Armenian ARMSCII Armenian
Կ-89416-06.09.2016-ՄԻ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Հասարակական կազմակերպությունները վարչական դատարան կարող են դիմել նաեւ սույն օրենսգրքի 29.3-րդ գլխով նախատեսված դեպքերում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 5-րդ բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 29.3-րդ գլխով.

«ԳԼՈՒԽ 29.3

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՅՑՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 216.6. Հասարակական կազմակերպության կողմից հայց հարուցելը

1. Հասարակական կազմակերպությունը իր շահառուների օրինական շահերը դատարանում ներկայացնում է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։

2. Կազմակերպությունը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ոլորտից բխող հարցերով կարող է հայց ներկայացնել, եթե`

1) հայցադիմումը բխում է կազմակերպության կանոնադրական նպատակներից եւ խնդիրներից եւ ուղղված է կազմակերպության շահառուների` կազմակերպության կանոնադրային նպատակների հետ կապված կոլեկտիվ շահերի պաշտպանությանը.

2) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում մասնակցել է հիմնադրութային փաստաթղթերի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումներին կամ հանրային քննարկումներին մասնակցելու հնարավորություն չի տրվել, եւ

3) հայց ներկայացնելու պահին նախորդող առնվազն 2 տարվա ընթացքում գործունեություն է ծավալել սույն հոդվածի 2-րդ մասում նշված ոլորտում:

Հոդված 216.7. Հայցադիմումին ներկայացվող պահանջները եւ կցվող փաստաթղթերը

1. Սույն գլխով սահմանված գործերով ներկայացված հայցադիմումը, ի լրումն սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված պահանջների, պետք է պարունակի տեղեկություններ սույն օրենսգրքի 216.6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության մասին, ինչպես նաեւ հայցադիմումին, ի լրումն սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի, պետք է կցվեն սույն օրենսգրքի 216.6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի առկայությունը հավաստող ապացույցներ:

Հոդված 216.8. Հայցադիմումը վերադարձնելը

1. Սույն գլխով սահմանված գործերով ներկայացված հայցադիմումը, ի լրումն սույն օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված հիմքերի, վերադարձվում է նաեւ սույն օրենսգրքի 216.7-րդ հոդվածով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: