Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1108-31.10.2016-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

ԲԱԺԻՆ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 1


ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ

Հոդված 1. Ազգային ժողովի սահմանադրական կարգավիճակը եւ գործառույթները

1. Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է:

2. Ազգային ժողովն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանությունը:

3. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

Հոդված 2. Ազգային ժողովի գործունեությունը եւ մարմինները

1. Ազգային ժողովն իր սահմանադրական լիազորությունները եւ գործառույթներն իրականացնելիս գործում է սույն օրենքին (այսուհետ՝ Կանոնակարգ) համապատասխան՝ նստաշրջանների, նիստերի, ինչպես նաեւ իր մարմինների աշխատանքի միջոցով:

2. Ազգային ժողովի մարմիններն են պատգամավորները, Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները, խմբակցությունները, հանձնաժողովները եւ Ազգային ժողովի խորհուրդը:

ԳԼՈՒԽ 2

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Հոդված 3. Պատգամավորի լիազորությունները

1. Պատգամավորն իրավունք ունի՝

1) հանդես գալու օրենսդրական նախաձեռնությամբ.

2) ներկայացնելու Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ.

3) ելույթներ ունենալու, հարցեր տալու եւ առաջարկներ ներկայացնելու Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաեւ խորհրդարանական լսումներում.

4) գրավոր հարցեր ուղղելու Կառավարությանը.

5) բանավոր հարցերով դիմելու Կառավարության անդամներին.

6) առաջադրվելու Ազգային ժողովի կողմից ընտրվող կամ նշանակվող պաշտոններում.

7) զբաղեցնելու իր կարգավիճակով պայմանավորված պաշտոններ.

8) ընդգրկվելու Ազգային ժողովի ժամանակավոր, քննիչ հանձնաժողովների, ինչպես նաեւ ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի կազմերում.

9) ընդգրկվելու միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, ինչպես նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի կամ այլ պաշտոնական պատվիրակությունների կազմում.

10) ընդգրկվելու Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերում.

11) դուրս գալու խմբակցության կազմից.

12) ծանոթանալու Ազգային ժողովին կամ նրա հանձնաժողովներին հասցեագրված ցանկացած փաստաթղթի, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաեւ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող այնպիսի տեղեկության, որին իրավասու չէ իրազեկվել:

2. Պատգամավորը պարտավոր է՝

1) ընդգրկվել առնվազն մեկ մշտական հանձնաժողովի կազմում, բացառությամբ Կանոնակարգի 14-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի.

2) մասնակցել Ազգային ժողովի, ինչպես նաեւ իր անդամակցած հանձնաժողովի եւ աշխատանքային խմբի նիստերին.

3) մասնակցել իր անդամակցած հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումներին.

4) պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները.

5) Ազգային ժողովի նիստերին, ինչպես նաեւ իր հանձնաժողովի նիստերին կամ հրավիրած խորհրդարանական լսումներին ներկայանալու անհնարինության դեպքում նախապես տեղյակ պահել Ազգային ժողովի նախագահին կամ հանձնաժողովի նախագահին.

6) Կանոնակարգով նախատեսված դեպքերում հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ.

7) պահպանել Ազգային ժողովի նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնները:

3. Պատգամավորական էթիկայի կանոնները «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված՝ հանրային ծառայողի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոններն են:

Հոդված 4. Պատգամավորի շահերի բախումը

1. Պատգամավորի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը, Ազգային ժողովի որոշման, հայտարարության կամ ուղերձի նախագիծ ներկայացնելը, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցի վերաբերյալ առաջարկ ներկայացնելը, ինչպես նաեւ Ազգային ժողովի կամ նրա հանձնաժողովի նիստում ելույթ ունենալը, հարց տալը կամ քվեարկությանը մասնակցելը, որը թեեւ ինքնին օրինական է, սակայն պատգամավորը տեղյակ է, որ այն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաեւ`

1) իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

2) իր կամ իր հետ փոխկապակցված անձի անդամակցած ոչ առեւտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

3) իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնակցությամբ առեւտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

4) իր հետ փոխկապակցված անձին պաշտոնում նշանակմանը.

5) պաշտոնում իր ընտրությանը կամ նշանակմանը, բացառությամբ՝ պատգամավորի կարգավիճակով պայմանավորված պաշտոնների, ինչպես նաեւ որպես թեկնածու իր ելույթի:

2. Պատգամավորի հետ փոխկապակցված անձինք են համարվում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ մասի համաձայն` բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձինք:

3. Պատգամավորի կարգավիճակով պայմանավորված պաշտոններն Ազգային ժողովի նախագահի եւ նրա երեք տեղակալների, հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների, խմբակցությունների ղեկավարների, նրանց տեղակալների եւ քարտուղարների պաշտոններն են:

4. Շահերի բախում առաջանալու դեպքում պատգամավորը պարտավոր է Ազգային ժողովի կամ նրա հանձնաժողովի նիստում իր ելույթից կամ քվեարկությունից առաջ հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ, իսկ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալիս, Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելիս, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցի վերաբերյալ առաջարկ ներկայացնելիս՝ համապատասխան փաստաթղթերի հետ ներկայացնել շահերի բախման վերաբերյալ իր գրավոր հայտարարությունը` նկարագրելով շահերի բնույթը:

5. Եթե պատգամավորն Ազգային ժողովի կամ նրա հանձնաժողովի նիստում հանդես է գալիս շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ, ապա հարցի քվեարկությունից նրա բացակայությունը համարվում է հարգելի:

6. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթները մեկնաբանելիս համարվում է, որ պատգամավորը չի առաջնորդվում իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով, եթե նա հանդես է գալիս Ազգային ժողովի հանձնաժողովի կամ խմբակցության անունից, կամ տվյալ գործողությունը`

1) վերաբերում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, հիմնարկների կամ դրանց պաշտոնատար անձանց գործունեությանը.

2) ունի համընդհանուր կիրառելիություն եւ անդրադառնում է հասարակության լայն շերտերի վրա, այնպես, որ ողջամտորեն չի կարող մեկնաբանվել կամ դիտարկվել որպես պատգամավորի կամ նրա հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել.

3) վերաբերում է պատգամավորի վարձատրության չափին, գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցմանը, արտոնություններին կամ գործունեության այլ երաշխիքներին:

Հոդված 5. Պատգամավորի գրավոր հարցերը

1. Պատգամավորներն ունեն Կառավարության անդամներին գրավոր հարցեր ուղղելու իրավունք:

2. Հարցն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, վարչապետը կամ նրա հանձնարարությամբ՝ Կառավարության համապատասխան անդամը գրավոր պատասխանում է հարցին՝ պատասխանն ուղարկելով պատգամավորին եւ Աշխատակազմ:

3. Պատասխանը ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, Աշխատակազմն այն տեղադրում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում (www.parliament.am):

Հոդված 6. Պատգամավորների հայտարարությունները

1. Հերթական նիստերի յուրաքանչյուր երեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում պատգամավորները կարող են հանդես գալ հայտարարություններով:

2. Հայտարարությունների համար հերթագրումն իրականացվում է հարցերի համար սահմանված կարգին համապատասխան:

3. Պատգամավորները հանդես են գալիս ամբիոնից, ըստ հերթագրման հաջորդականության՝ նիստը նախագահողի հայտարարությամբ, որտեղ միաժամանակ հիշեցվում են հայտարարությամբ հանդես եկող հաջորդ պատգամավորի անունը, ազգանունը:

4. Հերթագրված, սակայն դահլիճից բացակայող պատգամավորը զրկվում է տվյալ նիստում հայտարարությամբ հանդես գալու իրավունքից:

5. Նիստն ավարտվում է հերթագրված վերջին պատգամավորի հայտարարությունից հետո:

6. Նիստի տեսագրությունը հաջորդ օրն ամբողջությամբ ցուցադրվում է Կանոնակարգի 179-րդ հոդվածի 5-րդ մասում նշված հեռուստաընկերությամբ:

Հոդված 7. Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ կետերով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմելը

1.Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ կետերով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը: Նախաձեռնությունն իրականացվում է ստորագրաթերթով, որը պատգամավորներին տրամադրում է Աշխատակազմը: Անհրաժեշտ քանակի ստորագրություններով ստորագրաթերթը 24 ժամվա ընթացքում հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, որից հետո ստորագրաթերթը փոփոխման ենթակա չէ:

2. Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում ստորագրաթերթում նշվում են այն ակտի անվանումը, որի սահմանադրականությունը նախատեսվում է վիճարկել, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանում հարցի քննության ընթացքում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող պատգամավորի անունը, ազգանունը: Ստորագրաթերթին կցվում են վիճարկվող ակտի պաշտոնական տեքստը, ինչպես նաեւ նախաձեռնողների հայեցողությամբ՝ հարցին առնչվող այլ փաստաթղթեր կամ նյութեր:

3. Սահմանադրության 168-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում ստորագրաթերթում նշվում են Ազգային ժողովի, նրա մարմնի եւ սահմանադրական այլ մարմնի լիազորությունների առնչությամբ առաջացած վեճի առարկան, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանում հարցի քննության ընթացքում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող պատգամավորի անունը, ազգանունը: Ստորագրաթերթին կցվում են վեճի առարկայի նկատմամբ ներկայացվող պահանջները, դրանց հիմնավորումը, ինչպես նաեւ նախաձեռնողների հայեցողությամբ՝ հարցին առնչվող այլ փաստաթղթեր կամ նյութեր:

4. Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ՝ Աշխատակազմն անհրաժեշտ քանակի ստորագրություններով ստորագրաթերթը, ինչպես նաեւ դրան կից ներկայացված փաստաթղթերը եւ այլ նյութերը 24 ժամվա ընթացքում ուղարկում է Սահմանադրական դատարան:

ԳԼՈՒԽ 3

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ

Հոդված 8. Ազգային ժողովի նախագահը

1. Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը եւ ապահովում նրա բնականոն գործունեությունը:

2. Ազգային ժողովի նախագահը՝

1) նախագահում է Ազգային ժողովի նիստերը.

2) գումարում է Ազգային ժողովի արտահերթ նիստեր եւ նստաշրջաններ.

3) շրջանառության մեջ է դնում Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված հարցերը եւ նշանակում է գլխադասային հանձնաժողով.

4) Հանրապետության նախագահին է ուղարկում Ազգային ժողովի ընդունած Սահմանադրությունում փոփոխությունները, օրենքները, ինչպես նաեւ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշումները.

5) ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի որոշումները, հայտարարությունները եւ ուղերձները.

6) հրավիրում եւ նախագահում է Ազգային ժողովի խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) նիստերը.

7) Ազգային ժողովի եւ Խորհրդի հաստատմանն է ներկայացնում հերթական նստաշրջանի եւ նիստերի օրակարգերի նախագծերը.

8) ստորագրում եւ հրապարակում է Խորհրդի որոշումները.

9) հաստատում է Ազգային ժողովի հանձնաժողովների կազմերը եւ դրանցում փոփոխությունները.

10) ըստ անհրաժեշտության հրավիրում է քաղաքական խորհրդակցություններ.

11) տնօրինում է Ազգային ժողովի նյութական միջոցները.

12) նշանակում է Աշխատակազմի ղեկավարին եւ նրա տեղակալներին, ինչպես նաեւ Աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն պաշտոններում, նրանց ազատում այդ պաշտոններից.

13) հաստատում է Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը, անձնագրերը, ինչպես նաեւ Աշխատակազմի հաստիքացուցակը եւ աշխատողների պաշտոնային դրույքաչափերը.

14) իրավասու մշտական հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի (այսուհետ՝ Բյուջետային գրասենյակ) փորձագետներին ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ նրանց պաշտոնների նկարագրերը եւ անձնագրերը.

15) հաստատում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը.

16) իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի առաջարկով հասարակական կամ պայմանագրային հիմունքներով հրավիրում է մասնագետ կամ օրենսդրական ակտի նախագիծն ուղարկում է փորձաքննության.

17) կարող է հրավիրել խորհրդարանական լսումներ` սահմանելով դրանց անցկացման կարգը.

18) կարող է ձեւավորել հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմիններ.

19) նշանակում է սահմանադրական դատարանում Ազգային ժողովի ներկայացուցիչ.

20) նշանակում է Անկախ Պետությունների Համագործակցության վեհաժողովի քարտուղարությունում Ազգային ժողովի ներկայացուցիչ.

21) դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր է ուղարկում ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեցող միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա հասարակական կազմակերպություններին.

22) հաստատում է Ազգային ժողովի նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնները.

23) պարգեւատրում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով, ինչպես նաեւ խրախուսում է դրամական պարգեւատրմամբ.

24) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

3. Իր լիազորություններն իրականացնելիս Ազգային ժողովի նախագահն ընդունում է որոշումներ եւ կարգադրություններ, որոնք երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

Հոդված 9. Ազգային ժողովի նախագահի տեղակալները

1. Ազգային ժողովի նախագահն ունի երեք տեղակալ:

2. Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ Ազգային ժողովի նախագահի տեղակալը՝

1) նախագահում է Ազգային ժողովի նիստերը.

2) նախագահում է Խորհրդի նիստերը.

3) փոխարինում է Ազգային ժողովի նախագահին։

3. Ազգային ժողովի նախագահի տեղակալները մասնակցում են Խորհրդի նիստերին:

4. Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, ինչպես նաեւ Ազգային ժողովի նախագահի կողմից Հանրապետության նախագահի պարտականությունները կատարելիս Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել է առավել շատ ձայներ:

ԳԼՈՒԽ 4

ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 10. Խմբակցությունների ստեղծումը

1. Խմբակցությունները ստեղծվում են նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը՝ Ազգային ժողովի մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) թվին եւ անվանումներին համապատասխան:

2. Խմբակցությունում ընդգրկվում են միեւնույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով մանդատ ստացած պատգամավորները:

3. Ազգային ժողովի ընտրության արդյունքով մանդատների ընդհանուր թվի ոչ պակաս, քան 54 տոկոսը ստացած կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ քաղաքական կոալիցիայի անդամ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ստեղծած խմբակցությունները համարվում են կառավարող, իսկ մյուս խմբակցությունները՝ ընդդիմադիր:

4. Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում խմբակցությունը համարվում է կառավարող, եթե՝

1) խմբակցության կամ նրա մասնակցությամբ քաղաքական կոալիցիայի առաջադրած թեկնածուն ընտրվում է վարչապետ, իսկ մյուս խմբակցությունները համարվում են ընդդիմադիր.

2) խմբակցության ղեկավարը կամ քարտուղարն Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրմամբ ընտրված վարչապետի ներկայացրած Կառավարության ծրագրին կողմ քվեարկելու մասին խմբակցության որոշման վերաբերյալ հայտարարությամբ, իսկ մյուս խմբակցությունները համարվում են ընդդիմադիր:

5. Եթե կառավարող խմբակցության ղեկավարը կամ քարտուղարն Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս քաղաքական կոալիցիայից դուրս գալու մասին հայտարարությամբ՝ ներկայացնելով խմբակցության որոշումը, ապա այդ պահից խմբակցությունը համարվում է ընդդիմադիր:

Հոդված 11. Խմբակցության լիազորությունները

1. Խմբակցությունն իրավունք ունի՝

1) հանդես գալու օրենսդրական նախաձեռնությամբ.

2) Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու որոշման, հայտարարության կամ ուղերձի նախագիծ.

3) քաղաքական կոալիցիա կազմելու այլ խմբակցությունների հետ, ինչպես նաեւ դուրս գալու կոալիցիայից.

4) առաջադրելու վարչապետի թեկնածու.

5) իրավասու մշտական հանձնաժողովին առաջադրելու թեկնածուներ Ազգային ժողովի կողմից ընտրվող կամ նշանակվող պաշտոններում.

6) գրավոր հարցապնդումներով դիմելու Կառավարության անդամներին.

7) ներկայացնելու առաջարկներ Սահմանադրության փոփոխությունների, օրենքի, Ազգային ժողովի որոշման, հայտարարության կամ ուղերձի նախագծի վերաբերյալ.

8) հանրաքվեի եւ Հանրապետության նախագահի ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով դիմելու Սահմանադրական դատարան.

9) կարգապահական պատասխանատվության ենթարկելու իր անդամին, ընդհուպ՝ հեռացնել խմբակցությունից.

10) իրականացնելու Կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:

2. Իր լիազորություններն իրականացնելիս խմբակցությունն ընդունում է որոշումներ:

3. Խմբակցության որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած խմբակցության անդամների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է խմբակցության անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

4. Խմբակցության ղեկավարը մասնակցում է Խորհրդի նիստերին, ինչպես նաեւ իրականացնում է Կանոնակարգով կամ խմբակցության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

5. Ընդդիմադիր խմբակցությունն ունի Կանոնակարգով սահմանված գործունեության երաշխիքներ:

Հոդված 12. Խմբակցության գործունեությունը

1. Խմբակցությունը գործում է Կանոնակարգին եւ իր որոշմամբ հաստատված կանոնադրությանը համապատասխան:

2. Խմբակցության կանոնադրությամբ սահմանվում են նրա՝

1) անվանումը,

2) անդամների իրավունքները եւ պարտականությունները,

3) ղեկավարի եւ քարտուղարի ընտրության կարգը, ինչպես նաեւ նրանց լիազորությունները,

4) նիստերի գումարման եւ անցկացման կարգը,

5) որոշումների ընդունման կարգը,

6) օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու ընթացակարգը,

7) Ազգային ժողովի որոշման, հայտարարության կամ ուղերձի ներկայացման ընթացակարգը,

8) վարչապետի թեկնածուի առաջադրման ընթացակարգը,

9) իրավասու մշտական հանձնաժողովին Ազգային ժողովի կողմից ընտրվող կամ նշանակվող պաշտոններում թեկնածուների առաջադրման ընթացակարգը,

10) Կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներով դիմելու ընթացակարգը,

11) հանրաքվեի եւ Հանրապետության նախագահի ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով Սահմանադրական դատարան դիմելու ընթացակարգը,

12) Սահմանադրության փոփոխությունների, օրենքների եւ Ազգային ժողովի որոշման նախագծերի վերաբերյալ առաջարկների ներկայացման ընթացակարգը,

13) խմբակցությունից դուրս գալու կարգը,

14) խմբակցության անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ընդհուպ՝ խմբակցությունից հեռացնելու կարգը,

15) կանոնադրության ընդունման եւ դրանում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կարգը,

16) գործունեության կարգին վերաբերող այլ դրույթներ:

3. Խմբակցությունն Ազգային ժողովի նախագահին գրավոր ներկայացնում է իր կանոնադրությունը, կազմը, ղեկավարի եւ քարտուղարի անունները, ազգանունները, ինչպես նաեւ դրանց փոփոխությունները, որոնց մասին նիստը նախագահողը հայտարարում է Ազգային ժողովի առաջիկա նիստում:

4. Խմբակցության նիստերը, որպես կանոն, հրավիրվում են Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող շաբաթվա ընթացքում:

5. Խմբակցության գործունեությունը դադարում է, եթե նրա բոլոր անդամները դուրս են գալիս խմբակցությունից, եւ վերականգնվում է, եթե նրա կազմում ընդգրկվում է դրա իրավասությունն ունեցող առնվազն մեկ պատգամավոր:

ԳԼՈՒԽ 5

ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

Հոդված 13. Մշտական հանձնաժողովների ստեղծումը

1. Մշտական հանձնաժողովները ստեղծվում են օրենքների նախագծերի, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող այլ հարցերի նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու, ինչպես նաեւ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համար:

2. Մշտական հանձնաժողովները ստեղծվում են Ազգային ժողովի առաջին նստաշրջանում՝ Ազգային ժողովի որոշմամբ: Որոշման նախագիծը ներկայացնելու իրավունք ունեն խմբակցությունները, որով սահմանվում են՝

1) հանձնաժողովների թիվը, անվանումները եւ գործունեության ոլորտները,

2) առանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ ներկայացնելու իրավասություն ունեցող հանձնաժողովները,

3) պաշտոններում ընտրության կամ նշանակման համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջարկելու իրավասություն ունեցող հանձնաժողովները,

4) խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող հանձնաժողովները, նրանց վերահսկողության շրջանակը, մարմինները եւ պաշտոնատար անձինք,

5) Բյուջետային գրասենյակի գործունեության ընդհանուր համակարգման եւ մշտադիտարկման իրավասությունն ունեցող հանձնաժողովը:

3. Նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է ընդհանուր կարգով: Եթե ներկայացվել են մեկից ավելի նախագծեր, ապա դրանք համարվում են այլընտրանքային եւ քննարկվում են Կանոնակարգի 87-րդ հոդվածով սահմանված կարգին համապատասխան:

4. Մշտական հանձնաժողովների ստեղծումից հետո՝ դրանց թիվը չի կարող փոփոխվել:

Հոդված 14. Մշտական հանձնաժողովների կազմավորումը

1. Մշտական հանձնաժողովի կազմը եւ դրանում փոփոխությունները հաստատում է Ազգային ժողովի նախագահը, եթե պահպանված են սույն հոդվածով սահմանված սկզբունքները:

2. Մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:

3. Խմբակցությունն իր անդամների թվին համապատասխան՝ մշտական հանձնաժողովներում ունի առնվազն մեկական տեղի իրավունք:

4. Խմբակցության անդամները հանձնաժողովում ընդգրկվում կամ նրա կազմից դուրս են գալիս իրենց գրավոր համաձայնությամբ՝ խմբակցության ներկայացմամբ:

5. Խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորը՝ խմբակցությունների կողմից թափուր թողնված հանձնաժողովի անդամի տեղում ընդգրկվում է իր գրավոր դիմումով՝ Ազգային ժողովի նախագահի համաձայնությամբ:

6. Ազգային ժողովի նախագահը եւ նրա տեղակալները, ինչպես նաեւ խմբակցությունների ղեկավարները կարող են չընդգրկվել հանձնաժողովի կազմում:

7. Խմբակցություններն իրավունք ունեն թափուր թողնելու հանձնաժողովում իրենց հատկացված տեղերը, ինչպես նաեւ փոխելու հանձնաժողովում ընդգրկված իր անդամին:

8. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե նրա պատգամավորական լիազորությունները դադարում են, նա դուրս է գալիս հանձնաժողովից կամ խմբակցությունից, կամ հեռացվում է խմբակցությունից:

Հոդված 15. Մշտական հանձնաժողովի գործունեությունը

1. Մշտական հանձնաժողովն իր իրավասության շրջանակում՝

1) իրականացնում է գլխադասային հանձնաժողովի գործառույթներ, քննարկում է Սահմանադրության փոփոխությունների, օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների, ուղերձների նախագծեր, ինչպես նաեւ Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող այլ հարցեր եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով է ներկայացնում եզրակացություններ.

2) կարող է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ.

3) կարող է սահմանել կամ փոխել հանձնաժողովում քննարկվող հարցերի ներկայացման ժամկետները.

4) իրականացնում է խորհրդարանական վերահսկողություն եւ դրա վերաբերյալ Ազգային ժողով է ներկայացնում եզրակացություններ.

5) պաշտոններում ընտրության կամ նշանակման համար Ազգային ժողովին առաջարկում է թեկնածուներ.

6) կարող է հարցումներով դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին.

7) հրավիրում է խորհրդարանական լսումներ.

8) կարող է ստեղծել աշխատանքային խմբեր:

2. Մշտական հանձնաժողովն ունի իր աշխատակարգը, որը Խորհրդի սահմանած օրինակելի աշխատակարգին համապատասխան՝ հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:

3. Մշտական հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում:

Հոդված 16. Մշտական հանձնաժողովի նախագահը եւ նրա տեղակալը

1. Մշտական հանձնաժողովի նախագահը՝

1) նախապատրաստում եւ նախագահում է հանձնաժողովի նիստերը.

2) գումարում է հանձնաժողովի արտահերթ նիստ.

3) մասնակցում է Խորհրդի նիստերին.

4) ապահովում է հանձնաժողովի որոշումների կատարումը.

5) ղեկավարում է հանձնաժողովի քարտուղարությունը.

6) համակարգում է աշխատանքային խմբերի աշխատանքը.

7) համակարգում է Ազգային ժողովի մարմինների եւ Աշխատակազմի հետ հանձնաժողովի, ինչպես նաեւ հանձնաժողովի քարտուղարության գործունեությունը.

8) հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը.

9) ընթացք է տալիս եւ պատասխանում հանձնաժողովին ուղղված դիմումներին.

10) հանձնաժողովի եւ աշխատանքային խմբերի նիստերում հարցերի քննարկումներին մասնակցելու համար հրավիրում է մասնագետներ.

11) հանձնաժողովին իրազեկում է նրա որոշումների կատարման ընթացքի մասին:

2. Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում այդ ամսվա ընթացքում հանձնաժողովի նիստերից եւ հրավիրած խորհրդարանական լսումներից հանձնաժողովի անդամների բացակայության մասին տեղեկանք, որը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

3. Մշտական հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը։

Հոդված 17. Մշտական հանձնաժողովների նիստերը

1. Մշտական հանձնաժողովների հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են Խորհրդի որոշմամբ սահմանված ժամանակացույցին համապատասխան:

2. Մշտական հանձնաժողովի արտահերթ նիստերը հրավիրվում են նրա նախագահի կամ անդամների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ՝ նախաձեռնողի սահմանած ժամկետում:

3. Մշտական հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Ազգային ժողովի նստավայրում: Այլ վայրում հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել հանձնաժողովի որոշմամբ, որի մասին հանձնաժողովի նախագահը նախապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին:

4. Մշտական հանձնաժողովի նիստերը հրապարակային են:

5. Մշտական հանձնաժողովի փակ նիստ կարող է անցկացվել Կանոնակարգով նախատեսված դեպքերում: Փակ նիստում քվեարկությունն արգելվում է:

6. Մշտական հանձնաժողովի հրապարակային նիստում, նրա անդամներից, պատգամավորներից եւ հարցի քննարկմանը մասնակցելու իրավունք ունեցող այլ անձանցից բացի կարող են ներկա գտնվել նաեւ՝

1) Հանրապետության նախագահը, վարչապետը կամ նրանց ներկայացուցիչները.

2) Աշխատակազմի ղեկավարը, նրա տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները.

3) Ազգային ժողովի նախագահի խորհրդականները.

4) հանձնաժողովի քարտուղարության մասնագետները.

5) Բյուջետային գրասենյակի փորձագետները.

6) քննարկվող հարցի մասնագիտական փորձաքննություն իրականացրած անձինք.

7) հանձնաժողովի անդամների մեկական օգնականները.

8) նիստի լուսաբանումն ապահովող՝ Աշխատակազմի ծառայողները.

9) Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները.

10) հանձնաժողովի որոշմամբ կամ հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրված անձինք:

7. Մշտական հանձնաժողովի փակ նիստում նրա անդամներից բացի, կարող են ներկա գտնվել սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ եւ 10-րդ կետերում նշված անձինք:

8. Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը եւ դրանում ընդգրկված հարցերի նախագծերը հանձնաժողովի հերթական նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ, իսկ արտահերթ նիստի դեպքում՝ մեկ ժամ առաջ տեղադրվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ հարցի քննարկման ժամանակ տրամադրվում հանձնաժողովի անդամներին:

9. Ազգային ժողովի նիստի ընթացքում մշտական հանձնաժողովի նիստ չի կարող անցկացվել:

Հոդված 18. Մշտական հանձնաժողովի նիստերի անցկացման կարգը

1. Մշտական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին եւ այն նախագահում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում՝ նրա տեղակալը կամ հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը:

2. Մշտական հանձնաժողովի նիստն սկսվում է օրակարգի հաստատմամբ: Մինչեւ օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում:

3. Մշտական հանձնաժողովի նիստում հարցերը քննարկվում են Ազգային ժողովի նիստում հարցերի քննարկման ընդհանուր կարգին համապատասխան՝ հանձնաժողովի աշխատակարգով սահմանված կարգով:

4. Հանձնաժողովի օրակարգի հաստատման կամ նրա իրավասությանը վերապահված այլ որոշման ընդունման վերաբերյալ առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն միայն հանձնաժողովի անդամները, բացառությամբ՝ Կանոնակարգի 90-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի:

5. Մշտական հանձնաժողովի նիստում զեկուցողներին հարցեր տալու, ինչպես նաեւ նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթի իրավունք ունեն միայն պատգամավորները, բացառությամբ Կանոնակարգի 90-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի: Հարցի քննարկմանը մասնակցելու իրավունք ունեցող այլ անձինք կարող են ելույթ ունենալ նիստը նախագահողի թույլտվությամբ կամ հանձնաժողովի որոշմամբ:

6. Մշտական հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից անմիջապես հետո: Հանձնաժողովի անդամը կարող է քվեարկել կողմ, դեմ, ձեռնպահ կամ հրաժարվել հարցի քվեարկությանը մասնակցելուց:

7. Մշտական հանձնաժողովները կարող են իրենց նախաձեռնությամբ՝ Ազգային ժողովի մյուս մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովների հետ անցկացնել համատեղ նիստեր, որտեղ որոշումները յուրաքանչյուր հանձնաժողովի կողմից ընդունվում են առանձին-առանձին:

Հոդված 19. Մշտական հանձնաժողովի հարցումները

1. Մշտական հանձնաժողովն իր որոշմամբ կարող է իր իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ հարցումներով դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին, որոնք պարտավոր են`

1) երկշաբաթյա ժամկետում քննարկել հանձնաժողովի գրավոր հարցումը եւ գրավոր պատասխանել նրան.

2) ոչ ուշ, քան քննարկումից երեք աշխատանքային օր առաջ գրավոր տեղեկացնել հանձնաժողովին իր ներկայացրած հարցի քննարկման մասին:

Հոդված 20. Խորհրդարանական լսումները

1. Մշտական հանձնաժողովներն իրենց վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով կարող են հրավիրել խորհրդարանական լսումներ:

2. Լսումները հրավիրվում են մշտական հանձնաժողովի որոշմամբ, որտեղ սահմանվում են լսումների օրը, ժամը, անցկացման վայրը, ընթացակարգը, ինչպես նաեւ զեկուցողները: Լսումների անցկացման օրը չպետք է համընկնի Ազգային ժողովի նիստի օրվա հետ:

3. Լսումների հրավիրման մասին մշտական հանձնաժողովի որոշումն ուղարկվում է Ազգային ժողովի նախագահին եւ տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ լսումների վերաբերյալ տեղեկատվությունը դրանց անցկացման օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ տրամադրվում է զանգվածային լրատվության միջոցներին:

4. Լսումները նախագահում է մշտական հանձնաժողովի նախագահը, իսկ Ազգային ժողովի մյուս հանձնաժողովների հետ համատեղ լսումների հրավիրման դեպքում՝ այդ հանձնաժողովների նախագահները:

5. Մշտական հանձնաժողովը կարող է նախապատրաստել իր հրավիրած լսումների թեմայի վերաբերյալ ներկայացված գրավոր ելույթներ, առաջարկներ, եզրակացություններ, տեղեկանքներ, ինչպես նաեւ լսումների արդյունքներն ամփոփող այլ նյութեր, որոնք կարող են հրապարակվել հանձնաժողովի առաջարկությամբ` Ազգային ժողովի նախագահի համաձայնությամբ:

Հոդված 21. Մշտական հանձնաժողովի ենթահանձնաժողովները եւ աշխատանքային խմբերը

1. Մշտական հանձնաժողովը կարող է իր իրավասությանը վերապահված հարցերի նախնական քննարկման եւ դրա արդյունքները հանձնաժողով ներկայացնելու նպատակով ստեղծել ենթահանձնաժողովներ կամ աշխատանքային խմբեր:

2. Ենթահանձնաժողովում ընդգրկվելու իրավունք ունեն հանձնաժողովի անդամները:

3. Աշխատանքային խմբում կարող են ընդգրկվել պատգամավորը, ինչպես նաեւ հանձնաժողովի, Աշխատակազմի կամ խմբակցության փորձագետը (մասնագետը), պատգամավորի օգնականը եւ այլ մասնագետներ:

4. Ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը ստեղծվում է հանձնաժողովի որոշմամբ, որով նշանակվում է նրա ղեկավարը, ինչպես նաեւ սահմանվում են նրա խնդիրները, գործունեության ժամկետներն ու կարգը:

5. Ենթահանձնաժողովի կամ աշխատանքային խմբի ղեկավարը կազմակերպում եւ ղեկավարում է նրա աշխատանքները, ինչպես նաեւ կատարում է հանձնաժողովի նախագահի հանձնարարականները:

6. Իր գործունեության արդյունքների մասին ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը սահմանված ժամկետում զեկուցում է հանձնաժողովի նիստում:

7. Ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը կարող է լուծարվել վաղաժամկետ՝ հանձնաժողովի որոշմամբ:

ԳԼՈՒԽ 6

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

Հոդված 22. Ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը

1. Ժամանակավոր հանձնաժողովը կարող է ստեղծվել առանձին օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների եւ ուղերձների նախագծերի, ինչպես նաեւ պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար:

2. Ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվում է Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունքն ունի խմբակցությունը:

3. Ժամանակավոր հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ, իսկ հանձնաժողովի կազմը եւ դրանում փոփոխությունները հաստատում է Ազգային ժողովի նախագահը՝ Կանոնակարգի 14-րդ հոդվածով սահմանված սկզբունքներին համապատասխան: Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ժամանակավոր հանձնաժողովում կառավարող եւ ընդդիմադիր խմբակցություններն ունեն հավասար թվով անդամներ:

4. Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Ազգային ժողովի որոշմամբ սահմանվում են հանձնաժողովի անվանումը, գործունեության ժամկետը, ինչպես նաեւ նրա իրավասությանը վերապահված նախագծի կամ պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ եզրակացությունների ներկայացման ժամկետները:

5. Ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումից հետո նրան են անցնում գլխադասային հանձնաժողովի բոլոր իրավասությունները եւ գործառույթները:

6. Ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը մինչեւ վեց ամիս է, որը կարող է մեկ անգամ, մինչեւ վեց ամսով երկարաձգվել հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ:

Հոդված 23. Ժամանակավոր հանձնաժողովի նախագահը եւ նրա տեղակալը

1. Ժամանակավոր հանձնաժողովի նախագահը եւ նրա տեղակալն ընտրվում են հանձնաժողովի որոշմամբ:

2. Ժամանակավոր հանձնաժողովի նախագահը՝

1) նախապատրաստում եւ նախագահում է հանձնաժողովի նիստերը.

2) գումարում է հանձնաժողովի արտահերթ նիստ.

3) ապահովում է հանձնաժողովի որոշումների կատարումը.

4) ղեկավարում է հանձնաժողովի փորձագետների (մասնագետների) աշխատանքը.

5) համակարգում է Ազգային ժողովի մարմինների եւ Աշխատակազմի հետ հանձնաժողովի, ինչպես նաեւ հանձնաժողովի փորձագետների (մասնագետների) գործունեությունը.

6) հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը.

7) ընթացք է տալիս եւ պատասխանում հանձնաժողովին ուղղված դիմումներին.

8) հանձնաժողովի նիստերում հարցերի քննարկումներին մասնակցելու համար հրավիրում է մասնագետներ.

9) հանձնաժողովին իրազեկում է նրա որոշումների կատարման ընթացքի մասին:

3. Ժամանակավոր հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը։

Հոդված 24. Ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը

1. Ժամանակավոր հանձնաժողովն իր իրավասության շրջանակում՝

1) իրականացնում է գլխադասային հանձնաժողովի գործառույթները, քննարկում եւ Ազգային ժողով եզրակացություններ է ներկայացնում իր իրավասությանը վերապահված նախագծի վերաբերյալ.

2) քննարկում եւ Ազգային ժողովին գրավոր ու պատճառաբանված եզրակացություն է ներկայացնում պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ.

3) կարող է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ.

4) կարող է սահմանել կամ փոխել հանձնաժողովում քննարկվող հարցերի ներկայացման ժամկետները.

5) կարող է հարցումներով դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին.

6) կարող է հրավիրել խորհրդարանական լսումներ:

2. Պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը կարող է`

1) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմններից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կամ համայնքային կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջել եւ ստանալ հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր.

2) իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կամ համայնքային կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից, բացառությամբ դատարանների, դատավորների, դատախազների եւ քննիչների, պահանջել հանձնաժողովում քննարկվող հարցի ուսումնասիրության ընթացքում բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ անցկացնել ստուգումներ, ուսումնասիրություններ, փորձագիտական հետազոտություններ եւ ներկայացնել դրանց արդյունքները:

3. Պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի պահանջած նյութերը, փաստաթղթերը կամ այլ տեղեկությունները պետք է նրան ուղարկվեն հարցումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, եթե հարցման մեջ ավելի երկար ժամկետ նշված չէ, կամ հարցման հասցեատերը հանձնաժողովի պահանջը կատարելու համար ողջամիտ ժամկետ չի առաջարկում:

4. Պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամներն իրավասու են անարգել այցելել ցանկացած պետական կամ համայնքային հիմնարկ կամ կազմակերպություն, ինչպես նաեւ ծանոթանալու հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող ցանկացած նյութի եւ փաստաթղթի: Պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններին հանձնաժողովի անդամները կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:

5. Պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունն Ազգային ժողովին ներկայացվելուց հետո տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում: Եզրակացությունն Ազգային ժողովի նիստում չի քննարկվում:

6. Ժամանակավոր հանձնաժողովի լիազորություններն իրականացվում, ինչպես նաեւ նիստերն անցկացվում են մշտական հանձնաժողովների համար Կանոնակարգով սահմանված կարգին համապատասխան: Պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստերը գումարվում են հանձնաժողովի կամ նրա նախագահի սահմանած օրերին:

7. Ժամանակավոր հանձնաժողովն ունի իր աշխատակարգը, որը Խորհրդի սահմանած օրինակելի աշխատակարգին համապատասխան՝ հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:

8. Եթե պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ընթացքում ի հայտ են գալիս փաստեր, որոնք առերեւույթ հանցագործության հատկանիշներ են պարունակում, ապա հանձնաժողովի միջնորդությամբ Ազգային ժողովի նախագահը 24 ժամվա ընթացքում հարցին առնչվող բոլոր նյութերն ուղարկում է գլխավոր դատախազին:

Հոդված 25. Ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունների ավարտը

1. Ժամանակավոր հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են՝

1) հանձնաժողովի իրավասությանը վերապահված նախագիծն ընդունվելու կամ այլ հիմքով շրջանառությունից դուրս գալու պահից.

2) պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունն Ազգային ժողովին ներկայացվելու պահից.

3) հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվելու դեպքում.

4) հանձնաժողովի լուծարման դեպքում.

5) Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում:

2. Ժամանակավոր հանձնաժողովը կարող է լուծարվել Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

ԳԼՈՒԽ 7

ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

Հոդված 26. Քննիչ հանձնաժողովի ստեղծումը

1. Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու եւ դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

2. Պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով:

3. Քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջը ներկայացվում է ստորագրաթերթով, որը պատգամավորներին տրամադրում է Աշխատակազմը: Անհրաժեշտ քանակի ստորագրություններով ստորագրաթերթը 24 ժամվա ընթացքում հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, որից հետո ստորագրաթերթը փոփոխման ենթակա չէ:

4. Ստորագրաթերթում նշվում են քննիչ հանձնաժողովի՝

1) իրավասությանը վերապահվող՝ Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակը,

2) նախագահի անունը, ազգանունը,

3) զեկույցն Ազգային ժողով ներկայացնելու ժամկետը:

5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում ստորագրաթերթին կցվում է քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

6. Եթե ստորագրաթերթը կամ դրան կից ներկայացված փաստաթղթերը՝

1) համապատասխանում են սույն հոդվածի 1-ից 5-րդ մասերի պահանջներին, ապա 24 ժամվա ընթացքում Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս քննիչ հանձնաժողովի ստեղծման կամ իրավասու մշտական հանձնաժողովի կողմից քննիչ հանձնաժողովի լիազորությունների իրականացման մասին հայտարարությամբ.

2) չեն համապատասխանում սույն հոդվածի 1-ից 5-րդ մասերի պահանջներին, ապա Ազգային ժողովի նախագահը դրանք վերադարձնում է պատգամավորների ներկայացուցչին՝ նշելով պատճառների մասին:

7. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ, իսկ հանձնաժողովի կազմը եւ դրանում փոփոխությունները հաստատում է Ազգային ժողովի նախագահը՝ Կանոնակարգի 14-րդ հոդվածով մշտական հանձնաժողովների կազմավորման սկզբունքներին համապատասխան:

8. Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչեւ վեց ամիս է, որը կարող է մեկ անգամ, հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ վեց ամսով:

Հոդված 27. Քննիչ հանձնաժողովի նախագահը եւ նրա տեղակալը

1. Քննիչ հանձնաժողովում նախագահում է Կանոնակարգի 26-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում նշված պատգամավորը, իսկ նախագահի տեղակալն ընտրվում է հանձնաժողովի որոշմամբ:

2. Պաշտպանության եւ անվտանգության բնագավառների քննիչ հանձնաժողովի նախագահի գործառույթներն իրականացնում է իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը, իսկ նախագահի տեղակալինը՝ իրավասու մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը:

3. Քննիչ հանձնաժողովի նախագահը՝

1) նախապատրաստում եւ նախագահում է հանձնաժողովի նիստերը.

2) գումարում է հանձնաժողովի արտահերթ նիստ.

3) ապահովում է հանձնաժողովի որոշումների կատարումը.

4) ղեկավարում է հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումն իրականացնող անձանց աշխատանքը.

5) համակարգում է Ազգային ժողովի մարմինների եւ Աշխատակազմի հետ հանձնաժողովի, ինչպես նաեւ հանձնաժողովի մասնագիտական սպասարկումն իրականացնող անձանց գործունեությունը.

6) հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը.

7) ընթացք է տալիս եւ պատասխանում հանձնաժողովին ուղղված դիմումներին.

8) հանձնաժողովին իրազեկում է նրա որոշումների կատարման ընթացքի մասին:

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված քննիչ հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են, ապա հանձնաժողովի նոր նախագահի անունը, ազգանունն Ազգային ժողովի նախագահին են ներկայացվում քննիչ հանձնաժողովի ստեղծման պահանջը ներկայացրած պատգամավորների գրավոր դիմումով: Եթե դիմումը ստորագրում են պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդից պակաս թվով պատգամավորներ, ապա քննիչ հանձնաժողովի նախագահի պաշտոնը մնում է թափուր:

5. Քննիչ հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը։

Հոդված 28. Քննիչ հանձնաժողովի գործունեությունը

1. Քննիչ հանձնաժողովը կարող է`

1) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կամ համայնքային կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջել եւ ստանալ իր իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ, եթե դրանց տրամադրումն օրենքով արգելված չէ.

2) իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կամ համայնքային կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից, բացառությամբ դատարանների, դատավորների, դատախազների եւ քննիչների, պահանջել քննիչ հանձնաժողովի իրավասությանը վերաբերող հարցի ուսումնասիրության ընթացքում բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ անցկացնել ստուգումներ, ուսումնասիրություններ, փորձագիտական հետազոտություններ եւ ներկայացնել դրանց արդյունքները.

3) իր իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններին առնչվող բացատրություններ տալու նպատակով հանձնաժողովի նիստերին հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ այն անձանց, որոնք այդպիսի տեղեկություններ են ներկայացրել հանձնաժողով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները ստանալու նպատակով քննիչ հանձնաժողովը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ պաշտոնատար անձանց հարցումներ, իսկ իրավասու պաշտոնատար անձանց՝ հանձնաժողովի նիստերին ներկայանալու եւ բացատրություններ տալու հրավերներ է ուղարկում իր որոշմամբ կամ անդամների առնվազն մեկ քառորդի պահանջով: Քննիչ հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ ներկայացրած այլ անձինք հանձնաժողովի նիստին ներկայանում եւ դրանց վերաբերյալ բացատրություններ են տալիս իրենց դիմումների հիման վրա կամ հանձնաժողովի հրավերով:

3. Քննիչ հանձնաժողովի պահանջած նյութերը, փաստաթղթերը կամ այլ տեղեկությունները պետք է նրան ուղարկվեն հարցումն ստանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, եթե հարցման մեջ ավելի երկար ժամկետ նշված չէ, կամ հարցման հասցեատերը քննիչ հանձնաժողովի պահանջը կատարելու համար ողջամիտ ժամկետ չի առաջարկում:

4. Քննիչ հանձնաժողովի անդամներն իրավասու են հանձնաժողովի որոշմամբ անարգել այցելելու ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, պետական կամ համայնքային հիմնարկ կամ կազմակերպություն, ինչպես նաեւ ծանոթանալու քննիչ հանձնաժողովի իրավասության ոլորտին վերբերող ցանկացած նյութի եւ փաստաթղթի, եթե դրանց տրամադրումն օրենքով արգելված չէ:

5. Քննիչ հանձնաժողովի նիստերն անցկացվում են մշտական հանձնաժողովների համար Կանոնակարգով սահմանված կարգին համապատասխան: Քննիչ հանձնաժողովի հերթական նիստերը գումարվում են հանձնաժողովի կամ նրա նախագահի սահմանած օրերին:

6. Քննիչ հանձնաժողովն ունի իր աշխատակարգը, որը Խորհրդի սահմանած օրինակելի աշխատակարգին համապատասխան՝ հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:

7. Եթե քննիչ հանձնաժողովի գործունեության ընթացքում ի հայտ են գալիս փաստեր, որոնք առերեւույթ հանցագործության հատկանիշներ են պարունակում, ապա քննիչ հանձնաժողովի միջնորդությամբ Ազգային ժողովի նախագահը 24 ժամվա ընթացքում հարցին առնչվող բոլոր նյութերն ուղարկում է գլխավոր դատախազին:

Հոդված 29. Քննիչ հանձնաժողովի գործունեության սահմանափակումները

1. Քննիչ հանձնաժողովը չի կարող միջամտել դատավորների լիազորությունների իրականացմանը:

2. Քննիչ հանձնաժողովի գործունեությունը չի կարող փոխարինել քրեական գործով մինչդատական վարույթին, դատաքննությանը կամ արդարադատության իրականացմանը:

3. Քրեական գործով մեղադրյալ կամ կասկածյալ հանդիսացող անձը քրեական գործ հարուցելու, անձին որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավելու մասին որոշման կամ հանցակազմին վերաբերող հարցերով չի կարող հարցաքննվել քննիչ հանձնաժողովի կողմից:

4. Պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններին քննիչ հանձնաժողովի անդամները կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով: Եթե քննիչ հանձնաժողովն իր գործունեության ընթացքում օգտագործում է այդպիսի գաղտնիք պարունակող փաստաթղթեր, ապա պարտավոր է պահպանել նման փաստաթղթերի պահպանման եւ օգտագործման օրենքով սահմանված կանոնները:

Հոդված 30. Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցող անձանց իրավունքները եւ պարտականությունները

1. Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցող՝ Կանոնակարգի 28-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձինք իրավունք ունեն օգտվելու փաստաբանի ծառայություններից, ծանոթանալու իրենց մասնակցությամբ հանձնաժողովի նիստերի արձանագրություններին կամ դրանցում փոփոխություններ կատարելու պահանջ ներկայացնելու:

2. Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցող պաշտոնատար անձինք պարտավոր են քննիչ հանձնաժողովի որոշմամբ ներկայանալ նրա նիստին եւ տալ բացատրություններ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին: Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցող այլ անձինք իրավունք ունեն հանձնաժողովի նիստում տալու բացատրություններ, պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին:

3. Քննիչ հանձնաժողովի հարցումներով պահանջված տեղեկությունները չտրամադրելը կամ առանց հարգելի պատճառի քննիչ հանձնաժողովի նիստին չներկայանալն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

4. Քննիչ հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկություններ կամ բացատրություններ ներկայացնելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Հոդված 31. Քննիչ հանձնաժողովի զեկույցը

1. Քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքում Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաեւ դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները:

2. Զեկույցին կցվում են դրանում նշված փաստերը եւ եզրահանգումները հիմնավորող փաստաթղթեր կամ այլ նյութեր:

3. Զեկույցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում: Հարցը քննարկվում է ընդհանուր կարգով, հետեւյալ տարբերությամբ՝

1) մինչեւ 30 րոպե տեւողությամբ ելույթով հանդես է գալիս քննիչ հանձնաժողովի նախագահը՝ ներկայացնելով հանձնաժողովի զեկույցը, որից հետո նրան հարցեր են տրվում.

2) մինչեւ 20 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս քննիչ հանձնաժողովի նախագահը:

4. Եզրափակիչ ելույթում քննիչ հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ հանձնաժողովի զեկույցը կարող է ուղարկվել իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, կամ պաշտոնատար անձանց: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման: Եթե որոշումը չի ընդունվում կամ այդպիսի առաջարկ չի արվում, ապա հարցի քննարկումն համարվում է ավարտված:

5. Ազգային ժողովի նախագահը քննիչ հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է իրավասու անձանց, որոնք զեկույցի վերաբերյալ իրենց գրավոր պատասխանն Ազգային ժողովի նախագահին են ուղարկում մեկամսյա ժամկետում, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ: Պատասխանը պետք է ներառի քննիչ հանձնաժողովի եզրահանգումների առնչությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ տեղեկություններ:

6. Իրավասու անձանց պատասխանն ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Աշխատակազմն այն ուղարկում է Ազգային ժողովի նախագահի տեղակալներին, խմբակցություններ, մշտական հանձնաժողովներ եւ տեղադրում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

7. Քննիչ հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո հանձնաժողովի զեկույցը, նիստերի արձանագրությունները եւ մյուս նյութերն ուղարկվում են Ազգային ժողովի արխիվ:

Հոդված 32. Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ավարտը

1. Քննիչ հանձնաժողովի լիազորությունները ավարտվում են՝

1) Ազգային ժողովի նիստում նրա զեկույցի քննարկումն ավարտվելու պահից.

2) նրա զեկույցի ներկայացման ժամկետի լրանալու օրը, եթե մինչ այդ զեկույցը չի ներկայացվել Ազգային ժողովի քննարկմանը.

3) Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում:

ԳԼՈՒԽ 8

ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հոդված 33. Խորհրդի կազմը եւ գործունեությունը

1. Խորհուրդը կազմված է Ազգային ժողովի նախագահից, նրա երեք տեղակալներից, խմբակցությունների ղեկավարներից եւ մշտական հանձնաժողովների նախագահներից:

2. Խորհուրդը գործում է իր աշխատակարգին համապատասխան, որը հաստատվում է նրա որոշմամբ:

Հոդված 34. Խորհրդի լիազորությունները

1. Խորհուրդը՝

1) հաստատում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանների եւ նիստերի օրակարգերի նախագծերը.

2) սահմանում է Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը.

3) սահմանում է մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովների հերթական նիստերը գումարման ժամանակացույցը.

4) կարող է սահմանել Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվող հարցի տեւողությունը.

5) կարող է ընդունել Ազգային ժողովի հերթական նիստերի ընթացքում լրացուցիչ նիստ անցկացնելու մասին որոշում.

6) Սահմանադրության 168-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված դեպքում՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմում է Սահմանադրական դատարան.

7) սահմանում է Ազգային ժողովի հանձնաժողովների օրինակելի աշխատակարգերը.

8) հաստատում է Աշխատակազմի կառուցվածքը եւ կանոնադրությունը.

9) իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ՝ հաստատում է Բյուջետային գրասենյակի աշխատակարգը, փորձագետների պաշտոնավարման պայմանների, ընտրության (նշանակման), ինչպես նաեւ Բյուջետային գրասենյակի փորձագետներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգերը.

10) հաստատում է Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովների փորձագետների (մասնագետների) կազմը եւ թիվը.

11) հաստատում է Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման, ինչպես նաեւ Ազգային ժողովի նստավայրում մամուլի ասուլիսների, ճեպազրույցների անցկացման կարգերը.

12) հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերի նկարագրությունը եւ պարգեւատրման կարգը.

13) հաստատում է «Ազգային ժողովի պատգամավոր» կրծքանշանի նկարագրությունը.

14) հաստատում է մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման եւ Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետների ժամանակացույցը.

15) հաստատում է մշտական հանձնաժողովներում բյուջեի տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամանակացույցը.

16) համաձայնություն է տալիս միջխորհրդարանական համաձայնագիր ստորագրելու համար.

17) հաստատում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը, դրանց կազմավորման եւ գործունեության կարգերը.

18) ստեղծում է Ազգային ժողովի բարեկամական խմբեր, ինչպես նաեւ լուծարում դրանք, հաստատում է դրանց կազմերը, կազմավորման եւ գործունեության կարգերը.

19) սահմանում է Ազգային ժողովի նիստերի եւ «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի հեռարձակման համար մրցույթի պայմանները.

20) սահմանում է Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցերի ռեեստրի (այսուհետ՝ Ռեեստր) վարման կարգը.

21) իրականացնում է Կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 35. Խորհրդի նիստերի հրավիրման կարգը

1. Խորհրդի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են Ազգային ժողովի հերթական նիստերի շաբաթվա երկուշաբթի օրը՝ Ազգային ժողովի նախագահի սահմանած ժամին:

2. Խորհրդի արտահերթ նիստերը հրավիրում է Ազգային ժողովի նախագահը՝ իր կամ Խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ:

3. Խորհրդի հերթական նիստի, ինչպես նաեւ Ազգային ժողովի նախագահի հրավիրած արտահերթ նիստի օրակարգի նախագիծը կազմում եւ Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում Աշխատակազմը:

4. Խորհրդի նիստի օրակարգի նախագիծը եւ դրանում ընդգրկված հարցերի նախագծերը՝ Խորհրդի հերթական նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ, իսկ արտահերթ նիստի դեպքում՝ մեկ ժամ առաջ տեղադրվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաեւ նիստից առաջ տրամադրվում Խորհրդի անդամներին:

Հոդված 36. Խորհրդի նիստերի հրապարակայնությունը

1. Խորհրդի նիստերը հրապարակային են:

2. Խորհրդի փակ նիստ կարող է անցկացվել նրա որոշմամբ: Փակ նիստում քվեարկությունն արգելվում է:

3. Խորհրդի հրապարակային նիստում, նրա անդամներից բացի, կարող են ներկա գտնվել՝

1) Աշխատակազմի ղեկավարը եւ նրա տեղակալներից մեկը.

2) օրակարգային հարցերի վերաբերյալ եզրակացություն ներկայացրած Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները.

3) Խորհրդի որոշմամբ կամ Ազգային ժողովի նախագահի կողմից հրավիրված անձինք.

4) նիստի սպասարկումը կամ լուսաբանումն ապահովող ծառայողները՝ Աշխատակազմի ղեկավարի սահմանած ցանկով:

4. Խորհրդի փակ նիստում, նրա անդամներից բացի, կարող են ներկա գտնվել Աշխատակազմի ղեկավարը, նրա տեղակալներից մեկը եւ նրա սահմանած ցանկով նիստի սպասարկումն ապահովող ծառայողները:

Հոդված 37. Խորհրդի նիստերի անցկացման կարգը

1. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) Խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին եւ այն նախագահում է Ազգային ժողովի նախագահը կամ նրան փոխարինող տեղակալը:

2. Նիստն սկսվում է օրակարգի հաստատումով: Մինչեւ օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում:

3. Խորհրդի նիստում հարցերը քննարկվում են Ազգային ժողովի նիստում հարցերի քննարկման ընդհանուր կարգին համապատասխան՝ Խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով:

4. Խորհրդի օրակարգի հաստատման կամ նրա իրավասությանը վերապահված այլ որոշման ընդունման վերաբերյալ առաջարկ ներկայացնելու, ինչպես նաեւ զեկուցողներին հարցեր տալու կամ նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթի իրավունք ունեն միայն Խորհրդի անդամները: Հարցի քննարկմանը մասնակցելու իրավունք ունեցող այլ անձինք կարող են ելույթ ունենալ նիստը նախագահողի թույլտվությամբ կամ Խորհրդի որոշմամբ:

5. Խորհրդի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ: Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից անմիջապես հետո: Խորհրդի անդամը կարող է քվեարկել կողմ, դեմ, ձեռնպահ կամ հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց:

6. Նիստի արձանագրության քաղվածքն Ազգային ժողովի նախագահի կողմից ստորագրվելուց հետո տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

ԲԱԺԻՆ II

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԸ

ԳԼՈՒԽ 9

ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

Հոդված 38. Առաջին նստաշրջանի հրավիրումը

1. Հերթական ընտրությունների դեպքում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը հրավիրվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը՝ ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

2. Գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտման օրը նորընտիր Ազգային ժողով կազմավորված չլինելու, ռազմական կամ արտակարգ դրության պատճառով Ազգային ժողովի ընտրությունը Սահմանադրության 91-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում անցկացվելու, ինչպես նաեւ Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքերում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

Հոդված 39. Առաջին նստաշրջանի անցկացումը

1. Առաջին նստաշրջանի նիստերը բացում եւ մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ամենավագ պատգամավորը:

2. Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

3. Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են՝ «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:»:

4. Նիստից բացակայող կամ Ազգային ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորը երդվում է Ազգային ժողովի՝ իր մասնակցությամբ առաջին նիստում:

5. Պատգամավորների երդումից հետո նիստը նախագահողն Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության հիման վրա՝ պաշտոնապես հայտարարում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը, քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումները եւ ներկայացնում պատգամավորներին` կարդալով յուրաքանչյուրի անունը, ազգանունը, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, որից հետո պատգամավորները գրանցվում են:

6. Նիստը նախագահողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը՝

1) հաշվիչ հանձնախմբի ստեղծում.

2) Ազգային ժողովի նախագահի ընտրություն.

3) Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ.

4) մշտական հանձնաժողովների ստեղծում.

5) մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ.

6) Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:

7. Առաջին նստաշրջանի նիստերն անցկացվում են հերթական նիստերի համար՝ Կանոնակարգի 43–րդ հոդվածով սահմանված կարգով: Մինչեւ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցի քննարկումն ավարտվելը տեղի են ունենում ամենօրյա նիստեր:

8. Կառավարության ծրագիրն Ազգային ժողով ներկայացվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս այդ հարցի քննարկմանը նվիրված նիստի օրվա եւ ժամի մասին հայտարարությամբ:

9. Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի առաջին նստաշրջանի նիստում հանդես է գալիս խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների, Խորհրդի կազմավորման վերաբերյալ հայտարարությամբ:

10. Առաջին նստաշրջանը փակվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով եւ հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:

11. Ազգային ժողովի առաջին եւ երկրորդ նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում պատգամավորների առաջարկով Ազգային ժողովի գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ պատգամավորների համար կարող են կազմակերպվել սեմինարներ:

Հոդված 40. Հաշվիչ հանձնախմբի ստեղծումը եւ նրա լիազորությունները

1. Հաշվիչ հանձնախումբ ստեղծվում է Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: Առաջարկը ներկայացվում է Ազգային ժողովի նիստի ընթացքում եւ քվեարկության է դրվում առանց քննարկման:

2. Հաշվիչ հանձնախմբի լիազորությունները պահպանվում են մինչեւ Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:

3. Հաշվիչ հանձնախմբի կազմը եւ դրանում փոփոխությունները հաստատում է Ազգային ժողովի նախագահը՝ Կանոնակարգի 14-րդ հոդվածով մշտական հանձնաժողովների կազմավորման սկզբունքներին համապատասխան:

4. Հաշվիչ հանձնախումբն իր կազմից ընտրում է հանձնախմբի նախագահ եւ քարտուղար:

5. Պաշտոնում ընտրվող կամ նշանակվող թեկնածուն, ինչպես նաեւ քվեարկության դրված հարցի հեղինակը համապատասխան քվեարկության ընթացքում չեն կարող մասնակցել հաշվիչ հանձնախմբի աշխատանքներին:

6. Հաշվիչ հանձնախումբը՝

1) կազմակերպում է գաղտնի, անվանական քվեարկությունների անցկացումը եւ Ազգային ժողով է ներկայացնում դրանց արդյունքները.

2) Ազգային ժողովի նիստերի էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում գրանցում է պատգամավորներին, ինչպես նաեւ հաշվում է բաց քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայները:

7. Գաղտնի կամ անվանական քվեարկության կազմակերպման, ինչպես նաեւ գաղտնի քվեարկության քվեաթերթիկն անվավեր ճանաչելու վերաբերյալ հաշվիչ հանձնախմբի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ:

8. Գաղտնի կամ անվանական քվեարկության արձանագրությունը ստորագրում են հաշվիչ հանձնախմբի նախագահը եւ մյուս անդամները:

ԳԼՈՒԽ 10

ՀԵՐԹԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ

Հոդված 41. Հերթական նստաշրջանների գումարման կարգը

1. Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ՝ հունվարի երրորդ երկուշաբթիից մինչեւ հունիսի երրորդ հինգշաբթին եւ սեպտեմբերի երկրորդ երկուշաբթիից մինչեւ դեկտեմբերի երրորդ հինգշաբթին:

2. Հերթական նստաշրջանի ընթացքում գումարվում են Ազգային ժողովի հերթական նիստեր, ինչպես նաեւ կարող են գումարվել արտահերթ նիստեր:

Հոդված 42. Հերթական նիստերի գումարման կարգը

1. Հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերը գումարվում են երկուշաբթիից հինգշաբթին, իսկ մյուս նիստերը՝ երեք շաբաթը մեկ անգամ, երեքշաբթիից ուրբաթ: Հերթական նստաշրջանի վերջին շաբաթվա հերթական նիստերն ավարտվում են հինգշաբթի օրը:

2. Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ հերթական նիստերը կարող են տեղափոխվել Ազգային ժողովի նիստերից ազատ շաբաթ: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման: Որոշումը կարող է ընդունվել տեղափոխվող նիստերից առնվազն մեկ շաբաթ առաջ:

3. Նույն գումարման հերթական նստաշրջանի ընթացքում հերթական նիստերը կարող են տեղափոխվել ոչ ավելի, քան երկու անգամ: Հերթական նստաշրջանի առաջին եւ վերջին շաբաթվա հերթական նիստերը, ինչպես նաեւ այն նիստերը, որոնց օրակարգում նախատեսվում է ընդգրկել պարտադիր քննարկման ենթակա հարց՝ չեն կարող տեղափոխվել:

Հոդված 43. Հերթական նիստերի անցկացման կարգը

1. Հերթական նիստերի յուրաքանչյուր օրը՝ ժամը 10:00-ից մինչեւ 18:00 տեղի է ունենում չորս հիմնական նիստ: Երեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստն ավարտվում է հերթագրված վերջին պատգամավորի հայտարարությամբ հանդես գալուց հետո:

2. Հերթական նիստերի յուրաքանչյուր օրվա ընթացքում՝ ժամը 18:30-ից մինչեւ 20:00, Ազգային ժողովի կամ Խորհրդի որոշմամբ կարող է անցկացվել մեկ լրացուցիչ նիստ: Արտահերթ նիստի գումարման ժամին լրացուցիչ նիստ չի կարող անցկացվել:

3. Լրացուցիչ նիստ անցկացնելու մասին Ազգային ժողովի կամ Խորհրդի որոշումը կարող է ընդունվել մինչեւ տվյալ օրվա վերջին հիմնական նիստի ավարտը: Ազգային ժողովի որոշումն ընդունվում է նիստը նախագահողի, խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի, իսկ Խորհրդի որոշումը՝ նրա անդամի առաջարկությամբ: Ազգային ժողովի որոշման ընդունման վերաբերյալ առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման:

4. Հիմնական եւ լրացուցիչ նիստերից յուրաքանչյուրի տեւողությունը 90 րոպե է, որը կարող է նիստը նախագահողի առաջարկով առանց քվեարկության երկարաձգվել մինչեւ 15 րոպեով:

5. Հերթական նիստերի յուրաքանչյուր օրվա երկրորդ նիստից հետո հայտարարվում է մեկ ժամ, իսկ մյուս նիստերից հետո՝ 30 րոպե ընդմիջում: Նիստի երկարաձգման դեպքում ընդմիջումը կրճատվում է համապատասխան ժամկետով:

6. Ոչ աշխատանքային օրերին հերթական նիստեր չեն անցկացվում:

Հոդված 44. Հերթական նստաշրջանի օրակարգը

1. Հերթական նստաշրջանի օրակարգում կարող են ընդգրկվել միայն Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված, այդ թվում՝ նախորդ հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը:

2. Հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվում են հերթական նիստերի առաջին օրվա դրությամբ նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու ենթակա հետեւյալ հարցերը.

1) պարտադիր քննարկման ենթակա հարցերը,

2) այն հարցերը, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ստացվել է կամ դրա ներկայացման ժամկետը լրացել է:

3. Պարտադիր քննարկման ենթակա հարցերն են՝

1) թափուր պաշտոններում ընտրության կամ նշանակման մասին հարցերը.

2) Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը.

3) Կառավարության վստահության հարցը.

4) Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծերը.

5) վարչապետին անվստահություն հայտնելու մասին հարցը.

6) Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը.

7) Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացությամբ՝ Ազգային ժողովի կողմից ընտրված պաշտոնատար անձանց լիազորությունների դադարեցման մասին հարցերը.

8) պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին հարցը.

9) Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին հարցը.

10) խմբակցությունների հարցապնդումների պատասխանների քննարկման մասին հարցերը.

11) ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված հարցը.

12) Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցը.

13) Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի զեկույցը.

14) Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին հարցը.

15) Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին հարցը.

16) Ազգային ժողովի նախագահի ներկայացրած հայտարարության կամ ուղերձի նախագիծը.

17) խորհրդարանական վերահսկողության վերաբերյալ մշտական հանձնաժողովների եզրակացությունները.

18) պետական մարմինների զեկույցները, հաղորդումները, եւ հաշվետվությունները.

19) օրենքով կամ Ազգային ժողովի որոշմամբ նախատեսված քննարկման ժամկետ ունեցող հարցերը:

4. Պարտադիր քննարկման ենթակա հարցերը հերթական նստաշրջանի եւ նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվում են միաժամանակ՝ բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասի 17-րդ եւ 18-րդ մասերում նշված հարցերի, որոնք հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվում են Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

5. Հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու նախագիծը կազմված է հետեւյալ բաժիններից՝

1) առաջին բաժին, որտեղ ներառվում են նախորդ հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված, ինչպես նաեւ պարտադիր քննարկման ենթակա հարցերը.

2) երկրորդ բաժին, որտեղ ներառվում են այն հարցերը, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն.

3) երրորդ բաժին, որտեղ ներառվում են այն հարցերը, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է բացասական եզրակացություն կամ եզրակացություն չի ներկայացրել:

6. Հերթական նստաշրջանի օրակարգի եւ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծերը մշակում եւ Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում Աշխատակազմը:

7. Հերթական նստաշրջանի օրակարգի եւ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծերն Ազգային ժողովի նախագահի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:

8. Հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագիծն Ազգային ժողովի նիստում քննարկվում է ընդհանուր կարգով, հետեւյալ տարբերությամբ՝

1) նախագիծը ներկայացնելու համար Ազգային ժողովի նախագահին հատկացվում է 20 րոպե, որից հետո նրան կարող են տրվել հարցեր.

2) նախագծի երրորդ բաժնում ներառված հարցի հիմնական զեկուցողն իրավունք ունի հերթագրվելուց հետո՝ մինչեւ երեք րոպեի ընթացքում, ամբիոնից ներկայացնելու հարցը, որից հետո՝ նույն տեւողությամբ ելույթով, ամբիոնից կարող է հանդես գալ գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով հարցի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.

3) հերթագրված մյուս պատգամավորները ելույթ են ունենում խոսափողից՝ երկու րոպեի ընթացքում.

4) խմբակցությունների ներկայացուցիչներին ելույթի համար հատկացվում է մինչեւ երեք րոպե.

5) քննարկումն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի՝ մինչեւ հինգ րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով, որտեղ նա, ելնելով քննարկման արդյունքներից, իր հայեցողությամբ միասնական քվեարկության է դնում նախագծի երկրորդ բաժնի հարցերը կամ դրանց մի մասը հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը, որի ընդունվելու դեպքում՝ երկրորդ բաժնի մնացած եւ երրորդ բաժնի բոլոր, իսկ չընդունվելու դեպքում՝ երկրորդ եւ երրորդ բաժինների բոլոր հարցերը քվեարկվում են առանձին-առանձին.

6) նախագծի 1-ին բաժնում ներառված հարցերը հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվում են առանց քվեարկության:

9. Քվեարկության արդյունքում հերթական նստաշրջանի օրակարգում չընդգրկված հարցը շրջանառությունից հանվում է:

Հոդված 45. Հերթական նիստերի օրակարգը

1. Հերթական նիստերի օրակարգում կարող են ընդգրկվել միայն հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը, այդ թվում՝ պարտադիր քննարկման ենթակա, ինչպես նաեւ նախորդ հերթական նիստերում անավարտ մնացած հարցերը:

2. Հերթական նիստերի օրակարգի նախագիծը կազմված է հետեւյալ բաժիններից.

1) առաջին բաժին, որտեղ ներառվում են պարտադիր քննարկման ենթակա, ինչպես նաեւ նախորդ հերթական նիստերում անավարտ մնացած հարցերը.

2) երկրորդ բաժին, որտեղ ներառվում են հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված այլ հարցեր:

3. Հերթական նիստերի օրակարգի նախագիծը մշակում եւ Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում Աշխատակազմը: Նախագծի երկրորդ բաժնում հարցերը ներառվում են հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու օրերի հաջորդականությամբ: Նախագծի երկրորդ բաժնի հարցերի թիվը որոշելիս հաշվի են առնվում Կառավարության, մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների գրավոր առաջարկները, ինչպես նաեւ առաջիկա հերթական նիստերում քննարկման ենթակա հարցերի ծավալը եւ լրացուցիչ նիստերի անցկացման հնարավորությունը:

4. Հերթական նիստերի օրակարգի նախագիծն Ազգային ժողովի նախագահի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Հարցի քննարկման ընթացքում Խորհրդի անդամներն իրավունք ունեն առաջարկելու՝ նախագծի երկրորդ բաժնում ներառելու կամ դրանից հանելու հարցեր: Նախագիծն ամբողջությամբ քվեարկության է դրվում՝ Խորհրդի անդամների բոլոր առաջարկները քվեարկելուց հետո:

5. Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերի քննարկումն ապահովելու նպատակով Խորհուրդը կարող է նախագիծը հաստատելուց հետո սահմանել հարցերի քննարկման հերթականությունը կամ տեւողությունը, ինչպես նաեւ կայացնել առաջիկա հերթական նիստերի ընթացքում լրացուցիչ նիստ անցկացնելու մասին որոշում:

6. Հերթական նիստերի օրակարգի նախագիծն Ազգային ժողովի նիստում քննարկվում է ընդհանուր կարգով, հետեւյալ տարբերությամբ՝

1) նախագիծը ներկայացնելու համար Ազգային ժողովի նախագահին հատկացվում է 20 րոպե, որից հետո նրան կարող են տրվել հարցեր.

2) ելույթ ունեցողը հանդես է գալիս խոսափողից՝ երկու րոպեի ընթացքում.

3) խմբակցությունների ներկայացուցիչներին ելույթի համար հատկացվում է մինչեւ երեք րոպե.

4) հերթական նիստերի օրակարգի նախագծի քննարկումն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի՝ մինչեւ հինգ րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով.

5) քվեարկության է դրվում նախագծի երկրորդ բաժնի հարցերը հերթական նիստերի օրակարգում ընդգրկելու մասին հարցը, որի չընդունվելու դեպքում այդ բաժնի բոլոր հարցերը քվեարկվում են առանձին-առանձին.

6) նախագծի առաջին բաժնի հարցերը հերթական նիստերի օրակարգում ընդգրկվում են առանց քվեարկության.

7) պատգամավորի առարկության դեպքում առանց քննարկման քվեարկության է դրվում օրակարգային որեւէ հարցի քննարկման տեւողությունը սահմանափակելու մասին Խորհրդի որոշումը հաստատելու մասին հարցը: Եթե Խորհրդի որոշումը չի հաստատվում, ապա այդ հարցը քննարկվում է ընդհանուր կարգով՝ առանց տեւողության սահմանափակման.

8) Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ՝ վերջնական տեսքով քվեարկության են դրվում օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգերի մասին Ազգային ժողովի որոշման նախագծերը:

7. Քվեարկության արդյունքում հերթական նիստերի օրակարգում չընդգրկված հարցը մնում է հերթական նստաշրջանի օրակարգում: Եթե հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, հարցը չի ընդգրկվում հերթական նիստերի օրակարգում, ապա այն հանվում է շրջանառությունից:

Հոդված 46. Հերթական նիստերի ընթացքը

1. Հերթական նիստերը սկսվում են հերթական նստաշրջանի եւ նիստերի օրակարգերի նախագծերի քննարկմամբ, որոնց հաստատումից հետո սահմանված հաջորդականությամբ քննարկվում են օրակարգային հարցերը:

2. Օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը կարող է փոխվել Ազգային ժողովի նախագահի հայտարարությամբ, իսկ խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի առարկության դեպքում՝ Ազգային ժողովի որոշմամբ: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման:

3. Օրակարգային հարցերի քննարկումն ընդհատվում է՝

1) հերթական նիստերի յուրաքանչյուր երկրորդ շաբաթվա երեքշաբթի օրվա երկրորդ հիմնական նիստում, որի ընթացքում քննարկվում է ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված մեկ հարց.

2) հերթական նիստերի յուրաքանչյուր երեքշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում, որի ընթացքում կարող է անցկացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով մեկ քննարկում.

3) հերթական նիստերի յուրաքանչյուր երեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում, որի ընթացքում պատգամավորները կարող են հանդես գալ հայտարարություններով.

4) հերթական նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում, որի ընթացքում ներկայացվում եւ կարող են քննարկվել խմբակցությունների հարցապնդումների պատասխանները.

5) հերթական նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում, որի ընթացքում վարչապետը եւ Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին.

6) Կանոնակարգով նախատեսված դեպքերում՝ Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով որոշման նախագծերի, ինչպես նաեւ այդպիսի որոշումների ընդունման վերաբերյալ առաջարկների քննարկման կամ քվեարկության համար անհրաժեշտ ժամանակահատվածով:

4. Հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկման, հարցապնդման պատասխանի կամ արտահերթ համարված հարցի բացակայության, դրանց քննարկումը կամ պատգամավորների հայտարարություններն ավարտվելուց հետո օրակարգային հարցերի քննարկումը շարունակվում է:

5. Հերթական նիստերը համարվում են փակված օրակարգային հարցերի քննարկումը կամ այդ նիստերի շաբաթվա վերջին նիստն ավարտվելուց հետո:

Հոդված 47. Արտահերթ նիստի գումարման կարգը

1. Արտահերթ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի կամ Կառավարության նախաձեռնությամբ:

2. Օրենքի նախագիծը կարող է արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվել, եթե այդ նախագիծը շրջանառության մեջ է, եւ դրա առաջին կամ երկրորդ ընթերցման վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ստացվել է, կամ եզրակացության ներկայացման ժամկետը լրացել է: Բացառիկ դեպքերում, վարչապետի կամ խմբակցության հիմնավորված միջնորդությամբ՝ Խորհրդի համաձայնությամբ օրենքի նախագիծը կարող է արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվել՝ առանց գլխադասային հանձնաժողովում նախապես քննարկվելու:

3. Արտահերթ նիստի օրակարգում չեն կարող ընդգրկվել նույն օրենքի նախագիծն առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը:

4. Արտահերթ նիստ գումարելու մասին պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի նախաձեռնությունն իրականացվում է ստորագրաթերթով, որը նրանց տրամադրում է Աշխատակազմը: Անհրաժեշտ քանակի ստորագրություններով ստորագրաթերթը 24 ժամվա ընթացքում հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, որից հետո ստորագրաթերթը փոփոխման ենթակա չէ:

5. Արտահերթ նիստ գումարելու մասին Կառավարության նախաձեռնությունն իրականացվում է նրա որոշմամբ եւ Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում վարչապետի ստորագրած պաշտոնական գրությամբ:

6. Ստորագրաթերթի նախաբանում, ինչպես նաեւ պաշտոնական գրությունում նշվում են՝

1) արտահերթ նիստի օրակարգը, որը ներառում է օրակարգային հարցերի անվանումները եւ քննարկման հաջորդականությունը,

2) արտահերթ նիստը սկսելու ժամը, իսկ մեկից ավելի նիստերի դեպքում՝ դրանց թիվը կամ օրերը,

3) արտահերթ նիստը նախաձեռնողի ներկայացուցչի անունը, ազգանունը,

4) կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

7. Ստորագրաթերթին եւ պաշտոնական գրությանը կից ներկայացվում են օրակարգային հարցերի քննարկման համար՝ Կանոնակարգով պահանջվող փաստաթղթերը, իսկ պաշտոնական գրությանը կից՝ նաեւ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Կառավարության որոշումը:

8. Ստորագրաթերթը կամ պաշտոնական գրությունն ստացնալուց հետո Աշխատակազմն անհապաղ Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում Սահմանադրության եւ Կանոնակարգի պահանջներին դրանց համապատասխանության վերաբերյալ տեղեկանք:

9. Ազգային ժողովի նախագահը նախաձեռնությունն ստանալուց հետո՝

1) նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում գումարում է Ազգային ժողովի արտահերթ նիստ, կամ

2) ստորագրաթերթը կամ պաշտոնական գրությունը, ինչպես նաեւ դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է արտահերթ նիստը նախաձեռնողին՝ նշելով պատճառների մասին, եթե դրանք չեն համապատասխանում Սահմանադրության կամ Կանոնակարգի պահանջներին:

10. Արտահերթ նիստը գումարելուց հետո Աշխատակազմը նիստի օրակարգն անհապաղ տեղադրում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաեւ ուղարկում Ազգային ժողովի նախագահի տեղակալներին, մշտական հանձնաժողովներին եւ խմբակցություններին, իսկ պատգամավորների նախաձեռնության դեպքում՝ նաեւ Կառավարություն:

Հոդված 48. Արտահերթ նիստի անցկացման կարգը

1. Հերթական նիստերից ազատ օրերին արտահերթ նիստերը կարող են տեղի ունենալ ժամը 12:00-ից մինչեւ 24:00:

2. Հերթական նիստերի օրը՝ ժամը 18:30-ից մինչեւ 24:00 կարող են տեղի ունենալ մինչեւ երեք արտահերթ նիստ:

3. Արտահերթ նիստերից յուրաքանչյուրի տեւողությունը 90 րոպե է, որը կարող է նախաձեռնողի ներկայացուցչի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ 15 րոպեով: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման: Նիստի երկարաձգման դեպքում ընդմիջումը կրճատվում է համապատասխան ժամկետով:

4. Հերթական նիստերից ազատ օրը գումարվելու դեպքում՝ արտահերթ նիստի յուրաքանչյուր օրվա առաջին նիստից հետո հայտարարվում է մեկ ժամ, իսկ մյուս նիստերից հետո՝ 30 րոպե ընդմիջում:

Հոդված 49. Արտահերթ նիստերի ընթացքը

1. Արտահերթ նիստը սկսվում է նախաձեռնողի ներկայացրած՝ օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգերի մասին Ազգային ժողովի որոշման նախագծերի քննարկմամբ, իսկ դրանց քննարկումն ավարտվելու կամ բացակայության դեպքում նախաձեռնողի սահմանած հաջորդականությամբ քննարկվում են օրակարգային հարցերը:

2. Օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը կարող է փոխվել, ինչպես նաեւ օրակարգից հարցը կարող է հանվել նախաձեռնողի ներկայացուցչի առաջարկով՝ առանց քվեարկության:

3. Օրակարգային հարցերի քննարկումն ավարտվելուց հետո արտահերթ նիստը համարվում է փակված:

ԳԼՈՒԽ 11

ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ

Հոդված 50. Արտահերթ նստաշրջանի գումարման կարգը

1. Արտահերթ նստաշրջան գումարում է Ազգային ժողովի նախագահը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի կամ Կառավարության նախաձեռնությամբ:

2. Արտահերթ նստաշրջանը չի կարող անցկացվել հերթական նստաշրջանի ընթացքում:

3. Օրենքի նախագիծը կարող է արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել, եթե այդ նախագիծը շրջանառության մեջ է, եւ դրա վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ստացվել է կամ եզրակացության ներկայացման ժամկետը լրացել է: Բացառիկ դեպքերում, վարչապետի կամ խմբակցության հիմնավորված միջնորդությամբ՝ Խորհրդի համաձայնությամբ օրենքի նախագիծը կարող է արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել առանց գլխադասային հանձնաժողովում նախապես քննարկվելու:

4. Արտահերթ նստաշրջանի օրակարգում չեն կարող ընդգրկվել նույն օրենքի նախագիծն առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը:

5. Արտահերթ նստաշրջան գումարելու մասին պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի նախաձեռնությունն իրականացվում է ստորագրաթերթով, որը նրանց տրամադրում է Աշխատակազմը: Անհրաժեշտ քանակի ստորագրություններով ստորագրաթերթը 24 ժամվա ընթացքում հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, որից հետո ստորագրաթերթը փոփոխման ենթակա չէ:

6. Արտահերթ նստաշրջան գումարելու մասին Կառավարության նախաձեռնությունն իրականացվում է նրա որոշմամբ եւ Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում վարչապետի ստորագրած պաշտոնական գրությամբ:

7. Ստորագրաթերթի նախաբանում, ինչպես նաեւ պաշտոնական գրությունում նշվում են՝

1) արտահերթ նստաշրջանի օրակարգը, որը ներառում է օրակարգային հարցերի անվանումները եւ քննարկման հաջորդականությունը,

2) արտահերթ նստաշրջանի անցկացման ժամկետները,

3) արտահերթ նստաշրջանը նախաձեռնողի ներկայացուցչի անունը, ազգանունը,

4) դրանց կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

8. Ստորագրաթերթին եւ պաշտոնական գրությանը կից ներկայացվում են օրակարգային հարցերը քննարկելու համար՝ Կանոնակարգով պահանջվող փաստաթղթերը, իսկ պաշտոնական գրությանը կից նաեւ արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Կառավարության որոշումը:

9. Ստորագրաթերթը կամ պաշտոնական գրությունն ստանալուց հետո Աշխատակազմն անհապաղ Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում Սահմանադրության եւ Կանոնակարգի պահանջներին դրանց համապատասխանության վերաբերյալ տեղեկանք:

10. Ազգային ժողովի նախագահը նախաձեռնությունը ստանալուց հետո՝

1) նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում գումարում է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, կամ

2) ստորագրաթերթը կամ պաշտոնական գրությունը, ինչպես նաեւ դրանց կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է արտահերթ նիստը նախաձեռնողին՝ նշելով պատճառների մասին, եթե դրանք չեն համապատասխանում Սահմանադրության կամ Կանոնակարգի պահանջներին:

11. Արտահերթ նստաշրջան գումարելուց հետո Աշխատակազմն անհապաղ նստաշրջանի օրակարգը տեղադրում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաեւ ուղարկում է Ազգային ժողովի նախագահի տեղակալներին, մշտական հանձնաժողովներ եւ խմբակցություններ, իսկ պատգամավորների նախաձեռնության դեպքում՝ նաեւ Կառավարություն:

Հոդված 51. Արտահերթ նստաշրջանի անցկացման կարգը

1. Արտահերթ նստաշրջանը անցկացվում է հետեւյալ կարգով՝

1) նստաշրջանի յուրաքանչյուր օրը տեղի է ունենում 90 րոպե տեւողությամբ չորս նիստ,

2) յուրաքանչյուր նիստից հետո հայտարարվում է 30 րոպե ընդմիջում,

3) երկրորդ ընդմիջման տեւողությունը մեկ ժամ է։

2. Արտահերթ նստաշրջանի յուրաքանչյուր նիստի տեւողությունը կարող նախաձեռնողի ներկայացուցչի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ 15 րոպեով: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման: Նիստի երկարաձգման դեպքում ընդմիջումը կրճատվում է համապատասխան ժամկետով:

Հոդված 52. Արտահերթ նստաշրջանի ընթացքը

1. Արտահերթ նստաշրջանը սկսվում է նախաձեռնողի ներկայացրած՝ օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգերի մասին Ազգային ժողովի որոշման նախագծերի քննարկմամբ, իսկ դրանց քննարկումն ավարտվելու կամ բացակայության դեպքում՝ նախաձեռնողի սահմանած հաջորդականությամբ քննարկվում են օրակարգային հարցերը:

2. Օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը կարող է փոխվել, ինչպես նաեւ օրակարգից հարցը կարող է հանվել նախաձեռնողի ներկայացուցչի առաջարկով՝ առանց քվեարկության:

3. Օրակարգային հարցերի քննարկումն ավարտվելու կամ հերթական նստաշրջանը սկսվելու դեպքում՝ արտահերթ նստաշրջանը համարվում է փակված:


ԳԼՈՒԽ 12

ՀԱՏՈՒԿ ՆԻՍՏԵՐԸ

Հոդված 53. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում հատուկ նիստի գումարման եւ անցկացման կարգը

1. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

2. Եթե ռազմական դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման հրապարակումից հետո՝ չորս ժամվա ընթացքում, գրանցված պատգամավորների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա նիստը սկսվում է առանց իրավազորության ապահովման:

3. Հարցը քննարկվում է ընդհանուր կարգով, հետեւյալ տարբերությամբ՝

1) ռազմական դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշումը ներկայացնում է վարչապետը կամ նրա ներկայացուցիչը, որից հետո նրան կարող են հարցեր տրվել.

2) հարակից զեկուցում չի լինում.

3) մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ խմբակցությունների երկուական ներկայացուցիչներ.

4) եզրափակիչ ելույթով հանդես է գալիս վարչապետը կամ նրա ներկայացուցիչը։

4. Հարցի քննարկումն ավարտվելուց հետո հատուկ նիստը համարվում է փակված:

Հոդված 54. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում հատուկ նիստի գումարման եւ անցկացման կարգը

1. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

2. Եթե արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման հրապարակումից հետո՝ չորս ժամվա ընթացքում, գրանցված պատգամավորների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա նիստը սկսվում է առանց իրավազորության ապահովման:

3. Հարցը քննարկվում է ընդհանուր կարգով, հետեւյալ տարբերությամբ՝

1) արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշումը ներկայացնում է վարչապետը կամ նրա ներկայացուցիչը, որից հետո նրան կարող են հարցեր տրվել.

2) հարակից զեկուցում չի լինում.

3) մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների մեկական ներկայացուցիչներ.

4) եզրափակիչ ելույթով հանդես է գալիս վարչապետը կամ նրա ներկայացուցիչը։

5. Հարցի քննարկումն ավարտվելուց հետո հատուկ նիստը համարվում է փակված:

Հոդված 55. Պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու հարցով հատուկ նիստի գումարման եւ անցկացման կարգը

1. Պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին առաջարկ ներկայացնելու իրավունք ունի Կառավարությունը:

2. Պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին առաջարկն Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում վարչապետը, որից հետո իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

3. Եթե պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին առաջարկը ներկայացվելուց հետո՝ չորս ժամվա ընթացքում, գրանցված պատգամավորների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա նիստը սկսվում է առանց իրավազորության ապահովման:

4. Հարցն Ազգային ժողովում քննարկվում է ընդհանուր կարգով, հետեւյալ տարբերությամբ՝

1) առաջարկը ներկայացնում է վարչապետը կամ նրա ներկայացուցիչը, որից հետո նրան կարող են հարցեր տրվել.

2) հարակից զեկուցում չի լինում.

3) մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ խմբակցությունների երկուական ներկայացուցիչներ.

4) եզրափակիչ ելույթով հանդես է գալիս վարչապետը կամ նրա ներկայացուցիչը։

5. Պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

6. Ազգային ժողովի նախագահը պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

7. Հարցի քննարկումն ավարտվելուց հետո հատուկ նիստը համարվում է փակված:

Հոդված 56. Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված հատուկ նիստի գումարման եւ անցկացման կարգը

1. Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը հերթական ընտրության դեպքում գումարվում է՝ Հանրապետության նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը, իսկ արտահերթ ընտրության դեպքում՝ Հանրապետության նախագահի ընտրվելուց հետո՝ տասներորդ օրը:

2. Նիստի գումարման օրվա, ժամի եւ անցկացման կարգի մասին հայտարարությամբ հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահը:

3. Նիստի անցկացման կարգը սահմանվում է Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ՝ Խորհրդի որոշմամբ:

Հոդված 57. Սահմանադրությամբ սահմանված ժամկետների ապահովման նպատակով հատուկ նիստերի գումարման կարգը

1. Սահմանադրության 115-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում՝ վարչապետին անվստահություն հայտնելու մասին հարցը քննարկվում է իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

2. Սահմանադրության 125-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 126-րդ հոդվածով սահմանված ժամկետներում Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում՝ Հանրապետության նախագահի ընտրության մասին հարցը քննարկվում է իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

3. Սահմանադրության 157-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում՝ Կառավարության վստահության հարցը քվեարկության է դրվում իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

4. Հատուկ նիստի գումարման օրվա եւ ժամի մասին հայտարարությամբ հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահը:

5. Հատուկ նիստում ընդմիջում կարող է հայտարարվել միայն Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման:

6. Հարցի քննարկումն ավարտվելուց հետո հատուկ նիստը համարվում է փակված:

ԳԼՈՒԽ 13

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ

Հոդված 58. Ազգային ժողովի նստավայրը եւ աշխատանքային լեզուն

1. Ազգային ժողովի նիստերը գումարվում են Երեւան քաղաքում, Ազգային ժողովի նստավայրում՝ Մարշալ Բաղրամյան պողոտա 19 հասցեում: Այլ վայրում նիստ կարող է գումարվել միայն Խորհրդի, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Ազգային ժողովի նախագահի որոշմամբ:

2. Ազգային ժողովի աշխատանքային լեզուն հայերենն է: Հայերենին չտիրապետող անձն Ազգային ժողովի եւ նրա հանձնաժողովների նիստերում, ինչպես նաեւ խորհրդարանական լսումներում օտար լեզվով կարող է հանդես գալ միայն միաժամանակյա հայերեն թարգմանությամբ:

Հոդված 59. Ազգային ժողովի նիստում պատգամավորների գրանցումը

1. Հերթական նիստերի, արտահերթ նստաշրջանի եւ նիստերի յուրաքանչյուր օրվա առաջին, ինչպես նաեւ հատուկ նիստերը եւ սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում նշված նիստերն սկսվում են պատգամավորների գրանցումով՝ նիստը նախագահողի հայտարարությամբ: Չգրանցված պատգամավորին՝ նրա խնդրանքով գրանցում է նիստի սպասարկումն ապահովող՝ Աշխատակազմի ծառայողը:

2. Պատգամավորը գրանցվում է անձամբ: Գրանցումը համազոր է քվեարկությանը եւ դրանից պատգամավորի բացակայելը կարող է Կանոնակարգի 170-րդ հոդվածով սահմանված կարգով համարվել անհարգելի:

3. Պատգամավորների գրանցումը կատարվում է էլեկտրոնային համակարգով՝ 10 վայրկյանի ընթացքում: Գրանցված պատգամավորների թիվը մշտապես ցուցադրվում է լուսատախտակի վրա: Համակարգը չգործելու դեպքում գրանցումը կատարում է հաշվիչ հանձնախումբը:

4. Ազգային ժողովի նիստն իրավազոր է, եթե նիստի սկզբում սահմանված կարգով գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

5. Եթե գրանցված պատգամավորների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան չորս ժամ: Նշված ժամկետում նիստի իրավազորության՝

1) ապահովման դեպքում նիստը նախագահողը պատգամավորներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին.

2) չապահովման դեպքում տվյալ օրվա նիստերը համարվում են չկայացած:

Հոդված 60. Ազգային ժողովի նիստը նախագահելը

1. Ազգային ժողովի նիստը նախագահում է Ազգային ժողովի նախագահը, իսկ Կանոնակարգով նախատեսված դեպքերում՝ նրա տեղակալը կամ տարիքով ավագ պատգամավորը:

2. Նիստը նախագահողը՝

1) բացում, ընդհատում եւ փակում է նիստը.

2) ապահովում է օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ յուրաքանչյուր հարցի քննարկումն սկսվելուց առաջ տեղեկացնում է հաջորդող երեք հարցի մասին.

3) ձայն է տալիս ելույթի, ինչպես նաեւ հարցի կամ դրան պատասխանելու համար.

4) կազմակերպում է պատգամավորների գրանցումը, ելույթների եւ հարցերի համար հերթագրումը, քվեարկության անցկացումը եւ դրանց արդյունքների հրապարակումը.

5) համակարգում է նիստն սպասարկող ծառայողների աշխատանքը.

6) նիստի բնականոն ընթացքը վերականգնելու նպատակով կարող է ընդմիջել ելույթները.

7) իրականացնում է Կանոնակարգով սահմանված այլ լիազորություններ:

3. Նիստը նախագահողի օրինական պահանջը չկատարելու, քննարկվող հարցից ելույթում շեղվելու, վիրավորական արտահայտություն անելու, բացակա պատգամավորի փոխարեն գրանցվելու կամ քվեարկելու, պատգամավորի քվեարկությանը խոչընդոտելու, Ազգային ժողովի նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու դեպքում նախագահողն իրավունք ունի պատգամավորի նկատմամբ կիրառելու կարգապահական միջոցներ, իսկ նիստին ներկա գտնվող այլ անձին՝ նախազգուշացնելու կամ հեռացնելու նիստերի դահլիճից:

4. Պատգամավորի նկատմամբ կարող են կիրառվել հետեւյալ կարգապահական միջոցները՝

1) նախազգուշացում՝ անունը, ազգանունը հրապարակելով.

2) խոսափողի անջատում.

3) մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում.

4) հեռացում՝ մինչեւ տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից.

5) մինչեւ մեկ շաբաթ զրկում՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա գտնվելու իրավունքից, բացառությամբ այն օրերի, երբ նիստեր չեն գումարվում:

5. Կարգապահական միջոցը, որպես կանոն, պետք է կիրառվի մեղմից դեպի խիստը, համաչափ լինի արարքի ծանրությանը եւ նպատակ հետապնդի ապահովելու նիստի բնականոն ընթացքը: Սույն հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական միջոցը կարող է կիրառվել, եթե մինչ այդ պատգամավորի նկատմամբ կիրառվել է սույն հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետով սահմանված կարգապահական միջոցը, եւ պատգամավորն ինքնակամ դա չի կատարել:

6. Նիստերի դահլիճից հիմնական զեկուցողի հեռացման դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է կարգապահական միջոցի կիրառման ժամկետով, եթե պատգամավորի մասնակցությունն Ազգային ժողովի նիստին ժամկետից շուտ չի վերականգվում:

7. Խմբակցության հիմնավորված միջնորդությամբ Խորհուրդն իրավունք ունի մինչեւ կարգապահական միջոցի կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված պատգամավորի մասնակցությունն Ազգային ժողովի նիստին:

8. Նիստից հեռացման պահանջին չենթարկվելու դեպքում նախագահողը հանձնարարում է Ազգային ժողովի անվտանգությունն ապահովող ծառայությանը իրականացնել պահանջը:

9. Եթե նիստում անկարգություն է առաջանում, եւ նախագահողն ի վիճակի չէ վերականգնել նիստի բնականոն ընթացքը, ապա նա կարող է մինչեւ կես ժամով ընդհատել նիստը:

10. Եթե նիստի վերսկսվելուց հետո անկարգությունը շարունակվում է, ապա նախագահողը նիստը հայտարարում է փակված:

Հոդված 61. Ազգային ժողովի նիստերի հրապարակայնությունը

1. Ազգային ժողովի նիստերը հրապարակային են:

2. Ազգային ժողովի փակ նիստ կարող է անցկացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կամ Կառավարության առաջարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ: Փակ նիստում քվեարկությունն արգելվում է։

3. Փակ նիստ անցկացնելու մասին պատգամավորների առաջարկը ներկայացվում է ստորագրաթերթով, որը նրանց տրամադրում է Աշխատակազմը: Անհրաժեշտ քանակի ստորագրություններով ստորագրաթերթը 24 ժամվա ընթացքում հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, որից հետո ստորագրաթերթը փոփոխման ենթակա չէ: Ստորագրաթերթում նշվում են Ազգային ժողովի փակ նիստի անցկացման օրը, ժամը եւ քննարկվող հարցի անվանումը:

4. Փակ նիստ անցկացնելու մասին Կառավարության առաջարկն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում վարչապետի ստորագրած պաշտոնական գրությամբ, որտեղ նշվում են փակ նիստի անցկացման օրը, ժամը եւ քննարկվող հարցի անվանումը: Գրությանը կցվում է Ազգային ժողովի փակ նիստ անցկացնելու առաջարկության մասին Կառավարության որոշումը:

5. Ազգային ժողովի նախագահը կամ նիստը նախագահողը ստորագրաթերթը կամ պաշտոնական գրությունը ստանալուց հետո՝

1) Ազգային ժողովի նիստում, իսկ փակ նիստ անցկացնելու մասին առաջարկն Ազգային ժողովի նիստերից ազատ օրը ներկայացվելու դեպքում՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում, առանց քննարկման քվեարկության է դնում առաջարկը, կամ

2) ստորագրաթերթը կամ պաշտոնական գրությունը վերադարձնում է առաջարկը ներկայացնողին՝ նշելով պատճառների մասին, եթե դրանք չեն համապատասխանում սույն հոդվածի 2-ից 4-րդ մասերի պահանջներին:

6. Նիստի ժամանակ դահլիճում կարող են բաժանվել միայն օրակարգում ընդգրկված հարցերի նախագծերը եւ դրանց կից ներկայացված փաստաթղթերը:

7. Բացառությամբ նիստը նկարահանելու թույլտվություն ունեցող հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների, Ազգային ժողովի նիստի ընթացքում արգելվում է դահլիճ բերել եւ օգտագործել լուսանկարահանման, կինոնկարահանման, ձայնագրման, տեսագրման, ռադիոկապի կամ հեռախոսակապի սարքեր կամ տեղեկատվության մշակման այլ միջոցներ, բացառությամբ դահլիճում տեղադրված հեռախոսի եւ համակարգչային տեխնիկայի:

8. Նիստի ժամանակ դահլիճում արգելվում է բջջային եւ կապի այլ միջոցների օգտագործումը, բացառությամբ դահլիճում տեղադրված հեռախոսի:

Հոդված 62. Ազգային ժողովի նիստում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք

1. Ազգային ժողովի հրապարակային նիստում պատգամավորներից եւ հարցի քննարկմանը մասնակցելու իրավունք ունեցող անձանցից բացի, կարող են ներկա գտնվել՝

1) Հանրապետության նախագահը, վարչապետը կամ նրանց ներկայացուցիչները.

2) Կառավարության անդամները.

3) Կենտրոնական բանկի, Հաշվեքննիչ պալատի նախագահները.

4) գլխավոր դատախազը.

5) Մարդու իրավունքների պաշտպանը.

6) Աշխատակազմի ղեկավարը, նրա տեղակալներից մեկը եւ նրա կողմից սահմանված ցանկով նիստի սպասարկումը կամ լուսաբանումն ապահովող Աշխատակազմի ծառայողները.

7) նիստը նախագահողի հրավիրած անձինք:

2. Ազգային ժողովի փակ նիստում պատգամավորներից եւ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 6-րդ մասերում նշված անձանցից բացի, կարող են ներկա գտնվել Աշխատակազմի ղեկավարը, նրա տեղակալներից մեկը եւ նրա սահմանած ցանկով նիստի սպասարկումն ապահովող Աշխատակազմի ծառայողները:

3. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Ազգային ժողովի նախագահի եւ նրա տեղակալների խորհրդականներն ու օգնականները, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների փորձագետները (մասնագետները) Ազգային ժողովի նիստում կարող են ներկա գտնվել Աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ:

4. Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են Ազգային ժողովի նիստերի դահլիճում առանձնացված հատուկ տեղում, իսկ նիստերի դահլիճում կարող են ներկա գտնվել Աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ:

5. Ազգային ժողովի նիստերի դահլիճում խմբակցություններին հատկացվում են առանձին հատվածներ, իսկ Հանրապետության նախագահին, Կառավարության անդամներին, Աշխատակազմին եւ հրավիրված անձանց՝ հատուկ տեղեր:

Հոդված 63. Ազգային ժողովի նիստերի սղագրումը

1. Ազգային ժողովի նիստի սղագրությունն ապահովում է Աշխատակազմը:

2. Ազգային ժողովի հրապարակային նիստի սղագրությունը կարող է հրապարակվել, իսկ փակ նիստի սղագրությունը պահվում է գաղտնի փաստաթղթերի պահպանման ռեժիմով:

3. Ազգային ժողովի հերթական նիստերի, արտահերթ նստաշրջանի եւ արտահերթ նիստի ավարտից հետո՝ երկու շաբաթվա ընթացքում, այդ նիստերի սղագրությունները եւ ձայնագրություններն ուղարկվում են Ազգային ժողովի գրադարան եւ տեղադրվում Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ մեկ ամիս հետո տեղափոխվում Ազգային ժողովի արխիվ:

4. Ազգային ժողովի նիստում յուրաքանչյուր ելույթ ունեցող իրավունք ունի Ազգային ժողովի գրադարանում մեկ ամսվա ընթացքում ծանոթանալու իր ելույթի սղագրությանը եւ ստուգելու դրա ճշտությունը:

5. Ելույթ ունեցողի կողմից իր ելույթի սղագրության մեջ տեղ գտած տեխնիկական անճշտությունները կարող են ուղղվել միայն Ազգային ժողովի նախագահի թույլտվությամբ:

ԳԼՈՒԽ 14

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈԻՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ

Հոդված 64. Ազգային ժողովի նիստում հարցերի քննարկման ընդհանուր ընթացակարգը

1. Ազգային ժողովի նիստում հարցերը քննարկվում են հետեւյալ ընթացակարգով՝

1) հիմնական զեկուցում.

2) հարցեր զեկուցողին, նրա պատասխանները եւ դրանց արձագանքելը.

3) հարակից զեկուցումներ.

4) հարցեր յուրաքանչյուր հարակից զեկուցողին, նրանց պատասխանները եւ դրանց արձագանքելը.

5) մտքերի փոխանակություն.

6) քվեարկություն:

2. Հարցի քննարկման ընթացքում հատկացվում են՝

1) հիմնական եւ հարակից զեկուցումների համար՝ մինչեւ քսանական րոպե.

2) հարցերի համար՝ մինչեւ երկուական րոպե.

3) հարցերին պատասխանելու համար՝ մինչեւ հնգական րոպե.

4) հարցերի պատասխաններին արձագանքելու համար՝ մինչեւ մեկական րոպե.

5) խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներ համար՝ մինչեւ տասական, իսկ մյուս ելույթների համար՝ մինչեւ հնգական րոպե:

3. Հարցի քննարկման ընթացքում պատգամավորն իրավունք ունի հանդես գալու վարման կարգի վերաբերյալ ելույթով:

4. Հարցի քննարկման ընթացքում մինչեւ մեկ ժամ ընդմիջում կարող է հայտարարվել եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման:

5. Խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի պահանջով հարցի քվեարկությունից առաջ հայտարարվում է մեկ ընդմիջում` 20 րոպե տեւողությամբ:

6. Եթե հարցի քննարկումն ընդմիջվել է, ապա ընդմիջման ժամկետը լրանալուց հետո քննարկումը վերսկսվում է այն փուլից, որից այն ընդմիջվել էր:

7. Հարցերի քվեարկություններն անցկացվում են բաց: Անվանական կամ գաղտնի քվեարկություններն անցկացվում են Կանոնակարգով նախատեսված դեպքերում:

8. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետները կարող են փոխվել գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի կամ Խորհրդի որոշմամբ: Ազգային ժողովի որոշման ընդունման վերաբերյալ առաջարկը քվեարկության է դրվում մինչեւ հարցի քննարկումը սկսվելը՝ առանց քննարկման:

Հոդված 65. Հարցի քննարկման տեւողության սահմանափակումը

1. Հարցի քննարկման տեւողությունը կարող է սահմանափակվել 90 րոպեով կամ երեք ժամով:

2. Ազգային ժողովի հերթական նիստերի ընթացքում հարցի քննարկման տեւողությունը կարող է սահմանափակվել Խորհրդի որոշմամբ, իսկ արտահերթ նստաշրջանի կամ նիստի ընթացքում՝ նախաձեռնողի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ:

3. Հարցի քննարկման տեւողությունը 90 րոպեով սահմանափակվում է նաեւ Կանոնակարգով նախատեսված դեպքերում:

4. Հարցի քննարկման տեւողությունը 90 րոպեով սահմանափակվելու դեպքում՝

1) հիմնական եւ հարակից զեկուցումների համար հատկացվում է մինչեւ հնգական րոպե.

2) հարցերի համար հատկացվում է մինչեւ մեկական րոպե.

3) հարցերին պատասխանելու համար հատկացվում է մինչեւ երկուական րոպե.

4) հարցերի պատասխաններին արձագանքելու համար հատկացվում է մինչեւ մեկական րոպե.

5) յուրաքանչյուր զեկուցողին հարցերի, ինչպես նաեւ պատասխանների եւ դրանց արձագանքելու ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել տասնհինգական րոպեն.

6) խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներ համար հատկացվում է՝ մինչեւ հնգական, իսկ մյուս ելույթների համար՝ մինչեւ երեքական րոպե: Մտքերի փոխանակության ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 50 րոպեն:

5. Հարցի քննարկման տեւողությունը երեք ժամով սահմանափակվելու դեպքում՝

1) հիմնական եւ հարակից զեկուցումների համար հատկացվում է մինչեւ տասական րոպե.

2) հարցերի համար հատկացվում է մինչեւ երկուական րոպե.

3) հարցերի պատասխանելու համար հատկացվում է մինչեւ երեքական րոպե.

4) հարցերի պատասխաններին արձագանքելու համար հատկացվում է մինչեւ մեկական րոպե.

5) յուրաքանչյուր զեկուցողին հարցերի, ինչպես նաեւ պատասխանների եւ դրանց արձագանքելու ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել երեսնական րոպեն.

6) խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներ համար հատկացվում է մինչեւ յոթական, իսկ մյուս ելույթների համար՝ մինչեւ հնգական րոպե: Մտքերի փոխանակության ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել հարյուր րոպեն:

6. Հարցի քննարկման ընդհանուր տեւողության սահմանափակման դեպքում ընդմիջում չի կարող հայտարարվել:

Հոդված 66. Հիմնական եւ հարակից զեկուցման կարգը

1. Սահմանադրության փոփոխությունների, օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի քննարկման դեպքում՝ հիմնական զեկուցմամբ հանդես գալու իրավունք ունի հիմնական զեկուցողը, իսկ հարակից զեկուցմամբ՝

1) գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը,

2) Ազգային ժողովի այլ մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները՝ հարցի քննարկման վերաբերյալ հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը՝ մինչեւ հերթական նիստերի օրակարգի նախագծի հաստատումն Ազգային ժողովի նախագահին ուղարկվելու դեպքում,

3) գլխադասային հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի ներկայացուցիչը, եթե հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքին համապատասխան՝ նրանք հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ ունեն առարկություն,

4) վարչապետի լիազորած անձը՝ եթե օրենքի նախագիծը ներկայացվել է խմբակցության, պատգամավորի նախաձեռնությամբ կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով:

2. Պաշտոններում ընտրության կամ նշանակման, ինչպես նաեւ հաղորդման, հաշվետվության, ծրագրի քննարկման դեպքում որպես հիմնական կամ հարակից զեկուցող հանդես գալու իրավունք ունեն Կանոնակարգով դրա իրավասությունն ունեցող անձինք:

3. Հիմնական եւ հարակից զեկուցողները հանդես են գալիս ամբիոնից՝ նիստը նախագահողի հայտարարությամբ:

Հոդված 67. Հարցեր տալու կարգը

1. Հիմնական եւ յուրաքանչյուր հարակից զեկուցողի՝ մեկական անգամ հարցեր տալու իրավունք ունեն պատգամավորները:

2. Հարցերի համար պատգամավորների հերթագրումն իրականացվում է յուրաքանչյուր զեկուցումից հետո՝ էլեկտրոնային համակարգով 10 վայրկյանի ընթացքում գրանցմամբ, որը ցուցադրվում է լուսատախտակին: Էլեկտրոնային համակարգի չգործելու դեպքում հարցերի համար հերթագրումն իրականացնում է նիստը նախագահողը՝ պատգամավորների հայտերի հիման վրա:

3. Պատգամավորները հարցերը տալիս են իրենց հատկացված խոսափողներից՝ ըստ հերթագրման հաջորդականության, նիստը նախագահողի հայտարարությամբ, որտեղ միաժամանակ հիշեցվում են հաջորդ հարց տվողի անունը, ազգանունը:

4. Հիմնական եւ հարակից զեկուցողները հարցերին պատասխանում է ամբիոնից:

5. Պատասխաններից հետո հարց տվողն արձագանքելու իրավունք ունի:

6. Հիմնական եւ յուրաքանչյուր հարակից զեկուցողի արտահերթ հարցեր տալու իրավունք ունի Ազգային ժողովի նախագահը կամ նիստը նախագահողը:

7. Հերթագրված, սակայն դահլիճից բացակայող պատգամավորը զրկվում է տվյալ հարցի քննարկման ընթացքում հարց տալու իրավունքից:

Հոդված 68. Մտքերի փոխանակությունը

1. Մտքերի փոխանակությունն իրականացվում է հետեւյալ ընթացակարգով՝

1) պատգամավորների եւ հրավիրված անձանց ելույթներ.

2) խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներ.

3) եզրափակիչ ելույթներ:

2. Մինչեւ եզրափակիչ ելույթները, արտահերթ ելույթի իրավունք ունեն Ազգային ժողովի նախագահը կամ նիստը նախագահողը, իսկ մինչեւ քվեարկությունը՝ միայն վարչապետը:

3. Սահմանադրության փոփոխությունների կամ օրենքի նախագծի քննարկման ընթացքում՝ մինչեւ խմբակցությունների ներկայացուցիչների ելույթները, արտահերթ ելույթի իրավունք ունեն Կառավարության մինչեւ երեք անդամ, որոնց անունները, ազգանունները եւ պաշտոնները վարչապետն Ազգային ժողովի նախագահին գրավոր ներկայացնում է մինչեւ հերթական նիստերի օրակարգի նախագծի հաստատումը:

4. Հարցի քննարկմանը հրավիրված անձանց ելույթի իրավունք կարող է տրվել գլխադասային հանձնաժողովի կամ նիստը նախագահողի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ, ինչպես նաեւ Ազգային ժողովի նախագահի կամ գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ՝ Խորհրդի որոշմամբ:

5. Խմբակցության անունից ելույթի գրավոր հայտը, որը ներառում է նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը կարող է Ազգային ժողովի նախագահին կամ նիստը նախագահողին ներկայացնել՝

1) մինչեւ Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագծի հաստատումը.

2) մինչեւ Ազգային ժողովում հարցի քննարկման ընթացքում պատգամավորների եւ հրավիրված անձանց ելույթների ավարտը:

6. Սահմանադրության փոփոխությունների կամ օրենքի նախագծի քննարկման դեպքում հետեւյալ հաջորդականությամբ եզրափակիչ ելույթի իրավունք ունեն՝

1) Կառավարության ներկայացուցիչը.

2) գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը.

3) հիմնական զեկուցողը:

7. Ազգային ժողովի որոշման նախագծի քննարկման դեպքում եզրափակիչ ելույթի իրավունք ունի գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը, այնուհետեւ՝ հիմնական զեկուցողը:

8. Պաշտոններում ընտրության կամ նշանակման, ինչպես նաեւ հաղորդման, հաշվետվության, ծրագրի քննարկման դեպքում եզրափակիչ ելույթով հանդես գալու իրավունք ունեն Կանոնակարգով դրա իրավասությունն ունեցող անձինք:

9. Ելույթ ունեցողները հանդես են գալիս ամբիոնից՝ նիստը նախագահողի հայտարարությամբ, որտեղ միաժամանակ հիշեցվում են հաջորդ ելույթ ունեցողի անունը, ազգանունը:

10. Պատգամավորները ելույթ են ունենում ըստ հերթագրման, իսկ հրավիրված անձինք՝ նիստը նախագահողի սահմանած հաջորդականությամբ: Խմբակցությունների ներկայացուցիչների ելույթների հաջորդականությունը որոշվում է ըստ խմբակցության անդամների թվի՝ փոքրից մեծ:

11. Դահլիճից բացակայող՝ հերթագրված պատգամավորները, խմբակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ հրավիրված անձինք զրկվում են ելույթի իրավունքից:

12. Էլեկտրոնային համակարգով հերթագրված, սակայն ելույթների ժամկետն ավարտվելու կամ այլ պատճառով ելույթ չունեցած պատգամավորները կարող են հարցի քննարկումից հետո՝ 24 ժամվա ընթացքում, Աշխատակազմ ուղարկել իրենց գրավոր ելույթի տեքստը, որն Աշխատակազմը ներառում է Ազգային ժողովի նիստի սղագրությունում:

Հոդված 69. Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթները

1. Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթով պատգամավորը հանդես է գալիս մեկ րոպեի ընթացքում, նախագահողի հայտարարությամբ՝ իրեն հատկացված խոսափողից:

2. Պատգամավորը կարող է մեկ անգամ, անմիջապես քվեարկությունից առաջ՝

1) հերքել իր անձի վերաբերյալ արված արտահայտությունը.

2) հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ.

3) հանդես գալ հարցի քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ.

4) Կանոնակարգով նախատեսված դեպքերում՝ հանդես գալ ընդմիջման մասին առաջարկով.

5) Կանոնակարգով նախատեսված դեպքերում՝ առաջարկել ընդունել Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով որոշում:

3. Պատգամավորը կարող է մեկ անգամ, քվեարկությունից հետո՝ մինչեւ հերթական հարցի քննարկումը սկսելը՝

1) արտահայտվել նիստի վարման կարգի վերաբերյալ.

2) առաջարկել լուսատախտակի վրա վերականգնել քվեարկության արդյունքները եւ կարծիք հայտնել քվեարկության ընթացքում խախտումների մասին.

3) Կանոնակարգով նախատեսված դեպքերում՝ առաջարկել ընդունել Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով որոշում:

4. Սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասում նշված հարցերի վերաբերյալ պատգամավորը կարող է արտահայտվել նաեւ իր ելույթում:

Հոդված 70. Բաց քվեարկության անցկացման կարգը

1. Նիստը նախագահողը հայտնում է քվեարկության անցկացման մոտավոր ժամանակը, քվեարկությունից առաջ հայտարարում է քվեարկության դրվող բոլոր հարցերը կամ առաջարկները, ճշտում դրանց ձեւակերպումները, իսկ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում հիշեցնում նաեւ, թե ձայների ինչ քանակով է ընդունվում որոշումը։

2. Բաց քվեարկությունն իրականացվում է նիստը նախագահողի հայտարարությամբ, էլեկտրոնային համակարգով՝ 10 վայրկյանի ընթացքում: Համակարգի չգործելու դեպքում ձայները հաշվում է հաշվիչ հանձնախումբը:

3. Քվեարկությունը սկսվում է ազդանշանից հետո: Մինչեւ քվեարկության ավարտը նիստը նախագահողին դիմելն արգելվում է:

4. Ազգային ժողովի նիստին ներկա պատգամավորը քվեարկում է անձամբ՝ կողմ, դեմ, ձեռնպահ, կամ կարող է հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց:

5. Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող պատգամավորը կարող է իր քվեարկության իրավունքը լիազորել խմբակցության ղեկավարին: Պատգամավորի կողմից ստորագրված լիազորագիրը խմբակցության ղեկավարին կարող է հանձնվել նախապես՝ մինչեւ գործուղման մեկնելը: Լիազորագրում նշվում են հարցի անվանումը եւ դրան կողմ, դեմ կամ ձեռնպահ քվեարկելու մասին պատգամավորի որոշումը: Լիազորագիրն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում հարցի քվեարկությունից առաջ՝ նիստի վարման կարգի վերաբերյալ խմբակցության ղեկավարի ելույթով:

6. Քվեարկության ավարտից հետո լուսատախտակի վրա 10 վայրկյան պահպանվում են քվեարկության արդյունքները, որից հետո նիստը նախագահողը սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված կարգով իրականացված քվեարկությունները հաշվարկելով՝ հրապարակում է քվեարկության արդյունքները:

7. Քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա վերականգնվում են, եթե այդ մասին նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթում առաջարկում է որեւէ պատգամավոր: Եթե պատգամավորի կողմից հայտնաբերվում են խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա, ապա նիստը նախագահողի առաջարկով՝ առանց քննարկման, հարցի քվեարկությունը կրկնվում է:

8. Պատգամավորի քվեարկությունը՝ կողմ, դեմ, ձեռնպահ կամ չքվեարկելը, նիստը նախագահողի կողմից որոշում ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ հայտարարությունից հետո չի կարող վիճարկվել կամ փոփոխվել:

Հոդված 71. Անվանական եւ գաղտնի քվեարկությունների անցկացման կարգը

1. Անվանական եւ գաղտնի քվեարկությունները կազմակերպում է հաշվիչ հանձնախումբը՝ դրանց անցկացման ժամի, տեղի եւ կարգի մասին Ազգային ժողովի նիստում տեղյակ պահելով պատգամավորներին:

2. Քվեարկվող հարցը կամ ընտրվող թեկնածուների անունները, ազգանունները հաշվիչ հանձնախմբին է հանձնում Ազգային ժողովի նիստը նախագահողը:

3. Անվանական եւ գաղտնի քվեարկության ցուցակները կազմվում են, ինչպես նաեւ քվեաթերթիկները պատրաստվում են հաշվիչ հանձնախմբի հսկողությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվին համապատասխան:

4. Անվանական կամ գաղտնի քվեարկության քվեաթերթիկում նշվում են քվեարկվող հարցը կամ այբբենական կարգով ընդգրկվում են քվեարկվող թեկնածուների անունները, ազգանունները, իսկ անվանական քվեարկության դեպքում՝ նաեւ պատգամավորի անունը, ազգանունը:

5. Քվեաթերթիկում մեկ թեկնածության կամ հարցի առկայության դեպքում պետք է լինեն «կողմ եմ» եւ «դեմ եմ» բառերը:

6. Հաշվիչ հանձնախմբի անդամը քվեաթերթիկը պատգամավորին է հանձնում ցուցակում նրա ստորագրելուց հետո:

7. Պատգամավորը գաղտնի քվեարկության քվեաթերթիկը լրացնում է գաղտնի քվեարկության խցիկում, իսկ անվանական քվեարկության քվեաթերթիկը՝ այն ստանալուց անմիջապես հետո:

8. Քվեաթերթիկը լրացնելիս պատգամավորը հաշվիչ հանձնախմբի սահմանած ձեւով միատեսակ նշում է կատարում այն թեկնածուի անվան կամ հարցի դիմացի քառանկյունում, որին կողմ է քվեարկում: Մեկ թեկնածուի կամ հարցի քվեարկվելու դեպքում պատգամավորը, եթե կողմ է քվեարկելու, նշում է կատարում «կողմ եմ» բառերի, եթե դեմ` «դեմ եմ» բառերի դիմաց:

9. Քվեաթերթիկը լրացնելուց հետո պատգամավորը՝

1) գաղտնի քվեարկության դեպքում՝ քվեաթերթիկը գցում է քվեատուփի մեջ.

2) անվանական քվեարկության դեպքում՝ խոսափողից հայտարարում է հարցին կողմ կամ դեմ քվեարկելու իր որոշման մասին, ստորագրում քվեաթերթիկը եւ հանձնում հաշվիչ հանձնախմբի անդամին:

10. Եթե պատգամավորը կարծում է, որ քվեաթերթիկը սխալ է լրացրել կամ վնասել է, ապա կարող է դիմել հաշվիչ հանձնախմբի նախագահին` նոր քվեաթերթիկ ստանալու համար: Հաշվիչ հանձնախմբի ղեկավարի հանձնարարությամբ պատգամավորին հատկացվում է նոր քվեաթերթիկ:

11. Քվեարկության ավարտից հետո՝ մեկ ժամվա ընթացքում, հաշվիչ հանձնախումբը՝

1) գաղտնի քվեարկության դեպքում՝ բացում է քվեատուփը, հաշվում է ձայները եւ կազմում քվեարկության արդյունքների մասին արձանագրություն.

2) անվանական քվեարկության դեպքում՝ պատգամավորների հայտարարությունների եւ քվեաթերթիկների հիման վրա հաշվում է ձայները, կազմում քվեարկության արդյունքների մասին արձանագրություն:

12. Արձանագրությունում նշվում են՝

1) քվեարկությանը մասնակցած պատգամավորների ընդհանուր թիվը,

2) գաղտնի քվեարկության դեպքում՝ անվավեր քվեաթերթիկների թիվը,

3) հարցին կամ յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկած պատգամավորների ընդհանուր թիվը,

4) հարցին կամ յուրաքանչյուր թեկնածուին դեմ քվեարկած պատգամավորների ընդհանուր թիվը

5) անվանական քվեարկության դեպքում՝ հարցի կամ թեկնածուի վերաբերյալ յուրաքանչյուր պատգամավորի անվանական քվեարկությունը:

13. Գաղտնի քվեարկության դեպքում հաշվիչ հանձնախմբի որոշմամբ անվավեր են համարվում չսահմանված նմուշի քվեաթերթիկները, ինչպես նաեւ այն քվեաթերթիկները, որոնցում թողնված են սահմանված թվից ավելի թեկնածուներ կամ մեկ թեկնածուի դեպքում միաժամանակ թողնված կամ ջնջված են «կողմ եմ» եւ «դեմ եմ» բառերը, կամ ավելացված են այլ գրառումներ:

14. Հաշվիչ հանձնախումբն Ազգային ժողովի նիստում ներկայացնում է քվեարկության արդյունքները, որի հիման վրա նիստը նախագահողը հայտարարում է որոշման ընդունման կամ չընդունման, իսկ ընտրության դեպքում՝ թեկնածուի ընտրության կամ չընտրվելու մասին:

15. Հաշվիչ հանձնախմբի նախագահը քվեարկության արձանագրությունն ուղարկում է Աշխատակազմ, որն այն ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, տեղադրում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

ԲԱԺԻՆ III

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ԳԼՈՒԽ 15

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 72. Օրենսդրական նախաձեռնության իրավունքը

1. Օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորը, խմբակցությունը եւ Կառավարությունը:

2. Օրենսդրական նախաձեռնությունն իրականացվում է Ազգային ժողովի քննարկմանն օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի առաջադրմամբ:

3. Օրենքի նախագծի համար Կանոնակարգով սահմանված դրույթները տարածվում են նաեւ օրենքներին նախագծերի փաթեթի վրա:

4. Կառավարությունը եւ խմբակցությունն օրենսդրական նախաձեռնությունն իրականացնում են իրենց որոշմամբ:

5. Ընտրական իրավունք ունեցող առնվազն հիսուն հազար քաղաքացի ունի Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունք: Քաղաքացիական նախաձեռնությունն իրականացվում է «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ Կանոնակարգով օրենսդրական նախաձեռնության համար սահմանված պահանջներին համապատասխան:

6. Խմբակցության կամ պատգամավորի նախաձեռնությամբ, ինչպես նաեւ քաղաքացիական նախաձեռնության կարգով չեն կարող ներկայացվել Սահմանադրության 110-րդ հոդվածի 1-ին մասով, 116-րդ հոդվածի 2-րդ մասով, 117-րդ հոդվածով, 121-րդ հոդվածով, 147-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 189-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կառավարության բացառիկ իրավասությանը վերապահված օրենքների նախագծեր:

7. Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնություններն իրականացվում են Կանոնակարգի 19-րդ գլխով սահմանված կարգով:

Հոդված 73. Օրենքի նախագծին ներկայացվող պահանջները

1. Օրենքի նախագիծը պետք է համապատասխանի՝

1) Սահմանադրությանը, օրենքներին եւ չպետք է հակասի Սահմանադրական դատարանի որոշումներին,

2) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. Օրենքի նախագիծը կարող է չհամապատասխանել օրենքին, եթե դրանով հակասությունները վերացվում են:

3. Օրենքների նախագծերի փաթեթը կարող է ներառել հիմնական օրենքի նախագիծը եւ դրան առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծեր, որոնցով ապահովվում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների կատարումը:

4. Եթե օրենքի նախագծով նախատեսված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ նախագծով նախատեսված Կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա նախագծի անցումային դրույթներով սահմանվում են`

1) նախագծի այն մասերը, որոնք գործելու են Կառավարության որոշման կամ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) Կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

5. Չի թույլատրվում օրենքի նախագծում ընդգրկել տարբեր օրենքներում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին դրույթներ:

Հոդված 74. Օրենքի նախագծի հիմնական զեկուցողը

1. Ազգային ժողովում, նրա մարմիններում եւ Կառավարությունում որպես օրենսդրական նախաձեռնության հեղինակ կամ օրենքի նախագծի հիմնական զեկուցող հանդես գալու իրավունք ունի՝

1) պատգամավորը՝ իր հեղինակած նախաձեռնության դեպքում.

2) պատգամավորների նախաձեռնության հեղինակներից մեկը.

3) խմբակցության նախաձեռնությամբ լիազորված՝ խմբակցության անդամը.

4) Կառավարության նախաձեռնությամբ լիազորված՝ Կառավարության անդամը կամ նրան փոխարինող տեղակալը.

5) քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը:

2. Հիմնական զեկուցողն իրավասու է՝

1) օրենքի նախագծի քննարկման ժամանակ հանդես գալ զեկուցմամբ, ելույթ ունենալ, պատասխանել հարցերին.

2) ընդունել կամ մերժել օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկները.

3) լրամշակել օրենքի նախագիծը.

4) ցանկացած ժամանակ հետ կանչել օրենքի նախագիծը:

3. Հիմնական զեկուցողն իրավունք ունի դուրս գալու պատգամավորների նախաձեռնության հեղինակների կազմից:

4. Խմբակցությունը եւ Կառավարությունը հիմնական զեկուցողին լիազորում են, ինչպես նաեւ կարող են նրան փոխել իրենց որոշմամբ:

5. Հիմնական զեկուցողը կարող է օրենքի նախագիծը հետ կանչել Ազգային ժողովի նախագահին ուղված գրավոր դիմումով կամ Ազգային ժողովի, գլխադասային հանձնաժողովի նիստում հանդես գալով օրենքի նախագիծը հետ կանչելու վերաբերյալ հայտարարությամբ, որը հավաստվում է համապատասխան նիստի արձանագրությամբ:

6. Եթե հիմնական զեկուցողը դուրս է եկել պատգամավորների նախաձեռնության հեղինակների կազմից կամ նրա պատգամավորական լիազորությունները դադարել կամ դադարեցվել են, ապա հիմնական զեկուցողի լիազորություններն անցնում են նախաձեռնության այլ հեղինակի՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով Ազգային ժողովի նախագահին:

Հոդված 75. Օրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու կարգը

1. Օրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում իրավասու անձի ստորագրությամբ Ազգային ժողովի նախագահին ուղղված պաշտոնական գրությամբ, որտեղ նշվում են՝

1) նախագծի, իսկ նախագծերի փաթեթի դեպքում՝ նաեւ մյուս նախագծերի անվանումները եւ դրանք շրջանառության մեջ դնելու դիմումը՝ Սահմանադրության եւ Կանոնակարգի համապատասխան նորմերին կատարված հղումներով.

2) հիմնական զեկուցողի անունը, ազգանունը.

3) գրությանը կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը։

2. Գրությանը կցվում են՝

1) նախագիծը, իսկ նախագծերի փաթեթի դեպքում՝ նաեւ մյուս նախագծերը.

2) նախագծի ընդունման հիմնավորումը, որտեղ նշվում են առկա խնդիրները, առաջարկվող կարգավորումները եւ ակնկալվող արդյունքները, ինչպես նաեւ հեղինակի հայեցողությամբ` նախագծերը մշակողների անունները դրանց մշակման համար հիմք հանդիսացած հայեցակարգերի, իրավական ակտերի կամ այլ նյութերի վերաբերյալ տեղեկություններ,

3) տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով՝ ջնջված կամ լրացված ներկայացվում են օրենքի հոդվածներում առաջարկվող բոլոր փոփոխությունները եւ լրացումները:

3. Խմբակցության նախաձեռնության գրությանը կից, ի լրումն սույն հոդվածի 2-րդ մասում նշված փաստաթղթերի, ներկայացվում է նրա նիստի արձանագրության քաղվածքը:

4. Քաղաքացիական նախաձեռնության գրությանը կից, ի լրումն սույն հոդվածի 2-րդ մասում նշված փաստաթղթերի, ներկայացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը, որտեղ նշվում են քաղաքացիական նախաձեռնության գրանցման տվյալները եւ լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը:

5. Կառավարության նախաձեռնության գրությանը կից, ի լրումն սույն հոդվածի 2-րդ մասում նշված փաստաթղթերի, ներկայացվում են`

1) նախաձեռնության վերաբերյալ Կառավարության որոշումը,

2) նախագծի վերաբերյալ ստացված պետական փորձագիտական, ինչպես նաեւ կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները,

3) հանրային քննարկումների ընթացքում նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների եւ առաջարկությունների ամփոփաթերթը,

4) պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Կառավարության եզրակացությունը կամ դրա անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:

6. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներն ուղարկվում են Աշխատակազմի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով:

7. Պաշտոնական գրությունն Ազգային ժողովում ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, Աշխատակազմն այդ գրության հետ միասին Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում սույն հոդվածի պահանջներին դրա համապատասխանության մասին տեղեկանք:

Հոդված 76. Օրենքի նախագիծն Ազգային ժողովում շրջանառության մեջ դնելու կարգը

1. Օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական գրությունն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը՝

1) նշանակում է գլխադասային հանձնաժողով եւ օրենքի նախագիծը դնում է շրջանառության մեջ՝ եզրակացության ներկայացման համար այն ուղարկելով Աշխատակազմ եւ գլխադասային հանձնաժողով, իսկ պատգամավորի, խմբակցության կամ քաղաքացիական նախաձեռնության դեպքում՝ նաեւ Կառավարություն, կամ՝

2) գրությունը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է նախաձեռնության հեղինակին՝ նշելով պատճառների մասին, եթե դրանք չեն համապատասխանում Կանոնակարգի 75-րդ հոդվածի պահանջներին:

2. Աշխատակազմը՝

1) նախագիծը ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, այն գրանցում է Ռեեստրում, իսկ գրությունը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերն ուղարկում է Ազգային ժողովի նախագահի տեղակալներին, մշտական հանձնաժողովներին եւ խմբակցություններին,

2) Կառավարության եզրակացությունը ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, այն ուղարկում է գլխադասային հանձնաժողով եւ տեղադրում Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

Հոդված 77. Օրենքի նախագծի վերաբերյալ Աշխատակազմի եզրակացությունը

1. Աշխատակազմի եզրակացությունն Ազգային ժողովի նախագահին եւ գլխադասային հանձնաժողովին է ներկայացվում օրենքի նախագիծը շրջանառության մեջ դրվելուց հետո՝ երեքշաբաթյա ժամկետում:

2. Աշխատակազմի եզրակացությունը ներառում է՝

1) նախագծով առաջարկվող կարգավորումների եւ ակնկալվող արդյունքների վերաբերյալ եզրակացությունը,

2) նախագիծը Կանոնակարգի 73-րդ հոդվածի պահանջներին համապատասխանելու վերաբերյալ փորձաքննության արդյունքները,

3) նախագծին առնչվող այլ oրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին տեղեկանքը:

3. Եզրակացությունը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

Հոդված 78. Օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության եզրակացությունը

1. Կառավարության եզրակացությունն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում օրենքի նախագիծը շրջանառության մեջ դրվելուց հետո՝ երեքշաբաթյա ժամկետում:

2. Կառավարության եզրակացությունը ներառում է՝

1) նախագծով առաջարկվող կարգավորումների եւ ակնկալվող արդյունքների վերաբերյալ եզրակացությունը,

2) նախագծի վերաբերյալ ստացված պետական փորձագիտական եզրակացությունը,

3) տեղեկանք՝ նախագծի այն մասերի վերաբերյալ, որոնք գործելու են Կառավարության որոշման կամ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից, ինչպես նաեւ այդ ակտերի ընդունման ժամկետները՝ եթե նախագծով նախատեսված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ նախագծով նախատեսված Կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ,

4) պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին եզրակացությունը կամ դրա անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:

3. Եթե սահմանված ժամկետում Կառավարությունը եզրակացություն կամ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին տեղեկանք չի ներկայացնում, ապա համարվում է, որ օրենքի նախագիծն այդ տեսքով էականորեն չի նվազեցնում պետական բյուջեի եկամուտները կամ ավելացնում ծախսերը։

ԳԼՈՒԽ 16

ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ

Հոդված 79. Ազգային ժողովում օրենքների նախագծերի քննարկման ընթերցումները

1. Օրենքների նախագծերն Ազգային ժողովում քննարկվում են երկու ընթերցմամբ:

2. Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագիծը քննարկվում է մեկ ընթերցմամբ:

Հոդված 80. Հանձնաժողովներում օրենքների նախագծերի նախնական քննարկման ընդհանուր կարգը

1. Օրենքի նախագծի նախնական քննարկումը՝

1) իրականացնում է մշտական հանձնաժողովների կազմից՝ Ազգային ժողովի նախագահի նշանակած գլխադասային հանձնաժողովը կամ իրավասու ժամանակավոր հանձնաժողովը.

2) իրենց նախաձեռնությամբ կամ Խորհրդի առաջարկությամբ կարող են իրականացնել նաեւ մյուս մշտական հանձնաժողովները:

2. Օրենքի նախագծի առաջին եւ երկրորդ ընթերցման վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունների մասին հարցերի քննարկման սկզբում հիմնական զեկուցողի բացակայության դեպքում կամ նրա առաջարկով քննարկումը մեկական անգամ՝ առանց քվեարկության հետաձգվում է: Հիմնական զեկուցողը կարող է հետաձգված հարցը հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել՝ հանձնաժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով: Եթե դիմումը ներկայացվում է հանձնաժողովի հերթական նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ, ապա հարցն ընդգրկվում է հանձնաժողովի այդ նիստի օրակարգի նախագծում: Եթե հետաձգումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, դիմումը չի ներկայացվում, ապա օրենքի նախագիծը շրջանառությունից հանվում է:

3. Օրենքի նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը կարող է քվեարկության դրվել՝ եթե նախագիծը եւ դրան կից ներկայացվող փաստաթղթերն հանձնաժողովի անդամներին են տրամադրվում հարցի քվեարկությունից առնվազն մեկ ժամ առաջ:

4. Օրենքի նախագծի նախնական քննարկման արդյունքում գլխադասային հանձնաժողովն օրենքի նախագծի առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկումից առաջ՝ Ազգային ժողովին ներկայացնում է եզրակացություն, որի հիման վրա նախագիծն ընդգրկվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանի կամ նիստերի օրակարգի նախագծում: Մյուս հանձնաժողովների եզրակացությունները կարող են ներկայացվել գլխադասային հանձնաժողովի կամ Ազգային ժողովի նիստում՝ հարցի քննարկման ընթացքում:

5. Հարցի քննարկման վերաբերյալ գլխադասային եւ մյուս հանձնաժողովների նիստերի արձանագրություններից քաղվածքները ոչ ուշ, քան հերթական նիստերի շաբաթվան նախորդող ուրբաթ օրն ուղարկվում են Ազգային ժողովի նախագահին եւ տեղադրվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

6. Գլխադասային հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքին կից ներկայացվում են՝

1) քննարկված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերջնական տարբերակը, ինչպես նաեւ դրան առնչվող փաստաթղթերը,

2) հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագծերը.

3) Կանոնակարգով նախատեսված այլ փաստաթղթեր:

7. Օրենքի նախագծի կամ դրա հիմնավորման լրամշակման դեպքում՝ հիմնական զեկուցողը դրանց էլեկտրոնային տարբերակներն ուղարկվում է Աշխատակազմի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով:

8. Եթե գլխադասային հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդը դեմ է հանձնաժողովի եզրակացությանը եւ դրա վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովում հարցի քննարկման ընթացքում հանդես գալ հարակից զեկուցմամբ` ներկայացնելով հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ իրենց հատուկ կարծիքը:

Հոդված 81. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի ներկայացման եւ քննարկման ժամկետները

1. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծն ընդունվում կամ մերժվում է երկամսյա ժամկետում:

2. Եթե անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի հերթական նիստերին նախորդող շաբաթվանից առաջ, ապա

1) Աշխատակազմի եզրակացությունը ներկայացվում է ոչ ուշ, քան Ազգային ժողովի այդ նիստերից երեք օր առաջ,

2) նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնում է ոչ ուշ, քան առաջիկա հերթական նիստերի շաբաթվան նախորդող ուրբաթ օր,

3) նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվում եւ քվեարկվում է Ազգային ժողովի այդ նիստերում:

3. Եթե անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի հերթական նիստերին նախորդող շաբաթվա ընթացքում, ապա՝

1) Աշխատակազմի եզրակացությունը ներկայացվում է երկշաբաթյա ժամկետում,

2) նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացվում է երեքշաբաթյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան Ազգային ժողովի հաջորդ հերթական նիստերի շաբաթվան նախորդող ուրբաթ օր,

3) նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվում եւ քվեարկվում է Ազգային ժողովի այդ նիստերին հաջորդող հերթական նիստերում:

4. Անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը կարող է ներկայացվել նաեւ մինչեւ Աշխատակազմի եզրակացությունը ստանալը կամ դրա ներկայացման ժամկետը լրանալը:

5. Առաջին ընթերցմամբ ընդունված՝ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները Կառավարությանը եւ գլխադասային հանձնաժողով են ներկայացվում նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

6. Անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվելու նպատակով գլխադասային հանձնաժողով է ներկայացվում գրավոր առաջարկների ներկայացման համար սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, իսկ գլխադասային հանձնաժողովն իր եզրակացությունն Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում նախագիծն ստանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի շաբաթվան նախորդող ուրբաթ օրը:

7. Անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվում է ներկայացվելուց հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում:

8. Օրենքի նախագիծը դադարում է համարվել անհետաձգելի, եթե՝

1) Ազգային ժողովի նիստում նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցողը բացակայում է, եւ նրա փոխարեն հիմնական զեկուցմամբ հանդես չի գալիս Կառավարության այլ լիազոր ներկայացուցիչ.

2) Կառավարությունը սույն հոդվածով սահմանված ժամկետներում նախագիծը գլխադասային հանձնաժողով չի ներկայացնում.

3) Կառավարության առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ սույն հոդվածով սահմանված ժամկետները երկարաձգվում են սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը գերազանցող ժամկետով:

9. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը չի համարվում լրացած, եթե անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ Ազգային ժողովը որոշում է կայացնում՝ մերժում է ընդունել առաջին ընթերցմամբ, ինչպես նաեւ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ կամ ընդունում է որպես օրենք, շրջանառության մեջ դրվելուց հետո՝

1) հերթական նստաշրջանի երկու ամսվա ընթացքում, եթե այդ նստաշրջանի ավարտին մնացել է ոչ պակաս, քան երկու ամիս.

2) միմյանց հաջորդող երկու հերթական նստաշրջանների երկու ամսվա ընթացքում, եթե առաջին նստաշրջանի ավարտին մնացել է երկու ամսից պակաս:

10. Սույն հոդվածով սահմանված ժամկետները կարող են ավելացվել Կառավարության առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ:

Հոդված 82. Օրենքի նախագծի ընդունման առնչությամբ Կառավարության վստահության հարցը

1. Կառավարությունն իր ներկայացրած օրենքի նախագծի ընդունման առնչությամբ կարող է դնել իր վստահության հարցը:

2. Կառավարությունն օրենքի նախագծի առնչությամբ իր վստահության հարցը նույն նստաշրջանի ընթացքում կարող է դնել ոչ ավելի, քան երկու անգամ:

3. Կառավարությունը չի կարող դնել իր վստահության հարցը ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ, ինչպես նաեւ սահմանադրական օրենքի նախագծի ընդունման առնչությամբ:

4. Կառավարությունն իր վստահության հարցը դնում է Ազգային ժողովի նախագահին կամ նիստը նախագահողին ներկայացնելով վարչապետի ստորագրած պաշտոնական գրությունը, որտեղ նշվում են այն օրենքի նախագծի անվանումը եւ փաստաթղթային կոդը, որի ընդունման առնչությամբ Կառավարությունը դնում է իր վստահության հարցը: Գրությանը կցվում է Կառավարությանը վստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

5. Կառավարությանը վստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում առանց քննարկման, Ազգային ժողովի նիստում օրենքի նախագծի համապատասխան ընթերցմամբ քննարկումն ավարտվելուց անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան այն ներկայացվելուց հետո՝ 72 ժամվա ընթացքում: Սահմանված ժամկետում Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում՝ Կառավարությանը վստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

6. Կառավարությանը վստահություն հայտնելու մասին որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ:

7. Եթե Ազգային ժողովը Կառավարությանը վստահություն հայտնելու մասին որոշումը՝

1) ընդունում է, ապա Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը համարվում է ընդունված: Ազգային ժողովի նախագահն ընդունված օրենքը մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Հանրապետության նախագահին, որն ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում եւ հրապարակում է այն, կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով.

2) չի ընդունում, ապա Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, խմբակցություններն իրավունք ունեն Կանոնակարգի 145–րդ հոդվածով սահմանված կարգով առաջադրելու վարչապետի թեկնածուներ, եւ անցկացվում է վարչապետի ընտրություն:

Հոդված 83. Օրենքների ընդունումը

1. Սահմանադրական օրենքներն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, Սահմանադրության 109-րդ 3-րդ մասով, 116-րդ հոդվածի 2-րդ մասով, 117-րդ հոդվածով, 119-րդ հոդվածի 4-րդ մասով, 120-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 122-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված օրենքներն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իսկ մյուս օրենքները՝ քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

2. Եթե Ազգային ժողովը մերժում է Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ներկայացված օրենքի նախագծի ընդունումը, ապա նախագիծը կարող է Սահմանադրությամբ եւ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դրվել հանրաքվեի:

Հոդված 84. Օրենքի նախագիծը շրջանառությունից հանելը

1. Օրենքի նախագիծը շրջանառությունից հանվում է հետեւյալ դեպքերում.

1) քվեարկության արդյունքում նախագիծը հերթական նստաշրջանի օրակարգում չի ընդգրկվում.

2) հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, նախագիծը հերթական նիստերի օրակարգում չի ընդգրկվում.

3) նախագծի հեղինակների պատգամավորական լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, պատգամավորը, խմբակցությունը կամ Կառավարությունն Ազգային ժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով չեն տեղեկացնում օրենսդրական նախաձեռնությանը միանալու մասին՝ նշելով հիմնական զեկուցողի անունը, ազգանունը.

4) Կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ երկու ամսվա ընթացքում, նոր վարչապետն Ազգային ժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով չի տեղեկացնում օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Կառավարության որոշման ուժի մեջ մնալու մասին՝ նշելով հիմնական զեկուցողի անունը, ազգանունը եւ պաշտոնը.

5) հեղինակը նախագիծը հետ է կանչում.

6) Կանոնակարգով նախատեսված այլ դեպքերում:

2. Շրջանառությունից հանվելու դեպքում նախագիծը միաժամանակ հանվում է հերթական նստաշրջանի կամ նիստերի օրակարգերից, ինչպես նաեւ դրանց նախագծերից:


ԳԼՈՒԽ 17

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 85. Օրենքի նախագծի առաջին ընթերցման վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը

1. Գլխադասային հանձնաժողովն օրենքի նախագծի առաջին ընթերցման վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն է ներկայացնում նախագիծը շրջանառության մեջ դրվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, սակայն ոչ շուտ, քան Կառավարության եւ Աշխատակազմի եզրակացություններն ստանալը կամ դրանց ներկայացման ժամկետի լրանալը եւ ոչ ուշ, քան հերթական նիստերի շաբաթվան նախորդող ուրբաթ օրը:

2. Զեկուցողները ներկայացնում են նախագծի հիմնական սկզբունքները, որոնց շուրջ էլ ծավալվում է քննարկումը:

3. Հիմնական զեկուցողն իրավունք ունի մինչեւ հարցի քննարկման ավարտը ներկայացնելու լրամշակված նախագիծ կամ իր եզրափակիչ ելույթում առաջարկելու՝ նախագիծը լրամշակելու նպատակով հանձնաժողովի նիստում հարցի քննարկումն հետաձգել, որը համարվում է ընդունված՝ առանց քվեարկության:

4. Հարցի քննարկումը չհետաձգվելու դեպքում քվեարկության է դրվում նախագծի վերաբերյալ Ազգային ժողովին դրական, իսկ դրա չընդունվելու դեպքում՝ բացասական եզրակացության ներկայացնելու մասին հարցը: Եթե որեւէ որոշում չի ընդունվում, ապա համարվում է, որ հանձնաժողովը նախագծի վերաբերյալ եզրակացություն չի ներկայացրել:

5. Եթե նախագծի լրամշակման համար հանձնաժողովի նիստում հարցի քննարկումն հետաձգվում է, եւ դրանից հետո՝ երկամսյա ժամկետում, հիմնական զեկուցողը լրամշակված նախագիծ չի ներկայացնում կամ նրա գրավոր դիմումով՝ հանձնաժողովի որոշմամբ այդ ժամկետը չի երկարաձգվում, ապա նախագիծը, իսկ նախագծերի փաթեթի դեպքում՝ նաեւ մյուս նախագծերը հանվում են շրջանառությունից:

6. Հարցի քննարկումը հետաձգվելու դեպքում՝ լրամշակված նախագծի քննարկումը վերսկսվում է զեկուցողների եզրափակիչ ելույթներով: Քվեարկությունները կատարվում են սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:

7. Բացասական եզրակացության դեպքում՝ դրա պատճառները նշվում են հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքում:

8. Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց կամ դրա ներկայացման ժամկետը լրանալուց հետո Ազգային ժողովի նախագահը, Կանոնակարգի 44-րդ հոդվածին համապատասխան, օրենքի նախագիծն ընդգրկում է հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծում եւ ներկայացնում Խորհրդի առաջիկա հերթական նիստի քննարկմանը:

Հոդված 86. Ազգային ժողովի նիստում օրենքի նախագծի քննարկումն առաջին ընթերցմամբ

1. Օրենքի նախագիծն Ազգային ժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է ընդհանուր կարգով: Զեկուցողները ներկայացնում են նախագծի հիմնական սկզբունքները, որոնց շուրջ էլ ծավալվում է քննարկումը:

2. Հիմնական զեկուցողն իրավունք ունի մինչեւ հարցի քննարկման ավարտը լրամշակելու նախագիծը, որը կարող է քվեարկության դրվել, եթե Ազգային ժողովի նիստերի դահլիճում բաժանվում է քվեարկությունից առնվազն մեկ ժամ առաջ:

3. Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողը կարող է առաջարկել՝

1) նախագիծն ընդունել առաջին ընթերցմամբ, կամ

2) նախագծի լրամշակման համար Ազգային ժողովի նիստում հարցի քննարկումը հետաձգել, որը համարվում է ընդունված առանց քվեարկության:

4. Ազգային ժողովի նիստում հարցի քննարկումը հետաձգվելուց հետո՝ երկամսյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան հերթական նիստերի շաբաթվան նախորդող ուրբաթ օրը լրամշակված նախագիծ ներկայացվելու դեպքում՝ հարցի քննարկումը վերսկսվում է այդ հերթական նիստերում: Սահմանված ժամկետում լրամշակված նախագիծ չներկայացվելու դեպքում՝ նախագիծը, իսկ նախագծերի փաթեթի դեպքում՝ նաեւ մյուս նախագծերը հանվում են շրջանառությունից:

5. Հարցի քննարկումը վերսկսվելու դեպքում՝

1) մինչեւ հինգ րոպե տեւողությամբ ելույթով հանդես է գալիս հիմնական զեկուցողը, որը կարող է առաջարկել օրենքի նախագիծն ընդունել առաջին ընթերցմամբ.

2) մինչեւ երեք րոպե տեւողությամբ ելույթով կարող է հանդես գալիս հարակից զեկուցողը.

3) մինչեւ երկուական րոպե տեւողությամբ ելույթով կարող են հանդես գալ խմբակցությունների ներկայացուցիչները:

6. Առաջին ընթերցմամբ չընդունված նախագիծը, իսկ նախագծերի փաթեթի դեպքում՝ նաեւ մյուս նախագծերը հանվում են շրջանառությունից:

7. Աշխատակազմն առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը մեկ շաբաթվա ընթացքում ուղարկվում է մշտական հանձնաժողովներ, խմբակցություններ, պատգամավորների նախաձեռնության դեպքում՝ Կառավարություն, ինչպես նաեւ տեղադրում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

Հոդված 87. Այլընտրանքային օրենքի նախագծերի քննարկումն առաջին ընթերցմամբ

1. Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելուց առաջ օրենքի նախագիծը կարող է գլխադասային հանձնաժողովի որոշմամբ այլընտրանքային համարվել նույն օրենքում փոփոխություններ նախատեսող կամ միեւնույն ոլորտը կարգավորող եւ արդեն շրջանառության մեջ գտնվող օրենքի նախագծի նկատմամբ:

2. Այլընտրանքային համարված նախագծերը հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվում են միաժամանակ, իսկ առաջին ընթերցմամբ քննարկվում են հաջորդաբար:

3. Այլընտրանքային համարված նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցերը քվեարկության են դրվում միաժամանակ: Քննարկումը կարող է հետաձգվել այդ նախագծերի հիմնական զեկուցողների համաձայնությամբ:

4. Եթե քվեարկության են դրվում երկուսից ավելի նախագծեր, եւ դրանցից ոչ մեկը չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որի ժամանակ քվեարկվում են առավել շատ ձայներ ստացած երկու նախագծերը:

5. Եթե քվեարկության է դրվել երկու նախագիծ, եւ դրանցից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ, ապա առավել շատ ձայներ ստացած նախագիծը նորից է դրվում քվեարկության:

6. Եթե մեկից ավելի նախագծեր ստացել են առաջին ընթերցմամբ ընդունվելու համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա ընդունված է համարվում առավել շատ «կողմ» ձայներ ստացած նախագիծը:

7. Եթե մեկից ավելի նախագծեր ստացել են առաջին ընթերցմամբ ընդունվելու համար անհրաժեշտ թվով եւ հավասար քանակությամբ ձայներ, ապա ընդունված է համարվում առավել քիչ «դեմ» ձայներ ստացած նախագիծը:

8. Առաջին ընթերցմամբ չընդունված այլընտրանքային օրենքի նախագիծը հանվում է շրջանառությունից:

ԳԼՈՒԽ 18

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 88. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման կարգը

1. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելու իրավունք ունեն պատգամավորները եւ Կառավարությունը:

2. Գրավոր առաջարկները կարող են ներկայացվել նախագծի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, որը կարող է փոխվել հիմնական զեկուցողի կամ գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: Ժամկետը փոխելու վերաբերյալ առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման, նախագծի առաջին ընթերցմամբ ընդունվելուց անմիջապես հետո:

3. Գրավոր առաջարկները ներկայացվում են իրավասու անձի ստորագրությամբ գլխադասային հանձնաժողովի նախագահին եւ հիմնական զեկուցողին ուղղված պաշտոնական գրությամբ, որտեղ նշվում են նախագծի անվանումը, փաստաթղթային կոդը եւ կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

4. Գրությանը կից ներկայացվում են՝

1) առաջարկները (փոփոխությունները, լրացումները) եւ դրանց հիմնավորումները,

2) լրացվող օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը, եթե օրենսդրական նախաձեռնությունը կամ օրենքների նախագծերի փաթեթն առաջարկվում է լրացնել նոր նախագծով:

5. Գրությանը կից ներկայացված փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներն ուղարկվում են հիմնական զեկուցողի եւ գլխադասային հանձնաժողովի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով:

Հոդված 89. Օրենքի նախագծի ներկայացումը երկրորդ ընթերցման

1. Հիմնական զեկուցողն իրավունք ունի առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը երկրորդ ընթերցման ներկայացնելու՝

1) առանց փոփոխության, կամ

2) իր նախաձեռնությամբ կամ գրավոր առաջարկների հիման վրա լրամշակելով:

2. Եթե գրավոր առաջարկների ներկայացման ժամկետը լրանալուց հետո՝ երկամսյա ժամկետում, նախագիծը երկրորդ ընթերցման չի ներկայացվում, կամ հիմնական զեկուցողի գրավոր դիմումով՝ գլխադասային հանձնաժողովի որոշմամբ, այդ ժամկետը չի երկարաձգվում, ապա օրենքի նախագիծը, իսկ նախագծերի փաթեթի դեպքում նաեւ մյուս նախագծերը շրջանառությունից հանվում են:

3. Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցման է ներկայացվում հիմնական զեկուցողի ստորագրությամբ՝ գլխադասային հանձնաժողովի նախագահին ուղղված պաշտոնական գրությամբ, որտեղ նշվում են նախագծի անվանումը, փաստաթղթային կոդը եւ կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

4. Գրությանը կից ներկայացվում են՝

1) երկրորդ ընթերցման ներկայացվող օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը,

2) լրամշակված օրենքի նախագծի խմբագրված տարբերակը, որտեղ տեսանելի ձեւով՝ ջնջված կամ լրացված ներկայացվում են առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում կատարված բոլոր փոփոխությունները եւ լրացումները,

3) ամփոփաթերթ, որտեղ ընդգրկվում են սահմանված ժամկետում ներկայացված բոլոր գրավոր առաջարկները, ինչպես նաեւ հիմնական զեկուցողի նախաձեռնությամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծում կամ նախագծերի փաթեթում կատարված բոլոր փոփոխությունները եւ լրացումները:

5. Ամփոփաթերթի սյունակներում, ըստ նախագծի մասերի հաջորդականության, նշվում են՝

1) առաջարկի (փոփոխության, լրացման) հեղինակը,

2) նախագծի այն մասը, որին վերաբերում է առաջարկը (փոփոխությունը, լրացումը),

3) առաջարկը (փոփոխությունը, լրացումը),

4) առաջարկը (փոփոխությունը, լրացումը) ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հիմնական զեկուցողի եզրակացությունը:

6. Գրությանը կից ներկայացված փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներն ուղարկվում են գլխադասային հանձնաժողովի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով:

7. Գլխադասային հանձնաժողովի նախագահը գրությունը ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում.

1) դրան կից ներկայացված փաստաթղթերն ուղարկում է հանձնաժողովի անդամներին, կամ

2) գրությունը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է հիմնական զեկուցողին՝ նշելով պատճառների մասին, եթե դրանք չեն համապատասխանում սույն հոդվածի պահանջներին:

Հոդված 90. Օրենքի նախագծի երկրորդ ընթերցման վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը

1. Գլխադասային հանձնաժողովն օրենքի նախագծի երկրորդ ընթերցման վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն է ներկայացնում հիմնական զեկուցողի կողմից նախագիծը երկրորդ ընթերցման ներկայացվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, որը կարող է փոխվել գլխադասային հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ հանձնաժողովի որոշմամբ:

2. Հարցի քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները, հանձնաժողովում անդամ չունեցող խմբակցությունների ղեկավարները կամ քարտուղարները, իսկ պատգամավորի կամ քաղաքացիական նախաձեռնության դեպքում՝ նաեւ Կառավարության ներկայացուցիչը իրավունք ունեն՝

1) առաջարկելու՝ ընդունել կամ մերժել նախագծին կից ներկայացված ամփոփաթերթում ընդգրկված ամփոփաթերթում նշված առաջարկները.

2) նախագծի վերաբերյալ ներկայացնելու նոր առաջարկներ:

3. Հանձնաժողովի անդամները, ինչպես նաեւ հիմնական զեկուցողն իրավունք ունեն ելույթից հետո՝ հարցեր տալ առաջարկի հեղինակին:

4. Ելույթներն ավարտվելուց անմիջապես հետո սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացված բոլոր առաջարկները, հետեւյալ հաջորդականությամբ դրվում են քվեարկության՝

1) օրենքի նախագծերի փաթեթից հանել օրենքի նախագիծը.

2) օրենքի նախագծերի փաթեթը համալրել օրենքի նախագծով.

3) հոդվածն ամբողջությամբ հայտարարել չեղյալ.

4) օրենքի նախագիծը համալրել հոդվածով.

5) հոդվածը մասամբ հայտարարել չեղյալ.

6) տեքստում կատարել փոփոխություն.

7) տեքստում կատարել լրացում:

5. Օրենքի նախագծի միեւնույն հոդվածի վերաբերյալ ներկայացված իրարամերժ առաջարկները քվեարկվում են մրցակցության սկզբունքով՝ Կանոնակարգի 87-րդ հոդվածի 4-ից 7-րդ մասերին համապատասխան: Այն առաջարկը, որն իր բովանդակությամբ հակառակ է արդեն ընդունված առաջարկին՝ քվեարկության չի դրվում:

6. Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողը կարող է առաջարկել՝

1) նախագիծը քվեարկության դնել առանց փոփոխության, եթե քննարկման ընթացքում որեւէ առաջարկ չի ներկայացվել կամ ընդունվել, կամ

2) նախագիծը քվեարկության դնել հանձնաժողովի ընդունած բոլոր առաջարկները ներառած, կամ

3) հանձնաժողովի ընդունած առաջարկների հիման վրա նախագիծը լրամշակելու նպատակով՝ հանձնաժողովի նիստում հարցի քննարկումը հետաձգել, որը համարվում է ընդունված առանց քվեարկության:

7. Եթե օրենքի նախագիծը վերապահված է Կառավարության բացառիկ իրավասությանը, ապա հանձնաժողովի ընդունած առաջարկները նախագծում ներառվում են հիմնական զեկուցողի համաձայնությամբ, իսկ նախագիծը կարող է քվեարկության դրվել միայն Կառավարության համար ընդունելի ուղղումներով:

8. Սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին, 2-րդ կետում կամ 7-րդ մասում նշված առաջարկն ընդունվելու դեպքում համարվում է, որ հանձնաժողովը նախագծի վերաբերյալ ներկայացրել է դրական եզրակացություն, իսկ չընդունվելու դեպքում համարվում է, որ եզրակացություն չի ներկայացրել:

9. Եթե նախագծի լրամշակման նպատակով հանձնաժողովի նիստում հարցի քննարկումը քվեարկության փուլում հետաձգվում է, եւ դրանից հետո՝ երկամսյա ժամկետում, հիմնական զեկուցողը լրամշակված նախագիծ եւ նոր ամփոփաթերթ չի ներկայացնում, կամ նրա գրավոր դիմումով՝ հանձնաժողովի որոշմամբ այդ ժամկետը չի երկարաձգվում, ապա օրենքի նախագիծը, իսկ նախագծերի փաթեթի դեպքում՝ նաեւ մյուս նախագծերը հանվում են շրջանառությունից:

10. Հարցի քննարկումը քվեարկության փուլում հետաձգվելու դեպքում լրամշակված նախագծի քննարկումը հանձնաժողովի նիստում վերսկսվում է հիմնական եւ հարակից զեկուցողների եզրափակիչ ելույթներով: Հարցի քվեարկությունն անցկացվում է սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով կամ 7-րդ մասով սահմանված կարգով:

11. Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո Ազգային ժողովի նախագահը, Կանոնակարգի 45-րդ հոդվածին համապատասխան օրենքի նախագիծն ընդգրկում է հերթական նիստերի օրակարգի նախագծում եւ ներկայացնում է Խորհրդի առաջիկա հերթական նիստի քննարկմանը:

Հոդված 91. Ազգային ժողովի նիստում օրենքի նախագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ

1. Օրենքի նախագիծն Ազգային ժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է ընդհանուր կարգով, հետեւյալ տարբերությամբ՝ զեկուցողներին հարցեր տալու իրավունք ունեն միայն նախագծին կից ներկայացված ամփոփաթերթերում ընդգրկված առաջարկների հեղինակները:

2. Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողը կարող է առաջարկել՝

1) նախագիծը քվեարկության դնել առանց փոփոխության, կամ միայն Կառավարության համար ընդունելի ուղղումներով՝ եթե նախագիծը վերապահված է Կառավարության բացառիկ իրավասությանը.

2) նախագիծը լրամշակելու նպատակով Ազգային ժողովի նիստում հարցի քննարկումը հետաձգել, եթե նախագիծը վերապահված է Կառավարության բացառիկ իրավասությանը:

3. Ազգային ժողովի նիստում հարցի քննարկումը հետաձգվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան հերթական նիստերի շաբաթվան նախորդող ուրբաթ օրը, լրամշակված նախագիծ եւ նոր ամփոփաթերթ ներկայացվելու դեպքում հարցի քննարկումը վերսկսվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում: Սահմանված ժամկետում լրամշակված նախագիծ չներկայացվելու դեպքում՝ օրենքի նախագիծը, իսկ նախագծերի փաթեթի դեպքում՝ նաեւ մյուս նախագծերը հանվում են շրջանառությունից:

4. Հարցի քննարկումը վերսկսվելու դեպքում՝

1) մինչեւ հինգ րոպե տեւողությամբ ելույթով հանդես է գալիս հիմնական զեկուցողը, որը կարող է առաջարկել օրենքի նախագիծն ընդունել որպես օրենք.

2) մինչեւ երեք րոպե տեւողությամբ ելույթով կարող է հանդես գալիս հարակից զեկուցողը.

3) մինչեւ երկուական րոպե տեւողությամբ ելույթով կարող են հանդես գալ խմբակցությունների ներկայացուցիչները:

5. Եթե նախագիծը չի ընդունվում, ապա քվեարկությունից անմիջապես հետո՝ մինչեւ երկու րոպե տեւողությամբ ելույթով կարող է հանդես գալ հիմնական զեկուցողը եւ առաջարկել է Ազգային ժողովի որոշմամբ նախագծի քննարկումը վերադարձնել Կանոնակարգի 88-րդ հոդվածով նախատեսված՝ գրավոր առաջարկների ներկայացման փուլ, որը քվեարկության է դրվում առանց քննարկման:

6. Ազգային ժողովի նախագահն ընդունված օրենքը մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Հանրապետության նախագահին, որն ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում եւ հրապարակում է այն, կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:

ԳԼՈՒԽ 19

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 92. Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնությունը

1. Սահմանադրություն ընդունելու կամ Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասում նշված հոդվածները փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, Կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող երկու հարյուր հազար քաղաքացի:

2. Բացառությամբ Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասում նշված հոդվածների, Սահմանադրության մյուս հոդվածները փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, Կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող հարյուր հիսուն հազար քաղաքացի:

3. Սահմանադրություն ընդունելու կամ Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասում նշված հոդվածները փոփոխելու նախաձեռնությունն իրականացվում է Ազգային ժողովի քննարկմանը Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաեւ այդ նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագծի ներկայացմամբ:

4. Բացառությամբ Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասում նշված հոդվածների, Սահմանադրության մյուս հոդվածները փոփոխելու նախաձեռնությունն իրականացվում է Ազգային ժողովի քննարկմանը Սահմանադրության փոփոխությունների նախագծի ներկայացմամբ:

5. Սահմանադրության փոփոխությունների նախագծի հիմնական զեկուցողը դրա հեղինակը կամ Կանոնակարգի 74-րդ հոդվածին համապատասխան՝ նրա լիազորված անձն է, որն ունի օրենսդրական նախաձեռնության հիմնական զեկուցողի իրավասությունները:

6. Սահմանադրության փոփոխությունների նախագիծը պետք է համապատասխանի՝

1) Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի, ինչպես նաեւ 203-րդ հոդվածի պահանջներին.

2) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոններին:

Հոդված 93. Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնությունն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու եւ նախագիծը շրջանառության մեջ դնելու կարգը

1. Սահմանադրության փոփոխությունների՝ պատգամավորների նախաձեռնությունն իրականացվում է ստորագրաթերթով, որը պատգամավորներին տրամադրում է Աշխատակազմը: Անհրաժեշտ քանակի ստորագրություններով ստորագրաթերթը 24 ժամվա ընթացքում հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, որից հետո ստորագրաթերթը փոփոխման ենթակա չէ:

2. Սահմանադրության փոփոխությունների՝ Կառավարության նախաձեռնությունն իրականացվում է նրա որոշմամբ, իսկ քաղաքացիական նախաձեռնությունը՝ քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովին օրենքի նախագիծ ներկայացնելու համար՝ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգին համապատասխան: Կառավարության, ինչպես նաեւ քաղաքացիական նախաձեռնությունն Ազգային ժողովի քննարկմանն են ներկայացվում իրավասու անձի ստորագրությամբ՝ Ազգային ժողովի նախագահին ուղղված պաշտոնական գրությամբ:

3. Պաշտոնական գրությունում, ինչպես նաեւ ստորագրաթերթում նշվում են՝

1) Սահմանադրության փոփոխությունների նախագծի անվանումը եւ շրջանառության մեջ դնելու դիմումը՝ Սահմանադրության եւ Կանոնակարգի համապատասխան նորմերին կատարված հղումներով,

2) հիմնական զեկուցողի անունը, ազգանունը,

3) գրությանը կամ ստորագրաթերթին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը։

4. Գրությանը կամ ստորագրաթերթին կից ներկայացվում են՝

1) Սահմանադրության փոփոխությունների նախագիծը,

2) Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Կանոնակարգի 92-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքում,

3) Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը,

4) Սահմանադրության փոփոխությունների նախագծի հիմնավորումը, որտեղ նշվում են առկա խնդիրները, առաջարկվող կարգավորումները եւ ակնկալվող արդյունքները, ինչպես նաեւ հեղինակի հայեցողությամբ` նախագիծը մշակողների անունները, դրանց մշակման համար հիմք հանդիսացած հայեցակարգերի, իրավական ակտերի կամ այլ նյութերի վերաբերյալ տեղեկություններ,

5) տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով՝ ջնջված կամ լրացված ներկայացվում են Սահմանադրության հոդվածներում առաջարկվող բոլոր փոփոխությունները:

5. Քաղաքացիական նախաձեռնության գրությանը կից, ի լրումն սույն հոդվածի 4-րդ մասում նշված փաստաթղթերի, ներկայացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը, որտեղ նշվում են քաղաքացիական նախաձեռնության գրանցման տվյալները եւ լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը:

6. Կառավարության նախաձեռնության գրությանը կից, ի լրումն սույն հոդվածի 4-րդ մասում նշված փաստաթղթերի, ներկայացվում են`

1) նախաձեռնության վերաբերյալ Կառավարության որոշումը,

2) Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ ստացված պետական փորձագիտական, ինչպես նաեւ կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները,

3) հանրային քննարկումների ընթացքում Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների եւ առաջարկությունների ամփոփաթերթը,

4) պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Կառավարության եզրակացությունը կամ դրա անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:

7. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներն ուղարկվում են Աշխատակազմի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով:

8. Պաշտոնական գրությունն Ազգային ժողովում ստացնալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, Աշխատակազմն այդ գրության հետ միասին Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում սույն հոդվածի պահանջներին դրա համապատասխանության մասին տեղեկանք:

9. Սահմանադրության փոփոխությունների նախագիծը շրջանառության մեջ է դրվում օրենքի նախագծի համար՝ Կանոնակարգի 76–րդ հոդվածով սահմանված կարգով: Կառավարությունը եւ Աշխատակազմը Սահմանադրության փոփոխությունների նախագծի առաջին ընթերցման վերաբերյալ իրենց եզրակացություններն Ազգային ժողովի նախագահին են ներկայացնում մեկամսյա, իսկ գլխադասային հանձնաժողովը՝ երկամսյա ժամկետում, սակայն ոչ շուտ, քան Կառավարության եւ Աշխատակազմի եզրակացություններն ստանալը կամ դրանց ներկայացման ժամկետի լրանալը:

10. Սահմանադրության փոփոխությունների նախագիծը շրջանառությունից հանվում է օրենքների նախագծերի համար՝ Կանոնակարգի 84–րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 94. Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման եւ ընդունման կարգը

1. Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ, օրենքների նախագծերի համար՝ Կանոնակարգի 16-րդ, 17-րդ եւ 18-րդ գլուխներով սահմանված կարգով:

2. Մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելը՝ քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Եթե որոշումն ընդունվում է, ապա Ազգային ժողովի նախագահն այն՝ երկրորդ ընթերցմամբ քննարկված Սահմանադրության փոփոխությունների նախագծի հետ միասին երկու աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում եւ ուղարկում է Սահմանադրական դատարան, իսկ հարցի քննարկումն ընդհատվում է մինչեւ Սահմանադրական դատարանի որոշումը ստանալը: Եթե որոշումը չի ընդունվում, ապա

1) Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանվում է շրջանառությունից, կամ

2) հիմնական զեկուցողի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ նախագծի քննարկումը վերադարձվում է Կանոնակարգի 88-րդ հոդվածով նախատեսված՝ գրավոր առաջարկների ներկայացման փուլ: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման:

3. Եթե Սահմանադրական դատարանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը հակասող, ապա նախագիծը հանվում է շրջանառությունից:

4. Եթե Սահմանադրական դատարանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, ապա նրա որոշումը ստանալուց հետո հարցի քվեարկությունն անցկացվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, հետեւյալ կարգով՝

1) Կանոնակարգի 92-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքում քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը, որն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով.

2) Կանոնակարգի 92-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

5. Եթե սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում նշված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը չի ընդունվում, ապա մինչեւ 20 րոպե տեւողությամբ ելույթով կարող է հանդես գալ հիմնական զեկուցողը՝ ներկայացնելով նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ: Հիմնական զեկուցողի ելույթից հետո՝ մինչեւ տասական րոպե տեւողությամբ ելույթներով կարող են հանդես գալ խմբակցությունների ներկայացուցիչները, որից հետո որոշման նախագիծը դրվում է քվեարկության: Որոշումն ընդունվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Եթե որոշումը չի ընդունվում, ապա նախագիծը հանվում է շրջանառությունից:

6. Ազգային ժողովի նախագահը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշումը համապատասխան նախագծի հետ միասին մեկ շաբաթվա ընթացքում, ուղարկում է Հանրապետության նախագահին, որը դրանք ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, նշանակում է հանրաքվե:

7. Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխությունները մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Հանրապետության նախագահին, որը ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում եւ հրապարակում է այն:

ԳԼՈՒԽ 20

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 95. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացման, քննարկման եւ ընդունման ժամկետները

1. Ազգային ժողովը Կառավարության ներկայացմամբ ընդունում է պետական բյուջեն: Պետական բյուջեն օրենքով սահմանված կարգով ներառում է պետության բոլոր եկամուտները եւ ծախսերը:

2. Կառավարությունը պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը պաշտոնապես՝ նաեւ էլեկտրոնային տարբերակով Ազգային ժողով է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն իննսուն օր առաջ:

3. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի առաջադրման ժամանակ ներկայացվում են՝

1) նախագիծը, իսկ նախագծերի փաթեթի դեպքում՝ նաեւ մյուս նախագծերը,

2) նախաձեռնության վերաբերյալ Կառավարության որոշումը,

3) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված փաստաթղթերը,

4) տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով՝ ջնջված կամ լրացված ներկայացվում են օրենքի հոդվածներում առաջարկվող բոլոր փոփոխությունները եւ լրացումները:

4. Պետական բյուջեն ընդունվում է մինչեւ բյուջետային տարին սկսվելը: Այդ ժամկետում պետական բյուջեն չընդունվելու դեպքում, մինչեւ պետական բյուջեի ընդունումը, ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:

5. Ազգային ժողովի նախագահը, պետական բյուջեի մասին օրենքի նախագիծն ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, խորհրդակցելով վարչապետի հետ՝ կազմում է մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման եւ Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետների ժամանակացույց եւ այն ներկայացնում Խորհրդի հաստատմանը: Հաստատված ժամանակացույցը եւ ներկայացված պետական բյուջեի մասին օրենքի նախագիծն ուղարկվում են պատգամավորներին, խմբակցություններին, մշտական հանձնաժողովներ, Հաշվեքննիչ պալատ եւ Բյուջետային գրասենյակ, իսկ ժամանակացույցը՝ նաեւ Կառավարություն:

6. Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, Բյուջետային գրասենյակը պատրաստում եւ Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի ամփոփ նկարագիրը, որը հանձնաժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին:

7. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումն Ազգային ժողովի նիստում սկսվում է ոչ ուշ, քան բյուջետային տարվան նախորդող նոյեմբեր ամսվա առաջին հերթական նիստերում:

Հոդված 96. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումները եւ ներկայացման կարգը

1. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումները տեղի են ունենում մշտական հանձնաժողովների եւ դրանց համատեղ նիստերում, որոնց սահմանված կարգով մասնակցում են նաեւ Կառավարության լիազորած անձինք:

2. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող նյութերը քննարկվում են Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները, Հաշվեքննիչ պալատի նախագահը կամ Հաշվեքննիչ պալատի` նրան փոխարինող անդամը, ինչպես նաեւ Կառավարության լիազորած անձինք:

3. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին իրենց առաջարկները պատգամավորները, խմբակցությունները եւ մշտական հանձնաժողովներն Աշխատակազմի միջոցով ներկայացնում են Կառավարություն՝ թղթային, ինչպես նաեւ էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստի միջոցով: Կառավարությունը մշտական հանձնաժողովներում նախնական քննարկումների արդյունքով կարող է օրենքով սահմանված ժամկետում փոփոխություններ կատարել պետական բյուջեի մասին օրենքի նախագծում:

4. Կառավարությունը պետական բյուջեի մասին օրենքի խմբագրված նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում՝ կցելով ըստ հոդվածների հաջորդականության խմբավորված առաջարկների ամփոփաթերթիկը, որում հետեւյալ հաջորդականությամբ նշվում են՝

1) առաջարկի հեղինակը.

2) հոդվածի համարը, որին վերաբերում է առաջարկը.

3) առաջարկի տեքստը կամ բովանդակությունը.

4) առաջարկի վերաբերյալ Կառավարության եզրակացությունը:

5. Առաջարկները, որոնց վերաբերյալ Կառավարությունն ամփոփաթերթիկում հայտնել է դրական կարծիք, պարտադիր ընդգրկվում են պետական բյուջեի մասին օրենքի նախագծում:

Հոդված 97. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման կարգը

1. Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը քննարկվում է ընդհանուր կարգով՝ սույն հոդվածով սահմանված ընթացակարգին համապատասխան:

2. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացման համար Կառավարությունը կարող է հանդես գալ երեք զեկուցմամբ՝ մինչեւ 90 րոպե ընդհանուր տեւողությամբ: Զեկուցողները ներկայացնում են նաեւ նախնական քննարկումների արդյունքով պետական բյուջեի մասին օրենքի նախագծում կատարված փոփոխությունները:

3. Մինչեւ երեսունական րոպե տեւողությամբ հարակից զեկուցումներով հանդես են գալիս՝

1) Կենտրոնական բանկի նախագահը կամ Կենտրոնական բանկի խորհրդի` նրան փոխարինող անդամը՝ ներկայացնելով պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը.

2) Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.

3) Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով պետական բյուջեի մասին օրենքի նախագծի` պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության եւ հիմնավորվածության մասին հանձնաժողովի եզրակացությունը.

4) ըստ ցանկության՝ մշտական մյուս հանձնաժողովների մեկական ներկայացուցիչները՝ ներկայացնելով պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը:

4. Մտքերի փոխանակության ընթացքում՝

1) ելույթների համար տրվում է մինչեւ հնգական րոպե.

2) մինչեւ խմբակցությունների ելույթները վարչապետի ներկայացմամբ Կառավարության անդամներին, Երեւանի քաղաքապետին եւ մարզպետներին տրվում է յոթ արտահերթ ելույթի իրավունք:

5. Մտքերի փոխանակությունն ավարտվում է վարչապետի կամ պետական ֆինանսների ոլորտի լիազորված մարմնի ղեկավարի՝ մինչեւ 30 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով, որից հետո արտահերթ ելույթի իրավունքը պահպանում է միայն վարչապետը:

6. Մտքերի փոխանակությունն ավարտվելուց հետո նիստը նախագահողը հայտարարում է պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընդմիջում՝ առնվազն չորս օրով:

Հոդված 98. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկների ներկայացման կարգը

1. Պատգամավորները եւ խմբակցություններն իրենց առաջարկները, իսկ մշտական հանձնաժողովները՝ իրենց առաջարկներն ու եզրակացությունները պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումն ընդմիջելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, պաշտոնապես՝ թղթային, ինչպես նաեւ էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնում են Աշխատակազմ, որը առաջարկների ներկայացման ժամկետը լրանալուց հետո՝ մեկ ժամվա ընթացքում, դրանք ուղարկում է Կառավարություն:

Հոդված 99. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը վերսկսելը

1. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը վերսկսվելուց առնվազն 24 ժամ առաջ Կառավարությունը պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակը եւ Կանոնակարգի 96-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով կազմված ամփոփաթերթիկը, պատգամավորների թվին համապատասխան, հանձնում է Աշխատակազմ, որն ապահովում է Ազգային ժողովի նստավայրում դրանց տրամադրումը պատգամավորներին:

2. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը վերսկսվելուց հետո հարցը քննարկվում է ընդհանուր կարգով՝ սույն հոդվածով սահմանված ընթացակարգին համապատասխան:

3. Վարչապետը կամ ֆինանսների ոլորտի պետական լիազորված մարմնի ղեկավարը մինչեւ մեկ ժամ տեւողությամբ ելույթում ներկայացնում է պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակը եւ ամփոփաթերթիկում ներառված առաջարկները, որից հետո նրանց կարող են տրվել հարցեր:

4. Հայտ ներկայացնելու դեպքում մինչեւ տասական րոպե տեւողությամբ մեկական ելույթի իրավունք ունեն՝

1) խմբակցությունների ներկայացուցիչները.

2) մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները.

3) Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները:

5. Ելույթներից հետո մինչեւ 30 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս վարչապետը կամ ֆինանսների ոլորտի պետական լիազորված մարմնի ղեկավարը, որը կարող է առաջարկել պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակն ընդունել որպես օրենք կամ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի ընդունման առնչությամբ դնել Կառավարության վստահության հարցը:

6. Կառավարությանը վստահություն հայտնելու մասին որոշման նախագիծն ընդունվելու դեպքում պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը համարվում է ընդունված` Կառավարության կողմից ընդունելի համարված ուղղումներով:

7. Ընդունված պետական բյուջեի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է հատուկ ընթացակարգով:

Հոդված 100. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի կրկնական ներկայացման կարգը եւ ժամկետները

1. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի չընդունման դեպքում Կառավարությունն Ազգային ժողով պետական բյուջեի մասին օրենքի նախագիծ է ներկայացնում քվեարկությունից հետո` երկու շաբաթվա ընթացքում, որը քվեարկվում եւ ընդունվում է Կանոնակարգի սույն գլխով սահմանված կարգով՝ մեկ ամսվա ընթացքում:

2. Պետական բյուջեի մասին օրենքի ընդունման առնչությամբ Ազգային ժողովի կողմից Կառավարությանն անվստահություն հայտնելու դեպքում նոր Կառավարությունն Ազգային ժողով պետական բյուջեի մասին օրենքի նախագիծ է ներկայացնում իր ծրագրի հավանության արժանանալուց հետո` երկու շաբաթվա ընթացքում, որը քվեարկվում եւ ընդունվում է Կանոնակարգի սույն գլխով սահմանված կարգով՝ մեկ ամսվա ընթացքում:

ԳԼՈՒԽ 21

ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԵՐ

Հոդված 101. Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագծի ներկայացման եւ քննարկման կարգը

1. Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագծի նախաձեռնության իրավունքը պատկանում է Կառավարությանը:

2. Ազգային ժողովի վավերացմանը ենթակա միջազգային պայմանագրերի շրջանակը սահմանվում է Սահմանադրությամբ եւ օրենքով:

3. Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացվում, եթե դա կամ դրանում ամրագրված պարտավորությունները Սահմանադրական դատարանի որոշմամբ չեն հակասում Սահմանադրությանը:

4. Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում Կանոնակարգի 75–րդ հոդվածով սահմանված կարգով:

5. Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու վերաբերյալ օրենքի նախագծի հետ միասին ներկայացվում են՝

1) վավերացվող, կասեցվող կամ չեղյալ հայտարարվող միջազգային պայմանագիրը,

2) նախաձեռնության վերաբերյալ Կառավարության որոշումը,

3) վավերացվող միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը,

4) վավերացվող միջազգային պայմանագրի վերաբերյալ Կառավարության վերապահումները,

5) հիմնավորումը, որտեղ նշվում են միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու նպատակներն ու ակնկալվող արդյունքները,

6) վավերացվող միջազգային պայմանագրի եւ օրենքների միջեւ հակասությունների առկայության կամ բացակայության մասին տեղեկանքը,

7) միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու առնչությամբ օրենքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին տեղեկանքը:

6. Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու վերաբերյալ օրենքի նախագիծը ներկայացվում եւ քննարկվում է ընդհանուր կարգով՝ մեկ ընթերցմամբ:

7. Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

8. Սույն հոդվածով սահմանված կարգը տարածվում է նաեւ միջազգային պայմանագրերին Հայաստանի Հանրապետության միանալու մասին օրենքի նախագծերի ընդունման վրա:

9. Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին, եւ համաձայն Կառավարության տեղեկանքի, համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագծեր:

10. Սույն հոդվածով սահմանված կարգը չի տարածվում վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերի վրա, որոնք լուծվում են Սահմանադրության 205-րդ եւ Կանոնակարգի 114–րդ հոդվածներով սահմանված կարգով:

Հոդված 102. Համաներման մասին օրենքի նախագծի ներկայացման եւ քննարկման կարգը

1. Համաներման մասին օրենքի նախագծի նախաձեռնության իրավունքը պատկանում է Կառավարությանը:

2. Կառավարությունը համաներման մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում Կանոնակարգի 75–րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Համաներման մասին օրենքի նախագծի առաջադրման դեպքում, ի լրումն Կանոնակարգի 75–րդ հոդվածի 2-րդ եւ 5-րդ մասերում նշված փաստաթղթերի, ներկայացվում է տեղեկանք նախորդ համաներման ակտի կիրառման վերաբերյալ, որում ներառվում են պատժից ազատված անձանց, քրեական հետապնդման դադարեցման, նշանակված պատժաչափերի կրճատման, կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ մեղադրված կամ դատապարտված անձանց թվի վերաբերյալ վիճակագրական տեղեկություններ:

4. Համաներման մասին օրենքի նախագիծը քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովի փակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները, Հանրապետության Նախագահի եւ վարչապետի լիազորած անձինք:

5. Իրավասու մշտական հանձնաժողովի եզրակացության ներկայացման ժամկետի լրանալուց հետո համաներման մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում:

6. Համաներման մասին օրենքի նախագիծը կարող է քվեարկության դրվել միայն Կառավարության համար ընդունելի ուղղումներով:

7. Համաներման մասին օրենքն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հոդված 103. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագծի ներկայացման եւ քննարկման կարգը

1. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագծի նախաձեռնության իրավունքը պատկանում է Կառավարությանը:

2. Վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագիծը ներկայացվում եւ քննարկվում է ընդհանուր կարգով:

3. Համայնքների միավորման կամ բաժանման դեպքում այդ համայնքների ղեկավարներն իրավունք ունեն Ազգային ժողով ներկայացնելու միավորման կամ բաժանման վերաբերյալ իրենց գրավոր կարծիքը, իսկ Ազգային ժողովում կամ գլխադասային հանձնաժողովում հարցի քննարկման ընթացքում՝ հանդես գալու հարակից զեկուցմամբ:

4. Համայնքների ղեկավարներն հարցի քննարկմանը մասնակցելու վերաբերյալ իրենց դիմումներն Ազգային ժողովի նախագահին են ուղարկում՝ համապատասխան օրենքի նախագիծն Ազգային ժողովում շրջանառության մեջ դրվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

5. Վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագիծը կարող է քվեարկության դրվել միայն Կառավարության համար ընդունելի ուղղումներով:

Հոդված 104. Միջհամայնքային միավորման ստեղծման մասին օրենքի նախագծի ներկայացման եւ քննարկման կարգը

1. Հանրային շահից ելնելով՝ միջհամայնքային միավորման ստեղծման մասին օրենքի նախագծի նախաձեռնության իրավունքը պատկանում է Կառավարությանը:

2. Միջհամայնքային միավորման ստեղծման մասին օրենքի նախագիծը ներկայացվում եւ քննարկվում է ընդհանուր կարգով:

3. Օրենքի նախագծով ստեղծվող միջհամայնքային միավորման համայնքների ղեկավարներն իրավունք ունեն Ազգային ժողով ներկայացնելու միավորման վերաբերյալ իրենց գրավոր կարծիքը, իսկ Ազգային ժողովում կամ գլխադասային հանձնաժողովում հարցի քննարկման ընթացքում՝ հանդես գալու հարակից զեկուցմամբ:

4. Համայնքների ղեկավարներն հարցի քննարկմանը մասնակցելու վերաբերյալ իրենց դիմումներն Ազգային ժողովի նախագահին են ուղարկում՝ համապատասխան օրենքի նախագիծն Ազգային ժողովում շրջանառության մեջ դրվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

5. Միջհամայնքային միավորման ստեղծման մասին օրենքի նախագիծը կարող է քվեարկության դրվել միայն Կառավարության համար ընդունելի ուղղումներով:

Հոդված 105. Ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված հարցի քննարկման կարգը

1. Օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է հիմնական զեկուցողի համաձայնությամբ՝ ընդդիմադիր խմբակցության որոշմամբ համարվել արտահերթ, եթե դրա վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ստացվել է, կամ դրա ներկայացման ժամկետը լրացել է:

2. Արտահերթ չեն կարող համարել հետեւյալ հարցերը`

1) Սահմանադրության փոփոխությունների նախագծերը.

2) օրենքի նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումները.

3) պաշտոններում ընտրության, նշանակման, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց լիազորությունների դադարեցման, պաշտոնանկ անելու, հետ կանչելու մասին Ազգային ժողովի որոշումների նախագծերը:

3. Հերթական նիստերի յուրաքանչյուր երկրորդ շաբաթվա երեքշաբթի օրվա երկրորդ հիմնական նիստում քննարկվում է ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված մեկ հարց:

4. Հարցն արտահերթ համարելու մասին ընդդիմադիր խմբակցության որոշումը եւ նիստի արձանագրության քաղվածքն Ազգային ժողովի նախագահին կարող է ներկայացվել խմբակցության ղեկավարի ստորագրած գրությամբ՝ ոչ ուշ, քան Ազգային ժողովի հերթական նիստերին նախորդող շաբաթվա ուրբաթ օրվա ժամը 18:00: Եթե այդ ժամկետում ներկայացվել է մեկից ավելի գրություն, ապա առաջիկա հերթական նիստերում քննարկվում է այն հարցը, որի վերաբերյալ գրությունն ավելի շուտ է ներկայացվել: Եթե գրությունները ներկայացվել են նույն օրը, ապա արտահերթ համարված հարցերի քննարկման առաջնահերթությունը որոշվում է ըստ ընդդիմադիր խմբակցությունների թվաքանակի` փոքրից մեծ:

5. Ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված հարցը քննարկվում է 90 րոպե տեւողությամբ:

ԲԱԺԻՆ IV

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ԳԼՈՒԽ 22

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 106. Ազգային ժողովի որոշումները

1. Սահմանադրությամբ սահմանված դեպքերում, ինչպես նաեւ իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ:

2. Ազգային ժողովի որոշման նախագիծ կամ Ազգային որոշման ընդունման վերաբերյալ առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն Սահմանադրությամբ կամ Կանոնակարգով նախատեսված անձինք:

3. Ազգային ժողովի որոշման նախագիծը՝

1) ներկայացվում եւ շրջանառության մեջ է դրվում Կանոնակարգի 108-րդ եւ 109-րդ հոդվածներով սահմանված կարգով, կամ

2) Կանոնակարգով սահմանված դեպքերում կարող է ներկայացվել Ազգային ժողովի նիստի ընթացքում:

4. Ազգային ժողովի որոշման ընդունման վերաբերյալ առաջարկը ներկայացվում է Ազգային ժողովի նիստի ընթացքում՝ Կանոնակարգով սահմանված դեպքերում:

Հոդված 107. Ազգային ժողովի հայտարարությունները եւ ուղերձները

1. Ազգային ժողովի հայտարարությունը կամ ուղերձը որոշակի հարցերի, իրադարձությունների եւ փաստերի վերաբերյալ Ազգային ժողովի դիրքորոշման արտահայտումն է:

2. Ազգային ժողովի հայտարարության կամ ուղերձի նախագիծ ներկայացնելու իրավունք ունեն պատգամավորը եւ խմբակցությունը:

3. Ազգային ժողովի հայտարարության կամ ուղերձի նախագիծը ներկայացվում եւ շրջանառության մեջ է դրվում Ազգային ժողովի որոշման նախագծերի համար Կանոնակարգի 108-րդ եւ 109-րդ հոդվածներով սահմանված կարգով:

4. Ազգային ժողովի նախագահի առաջարկած հայտարարության կամ ուղերձի նախագիծը կարող է ներկայացվել Ազգային ժողովի նիստի ընթացքում եւ քննարկվել արտահերթ կարգով:

5. Ազգային ժողովի հայտարարությունները եւ ուղերձներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին

Հոդված 108. Ազգային ժողովի քննարկմանը որոշման նախագծի ներկայացման կարգը

1. Ազգային ժողովի որոշման նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում իրավասու անձի ստորագրությամբ Ազգային ժողովի նախագահին ուղղված պաշտոնական գրությամբ, որտեղ նշվում են՝

1) նախագծի անվանումը եւ շրջանառության մեջ դնելու դիմումը՝ Սահմանադրության եւ Կանոնակարգի համապատասխան նորմերին կատարված հղումներով,

2) հիմնական զեկուցողի անունը, ազգանունը,

3) գրությանը կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը։

2. Գրության կից ներկայացվում են՝

1) նախագիծը,

2) նախագծի ընդունման հիմնավորումը, որտեղ նշվում են դրա նպատակը, ինչպես նաեւ հեղինակի հայեցողությամբ` նախագիծը մշակողների անունները, դրա մշակման համար հիմք հանդիսացած իրավական ակտերի կամ այլ նյութերի վերաբերյալ տեղեկություններ.

3) Կանոնակարգով նախատեսված դեպքերում՝ կոլեգիալ մարմնի որոշումը,

4) Կանոնակարգով նախատեսված այլ փաստաթղթեր:

3. Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով որոշումների նախագծերին կից հիմնավորում կարող է չներկայացվել:

4. Ազգային ժողովի որոշման նախագիծը պետք է համապատասխանի՝

1) Սահմանադրությանը, օրենքներին եւ չպետք է հակասի Սահմանադրական դատարանի որոշումներին.

2) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոններին:

5. Ազգային ժողովի որոշման նախագծի հեղինակը կամ հիմնական զեկուցողն ունի Կանոնակարգի 74-րդ հոդվածով՝ օրենքի նախագծի հիմնական զեկուցողի իրավասությունները:

6. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում նշված փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներն ուղարկվում են Աշխատակազմի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով:

7. Պաշտոնական գրությունն Ազգային ժողովում ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, Աշխատակազմն այդ գրության հետ միասին Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում սույն հոդվածի պահանջներին դրա համապատասխանության մասին տեղեկանք:

Հոդված 109. Ազգային ժողովի որոշման նախագիծը շրջանառության մեջ դնելու կարգը

1. Պաշտոնական գրությունն Ազգային ժողովում ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը՝

1) նշանակում է գլխադասային հանձնաժողով եւ Ազգային ժողովի որոշման նախագիծը դնում է շրջանառության մեջ՝ եզրակացության ներկայացման համար ուղարկելով Աշխատակազմ եւ գլխադասային հանձնաժողով, կամ

2) գրությունը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է նախագծի հեղինակին՝ նշելով պատճառների մասին, եթե դա չի համապատասխանում Կանոնակարգի 108-րդ հոդվածի պահանջներին:

2. Աշխատակազմը նախագիծը ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, դա գրանցում է Ռեեստրում, իսկ գրությունը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերն ուղարկում է Ազգային ժողովի նախագահի տեղակալներին, մշտական հանձնաժողովներ եւ խմբակցություններ:

3. Աշխատակազմի եզրակացությունն Ազգային ժողովի նախագահին եւ գլխադասային հանձնաժողովին է ներկայացվում նախագիծը շրջանառության մեջ դրվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, եւ տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում: Եզրակացությունը ներառում է՝

1) նախագիծը Կանոնակարգի 108-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխանելու վերաբերյալ փորձաքննության արդյունքները,

2) նախագծին առնչվող Ազգային ժողովի այլ որոշման ընդունման անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին տեղեկանքը:

Հոդված 110. Ազգային ժողովի որոշման նախագծերի նախնական քննարկման կարգը

1. Ազգային ժողովի որոշման նախագծի նախնական քննարկումը՝

1) իրականացնում է մշտական հանձնաժողովների կազմից՝ Ազգային ժողովի նախագահի նշանակված գլխադասային հանձնաժողովը կամ իրավասու ժամանակավոր հանձնաժողովը.

2) իրենց իրավասությունների շրջանակում կարող են իրականացնել նաեւ մյուս մշտական հանձնաժողովները:

2. Ազգային ժողովի որոշման նախագծի նախնական քննարկման արդյունքում գլխադասային հանձնաժողովը իր եզրակացությունն Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում Կանոնակարգի 80-րդ եւ 85-րդ հոդվածներին համապատասխան՝ նախագիծը շրջանառության մեջ դրվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ շուտ, քան Աշխատակազմի եզրակացությունն ստանալը, կամ դրա ներկայացման ժամկետը լրանալը, հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքն ուղարկելով Ազգային ժողովի նախագահին:

3. Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց կամ դրա ներկայացման ժամկետը լրանալուց հետո Ազգային ժողովի նախագահը Կանոնակարգի 44-րդ եւ 45-րդ հոդվածներին համապատասխան՝ նախագիծն ընդգրկում է հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծում եւ ներկայացնում է Խորհրդի առաջիկա հերթական նիստի քննարկմանը:

Հոդված 111. Ազգային ժողովի որոշումների քննարկումը եւ ընդունումը

1. Ազգային ժողովի որոշման նախագծերն Ազգային ժողովի նիստում քննարկվում են մեկ ընթերցմամբ՝ Կանոնակարգի 86-րդ հոդվածով օրենքների նախագծերի առաջին ընթերցմամբ քննարկման համար սահմանված կարգով, հետեւյալ տարբերությամբ՝

1) մինչեւ հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթը քվեարկության են դրվում նախագծի վերաբերյալ խմբակցությունների ներկայացրած բոլոր առաջարկները.

2) ընդունված առաջարկները ներառվում են վերջնական տեսքով քվեարկության դրվող նախագծում:

2. Ազգային ժողովի որոշումները, բացառությամբ Սահմանադրությամբ եւ Կանոնակարգով նախատեսված դեպքերի, ընդունվում են քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

3. Կանոնակարգով սահմանված դեպքերում Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի կամ անվանական քվեարկությամբ:

4. Ազգային ժողովի որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով կամ դրանում սահմանված ժամկետում եւ կարգով հրապարակվելուց հետո։ Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման պահից, եթե դրանով այլ ժամկետ սահմանված չէ։

Հոդված 112. Ազգային ժողովի որոշման նախագիծը շրջանառությունից հանելը

1. Ազգային ժողովի որոշման նախագիծը շրջանառությունից հանվում է հետեւյալ դեպքերում.

1) քվեարկության արդյունքում նախագիծը հերթական նստաշրջանի օրակարգում չի ընդգրկվում.

2) հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, նախագիծը հերթական նիստերի օրակարգում չի ընդգրկվում.

3) նախագծի հեղինակների պատգամավորական լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, պատգամավորը կամ խմբակցությունն Ազգային ժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով չեն տեղեկացնում նախաձեռնությանը միանալու մասին՝ նշելով հիմնական զեկուցողի անունը, ազգանունը.

4) Կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ երկու ամսվա ընթացքում, նոր վարչապետն Ազգային ժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով չի տեղեկացնում նախաձեռնության վերաբերյալ Կառավարության որոշման ուժի մեջ մնալու մասին՝ նշելով հիմնական զեկուցողի անունը, ազգանունը եւ պաշտոնը.

5) հեղինակը նախագիծը հետ է կանչում.

6) Կանոնակարգով նախատեսված այլ դեպքերում:

2. Շրջանառությունից հանվելու դեպքում նախագիծը միաժամանակ հանվում է հերթական նստաշրջանի կամ նիստերի օրակարգերից կամ դրանց նախագծերից:


ԳԼՈՒԽ 23

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԵՐ

Հոդված 113. Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը

1. Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:

2. Կառավարության ծրագիրը քննարկվում է ընդհանուր կարգով, hետեւյալ տարբերությամբ՝

1) ծրագիրը ներկայացնելու համար վարչապետին տրվում է մինչեւ երեք ժամ, որից հետո նրան կարող են հարցեր տրվել.

2) հարակից զեկուցմամբ կարող են հանդես գալ մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչներ.

3) եզրափակիչ ելույթի համար վարչապետին տրվում է մինչեւ մեկ ժամ:

3. Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

4. Եթե Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն չի տալիս, ապա Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, խմբակցություններն իրավունք ունեն Կանոնակարգի 145–րդ հոդվածով սահմանված կարգով առաջադրելու վարչապետի թեկնածուներ, եւ անցկացվում է վարչապետի ընտրություն:

5. Եթե Ազգային ժողովը Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերին եւ Կանոնակարգի 145–րդ հոդվածին համապատասխան՝ նոր վարչապետ չի ընտրում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

6. Սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերը չեն տարածվում Սահմանադրության 115-րդ հոդվածին համապատասխան կազմավորված Կառավարության ծրագրի վրա: Եթե այդ Կառավարության ծրագիրը հավանության չի արժանանում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Հոդված 114. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցությանը կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով հանրաքվեի անցկացման մասին Ազգային ժողովի որոշման նախագծի ներկայացման եւ քննարկման կարգը

1. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով:

2. Վերպետական միջազգային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցով հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի Կառավարությունը:

3. Նախագծին կից ներկայացվում են հետեւյալ փաստաթղթերը՝

1) հանրաքվեի դրվող հարցին առնչվող իրավական ակտերի նախագծերը կամ այլ փաստաթղթերը,

2) հանրաքվեի դրվող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը,

3) նախաձեռնության վերաբերյալ Կառավարության որոշումը,

4) հիմնավորումը, որտեղ նշվում են վերպետական միջազգային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխության նպատակներն ու ակնկալվող արդյունքները:

4. Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց կամ դրա ներկայացման ժամկետը լրանալուց հետո նախագիծը Կանոնակարգի 44-րդ հոդվածով սահմանված կարգով ընդգրկվում է Ազգային ժողովի հերթական նիստաշրջանի օրակարգի նախագծում:

5. Հարցն Ազգային ժողովում քննարկվում է ընդհանուր կարգով: Հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթից անմիջապես հետո քվեարկության է դրվում հանրաքվեի դրվող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Եթե որոշումը չի ընդունվում, ապա հանրաքվե անցկացնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագիծը հանվում է շրջանառությունից:

6. Եթե Սահմանադրական դատարանը հանրաքվեի դրվող հարցը կամ դրան առնչվող իրավական ակտերի նախագծերը ճանաչում է Սահմանադրությանը հակասող, ապա հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը հանվում է շրջանառությունից:

7. Եթե Սահմանադրական դատարանը հանրաքվեի դրվող հարցը եւ դրան առնչվող իրավական ակտերի նախագծերը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, ապա Սահմանադրական դատարանի որոշումն ստանալուց հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, առանց քննարկման քվեարկության է դրվում վերպետական միջազգային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցով հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

8. Ազգային ժողովի նախագահը վերպետական միջազգային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցով հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշումը համապատասխան նախագծի հետ միասին մեկ շաբաթվա ընթացքում, ուղարկում է Հանրապետության նախագահին, որը դրանք ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, նշանակում է հանրաքվե:

Հոդված 115. Ռազմական դրությունը վերացնելու կամ ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծի ներկայացման եւ քննարկման կարգը

1. Ռազմական դրությունը վերացնելու կամ ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

2. Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց կամ դրա ներկայացման ժամկետը լրանալուց հետո նախագիծը Կանոնակարգի 44-րդ հոդվածով սահմանված կարգով ընդգրկվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում:

3. Հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է ընդհանուր կարգով: Քննարկման ընթացքում Կառավարության ներկայացուցիչն իրավունք ունի գլխադասային հանձնաժողովի ներկայացուցչից հետո հանդես գալու հարակից զեկուցմամբ:

4. Ռազմական դրությունը վերացնելու կամ ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարել մասին Ազգային ժողովի որոշմումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

5. Ազգային ժողովի նախագահը ռազմական դրությունը վերացնելու կամ ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

Հոդված 116. Արտակարգ դրությունը վերացնելու կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծի ներկայացման եւ քննարկման կարգը

1. Արտակարգ դրությունը վերացնելու կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

2. Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց կամ դրա ներկայացման ժամկետը լրանալուց հետո նախագիծը Կանոնակարգի 44-րդ հոդվածով սահմանված կարգով ընդգրկվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում:

3. Հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է ընդհանուր կարգով: Քննարկման ընթացքում Կառավարության ներկայացուցիչն իրավունք ունի գլխադասային հանձնաժողովի ներկայացուցչից հետո հանդես գալու հարակից զեկուցմամբ:

4. Արտակարգ դրությունը վերացնելու կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարել մասին Ազգային ժողովի որոշմումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

5. Ազգային ժողովի նախագահը արտակարգ դրությունը վերացնելու կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

Հոդված 117. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը

1. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, ով այդ մասին անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

2. Աշխատակազմն ապահովում է Ազգային ժողովի նստավայրում միջնորդագրի տրամադրումը պատգամավորներին:

3. Միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, ընդհանուր կարգով, հետեւյալ տարբերությամբ՝

1) մինչեւ քսանական րոպե տեւողությամբ ելույթներով հանդես են գալիս գլխավոր դատախազը եւ միջնորդագրում նշված պատգամավորը, որոնց կարող են հարցեր տրվել.

2) մինչեւ 20 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով հանդես են գալիս միջնորդագրում նշված պատգամավորը եւ գլխավոր դատախազը:

4. Եթե միջնորդագրում նշված պատգամավորը հարցի քննարկման սկզբում Ազգային ժողովի նիստից անհարգելի պատճառով բացակայում է, ապա հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության:

5. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ:

Հոդված 118. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու կարգը

1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվում են Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ անհամատեղելիության պահանջները խախտելու, քաղաքական գործունեությամբ զբաղվելու, առողջական վիճակի պատճառով պաշտոնավարման անհնարինության, էական կարգապահական խախտում կատարելու դեպքերում:

2. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման հարցով Սահմանադրական դատարան կարող է դիմել Ազգային ժողովը:

3. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման հիմքերի առկայության վերաբերյալ եզրակացությունն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ՝ Աշխատակազմը եզրակացությունը 24 ժամվա ընթացքում ուղարկում է խմբակցություններ, որից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, նրանք իրավունք ունեն Ազգային ժողով ներկայացնելու եզրակացությունում նշված՝ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման նախագիծ:

5. Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց կամ դրա ներկայացման ժամկետը լրանալուց հետո նախագիծը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում:

6. Ազգային ժողովի նիստում հարցը քննարկվում է ընդհանուր կարգով: Սահմանադրական դատարանի դատավորն իրավունք ունի գլխադասային հանձնաժողովի ներկայացուցչից հետո ելույթ ունենալու, պատասխանելու հարցերին, ինչպես նաեւ հանդես գալու եզրափակիչ ելույթով:

7. Եթե հարցի քննարկման սկզբում Սահմանադրական դատարանի դատավորն Ազգային ժողովի նիստից անհարգելի պատճառով բացակայում է, ապա հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության:

8. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

Հոդված 119. Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատություն զրկելուն համաձայնություն տալու կարգը

1. Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, ով այդ մասին անմիջապես տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալ հայտարարությամբ: Միջնորդագրին կցվում է Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

2. Աշխատակազմն ապահովում է Ազգային ժողովի նստավայրում միջնորդագրի տրամադրումը պատգամավորներին:

3. Միջնորդագիրը ընդհանուր կարգով քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, հետեւյալ տարբերությամբ՝

1) մինչեւ քսանական րոպե տեւողությամբ ելույթներով հանդես են գալիս գլխավոր դատախազը եւ Մարդու իրավունքների պաշտպանը, որոնց կարող են հարցեր տրվել.

2) մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ միայն պատգամավորները.

3) մինչեւ 20 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով հանդես են գալիս Մարդու իրավունքների պաշտպանը եւ գլխավոր դատախազը:

4. Եթե հարցի քննարկման սկզբում Մարդու իրավունքների պաշտպանն Ազգային ժողովի նիստից անհարգելի պատճառով բացակայում է, ապա հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության:

5. Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

Հոդված 120. Կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ հարցով Սահմանադրական դատարան դիմելու կարգը

1. Կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

2. Նախագծի հիմնավորումում նշվում են կուսակցության գործունեության կասեցման կամ արգելման՝ օրենքով նախատեսված այն հիմքերը, որոնց առնչությամբ նախատեսվում է դիմել Սահմանադրական դատարան, ինչպես նաեւ դրանց առնչվող փաստաթղթերը կամ այլ նյութերը:

3. Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց կամ դրա ներկայացման ժամկետը լրանալուց հետո նախագիծը Կանոնակարգի 44-րդ հոդվածով սահմանված կարգով ընդգրկվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում:

4. Կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

5. Ազգային ժողովի նախագահը կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշումը ստորագրում եւ 24 ժամվա ընթացքում ուղարկում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանում հարցի քննության ընթացքում որպես ներկայացուցիչ հանդես է գալիս հիմնական զեկուցողը:

ԲԱԺԻՆ V

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ԳԼՈՒԽ 24

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

Հոդված 121. Պետական բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը

1. Յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ 40 օրվա ընթացքում, Կառավարությունն Ազգային ժողով տեղեկանք է ներկայացնում (նաեւ էլեկտրոնային տարբերակով) պետական բյուջեի կատարման ընթացքի մասին:

2. Իրավասու մշտական հանձնաժողովն իր նիստում քննարկում է պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքը: Հանձնաժողովի նիստում քննարկումներն իրականացվում են ընդհանուր կարգով:

3. Մինչեւ Ազգային ժողովի նիստում հերթական բյուջետային տարվա պետական բյուջեի ընդունումը Ազգային ժողովը քննարկում է ընթացիկ տարվան նախորդող տարվա բյուջեի կատարման մասին հաշվետվությունը:

4. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում պետական բյուջեի կատարման, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների եւ վարկերի օգտագործման նկատմամբ։

5. Ազգային ժողովը, Հաշվեքննիչ պալատի եզրակացության առկայությամբ, քննարկում եւ որոշում է ընդունում պետական բյուջեի կատարման մասին Կառավարության կողմից ներկայացվող տարեկան հաշվետվության վերաբերյալ:

6. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն Ազգային ժողովում քննարկվում եւ հաստատվում է մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա աշնանային նստաշրջանի բացման օրը:

Հոդված 122. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացման եւ քննարկման ժամկետները

1. Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը` պաշտոնապես եւ էլեկտրոնային տարբերակով, ինչպես նաեւ դրա վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից Կառավարություն ներկայացրած պաշտոնական եզրակացությունն Ազգային ժողով է ներկայացնում մինչեւ հաջորդ տարվա մայիսի 1-ը:

2. Ազգային ժողովի նախագահը, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում, խորհրդակցելով վարչապետի հետ՝ կազմում է մշտական հանձնաժողովներում պետական բյուջեի տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամանակացույցը եւ այն ներկայացնում է Խորհրդի հաստատմանը: Հաստատված ժամանակացույցը եւ ներկայացված հաշվետվությունն ուղարկվում են պատգամավորներին, խմբակցություններին, մշտական հանձնաժողովներ, Հաշվեքննիչ պալատ եւ Բյուջետային գրասենյակ, իսկ ժամանակացույցը՝ նաեւ Կառավարություն:

3. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, Բյուջետային գրասենյակը պատրաստում եւ իրավասու մշտական հանձնաժողով է ներկայացնում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփ նկարագիրը, որը հանձնաժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին եւ ուղարկում մյուս մշտական հանձնաժողովներ:

Հոդված 123. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները

1. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները տեղի են ունենում մշտական հանձնաժողովներում, որոնց սահմանված կարգով մասնակցում են նաեւ Կառավարության անդամները եւ վարչապետի լիազորած անձինք:

2. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող նյութերը քննարկվում են իրավասու մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները, հաշվեքննիչ պալատի նախագահը կամ Հաշվեքննիչ պալատի` նրան փոխարինող անդամը եւ Կառավարության լիազորած անձինք:

Հոդված 124. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը

1. Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը քննարկվում է ընդհանուր կարգով: Հաշվետվությունը ներկայացնելիս Կառավարությունը կարող է հանդես գալ երեք զեկուցմամբ՝ մինչեւ 90 րոպե ընդհանուր տեւողությամբ: Մինչեւ երեսունական րոպե տեւողությամբ հարակից զեկուցումներով հանդես են գալիս՝

1) Կենտրոնական բանկի նախագահը՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը.

2) Հաշվեքննիչ պալատի նախագահը` ներկայացնելով հաշվետվության, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը.

3) իրավասու մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.

4) իրավասու մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության եւ հիմնավորվածության մասին հանձնաժողովի եզրակացությունը.

5) ըստ ցանկության՝ մշտական մյուս հանձնաժողովների մեկական ներկայացուցիչները՝ ներկայացնելով համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը:

2. Մինչեւ խմբակցությունների ելույթները վարչապետի ներկայացմամբ Կառավարության անդամներին, Երեւանի քաղաքապետին եւ մարզպետներին տրվում է յոթ արտահերթ ելույթի իրավունք:

3. Մտքերի փոխանակության ավարտից հետո մինչեւ 30 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս վարչապետը կամ պետական ֆինանսների ոլորտի լիազորված մարմնի ղեկավարը, որից հետո քվեարկության է դրվում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Որոշումն ընդունվելու դեպքում հաշվետվությունը համարվում է հաստատված: Եթե որոշումը չի ընդունվում եւ դրանից հետո՝ յոթանասուներկու ժամվա ընթացքում, Կանոնակարգի 165–րդ հոդվածով սահմանված կարգով վարչապետին անվստահություն չի հայտնվում, ապա հաշվետվությունը համարվում է հաստատված:

ԳԼՈՒԽ 25

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐ

Հոդված 125. Կառավարությանը հարցերով դիմելու կարգը

1. Հերթական նստաշրջանի հերթական նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների բանավոր հարցերին:

2. Հարցերից յուրաքանչյուրը պետք է վերաբերի Կառավարության մեկ անդամի իրավասությանը վերապահված ոլորտին:

3. Հարցերը տրվում են ըստ հերթագրման հաջորդականության: Ընդդիմադիր եւ կառավարող խմբակցությունների երկուական հերթագրված պատգամավորներից հետո հարցերով հանդես են գալիս մյուս հերթագրված պատգամավորները:

4. Պատգամավորների հարցերի կապակցությամբ Ազգային ժողովը որոշումներ չի ընդունում:

Հոդված 126. Խմբակցությունների գրավոր հարցապնդումները

1. Խմբակցություններն ունեն Կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներով դիմելու իրավունք:

2. Խմբակցությունը նույն հերթական նստաշրջանի ընթացքում Կառավարության անդամներին հարցապնդումով կարող է դիմել ոչ ավելի, քան մեկ անգամ:

3. Խմբակցությունը Կառավարությանը գրավոր հարցապնդումով դիմելու իրավունքն իրականացնում է իր որոշմամբ:

4. Գրավոր հարցապնդումը, որին կցվում է խմբակցության որոշումը, հանձնվում է Աշխատակազմ, որը 24 ժամվա ընթացքում այն ուղարկում է Կառավարություն: Հարցապնդմանը կից կարող են ներկայացվել դրան առնչվող տեղեկանքներ, եզրակացություններ, տեղեկատվական ու վերլուծական այլ նյութեր:

5. Հարցապնդումը ստանալուց ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում վարչապետի հանձնարարությամբ՝ Կառավարության համապատասխան անդամը հարցապնդման գրավոր պատասխանն ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:

6. Հարցապնդման պատասխանը ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Աշխատակազմն այն ուղարկում է Ազգային ժողովի նախագահի տեղակալներին, խմբակցություններ, մշտական հանձնաժողովներ եւ տեղադրում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

7. Հարցապնդումների պատասխանները ներկայացվում եւ խմբակցության առաջարկությամբ՝ քննարկվում են հերթական նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում: Յուրաքանչյուր շաբաթվա հերթական նիստերում կարող է ներկայացվել եւ քննարկվել մեկ հարցապնդման պատասխան:

8. Հերթական նիստերի գումարումից առնվազն մեկ շաբաթ առաջ ստացված հարցապնդման պատասխանը ներկայացվում, ինչպես նաեւ կարող է խմբակցության առաջարկությամբ՝ քննարկվել այդ նիստերի, իսկ նշված ժամկետից ուշ ստացվածները՝ հաջորդ հերթական նիստերի ընթացքում: Խմբակցության առաջարկը կարող է Ազգային ժողովի նախագահին ներկայացվել մինչեւ հարցապնդումն Ազգային ժողովի նիստում ներկայացվելը:

9. Եթե նույն շաբաթվա հերթական նիստերում լրանում է մեկից ավելի հարցապնդման պատասխանների ներկայացման ժամկետը, ապա ներկայացվում է այն հարցապնդման պատասխանը, որն ավելի շուտ է ուղարկվել Կառավարություն: Եթե հարցապնդումներն ուղարկվել են նույն օրը, ապա դրանց պատասխանների ներկայացման առաջնահերթությունը որոշվում է ըստ խմբակցությունների թվաքանակի` փոքրից մեծ:

10. Հարցապնդման պատասխանն Ազգային ժողովի նիստում ներկայացնում են Կառավարության ոչ ավելի, քան երկու անդամ, որոնք ելույթ են ունենում ամբիոնից՝ մինչեւ հինգական րոպեի ընթացքում: Եթե խմբակցությունը չի առաջարկել հարցապնդումը քննարկել, ապա Կառավարության անդամների ելույթներից հետո հարցի քննարկումը համարվում է ավարտված:

11. Հարցապնդման քննարկումն անցկացվում է հետեւյալ ընթացակարգով՝

1) հարցապնդման պատասխանը ներկայացնող Կառավարության անդամների կարող են հարցեր տրվել.

2) մինչեւ հինգ րոպե տեւողությամբ հանդես է գալիս հարցապնդումը ներկայացնող խմբակցության ներկայացուցիչը, որին կարող են հարցեր տրվել.

3) Կառավարության անդամներին, ինչպես նաեւ խմբակցության ներկայացուցչին հարցերի եւ դրանց պատասխանների համար հատկացվում է մինչեւ մեկական րոպե, որոնց ընդհանուր տեւողությունը՝ յուրաքանչյուր ելույթ ունեցողի դեպքում չի կարող գերազանցել 15 րոպեն.

4) պատգամավորների ելույթների համար հատկացվում է մինչեւ երեքական րոպե, որոնց ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 30 րոպեն:

5) Կառավարության անդամների եզրափակիչ ելույթների համար հատկացվում է մինչեւ երեքական րոպե.

6) հարցապնդումը ներկայացրած խմբակցության ներկայացուցչի եզրափակիչ ելույթի համար հատկացվում է մինչեւ երեք րոպե:

12. Հարցապնդման քննարկման արդյունքով խմբակցության ներկայացուցիչը կարող է իր եզրափակիչ ելույթում՝

1) առաջարկել ընդունել Կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Ազգային ժողովի որոշում, որը քվեարկության է դրվում առանց քննարկման, կամ

2) հայտարարել, որ խմբակցությունը նախատեսում է Սահմանադրության 113-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ վարչապետին անվստահություն հայտնելու մասին առաջարկ ներկայացնել: Եթե հարցի քննարկման ավարտից հետո՝ 24 ժամվա ընթացքում, Կանոնակարգի 165-րդ հոդվածով սահմանված կարգով Ազգային ժողովի նախագահին ներկայացվում է վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, ապա ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, եւ ոչ ուշ, քան հիսուն ժամ հետո նախագիծը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, իսկ այդ ժամկետներում հերթական նիստեր չանցկացվելու դեպքում՝ իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

13. Հարցի քննարկման ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում, որեւէ խմբակցությունը չի կարող է միեւնույն հարցապնդումով Կառավարությանը կրկին դիմել:

14. Ազգային ժողովի նախագահը Կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ 24 ժամվա ընթացքում ուղարկում է վարչապետին, որը գրավոր պատասխանն Ազգային ժողովի նախագահին է ուղարկում տասնօրյա ժամկետում, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

15. Վարչապետի պատասխանն ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում Աշխատակազմն ուղարկում է Ազգային ժողովի նախագահի տեղակալներին, խմբակցություններ, մշտական հանձնաժողովներ եւ տեղադրում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

Հոդված 127. Մշտական հանձնաժողովների խորհրդարանական վերահսկողությունը

1. Մշտական հանձնաժողովներն իրենց լիազորությունների շրջանակում իրավասու են իրականացնել խորհրդարանական վերահսկողություն:

2. Խորհրդարանական վերահսկողության առարկա կարող են լինել հետեւյալ հարցերը՝

1) պետական բյուջեի կատարման, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների եւ վարկերի օգտագործման ընթացքը.

2) Կառավարության ծրագրով սահմանված միջոցառումների կատարման ընթացքը.

3) Սահմանադրության եւ օրենքների պահանջներին Կառավարության կամ պետական կառավարման համակարգի մարմինների ընդունած իրավական ակտերի համապատասխանությունը.

4) օրենքի եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի արդյունավետությունը, ինչպես նաեւ դրան խոչընդոտող գործոնները.

5) օրենքի կամ Ազգային ժողովի որոշման կատարման ընթացքում ի հայտ եկած բացթողումները.

6) օրենքի կամ Ազգային ժողովի որոշման կատարմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումները:

3. Իրավասու հանձնաժողովը խորհրդարանական վերահսկողություն իրականացնելիս կարող է`

1) ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կամ համայնքային կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջել եւ ստանալ խորհրդարանական վերահսկողության հարցին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր.

2) իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կամ համայնքային կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից, բացառությամբ դատարանների, դատավորների, դատախազների, քննիչների պահանջել խորհրդարանական վերահսկողության հարցի ուսումնասիրության ընթացքում բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ անցկացնել ստուգումներ, ուսումնասիրություններ, փորձագիտական հետազոտություններ եւ ներկայացնել դրանց արդյունքները:

4. Խորհրդարանական վերահսկողության առնչությամբ իրավասու հանձնաժողովի պահանջած նյութերը, փաստաթղթերը կամ այլ տեղեկությունները պետք է նրան ուղարկվեն հարցումը ստանալուց հետո՝ տաս օրվա ընթացքում, եթե հարցման մեջ ավելի երկար ժամկետ նշված չէ, կամ հարցման հասցեատերը հանձնաժողովի պահանջը կատարելու համար ողջամիտ ժամկետ չի առաջարկում:

5. Իրավասու հանձնաժողովի անդամները կարող են հանձնաժողովի որոշմամբ անարգել այցելել ցանկացած պետական կամ համայնքային հիմնարկ կամ կազմակերպություն, ինչպես նաեւ ծանոթանալ խորհրդարանական վերահսկողության առարկային առնչվող ցանկացած նյութի եւ փաստաթղթի: Պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններին իրավասու հանձնաժողովի անդամները կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:

6. Իրավասու հանձնաժողովը խորհրդարանական վերահսկողության արդյունքում Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում եզրակացություն, որը ներառում է վերահսկողության առարկայի վերաբերյալ իր եզրակացությունը, ինչպես նաեւ դրա առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի առաջարկները: Եզրակացությանը կցվում են դրանում նշված եզրահանգումները եւ առաջարկները հիմնավորող փաստաթղթեր կամ այլ նյութեր:

7. Խորհրդարանական վերահսկողության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, Խորհրդի սահմանած օրը քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում: Հարցը քննարկվում է ընդհանուր կարգով, հետեւյալ տարբերությամբ՝

1) մինչեւ 30 րոպե տեւողությամբ ելույթով հանդես է գալիս իրավասու հանձնաժողովի նախագահը՝ ներկայացնելով հանձնաժողովի եզրակացությունը, որից հետո նրան տրվում են հարցեր.

2) մինչեւ 20 րոպե տեւողությամբ ելույթով կարող է հանդես գալ հանձնաժողովի հրավիրած պաշտոնատար անձը.

3) մինչեւ 20 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս իրավասու հանձնաժողովի նախագահը:

8. Եզրափակիչ ելույթում մշտական հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ հանձնաժողովի եզրակացությունը կարող է ուղարկվել իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ պաշտոնատար անձանց: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման: Եթե որոշումը չի ընդունվում կամ այդպիսի առաջարկ չի արվում, ապա հարցի քննարկում համարվում է ավարտված:

9. Ազգային ժողովի նախագահը մշտական հանձնաժողովի եզրակացությունն իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ պաշտոնատար անձանց ուղարկելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է իրավասու պաշտոնատար անձանց, որոնք եզրակացության վերաբերյալ իրենց գրավոր պատասխաններն Ազգային ժողովի նախագահին են ուղարկում մեկամսյա ժամկետում, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ: Պատասխանը պետք է ներառի եզրակացությունում նշված առաջարկների կատարման ուղղությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ տեղեկություններ:

10. Իրավասու պաշտոնատար անձանց պատասխաններն ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Աշխատակազմն այն ուղարկում է Ազգային ժողովի նախագահի տեղակալներին, խմբակցություններ, մշտական հանձնաժողովներ եւ տեղադրում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

11. Եթե հանձնաժողովի խորհրդարանական վերահսկողության իրականացման ընթացքում ի հայտ են գալիս հանցագործության հատկանիշներ, ապա հանձնաժողովի միջնորդությամբ Ազգային ժողովի նախագահը 24 ժամվա ընթացքում հարցին առնչվող բոլոր նյութերն ուղարկում է գլխավոր դատախազին:

Հոդված 128. Հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումների անցկացման կարգը

1. Հերթական նստաշրջանի` նիստերի շաբաթվա ընթացքում գումարվող նիստերից մեկում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով կարող են անցկացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ:

2. Հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկման անցկացման մասին պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում ստորագրաթերթով, որը նրանց տրամադրում է Աշխատակազմը: Ազգային ժողովի նախագահին 24 ժամվա ընթացքում ներկայացվելուց հետո ստորագրաթերթը փոփոխման ենթակա չէ:

3. Ստորագրաթերթի նախաբանում նշվում են՝

1) քննարկման թեման եւ ժամկետը.

2) պահանջը ներկայացրած պատգամավորների ներկայացուցչի անունը, ազգանունը:

4. Հերթական նիստերի յուրաքանչյուր երեքշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում կարող է անցկացվել մեկ քննարկում: Քննարկումը կարող է առաջիկա հերթական նիստերում անցկացվել, եթե ստորագրաթերթն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվել այդ նիստերից առնվազն մեկ շաբաթ առաջ: Եթե այդ ժամկետում ներկայացվել է մեկից ավելի ստորագրաթերթ, ապա առաջիկա հերթական նիստերում անցկացվում է այն քննարկումը, որի ստորագրաթերթն ավելի շուտ է ներկայացվել:

5. Քննարկումն անցկացվում է ընդհանուր կարգով՝ 90 րոպե տեւողությամբ: Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս պահանջը ներկայացրած պատգամավորների ներկայացուցիչը:

6. Հիմնական զեկուցողը կարող է իր եզրափակիչ ելույթում առաջարկել ընդունել Ազգային ժողովի ուղերձ կամ հայտարարություն, որը քվեարկության է դրվում առանց քննարկման: Եթե ուղերձը կամ հայտարարությունը չի ընդունվում կամ այդպիսի առաջարկ չի արվում, ապա հարցի քննարկումն համարվում է ավարտված:

ԳԼՈՒԽ 26

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ, ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 129. Պետական մարմինների զեկույցների, հաղորդումների, հաշվետվությունների քննարկման ընդհանուր ընթացակարգը

1. Սահմանադրությամբ կամ օրենքով նախատեսված պետական մարմինների զեկույցները, հաղորդումները Ազգային ժողովի նիստում քննարկվում են հետեւյալ ընթացակարգով՝

1) մինչեւ 30 րոպե տեւողությամբ հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս զեկույցը կամ հաղորդումն Ազգային ժողովին ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը.

2) հարակից զեկուցում չի լինում, եթե Կանոնակարգով այլ բան նախատեսված չէ.

3) մտքերի փոխանակություն.

4) մինչեւ տասնհինգական րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթներով՝ նույն հաջորդականությամբ հանդես են գալիս հարակից եւ հիմնական զեկուցողները:

2. Սույն հոդվածով սահմանված ընթացակարգը կարող է փոխվել Ազգային ժողովի նախագահի կամ իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: Առաջարկը քվեարկության է դրվում հարցի քննարկման սկզբում՝ առանց քննարկման:

Հոդված 130. Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին տարեկան զեկույցի ներկայացումը եւ քննարկումը

1. Կառավարությունը յուրաքանչյուր տարի` մինչեւ մարտի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարում իր ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույց:

2. Ազգային ժողովի նախագահը զեկույցը ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացում, այն ուղարկում է մշտական հանձնաժողովներ եւ խմբակցություններ:

3. Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո` մեկամսյա ժամկետում, Խորհրդի սահմանած օրը զեկույցը քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստերում:

4. Ազգային ժողովի նիստում զեկույցը քննարկվում է ընդհանուր ընթացակարգով, հետեւյալ տարբերությամբ՝

1) զեկույցը ներկայացնելու համար վարչապետին հատկացվում է մինչեւ մեկ ժամ.

2) հարակից զեկուցմամբ կարող են հանդես գալ բոլոր մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչները, ինչպես նաեւ վարչապետի ներկայացմամբ՝ Կառավարության մինչեւ երեք անդամ.

3) եզրափակիչ ելույթի համար վարչապետին հատկացվում է մինչեւ 30 րոպե:

Հոդված 131. Գլխավոր դատախազի հաղորդման ներկայացումը եւ քննարկումը

1. Գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ ապրիլի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին:

2. Ազգային ժողովի նախագահը հաղորդումը ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, այն ուղարկում է մշտական հանձնաժողովներ եւ խմբակցություններ:

3. Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, հաղորդումը Խորհրդի սահմանած ժամկետում քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստերում:

4. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է ընդհանուր ընթացակարգով՝ գլխավոր դատախազի ներկայացմամբ:

Հոդված 132. Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման ներկայացումը եւ քննարկումը

1. Մարդու իրավունքների պաշտպանը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ ապրիլի 1-ը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին:

2. Ազգային ժողովի նախագահը հաղորդումը ստանալուց հետո` երկու աշխատանքային oրվա ընթացքում, այն ուղարկում է մշտական հանձնաժողովներ եւ խմբակցություններ:

3. Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, հաղորդումը Խորհրդի սահմանած օրը քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստերում: Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է ընդհանուր ընթացակարգով՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացմամբ:

Հոդված 133. Հաշվեքննիչ պալատի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացումը եւ քննարկումը

1. Հաշվեքննիչ պալատը յուրաքանչյուր տարի` մինչեւ ապրիլի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարվա իր գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում:

2. Ազգային ժողովի նախագահը հաղորդումը ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, այն ուղարկում է մշտական հանձնաժողովներ եւ խմբակցություններ:

3. Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, հաղորդումն՝ Խորհրդի սահմանած օրը քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստերում: Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է ընդհանուր ընթացակարգով՝ Հաշվեքննիչ պալատի նախագահի ներկայացմամբ:

Հոդված 134. Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունների ներկայացումը եւ քննարկումը

1. Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացություններն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքով սահմանված դեպքերում եւ ժամկետներում:

2. Ազգային ժողովի նախագահը հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, այն ուղարկում է մշտական հանձնաժողովներ եւ խմբակցություններ:

4. Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, եզրակացությունը Խորհրդի սահմանած օրը քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստերում:

5. Ազգային ժողովի նիստում եզրակացությունը քննարկվում է ընդհանուր ընթացակարգով՝ Հաշվեքննիչ պալատի նախագահի ներկայացմամբ:

Հոդված 135. Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացումը եւ քննարկումը

1. Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն Ազգային ժողով է ներկայացվում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:

2. Ազգային ժողովի նախագահը հաղորդումն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, այն ուղարկում է մշտական հանձնաժողովներ, խմբակցություններ եւ Կառավարություն:

3. Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, հաղորդումը Խորհրդի սահմանած օրը քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստերում:

4. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է ընդհանուր ընթացակարգով՝ Կենտրոնական բանկի նախագահի ներկայացմամբ: Կառավարության ներկայացուցիչն իրավունքի ունի իրավասու մշտական հանձնաժողովի ներկայացուցչից հետո հանդես գալու հարակից զեկուցմամբ:

Հոդված 136. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդման ներկայացումը եւ քննարկումը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը յուրաքանչյուր տարի` մինչեւ ապրիլի 1-ը, ինչպես նաեւ Ազգային ժողովի ընտրություններից հետո՝ մեկամսյա ժամկետում, Ազգային ժողով է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ հաղորդում: Ազգային ժողովի նախագահը հաղորդումը ստանալուց հետո երկու աշխատանքային oրվա ընթացքում, այն ուղարկում է մշտական հանձնաժողովներ:

2. Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո` հաղորդումը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում:

3. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է ընդհանուր ընթացակարգով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:

Հոդված 137. Տեղեկատվության ազատության վիճակի մասին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաղորդման ներկայացումը եւ քննարկումը

1. Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը յուրաքանչյուր տարի` մինչեւ ապրիլի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում իր գործունեության, հեռուստատեսությունում եւ ռադիոյում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդում:

2. Ազգային ժողովի նախագահը հաղորդումը ստանալուց հետո` երկու աշխատանքային oրվա ընթացքում, այն ուղարկում է մշտական հանձնաժողովներ եւ խմբակցություններ:

3. Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո` մեկամսյա ժամկետում, հաղորդումն՝ Խորհրդի սահմանած օրը քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստերում:

4. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է ընդհանուր ընթացակարգով՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:

Հոդված 138. Պետական գույքի մասնավորեցման ընթացիկ տարվա ծրագրի կատարման մասին Կառավարության հաշվետվությունը

1. Կառավարությունը պետական գույքի մասնավորեցման ընթացիկ տարվա ծրագրի կատարման մասին հաշվետվությունն Ազգային ժողով է ներկայացնում մինչեւ հաջորդ տարվա մայիսի 1-ը։

2. Ազգային ժողովի նախագահը հաշվետվությունն ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, այն ուղարկում է մշտական հանձնաժողովներ եւ Հաշվեքննիչ պալատ:

3. Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, հաղորդումը՝ Խորհրդի սահմանած օրը քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստերում:

4. Ազգային ժողովի նիստում հաշվետվությունը քննարկվում է ընդհանուր կարգով, հետեւյալ տարբերությամբ՝

1) հաշվետվությունը ներկայացնելու համար Կառավարության ներկայացուցչին տրվում է 40 րոպե.

2) մինչեւ քսանական րոպե տեւողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում Հաշվեքննիչ պալատի նախագահը՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը, ինչպես նաեւ իրավասու մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը:

ԲԱԺԻՆ VI

ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ, ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ, ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ, ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸ

ԳԼՈՒԽ 27

ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՎ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸ

Հոդված 139. Պաշտոնում թեկնածուի առաջադրման պահանջների ապահովումը

1. Պաշտոնում թեկնածու առաջադրելիս՝

1) վերջին վեց կամ վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին վեց կամ վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան.

2) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան:

2. Եթե թեկնածուն զբաղեցնում է ընտրվող կամ նշանակվող պաշտոնի համար Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող պաշտոն, ապա այդ պահանջներին վերաբերվող փաստաթղթերը կարող են չներկայացվել:

3. Պաշտոնում թեկնածուների առաջադրման փաստաթղթերը գրանցում, նրանց անձնական գործերը նախապատրաստում եւ Կանոնակարգով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի նախագահին կամ իրավասու մշտական հանձնաժողովի նախագահին է ներկայացնում Աշխատակազմը, որը՝

1) իրավասու անձի պահանջով տրամադրում է թեկնածուի առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

2) մինչեւ թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալը՝ իրավասու անձին տեղեկացնում է Կանոնակարգի պահանջներին թեկնածուի առաջադրման փաստաթղթերի անհամապատասխանության մասին՝ առաջարկելով ուղղել դրանցում առկա ձեւական սխալները, իսկ փաստաթղթերի ցանկն ամբողջական չլինելու դեպքում՝ համալրել այդ ցանկը.

3) թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո Ազգային ժողովի նախագահին, ինչպես նաեւ Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի նախագահին է տրամադրում թեկնածուի անձնական գործը:

Հոդված 140. Պաշտոնում ընտրելու կամ նշանակելու մասին հարցերի քննարկման ընդհանուր ընթացակարգը

1. Պաշտոնում ընտրելու կամ նշանակելու մասին հարցերն Ազգային ժողովի նիստում քննարկվում են հետեւյալ կարգով՝

1) մինչեւ տասական րոպե տեւողությամբ ելույթներով՝ ըստ թեկնածուների ազգանվան այբբենական հաջորդականության հանդես են գալիս թեկնածուներին ներկայացնելու իրավասություն ունեցող անձինք.

2) մինչեւ քսանական րոպե տեւողությամբ ելույթներով հանդես են գալիս թեկնածուները.

3) թեկնածուին ներկայացնող անձը եւ թեկնածուն ելույթ են ունենում հաջորդաբար.

4) ելույթից հետո թեկնածուին ներկայացնող անձին եւ թեկնածուին հարցեր են տրվում.

5) մտքերի փոխանակություն.

6) մինչեւ տասական րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթներով նույն հաջորդականությամբ հանդես են գալիս թեկնածուները:

2. Թեկնածուն կարող է ինքնաբացարկ հայտնել մինչեւ եզրափակիչ ելույթների ավարտը:

3. Պաշտոնում ընտրելու կամ նշանակելու մասին հարցերը կարող են Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում կամ նիստում քննարկվել թեկնածուների առաջադրման համար սահմանված ժամկետի լրանալուց հետո:

Հոդված 141. Ազգային ժողովի նախագահի ընտրությունը

1. Ազգային ժողովի նախագահի ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, ինչպես նաեւ նրա պաշտոնը թափուր մնալու դեպքում:

2. Ազգային ժողովի կազմից՝ Ազգային ժողովի նախագահի մեկական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները:

3. Ազգային ժողովի առաջին նստաշրջանում Ազգային ժողովի նախագահի թեկնածուներն առաջադրվում են Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման սկզբում՝ առաջադրման մասին խմբակցության որոշումը եւ թեկնածուին ներկայացնելու իրավասություն ունեցող պատգամավորի անունը, ազգանունը նիստը նախագահողին ներկայացնելով, որից հետո նախագահողը հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահի թեկնածուների, ինչպես նաեւ ընտրության մասին հարցի քննարկումը սկսելու մասին հայտարարությամբ:

4. Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի նախագահի թեկնածուները կարող են առաջադրվել տասնօրյա ժամկետում, խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի ստորագրությամբ՝ Ազգային ժողովի նախագահին փոխարինող տեղակալին ուղղված պաշտոնական գրությամբ: Գրությունում նշվում են Ազգային ժողովի նախագահի թեկնածուի եւ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պատգամավորի անունները, ազգանունները: Գրությանը կցվում է թեկնածուի առաջադրման մասին խմբակցության որոշումը: Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահի փոխարինող տեղակալը հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահի թեկնածուների, ինչպես նաեւ ընտրության անցկացման օրվա եւ ժամի մասին հայտարարությամբ:

5. Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նրա ընտրության հարցը քննարկվում է թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում:

6. Հարցի քննարկվում է ընդհանուր ընթացակարգով, հետեւյալ տարբերությամբ՝

1) թեկնածուներին ներկայացնելու համար հատկացվում է մինչեւ տասական րոպե.

2) թեկնածուների ելույթների համար հատկացվում է մինչեւ 30 րոպե.

3) թեկնածուների եզրափակիչ ելույթների համար հատկացվում է մինչեւ տասնհինգական րոպե:

7. Ազգային ժողովի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

8. Եթե քվեարկությանը մասնակցել է երկուսից ավելի թեկնածու, եւ նրանցից ոչ մեկը չի ընտրվել, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հարցը քննարկվում է Կանոնակարգի 144-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ընթացակարգով:

9. Եթե Ազգային ժողովի նախագահ չի ընտրվում, ապա սույն հոդվածով սահմանված կարգով անցկացվում է Ազգային ժողովի նախագահի նոր ընտրություն:

Հոդված 142. Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրությունները

1. Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, ինչպես նաեւ նրանց պաշտոնները թափուր մնալու դեպքում:

2. Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, ինչպես նաեւ Ազգային ժողովի նախագահի տեղակալների պաշտոնները միաժամանակ թափուր մնալու այլ դեպքերում թեկնածուների առաջադրումը, քննարկումը եւ քվեարկությունն իրականացվում են առանձին-առանձին:

3. Ազգային ժողովի կազմից՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալի մեկական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները: Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկի թեկնածուն կարող է առաջադրել միայն ընդդիմադիր խմբակցությունը՝ իր կազմում ընդգրկված պատգամավորների թվից:

4. Ազգային ժողովի առաջին նստաշրջանում Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածուներն առաջադրվում են Ազգային ժողովի նախագահի յուրաքանչյուր տեղակալի ընտրության հարցի քննարկման սկզբում՝ առաջադրման մասին խմբակցության որոշումը եւ թեկնածուին ներկայացնելու իրավասություն ունեցող պատգամավորի անունը, ազգանունը Ազգային ժողովի նախագահին ներկայացնելով, որից հետո Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածուների, ինչպես նաեւ ընտրության մասին հարցի քննարկումը սկսելու մասին հայտարարությամբ:

5. Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածուները կարող են առաջադրվել տասնօրյա ժամկետում, խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի ստորագրությամբ՝ Ազգային ժողովի նախագահին ուղղված պաշտոնական գրությամբ: Գրությունում նշվում են Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածուի եւ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պատգամավորի անունները, ազգանունները: Գրությանը կցվում է թեկնածուի առաջադրման մասին խմբակցության որոշումը: Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածուների, ինչպես նաեւ ընտրության անցկացման օրվա եւ ժամի մասին հայտարարությամբ:

6. Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնը թափուր մնալու դեպքում նրա ընտրության հարցը քննարկվում է ընդհանուր ընթացակարգով, թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ առաջիկա հերթական նիստերում:

7. Ազգային ժողովի նախագահի տեղակալն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

8. Եթե քվեարկությանը մասնակցել է երկուսից ավելի թեկնածու, եւ նրանցից ոչ մեկը չի ընտրվել, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հարցը քննարկվում է Կանոնակարգի 144-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

9. Եթե Ազգային ժողովի նախագահի տեղակալ չի ընտրվում, ապա սույն հոդվածով սահմանված կարգով անցկացվում է Ազգային ժողովի նախագահի տեղակալի նոր ընտրություն:

Հոդված 143. Մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների ընտրությունը

1. Մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, ինչպես նաեւ նրանց պաշտոնը թափուր մնալու դեպքում:

2. Մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունք ունի սույն հոդվածի 3-ից 5-րդ մասերով նախատեսված կարգով որոշված խմբակցությունը: Թեկնածուների առաջադրման իրավունքը պահպանվում է մինչեւ Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:

3. Մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջեւ բաշխվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը` ըստ յուրաքանչյուր պաշտոնի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է Գխ =Ախ/(Պխ +1) բանաձեւով, որտեղ՝

1) Գխ -ն խմբակցության գործակիցն է,

2) Ախ -ն խմբակցության անդամների ընդհանուր թիվն է,

3) Պխ -ն հերթական պաշտոնի համար խմբակցության գործակիցը հաշվելիս թեկնածու առաջադրելու իրավունքով խմբակցությանը վերապահված մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոնների ընդհանուր թիվն է: Գործակիցների հաշվարկի սկզբում Պխ-ն հավասար է զրոյի:

4. Խմբակցությունների գործակիցները հաշվարկվում են փուլերով՝ յուրաքանչյուր փուլում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը վերապահելով մշտական հանձնաժողովների նախագահներից կամ նրանց տեղակալներից մեկի թեկնածուին առաջադրելու իրավունքը: Հավասար` ամենամեծ գործակիցների դեպքում մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի հերթական պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը որոշվում է հավասար գործակիցներ ունեցող խմբակցությունների փոխհամաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` վիճակահանությամբ: Գործակիցների հաշվարկը կրկնվում է մինչեւ մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների` վերջին պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը որոշելը:

5. Մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունքը որոշելուց հետո խմբակցությունները կարող են փոխհամաձայնությամբ փոխարինել կամ միմյանց զիջել մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի պաշտոնում իրենց կողմից թեկնածու առաջադրելու իրավունքը:

6. Ազգային ժողովի առաջին նստաշրջանում մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուններն առաջադրվում են յուրաքանչյուր մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման սկզբում՝ առաջադրման մասին իրավասու խմբակցության որոշումը, ինչպես նաեւ թեկնածուին ներկայացնելու իրավասություն ունեցող պատգամավորի անունը, ազգանունը՝ Ազգային ժողովի նախագահին կամ նիստը նախագահողին ներկայացնելով, որից հետո նախագահողը հանդես է գալիս մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի, ինչպես նաեւ ընտրության մասին հարցի քննարկումը սկսելու մասին հայտարարությամբ:

7. Մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում թեկնածուն կարող է առաջադրվել տասնօրյա ժամկետում, իրավասու խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի ստորագրությամբ՝ Ազգային ժողովի նախագահին ուղղված պաշտոնական գրությամբ: Գրությունում նշվում են մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի եւ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պատգամավորի անունները, ազգանունները: Գրությանը կցվում է թեկնածուի առաջադրման մասին խմբակցության որոշումը: Թեկնածուի առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի, ինչպես նաեւ ընտրության անցկացման օրվա եւ ժամի մասին հայտարարությամբ:

8. Մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նրա ընտրության հարցը քննարկվում է ընդհանուր ընթացակարգով, թեկնածուի առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում:

9. Մշտական հանձնաժողովի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ:

10. Եթե մշտական հանձնաժողովի նախագահը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար առաջադրում է նոր թեկնածու:

11. Մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն ընտրվում է իրավասու խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի առաջադրմամբ՝ հանձնաժողովի որոշմամբ: Եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության ժամանակ խմբակցությունը թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:

Հոդված 144. Հանրապետության նախագահի ընտրությունը

1. Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, եւ ոչ ուշ, քան երեսուն օր առաջ, իսկ արտահերթ ընտրությունը՝ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, եւ ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո:

2. Հերթական ընտրության դեպքում Հանրապետության նախագահի թեկնածուները կարող են առաջադրվել Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան հիսուն օր, եւ ոչ ուշ, քան քառասուն օր առաջ, իսկ արտահերթ ընտրության դեպքում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:

3. Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:

4. Հանրապետության նախագահի թեկնածուն առաջադրվում է ստորագրաթերթով, որը պատգամավորներին տրամադրում է Աշխատակազմը: Անհրաժեշտ քանակի ստորագրություններով ստորագրաթերթը 24 ժամվա ընթացքում հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, որից հետո ստորագրաթերթը փոփոխման ենթակա չէ: Ստորագրաթերթում նշվում են Հանրապետության նախագահի թեկնածուի, ինչպես նաեւ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պատգամավորների ներկայացուցչի անունները, ազգանունները: Ստորագրաթերթին կցվում են թեկնածուի՝

1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

2) վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը,

3) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը,

4) կենսագրությունը,

5) պաշտոնում ընտրվելու համար գրավոր համաձայնությունը:

5. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս Հանրապետության նախագահի թեկնածուների, ինչպես նաեւ ընտրության անցկացման օրվա եւ ժամի մասին հայտարարությամբ, իսկ սույն հոդվածի 1-ից 4-րդ մասերի պահանջներին չհամապատասխանելու դեպքում ստորագրաթերթը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է պատգամավորների ներկայացուցչին՝ նշելով պատճառների մասին:

6. Հանրապետության նախագահի ընտրության հարցը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների ապահովման դեպքում՝ քննարկվում է թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, իսկ այդ ժամկետներում Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում՝ իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

7. Հարցը քննարկվում է ընդհանուր ընթացակարգով, հետեւյալ տարբերությամբ՝

1) թեկնածուներին ներկայացնելու համար հատկացվում է մինչեւ տասնհինգական րոպե.

2) թեկնածուների ելույթների համար հատկացվում է մինչեւ մեկ ժամ.

3) թեկնածուների եզրափակիչ ելույթների համար հատկացվում է մինչեւ երեսունական րոպե:

8. Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը գաղտնի քվեարկությամբ ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը:

9. Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Հարցը քննարկվում է ընդհանուր ընթացակարգով, հետեւյալ տարբերությամբ՝

1) մինչեւ տասնհինգական րոպե տեւողությամբ ելույթով հանդես են գալիս Հանրապետության նախագահի թեկնածուները.

2) մտքերի փոխանակության ընթացքում՝ մինչեւ տասական րոպե տեւողությամբ ելույթներով կարող են հանդես գալ միայն խմբակցությունների ներկայացուցիչները.

3) թեկնածուների եզրափակիչ ելույթների համար հատկացվում է մինչեւ տասական րոպե:

10. Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը գաղտնի քվեարկությամբ ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հարցը քննարկվում է սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

11. Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը գաղտնի քվեարկությամբ ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ հնգօրյա ժամկետում, կարող են առաջադրվել Հանրապետության նախագահի նոր թեկնածուներ, իսկ տասնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն:

12. Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով:

13. Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում՝ Կանոնակարգի 56-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 145. Վարչապետի ընտրությունը

1. Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, խմբակցություններն իրավունք ունեն՝

1) առաջադրելու վարչապետի մեկական թեկնածու, կամ

2) քաղաքական կոալիցիա կազմել այլ խմբակցության հետ եւ առաջադրելու վարչապետի մեկ թեկնածու:

2. Վարչապետի թեկնածու առաջադրելու մասին պաշտոնական գրությունը՝ խմբակցության, իսկ քաղաքական կոալիցիա կազմելու դեպքում՝ կոալիցիայի անդամ առնվազն մեկ խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի ստորագրությամբ ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին: Գրությունում նշվում են վարչապետի թեկնածուի եւ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պատգամավորների ներկայացուցչի անունները, ազգանունները, ինչպես նաեւ գրությանը կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը: Գրությանը կցվում են վարչապետի թեկնածուի՝

1) առաջադրման մասին խմբակցության որոշումը, իսկ քաղաքական կոալիցիայի կողմից առաջադրվելու դեպքում՝ կոալիցիայի անդամ բոլոր խմբակցությունների որոշումները,

2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

3) վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը,

4) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը,

5) կենսագրությունը,

6) պաշտոնում ընտրվելու համար գրավոր համաձայնությունը,

7) օրենքով սահմանված այլ պահանջների ապահովման վերաբերյալ փաստաթղթեր:

3. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս վարչապետի թեկնածուների, ինչպես նաեւ ընտրության անցկացման օրվա եւ ժամի մասին հայտարարությամբ, իսկ սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերի պահանջներին չհամապատասխանելու դեպքում՝ գրությունը եւ դրանց կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է խմբակցությանը՝ նշելով պատճառների մասին:

4. Վարչապետի ընտրության հարցը քննարկվում է Կանոնակարգի 144-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով, թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում:

5. Վարչապետն ընտրվում է անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

6. Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:

7. Պատգամավորների առնվազն մեկ երրորդը վարչապետի թեկնածուին առաջադրում է ստորագրաթերթով, որը պատգամավորներին տրամադրում է Աշխատակազմը: Անհրաժեշտ քանակի ստորագրություններով ստորագրաթերթը 24 ժամվա ընթացքում հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, որից հետո ստորագրաթերթը փոփոխման ենթակա չէ: Ստորագրաթերթում նշվում են վարչապետի թեկնածուի, ինչպես նաեւ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պատգամավորի անունները, ազգանունները: Ստորագրաթերթին կցվում են սույն հոդվածի 2-րդ մասի 2-ից 7-րդ կետերում նշված փաստաթղթերը:

8. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս վարչապետի թեկնածուների, ինչպես նաեւ ընտրության անցկացման օրվա եւ ժամի մասին հայտարարությամբ, իսկ սույն հոդվածի 2-րդ մասի 2-ից 7-րդ կետերի պահանջներին չհամապատասխանելու դեպքում ստորագրաթերթը եւ դրանց կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է պատգամավորների ներկայացուցչին՝ նշելով պատճառների մասին:

9. Վարչապետի ընտրության հարցը քննարկվում է Կանոնակարգի 144-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով, թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում: Եթե անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

10. Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:

Հոդված 146. Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը

1. Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունն անցկացվում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը թափուր մնալու դեպքում:

2. Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի ինը դատավորից երեքին ընտրում է Հանրապետության նախագահի, երեքին՝ Կառավարության, երեքին` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ:

3. Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը եւ Կառավարությունը՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

4. Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու մասին պաշտոնական գրությունը՝ իրավասու անձի ստորագրությամբ ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին: Գրությունում նշվում են սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի եւ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող, անձի անունները, ազգանունները: Գրությանը կցվում են թեկնածուի՝

1) առաջադրման մասին իրավական ակտը,

2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

3) միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքը,

4) բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը,

5) կենսագրական տվյալները պարունակող քարտ` իրավաբանի որակավորումը ստանալուց հետո թեկնածուի իրականացրած մասնագիտական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ, այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները,

6) կենսագրությունը,

7) դատավոր նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի պատճենը, եթե թեկնածուն առաջադրվել է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից,

8) պաշտոնում ընտրվելու համար գրավոր համաձայնությունը,

9) օրենքով սահմանված այլ պահանջների ապահովման վերաբերյալ փաստաթղթեր:

5. Թեկնածուի առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի, ինչպես նաեւ ընտրության անցկացման օրվա եւ ժամի մասին հայտարարությամբ, իսկ սույն հոդվածի 2-ից 4-րդ մասերի պահանջներին չհամապատասխանելու դեպքում գրությունը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է թեկնածուին առաջադրող մարմնին՝ նշելով պատճառների մասին:

6. Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը քննարկվում է թեկնածուի առաջադրումից հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, Կանոնակարգի 141-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով:

7. Սահմանադրական դատարանի դատավորն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, տասներկու տարի ժամկետով:

8. Եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, իրավասու մարմինը առաջադրում է նոր թեկնածու:

Հոդված 147. Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը

1. Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունն անցկացվում է նրա պաշտոնը թափուր մնալու դեպքում:

2. Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի նախագահին ընտրում է Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ՝ Վճռաբեկ դատարանի կազմից:

3. Բարձրագույն դատական խորհուրդը թեկնածուին առաջարկում է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

4. Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի վերաբերյալ պաշտոնական գրությունը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ստորագրությամբ ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին: Գրությունում նշվում են թեկնածուի անունը, ազգանունը: Գրությանը կցվում են թեկնածուի՝

1) առաջադրման մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը,

2) Վճռաբեկ դատարանի դատավոր նշանակվելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի պատճենը,

3) պաշտոնում ընտրվելու համար գրավոր համաձայնությունը,

4) օրենքով սահմանված այլ պահանջների ապահովման վերաբերյալ փաստաթղթեր:

5. Թեկնածուի առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի, ինչպես նաեւ ընտրության անցկացման օրվա եւ ժամի մասին հայտարարությամբ, իսկ սույն հոդվածի 2-ից 4-րդ մասերի պահանջներին չհամապատասխանելու դեպքում գրությունը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահին՝ նշելով պատճառների մասին:

6. Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը քննարկվում է Կանոնակարգի 141-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով, թեկնածուի առաջադրումից հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում: Թեկնածուին ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

7. Վճռաբեկ դատարանի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, վեց տարի ժամկետով:

8. Եթե Վճռաբեկ դատարանի նախագահը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար Բարձրագույն դատական խորհուրդը ներկայացնում է Վճռաբեկ դատարանի նախագահի նոր թեկնածու:

Հոդված 148. Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ընտրությունը

1. Վճռաբեկ դատարանի դատավորի՝ Հանրապետության նախագահին առաջարկվող թեկնածուի ընտրությունն անցկացվում է Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնը թափուր մնալու դեպքում:

2. Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին ընտրում է՝ դատավորի յուրաքանչյուր տեղի համար Բարձրագույն դատական խորհրդի ներկայացրած երեք թեկնածուների թվից:

3. Բարձրագույն դատական խորհուրդը թեկնածուներին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով սահմանված կարգով, Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

4. Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների վերաբերյալ պաշտոնական գրությունը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ստորագրությամբ ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին: Գրությունում նշվում են թեկնածուների, ինչպես նաեւ նրանց ներկայացնելու իրավասություն ունեցող անձի անունները, ազգանունները: Գրությանը կցվում են յուրաքանչյուր թեկնածուի՝

1) առաջադրման վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը,

2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

3) կենսագրությունը,

4) պաշտոնում ընտրվելու համար գրավոր համաձայնությունը.

5) օրենքով սահմանված այլ պահանջների ապահովման վերաբերյալ փաստաթղթեր:

5. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների, ինչպես նաեւ ընտրության անցկացման օրվա եւ ժամի մասին հայտարարությամբ, իսկ սույն հոդվածի 2-ից 4-րդ մասերի պահանջներին չհամապատասխանելու դեպքում գրությունը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահին՝ նշելով պատճառների մասին:

6. Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը քննարկվում է ընդհանուր ընթացակարգով, թեկնածուների առաջադրումից հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում: Հանրապետության նախագահին առաջարկվող՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

7. Եթե թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հարցը քննարկվում է Կանոնակարգի 144-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

8. Եթե Հանրապետության նախագահին առաջարկվող՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրում է նոր թեկնածուներ:

9. Ազգային ժողովի նախագահը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու առաջարկելու մասին Ազգային ժողովի որոշումը երկու աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Հանրապետության նախագահին, որն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում.

1) նշանակում է Վճռաբեկ դատարանի դատավորին, կամ՝

2) Ազգային ժողովի որոշումն իր առարկություններով վերադարձնում է Ազգային ժողով:

10. Ազգային ժողովի վերադարձված որոշումը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, ընդհանուր կարգով, հետեւյալ տարբերությամբ՝

1) մինչեւ 20 րոպե տեւողությամբ ելույթով հանդես է գալիս Հանրապետության նախագահը, որից հետո նրան հարցեր են տրվում.

2) մտքերի փոխանակության ընթացքում՝ մինչեւ տասական րոպե տեւողությամբ ելույթով կարող են հանդես գալ միայն խմբակցությունների ներկայացուցիչները.

3) մինչեւ 10 րոպե եզրափակիչ ելույթով կարող է հանդես գալ Հանրապետության նախագահը կամ նրա ներկայացուցիչը.

4) եզրափակիչ ելույթներից հետո քվեարկության է դրվում Հանրապետության նախագահի առարկությունն ընդունելու մասին հարցը:

11. Եթե Ազգային ժողովը չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահն ստորագրում է Վճռաբեկ դատարանի դատավորին նշանակելու մասին հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն մասով սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի առաջարկած թեկնածուին Վճռաբեկ դատարանի դատավոր նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

12. Եթե Ազգային ժողովն ընդունում է Հանրապետության նախագահի առարկությունը, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրում է նոր թեկնածուներ:

Հոդված 149. Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունը

1. Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամի՝

1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, եւ ոչ ուշ, քան մեկ օր առաջ.

2) պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:

2. Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում մեկական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները:

3. Թեկնածուները կարող են առաջադրվել Բարձրագույն դատական խորհրդի անդամի ՝

1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան իննսուն օր առաջ, եւ ոչ ուշ, քան ութսուն օր առաջ.

2) պաշտոնը թափուր մնալուց հետո` տասնօրյա ժամկետում:

4. Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների ավարտից առնվազն հարյուր օր առաջ, ինչպես նաեւ նրա պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Աշխատակազմն այդ մասին գրավոր տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին եւ խմբակցություններին:

5. Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու առաջադրելու մասին պաշտոնական գրությունը՝ խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի ստորագրությամբ ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին: Գրությունում նշվում են Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի եւ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պատգամավորի անունները, ազգանունները, ինչպես նաեւ գրությանը կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը: Գրությանը կցվում են թեկնածուի՝

1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

2) միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքը,

3) բարձրագույն իրավաբանական կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը,

4) գիտնականի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իրավաբանի որակավորում ստանալուց հետո թեկնածուի իրականացրած մասնագիտական կամ գիտական, կրթական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ,

5) գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ,

6) մասնագիտական աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթերը,

7) կենսագրությունը,

8) պաշտոնում ընտրվելու համար գրավոր համաձայնությունը,

9) օրենքով սահմանված այլ պահանջների ապահովման վերաբերյալ փաստաթղթեր:

6. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի, ինչպես նաեւ ընտրության անցկացման օրվա եւ ժամի մասին հայտարարությամբ, իսկ սույն հոդվածի 5-րդ մասի պահանջներին չհամապատասխանելու դեպքում գրությունը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահին՝ նշելով պատճառների մասին:

7. Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը քննարկվում է ընդհանուր ընթացակարգով, թեկնածուների ներկայացման ժամկետը լրանալուց հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում:

8. Բարձրագույն դատական խորհրդի անդամն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, հինգ տարի ժամկետով: Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահը իր պաշտոնը ստանձնում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների ավարտման օրը:

9. Եթե քվեարկությանը մասնակցել է երկուսից ավելի թեկնածու, եւ նրանցից ոչ մեկը չի ընտրվել, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հարցը քննարկվում է Կանոնակարգի 144-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

10. Եթե Բարձրագույն դատական խորհրդի անդամը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար խմբակցությունները կարող են ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի նոր թեկնածու:

Հոդված 150. Գլխավոր դատախազի ընտրությունը

1. Գլխավոր դատախազի ընտրությունն անցկացվում է գլխավոր դատախազի՝

1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, եւ ոչ ուշ, քան մեկ օր առաջ.

2) պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:

2. Ազգային ժողովին գլխավոր դատախազի թեկնածու է առաջարկվում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի որոշմամբ՝ խմբակցությունների առաջադրած մեկական թեկնածուների թվից:

3. Թեկնածուները կարող են առաջադրվել գլխավոր դատախազի ՝

1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան իննսուն օր առաջ, եւ ոչ ուշ, քան ութսուն օր առաջ.

2) պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

4. Գլխավոր դատախազի լիազորությունների ավարտից առնվազն հարյուր օր առաջ, ինչպես նաեւ նրա պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Աշխատակազմն այդ մասին գրավոր տեղեկացնում է իրավասու մշտական հանձնաժողովին եւ խմբակցություններին:

5. Գլխավոր դատախազի թեկնածու առաջադրելու մասին պաշտոնական գրությունը՝ խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի ստորագրությամբ ներկայացվում է իրավասու մշտական հանձնաժողովի նախագահին: Գրությունում նշվում են գլխավոր դատախազի թեկնածուի եւ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պատգամավորի անունները, ազգանունները, ինչպես նաեւ գրությանը կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

6. Գրությանը կցվում են գլխավոր դատախազի թեկնածուի՝

1) առաջադրման մասին խմբակցության որոշումը,

2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

3) միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքը,

4) բարձրագույն իրավաբանական կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը,

5) կենսագրական տվյալները պարունակող քարտ` իրավաբանի որակավորում ստանալուց հետո թեկնածուի իրականացրած մասնագիտական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ, այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները,

6) կենսագրությունը,

7) պաշտոնում ընտրվելու համար գրավոր համաձայնությունը,

8) օրենքով սահմանված այլ պահանջների ապահովման վերաբերյալ փաստաթղթեր:

7. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը հանդես է գալիս գլխավոր դատախազի թեկնածուների, ինչպես նաեւ Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցի քննարկման օրվա եւ ժամի մասին հայտարարությամբ, իսկ սույն հոդվածի 2-ից 6-րդ մասերի պահանջներին չհամապատասխանելու դեպքում գրությունը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է խմբակցությանը՝ նշելով պատճառների մասին:

8. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իրավասու մշտական հանձնաժողովն Ազգային ժողովին է առաջարկում գլխավոր դատախազի թեկնածու: Եթե այդ ժամկետում թեկնածու չի առաջարկվում, ապա դրանից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնում կարող են առաջադրվել նոր թեկնածուներ:

9. Ազգային ժողովին գլխավոր դատախազի թեկնածու առաջարկելու մասին հարցը քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովի նիստում: Հարցի քննարկման ավարտից հետո՝ 24 ժամվա ընթացքում, իրավասու մշտական հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ուղարկում հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը:

10. Գլխավոր դատախազի ընտրության հարցը քննարկվում է ընդհանուր ընթացակարգով, թեկնածուի առաջակման օրվան հաջորդող Ազգային ժողովի հերթական նիստերում:

11. Գլխավոր դատախազն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում նորընտիր գլխավոր դատախազն իր պաշտոնը ստանձնում է գլխավոր դատախազի լիազորությունների ավարտման օրը:

12. Եթե գլխավոր դատախազը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնում կարող են առաջադրվել նոր թեկնածուներ:

Հոդված 151. Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը

1. Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունն անցկացվում է Մարդու իրավունքների պաշտպանի ՝

1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, եւ ոչ ուշ, քան մեկ օր առաջ.

2) պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:

2. Ազգային ժողովին Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է առաջարկվում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի որոշմամբ՝ խմբակցությունների առաջադրած մեկական թեկնածուների թվից:

3. Թեկնածուները կարող են առաջադրվել Մարդու իրավունքների պաշտպանի՝

1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան իննսուն օր առաջ, եւ ոչ ուշ, քան ութսուն օր առաջ.

2) պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

4. Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների ավարտից առնվազն հարյուր օր առաջ, ինչպես նաեւ նրա պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Աշխատակազմն այդ մասին գրավոր տեղեկացնում է իրավասու մշտական հանձնաժողովին եւ խմբակցություններին:

5. Թեկնածու առաջադրելու մասին պաշտոնական գրությունը՝ խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի ստորագրությամբ ներկայացվում է իրավասու մշտական հանձնաժողովի նախագահին: Գրությունում նշվում են Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի եւ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պատգամավորի անունները, ազգանունները, ինչպես նաեւ գրությանը կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

6. Գրությանը կցվում են Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի՝

1) առաջադրման մասին խմբակցության որոշումը,

2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

3) վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը,

4) հայերենին տիրապետելը հավաստող փաստաթղթի պատճենը.

5) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը,

6) կենսագրությունը,

7) պաշտոնում ընտրվելու համար գրավոր համաձայնությունը,

8) օրենքով սահմանված այլ պահանջների ապահովման վերաբերյալ փաստաթղթեր:

7. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը հանդես է գալիս Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների, ինչպես նաեւ Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցի քննարկման օրվա եւ ժամի մասին հայտարարությամբ, իսկ սույն հոդվածի 2-ից 6-րդ մասերի պահանջներին չհամապատասխանելու դեպքում գրությունը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է խմբակցությանը՝ նշելով պատճառների մասին:

8. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իրավասու մշտական հանձնաժողովն Ազգային ժողովին է առաջարկում Մարդու իրավունքների պաշտպանի մեկ թեկնածու: Եթե այդ ժամկետում թեկնածու չի առաջարկվում, ապա դրանից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար կարող են առաջադրվել նոր թեկնածուներ:

9. Ազգային ժողովին Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջարկելու մասին հարցը քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովի նիստում: Հարցի քննարկման ավարտից հետո՝ 24 ժամվա ընթացքում, իրավասու մշտական հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ուղարկում հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը:

10. Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը քննարկվում է ընդհանուր ընթացակարգով, թեկնածուի առաջակման օրվան հաջորդող Ազգային ժողովի հերթական նիստերում:

11. Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում նորընտիր Մարդու իրավունքների պաշտպանը իր պաշտոնը ստանձնում է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների ավարտման օրը:

12. Եթե Մարդու իրավունքների պաշտպանը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար կարող են առաջադրվել նոր թեկնածուներ:

Հոդված 152. Հաշվեքննիչ պալատի նախագահի եւ մյուս անդամների ընտրությունը

1. Հաշվեքննիչ պալատի նախագահի կամ անդամի ընտրությունն անցկացվում է Հաշվեքննիչ պալատի նախագահի կամ անդամի ՝

1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, եւ ոչ ուշ, քան մեկ օր առաջ.

2) պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:

2. Ազգային ժողովին Հաշվեքննիչ պալատի նախագահի կամ անդամի թեկնածու է առաջարկվում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի որոշմամբ՝ խմբակցությունների առաջադրած մեկական թեկնածուների թվից:

3. Թեկնածուները կարող են առաջադրվել Հաշվեքննիչ պալատի նախագահի կամ անդամի՝

1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան իննսուն օր առաջ, եւ ոչ ուշ, քան ութսուն օր առաջ.

2) պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

4. Հաշվեքննիչ պալատի նախագահի կամ անդամի լիազորությունների ավարտից առնվազն հարյուր օր առաջ, ինչպես նաեւ համապատասխան պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Աշխատակազմն այդ մասին գրավոր տեղեկացնում է իրավասու մշտական հանձնաժողովին եւ խմբակցություններին:

5. Հաշվեքննիչ պալատի նախագահի կամ անդամի թեկնածու առաջադրելու մասին պաշտոնական գրությունը՝ խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի ստորագրությամբ ներկայացվում է իրավասու մշտական հանձնաժողովի նախագահին: Գրությունում նշվում են Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուի եւ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պատգամավորի անունները, ազգանունները, ինչպես նաեւ գրությանը կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

6. Գրությանը կցվում են Հաշվեքննիչ պալատի նախագահի կամ անդամի թեկնածուի՝

1) առաջադրման մասին խմբակցության որոշումը,

2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

3) վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը,

4) հայերենին տիրապետելը հավաստող փաստաթղթի պատճենը,

5) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը,

6) կենսագրությունը,

7) պաշտոնում ընտրվելու համար գրավոր համաձայնությունը,

8) օրենքով սահմանված այլ պահանջների ապահովման վերաբերյալ փաստաթղթեր:

7. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը հանդես է գալիս Հաշվեքննիչ պալատի նախագահի կամ անդամի թեկնածուների, ինչպես նաեւ Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցի քննարկման օրվա եւ ժամի մասին հայտարարությամբ, իսկ սույն հոդվածի 2-ից 6-րդ մասերի պահանջներին չհամապատասխանելու դեպքում գրությունը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է խմբակցությանը՝ նշելով պատճառների մասին:

8. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իրավասու մշտական հանձնաժողովն Ազգային ժողովին է առաջարկում Հաշվեքննիչ պալատի նախագահի կամ անդամի մեկ թեկնածու: Եթե այդ ժամկետում թեկնածու չի առաջարկվում, ապա դրանից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար կարող են առաջադրվել նոր թեկնածուներ:

9. Ազգային ժողովին Հաշվեքննիչ պալատի նախագահի կամ անդամի թեկնածու առաջարկելու մասին հարցը քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովի նիստում: Հարցի քննարկման ավարտից հետո՝ 24 ժամվա ընթացքում, իրավասու մշտական հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ուղարկում հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը:

10. Հաշվեքննիչ պալատի նախագահի կամ անդամի ընտրության հարցը քննարկվում է ընդհանուր ընթացակարգով, թեկնածուի առաջակման օրվան հաջորդող Ազգային ժողովի հերթական նիստերում:

11. Հաշվեքննիչ պալատի նախագահ նախագահը եւ մյուս անդամներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում Հաշվեքննիչ պալատի նորընտիր նախագահը կամ անդամը իր պաշտոնը ստանձնում է Հաշվեքննիչ պալատի նախագահի կամ անդամի լիազորությունների ավարտման օրը:

12. Եթե Հաշվեքննիչ պալատի նախագահ կամ անդամը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար կարող են առաջադրվել նոր թեկնածուներ:

Հոդված 153. Կենտրոնական բանկի նախագահի եւ խորհրդի մյուս անդամների ընտրությունը

1. Կենտրոնական բանկի նախագահի կամ խորհրդի անդամի ընտրությունն անցկացվում է Կենտրոնական բանկի նախագահի կամ խորհրդի անդամի ՝

1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, եւ ոչ ուշ, քան մեկ օր առաջ.

2) պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:

2. Ազգային ժողովին Կենտրոնական բանկի նախագահի, նրա երկու տեղակալների եւ խորհրդի մյուս անդամների թեկնածուներ է առաջարկվում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի որոշմամբ՝ խմբակցությունների առաջադրած մեկական թեկնածուների թվից:

3. Թեկնածուները կարող են առաջադրվել Կենտրոնական բանկի նախագահի կամ խորհրդի անդամի ՝

1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան իննսուն օր առաջ, եւ ոչ ուշ, քան ութսուն օր առաջ.

2) պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

4. Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալի կամ խորհրդի այլ անդամի լիազորությունների ավարտից առնվազն հարյուր օր առաջ, ինչպես նաեւ համապատասխան պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Աշխատակազմն այդ մասին գրավոր տեղեկացնում է իրավասու մշտական հանձնաժողովին եւ խմբակցություններին:

5. Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալի կամ խորհրդի այլ անդամի թեկնածու առաջադրելու մասին պաշտոնական գրությունը՝ խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի ստորագրությամբ ներկայացվում է իրավասու մշտական հանձնաժողովի նախագահին: Գրությունում նշվում են Կենտրոնական բանկի նախագահի կամ խորհրդի անդամի թեկնածուի եւ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պատգամավորի անունները, ազգանունները, ինչպես նաեւ գրությանը կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

6. Գրությանը կցվում են Կենտրոնական բանկի նախագահի կամ խորհրդի անդամի թեկնածուի՝

1) առաջադրման մասին խմբակցության որոշումը,

2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

3) վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը,

4) հայերենին տիրապետելը հավաստող փաստաթղթի պատճենը,

5) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը,

6) կենսագրությունը,

7) պաշտոնում ընտրվելու համար գրավոր համաձայնությունը,

8) օրենքով սահմանված այլ պահանջների ապահովման վերաբերյալ փաստաթղթեր:

7. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը հանդես է գալիս Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալի կամ խորհրդի այլ անդամի թեկնածուների, ինչպես նաեւ Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցի քննարկման օրվա եւ ժամի մասին հայտարարությամբ, իսկ սույն հոդվածի 2-ից 6-րդ մասերի պահանջներին չհամապատասխանող գրությունները եւ դրանց կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է խմբակցությանը՝ նշելով պատճառների մասին:

8. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իրավասու մշտական հանձնաժողովն Ազգային ժողովին է առաջարկում Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալի կամ խորհրդի այլ անդամի մեկ թեկնածու: Եթե այդ ժամկետում թեկնածու չի առաջարկվում, ապա դրանից հետո՝ տաս օրվա ընթացքում, թափուր մնացած պաշտոնի համար կարող են առաջադրվել նոր թեկնածուներ:

9. Ազգային ժողովին Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալի կամ խորհրդի այլ անդամի թեկնածու առաջարկելու մասին հարցը քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովի նիստում: Հարցի քննարկման ավարտից հետո՝ 24 ժամվա ընթացքում, իրավասու մշտական հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ուղարկում հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը:

10. Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալի կամ խորհրդի այլ անդամի ընտրության հարցը քննարկվում է ընդհանուր ընթացակարգով, թեկնածուի առաջակման օրվան հաջորդող Ազգային ժողովի հերթական նիստերում:

11. Կենտրոնական բանկի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

12. Կենտրոնական բանկի նախագահի տեղակալները եւ խորհրդի մյուս անդամներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, վեց տարի ժամկետով:

13. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալը կամ խորհրդի այլ անդամն իր պաշտոնը ստանձնում է համապատասխան պաշտոնատար անձի լիազորությունների ավարտման օրը:

14. Եթե Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալը կամ խորհրդի այլ անդամը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար կարող են առաջադրվել նոր թեկնածուներ:

Հոդված 154. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների ընտրությունները

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կամ անդամի ընտրությունն անցկացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կամ անդամի՝

1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, եւ ոչ ուշ, քան մեկ օր առաջ.

2) պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:

2. Ազգային ժողովին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կամ անդամի թեկնածու է առաջարկվում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի որոշմամբ՝ խմբակցությունների առաջադրած մեկական թեկնածուների թվից:

3. Թեկնածուները կարող են առաջադրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կամ անդամի ՝

1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան իննսուն օր առաջ, եւ ոչ ուշ, քան ութսուն օր առաջ.

2) պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կամ անդամի լիազորությունների ավարտից առնվազն հարյուր օր առաջ, ինչպես նաեւ համապատասխան պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Աշխատակազմն այդ մասին գրավոր տեղեկացնում է իրավասու մշտական հանձնաժողովին եւ խմբակցություններին:

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կամ անդամի թեկնածու առաջադրելու մասին պաշտոնական գրությունը՝ խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի ստորագրությամբ ներկայացվում է իրավասու մշտական հանձնաժողովի նախագահին: Գրությունում նշվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կամ անդամի թեկնածուի եւ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պատգամավորի անունները, ազգանունները, ինչպես նաեւ գրությանը կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

6. Գրությանը կցվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կամ անդամի թեկնածուի՝

1) առաջադրման մասին խմբակցության որոշումը,

2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

3) վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը,

4) հայերենին տիրապետելը հավաստող փաստաթղթի պատճենը,

5) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը,

6) աշխատանքային կամ մասնագիտական ստաժը հավաստող փաստաթղթերը,

7) կենսագրությունը,

8) պաշտոնում ընտրվելու համար գրավոր համաձայնությունը,

9) օրենքով սահմանված այլ պահանջների ապահովման վերաբերյալ փաստաթղթեր:

7. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը հանդես է գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կամ անդամի թեկնածուների, ինչպես նաեւ Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցի քննարկման օրվա եւ ժամի մասին հայտարարությամբ, իսկ սույն հոդվածի 2-ից 6-րդ մասերի պահանջներին չհամապատասխանելու դեպքում գրությունը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է խմբակցությանը՝ նշելով պատճառների մասին:

8. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իրավասու մշտական հանձնաժողովն Ազգային ժողովին է առաջարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կամ անդամի մեկ թեկնածու: Եթե այդ ժամկետում թեկնածու չի առաջարկվում, ապա դրանից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար կարող են առաջադրվել նոր թեկնածուներ:

9. Ազգային ժողովին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կամ անդամի թեկնածու առաջարկելու մասին հարցը քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովի նիստում: Հարցի քննարկման ավարտից հետո՝ 24 ժամվա ընթացքում, իրավասու մշտական հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ուղարկում հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը:

10.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կամ անդամի ընտրության հարցը քննարկվում է ընդհանուր ընթացակարգով, թեկնածու առաջարկվելուց հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում:

11. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ անդամն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահը կամ անդամն իր պաշտոնը ստանձնում է համապատասխանաբար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կամ անդամի լիազորությունների ավարտման օրը:

12. Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ անդամը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար կարող են առաջադրվել նոր թեկնածուներ:

Հոդված 155. Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրությունը

1. Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրությունն անցկացվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի՝

1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, եւ ոչ ուշ, քան մեկ օր առաջ.

2) պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:

2. Ազգային ժողովին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու է առաջարկվում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի որոշմամբ՝ խմբակցությունների առաջադրած մեկական թեկնածուների թվից:

3. Թեկնածուները կարող են առաջադրվել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ՝

1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան իննսուն օր առաջ, եւ ոչ ուշ, քան ութսուն օր առաջ.

2) պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

4. Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտից առնվազն հարյուր օր առաջ, ինչպես նաեւ համապատասխան պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Աշխատակազմն այդ մասին գրավոր տեղեկացնում է իրավասու մշտական հանձնաժողովին եւ խմբակցություններին:

5. Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրելու մասին պաշտոնական գրությունը՝ խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի ստորագրությամբ ներկայացվում է իրավասու մշտական հանձնաժողովի նախագահին: Գրությունում նշվում են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածուի եւ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պատգամավորի անունները, ազգանունները, ինչպես նաեւ գրությանը կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

6. Գրությանը կցվում են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածուի՝

1) առաջադրման մասին խմբակցության որոշումը,

2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

3) վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը,

4) հայերենին տիրապետելը հավաստող փաստաթղթի պատճենը,

5) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը,

6) կենսագրությունը,

7) պաշտոնում ընտրվելու համար գրավոր համաձայնությունը,

8) օրենքով սահմանված այլ պահանջների ապահովման վերաբերյալ փաստաթղթեր:

7. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը հանդես է գալիս Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածուների, ինչպես նաեւ Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցի քննարկման օրվա եւ ժամի մասին հայտարարությամբ, իսկ սույն հոդվածի 2-ից 6-րդ մասերի պահանջներին չհամապատասխանող գրությունները եւ դրանց կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է խմբակցությանը՝ նշելով պատճառների մասին:

8. Թեկնածուների ներկայացման ժամկետը լրանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իրավասու մշտական հանձնաժողովն Ազգային ժողովին է առաջարկում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի մեկ թեկնածու: Եթե այդ ժամկետում թեկնածու չի առաջարկվում, ապա դրանից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար կարող են առաջադրվել նոր թեկնածուներ:

9. Ազգային ժողովին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի թեկնածու առաջարկելու մասին հարցը քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովի նիստում: Հարցի քննարկման ավարտից հետո՝ 24 ժամվա ընթացքում, իրավասու մշտական հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ուղարկում հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը:

10. Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը քննարկվում է ընդհանուր ընթացակարգով, թեկնածուի առաջակման օրվան հաջորդող Ազգային ժողովի հերթական նիստերում:

11. Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում նորընտիր Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամը իր պաշտոնը ստանձնում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտման օրը:

12. Եթե Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար կարող են առաջադրվել նոր թեկնածուներ:

Հոդված 156. Ինքնավար մարմինների անդամների նշանակումը

1. Օրենքով ստեղծված ինքնավար մարմինների անդամները նշանակվում են օրենքով եւ Ազգային ժողովի որոշմամբ սահմանված կարգով, գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հոդված 157. Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձանց գործերը

1. Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձանց լիազորությունների ողջ ժամանակահատվածի համար Ազգային ժողովի նախագահի կողմից տրվում է ծառայողական վկայական:

2. Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձանց գործերի հաշվառումը եւ պահպանումը իրականացնում է Աշխատակազմը:

ԳԼՈՒԽ 28

ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ, ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ, ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸ

Հոդված 158. Պաշտոնատար անձանց լիազորությունների դադարման ընդհանուր կարգը

1. Վարչապետից եւ վճռաբեկ դատարանի դատավորներից բացի, Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված մյուս պաշտոնատար անձինք հրաժարականի մասին իրենց գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում են Ազգային ժողովի նախագահին, ով այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։

2. Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով՝

1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.

2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականն համարվում է ընդունված:

3. Սահմանադրությամբ կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձի լիազորությունների վաղաժամկետ դադարման փաստն արձանագրում է Ազգային ժողովի նախագահն՝ այդ մասին պաշտոնապես տեղեկացվելուց հետո՝ երեք օրվա ընթացքում:

4. Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձի լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարած՝ Ազգային ժողովի նախագահի կողմից փաստն արձանագրվելու եւ այդ մասին հայտարարությամբ հանդես գալու պահից:

Հոդված 159. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների լիազորությունների դադարումը

1. Ազգային ժողովի նախագահի կամ նրա տեղակալի լիազորությունները դադարում են, եթե՝

1) դադարել են նրա պատգամավորական լիազորությունները.

2) նա հրաժարական է տվել.

3) նա դուրս է եկել կամ հեռացվել խմբակցությունից, եթե պաշտոնում ընտրվել է միայն այդ խմբակցության առաջադրմամբ:

2. Ազգային ժողովի նախագահի՝ ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից ընտրված տեղակալի լիազորությունները դադարում են նաեւ այն դեպքում, երբ նրա խմբակցությունը դադարում է համարվել ընդդիմադիր:

Հոդված 160. Ազգային ժողովի նախագահին հետ կանչելու կարգը

1. Ազգային ժողովի նախագահին հետ կանչելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

2. Հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է հետեւյալ կարգով՝

1) մինչեւ 20 րոպե տեւողությամբ ելույթով հանդես է գալիս հիմնական զեկուցողը.

2) մինչեւ 20 րոպե տեւողությամբ ելույթով կարող է հանդես գալ Ազգային ժողովի նախագահը.

3) ելույթից հետո հիմնական զեկուցողին եւ Ազգային ժողովի նախագահին հարցեր են տրվում.

4) մտքերի փոխանակություն.

5) մինչեւ տասնհինգական րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթներով նույն հաջորդականությամբ կարող են հանդես գալ հիմնական զեկուցողը եւ Ազգային ժողովի նախագահը:

3. Ազգային ժողովի նախագահին հետ կանչելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հոդված 161. Ազգային ժողովի նախագահի տեղակալին հետ կանչելու կարգը

1. Ազգային ժողովի նախագահի տեղակալին հետ կանչելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

2. Հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 160-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգով:

3. Ազգային ժողովի նախագահի տեղակալին հետ կանչելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հոդված 162. Մշտական հանձնաժողովի նախագահի եւ նրա տեղակալի լիազորությունների դադարումը

1. Մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի լիազորությունները դադարում են, եթե՝

1) դադարել են նրա պատգամավորական լիազորությունները.

2) նա հրաժարական է տվել.

3) նա դուրս է եկել կամ հեռացվել խմբակցությունից:

Հոդված 163. Մշտական հանձնաժողովի նախագահին հետ կանչելու կարգը

1. Մշտական հանձնաժողովի նախագահին հետ կանչելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

2.Հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 160-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգով:

3. Մշտական հանձնաժողովի նախագահին հետ կանչելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:

Հոդված 164. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու կարգը

1. Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության կամ Սահմանադրության կոպիտ խախտման համար:

2. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

3. Հարցն Ազգային ժողովում քննարկվում է Կանոնակարգի 160-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգով: Եզրափակիչ ելույթում, հիմնական զեկուցողի առաջարկով, Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն ստանալու համար, Ազգային ժողովը, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, դիմում է Սահմանադրական դատարան, եւ հարցի քննարկումն ընդմիջվում է մինչեւ Սահմանադրական դատարանի եզրակացության ստանալը: Եթե Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշումը չի ընդունվում, ապա նախագիծը հանվում է շրջանառությունից:

4. Եթե Սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին հարցի քննարկումը համարվում է ավարտված, Ազգային ժողովի որոշման նախագիծը հանվում է շրջանառությունից, եւ նույն հիմքերով Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին նախագիծ Ազգային ժողովի քննարկմանը չի կարող ներկայացվել:

5. Եթե Սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերն առկա են, ապա եզրակացությունը ստանալուց հետո հարցի քննարկումը՝

1) վերսկսվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, կամ

2) կարող է վերսկսվել այդ հարցով նախաձեռնված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում կամ նիստում:

6. Քննարկումը վերսկսվելու դեպքում մինչեւ տասական րոպե տեւողությամբ ելույթներով կարող են հանդես գալ խմբակցությունների ներկայացուցիչները եւ Հանրապետության նախագահը, որից հետո անցկացվում է քվեարկություն:

7. Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

8. Ազգային ժողովի նախագահը Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ:

Հոդված 165. Վարչապետին անվստահություն հայտնելու կարգը

1. Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո:

2. Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել:

3. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:

4. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացվում է ստորագրաթերթով, որը պատգամավորներին տրամադրում է Աշխատակազմը: Անհրաժեշտ քանակի ստորագրություններով ստորագրաթերթը 24 ժամվա ընթացքում հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, որից հետո ստորագրաթերթը փոփոխման ենթակա չէ: Ստորագրաթերթում նշվում են նոր վարչապետի թեկնածուի, ինչպես նաեւ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պատգամավորների ներկայացուցչի անունները, ազգանունները: Ստորագրաթերթին կցվում են Կանոնակարգի 145–րդ հոդվածի 2-րդ մասի 2-ից 7-րդ կետերում նշված փաստաթղթերը: Եթե ստորագրաթերթը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը սույն հոդվածի պահանջներին՝

1) համապատասխանում են, ապա դրանք ներկայացվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս վարչապետին անվստահություն հայտնելու մասին հարցի քննարկման օրվա եւ ժամի մասին հայտարարությամբ.

2) չեն համապատասխանում, ապա Ազգային ժողովի նախագահը ստորագրաթերթը, ինչպես նաեւ դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է պատգամավորների ներկայացուցչին՝ նշելով պատճառների մասին:

5. Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, եւ ոչ ուշ, քան հիսուն ժամ հետո վարչապետին անվստահություն հայտնելու մասին հարցը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, իսկ այդ ժամկետներում հերթական նիստեր չանցկացվելու դեպքում՝ իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

6. Հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է ընդհանուր կարգով, հետեւյալ տարբերությամբ՝

1) մինչեւ 20 րոպե տեւողությամբ ելույթով կարող է հանդես գալ հիմնական զեկուցողը՝ ներկայացնելով վարչապետին անվստահություն հայտնելու մասին նախագիծը եւ նոր վարչապետի թեկնածուին.

2) մինչեւ մեկ ժամ տեւողությամբ ելույթով հանդես է գալիս վարչապետը.

3) մինչեւ մեկ ժամ տեւողությամբ ելույթով հանդես է գալիս նոր վարչապետի թեկնածուն.

4) ելույթից հետո հիմնական զեկուցողին, վարչապետին եւ նոր վարչապետի թեկնածուին կարող են տրվել հարցեր.

5) մտքերի փոխանակություն.

6) մինչեւ 15 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով կարող է հանդես գալ հիմնական զեկուցողը.

7) վարչապետին եւ նոր վարչապետի թեկնածուին եզրափակիչ ելույթների համար հատկացվում է մինչեւ երեսունական րոպե:

7. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, եւ ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո: Որոշումն ընդունվում է անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

8. Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին հարցի քննարկման ընթացքում արտակարգ կամ ռազմական դրություն է հայտարարվում, ապա հարցի քննարկումն ընդհատվում է, եւ վերսկսվում է արտակարգ կամ ռազմական դրությունն ավարտվելուց ոչ շուտ, քան քառասունութ, եւ ոչ ուշ, քան հիսուն ժամ հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, իսկ այդ ժամկետներում հերթական նիստեր չանցկացվելու դեպքում՝ իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում հարցի քննարկումը վերսկսելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:

9. Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին որոշումը՝

1) ընդունվում է, ապա համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել եւ նոր վարչապետն ընտրվել է.

2) չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո:

10. Ազգային ժողովի նախագահը վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ:

Հոդված 166. Գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու կարգը

1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

2. Հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 160-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգով:

3.Գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

Հոդված 167. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացությամբ Ազգային ժողովի կողմից ընտրված պաշտոնատար անձանց լիազորությունների դադարեցման կարգը

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացությամբ կարող են դադարեցվել Ազգային ժողովի կողմից ընտրված հետեւյալ պաշտոնատար անձանց լիազորությունները՝

1) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամինը՝ Սահմանադրության 195-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի պայմաններից որեւէ մեկը խախտելու դեպքում.

2) Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամինը՝ Սահմանադրության 197-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի պայմաններից որեւէ մեկը խախտելու դեպքում.

3) Հաշվեքննիչ պալատի անդամինը՝ Սահմանադրության 199-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի պայմաններից որեւէ մեկը խախտելու դեպքում.

4) Կենտրոնական բանկի խորհրդի անդամինը՝ Սահմանադրության 201-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի պայմաններից որեւէ մեկը խախտելու դեպքում:

2. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը Սահմանադրության պայմաններից որեւէ մեկը խախտելու վերաբերյալ եզրակացությունն Ազգային ժողով է ներկայացնում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Եզրակացությունը ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահն ապահովում է դրա տրամադրումը պատգամավորներին, իսկ եզրակացությունում նշված պաշտոնատար անձի լիազորությունների դադարեցման մասին հարցը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում:

4. Եզրակացությունում նշված պաշտոնատար անձն առնվազն մեկ շաբաթ առաջ գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման մասին: Նրա բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է երկու անգամ՝ երկուական շաբաթով, որից հետո այն քննարկվում է հաջորդ հերթական նիստերում՝ անկախ նրա ներկայությունից:

5. Եզրակացությունում նշված պաշտոնատար անձնի լիազորությունների դադարեցման մասին հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 160-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգով, հետեւյալ տարբերությամբ՝ որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, որից հետո ելույթ կարող է ունենալ եւ հարցերին պատասխանել եզրակացությունում նշված պաշտոնատար անձը:

6. Հարցի քննարկման ավարտին քվեարկության է դրվում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ եզրակացությունում նշված պաշտոնատար անձի լիազորությունների դադարեցման մասին հարցը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի, Կենտրոնական բանկի նախագահի, Հաշվեքննիչ պալատի անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, իսկ Կենտրոնական բանկի խորհրդի մյուս անդամների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումը՝ գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

ԲԱԺԻՆ VII

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 29

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

Հոդված 168. Պատգամավորի լիազորությունների դադարման կարգը

1. Պատգամավորի լիազորությունները դադարում են, եթե՝

1) ավարտվել է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը.

2) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

3) նա ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

4) նրան ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնել.

5) նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել.

6) նրա ընտրության գրանցումը չեղյալ հայտարարելու մասին սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ է մտել.

7) նա տվել է հրաժարական:

2. Պատգամավորն իր հրաժարականը ներկայացնում է Կանոնակարգի 169-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու օրվանից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորն անձամբ կամ փոստով Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու մասին գրավոր հայտարարություն, որին կցում է այդ պետության քաղաքացու անձնագրի պատճենը: Այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու պահից պատգամավորը պարտավոր է ձեռնպահ մնալ իր պատգամավորական լիազորությունների իրականացումից: Սույն մասի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու օրվանից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորն անձամբ կամ փոստով Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու վերաբերյալ հայտարարություն, որին կցում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ որոշման պատճենը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու պահից պատգամավորը պարտավոր է ձեռնպահ մնալ իր պատգամավորական լիազորությունների իրականացումից: Սույն մասի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

5. Պատգամավորին ազատազրկման դատապարտելու, անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, իրավասու դատարանը դատավճռի պատճենը ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:

6. Պատգամավորի ընտրության գրանցումը չեղյալ հայտարարելու որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Սահմանադրական դատարանն իր որոշման պատճենը ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:

7. Սույն հոդվածի 2-ից 6-րդ մասերով նախատեսված դեպքերում, համապատասխան փաստաթղթերի հիման վրա, կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը եւ մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Հոդված 169. Պատգամավորի հրաժարական տալու կարգը

1. Պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, ով այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։

2. Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով՝

1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.

2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականն համարվում է ընդունված:

ԳԼՈՒԽ 30

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված 170. Մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելը

1. Յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով սույն հոդվածով սահմանված կարգով Սահմանադրական դատարան է դիմում Խորհուրդը, ինչպես նաեւ կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը:

2. Պատգամավորի մասնակցությունը քվեարկություններին հաշվառում է Աշխատակազմը, որը յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում քվեարկություններից բացակայած պատգամավորների վերաբերյալ տեղեկանք, որին կցվում են բացակայությունները հարգելի համարելու հիմքերը: Տեղեկանքի ձեւը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

3. Աշխատակազմը յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում, ինչպես նաեւ յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորների եւ խմբակցությունների պաշտոնական էլեկտրոնային փոստերի հասցեներով ուղարկում է համապատասխան տեղեկանքներ՝ նախորդ ամսվա եւ նախորդ օրացուցային կիսամյակի քվեարկություններից նրանց բացակայության մասին: Տեղեկանքի ձեւը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

4. Քվեարկությունից պատգամավորի բացակայությունը համարվում է հարգելի, եթե՝

1) նրա գործունակությունը վերականգնվելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Աշխատակազմի ղեկավարին ներկայացվում է անաշխատունակության թերթիկ.

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված՝ հարգելի պատճառով նրա բացակայելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Աշխատակազմի ղեկավարին ներկայացվում է համապատասխան փաստաթուղթ.

3) նա Ազգային ժողովի կողմից ուղարկվել է գործուղման.

4) նա ձերբակալվել է, կամ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, եւ նա չի դատապարտվել ազատազրկման, կամ նրա նկատմամբ կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում.

5) նա զբաղեցնում է պատգամավորի կարգավիճակով պայմանավորված պաշտոն, եւ բացակայությունը պայմանավորված է իր պաշտոնական պարտականությունների կատարմամբ.

6) նա Կանոնակարգով նախատեսված դեպքերում հանդես է եկել տվյալ քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ.

7) խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը քվեարկությունից առաջ Ազգային ժողովի նիստում հանդես է եկել տվյալ քվեարկությանը մասնակցելուց՝ խմբակցության հրաժարվելու մասին հայտարարությամբ: Խմբակցությունը կարող է քվեարկություններին մասնակցելուց հրաժարվել Ազգային ժողովի տվյալ գումարման միայն մեկ նստաշրջանում.

8) նա զրկվել է Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա գտնվելու իրավունքից:

5. Եթե տեղեկանքի համաձայն առկա է պատգամավոր, որը նախորդ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայել է, ապա Ազգային ժողովի նախագահը տեղեկանքը ստանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, հրավիրում է Խորհրդի նիստ՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցով, եւ անհապաղ գրավոր տեղեկացնում է պատգամավորին:

6. Պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով եւ վերսկսվում է սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված Խորհրդի նիստում՝ անկախ նրա ներկայությունից:

7. Յուրաքանչյուր պատգամավորի բացակայությունների վերաբերյալ հարցը քննարկվում է առանձին: Հարցի քննարկման ընթացքում պատգամավորը կամ նրա լիազորած այլ պատգամավորը կարող է ելույթ ունենալ, պատասխանել հարցերին, հանդես գալ եզրափակիչ ելույթով:

8. Եթե հարցի քննարկումը սկսվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Խորհուրդը պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում՝

1) ընդունում է, ապա Ազգային ժողովի նախագահն այն 24 ժամվա ընթացքում ուղարկվում է Սահմանադրական դատարան՝ նշելով Սահմանադրական դատարանում հարցի քննության ընթացքում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող պատգամավորի անունը, ազգանունը.

2) չի ընդունում, ապա Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը կարող է ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան:

9. Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան է դիմում ստորագրաթերթով, որը պատգամավորներին տրամադրում է Աշխատակազմը: Անհրաժեշտ քանակի ստորագրություններով ստորագրաթերթը 24 ժամվա ընթացքում հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, որից հետո ստորագրաթերթը փոփոխման ենթակա չէ: Ստորագրաթերթում նշվում են օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայած պատգամավորի, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանում հարցի քննության ընթացքում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող պատգամավորի անունները, ազգանունները: Ստորագրաթերթին կցվում են աշխատակազմի համապատասխան տեղեկանքը, ինչպես նաեւ նախաձեռնողների հայեցողությամբ՝ հարցին առնչվող այլ փաստաթղթեր կամ նյութեր:

10. Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ՝ Աշխատակազմն անհրաժեշտ քանակի ստորագրություններով ստորագրաթերթը, ինչպես նաեւ դրան կից ներկայացված փաստաթղթերը եւ այլ նյութերը 24 ժամվա ընթացքում ուղարկում է Սահմանադրական դատարան:

Հոդված 171. Սահմանադրության 95-րդ հոդվածի պայմանները խախտելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելը

1. Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքում սույն հոդվածով սահմանված կարգով Սահմանադրական դատարան է դիմում Խորհուրդը, ինչպես նաեւ կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը, եթե՝

1) Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն Ազգային ժողով է ներկայացրել պատգամավորի կողմից Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու վերաբերյալ եզրակացություն.

2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված դեպքում՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար պատգամավորի նկատմամբ նշանակվել է տուգանք.

3) ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար պատգամավորը ենթարկել է վարչական պատասխանատվության:

2. Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար պատգամավորի նկատմամբ տուգանք նշանակելու վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, իրավասու դատարանը դատավճռի պատճենը ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:

3. Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար պատգամավորին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում իրավասու մարմինը որոշման պատճենն ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթուղթը ստանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հրավիրում է Խորհրդի նիստ՝ փաստաթղթում նշված պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար, եւ այդ մասին անհապաղ գրավոր տեղեկացնում է պատգամավորին:

5. Պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով եւ վերսկսվում է սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված Խորհրդի նիստում՝ անկախ նրա ներկայությունից:

6. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը Խորհրդի նիստում ներկայացնում է հանձնաժողովի նախագահը, իսկ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մյուս հիմքերը՝ Ազգային ժողովի նախագահը: Հարցի քննարկման ընթացքում՝ համապատասխան փաստաթղթում նշված պատգամավորը կամ նրա լիազորած այլ պատգամավորը կարող է ելույթ ունենալ, պատասխանել հարցերին, հանդես գալ եզրափակիչ ելույթով:

7. Հարցի քննարկման ավարտին քվեարկության է դրվում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը:

8. Եթե հարցի քննարկումը սկսվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում Խորհուրդը պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում՝

1) ընդունում է, ապա Ազգային ժողովի նախագահն այն 24 ժամվա ընթացքում, ուղարկվում է Սահմանադրական դատարան՝ նշելով Սահմանադրական դատարանում հարցի քննության ընթացքում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող պատգամավորի անունը, ազգանունը.

2) չի ընդունում, ապա Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը կարող է ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան:

9. Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան են դիմում ստորագրաթերթով, որը պատգամավորներին տրամադրում է Աշխատակազմը: Անհրաժեշտ քանակի ստորագրություններով ստորագրաթերթը 24 ժամվա ընթացքում հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, որից հետո ստորագրաթերթը փոփոխման ենթակա չէ: Ստորագրաթերթում նշվում են Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտած պատգամավորի, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանում հարցի քննության ընթացքում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող պատգամավորի անունները, ազգանունները: Ստորագրաթերթին կցվում է համապատասխան հիմքը, ինչպես նաեւ նախաձեռնողների հայեցողությամբ՝ հարցին առնչվող այլ փաստաթղթեր կամ նյութեր:

10. Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ՝ Աշխատակազմն անհրաժեշտ քանակի ստորագրություններով, ինչպես նաեւ դրան կից ներկայացված փաստաթղթերը եւ այլ նյութերը ստորագրաթերթը 24 ժամվա ընթացքում ուղարկում է Սահմանադրական դատարան:

ԲԱԺԻՆ VIII

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 31

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ

Հոդված 172. Միջխորհրդարանական համաձայնագրերը

1. Ազգային ժողովը կարող է այլ երկրի օրենսդիր կամ բարձրագույն ներկայացուցչական մարմնի հետ կնքել միջխորհրդարանական համաձայնագիր, որով կարգավորվում են բարեկամության եւ համագործակցության, փորձի փոխանակման, փոխօգնության, բարեկամական խմբեր կազմելու, պատվիրակությունների փոխանակության եւ այլ հարաբերություններ:

2. Միջխորհրդարանական համաձայնագիր է համարվում ցանկացած գրավոր համաձայնություն, որը ձեւակերպվել է համաձայնագրի, հուշագրի, արձանագրության կամ միջազգային ասպարեզում ընդունված այլ անվամբ փաստաթղթի տեսքով եւ Խորհրդում քննարկվելուց հետո ստորագրվել է Ազգային ժողովի նախագահի կողմից:

3. Միջխորհրդարանական համաձայնագիր ստորագրելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները, խմբակցությունները, մշտական հանձնաժողովները կամ բարեկամական խմբերը:

4. Եթե միջխորհրդարանական համաձայնագիր կնքելու առաջարկով հանդես է եկել այլ երկրի օրենսդիր կամ բարձրագույն ներկայացուցչական մարմին, ապա այն քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովում եւ տասնօրյա ժամկետում ներկայացվում Ազգային ժողովի նախագահին:

Հոդված 173. Օտարերկրյա պետություններ գործուղումները

1. Օտարերկրյա պետություն գործուղման մեկնած պատգամավորը վերադառնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, Աշխատակազմին ի պահ է հանձնում կատարված աշխատանքների մասին իր տեղեկանքը:

2. Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնած պատգամավորները եւ պատվիրակությունները պարտավոր են վերադառնալուց հետո` տասնօրյա ժամկետում, հանդես գալ ճեպազրույցով կամ մամուլի ասուլիսով:

3. Ազգային ժողովի պատգամավորների եւ Աշխատակազմում պետական ծառայողների գործուղման ծախսերը հաշվարկվում են պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած նորմատիվներին համապատասխան:

ԳԼՈՒԽ 32

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎ ՆՐԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 174. Ազգային ժողովի բյուջեն

1. Ազգային ժողովի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի եւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին, որը պետք է ապահովի Ազգային ժողովի բնականոն գործունեությունը:

2. Ազգային ժողովի բյուջեի նախագծի մշակումը համակարգում է Ազգային ժողովի նախագահը եւ բյուջետային օրենսդրությամբ սահմանված ժամկետում Ազգային ժողովի ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը) ներկայացնում է Կառավարություն` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:

3. Ազգային ժողովի բյուջետային հայտը Կառավարության կողմից անփոփոխ ընդգրկվում է պետական բյուջեի մասին օրենքի նախագծում: Ազգային ժողովի բյուջետային հայտի վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում` Կառավարությունը պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հետ միասին Ազգային ժողով է ներկայացնում իր առարկությունները եւ դրանց հիմնավորումները:

4. Ազգային ժողովի բյուջետային միջոցները տնօրինում է Ազգային ժողովի նախագահը: Անհրաժեշտության դեպքում Ազգային ժողովի նախագահը կարող է կատարել պետական բյուջեի մասին օրենքով սահմանված` Ազգային ժողովի հատկացումների ընդհանուր գումարի 30 տոկոս չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ` տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջեւ` դրանց մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղյակ պահելով Կառավարությանը:

Հոդված 175. Աշխատակազմը

1. Ազգային ժողովի եւ նրա մարմինների լիազորությունների ու գործառույթների իրականացմանն ուղղված մասնագիտական սպասարկումը, ինչպես նաեւ նյութատեխնիկական ապահովումն իրականացնում է Աշխատակազմը, որն ստեղծվում է օրենքով սահմանված կարգով եւ գործում է օրենքների եւ իր կանոնադրության հիման վրա:

Հոդված 176. Խմբակցությունների գործունեության ապահովումը

1. Աշխատակազմն Ազգային ժողովի նստավայրում խմբակցություններին ապահովում է նրանց աշխատանքային գործունեության համար անհրաժեշտ միջոցներով:

2. Խմբակցության գործունեության մասնագիտական սպասարկումն իրականացնում են խմբակցության գործավարը եւ փորձագետները, որոնք աշխատանքի են ընդունվում ժամկետային պայմանագրով` համապատասխան խմբակցության ղեկավարի ներկայացմամբ, կատարում են նրա հանձնարարությունները, ինչպես նաեւ նրա հանձնարարությամբ աջակցում են խմբակցության աշխատանքին:

3. Մինչեւ 14 անդամ ունեցող խմբակցությունն ունենում են Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար եւ երեք փորձագետ, իսկ 14-ից ավելի անդամ ունեցողները` մեկ գործավար եւ չորս փորձագետ:

Հոդված 177. Հանձնաժողովների գործունեության ապահովումը

1. Աշխատակազմը Ազգային ժողովի հանձնաժողովներին ապահովում է նրանց գործունեության համար անհրաժեշտ միջոցներով:

2. Մշտական հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումն իրականացնում է հանձնաժողովի քարտուղարությունը, որը Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, գործում է մշտական հանձնաժողովի աշխատակարգով եւ Աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված կարգով՝ մշտական հանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ:

3. Մշտական հանձնաժողովներից յուրաքանչյուրն ունի Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար (օգնական) եւ առնվազն երեք փորձագետ (մասնագետ): Մշտական հանձնաժողովի գործավարը (օգնականը) աշխատանքի է ընդունվում եւ ազատվում աշխատանքից համապատասխան հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, իսկ փորձագետները (մասնագետները)՝ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին օրենսդրությանը համապատասխան:

4. Մշտական հանձնաժողովի փորձագետների թիվը կարող է ավելացվել հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ Խորհրդի որոշմամբ:

5. Վերակազմակերպված կամ անվանափոխված մշտական հանձնաժողովների փորձագետների (մասնագետների) իրավական վիճակը որոշվում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

6. Ժամանակավոր հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումն իրականացնում են հանձնաժողովի փորձագետները (մասնագետները), որոնք աշխատանքի են ընդունվում պայմանագրային կարգով՝ հանձնաժողովի գործունեության ժամկետով: Նրանց կազմն ու թվաքանակը հաստատում է Խորհուրդը՝ համապատասխան հանձնաժողովի ներկայացմամբ, եթե հանձնաժողովի ստեղծման մասին որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

7. Քննիչ հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումն իրականացնում են քննիչ հանձնաժողովի անդամների վճարովի հիմունքներով աշխատող օգնականները կամ Աշխատակազմի համապատասխան մասնագետները:

8. Մինչեւ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը պատգամավորական էթիկայի հարցերով դիմումներն ուսումնասիրում եւ երկշաբաթյա ժամկետում խմբակցություններին եզրակացություն է ներկայացնում Աշխատակազմի իրավասու փորձագետը (մասնագետը), որը հանձաժողով ստեղծվելուց հետո իրականացնում է հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումը: Աշխատակազմի իրավասու փորձագետը (մասնագետը) աշխատանքի է ընդունվում եւ ազատվում աշխատանքից Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին օրենսդրությանը համապատասխան:

Հոդված 178. Հանրապետության նախագահի եւ Կառավարության ներկայացուցիչների գործունեության ապահովումը

1. Աշխատակազմն Ազգային ժողովի նստավայրում Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցչին եւ Կառավարության ներկայացուցչին ապահովում է կահավորված եւ կապի միջոցներով հագեցված աշխատասենյակով:

Հոդված 179. Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանումը

1. Ազգային ժողովը կարող է ունենալ իր լրատվության միջոցները:

2. Ազգային ժողովի հրապարակային նիստերը հեռարձակվում են սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով մրցույթում հաղթած ռադիոընկերության ուղիղ եթերով, եթե Ազգային ժողովն այլ որոշում չի ընդունում:

3. Հեռուստաընկերությամբ Ազգային ժողովի հրապարակային նիստերի ուղիղ եթերով հեռարձակումը սկսվում է այդ մասին Ազգային ժողովի որոշման ընդունումից հետո` մեկ ժամվա ընթացքում:

4. Ազգային ժողովի հրապարակային նիստերն ուղիղ եթերով առցանց հեռարձակվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում: Առցանց հեռարձակումն իրականացնում է Աշխատակազմը:

5. Ազգային ժողովի հրապարակային նիստերի ուղիղ եթերով հեռուստառադիո հեռարձակումը, ինչպես նաեւ Կանոնակարգով նախատեսված դեպքերում տեսագրությամբ հեռարձակումն իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին, պետական գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով` մրցույթը հաղթած հեռուստառադիոընկերությամբ: Մրցույթի պայմանները, այդ թվում` հեռարձակման ժամերին, եւ սփռման տարածքին ներկայացվող պահանջները սահմանվում են Խորհրդի կողմից:

6. Զանգվածային լրատվության միջոցներով Ազգային ժողովի աշխատանքի լուսաբանումը կազմակերպում է Աշխատակազմը, որը՝

1) իրականացնում է Հանրային հեռուստառադիոընկերությամբ հեռարձակման ենթակա Ազգային ժողովի պաշտոնական հաղորդագրության, տեղեկատվության արտադրությունը.

2) պատգամավորների հայտարարությունների տեսագրությունը, ինչպես նաեւ «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի եւ այլ հաղորդումների արտադրությունը.

3) անցկացնում է Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, հանձնաժողովների, խմբակցությունների, Ազգային ժողովի պատվիրակությունների եւ գործուղման մեկնած պատգամավորների ճեպազրույցներ, մամուլի ասուլիսներ.

4) Ազգային ժողովի հրապարակային նիստում պատգամավորների մասնակցության եւ անհատական քվեարկությունների արդյունքները տեղադրում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում.

5) թողարկում է տեղեկատվական բնույթի այլ նյութեր:

7. Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների եւ խմբակցությունների խորհրդարանական գործունեության լուսաբանումն իրականացնում է Աշխատակազմը` «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի միջոցով: Միեւնույն հաղորդման ընթացքում հանդես գալու համար հանձնաժողովներին եւ խմբակցություններին` ըստ այբբենական հերթականության, հավասար մասնակցությամբ տրամադրվում է մինչեւ երեքական րոպե, որից հետո մինչեւ 15 րոպե տրամադրվում է Աշխատակազմին` խորհրդարանական իրադարձությունները լուսաբանելու համար: «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարը հեռարձակվում է Ազգային ժողովի նստաշրջանների ընթացքում սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված հեռուստաընկերությամբ` կիրակի օրը:

8. Կանոնակարգով նախատեսված նիստերի տեսագրությունների, ինչպես նաեւ Ազգային ժողովի նիստերի ուղիղ հեռարձակումների եւ Ազգային ժողովի որոշմամբ սահմանված դեպքերում Ազգային ժողովի նիստերի տեսագրությունները, ձայնագրությունները իրականացնում է սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված հեռուստառադիոընկերությունը:

9. Ազգային ժողովի գործունեության մասին պաշտոնական հաղորդագրությունների, տեղեկատվությունների վերաբերյալ Ազգային ժողովի նախագահին առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն Ազգային ժողովի նախագահի տեղակալները, խմբակցությունների ղեկավարները եւ հանձնաժողովների նախագահները։

ԳԼՈՒԽ 33

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

Հոդված 180. Բյուջետային գրասենյակի ստեղծումը եւ գործունեությունը

1. Սահմանադրության 111-րդ հոդվածի 1-ին մասով Ազգային ժողովին վերապահված վերահսկողական լիազորությունների, ինչպես նաեւ Կանոնակարգի 20-րդ գլխով, 121-րդ եւ 122-րդ հոդվածներով սահմանված դրույթների արդյունավետ իրականացմանը նպաստելու եւ պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին մասնագիտական աջակցություն ու տեղեկատվություն տրամադրելու համար Ազգային ժողովում կազմավորվում է Բյուջետային գրասենյակ, որը կազմված է համակարգող փորձագետից եւ չորս այլ փորձագետներից:

2. Բյուջետային գրասենյակը գործում է Կանոնակարգին եւ իր աշխատակարգին համապատասխան, որը իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ հաստատում է Խորհուրդը:

3. Բյուջետային գրասենյակի գործունեության ընդհանուր համակարգումը եւ մշտադիտարկումը իրականացնում է իրավասու մշտական հանձնաժողովը:

4. Բյուջետային գրասենյակի փորձագետների աշխատանքի անմիջական համակարգումը, կազմակերպումը եւ վերահսկումն իրականացնում է Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետը, որը պատասխանատու է Բյուջետային գրասենյակի գործառույթների պատշաճ իրականացման համար:

5. Բյուջետային գրասենյակի փորձագետներին ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ նրանց ընտրության (նշանակման) կարգը սահմանում է Խորհուրդը:

6. Բյուջետային գրասենյակի փորձագետների պաշտոնների նկարագրերը, անձնագրերը՝ իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

Հոդված 181. Բյուջետային գրասենյակի գործառույթները

1. Բյուջետային գրասենյակի գործառույթներն են`

1) պետական բյուջեի մասին օրենքի նախագծում, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում բյուջետային մուտքերը եւ ելքերը ծրագրային եւ (կամ) այլ ձեւաչափով ներկայացված փաստաթղթի վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը.

2) Ազգային ժողովի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացում հանրային ֆինանսների ոլորտում, այդ թվում` ծրագրային բյուջետավորման ձեւաչափի վերաբերյալ դասընթացների կազմակերպումը.

3) պետական բյուջեի մասին օրենքի նախագծի ամփոփ նկարագրի պատրաստումը, ինչպես նաեւ ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրերի եւ տեղեկանքների պատրաստումը.

4) պետական բյուջեի մասին օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին առաջարկների ձեւակերպմանն աջակցությունը` անհրաժեշտության դեպքում իրականացնելով հաշվարկներ, ինչպես նաեւ պետական բյուջեի մասին օրենքի նախագծում ընդունված առաջարկների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը՝ ըստ ծախսերի բյուջետային դասակարգման համապատասխան հոդվածի եւ պետական բյուջեի նախագծի աղյուսակի համարի.

5) պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը: Այդ նպատակով Բյուջետային գրասենյակն իրականացնում է պետական բյուջեի եկամուտների` ըստ հարկերի, տուրքերի, պաշտոնական դրամաշնորհների եւ այլ եկամուտների տեսակների, ինչպես նաեւ պետական բյուջեի ծախսերի եւ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների եւ պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների առցանց դիտարկում` տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածների մանրամասնությունների մակարդակով.

6) պետական բյուջեի եկամուտների (այդ թվում` արտաբյուջետային միջոցների), ինչպես նաեւ պետական բյուջեով հատկացվող, հատկացված միջոցների (այդ թվում` արտաբյուջետային միջոցների) ծախսման եւ պակասուրդի (հավելուրդի) վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը.

7) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշների, պետական պարտքի վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի, այդ թվում՝ պետական բյուջեի վրա վարկերի սպասարկման ազդեցության եւ Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ այլ անձանց տրամադրած դրամաշնորհների վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը.

8) պետական բյուջեի մասին օրենքի նախագծի եւ պետական բյուջեի կատարման ընթացքում պետական բյուջեի եկամուտների, ծախսերի եւ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների, պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի), դրա ֆինանսավորման աղբյուրների, պետական բյուջեի պարտքերի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետական պարտքի, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի, այդ թվում՝ պետական բյուջեի վրա վարկերի սպասարկման ազդեցության եւ Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ այլ անձանց տրամադրած դրամաշնորհների վերաբերյալ հարցերի, հարցումների եւ հարցապնդումների ձեւակերպմանն աջակցությունը.

9) պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփ նկարագրի, ինչպես նաեւ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրերի եւ տեղեկանքների պատրաստումը.

10) պետական բյուջեի կատարման (եռամսյակային) ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի ամփոփ նկարագրի պատրաստումը.

11) Հաշվեքննիչ պալատի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումների, պետական բյուջեի կատարման վերաբերյալ եւ ընթացիկ եզրակացությունների մասին տեղեկանքների տրամադրումը.

12) իր կատարած աշխատանքների վերաբերյալ եռամսյակային եւ տարեկան հաշվետվությունները իրավասու մշտական հանձնաժողով ներկայացնելը: Տարեկան հաշվետվությունը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում.

13) մշտական հանձնաժողովներին ծրագրային բյուջետային ներդրման եւ կատարելագործման աշխատանքներում աջակցելը:

2. Բյուջետային գրասենյակն իրավասու մշտական հանձնաժողով է ներկայացնում՝

1) պետական բյուջեի մասին օրենքի նախագծի եւ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփ նկարագրերը,

2) պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի ամփոփ նկարագիրը:

3. Բյուջետային գրասենյակը պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին եւ խմբակցություններին տրամադրում է`

1) տեղեկանքներ՝ պետական բյուջեի նախագծում, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում բյուջետային մուտքերը եւ ելքերը ծրագրային եւ (կամ) այլ ձեւաչափով ներկայացված փաստաթղթի վերաբերյալ,

2) պետական բյուջեի նախագծի ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրեր եւ տեղեկանքներ,

3) տեղեկանքներ՝ պետական բյուջեի եկամուտների (այդ թվում` արտաբյուջետային միջոցների), ինչպես նաեւ պետական բյուջեով հատկացվող, հատկացված միջոցների (այդ թվում` արտաբյուջետային միջոցների) ծախսման վերաբերյալ,

4) տեղեկանքներ՝ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշների, պետական պարտքի, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի, այդ թվում՝ պետական բյուջեի վրա վարկերի սպասարկման ազդեցության եւ Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ այլ անձանց տրամադրած դրամաշնորհների վերաբերյալ,

5) պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրեր եւ տեղեկանքներ,

6) տեղեկանքներ Հաշվեքննիչ պալատի գործունեության տարեկան հաղորդման, ինչպես նաեւ պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունների մասին,

7) տեղեկատվություն պետական բյուջեի նախագծում ընդունված առաջարկների վերաբերյալ՝ ըստ ծախսերի բյուջետային դասակարգման համապատասխան հոդվածի եւ պետական բյուջեի նախագծի աղյուսակի համարի,

8) այլ տեղեկատվություն պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ:

4. Բյուջետային գրասենյակը պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին եւ խմբակցություններին աջակցում է՝

1) պետական բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու մասին առաջարկների ձեւակերպման գործում` անհրաժեշտության դեպքում իրականացնելով հաշվարկներ,

2) պետական բյուջեի կատարման վերաբերյալ հարցերի, հարցումների եւ հարցապնդումների ձեւակերպման գործում.

3) ծրագրային բյուջետային ներդրման եւ կատարելագործման աշխատանքներում:

5. Բյուջետային գրասենյակը պատգամավորների եւ մշտական հանձնաժողովների փորձագետների համար կազմակերպում է դասընթացներ` ծրագրային բյուջետավորման ձեւաչափի վերաբերյալ:

6. Բյուջետային գրասենյակն իր կատարած աշխատանքների վերաբերյալ եռամսյակային եւ տարեկան հաշվետվություններ է ներկայացնում իրավասու մշտական հանձնաժողով: Տարեկան հաշվետվությունը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

7. Բյուջետային գրասենյակը պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով իրականացնում է պետական բյուջեի եկամուտների` ըստ հարկերի, տուրքերի, պաշտոնական դրամաշնորհների եւ այլ եկամուտների տեսակների, ինչպես նաեւ պետական բյուջեի ծախսերի եւ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների եւ պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների առցանց դիտարկում` տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածների մանրամասնությունների մակարդակով:

8. Բյուջետային գրասենյակն օժտված է գործառութային ինքնավարությամբ: Բյուջետային գրասենյակն իր գործունեությունն իրականացնում է իրեն վերաբերելի իրավական ակտերին համապատասխան:

9. Բյուջետային գրասենյակն իր գործառույթների իրականացման նպատակով պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար անձանցից, հիմնարկներից եւ կազմակերպություններից անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար դիմում է իրավասու մշտական հանձնաժողովի նախագահին կամ որեւէ պատգամավորի:

Հոդված 182. Բյուջետային գրասենյակի գործունեության ապահովումը

1. Բյուջետային գրասենյակի փորձագետներն աշխատանքի են ընդունվում մրցույթով, Խորհրդի սահմանված կարգով՝ հինգ տարի ժամկետով Աշխատակազմի հետ կնքված աշխատանքային պայմանագրով, որի գործողությունը կարող է նույն ժամկետով երկարաձգվել իրավասու հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի նախագահի համաձայնությամբ: Փորձագետի պաշտոնի նկարագիրը հանդիսանում է աշխատանքային պայմանագրի բաղկացուցիչ մասը:

2. Բյուջետային գրասենյակի փորձագետների հաստիքները ներառվում են Աշխատակազմի հաստիքացուցակում, իսկ անձնական գործերը վարում է Աշխատակազմը:

3. Փորձագետների աշխատանքային ստաժը հանդիսանում է Աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն պաշտոնների 2-րդ ենթախմբում պաշտոն զբաղեցնողի ստաժ:

4. Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետը վարձատրվում է տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի յոթնապատիկի չափով, իսկ մյուս փորձագետները` վեցապատիկի չափով:

5. Բյուջետային գրասենյակի աշխատանքային նյութատեխնիկական ապահովումն իրականացնում է Աշխատակազմը:

ԲԱԺԻՆ IX

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 34

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 183. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից, բացառությամբ՝ 7-րդ հոդվածի, 11-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 34-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 44-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի, 53-56-րդ հոդվածների, 57-րդ հոդվածի 3-րդ մասի, 82-րդ հոդվածի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի, 91-րդ հոդվածի 6-րդ մասի, 102-րդ հոդվածի, 103-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի, 104-րդ, 113-116-րդ, 118-րդ հոդվածների, 120-րդ հոդվածի 4-րդ մասի, 126-րդ հոդվածի 7-15-րդ մասերի, 130-րդ, 135-րդ, 137-րդ, 144-150-րդ, 152-րդ, 153-րդ, 155-րդ, 156-րդ, 164-166-րդ հոդվածների, 167-րդ հոդվածի 1-ին մասի 2-ից 4-րդ կետերի, 170-րդ, 171-րդ հոդվածների, 7-րդ եւ 19-րդ գլուխների, ինչպես նաեւ Սահմանադրության 108-րդ հոդվածին, 113-րդ հոդվածի 2-րդ մասին, 115-րդ, 117-120-րդ, 122-րդ հոդվածներին եւ 5-8-րդ, 12-15-րդ գլուխներին առնչվող մյուս դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համաձայն՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքով սահմանված համապատասխան դրույթները:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքը, բացառությամբ՝

1) սույն հոդվածի 1-ին մասում նշված այն դրույթների, որոնք շարունակում են գործել մինչեւ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը.

2) 5-րդ հոդվածի 1-ին մասի «ը», «ժա», «ժբ» կետերի, 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի, 7-րդ, 8-րդ, 9.1-ին, 9.2-րդ, 10-րդ եւ 11-րդ հոդվածների, որոնք շարունակում են գործել մինչեւ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի ընդունումը.

3) 1-ին հավելվածի 3-րդ եւ 4-րդ գլուխների, ինչպես նաեւ 2-րդ հավելվածի 2-րդ գլխի, որոնք շարունակում են գործել մինչեւ Բյուջետային գրասենյակի գործունեությանն առնչվող համապատասխան ակտերի ընդունումը:

ԳԼՈՒԽ 35

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 184. Հանրապետության նախագահի առաջին ընտրությունը

1. Սույն օրենքի 144-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի առաջին ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, եւ ոչ ուշ, քան երեսուն օր առաջ:

2. Հանրապետության նախագահի թեկնածուները կարող են առաջադրվել Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան հիսուն օր, եւ ոչ ուշ, քան քառասուն օր առաջ: Հանրապետության նախագահի ընտրության երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում առավել ձայներ ստացած թեկնածուն:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ՝ Կանոնակարգ) ուժի մեջ մտնելուց հետո՝ դրանում կատարվել են 25 փոփոխություններ եւ լրացումներ, որոնցից չորսը՝ հիմնական:

2004 թվականի դեկտեմբերի 24-ին կատարված առաջին հիմնական փոփոխությամբ՝ երկու շաբաթը մեկ գումարվող Ազգային ժողովի եռօրյա նիստերը փոխարինվեցին՝ երեք շաբաթը մեկ գումարվող չորսօրյա նիստերով:

2007 թվականի փետրվարի 26-ին կատարված երկրորդ հիմնական փոփոխությամբ՝ Կանոնակարգը համապատասխանեցվեց 2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով Սահմանադրությանը, մասնավորապես՝ առաջին անգամ կանոնակարգվեցին Ազգային ժողովի ուղերձների, հայտարարությունների ընդունման, խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի հարցապնդումների ներկայացման կարգերը:

2008 թվականի հոկտեմբերի 23-ին կատարված երրորդ հիմնական փոփոխությամբ՝ Կանոնակարգում սահմանվեցին ընդդիմադիր խմբակցությունների գործունեության երաշխքները, ինչպես նաեւ Դ՝Հոնդտի բանաձեւի հիման վրա մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոնները խմբակցությունների միջեւ բաշխելու կարգը:

2012 թվականի մարտի 19-ի չորրորդ հիմնական փոփոխությամբ՝ սահմանվեցին պատգամավորի էթիկայի կանոնները, էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման կարգը, պատգամավորների շահերի բախումը, պատագամավորների գործունեության սահմանափակումների ապահովումը:

Անցած ժամանակահատվածում Կանոնակարգի բազմաթիվ դրույթների արդյունավետ կիրառման հետ մեկտեղ ի հայտ են եկել նաեւ մի շարք խնդիրներ, որոնցից են՝

1) Ազգային ժողովի օրակարգային հարցերի կուտակումները.

2) մշտական հանձնաժողովներում հարցերի քննարկման ընթացքում՝ քվեարկությամբ նախագծերում փոփոխություններ կատարելու ընթացակարգի բացակայությունը.

3) Ազգային ժողովի նիստում՝ որոշ դեպքերում հարցերի երկարատեւ քննարկումները.

4) Ազգային ժողովի նիստում օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ամփոփաթերթում ընդգրկված առաջարկների քվեարկության կարգը գործնականում չկիրառելը.

5) Ազգային ժողովի որոշման նախագծերն Ազգային ժողովի նիստում քննարկելիս՝ դրանցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկները քվեարկության դնելու կարգի բացակայությունը.

6) Կառավարությանը հարցապնդումներով դիմելու կարգը գործնականում չկիրառելը.

7) օրենքների նախագծերի երրորդ ընթերցմամբ քննարկման կարգի նվազ արդյունավետությունը.

8) արտահերթ նիստերի եւ նստաշրջանների օրակարգերում՝ առանց գլխադասային հանձնաժողովում նախսպես քննարկելու, հարցեր ընդգրկելը:

2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն) նախատեսված է անցում խորհրդարանական համակարգի, որտեղ Ազգային ժողովն ունենում է առանցքային դեր, մասնավորապես՝

1) ժողովրդավարական լեգիտիմություն է հաղորդում մնացած բոլոր պետական մարմիններին` մասնակցում է Կառավարության կազմավորմանը, վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում ընտրում է վարչապետին, կարող է անվստահություն հայտնել վարչապետին եւ ընտրել նոր վարչապետ, ընտրում է Հանրապետության նախագահին, Սահմանադրական դատարանի դատավորներին, Վճռաբեկ դատարանի դատավորներին եւ նախագահին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, Հաշվեքննիչ պալատի նախագահին եւ մյուս անդամներին, Կենտրոնական բանկի նախագահին եւ խորհրդի մյուս անդամներին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներին, նշանակում է օրենքով ստեղծված ինքնավար մարմինների անդամներին.

2) վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, մասնավորապես՝ ընդունում է պետական բյուջեն, վերահսկողություն է իրականացնում պետական բյուջեի կատարման, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների եւ վարկերի օգտագործման նկատմամբ:

Սահմանադրությամբ բարձրացվել է խմբակցությունների դերը, մասնավորապես նրանց իրավունք է վերապահված՝

1) հանդես գալու օրենսդրական նախաձեռնությամբ.

2) առաջադրելու վարչապետի թեկնածուներ.

3) նոր ընթացակարգով՝ գրավոր հարցապնդումներով դիմելու Կառավարության անդամներին: Հարցապնդումների քննարկման արդյունքով պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից կարող է ներկայացվել վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ: Հարցապնդման արդյունքով Ազգային ժողովը կարող է առաջարկել վարչապետին քննարկել Կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը.

4) հանրաքվեի եւ Հանրապետության նախագահի ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով դիմել Սահմանադրական դատարան:

Սահմանադրությամբ բարձրացվել է մշտական հանձնաժողովների դերը, մասնավորապես նրանց իրավունք է վերապահված՝

1) իրականացնել խորհրդարանական վերահսկողություն.

2) Ազգային ժողովին առաջարկել գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների, Հաշվեքննիչ պալատի նախագահի եւ մյուս անդամների, Կենտրոնական բանկի նախագահի եւ խորհրդի մյուս անդամների թեկնածուներ:

Սահմանադրությամբ ուժեղացվել է ընդդիմության դերը, մասնավորապես՝

1) սահմանադրական օրենքներն ընդունվում են որակյալ մեծամասնությամբ, այն է` Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով.

2) երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը.

3) Սահմանադրական դատարանի դատավորները, Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն, Բարձրագույն դատական խորհրդի անդամները, գլխավոր դատախազը, Մարդու իրավունքների պաշտպանը, Հաշվեքննիչ պալատի նախագահը եւ մյուս անդամները, Կենտրոնական բանկի նախագահը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը եւ մյուս անդամները, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներն ընտրվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով.

4) Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը.

5) վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը.

6) Ազգային ժողովի տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից.

7) Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարվում է նաեւ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ.

8) քննիչ հանձնաժողովները ստեղծվում են իրավունքի ուժով՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով.

9) հերթական նստաշրջանի` նիստերի շաբաթվա ընթացքում գումարվող նիստերից մեկում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով կարող են անցկացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ.

10) Սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին, 4-րդ եւ 6-րդ կետերով սահմանված դեպքերում.

11) Սահմանադրական դատարան կարող է դիմել Ազգային ժողովի խմբակցությունը` հանրաքվեի եւ Հանրապետության նախագահի ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով:

Սահմանադրության նորույթներից են նաեւ՝

1) Ազգային ժողովի խորհրդի ձեւավորումը.

2) Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովների ստեղծումը՝ օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների եւ ուղերձների նախագծերի, ինչպես նաեւ պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար.

3) ընտրական իրավունք ունեցող առնվազն հիսուն հազար քաղաքացու կողմից Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունքը.

4) բացառությամբ Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասում նշված հոդվածների, Սահմանադրության մյուս հոդվածներում փոփոխություններն Ազգային ժողովի կողմից ընդունելը.

5) օրենքով՝ միջազգային պայմանագրերի վավերացումը, կասեցումը եւ չեղյալ հայտարարումը, ինչպես նաեւ համաներման մասին օրենքի ընդունումը.

6) վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումն Ազգային ժողովի կողմից ընդունելը.

7) անհամատեղելիության պահանջների խախտման, ինչպես նաեւ յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ պատգամավորի լիազորությունների դադարեցումը:

Այդպիսով, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է Ազգային ժողովի գործունեության կարգը Հայաստանի Հանրապետության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Սահմանադրությանը համապատասխանեցնելու, ինչպես նաեւ Ազգային ժողովի կանոնակարգում այլ բարեփոխումներ կատարելու անհրաժեշտությամբ:

Նախագծի մշակման ընթացքում հաշվի է առնվել միջազգային փորձը, մասնավորապես՝ Գերմանիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Լիտվայի եւ Վրաստանի խորհրդարանների կանոնակարգերում ամրագրված կարգավորումները:

Առաջարկվող լուծումները

1. Ընդհանուր փոփոխություններն են՝

1) փոխվել է Կանոնակարգի կառուցվածքը, գլուխները միավորվել են համապատասխան բաժիններում.

2) Կանոնակարգի այն դրույթները, որոնք Նախագծով առաջարկվում է պահպանել՝ խմբագրվել եւ համապատասխանեցվել են Սահմանադրությանը, այլ օրենքներին, ինչպես նաեւ օրենսդրական տեխնիկայի կանոններին.

3) ժամկետների հաշվարկը որոշակիացնելու նպատակով՝ Նախագծով առաջարկվում է դրանք սահմանել ամիսներով, շաբաթներով եւ աշխատանքային օրերով, իսկ օրացուցային օրերով սահմանել միայն այն ժամկետները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ.

4) օրենսդրական գործընթացում ժամկետները փոփոխելու իրավասությունը հիմնականում վերապահվել է գլխադասային հանձնաժողովներին.

5) կարգավորվել են Ազգային ժողովի եւ նրա մարմինների քննարկմանը փաստաթղթերի ներկայացման ընթացակարգերը, մասնավորապես՝ սահմանվել է Ազգային ժողովի նախագահի կամ իրավասու հանձնաժողովի նախագահի կողմից փաստաթղթերի վերադարձման կարգ, եթե դրանք չեն համապատասխանում Սահմանադրության կամ կանոնակարգի պահանջներին:

2. Ազգային ժողովի մարմինները

Նախագծի համաձայն Ազգային ժողովի մարմիններն են պատգամավորները, խմբակցությունները, Ազգային ժողովի նախագահը, Ազգային ժողովի նախագահի տեղակալները, հանձնաժողովները եւ Ազգային ժողովի խորհուրդը:

Ի տարբերություն Կանոնակարգի՝ խմբակցությունները համարվում են Ազգային ժողովի մարմին, մասնավորապես հաշվի առնելով, որ Սահմանադրության համաձայն՝ խմբակցություններն ունեն օրենսդրական նախաձեռնության, ինչպես նաեւ վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք: Բացի այդ, Նախագծով առաջարկվում է խմբակցություններին վերապահել մի շարք կարեւոր իրավասություններ, օրինակ՝ պաշտոններում ընտրելու համար Ազգային ժողովին կամ իրավասու մշտական հանձնաժողովին թեկնածուների առաջադրումը, պաշտոնատար անձանց լիազորությունների դադարեցման վերաբերյալ որոշման նախագծերի ներկայացումը եւ այլն:

Ազգային ժողովի խորհուրդը Սահմանադրությամբ նախատեսված՝ Ազգային ժողովի նոր մարմին է, որը կազմված է Ազգային ժողովի նախագահից, նրա տեղակալներից, խմբակցությունների ներկայացուցիչներից եւ մշտական հանձնաժողովների նախագահներից: Նախագծով նախատեսվել է, որ խորհրդում խմբակցությանը ներկայացնում է խմբակցության ղեկավարը:

Պատգամավորների լիազորությունների փոփոխություններից են՝

1) Սահմանադրության 112-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սահմանվել է Կառավարության անդամներին գրավոր հարցերով դիմելու իրավունքի իրականացման կարգը.

2) պատգամավորների հայտարարության համար նախատեսված ժամի երկարաձգումը: Հայտարարությունները նախատեսվում է սկսել յուրաքանչյուր երեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում (ներկայումս՝ դրանք սկսվում են յուրաքանչյուր երեքշաբթի օրը՝ ժամը 17-ից): Առաջարկվում է հայտարարությունների համար նախատեսված նիստն ավարտել հերթագրված բոլոր պատգամավորների հանդես գալուց հետո՝ առանց ժամկետային սահմանափակման, եւ ըստ այդմ՝ հանել հայտարարությունների հաջորդականությանը վերաբերվող դրույթները.

3) սահմանվել է Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին (իրավական ակտերի սահմանադրականության հարցով) եւ 4-րդ (Ազգային ժողովի, նրա մարմնի եւ սահմանադրական այլ մարմնի լիազորությունների առնչությամբ առաջացած վեճի լուծման հարցով) մասերով նախատեսված դեպքերում Սահմանադրական դատարան դիմելու կարգը.

4) հանվել են պատգամավորի գործունեության երաշխիքներին վերաբերվող՝ Կանոնակարգի այն դրույթները, որոնք Սահմանադրության 97-րդ հոդվածի համաձայն նախատեսվում է սահմանել առանձին օրենքներով:

Ազգային ժողովի նախագահի եւ նրա տեղակալների լիազորությունների փոփոխություններից են՝

1) Ազգային ժողովի նախագահի այն լիազորությունները, որոնք Կանոնակարգի համաձայն իրականացվում են Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում քննարկվելուց հետո, ինչպես նաեւ մի շարք այլ լիազորություններ, Նախագծով առաջարկվում է վերապահել Ազգային ժողովի խորհրդին: Այդ լիազորություններից են միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերի հաստատումը, բարեկամական խմբերի ստեղծումը, միջխորհրդարանական համաձայնագրերի ստորագրմանը համաձայնություն տալը, Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքի եւ կանոնադրության հաստատումը, Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման, ինչպես նաեւ Ազգային ժողովի նստավայրում մամուլի ասուլիսների, ճեպազրույցների անցկացման կարգերը եւ այլն.

2) հանվել են Ազգային ժողովի նախագահի որոշումների եւ կարգադրություների ընդունման դեպքերին հղումները եւ դրա փոխարեն սահմանվել է, որ իր լիազորություններն իրականացնելիս Ազգային ժողովի նախագահն ընդունում է որոշումներ եւ կարգադրություններ, որոնք երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

Խմբակցություններին առնչվող կարգավորումները ենթարկվել են էական փոփոխությունների, որոնցից են՝

1) սահմանվել է, որ խմբակցությունում ընդգրկվում են միեւնույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով մանդատ ստացած պատգամավորները եւ ըստ այդմ՝ այլ խմբակցությունների, ինչպես նաեւ պատգամավորական խմբերի ստեղծում չի նախատեսվում.

2) փոխվել են կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունների սահմանումները («կառավարող խմբակցություն» տերմինն առաջարկվում է ներկայումս սահմանված՝ «ոչ ընդդիմադիր խմբակցություն» տերմինի փոխարեն), ըստ որի՝ Ազգային ժողովի ընտրության արդյունքով մանդատների ընդհանուր թվի ոչ պակաս, քան 54 տոկոսը ստացած կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ քաղաքական կոալիցիայի անդամ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ստեղծած խմբակցությունները համարվում են կառավարող, իսկ մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ստեղծած խմբակցությունները՝ ընդդիմադիր: Այդպիսով, հաշվի են առնվել Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված՝ կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորումը ընտրական օրենսգրքով երաշխավորելու պահանջը, ինչպես նաեւ ՀՀ ընտրական օրենսգրքի 96-ից 98-րդ հոդվածները, որոնց համաձայն՝ խորհրդարանական մեծամասնությունը մանդատների ընդհանուր թվի ոչ պակաս, քան 54 տոկոսը ստացած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) կամ քաղաքական կոալիցիան է.

3) խմբակցությունների վերոգրյալ սահմանումը գործում է մինչեւ այն պահը, երբ վարչապետը հրաժարական է ներկայացնում կամ վարչապետի պաշտոնը մնում է թափուր: Այդ դեպքում, նոր վարչապետը կարող է ընտրվել խմբակցությունների առաջադրմամբ (Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մաս) կամ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրմամբ (Սահմանդրության 115-րդ հոդվածի 1-ին մաս, 149-րդ հոդվածի 3-րդ մաս): Ուստի, նախատեսվել է, որ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում խմբակցությունը համարվում է կառավարող, եթե՝

ա) խմբակցության կամ նրա մասնակցությամբ քաղաքական կոալիցիայի առաջադրած թեկնածուն ընտրվում է վարչապետ.

բ) նրա ղեկավարը կամ քարտուղարն Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրմամբ ընտրված վարչապետի ներկայացրած Կառավարության ծարգրին կողմ քվեարկելու մասին խմբակցության որոշման վերաբերյալ հայտարարությամբ:

Երկու դեպքում էլ՝ մյուս խմբակցությունները համարվում են ընդդիմադիր:

4) քաղաքական կոալիցիայից դուրս գալու դեպքում խմբակցությունը համարվում է ընդդիմադիր.

5) Սահմանադրությանը եւ Կանոնակարգին համապատասխան սահմանվել են խմբակցության լիազորությունները, մասնավորապես՝ Սահմանադրությամբ նախատեսված որոշակի պաշտոններում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջարկելու համար իրավասու մշտական հանձնաժողովներին թեկնածուներ առաջադրելու իրավունքը վերապահվել է խմբակցություններին,

6) խմբակցությունը կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկել իր անդամին, ընդհուպ՝ խմբակցությունից հեռացնել.

7) սահմանվել է խմբակցության որոշումների ընդունման կարգը, ըստ որի՝ որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած խմբակցության անդամների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է նրա անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

8) սահմանվել են խմբակցության կանոնադրությանը ներկայացվող հիմնական պահանջները:

Մշտական հանձնաժողովների գործունեության առնչվող հիմնական փոփոխություններն են՝

1) Ազգային ժողովի առաջին նստաշրջանում մշտական հանձնաժողովները ստեղծման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացնելու իրավունքը վերապահվել է խմբակցություններին: Եթե ներկայացվում են մեկից ավելի որոշման նախագծեր, ապա դրանք համարվում են այլընտրանքային եւ քննարկվում են Կանոնակարգով՝ այլընտրանքային օրենքների նախագծերի քննարկման համար սահմանված կարգով.

2) մշտական հանձնաժողովներում առնվազն մեկ տեղ ունենալու խմբակցության իրավունքը պահպանվել է, սակայն խմբակցությունն այդ իրավունքից կարող է օգտվել՝ իր անդամների թվին համապատասխանող թվով հանձնաժողովներում: Ուստի, հանվել է Կանոնակարգի այն դրույթը, որի համաձայն նույն պատգամավորը կարող է լինել ոչ ավելի, քան երեք մշտական հանձնաժողովի անդամ.

3) նախատեսվում է, որ հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են նաեւ այն դեպքերում, երբ նա դուրս է գալիս կամ հեռացվում է խմբակցությունից: Խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորը հանձնաժողովում՝ խմբակցությունների կողմից թափուր թողնված տեղում ընդգրկվում է իր գրավոր դիմումով՝ Ազգային ժողովի նախագահի համաձայնությամբ: Ըստ էության, թափուր թողնված է համարվում խմբակցության անդամների թվի համամասնությամբ՝ մշտական հանձնաժողովում որեւէ խմբակցությանը հասանելիք այն տեղը, որտեղ խմբակցությունը անդամ չի առաջարկել.

4) առանձին հոդվածով սահմանվել են մշտական հանձնաժողովների լիազորությունները, որոնցից կարելի է նշել հանձնաժողովում քննարկվող հարցերի ներկայացման ժամկետները փոփոխելը, ընտրվող պաշտոններում՝ Ազգային ժողովին թեկնածու առաջարկելը, խորհրդարանական վերահսկողություն իրականացնելը եւ դրա վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելը.

5) սահմանվել է, որ մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ սահմանված օրերին եւ ժամերին (ներկայումս՝ Ազգային ժողովի որոշմամբ սահմանված ժամանակացույցին համապատասխան).

6) սահմանվել է, որ մշտական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին (ներկայումս՝ նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/4-ը), այսինքն՝ քվորումը բարձրացվել է.

7) սահմանվել է, որ մշտական հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ (ներկայումս՝ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ են քվեարկել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/4-ը).

8) հանվել է յուրաքանչյուր հերթական նստաշրջանում առնվազն մեկ անգամ խորհրդարանական լսումներ կազմակերպելու՝ գործնականում լիարժեք չկիրառվող պահանջը:

Ժամանակավոր հանձնաժողովների գործունեության կանոնակարգումը էական փոփոխությունների է ենթարկվել հաշվի առնելով, որ Սահմանադրության 107-րդ հոդվածով վերացվել է այդ հանձնաժողովների ստեղծման՝ որոշակի հարցերի, իրադարձությունների եւ փաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու հիմքը: Ըստ այդմ՝ ժամանակավոր հանձնաժողովների գործունեությունն առաջարկվում է կանոնակարգել մշտական հանձնաժողովների նման՝ այն բացառությամբ, որ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը մինչեւ վեց ամիս է, որը կարող է մեկ անգամ, մինչեւ վեց ամսով երկարաձգվել հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: Ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումից հետո նրան են անցնում գլխադասային հանձնաժողովի բոլոր իրավասությունները եւ գործառույթները:

Հաշվի առնելով, որ Սահմանադրության 107-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար Ազգային ժողովի որոշմամբ կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ, Նախագծով առաջարկվում է վերացնել, ըստ էության, մշտական հիմունքներով գործող էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը: Ըստ այդմ՝ Նախագծով սահմանված է, որ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը կարող է ստեղծվել խմբակցության առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: Հանձնաժողովի հիմնական լիազորությունները սահմանվում են կանոնակարգով: Կառավարող եւ ընդդիմադիր խմբակցություններն հանձնաժողովում ունենում են հավասար թվով անդամներ: Հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումն իրականացնում է Աշխատակազմի մասնագետը, որը՝ մինչեւ էթիկայի հարցերով հանձնաժողովի ստեղծումը խմբակցություններին ներկայացնում է նախնական եզրակացություններ էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ:

Նախագծով կանոնակարգվել է Սահմանադրության 108-րդ հոդվածով նախատեսված՝ քննիչ հանձնաժողովների գործունեությունը, ըստ որի՝

1) քննիչ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում ստորագրաթերթով.

2) քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչեւ վեց ամիս է, որը կարող է մեկ անգամ, հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ վեց ամսով.

3) սահմանվել են քննիչ հանձնաժողովի կողմից անհրաժեշտ տեղեկություններ ստանալու երաշխիքները: Տեղեկությունները ստանալու նպատակով քննիչ հանձնաժողովը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ պաշտոնատար անձանց հարցումներ, իսկ իրավասու պաշտոնատար անձանց՝ նաեւ հանձնաժողովի նիստերին ներկայանալու եւ բացատրություններ տալու հրավերներ է ուղարկում իր որոշմամբ կամ անդամների առնվազն մեկ քառորդի պահանջով: Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցող պաշտոնատար անձինք պարտավոր են քննիչ հանձնաժողովի որոշմամբ ներկայանալ նրա նիստին եւ տալ բացատրություններ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին: Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցող այլ անձինք իրավունք ունեն հանձնաժողովի նիստում տալ բացատրություններ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին: Նախատեսված է, որ հանձնաժողովի հարցումներով պահանջված տեղեկությունները չտրամադրելը կամ առանց հարգելի պատճառի քննիչ հանձնաժողովի նիստին չներկայանալն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն.

4) սահմանվել են քննիչ հանձնաժողովի գործունեության՝ Սահմանադրությունից եւ օրենքներից բխող սահմանափակումները: Մասնավորապես՝ հանձնաժողովը չի կարող միջամտել դատավորների լիազորությունների իրականացմանը, ինչպես նաեւ փոխարինել քրեական գործով մինչդատական վարույթին, դատաքննությանը կամ արդարադատության իրականացմանը.

5) նախատեսված է, որ քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքում Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը մեկ ամսվա ընթացքում քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում: Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ զեկույցն ուղարկվում է իրավասու անձանց, որոնք պարտավոր են գրավոր պատասխանով ներկայացնել քննիչ հանձնաժողովի եզրահանգումների առնչությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ տեղեկություններ:

Ազգային ժողովի խորհրդի գործունեությանը առնչվող կարգավորումներից կարելի է նշել հետեւյալը՝

22) խորհրդին են վերապահվել մի շարք կարեւոր լիազորություններ, որոնք ուղղված են Ազգային ժողովի գործունեության կազմակերպմանը: Խորհրդի հիմնական լիազորությունն է Ազգային ժողովի հերթական նստաշրջանների եւ նիստերի օրակարգերի նախագծերի հաստատումը: Խորհրդի լիազորություններից են՝ Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականության սահմանումը, Ազգային ժողովի հերթական նիստերի ընթացքում լրացուցիչ նիստ անցկացնելու մասին որոշում ընդունելը եւ այլն.

23) խորհրդի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են Ազգային ժողովի հերթական նիստերի շաբաթվա երկուշաբթի օրը՝ Ազգային ժողովի նախագահի սահմանած ժամին.

24) խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) նրա անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Խորհրդի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ:

3. Ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարմանը եւ անցկացմանը առնչվող հիմնական կարգավորումներից են՝

1) Սահմանադրության 90-րդ հոդվածին համապատասխան փոխվել են Ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման ժամկետները.

2) Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության հիման վրա՝ պաշտոնապես հայտարարվում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը, որը հետագայում՝ պատգամավորների ձայները հաշվելու հիմքն է.

3) հաշվի առնելով, որ Սահմանադրության 107-րդ հոդվածի հիման վրա հնարավոր չէ ստեղծել ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով՝ Նախագծով առաջարկվում է գաղտնի, անվանական քվեարկությունների անցկացումը կազմակերպելու, ինչպես նաեւ Ազգային ժողովի նիստերի էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում՝ պատգամավորների գրանցումը, բաց քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայները հաշվելու գործառույթը վերապահել առաջին նստաշրջանում ստեղծվող հաշվիչ հանձնախմբին, որն իր լիազրությունները պահպանում է մինչեւ Ազգային ժողովի լիազորությունների ավարտը: Հաշվիչ հանձնախմբի կազմը եւ դրանում փոփոխությունները հաստատում է Ազգային ժողովի նախագահը՝ Նախագծով մշտական հանձնաժողովների կազմավորման համար սահմանված դրույթներին համապատասխան, այսինքն՝ հանձնախմբում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:

4. Ազգային ժողովի հերթական նստաշրջանների եւ նիստերի գումարմանն ու անցկացմանը առնչվող հիմնական կարգավորումներից են՝

1) առաջին նստաշրջանի գումարման ժամկետները համապատասխանեցվել են Սահմանադրության 99-րդ հոդվածին.

2) Ազգային ժողովի հերթական նիստերը գումարվում են երեք շաբաթը մեկ անգամ՝ որպես կանոն երեքշաբթիից (ներկայումս՝ երկուշաբթիից) հինգշաբթին.

3) հերթական նիստերի յուրաքանչյուր օրն անցկացվում է չորս հիմնական նիստ (ներկայումս` երեք նիստ): Հերթական նիստերը տեղի են ունենում ժամը 10:00-ից 18:00-ն (ներկայումս՝ ժամը 12:00-ից 18:00-ն): Բացի այդ սահմանվել է, որ հերթական նիստերի յուրաքանչյուր օրվա ընթացքում Ազգային ժողովի կամ Խորհրդի որոշմամբ կարող է անցկացվել մեկ լրացուցիչ նիստ՝ ավելացնելով քննարկվող հարցերի թվաքանակը.

4) Նախագծով նախատեսված է, որ Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագիծն ունենում է 2 պայմանական մաս՝ պարտադիր քննարկման ենթակա հարցերը, ինչպես նաեւ այն հարցերը, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ստացվել է կամ դրա ներկայացման ժամկետը լրացել է: Պարտադիր քննարկման ենթակա հարցերը հերթական նստաշրջանի եւ նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվում են միաժամանակ՝ բացառությամբ խորհրդարանական վերահսկողության վերաբերյալ մշտական հանձնաժողովների եզրակացությունների, ինչպես նաեւ պետական մարմինների զեկույցները, հաղորդումները, եւ հաշվետվությունները, որոնք հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվում են Ազգային ժողովում շրջանառության մեջ դրվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, իսկ մյուս հարցերը հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում են ընդգրկվում գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ստացվելուց կամ եզրակացության ստացման ժամկետը սպառվելուց՝ անմիջապես հետո:

5) հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու նախագիծը կազմված է հետեւյալ բաժիններից՝ առաջին բաժին, որտեղ ներառվում են նախորդ հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված, ինչպես նաեւ պարտադիր քննարկման ենթակա հարցերը, երկրորդ բաժին, որտեղ ներառվում են այն հարցերը, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն, երրորդ բաժին, որտեղ ներառվում են այն հարցերը, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է բացասական եզրակացություն կամ եզրակացություն չի ներկայացրել: Առաջին բաժնի հարցերն օրակարգում ընդգրկվում են առանց քվեարկության, երկրորդ բաժնինը՝ միասնական քվեարկությամբ (չընդունվելու դեպքում՝ առանձին-առանձին քվեարկությամբ), իսկ երրորդ բաժնինը՝ առանձին-առանձին քվեարկությամբ:

6) հերթական նիստերի օրակարգի նախագիծը կազմված է երկու բաժնից՝ առաջին բաժին, որտեղ ներառվում են պարտադիր քննարկման ենթակա, ինչպես նաեւ նախորդ հերթական նիստերում անավարտ մնացած հարցերը, երկրորդ բաժին, որտեղ ներառվում են հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված այլ հարցեր: Հերթական նիստերի օրակարգի նախագծի երկրորդ բաժնում հարցերը ներառվում են հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու օրերի հաջորդականությամբ: Հերթական նիստերի օրակարգի նախագծի երկրորդ բաժնի հարցերի թիվը որոշելիս հաշվի են առնվում Կառավարության, մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների գրավոր առաջարկները, ինչպես նաեւ հերթական նիստերում քննարկման ենթակա հարցերի ծավալը եւ Ազգային ժողովի լրացուցիչ նիստերի անցկացման հնարավորությունը: Առաջին բաժնի հարցերը հերթական նիստերի օրակարգում ընդգրկվում են առանց քվեարկության, իսկ երկրորդ բաժնինը՝ միասնական քվեարկությամբ (չընդունվելու դեպքում՝ առանձին-առանձին քվեարկությամբ).

7) Նախագծով կարգավորվել է հերթական նիստերի ընթացքը, մասնավորապես սահմանվել է, որ օրակարգային հարցի քննարկումն ընդհատվում է՝ հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկման, ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված հարցի քննարկման, պատգամավորների հայտարարությունների համար նախատեսված նիստի, խմբակցությունների հարցապնդումների պատասխանների քննարկման, պատգամավորների հարցերին վարչապետի եւ Կառավարության անդամների պատասխանների համար նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով որոշման նախագծերի քննարկման համար:

5. Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանների եւ նիստերի օրակարգերում՝ հանձնաժողովներում նախապես չքննարկված հարցերի ընդգրկվելը հնարավորինս բացառելու նպատակով սահմանվել է, որ օրենքի նախագիծը կարող է համապատասխան օրակարգում ընդգրկվել, եթե այդ նախագիծը շրջանառության մեջ է, եւ դրա առաջին կամ երկրորդ ընթերցման վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ստացվել է, կամ դրա ներկայացման ժամկետը լրացել է: Միաժամանակ սահմանվել է, որ բացառիկ դեպքերում, վարչապետի կամ խմբակցության հիմնավորված միջնորդությամբ՝ Ազգային ժողովի խորհրդի համաձայնությամբ օրենքի նախագիծը կարող է արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվել՝ առանց գլխադասային հանձնաժողովում նախապես քննարկվելու:

6. Ազգային ժողովի նիստերի անցկացման կարգին առնչվող հիմնական փոփոխություններից են՝

1) իրացվել է Սահմանադրության 101-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է՝ Ազգային ժողովի փակ նիստ կարող է անցկացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կամ Կառավարության առաջարկությամբ.

2) սահմանվել է պատգամավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նոր հիմք՝ քննարկվող հարցից ելույթում շեղվելը, որը առկա է նաեւ Ազգային ժողովի առաջին կանոնակարգում.

3) խմբակցության հիմնավորված միջնորդությամբ Ազգային ժողովի խորհուրդն իրավունք ունի մինչեւ կարգապահական միջոցի կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված պատգամավորի մասնակցությունն Ազգային ժողովի նիստին:

7. Ազգային ժողովի նիստում հարցերի քննարկման ընդհանուր կարգին վերաբերվող հիմնական փոփոխություններից են՝

1) առաջարկվում է հարցեր տալու համար հատկացնել մինչեւ երկուական րոպե (ներկայումս նախատեսված է մինչեւ երեքական րոպե).

2) առաջարկվում է հարցերին պատասխանելու համար հատկացնել մինչեւ հնգական րոպե (ներկայումս պատասխանի ժամկետը սահմանափակված չէ).

3) առաջարկվում է հարցերի պատասխաններին արձագանքելու համար հատկացնել մինչեւ մեկական րոպե (Կանոնակարգով նման ընթացակարգ նախատեսված չէ եւ ըստ էության իրականացվում է նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթով).

4) առաջարկվում է խմբակցությունների ներկայացուցիչների ելույթների համար հատկացնել մինչեւ տասական րոպե (ներկայումս՝ մինչեւ տասներկուական րոպե է)

5) առաջարկվում է խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներից բացի, մյուս ելույթների համար հատկացնել մինչեւ հնգական րոպե (ներկայումս ելույթների համար հատկացվում է մինչեւ տասական րոպե, իսկ եզրափակիչ ելույթների համար՝ մինչեւ տասներկուական րոպե է).

6) սահմանվել է հարցերի քննարկման տեւողությունը սահմանափակելու կարգ, ըստ որի՝ հարցի քննարկման տեւողությունը կարող է Ազգային ժողովի կամ Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ սահմանափակվել 90 րոպեով կամ 3 ժամով: Համապատասխան որոշումն ընդունվում է մինչեւ հարցի քննարկումը սկսվելը: Եթե որեւէ պատգամավոր Ազգային ժողովի նիստի ընթացքում առարկում է հարցի քննարկման տեւողության սահմանափակման վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդի որոշմանը, ապա այդ որոշումը դրվում է քվեարկության: Եթե Ազգային ժողովը չի հաստատում խորհրդի որոշումը, ապա տվյալ հարցը քննարկվում է ընդհանուր կարգով՝ առանց տեւողության սահմանափակման.

7) նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթները բաժանվել են երկու մասի՝ քվեարկությունից առաջ եւ հետո: Սահմանվել են յուրաքանչյուր դեպքում թույլատրվող ելույթները.

8) սահմանվել է անվանական քվեարկության իրականացման կարգը, որը նախատեսված է Սահմանադրության 115-րդ (վարչապետին անվստահություն հայտնելը), 149-րդ (վարչապետի ընտրությունը) եւ 157-րդ (Կառավարության վստահության հարցը) հոդվածներով: Անվանական քվեարկությունը նախատեսվում է անցկացնել յուրաքանչյուր պատգամավորի հայտարարությամբ, որից հետո պատգամավորը համապատասխան նշում է կատարում քվեաթերթիկում եւ հանձնում հաշվիչ հանձնախմբի անդամին.

9) սահմանվել է Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնած պատգամավորների՝ խմբակցության ղեկավարին տրված լիազորագրով քվեարկելու կարգ, ըստ որի՝ լիազորագրերը նիստը նախագահողին են ներկայացվում քվեարկությունից առաջ, իսկ ձայները հաշվարկվում են քվեարկության արդյունքներում:

8. Օրենսդրական գործընթացում կատարված հիմնական փոփոխություններից են՝

1) Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ կանոնակարգվել է ընտրական իրավունք ունեցող առնվազն հիսուն հազար քաղաքացիների կողմից Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ ներկայացնելը: Նախաձեռնությունն իրականացվում է «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ կանոնակարգով օրենսդրական նախաձեռնության համար սահմանված պահանջներին համապատասխան.

2) առանձին հոդվածով սահմանվել են օրենքի նախագծին ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ հիմնական զեկուցողի իրավասությունները.

3) մանրամասն սահմանվել է օրենսդրական նախաձեռնության իրականացման կարգը, մասնավորապես՝ ներկայացվող փաստաթղթերի սպառիչ ցանկը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությունն Ազգային ժողովի նախագահի կողմից վերադարձնելու կարգ, այն դեպքում, երբ դա չի համապատասխանում կանոնակարգի պահանջներին.

4) վերացվել է օրենքների նախագծերի երրորդ ընթերցմամբ քննարկման ընթացկարգը եւ ըստ այդմ՝ առաջարկվում է օրենքների նախագծերը քննարկել միայն երկու ընթերցմամբ: Սահմանադրության փոփոխություններին համապատասխան՝ միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագիծն առաջարկվում է քննարկել մեկ ընթերցմամբ.

5) պահպանվել է հեղինակի կողմից օրենքի նախագիծը մեկ տարով հետաձգելու իրավունքը՝ առաջարկելով այն մեկական անգամ կիրառել նաեւ գլխադասային հանձնաժողովում առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկումների դեպքերում.

6) մանրամասն կանոնակարգվել է առաջին եւ երկրորդ ընթերցման ժամանակ գլխադասային հանձնաժողովում, ինչպես նաեւ Ազգային ժողովում հարցի քննարկման կարգը.

7) գլխադասային հանձնաժողովի նիստում օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ՝ առաջին անգամ նախատեսվել է հանձնաժողովի անդամների առաջարկների քվերակության ընթացակարգ: Մասնավորապես, նախատեսվել է, որ նախագծին կից ներկայացվող ամփոփաթերթում ներառված այն առաջարկները, որոնց հետ հանձնաժողովի անդամները համաձայն չեն՝ դրվում են քվեարկության: Բացի այդ հանձնաժողովի անդամները կարող են հանձնաժողովի նիստում հարցի քննարկման ընթացքում՝ նոր առաջարկներ ներկայացնել, որոնք նույնպես քվեարկվում են: Հանձնաժողովի ընդունած բոլոր առաջարկները պարտադիր ներառվում են նախագծում, բացառությամբ՝ Կառավարության բացառիկ իրավասությանը վերապահված նախագծերի.

8) Սահմանադրության 202-րդ հոդվածին համապատասխան՝ սահմանվել է Սահմանադրության ընդունման եւ փոփոխության կարգը:

9. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացման, քննարկման եւ ընդունման կարգն ըստ էության չի փոխվել: Կատարվել են միայն խմբագրական փոփոխություններ:

10. Սահմանադրությանը համապատասխան սահմանվել են միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին, համաներման մասին, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին, միջհամայնքային միավորումների ստեղծման մասին օրենքների նախագծերի քննարկման հատուկ կարգերը: Ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված հարցի քննարկման կարգը պահպանվել է:

11. Խմբագրվել եւ հստակեցվել է Ազգային ժողովի որոշումների, հայտարությունների եւ ուղերձների նախագծերի ներկայացման եւ քննարկման կարգը, մասնավորապես՝

1) հանվել է Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով որոշումների սպառիչ ցանկը սահմանող հոդվածը: Դրա փոխարեն՝ Նախագծի համապատասխան հոդվածներում սահմանվել են այդպիսի որոշումների նախագծերի կամ այդպիսի որոշման ընդունման վերաբերյալ բանավոր առաջարկների ներկայացման եւ քվեարկության կարգերը: Ազգային ժողովի որոշման նախագծի վերաբերյալ խմբակցությունների ներկայացրած բոլոր առաջարկներն Ազգային ժողովի նիստում դրվում են քվեարկության: Ընդունված առաջարկները պարտադիր ներառվում են նախագծում.

2) Սահմանադրությանը համապատասխան սահմանվել են Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցի, վերպետական միջազգային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցով հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծի, ռազմական դրությունը վերացնելու կամ ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծի, արտակարգ դրությունը վերացնելու կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու Ազգային ժողովի որոշման նախագծի, Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման հարցի, Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազի միջնորդագրի, կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու հարցով Սահամանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծի քննարկման հատուկ կարգերը:

12. Առանձին գլխով սահմանվել է պաշտոններում ընտրելու կարգը, մասնավորապես՝

1) սահմանվել են թեկնածուների հայերենին տիրապետելու, ինչպես նաեւ վերջին վեց կամ վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին վեց կամ վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքների ներկայացման ընդհանուր կարգ՝ ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան.

2) սահմանվել է, որ պաշտոնում թեկնածուների առաջադրման փաստաթղթերը գրանցում, նրանց անձնական գործերը նախապատրաստում եւ Ազգային ժողովի նախագահին, իսկ Կանոնակարգով նախատեսված դեպքերում՝ իրավասու մշտական հանձնաժողովի նախագահին է ներկայացնում Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը.

3) լրամշակվել են Ազգային ժողովի եւ նրա տեղակալների ընտրության կարգերը: Սահմանադրության 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից.

4) մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների՝ Դ՝Հոնդտի բանաձեւի վրա հիմնված ընտրության կարգը պահպանվել է.

5) Սահմանադրությանը համապատասխան սահմանվել են Հանրապետության նախագահի, վարչապետի, Սահմանադրական դատարանի դատավորների, Վճռաբեկ դատարանի նախագահի, Վճռաբեկ դատարանի դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների, գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հաշվեքննիչ պալատի նախագահի եւ մյուս անդամների, Կենտրոնական բանկի նախագահի եւ խորհրդի մյուս անդամների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրության կարգերը.

6) Ազգային ժողովին Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու առաջադրելու, ինչպես նաեւ իրավասու մշտական հանձնաժողովին գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հաշվեքննիչ պալատի նախագահի եւ մյուս անդամների, Կենտրոնական բանկի նախագահի եւ խորհրդի մյուս անդամների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների թեկնածուներ առաջադրելու իրավունքը վերապահվել է խմբակցություններին:

13. Նախագծով կանոնակարգվել են պաշտոնատար անձանց հետ կանչելու, անվստահություն հայտնելու, պաշտոնանկ անելու, լիազորությունների դադարեցման եւ դադարման մասին հարցերը, մասնավորապես սահմանվել է, որ՝

1) Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալի, ինչպես նաեւ հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի լիազորությունները դադարում են նաեւ այն դեպքում, երբ նա դուրս է եկել կամ հեռացվել խմբակցությունից, եթե պաշտոնում ընտրվել է միայն այդ խմբակցության առաջադրմամբ.

2) Ազգային ժողովի նախագահի՝ ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից ընտրված տեղակալի լիազորությունները դադարում են նաեւ այն դեպքում, երբ նրա խմբակցությունը դադարում է համարվել ընդդիմադիր.

3) Ազգային ժողովի նախագահին, նրա տեղակալին, ինչպես նաեւ հանձնաժողովի նախագահին հետ կանչելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունքը վերապահվել է խմբակցություններին.

4) Սահմանադրության 141-րդ հոդվածին համապատասխան՝ սահմանվել է Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու կարգը: Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունքը վերապահվել է խմբակցություններին.

5) Սահմանադրության 115-րդ հոդվածին համապատասխան՝ սահմանվել է վարչապետին անվստահություն հայտնելու կարգը, ըստ որի՝ վարչապետին անվստահություն հայտնելու մասին որոշման ընդունման դեպքում՝ այդ որոշման նախագծով ներկայացված նոր վարչապետի թեկնածուն համարվում է ընտրված.

6) Սահմանադրության 177-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ սահմանվել է գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու կարգը: Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունքը վերապահվել է խմբակցություններին.

7) սահմանվել է Սահմանադրության 195-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի պայմաններից որեւէ մեկը խախտելու դեպքում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի, Սահմանադրության 197-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի պայմաններից որեւէ մեկը խախտելու դեպքում՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի, Սահմանադրության 199-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի պայմաններից որեւէ մեկը խախտելու դեպքում՝ Հաշվեքննիչ պալատի անդամի, Սահմանադրության 201-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի պայմաններից որեւէ մեկը խախտելու դեպքում՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման կարգը: Նախագծով նախատեսվել է, որ Սահմանադրությամբ սահմանված պահանջների խախտման վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն է ներկայացնում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:

14. Նախագծի առանձին բաժնով սահմանվել են խորհրդարանական վերահսկողությանը վերաբերող հարցերի քննարկման ընթացակարգերը, մասնավորապես՝

1) լրամշակվել է Կառավարությանը հարցերով դիմելու կարգը, հաշվի առնելով, որ Սահմանադրության 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կառավարության անդամները պատասխանում են միայն պատգամավորների բանավոր հարցերին (ներկայումս՝ հնչեցվում են նաեւ գրավոր հարցերի պատասխանները).

2) Սահմանադրության 113-րդ հոդվածին համապատասխան՝ կանոնակարգվել է խմբակցությունների գրավոր հարցապնդումների ներկայացման եւ քննարկման կարգը.

3) առանձին հոդվածով սահմանվել է մշտական հանձնաժողովների կողմից խորհրդարանական վերահսկողության իրականացման կարգը, ըստ որի՝ խորհրդարանական վերահսկողության արդյունքում հանձնաժողովը ներկայացնում է եզրակացություն, որը քննարկվում է Ազգային ժողովի նիստում: Եզրակացությունը կարող է Ազգային ժողովի որոշմամբ ուղարկվել իրավասու պաշտոնատար անձանց, որոնք եզրակացության վերաբերյալ իրենց գրավոր պատասխաներն Ազգային ժողովի նախագահին են ուղարկում սահմանված ժամկետում: Պատասխանը պետք է ներառի եզրակացությունում նշված առաջարկների կատարման ուղղությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ տեղեկություններ: Եզրակացությունը եւ դրա վերաբերյալ պատասխանը տեղադրվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում.

4) Սահմանադրության 114-րդ հոդվածին համապատասխան՝ սահմանվել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումների անցկացման կարգը, որով առաջարկվում է հերթական նիստերի յուրաքանչյուր երկուշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում անցկացնել մեկ քննարկում: Քննարկման արդյունքով՝ հիմնական զեկուցողը կարող է առաջարկել ընդունել Ազգային ժողովի ուղերձ կամ հայտարարություն, որն առանց քննարկման՝ դրվում է քվեարկության.

5) առանձին գլխով սահմանվել են պետական մարմինների զեկույցների, հաղորդումների եւ հաշվետվությունների քննարկման կարգերը, մասնավորապես՝ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի, պետական գույքի մասնավորեցման ընթացիկ տարվա ծրագրի կատարման մասին հաշվետվության, գլխավոր դատախազի հաղորդման, Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման, Հաշվեքննիչ պալատի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման, Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունների, Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդոման, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդման, Տեղեկատվության ազատության վիճակի մասին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաղորդման ներկայացման ժամկետները եւ քննարկման կարգերը:

15. Պատգամավորների լիազորությունների դադարման եւ դադարեցման կարգերը համապատասխանեցվել են Սահմանադրության 98-րդ հոդվածի պահանջներին: Մասնավորապես՝

1) Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ սահմանվել է մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունների դադարեցման կարգը: Ազգային ժողովի նախագահի կողմից պատգամավորի բացակայությունը հարգելի համարելու վերաբերյալ դրույթները հանվել են: Դրա փոխարեն սահմանվել է նոր հիմք՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված՝ հարգելի պատճառով պատգամավորի բացակայելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Աշխատակազմի ղեկավարին ներկայացվում է համապատասխան փաստաթուղթ: Սահմանվել են եւս երկու նոր հիմք՝ 1) պատգամավորը զբաղեցնում է իր կարգավիճակով պայմանավորված պաշտոն եւ բացակայությունը պայմանավորված է իր պաշտոնական պարտականությունների կատարմամբ, 2) պատգամավորը զրկվել է Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա գտնվելու իրավունքից: Եթե պատգամավորի բացակայության հարցի քննարկումը սկսվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Ազգային ժողովի խորհուրդը պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում չի ընդունում, ապա միայն այդ դեպքում է, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը կարող է ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան.

2) Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ սահմանվել է Սահմանադրության 95-րդ հոդվածի պայմանները խախտելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով՝ Ազգային ժողովի խորհրդի կողմից Սահմանադրական դատարան դիմելու կարգը: Նախատեսվել է, որ Սահմանադրության 95-րդ հոդվածի պայմանները խախտելու վերաբերյալ եզրակացությունն Ազգային ժողով է ներկայացնում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հարցերով հանձնաժողովը կամ՝ հարցը խորհրդում քննարկվում է, եթե առկա է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ դատավճիռ կամ վարչական ակտ: Այստեղ նույնպես սահմանվել է, որ եթե պատգամավորի բացակայության հարցի քննարկումը սկսվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Ազգային ժողովի խորհուրդը պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում չի ընդունում, ապա միայն այդ դեպքում է, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը կարող է ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան:

16. Ազգային ժողովի եւ նրա մարմինների գործունեության ապահովման գլխով ամրագրվող հիմնական փոփոխություններն են՝

1) առաջին անգամ կարգավորվել է Ազգային ժողովի բյուջեի նախագծի մշակման ընթացակարգը, ըստ որի՝ Ազգային ժողովի բյուջետային հայտը Կառավարության կողմից անփոփոխ ընդգրկվում է պետական բյուջեի մասին օրենքի նախագծում, Ազգային ժողովի բյուջետային միջոցները տնօրինում է Ազգային ժողովի նախագահը: Անհրաժեշտության դեպքում Ազգային ժողովի նախագահը կարող է կատարել պետական բյուջեի մասին օրենքով սահմանված` Ազգային ժողովի հատկացումների ընդհանուր գումարի 30 տոկոս չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ:

2) սահմանվել է, որ մշտական հանձնաժողովների փորձագետների թիվը կարող է օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացվել հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ.

3) նախատեսվում է, որ քննիչ հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումն իրականացնում են քննիչ հանձնաժողովի անդամների վճարովի հիմունքներով աշխատող օգնականները եւ (կամ) Աշխատակազմի համապատասխան մասնագետները:

Փորձագետների աշխատանքային խմբին (բյուջետային գրասենյակի) վերաբերվող երկու հավելվածները հանվել են: Դրա փոխարեն առաջարկվում է գրասենյակի գործունեությունը կարգավորել առանձին գլխով, որտեղ սահմանվում են նրա հիմնական լիազորությունները եւ գործառույթները, իսկ մյուս կարգերը՝ սահմանվում են Ազգային ժողովի խորհրդի կամ նախագահի կողմից:

Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է, որ Նախագծով առաջարկվող կարգավորումներն արդյունավետորեն կնպաստեն նոր Սահմանադրության կենսագործմանը, խորհրդարանական համակարգի անցմանը եւ Ազգային ժողովի գործունեության բարելավմանը: