ՀՈԴՎԱԾ 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետում «ծառայություն» բառից հետո լրացնել «, որը ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություններում սովորողների համար ներառում է նաեւ ինտերնատուրայում ուսումնառության ժամկետը» բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սույն մասում նշված պայմանագրում ներառման պարտադիր պայման են սույն օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված համապատասխան ժամկետներում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորության, ինչպես նաեւ այդ ժամկետի ընթացքում պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարելու դեպքում պարտավորության չկատարման համար սույն օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ծագող իրավական հետեւանքի նախատեսումը:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին կետում «զինծառայողներին» բառից հետո լրացնել «, ընդ որում, ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություն ավարտած զինծառայողին «լեյտենանտ» զինվորական կոչում շնորհվում է ինտերնատուրա ավարտելուց հետո»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 51-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սույն հոդվածի 4-րդ մասում սահմանված ժամկետներում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն ունեցող պայմանագրային զինծառայողների համար` սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 10-րդ եւ 11-րդ կետերում սահմանված հիմքերով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս, ծագում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունն անպատշաճ կատարելու համար իրավական հետեւանք՝ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության յուրաքանչյուր լրիվ չծառայած տարվա դիմաց՝ 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով տուժանքի ձեւով: Սույն մասով սահմանված պայմանները ներառվում են նաեւ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագրում:».
2) 4-րդ մասում «ուսման հետ կապված ծախսերը ենթակա են փոխհատուցման» բառերը փոխարինել «պարտավորությունն անպատշաճ կատարելու համար իրավական հետեւանքը կիրառվում է կառավարության սահմանած կարգով`» բառերով:
ՀՈԴՎԱԾ 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման
1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություններ ավարտած եւ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն ունեցող զինծառայողների սկզբնական սպայական կոչման շնորհման գործընթացը, ինչպես նաեւ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց կողմից պայմանագրային պարտավորության խախտման արդյունքում ծագող իրավական հետեւանքները հստակեցնելու անհրաժեշտությամբ:
2.Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Գործող օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում տարանջատված չէ համապատասխան մասնագիտությամբ ռազմաուսումնական հաստատություններ ավարտող զինծառայողներին սկզբնական սպայական կոչման շնորհման կարգը, որի պարագայում ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություն ավարտող զինծառայողին եւս շնորհվում է սպայական կոչում, սակայն ի տարբերություն այլ մասնագիտություն ունեցող անձանց, բժիշկ սպային հնարավոր չի լինում անմիջապես նշանակել ստացած մասնագիտությանը համապատասխանող պաշտոնի, քանի որ ՀՀ կառավարության 1994թ. հուլիսի 19-ի N 330 որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի պահանջների համաձայն` ընդհանուր մասնագետ բժշկի համապատասխան պաշտոնում ինքնուրույն աշխատելու իրավունք ունենալու համար բժշկական կրթություն ունեցող անձը պետք է պարտադիր ավարտի ինտերնատուրան: Նշված պարագայում ստացվում է իրավիճակ, երբ զինծառայողը ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատությունն ավարտելուց հետո օրենքի ուժով ստանալով սպայական կոչում` հրաժարվում է ինտերնատուրա ընդունվելուց կամ ինտերնատուրայում սովորելու ընթացքում հրաժարվում է ուսումնառությունից, ինչի արդյունքում հնարավոր չի լինում նշված անձին նշանակելու իր ստացած բժշկական կրթությանը համապատասխանող սպայական պաշտոնի: Բացի այդ, նշված իրավական բացը օգտագործվում է նաեւ ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություն ավարտած որոշ զինծառայողների կողմից` զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակվելու համար:
Մյուս խնդիրը կապված է ռազմաուսումանական հաստատություն ավարտած եւ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում մինչեւ պայմանագրի ժամկետը լրանալը զինվորական ծառայությունից արձակվելու համար դիմող զինծառայողների հետ: Գործող օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն նշված զինծառայողները փոխհատուցում են ուսման հետ կապված ծապսերը` ՀՀ կառավարության 2010թ. ապրիլի 8-ի N 393-Ն որոշմամբ սահմանված կարգով: Ուսման ծախսերի հաշվարկման մեջ ներառվում են` զինծառայողին տրված դրամական բավարարումը, սննդի փոխհատուցումը, հանդերձանքի ծախսը, մեկ սովորողի հաշվով հաստատության կատարած ծախսերը, իսկ ակադեմիական կրթության դեպքում` նաեւ ուսումնական հաստատությունում վճարովի համակարգի համար սահմանված տարեկան վարձավճարը, ուսումնառության ընթացքում զինծառայողի եւ նրան ուղեկցող ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային եւ ուղեբեռի տեղափոխման, օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության, ինչպես նաեւ զինծառայողի անձնագիրն օտարերկրյա պետությունում վավերականության համար կատարված ծախսերը: Նշված ծախսերի հաշվարկման ընթացակարգը զինծառայողների մոտ գրեթե ամբողջությամբ առաջացնում է անհամաձայնություն եւ ներկայումս ՀՀ պաշտպանության նախարարությունը ներգրավված է բազմաթիվ դատական գործերում` ուսման ծախսերի վերահաշվարկման հայցերով:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Իրականացվող քաղաքականությունն ուղղված է իրավական կարգավորումների հստակ սահմանմանը, զինվորական ծառայության կազմակերպման եւ իրականացման գործընթացում պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարման ապահովմանը:
4.Կարգավորման նպատակը եւ բնույթը
Օրենքի նախագծով նախատեսվում է ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություններում սովորող զինծառայողների համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետում ներառել նաեւ ինտերնատուրայում ուսումնառության ժամկետը եւ նրանց սկզբնական սպայական կոչում շնորհել ինտերնատուրան ավարտելուց հետո, ինչպես նաեւ ուսման ծախսերի փոխհատուցման ինստիտուտը փոխարինել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածով սահմանված պարտավորությունն անպատշաճ կատարելու համար տուժանքի ինստիտուտով:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունումը կապահովի իրավական կարգավորումների հստակեցմանը, ինչպես նաեւ պարտավորությունների չկատարման դիմաց թափանցիկ, չափելի եւ արդյունավետ մեխանիզմների կիրառման ներդրումը:
7.
Այլ տեղեկություններ չկան:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություններում սովորող զինծառայողների համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետում ներառել նաեւ ինտերնատուրայում ուսումնառության ժամկետը եւ նրանց սկզբնական սպայական կոչում շնորհել ինտերնատուրան ավարտելուց հետո:Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություններում սովորող զինծառայողների համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետում ներառել նաեւ ինտերնատուրայում ուսումնառության ժամկետը եւ նրանց սկզբնական սպայական կոչում շնորհել ինտերնատուրան ավարտելուց հետո:
Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվում է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
Եզրակացություն
«Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագիծը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում
«Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային
բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
«Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել դրական, իսկ ՀՀ պետական բյուջեի ծախսերի, համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
«Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման
1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:
Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: