Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1123-22.11.2016-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետում «ծառայություն» բառից հետո լրացնել «, որը ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություններում սովորողների համար ներառում է նաեւ ինտերնատուրայում ուսումնառության ժամկետը» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն մասում նշված պայմանագրում ներառման պարտադիր պայման են սույն օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված համապատասխան ժամկետներում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորության, ինչպես նաեւ այդ ժամկետի ընթացքում պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարելու դեպքում պարտավորության չկատարման համար սույն օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ծագող իրավական հետեւանքի նախատեսումը:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին կետում «զինծառայողներին» բառից հետո լրացնել «, ընդ որում, ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություն ավարտած զինծառայողին «լեյտենանտ» զինվորական կոչում շնորհվում է ինտերնատուրա ավարտելուց հետո»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 51-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի 4-րդ մասում սահմանված ժամկետներում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն ունեցող պայմանագրային զինծառայողների համար` սույն հոդվածի 1-ին մասի1-ին, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 10-րդ եւ 11-րդ կետերում սահմանված հիմքերով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս, ծագում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունն անպատշաճ կատարելու համար իրավական հետեւանք՝ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության յուրաքանչյուր լրիվ չծառայած տարվա դիմաց՝ 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով տուժանքի ձեւով: Սույն մասով սահմանված պայմանները ներառվում են նաեւ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագրում:».

2) 4-րդ մասում «ուսման հետ կապված ծախսերը ենթակա են փոխհատուցման» բառերը փոխարինել «պարտավորությունն անպատշաճ կատարելու համար իրավական հետեւանքը կիրառվում է կառավարության սահմանած կարգով`» բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: