Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-11211-16.11.2016-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թ. հոկտեմբերի 4-ին ընդունված Հարկային օրեսգրքի Անցումային մասի 445 հոդվածում՝

ա) առաջին մասի 4)-րդ կետում «մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ» բառերը փոխարինել «մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ» բառերով:

բ) առաջին մասին 5)-րդ կետում «մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ» բառերը փոխարինել «մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ» բառերով:   
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհարաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի հետագա զարգացման, ՏՏ ոլորտում նոր ընկերությունների ստեղծման, դրանց գործունեության խթանման, եւ նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով:

Վերոնշյալ նախագծերով առաջարկվում է ՏՏ ոլորտին մի շարք արտոնություններ նախատեսող հավաստագրի տրամադրման ժամկետների երկարացում, քանզի ներկայումս գործող ժամկետները բավարար չեն ՏՏ ոլորտում սկսնակ ընկերությունների առաջացման եւ զարգացման համար: Մասնավորապես, արտոնությունները ենթադրում են օրենքով սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունների համար շահութահարկի 0% դրույքաչափի, ինչպես նաեւ եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառում` անկախ ամսական հարկվող եկամտի չափից (անհատ ձեռնարկատերերի համար` եկամտային հարկի O% դրույքաչափի կիրառում):

Նշյալ արտոնություններով հավաստագրերի տրամադրման ժամկետների երկարացումն էապես կնպաստի ՏՏ ոլորտում սկսնակ ընկերությունների ձեւավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, տարածաշրջանում Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակության, Հայաստանի տնտեսության աճին, մրցունակության բարձրացմանը, գիտելիքահեն տնտեսության ձեւավորմանը, տեղական ընկերությունների արտադրանքի եւ ծառայությունների արտահանմանը ու Հայաստանի` որպես ՏՀՏ եւ բարձր տեխնոլոգիաներ ունեցող երկրի վարկանիշի բարձրացմանը:

Նշենք, որ հետազոտություններն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՏՏ ոլորտում մրցունակության առումով Հայաստանն արդեն զգալիորեն սկսել է զիջել տարածաշրջանի երկրներին, որոնք նշանակալի արտոնություններ են տրամադրում ոլորտին:

ՏՏ ոլորտում առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ ենք համարում արտոնություններ տրամադրող հավաստագրերի համար դիմումների ներկայացման եւ հավաստագրերի գործունեության ժամկետների երկարացումը, քանզի դա կարող է լինել պետություն-մասնավոր հատված համագործակցության հեռանկարային ծրագիր եւ նպաստել տեխնոլոգիական-կրթական համակարգի արդիականացմանը, ոլորտում բարձրակարգ կադրերի պատրաստմանը, նորարարական գաղափարների խթանմանը, վենչուրային ֆինանսավորմանը, ներդրումների ներգրավմանը, սկսնակ ընկերությունների ձեւավորմանն ու աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսության բոլոր բնագավառներում ՏՏ նորարարական լուծումների ներդրման եւ օգտագործման մակարդակի բարձրացմանը: Ի վերջո ՏՏ ոլորտի գլխավոր կապիտալը մարդկային ռեսուրսներն են, որոնք ապահովում են մտավոր սեփականության ձեւավորումն ու հավելյալ արժեքի ստեղծումը, իսկ ՏՏ ոլորտի մարդկային ռեսուրսներում ներդրումներն, ըստ էության, հանդիսանում են կապիտալ ներդրումներ` ուղղված հավելյալ արժեքի ձեւավորմանը: Նշյալ արտոնություններն ու դրանց կիրառման ժամկետների երկարացումը կնպաստի ՀՀ-ի համար այդքան թանկարժեք մարդկային կապիտալի պահպանմանն ու հավելյալ արժեք ապահովող աշխատատեղերի ստեղծմանը:

Օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի ֆինանսական մուտքերի նվազեցում չի նախատեսվում, քանի որ ներկայացված նախագծերով հարկային արտոնությունների ժամկետների երկարացում է նախատեսվում միայն ՏՏ ոլորտի հավաստագրված սկսնակ տնտեսվարող սուբյեկտների համար: Հավաստագրված սկսնակ ընկերությունները կվճարեն 10% եկամտային հարկ, ինչը կնպաստի ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացմանը: Նշված արտոնությունների տրամադրումը կարեւոր խթան կհանդիսանա նաեւ ստվերում գործող ՏՏ ոլորտի սուբյեկտների գրանցման եւ իրավական դաշտում գործելու համար:

Նկատենք, որ 2000 թվականին ՏՏ ոլորտը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ճանաչվել է որպես Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը: 2001 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության ինֆորմացիոն (տեղեկատվական) տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման հայեցակարգը, 2008 թվականին` ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգը, 2010 թվականին` Հայաստանում էլեկտրոնային հասարակության ձեւավորման հայեցակարգը: Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի ՆՀ-896 հրամանագրով ստեղծվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ, որի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է: Իսկ 2014-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունեվել է ՏՏ ոլորտի սկսնակ կազմակերպություններին արտոնություններ նախատեսող հավաստագրերի  տրամադրման մասին օրենքների փաթեթը: Իսկ ՀՀ կառավարության ծրագրում նշված են ՏՀՏ ոլորտի զարգացմանը նպաստող եւ ներդրումները խթանող քայլերի հաջորդականությունը:

Վերոնշյալ նախագծերի փաթեթի ընդունումը կապահովի ՏՏ ոլորտի զարգացմանն աջակցող ծրագրերի շարունակականությունը եւ կնպաստի դաշտի հետագա զարգացմանը: