Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1107-28.10.2016-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի Քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել նոր 62.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

Հոդված 62.1. Իրավաբանական անձի ռեդոմիցիլացման հասկացությունը

1. Իրավաբանական անձի ռեդոմիցիլացումը իրավաբանական անձի տեղափոխումն է մի պետությունից կամ իրավակարգից (jurisdiction) մեկ այլ պետության կամ իրավակարգի իրավասության ներքո, որի հետեւանքով փոխվում է իրավաբանական անձի անձնական օրենքը։

2. Ռեդոմիցիլացվել կարող են առեւտրային կազմակերպությունները: Ռեդոմիցիլացվել կարող են ոչ առեւտրային կազմակերպությունները, բացառությամբ կուսակցությունների, կրոնական ու հասարակական կազմակերպությունների, պետական ու համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, համատիրությունների, ինչպես նաեւ այն կազմակերպությունների, որոնք չեն ընտրել սույն օրենսգրքով նախատեսված կազմակերպա-իրավական ձեւ, կամ որոնց կազմակերպաիրավական ձեւը հնարավոր չէ փոխել նրանց ընտրած՝ Հայաստանի Հանրապետության կազմակերպաիրավական ձեւով։

3. Իրավաբանական անձը կարող է ռեդոմիցիլացվել միայն, եթե դրա հնարավորությունը արգելված չէ իր կանոնադրությամբ։

4. Իրավաբանական անձի ռեդոմիցիլացումը իրականացվում է իրավաբանական անձի՝ անձնական օրենքով սահմանված իրավասու մարմնի որոշման հիման վրա՝ անձնական օրենքով սահմանված կարգով։

5. Իրավաբանական անձանց ռեդոմիցիլացման վերաբերյալ կարգավորումները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված եւ վերահսկվող կազմակերպությունների վրա։

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել նոր 62.2 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

Հոդված 62.2. Օտարերկրյա իրավաբանական անձի ռեդոմիցիլացումը Հայաստանի Հանրապետությունում

1. Օտարերկրյա իրավաբանական անձը կարող է ռեդոմիցիլացվել Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան կանոնադրություն ունենալու եւ օտար երկրում որպես տվյալ երկրի իրավաբանական անձ գրանցումը դադարեցնելու կամ ռեդոմիցիլացման վերաբերյալ տեղեկությունները գրանցելու արդյունքում։

2. Օտարերկրյա իրավաբանական անձի ռեդոմիցիլացման արդյունքում օտարերկրյա իրավաբանական անձը պահպանում է իր բոլոր իրավունքները եւ պարտականությունները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։

3. Օտարերկրյա իրավաբանական անձի Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման արդյունքում նրա գտնվելու վայրը տեղափոխվում է Հայաստանի Հանրապետություն։

4. Օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման համար այդ օտարերկրյա իրավաբանական անձը օրենքով սահմանված կարգով նախնական գրանցման դիմումը եւ օրենքով նախատեսված տեղեկությունները եւ փաստաթղթերը ներկայացնում է կառավարության լիազոր անձին, ինչպես նաեւ ընտրում է իր կազմակերպական-իրավական ձեւը:

5. Օրենքով սահմանված տվյալները գրանցումն իրականացնող մարմնին ներկայացնելուց հետո, եթե բացակայում են օտարերկրյա իրավաբանական անձի՝ դեպի Հայաստանի Հանրապետություն ռեդոմիցիլացումը բացառող հիմքեր, գրանցումն իրականացնող մարմինը իրականացնում է ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի նախնական գրանցում եւ տրամադրում է համապատասխան քաղվածք գրանցամատյանից:

6. Նախնական գրանցման համար դիմելու հետ միաժամանակ կամ դրանից հետո ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի ռեդոմիցիլացման դիմումի հիման վրա գրանցում իրականացնող մարմինը ռեդոմիցիլացվող իրավաբանական անձին տրամադրում է շարունականության նախնական փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացվելու վերաբերյալ։

7. Օտարերկրյա իրավաբանական անձի նախնական գրանցումից հետո ռեդոմիցիլացվող իրավաբանական անձը գրանցում իրականացնող մարմնին պետք է ներկայացնի օտարերկրյա պետությունում որպես տվյալ երկրի իրավաբանական անձի գրանցումը դադարելու կամ ռեդոմիցիլացման վերաբերյալ տեղեկությունները գրանցելու վերաբերյալ փաստաթղթի պատշաճ վավերացված թարգմանությունը։

8. Օտարերկրյա իրավաբանական անձի՝ օտարերկրյա պետությունում գրանցումը դադարելու կամ այդ երկրից ռեդոմիցիլացման վերաբերյալ փաստաթղթի հիման վրա Հայաստանի Հանրապետության գրանցում իրականացնող մարմնի կողմից գրանցամատյանում իրականացվում է օտարերկրյա իրավաբանական անձի Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման գրանցում եւ տրամադրվում է շարունականության փաստաթուղթ, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձի ռեդոմիցիլացման ճանաչում:

9. Ռեդոմիցիլացման ճանաչումից հետո այդ իրավաբանական անձը համարվում է գրանցված Հայաստանի Հանրապետությունում նախնական գրանցման պահից, եթե ռեդոմիցիլացման համար դիմած օտարերկրյա իրավաբանական անձը չի կնքել գործարքներ նախնական գրանցման պահից մինչեւ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման ճանաչման պահը։ Այլապես այդ իրավաբանական անձը համարվելու է ռեդոմիցիլացված Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման ճանաչման պահից:

10. Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա իրավաբանական անձը լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր հիմունքներով կարող է դիմել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված մարմիններին Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման նախնական գրանցման պահից, եթե այլ բան սահմանված չէ օրենքով։

11. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել այն պետությունների ցանկը, որոնց իրավաբանական անձինք չեն կարող ռեդոմիցիլացվել Հայաստանի Հանրապետությունում։ Ռեդոմիցիլացումը կարող է մերժվել, եթե ոչ առեւտրային կամակերպությունը չի համապատասխանեցրել իր կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ինչպես նաեւ եթե իրավաբանական անձի ընտրած կազմակերպաիրավական ձեւը անհամատեղելի է իր կանոնադրական նպատակների հետ, կամ նա չի ներկայացրել օրենքով նախատեսված փաստաթղթերը:

12. Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացումից բացի մեկ այլ պետությունում ռեդոմիցիլացված իրավաբանական անձի ռեդոմիցիլացման դեպքում այդ իրավաբանական անձի ռեդոմիցիլացման երկիրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը։

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել նոր 62.3 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

Հոդված 62.3. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացումը

1. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացման ժամանակ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում կատարվում է նշում իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին եւ պահպանվում են օրենքով սահմանված տեղեկությունները։ Այդ տեղեկությունները համարվում են հանրամատչելի, եթե այլ բան նախատեսված չէ գործող օրենսդրությամբ։

2. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացումն արգելվում է, եթե նրա պարտավորությունները գերազանցում են ակտիվները, կամ եթե այդ իրավաբանական անձն ունի Հայաստանի Հանրապետության հանդեպ պարտավորություններ, բացառությամբ, եթե ռեդոմիցիլիացման համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, կամ եթե ունի պարտավորություններ համայնքի հանդեպ, կամ եթե իրավաբանական անձը համարվում է մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող, ինչպես նաեւ կարգավորվող հանրային ծառայությունների ոլորտի մասնակից կազմակերպություն։

3. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին որոշում ընդունած կանոնադրությամբ կամ օրենքով դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը պարտավոր են այդ մասին գրավոր տեղեկացնել ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի պարտատերերին, ինչպես նաեւ ռեդոմիցիլացման մասին իրականացնել հրապարակային ծանուցում «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առնվազն երեք ամիս առաջ, եթե ավելի երկար ժամկետ չի սահմանվել ռեդոմիցիլացման մասին որոշմամբ։

4. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացման ժամանակ, իրավաբանական անձի պարտատերերը ծանուցման ժամկետի ընթացքում իրավունք ունեն պահանջել պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, կամ դադարեցնել ռեդոմիցիլացումը, կամ վաղաժամկետ կատարել պարտավորությունը եւ հատուցել վնասները։

5. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձը մինչեւ նշված ժամկետի ավարտը բավարարում է Հայաստանի Հանրապետության եւ համայնքի հանդեպ պարտավորությունները եւ պարտատերերի վաղաժամկետ պահանջները։

6. Պարտատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացման դադարեցման վերաբերյալ պահանջը ներկայացվում է դատարան մինչեւ ռեդոմիցիլացման պետական գրանցումը։ Եթե պարտավորությունն անվիճելի է կամ հիմնավորված է եւ պարտապանը չի կարող այն բավարարել անմիջապես եւ հատուցել վնասները, կամ եթե պարտատերը Հայաստանի Հանրապետությունն է, ինչպես նաեւ եթե կան ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի անվճարունակության հիմքեր ապա Դատարանը ռեդոմիցիլացումը դադարեցնում է մինչեւ նշված հիմքերի վերացումը։

7. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձը, օրենքով սահմանված կարգով ռեդոմիցիլացման դիմումը եւ օրենքով նախատեսված տեղեկությունները եւ փաստաթղթերը, մասնավորապես՝ պարտավորությունների բավարարման վերաբերյալ ապացույցները, սնանկության վարույթում չգտնվելու վերաբերյալ տեղեկանքը, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքը ներկայացնում է կառավարության լիազորված անձին։

8. Եթե սույն հոդվածի 7-րդ կետով նախատեսված դիմումին չի ներկայացվում նույն մասով նախատեսված տեղեկությունները եւ փաստաթղթերը, ապա նշված տեղեկատվությունը փոխօգնության կարգով գրանցում իրականացնող մարմինը ստանում է դրանց տիրապետող պետական մարմիններից օրենքով նախատեսված կարգով եւ ժամկետներում:

9. Օրենքով սահմանված դիմումը, փաստաթղթերը եւ այլ տվյալները գրանցում իրականացնող մարմնին ներկայացնելուց հետո, եթե բացակայում են Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս ռեդոմիցիլացումը բացառող հիմքեր, գրանցում իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձին տրամադրում է ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի ռեդոմիցիլացման գործընթացում գտնվելու վերաբերյալ փաստաթուղթ: Ռեդոմիցիլացման գործընթացում գտնվելու վերաբերյալ փաստաթղթի ձեւը եւ բովանդակությունը սահմանում է օրենքով նախատեսված լիազորված մարմինը:

10. Այլ պետության օրենքով նախատեսված լիազորված մարմնի կողմից տրված շարունականության նախնական փաստաթուղթը կամ շարունականության փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության գրանցում իրականացնող մարմնին ներկայացնելուց հետո գրանցում իրականացնող մարմնի կողմից իրականացվում է գրառում Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունից ռեդոմիցիլացման մասին:

Հոդված 4. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ.

Վերակազմակերպման մասին դրույթները կիրառվում են նաեւ օտարերկրյա իրավաբանական անձի նկատմամբ՝ որպես Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձ վերակազմավորման դեպքում:

Հոդված 5. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս չկա ռեդոմիցիլացման ինստիտուտ։

Ինստիտուտի էությունը կայանում է նրանում, որ մի երկրի կազմակերպությանը հնարավորություն է տրվում տեղափոխվել այլ պետություն՝ շարունակելով իր գործունեությունը։

Ի տարբերություն այլ երկրում նոր իրավաբանական անձ ստեղծելու, ակտիվները եւ պասիվները փոխանցելու եւ լուծարվելու տարբերակի, որը բարդ եւ ժամանակատար գործընթաց է, ռեդոմիցիլացումը հեշտացված գործընթաց է եւ չի պահանջում իրավաբանական անձի լուծարում։

Ներկայումս բազմաթիվ երկրներում հաջողությամբ աշխատում է նշված ինստիտուտը եւ հնարավորություն է ընձեռում ներգրավել օտարերկրյա ներդրումներ, դառնալ բիզնեսի համար բարենպաստ կենտրոններ։

Մի շարք երկրների (որոնց թվում, Իռլանդիան, Մալտան եւ Կիպրոսը) դիտարկումը ցույց է տալիս, որ ռեդոմիցիլացման ինստիտուտի ներդրումը դրական է անդրադառնում երկրի տնտեսության եւ կորպորատիվ ոլորտի զարգացման վրա։ Նույն ուսումնասիրությունը նաեւ հավաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման ինստիտուտի ներդրումը նույնպես հնարավոր է։

Նշված ինստիտուտը ներդնելու համար անհրաժեշտ է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում։

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները եւ Քաղաքացիական օրենսգրքի կարգավորումները՝ ռեդոմիցիլացման հայկական ինստիտուտի հայեցակարգի հիմքում սույն նախագծում դրվել է իրավաբանական անձի` որպես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կազմակերպաիրավական ձեւ ունեցող իրավաբանական անձ գրանցվելու, իր կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանեցնելու եւ Հայաստանի Հանրապետություն ակտիվների եւ պասիվների ամբողջ ծավալով տեղափոխվելու մոտեցումը։

Միեւնույն ժամանակ ինստիտուտը կարգավորվել է այնպես, որ պարտատերերի եւ պետության համար ապահովվեն լրացուցիչ երաշխիքներ ռեդոմիցիլացվող իրավաբանական անձից իրենց հանդեպ ունեցած պարտավորությունները պատշաճ կատարելու, սնանկությունից չխուսափելու համար։

Հայաստանի Հանրապետությունից ռեդոմիցիլացման համար նախատեսվել է ռեդոմիցիլացման գրանցման ընթացակարգ՝ վերահսկողություն սահմանելու եւ պարտատերերի ու Հայաստանի Հանրապետության իրավունքների իրացման ապահովման նպատակով։

Ինստիտուտի ներդրումով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա իրավաբանական անձանց եւ նրանց կապիտալի ներհոսք, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծում, տնտեսության եւ կազմակերպաիրավական ոլորտի վերընթաց զարգացում։

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փափեթն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փափեթի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է ՀՀ-ում ներդնել ռեդոմիցիլիացիայի հայկական ինստիտուտը, որի հիմքում ընկած է օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլիացիայի եւ Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի՝ օտարերկրյա պետությունում ռեդոմիցիլիացիայի հետ կապված իրավահարաբերությունների կարգավորումը:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվում է Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է ՀՀ-ում օրենսդրորեն ամրագրել ռեդոմիցիլիացիայի ինստիտուտը, որն իրավաբանական անձանց թույլ կտա առանց լուծարման եւ նոր ընկերություն հիմնելու` վերագրանցվել ռեդոմիցիլիացիայի իրավունք ընձեռող երկրների տարածքում:

Արդյունքում` ՀՀ տնտեսությունը կարող է շահել ի հաշիվ այն ընկերությունների ռեդոմիցիլիացիայի, որոնք կգերադասեն ՀՀ գործարար միջավայրն իրենց ներկայիս գործունեության վայրից եւ կռեդոմիցիլացվեն Հայաստանում:

Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց ա ռանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծերով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում ներդնել ռեդոմիցիլիացիայի ինստիտուտը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նախագծերի ընդունման ազդեցությունը պետական եւ համայնքային բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք: