Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1122-17.11.2016-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎԻՃԱԿՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ հասարակական լայն արձագանքը, ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման կարեւոր նշանակությունը, միաժամանակ, ներդրված պարտադիր վճարի կատարման արդյունքում ձեւավորված ֆոնդի արդյունավետ եւ նպատակային ծախսման համար բավարար վստահություն ձեւավորելու անհրաժեշտությունը, որը անմիջականորեն կապված է նախկինում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պետական բյուջեից տրամադրված միջոցների հնարավոր յուրացման, վատնման, այլ չարաշահումների եւ կոռուպցիոն դրսեւորումների հետ եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 73-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածներով,

ՈՐՈՇՈՒՄ Է .

1. ստեղծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձեւավորման աղբյուրները եւ գույքային վիճակը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով):

1.1 Սույն որոշման մեջ «բարձրաստիճան պաշտոնատար անձ» եւ «բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձ» հասկացություններն օգտագործվում են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով եւ դրանց տրված բովանդակությամբ:

2.Հանձնաժողովի խնդիրներն են, ուսումնասիրել՝

2.1.բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների ձեւավորման աղբյուրները, ինչպես նաեւ նրանց գույքային վիճակը

2.2.բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների, դրամական միջոցների եւ գույքի աղբյուրների օրինականությունը,

2.3. բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց գույքի ձեռքբերման եւ եկամուտների, դրամական միջոցների եւ գույքի ձեւավորման հետ կապված հնարավոր կոռուպցիոն երեւույթները։

3. Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելիս՝

3.1. հարցումներով դիմում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, որոնք ողջամիտ ժամկետներում, բայց ոչ ուշ քան հարցումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում, տրամադրում են անհրաժեշտ տեղեկատվությունը,

3.2. Հանձնաժողովի որոշմամբ հրավիրում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պաշտոնատար անձանց, հանրային ծառայողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների՝ Հանձնաժողովում քննարկվող հարցերի վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ եւ տեղեկատվություն ստանալու նպատակով,

3.2.1.Բարձրաստիճան պաշտոնատար անձանցից պարզաբանումներ եւ տեղեկատվություն ստանալու գործընթացը կարող է տեսանկարահանվել,

3.3. իր աշխատանքներում ներգրավում է համապատասխան մասնագետների եւ փորձագետների,

3.4. բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձեւավորման աղբյուրների մասին իր գրավոր եզրակացությունը ներկայացնում է համապատասխան իրավասու մարմիններին:

4. Հանձնաժողովը իր աշխատանքներն իրականացնում է երեք փուլով եւ ընտրանքային մեխանիզմով, ինչը ենթադրում է որոշակի ռիսկերի հաշվառմամբ կոնկրետ պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների եւ դրանց առաջացման աղբյուրների ուսումնասիրություն (ընտրանքային մեխանիզմը չի վերաբերում Հանրապետության նախագահներին եւ նրանց հետ փոխկապակցված անձանց, որոնց եկամուտները եւ դրանց առաջացման աղբյուրները ենթակա են ավերապահ ուսումնասիրության).

4.1.1-ին փուլում սույն որոշման 3-րդ կետով նախատեսված ուսումնասիրությունները իրականացվում են 2008 թվականի հունվարի 1-ից հետո եւ պաշտոնավարող եւ պաշտոնավարած բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի ու եկամուտների մասով։ 1-ին փուլը պետք է ավարտվի մինչեւ 2017 թվականի ապրիլի 2-ը։

4.2. 2-րդ փուլում սույն որոշման 3-րդ կետով նախատեսված ուսումնասիրությունները իրականացվում են 1998 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը պաշտոնավարող բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի ու եկամուտների մասով։ 2-րդ փուլը պետք է ավարտվի մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը։

4.3. 3-րդ սույն որոշման 3-րդ կետով նախատեսված ուսումնասիրությունները իրականացվում են 1991 թվականի հոկտեմբերի 1-ից եւ մինչեւ 1998 թվականի հունվարի 1-ը պաշտոնավարող բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի ու եկամուտների մասով։ 2-րդ փուլը պետք է ավարտվի մինչեւ 2017 թվականի նոյեմբերի 1-ը։

4.4. Յուրաքանչյուր փուլի ավարտման օրը հրապարակվում է Հանձնաժողովի գրավոր եզրակացություն։

5.  Հանձնաժողովը կազմված է յոթ անդամից: Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունն ունի Հանձնաժողովի կազմում 2, իսկ մնացած խմբակցությունները՝ մեկական ներկայացուցիչ ներկայացնելու իրավունք: Հանձնաժողովն իր կազմից, ձայների պարզ մեծամասնությամբ, ընտրում է նախագահ:

6.  Հանձնաժողովի փորձագետներին եւ մասնագետների կազմը պետք է բաղկացած լինի ոչ պակաս քան յոթ եւ ոչ ավել քան 13 անդամից։ Փորձագետներին եւ մասնագետներին նշանակում են Հանձնաժողովի ընդդիմադիր խմբակցությունները ներկայացնող անդամները։

6. Խմբակցությունները Հանձնաժողովի կազմում իրենց անդամներին ներկայացնում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է այդ ժամկետը լրանալու օրվան հաջորդող առաջին երկուշաբթի օրը՝ ժամը 11:00-ին:

7. Ազգային ժողովի աշխատակազմը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համար սահմանված կարգով ապահովում է Հանձնաժողովի գործունեության համար անհրաժեշտ պայմաններ:

8. Հանձնաժողովը իր ամփոփիչ գրավոր եզրակացությունը Ազգային ժողովի նիստում ներկայացնում է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 5-ը: Եզրակացության վերաբերյալ դիտողություններ եւ առարկություններ ունեցող Հանձնաժողովի անդամները կարող են ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է Հանձնաժողովի եզրակացությանը:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։