւէ կերպ զրկելու դեպքում վարույթն իրականացնող մարմինն այդ մասին պարտավոր է անհապաղ տեղեկացնել Պաշտպանին` համապատասխան անձի վերաբերյալ տվյալներ ձեռք բերելուց անմիջապես հետո:
2. Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձինք եւ կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները կարող են բացատրություն տալ կամ որպես վկա հարցաքննվել Պաշտպանին հասցեագրված դիմումների կամ բողոքների էության կամ դրանց ուսումնասիրությունների արդյունքում Պաշտպանի կայացրած որոշումների վերաբերյալ, ինչպես նաեւ դրանք այլ անձանց տրամադրել ծանոթացման միայն Պաշտպանի գրավոր համաձայնությամբ:
ԳԼՈւԽ 3. ՊԱՇՏՊԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 12. Պաշտպանի ընտրությունը
1. Պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող, բարձրագույն կրթություն ունեցող, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող, ինչպես նաեւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
2. Պաշտպանին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:
3. Պաշտպանն իր պաշտոնը ստանձնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվելուց անմիջապես հետո, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում պատգամավորների ներկայությամբ տված հետեւյալ երդմամբ.
«Ստանձնելով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը՝ երդվում եմ, հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, արդարության սկզբունքներին՝ պաշտպանել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ եւ ջանասիրությամբ»:
4. Պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում իր երդման արարողությունից հետո՝ նախորդ Պաշտպանի պաշտոնավարման ժամկետի ավարտման հաջորդ օրը: Եթե Պաշտպանի ընտրվելու պահին Պաշտպանի պաշտոնը թափուր է, ապա Պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում երդման արարողությանը հաջորդող օրվանից։
5. Պաշտպանի հերթական ընտրություններն անցկացվում են Պաշտպանի լիազորությունների ավարտին նախորդող 50 օրվա ընթացքում:
Հոդված 13. Պաշտպանի լիազորությունները դադարելը
1. Պաշտպանի լիազորությունները դադարում են նրա լիազորությունների ժամկետն ավարտվելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա մահվան, հրաժարականի դեպքերում:
2.Հրաժարականի դեպքում Պաշտպանի լիազորությունները դադարում են, եթե Պաշտպանի կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան 7 օր հետո կրկին հրաժարականի դիմում է ներկայացվում։
3. Պաշտպանի լիազորությունների ժամկետն ավարտված է համարվում նրա պաշտոնի ստանձմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը:
4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը սույն հոդվածի 1?ին մասով նախատեսված դեպքերում համապատասխան տեղեկատվությունը ստանալու պահից հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան հաջորդ օրը պաշտոնական հաղորդագրություն է հրապարակում Պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու մասին: Հրաժարականի դեպքում սույն մասում նշված հաղորդագրությունը հրապարակվում է Պաշտպանի կողմից կրկին հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո:
5. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով Պաշտպանի լիազորությունները դադարելու դեպքում, բացառությամբ ժամկետն ավարտվելու հիմքով Պաշտպանի լիազորությունների դադարման դեպքի, Պաշտպանի ընտրությունն անցկացվում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով հաղորդագրության հրապարակման օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
Հոդված 14. Պաշտպանին փոխարինելը
1. Պաշտպանի ժամանակավոր բացակայության ընթացքում, այդ թվում՝ արձակուրդում գտնվելու, գործուղման կամ լիազորությունների դադարման դեպքերում նրա որոշմամբ իրեն փոխարինում է Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարներից մեկը:
2. Պաշտպանին փոխարինելու մասին որոշման անհնարինության կամ հրաժարականի դեպքերում Պաշտպանին ժամանակավորապես փոխարինում է Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի տարիքով ավագ ղեկավարը:
3. Պաշտպանի բացակայության ժամանակահատվածում վերջինիս փոխարինող դեպարտամենտի ղեկավարն իրականացնում է Պաշտպանին սույն օրենքով վերապահված լիազորությունները, բացառությամբ սույն օրենքի 26-րդ, 28-րդ հոդվածի 4-6-րդ մասերով, 29-30-րդ, 32-րդ հոդվածներով, 34-րդ հոդվածի 4-րդ մասով, 35-րդ հոդվածի 3-րդ մասով, 36-րդ հոդվածի 4-րդ մասով, 37-րդ հոդվածի 4-5-րդ մասերով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-7-րդ եւ 9-րդ կետերով սահմանված լիազորությունների:
ԳԼՈւԽ 4. ՊԱՇՏՊԱՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 15.
Պաշտպանի քննարկմանը ենթակա բողոքները
1. Պաշտպանը բողոքի առկայության դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ քննարկում է՝
1) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակած լիազորություններն իրականացնող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված՝ մարդու իրավունքների եւ ազատությունների խախտումները.
2) հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների խախտման վերաբերյալ հարցերը, եթե տեղեկություն կա մարդու իրավունքների կամ ազատությունների զանգվածային խախտումների մասին, կամ դա ունի բացառիկ հանրային նշանակություն կամ կապված է այնպիսի անձանց շահերի պաշտպանության անհրաժեշտության հետ, ովքեր չեն կարող ինքնուրույն օգտագործել իրենց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության իրավական միջոցները:
2. Սեփական նախաձեռնությամբ քննարկում իրականացնելիս Պաշտպանն օգտվում է սույն օրենքով իրեն վերապահված բոլոր լիազորություններից, որոնք նա իրականացնում է բողոքի քննարկման կապակցությամբ:
Հոդված 16. Պաշտպանին դիմելը
1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, սույն օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված իր իրավունքների եւ ազատությունների խախտման դեպքում յուրաքանչյուր ֆիզիկական եւ իրավաբանական անձ իրավունք ունի դիմել Պաշտպանին:
2. Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք Պաշտպանին կարող են դիմել ինչպես փոստի, այնպես էլ Պաշտպանին կամ նրա ներկայացուցչին անձամբ բողոք հանձնելու միջոցով: Պաշտպանին կարող են դիմել նաեւ բանավոր, որը Պաշտպանի կամ նրա ներկայացուցչի կողմից ենթակա է գրավոր ձեւակերպման:
3. Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք Պաշտպանին կարող են դիմել ինչպես անձամբ, այնպես էլ իրենց ներկայացուցիչների միջոցով:
4.Այլ անձի իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով Պաշտպանին կարող է դիմել այդ անձի ներկայացուցիչը, օրինական ներկայացուցիչը, նրա իրավահաջորդը, ժառանգը: Որպես ներկայացուցիչ կարող են հանդես գալ օրենքով սահմանված կարգով լիազորված անձինք, այդ թվում՝ փաստաբանները: Անձի ներկայացուցիչը Պաշտպանի կամ նրա ներկայացուցչի պահանջով պարտավոր է ներկայացնել լիազորագիր, փաստաբանի արտոնագիր, իսկ իրավահաջորդը, ժառանգը՝ համապատասխանաբար իրավահաջորդ կամ ժառանգ լինելը հաստատող փաստաթուղթ:
5. Անձի գրավոր համաձայնությամբ, նրա իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանին կարող են դիմել նաեւ հասարակական կազմակերպությունները։
6. Այլ անձանց իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանին դիմելու համար լիազորագիր կամ գրավոր համաձայնություն չի պահանջվում, եթե կապված է այնպիսի անձանց շահերի պաշտպանության անհրաժեշտության հետ, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն օգտագործել իրենց պաշտպանության իրավական միջոցները:
7. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, բացառությամբ խնամակալության եւ հոգաբարձության մարմինների, չեն կարող Պաշտպանին բողոքներ ներկայացնել: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք իրավունք ունեն Պաշտպանին դիմելու միայն իրենց` որպես ֆիզիկական անձանց խախտված իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:
8. Պաշտպանին դիմելը կամ Պաշտպանի միջամտությունը չի կարող հանգեցնել բողոք ներկայացրած անձի համար որեւէ անբարենպաստ հետեւանքի:
Հոդված 17. Բողոք ներկայացնելու ժամկետները եւ պահանջները
1. Բողոքը պետք է Պաշտպանին ներկայացվի մեկ տարվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների կամ ազատությունների ենթադրյալ խախտման մասին:
2. Բողոքը ներկայացվում է գրավոր կամ բանավոր ձեւով:
3. Պաշտպանին ներկայացվող բողոքների համար պետական տուրք չի գանձվում: Պաշտպանին ներկայացվող բողոքներն ընդունելիս, բացառությամբ բանավոր բողոքների, դիմողին տրամադրվում է հավաստագիր բողոքի ստացման մասին:
4. Բողոքը պետք է լինի ստորագրված` նշելով բողոք ներկայացնող անձի ազգանունը, անունը, բնակության վայրը (հասցեն) կամ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը եւ հետադարձ կապի վերաբերյալ տվյալներ: Բողոքի համար որեւէ այլ հատուկ ձեւ չի սահմանվում: Բողոքը չի քննարկվում այն դեպքում, երբ պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են:
5. Առցանց գրավոր բողոքների ներկայացման կարգը հաստատում է Պաշտպանը:
6. Բանավոր բողոքների բովանդակությունը եւ սույն հոդվածի 4-րդ մասում նախատեսված տվյալները գրավոր արձանագրվում են Պաշտպանի կամ նրա իրավասու ներկայացուցչի կողմից:
7. Պաշտպանին ներկայացրած բողոքը համարվում է բողոք ներկայացրած անձի համաձայնություն եւ հիմք է բողոքի քննության համար անհրաժեշտ անձնական տվյալները Պաշտպանի կողմից պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ կազմակերպություններից ստանալու համար։ Կենսաչափական եւ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ հանդիսացող տեղեկությունները Պաշտպանին տրամադրելու համար հիմք է այդ անձի համապատասխան գրավոր համաձայնությունը:
Հոդված 18. Բողոքների կամ դրանց բովանդակության հրապարակումը
1. Մինչեւ բողոքի վերաբերյալ Պաշտպանի կողմից վերջնական որոշման ընդունումը քննարկման ենթակա բողոքները կամ դրանց բովանդակությունը հրապարակման ենթակա չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ արդեն դրանք հրապարակված են բողոքը ներկայացնողի կամ այլ անձանց կողմից:
2. Իր գործունեության ընթացքում դիմողի կամ այլ անձի մասին իրեն հայտնի դարձած տվյալները Պաշտպանը կարող է հրապարակել միայն այդ անձանց գրավոր համաձայնությամբ:
Հոդված 19. Բողոքի կապակցությամբ ընդունվող որոշումները
1. Բողոքը ստանալուց եւ հաշվառելուց անմիջապես հետո, Պաշտպանի սահմանած կարգով, իրականացվում է բողոքի ուսումնասիրություն, որի հիման վրա Պաշտպանի կողմից կայացվում է հետեւյալ որոշումներից մեկը.
1) բողոքը քննարկման ընդունելու մասին.
2) բողոքը չքննարկելու մասին.
3) բողոք ներկայացրած անձին իր իրավունքների եւ ազատությունների պաշտպանության հնարավորությունները ներկայացնելու մասին.
4) բողոքն այլ մարմնի քննարկմանը փոխանցելու մասին:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված որոշման օրինակը Պաշտպանն ուղարկում է բողոք ներկայացրած անձին սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան բողոքը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում:
3. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում Պաշտպանը կարող է ընդունել նաեւ որոշում սեփական նախաձեռնությամբ քննարկում սկսելու մասին:
4. Բողոքի կամ սեփական նախաձեռնությամբ քննարկման կապակցությամբ Պաշտպանի կայացրած որոշումները վարչական ակտ չեն հանդիսանում եւ բողոքարկման ենթակա չեն:
Հոդված 20. Բողոքը քննարկման ընդունելը
1. Պաշտպանը կայացնում է բողոքը քննարկման ընդունելու մասին որոշում, եթե բողոքում շարադրված տեղեկությունները վկայում են մարդու իրավունքների կամ ազատությունների ենթադրյալ խախտման մասին եւ առկա են բողոքը Պաշտպանին քննարկման ենթակա լինելու՝ սույն օրենքով սահմանված պայմանները:
2. Բողոքում նշված հարցերի ուսումնասիրումը չպետք է կատարի այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ այդ մարմնի կամ կազմակերպության այն պաշտոնատար անձը, որի որոշումը կամ գործողությունը (անգործությունը) բողոքարկվում են:
Հոդված 21. Բողոքը չքննարկելը
1. Պաշտպանը կայացնում է որոշում բողոքը չքննարկելու մասին, եթե բողոքում բարձրացված հարցի լուծումը դուրս է Պաշտպանի լիազորությունների շրջանակից կամ առկա են բողոքը չքննարկելու՝ սույն օրենքով նախատեսված հիմքերը:
2. Պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնք անանուն են, ինչպես նաեւ այն բողոքները, որոնք տրվել են մեկ տարուց ավելի ուշ այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների եւ ազատությունների խախտման մասին՝ բացառությամբ, երբ Պաշտպանը հարգելի է ճանաչում ժամկետը բաց թողնելու պատճառները:
3. Պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնք պահանջ չեն բովանդակում կամ չեն վկայում մարդու իրավունքների կամ ազատությունների ենթադրյալ խախտման մասին կամ բողոքի բովանդակությունից պարզ չէ, թե որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կազմակերպության կամ դրանց պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի կողմից է խախտվել բողոք ներկայացրած անձի իրավունքը: Բողոքը չի քննարկվում, իսկ բողոքի կապակցությամբ սկսված քննարկումը դադարեցվում է նաեւ այն դեպքում, երբ բողոք ներկայացնելուց հետո շահագրգիռ անձը հայց կամ բողոք է ներկայացրել դատարան:
4. Պաշտպանը բողոքը չի քննարկում նաեւ այն դեպքում, երբ պահպանված չեն սույն օրենքով բողոքի համար սահմանված պահանջները կամ բողոք ներկայացրած անձն այն անհետեւանք թողնելու կամ չքննարկելու խնդրանքով դիմել է Պաշտպանին:
5. Բողոքը չքննարկելու մասին որոշում կայացնելիս Պաշտպանը պարտավոր է բողոք ներկայացրած անձին պարզաբանել բողոքը չքննարկելու հիմքերը, ինչպես նաեւ այդ բողոքի քննարկման` օրենքով նախատեսված կարգը:
6. Եթե Պաշտպանի կողմից կայացված բողոքը չքննարկելու մասին որոշումից հետո բողոք ներկայացրած անձը կրկին ներկայացնում է ավելի մանրամասն տեղեկություններով բողոք, եւ եթե Պաշտպանը գտնում է, որ նոր տեղեկություններով բողոքը վկայում է իրավունքների եւ ազատությունների ենթադրյալ խախտման մասին, ապա Պաշտպանը կայացնում է սույն օրենքի 19-րդ հոդվածում նշված որոշումներից մեկը։
Հոդված 22. Բողոք ներկայացրած անձին իր իրավունքների եւ ազատությունների պաշտպանության հնարավորությունները ներկայացնելը
1. Պաշտպանը կայացնում է բողոք ներկայացրած անձին իր իրավունքների եւ ազատությունների պաշտպանության հնարավորությունները ներկայացնելու մասին որոշում, եթե ներկայացված բողոքը ենթակա չէ քննարկման, սակայն բողոքի ուսումնասիրությունը վկայում է, որ անհրաժեշտ է շահագրգիռ անձին մանրամասն պարզաբանել իրավունքների եւ ազատությունների իրացման հնարավորությունները հայտնի չեն:
2. Որոշման օրինակը Պաշտպանը ուղարկում է բողոք ներկայացրած անձին՝ այդ որոշման առանձին հավելվածով ներկայացնելով բողոք ներկայացրած անձի իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը վերաբերող այն բոլոր հնարավորությունները, որոնցից նա չի օգտվել կամ կարող է օգտվել:
Հոդված 23. Բողոքն այլ մարմնի կամ կազմակերպության քննարկմանը փոխանցելը
1. Եթե բողոքում բարձրացված հարցը բնույթով այնպիսին է, որ կարող է լուծել նաեւ այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, կազմակերպություն կամ դրանց պաշտոնատար անձը կամ ներկայացուցիչը, եւ եթե այդ մարմնի կամ կազմակերպության կողմից բողոքում բարձրացված հարցը նախապես չի քննարկվել, Պաշտպանը բողոքը ներկայացնողի համաձայնությամբ կարող է քննարկման նպատակով փոխանցել նրան` հետեւելով քննարկման ընթացքին:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում բողոքը ներկայացրած անձի համաձայնությամբ Պաշտպանը կայացնում է որոշում բողոքն այն պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմի կամ կազմակերպության կամ դրա պաշտոնատար անձի քննարկմանը փոխանցելու մասին, որի իրավասությանն է պատկանում բողոքի ըստ էության լուծումը:
3. Սույն հոդվածով սահմանված՝ բողոքն այլ մարմնի կամ կազմակերպության քննարկմանը փոխանցելու մասին որոշում կայացնելու դեպքում բողոք ներկայացրած անձը գրավոր տեղեկացվում է, որ բողոքն այլ մարմնի քննարկմանն է փոխանցվել՝ նրան ուղարկելով որոշման օրինակը:
Հոդված 24. Պաշտպանի լիազորությունները բողոքի ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում
1. Բողոքի ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում իր իրավասությունների շրջանակում Պաշտպանը լիազորված է՝
1) անարգել այցելել ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին կամ կազմակերպություն, ներառյալ` զորամասեր, ինչպես նաեւ ազատությունից զրկման վայրեր.
2) ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրա պաշտոնատար անձից պահանջել եւ ստանալ բողոքին կամ սեփական նախաձեռնությամբ քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ կամ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցություն այդ հաստատություններ կատարվող այցերի ընթացքում.
3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրա պաշտոնատար անձից, բացառությամբ դատարանների ու դատավորների, ստանալ քննարկման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ պարզաբանումներ.
4) սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում նշված կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների ենթադրյալ խախտման դեպքերում սկսված քննարկման ընթացքում անարգել այցելել այդ կազմակերպություններ, դրանք ներկայացնող իրավասու անձանցից պահանջել եւ ստանալ բողոքին կամ հարցին առնչվող անհրաժեշտ տեղեկություններ, պարզաբանումներ, նյութեր եւ փաստաթղթեր.
5) դիմել իրավասու մարմիններին կամ կազմակերպություններին բողոքի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ քննարկման առնչությամբ պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ փորձագիտական հետազոտություններ իրականացնելու եւ դրանց արդյունքում կազմված եզրակացությունները ստանալու համար: Փորձաքննությունների իրականացման եւ եզրակացությունների տրամադրման հետ կապված ֆինանսական ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին.
6) ծանոթանալ քրեական, քաղաքացիական, վարչական, կարգապահական եւ այլ իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ ակտերն օրինական ուժի մեջ են մտել, ինչպես նաեւ այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է քրեական գործերի հարուցումը կամ կարճվել քրեական գործի վարույթը, ստանալ դրանք էլեկտրոնային կամ այլ նյութական կրիչներով.
7) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից կամ կազմակերպություններից պահանջել եւ ստանալ բողոքին կամ սեփական նախաձեռնությամբ քննարկմանն առնչվող ցանկացած նյութ կամ փաստաթուղթ, ինչպես նաեւ այդ նյութերին կամ փաստաթղթերին ծանոթանալ դրանց գտնվելու վայրում.
8) դիմել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդ` դատական պրակտիկայում առաջացող իրավական հարցերի վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ ստանալու նպատակով, ինչպես նաեւ առաջարկներ ներկայացնել դատական պրակտիկայի կատարելագործման վերաբերյալ.
9) հանդես գալ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդմամբ։ Հաղորդումը ստացած՝ վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինը կամ իրավասու ներկայացուցիչը պարտավոր է հաղորդման քննարկման արդյունքների մասին տեղեկացնել Պաշտպանին որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում:
2. Պաշտպանի գրավոր որոշմամբ, սույն հոդվածի 1-ին մասի 1-7-րդ կետերով նախատեսված լիազորությունները կարող են իրականացնել նաեւ Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձինք:
3. Պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններին Պաշտպանը կամ նրա կողմից այդ նպատակով հատուկ լիազորված անձը կարող է ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:
4.Պաշտպանն իրավասու չէ միջամտել դատական վարույթին կամ դատավորների լիազորությունների իրականացմանը կոնկրետ գործով: Նա կարող է տեղեկություններ պահանջել Դատական դեպարտամենտից, եթե դա կապված է սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ, 8-րդ եւ 9-րդ կետերով նախատեսված լիազորությունների իրականացման, ինչպես նաեւ տարեկան հաղորդում կամ հրապարակային զեկույց կազմելու հետ՝ առանց կոնկրետ գործով վարույթին միջամտելու:
Հոդված 25. Պաշտպանի հարաբերությունները պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ կազմակերպությունների հետ բողոքի կամ սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացքում
1. Բողոքը ուսումնասիրելիս կամ քննարկելիս, ինչպես նաեւ սեփական նախաձեռնությամբ քննարկում իրականացնելիս Պաշտպանը պարտավոր է հնարավորություն տալ այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, կազմակերպությանը կամ դրանց այն պաշտոնատար անձին կամ ներկայացուցչին, որի որոշումը կամ գործողությունը (անգործությունը) բողոքարկվում են, պարզաբանումներ տալ բողոքի եւ կատարված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, ինչպես նաեւ հիմնավորել իրենց դիրքորոշումը:
2. Տեղեկություններ կամ պարզաբանումներ կամ նյութեր կամ փաստաթղթեր ներկայացնելու պահանջները կարող են հասցեագրվել մեկից ավելի մարմիններին: Բողոքի քննարկման վերաբերյալ ստացված տարբեր պարզաբանումների արդյունքում՝ մինչեւ վերջնական որոշում կայացնելը, Պաշտպանը կարող է քննարկման միջանկյալ արդյունքներով դիմել սույն հոդվածում նշված մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց:
3. Պաշտպանն իրավասու է, մարդու իրավունքների եւ ազատությունների մասին տեղեկատվության ուսումնասիրության եւ վերլուծության արդյունքների հիման վրա, ուսումնասիրության արդյունքների ամփոփման նպատակով սույն հոդվածով նշված մարմիններին ու դրանց պաշտոնատար անձանց ուղարկել խորհրդատվական բնույթի պարզաբանումներ եւ առաջարկություններ:
Հոդված 26. Բողոքի կամ սեփական նախաձեռնությամբ քննարկման արդյունքում պաշտպանի կողմից ընդունվող որոշումները
1. Բողոքի կամ սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման արդյունքում Պաշտպանն ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.
1) մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին, եթե բողոքի քննարկման ընթացքում բացահայտվել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դրանց պաշտոնատար անձի կամ կազմակերպության կողմից մարդու իրավունքների կամ ազատությունների խախտում:
2) մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման բացակայության մասին, եթե քննարկման ընթացքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կամ կազմակերպության կողմից մարդու իրավունքների կամ ազատությունների խախտում չի բացահայտվել.
3) մարդու իրավունքները կամ ազատությունները խախտող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի` օրենքին եւ այլ իրավական ակտերին հակասող նորմատիվ իրավական ակտերն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատարան հայց ներկայացնելու մասին, եթե խախտում թույլ տված պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ դրա պաշտոնատար անձը սահմանված ժամկետում ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր չի ճանաչում իր համապատասխան իրավական ակտը.
4) բողոքի քննարկումը դադարեցնելու մասին, եթե բողոքի քննարկման ընթացքում բացահայտվել են բողոքը չքննարկելու կամ քննարկումը դադարեցնելու՝ սույն օրենքով նախատեսված հիմքեր:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված որոշումը կայացնելու դեպքում Պաշտպանը խախտում թույլ տված պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրա պաշտոնատար անձին կամ կազմակերպությանն առաջարկում է ողջամիտ ժամկետում վերացնել խախտումը՝ նշելով մարդու իրավունքների կամ ազատությունների վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումները.
3. Պաշտպանը, բողոքի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասում նշված իր որոշման պատճենը որոշումն ընդունելու օրվանից հինգ օրվա ընթացքում ուղարկում է բողոք ներկայացրած անձին: Պաշտպանի որոշումը չի կարող խոչընդոտ դառնալ անձի կողմից իր իրավունքները եւ ազատություններն օրենքով չարգելված այլ միջոցներով պաշտպանելու համար:
4. Պաշտպանը պարտավոր է բողոքի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերում նշված որոշման պատճենը որոշումն ընդունելու օրվանից հինգ օրվա ընթացքում ուղարկել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, դրա պաշտոնատար անձին կամ կազմակերպությանը, որի որոշումը կամ գործողությունները (անգործությունը) բողոքարկվել են: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, դրա պաշտոնատար անձը կամ կազմակերպությունը, որն ստացել է Պաշտպանի` սույն հոդվածի 1-ին մասի 1?ին եւ 3-րդ կետերում նշված որոշումը, պարտավոր է այն ստանալու օրվանից հնարավորինս շուտ, սակայն ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում ձեռնարկված միջոցառումների մասին գրավոր հայտնել Պաշտպանին:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված դեպքում, եթե առկա են օրենքով կամ այլ իրավական ակտով նախատեսված հիմքեր, Պաշտպանը կարող է պետական կամ տեղական ինքնակառավարման իրավասու մարմնին առաջարկել պատասխանատվության ենթարկել պաշտոնատար այն անձին, որի որոշմամբ կամ գործողությամբ (անգործությամբ) խախտվել են մարդու իրավունքները եւ ազատությունները: Կազմակերպության կողմից մարդու իրավունքների կամ ազատությունների խախտում հայտնաբերելու դեպքում, եթե առկա են օրենքով կամ այլ իրավական ակտով նախատեսված հիմքեր, Պաշտպանը համապատասխան առաջարկով դիմում է իրավասու վարչական մարմիններին:
6. Պաշտպանը կարող է զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել իր առաջարկությանը չպատասխանած կամ դրանով նախատեսված միջոցառումները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դրա պաշտոնատար անձի կամ կազմակերպության վերաբերյալ հատուկ տեղեկություն` Պաշտպանի առաջարկության վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դրա պաշտոնատար անձի կամ կազմակերպության պատասխանների հետ միասին կամ առանց դրանց:
ԳԼՈՒԽ 5. ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ
Հոդված 27.
Պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ
1. Կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակում Պաշտպանի գործունեության նպատակն է խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելումը ազատությունից զրկման վայրերում:
2. Կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով Պաշտպանի աշխատակազմում ստեղծվում է առանձին կառուցվածքային ստորաբաժանում:
Հոդված 28. Պաշտպանի լիազորությունները որպես կանխարգելման ազգային մեխանիզմ
1. Որպես կանխարգելման ազգային մեխանիզմ՝ Պաշտպանն իրավասու է՝
1) իրականացնել պարբերական, ինչպես նաեւ ըստ անհրաժեշտության այցեր ազատությունից զրկման վայրեր, այդ թվում՝ դրանց հարակից շինություններ կամ կառույցներ խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը կանխարգելելու նպատակով: Պաշտպանը պարտավոր չէ նախապես տեղեկացնել այցելությունների ժամանակի եւ նպատակի մասին.
2) խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ) եւ անարգել տեսակցել ազատությունից զրկման վայրերում գտնվող անձանց հետ, ինչպես նաեւ առանձնազրույցներ ունենալ նրանց, համապատասխան հաստատությունների աշխատակիցների կամ նշված վայրում գտնվող ցանկացած այլ անձի հետ, անհրաժեշտության դեպքում ներգրավել թարգմանիչ, օգտագործել տեխնիկական միջոցներ: Առանձնազրույցները ենթակա չեն միջամտության կամ գաղտնալսման որեւէ մարմնի կամ երրորդ անձի կողմից.
3) իրավասու մարմիններին եւ կազմակերպություններին ներկայացնել առաջարկություններ՝ ազատությունից զրկման ցանկացած վայրում գտնվող անձանց պահման պայմանները բարելավելու, ինչպես նաեւ խոշտանգումները եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը կանխարգելելու նպատակով.
4) ստանալ տեղեկություններ ազատությունից զրկման վայրերի քանակի եւ տեղակայման, ինչպես նաեւ այնտեղ գտնվող անձանց քանակի վերաբերյալ.
5) ստանալ տեղեկություններ եւ պարզաբանումներ ազատությունից զրկման վայրում գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքի, նրանց պահման պայմանների, ինչպես նաեւ իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ցանկացած այլ հարցի վերաբերյալ.
6) ծանոթանալ իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերին, ստանալ դրանց պատճենները.
7) իրավասու մարմիններին ներկայացնել իրավական ակտերի կամ դրանց նախագծերի վերաբերյալ առաջարկություններ.
8) իրականացնել սույն օրենքով եւ «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի 1984 թվականի կոնվենցիայի 2002 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրված կամընտիր արձանագրությամբ սահմանված այլ լիազորություններ:
2. Որպես կանխարգելման ազգային մեխանիզմ՝ Պաշտպանն ապահովում է մշտական կապ ՄԱԿ-ի Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ենթակոմիտեի, ինչպես նաեւ միջազգային համապատասխան այլ կազմակերպությունների հետ:
3. Սույն օրենքի իմաստով ազատությունից զրկման վայրեր են համարվում՝
1) ձերբակալված անձանց պահելու վայրերը.
2) քրեակատարողական հիմնարկները.
3) հոգեբուժական կազմակերպությունները.
4) կայազորային կարգապահական մեկուսարանները
5) ազատությունից զրկված անձանց տեղափոխելու համար նախատեսված տրանսպորտային միջոցները.
6) ցանկացած այլ վայր, որտեղ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի որոշմամբ, հրամանով կամ ցուցումով, նրա համաձայնությամբ կամ թույլտվությամբ անձը զրկվել է կամ կարող է զրկված լինել ազատությունից, ինչպես նաեւ ցանկացած այնպիսի վայր, որն անձը չի կարող ինքնակամ լքել առանց դատարանի, վարչական կամ այլ մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման կամ թույլտվության:
4. Կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակի շրջանակներում մասնագիտական աջակցություն ստանալու նպատակով, այդ մասին պաշտոնական կայքում կամ հրապարակային այլ աղբյուրներով արված հայտարարությամբ առաջադրված պահանջների հիման վրա, Պաշտպանը կարող է ներգրավել անկախ մասնագետներ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր ձեռք են բերում կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետի կարգավիճակ:
5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված փորձագետները կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատանքներին ներգրավվում են Պաշտպանի հրամանով՝ նրանց հետ կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա: Նրանց աշխատանքի վարձատրությունն իրականացվում է Պաշտպանի սահմանած կարգով՝ պետական բյուջեի միջոցների հաշվին՝ այդ նպատակով Պաշտպանի աշխատակազմին հատկացված ֆինանսական միջոցներից: Կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետների աշխատակարգը, ինչպես նաեւ նրանց վարքագծի կանոնները սահմանվում են Պաշտպանի կողմից:
6. Պաշտպանի աշխատակազմի՝ կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման պետական ծառայողների եւ փորձագետների կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված լիազորությունները կարող են իրականացնել միայն Պաշտպանի գրավոր որոշման հիման վրա՝ այդ որոշմամբ նախատեսված կարգով եւ ծավալով:
Հոդված 29. Պաշտպանի լիազորությունները նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման հարցում
1. Մարդու իրավունքներին եւ ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, մինչեւ դրանց ընդունումը, սահմանված կարգով ուղարկվում են Պաշտպանին` կարծիքի: Պաշտպանն այդ նախագծերի վերաբերյալ կարող է պահանջվող ժամկետում ներկայացնել գրավոր կարծիք:
2. Այն բոլոր դեպքերում, երբ Պաշտպանն իր գործունեության ընթացքում պարզում է, որ մարդու իրավունքների եւ ազատություններին առնչվող հարցերը օրենքով կամ որեւէ այլ իրավական ակտով կարգավորված չեն կամ ունեն ոչ լիարժեք կարգավորում, ապա Պաշտպանը կարող է համապատասխան առաջարկություն ներկայացնել իրավական ակտն ընդունող մարմնին՝ նշելով իրավական ակտը փոփոխելու կամ լրացնելու անհրաժեշտությունն ու սահմանները:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված առաջարկությունը ստացած մարմինը պարտավոր է այն քննարկել եւ արդյունքների մասին տեղեկացնել Պաշտպանին:
Հոդված 30. Պաշտպանի տարեկան հաղորդումն ու զեկույցները
1. Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում տարեկան հաղորդում՝ նախորդ տարվա իր գործունեության, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Պաշտպանի կողմից տարեկան հաղորդման ներկայացման կարգն ու ժամկետները սահմանվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով:
2.Պաշտպանի տարեկան հաղորդման կառուցվածքը, դրանում ներառվող հարցերի շրջանակը, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին ներկայացված առաջարկների արտահայտման ձեւը որոշում է Պաշտպանը: Վերջինս իր հայեցողությամբ հաղորդումը ներկայացնում է նաեւ պետական իրավասու մարմիններին եւ հասարակական կազմակերպություններին եւ հրապարակում է նաեւ զանգվածային լրատվության միջոցներով:
3. Հասարակական հնչեղություն ունեցող առանձին հարցերի կամ մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերում Պաշտպանը կարող է հանդես գալ նաեւ արտահերթ հրապարակային զեկույցներով կամ հաղորդումներով, որոնք կարող են պարունակել ոչ միայն իրավունքների խախտման մասին դեպքեր եւ փաստեր, այլեւ մարդու իրավունքներին եւ ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանն ուղղված առաջարկներ:
4.Պաշտպանը ապահովում է հաղորդումների եւ զեկույցների հրապարակայնությունը:
5.Պաշտպանը` որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում ներկայացնում է առանձին զեկույց՝ նախորդ տարվա գործունեության վերաբերյալ:
Հոդված 31. Պաշտպանի մասնակցությունը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին
1. Պաշտպանն իրավունք ունի ներկա լինելու Հայաստանի Հանրապետության կառավարության, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին եւ ելույթ ունենալու, եթե քննարկվում են մարդու իրավունքներին եւ ազատություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ այդ նիստերի քննարկմանը ներկայացնել այդ կամ դրանց ենթակա մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների, ինչպես նաեւ սույն օրենքի պահանջների խախտման վերաբերյալ հարցեր:
2.Պաշտպանն իր կարգավիճակով չի կարող ելույթ ունենալ դատական նիստերի ընթացքում: Պաշտպանը կամ նրա ներկայացուցիչը կարող են դիտարկման նպատակով ներկա գտնվել դռնբաց դատական նիստերին:
3. Պաշտպանն իրավունք ունի ներկա լինելու նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերին, ելույթ ունենալու «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով, երբ քննարկվում են մարդու իրավունքներին եւ ազատություններին վերաբերող հարցեր:
Հոդված 32. Պաշտպանին առընթեր խորհուրդը
1. Պաշտպանը կարող է ստեղծել իրեն առընթեր խորհուրդներ` կազմված մարդու իրավունքների բնագավառում անհրաժեշտ փորձ եւ գիտելիքներ ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից եւ անկախ մասնագետներից:
2. Խորհրդի անդամներին հրավիրում է Պաշտպանը:
3. Խորհրդի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանում է Պաշտպանը:
ԳԼՈՒԽ 6. ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 33. Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայությունը կարգավորող իրավական ակտերը
1. Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության պաշտոնի նշանակելու եւ պաշտոնից ազատելու, դասային աստիճաններ շնորհելու, թափուր պաշտոնների համալրման նպատակով մրցույթ անցկացնելու, պետական ծառայողների վերապատրաստման, կադրերի ռեզերվում ընդգրկելու, նրանց գործունեության գնահատման, փոխարինման, գործուղման, արձակուրդի տրամադրման, պետական ծառայողների սոցիալական երաշխիքների եւ դրանց հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, ինչպես նաեւ «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, եթե սույն օրենքով այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն։
2.Պետական ծառայողների ծառայողական փոխհարաբերությունները կարգավորվում են Պաշտպանի հաստատած կարգապահական ներքին կանոններով։
3. Պետական ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն:
Հոդված 34. Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայությունը եւ դասային աստիճանները
1. Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ սույն օրենքով Պաշտպանին վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով իրականացվող մասնագիտական գործունեություն է։ Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական ծառայության հատուկ տեսակ է։
2. Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայություն չի համարվում Պաշտպանի ներգրաված փորձագետների, մասնագետների եւ տեխնիկական սպասարկման եւ պայմանագրային հիմունքներով առանձին այլ խնդիրներ ու գործառույթներ իրականացնող անձանց գործունեությունը։
3. Պետական ծառայողներին շնորհվում են հետեւյալ դասային աստիճանները.
1) բարձրագույն պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողներին` Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 1-ին եւ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ.
2) գլխավոր պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողներին` Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 1-ին եւ 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճաններ.
3) առաջատար պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողներին` Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 1-ին եւ 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճաններ,
4) կրտսեր պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողներին` Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 1-ին եւ 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ։
4. Բոլոր պետական ծառայողներին Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության դասային աստիճանները շնորհում, դասային աստիճանն իջեցնում, ինչպես նաեւ դասային աստիճանից զրկում է Պաշտպանը:
Հոդված 35. Պաշտպանի աշխատակազմը
1. Պաշտպանի աշխատակազմն ապահովում է Պաշտպանի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաեւ քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը:
2. Պաշտպանի աշխատակազմը կազմված է երկու դեպարտամենտից, կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանումից, քարտուղարությունից, մարզային եւ Պաշտպանի որոշմամբ ստեղծվող այլ ստորաբաժանումներից, ինչպես նաեւ Պաշտպանի խորհրդականներից, օգնականներից եւ մամուլի քարտուղարից:
3. Պաշտպանի որոշմամբ Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձինք կարող են հանդես գալ որպես Պաշտպանի ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում:
Հոդված 36. Պաշտպանի աշխատակազմի քարտուղարությունը
1. Պաշտպանի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը ղեկավարում է աշխատակազմի քարտուղարը՝ քարտուղարության միջոցով:
2. Քարտուղարությունը բաղկացած է քարտուղարության ղեկավարից, պետական ծառայողներից, ինչպես նաեւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանցից:
3. Քարտուղարության կառուցվածքում ներառվում են օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված նրա կառուցվածքային ստորաբաժանումները:
4. Քարտուղարության ղեկավարին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Պաշտպանը։
5. Քարտուղարությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ Պաշտպանի կողմից հաստատված կանոնադրության հիման վրա:
6. Քարտուղարությունն իր իրավասության սահմաններում կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
7. Քարտուղարությունն աջակցում է Պաշտպանի, նրա աշխատակազմի ստորաբաժանումների, ինչպես նաեւ Պաշտպանի խորհրդականների, օգնականների եւ մամուլի քարտուղարի գործունեության լիարժեք եւ արդյունավետ իրականացմանը:
Հոդված 37. Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումները
1. Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումներն ապահովում են Պաշտպանի լիազորությունների արդյունավետ եւ լիարժեք իրականացումը, որոնց իրավասությունը սահմանվում է Պաշտպանի կողմից։
2. Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների, կանխարգելման ազգային մեխանիզմի եւ մարզային ստորաբաժանումների ղեկավարները, Պաշտպանի խորհրդականները, օգնականները եւ մամուլի քարտուղարը համարվում են հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, ովքեր իրականացնում են պետական ծառայություն:
3. Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումները գործում են Պաշտպանի անմիջական ենթակայությամբ։
4. Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումների կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատում է Պաշտպանը։
5. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորումներում Պաշտպանի որոշմամբ կարող են ստեղծվել Պաշտպանի աշխատակազմի մարզային ստորաբաժանումներ։
Հոդված 38. Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումների եւ քարտուղարության ղեկավարումը
1. Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումների եւ քարտուղարության կառավարումն իրականացնում է Պաշտպանը: Պաշտպանը՝
1) ղեկավարում, համակարգում եւ վերահսկում է Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումների ընթացիկ գործունեությունը, ապահովում է դրանց առջեւ դրված խնդիրների ու գործառույթների իրականացումը.
2) արձակում է պարտադիր կատարման ենթակա հրամաններ, հանձնարարականներ, ընդունում է որոշումներ
3) հաստատում եւ փոփոխում է Պաշտպանի աշխատակազմի աշխատողների թվաքանակը եւ հաստիքացուցակը.
4) հաստատում է Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը եւ պետական ծառայողների պաշտոնների անձնագրերը.
5) նշանակում եւ պաշտոնից ազատում է պետական ծառայողներին եւ Պաշտպանի աշխատակազմում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի եւ կարգապահական տույժի միջոցներ.
6) սահմանում է պետական ծառայողների վերապատրաստման, գործունեության գնահատման կարգը, չափանիշները եւ բնութագրի ձեւը, պետական ծառայողների վարքագծի կանոնները, ծառայողական քննություն անցկացնելու, գործավարության (փաստաթղթաշրջանառության), պետական ծառայողների անձնական գործերը վարելու կարգերը.
7) սահմանում է Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովների ձեւավորման կարգը, ինչպես նաեւ դրանց աշխատակարգը.
8) պետական ծառայողներին եւ Պաշտպանի աշխատակազմում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց իր որոշմամբ գործուղում եւ տրամադրում է արձակուրդ.
9) տալիս է Պաշտպանի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով.
10) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ սույն օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
2. Քարտուղարության ղեկավարումն իրականացնում է քարտուղարության ղեկավարը։ Քարտուղարության ղեկավարը՝
1) օժանդակում է կադրային քաղաքականության, ֆինանսաբյուջետային, նյութատեխնիկական ապահովմանն ուղղված աշխատանքներին.
2) նշանակում եւ պաշտոնից ազատում է Քարտուղարության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ինչպես նաեւ նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի եւ կարգապահական տույժի միջոցներ.
3) ապահովում է Պաշտպանի աշխատակազմի գործունեության վերլուծությունը եւ ամփոփումը.
4) իրականացնում է Պաշտպանին հասցեագրված բողոքների ընդունման եւ հաշվառման, դրանց ժամկետների պահպանման հետ կապված աշխատանքները.
5) վարում է պետական ծառայողների անձնական գործերը.
6) ապահովում է «Ինտերնետ» համացանցում Պաշտպանի պաշտոնական կայքի աշխատանքները.
7) ապահովում է Պաշտպանի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի, ինչպես նաեւ պետական ծառայողների վերապատրաստման եւ գործուղման համար անհրաժեշտ կազմակերպական աշխատանքների իրականացումը.
8) իրականացնում է օրենքով, քարտուղարության կանոնադրությամբ եւ Պաշտպանի որոշումներով իրեն վերապահված այլ լիազորություններ:
3.Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանման ղեկավարումն իրականացնում է ստորաբաժանման ղեկավարը: Ստորաբաժանման ղեկավարը`
1) ապահովում է ստորաբաժանման նպատակներից եւ խնդիրներից բխող գործառույթների իրականացումը.
2) համակարգում է իր պատասխանատվության ներքո գտնվող բնագավառներում անհրաժեշտ աշխատանքների իրականացումը,
3) իր պատասխանատվության ոլորտներում վերահսկողություն է իրականացնում Պաշտպանի հանձնարարականների կատարման նկատմամբ, արդյունքների մասին հաշվետվություն է ներկայացնում Պաշտպանին,
4) Պաշտպանի հաստատած կարգով ապահովում է ստորաբաժանման պատասխանատվության ոլորտին առնչվող փաստաթղթաշրջանառությունը.
5) իր իրավասության սահմաններում համագործակցում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
6) հանդիսանում է Պաշտպանի ներկայացուցիչը այլ մարմինների, կազմակերպությունների եւ քաղաքացիների հետ հարաբերություններում.
7) սույն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով փոխարինում է Պաշտպանին,
8) սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, իրականացնում է Պաշտպանի կողմից պատվիրակված լիազորությունները.
9) իրականացնում է սույն օրենքով, կանոնադրությամբ եւ Պաշտպանի որոշումներով իրեն վերապահված այլ լիազորություններ:
Հոդված 39. Պաշտպանի աշխատակազմի պետական ծառայողների վարձատրությունը
1. Պետական ծառայողներին տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու, աշխատանքային եւ(կամ) ծառայության ստաժի համար վճարվում են հավելավճարներ:
2. Պետական ծառայողներին վճարվում է նաեւ հավելավճար, նշված պայմաններից որեւէ մեկի կամ դրանցից մի քանիսի, այն է՝ դասային, տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու եւ աշխատանքային եւ(կամ) ծառայության ստաժի համար:
3. Պետական ծառայողներին տրվում է հավելավճար տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում` նրա պաշտոնային դրույքաչափի 5 տոկոսի չափով:
4. Պետական ծառայողներին աշխատանքային ստաժի համար վճարվում է հավելավճար` յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով:
5. Պետական ծառայողները դասային աստիճանի համար ստանում են հավելավճար:
6. Պետական ծառայողներին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը։
Հոդված 40. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ?Մարդու իրավունքների պաշտպանի մասին? Հայաստանի Հանրապետության 2003 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-23-Ն օրենքը?:
Հոդված 41. Անցումային դրույթներ
1. Պաշտպանի աշխատակազմի կանոնադրություններն ու կառուցվածքը Պաշտպանը սույն օրենքին համապատասխան հաստատում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում։