Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1126-30.11.2016-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 310.1-րդ հոդվածով`

«Հոդված 310.1. Ապօրինի հարստանալը

1. Ապօրինի հարստանալը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի գույքի ավելացումը եւ (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, եւ որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, եւ եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

2. Սույն հոդվածում էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):»:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Կոռուպցիայի դեմ պայքարը վաղուց արդեն դուրս է եկել ազգային, ներպետական կարգավորման շրջանակներից եւ դարձել միջազգային հանրության հոգածության առարկա:

Կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորագույն գործիք է հանդիսանում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 2003 թվականի հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում ընդունված Կոռուպցիայի դեմ կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա)։ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Կոնվենցիան դեռեւս 2005 թվականի մայիսի 19-ին եւ վավերացրել 2007 թվականի մարտի 8-ին։

Համաձայն Կոնվենցիայի 1-ին հոդվածի` Կոնվենցիայի նպատակներն են.

ա) կոռուպցիան կանխարգելելուն եւ դրա դեմ ավելի արդյունավետ եւ ներգործուն պայքարելուն ուղղված միջոցների խրախուսումը եւ ուժեղացումը.

բ) կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարում, այդ թվում՝ արժեքների վերադարձման ուղղությամբ միջազգային համագործակցության եւ տեխնիկական օգնության խրախուսումը, դյուրացումը եւ օժանդակումը.

գ) պետական գործերի եւ պետական սեփականության ազնիվ, պատասխանատու եւ պատշաճ կառավարման խրախուսումը:

Նշյալ նպատակներին հասնելու համար էլ, ի թիվս այլ կարգավորումների, Կոնվենցիայի 20-րդ հոդվածն ամրագրում է. «Իր սահմանադրությունը եւ իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքները պահպանելու պայմանով` յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի այնպիսի օրենսդրական եւ այլ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ որպես քրեական իրավախախտում ճանաչվի անօրինական հարստացման արարքը, երբ դա կատարվում է դիտավորությամբ, այսինքն՝ պաշտոնատար անձի ակտիվների նշանակալից ավելացումը, որը գերազանցում է նրա օրինական եկամուտները, եւ որը նա չի կարող խելամտորեն հիմնավորել։»:

Խնդրո առարկայի վերաբերյալ հարկ ենք համարում անդրադառնալ նաեւ միջազգային առաջադեմ փորձի ուսումնասիրությանը:

Այսպես, Ուկրաինայի Հանրապետությունը Կոնվենցիային միացել է 2003 թվականի դեկտեմբերի 11-ին եւ վավերացրել 2009 թվականի դեկտեմբերի 2-ին։ Որպես արդյունք՝ Ուկրաինայի Հանրապետության քրեական օրենսգրքում նախատեսվել է հետեւյալ բովանդակությամբ 368.2-րդ հոդվածը.

«Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի լիազորություններ իրականացնելու իրավասություն ունեցող անձի կողմից որպես սեփականություն էական չափով ակտիվների ձեռք բերումը, որոնց օրինական հիմքերը չեն հաստատվել ապացույցներով, ինչպես նաեւ նրանց կողմից այդպիսի ակտիվների փոխանցումն այլ անձի`

պատժվում է մինչեւ երկու տարի ժամկետով ազատազրկմամբ` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկմամբ` մինչեւ 3 տարի ժամկետով գույքի բռնագրավմամբ։

Նույն արարքը, որը կատարվել է պատասխանատու դիրք զբաղեցնող պաշտոնատար անձի կողմից պատժվում է ազատազրկմամբ 2-7 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկմամբ մինչեւ 7 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը հատուկ պատասխանատվության պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձի կողմից կատարելու դեպքում պատժվում է ազատազրկմամբ 5-10 տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկմամբ մինչեւ 3 տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ:»:

Մոլդովայի Հանրապետությունը Կոնվենցիային միացել է 2004 թվականի սեպտեմբերի 28-ին եւ վավերացրել 2007 թվականի հոկտեմբերի 1-ին։ Որպես արդյունք՝ Մոլդովայի Հանրապետության քրեական օրենսգրքում 2013 թվականին 330.2-րդ հոդվածի ներքո ամրագրվել է ապօրինի հարստացման հանցակազմը.

«1. Պաշտոնատար կամ հանրային անձի կողմից անձամբ կամ երրորդ անձի կողմից սեփականություն ունենալը, որի արժեքը էականորեն գերազանցում է իր եկամուտները եւ որի վերաբերյալ ապացույցներով հաստատվել է, որ այդ չէր կարող ձեռք բերվել օրինական ճանապարհով՝

պատժվում է տուգանքով՝ 6000-ից 8000 պայմանական միավորի չափով, կամ ազատազրկում` 3-ից 7 տարի ժամկետով, երկու դեպքում էլ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկմում 10-ից 15 տարի ժամկետով։

2. Նույն արարքը, որը կատարվել է պատասխանատու պաշտոնատար անձի կողմից`

պատժվում է տուգանքով` 8000-ից 10000 պայմանական միավորի չափով կամ ազատազրկմամբ` 7-ից 15 տարի ժամկետով` երկու դեպքում էլ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկմամբ:»:

Լիտվայի Հանրապետությունը ստորագրել է Կոնվենցիան 2003 թվականի դեկտեմբերի 10-ին եւ վավերացրել 2006 թվականի դեկտեմբերի 21-ին։ Լիտվայի Հանրապետության քրեական օրենսգրքում 2010 թվականի դեկտեմբերի 2-ին կատարված լրացման արդյունքում` ամրագրվել է ապօրինի հարստացման հանցակազմը 189.1-րդ հոդվածի ներքո: Նշյալ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ, ով տիրապետում է ավելի քան 500 MSL ակտիվների, իմանալով կամ երբ նա կարող էր կամ պետք է իմանար, որ ակտիվները չեն կարող ձեռք բերվել օրինական եկամտով, պատժվում է տուգանքով կամ կալանքով կամ ազատազրկմամբ մինչեւ 4 տարի ժամկետով։

Հատկանշական է այն հանգամանքը, որ Լիտվայի Հանրապետության քրեական օրենսգրքում նախատեսված ապօրինի հարստացման հանցակազմը պարունակում է նաեւ խրախուսական նորմ։ Մասնավորապես՝ եթե անձը տեղեկացնում է իրավապահ մարմիններին ապօրինի հարստացման մասին (մինչեւ վերջիններիս մոտ կասկածի առաջացումը) եւ աջակցում հանցագործության բացահայտմանը, ապա այդ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։

Սլովակիայի Հանրապետությունը Կոնվենցիան ստորագրել է 2003 թվականի դեկտեմբերի 9-ին եւ վավերացրել 2006 թվականի հունիսի 1-ին։ Սլովակիայում ապօրինի հարստացումը չի համարվում քրեական հանցանք, սակայն որոշակի կարգավորում ունի քաղաքացիաիրավական հարթությունում՝ 2010թ.-ի «Գույքի ծագման ապացուցման մասին» օրենքով սահմանված կարգով: Օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ գույքի ապօրինի ձեռքբերման մասին կասկածներ ունենալու դեպքում պետք է հաղորդում ներկայացվի Ֆինանսական ոստիկանություն (կամ «Ֆինանսական հետաքննությունների բաժին»): Հաղորդում ներկայացնելու իրավունք ուի. ա) պետական մարմինը, եթե ունի «հիմնավորված կասկած առ այն, որ անձի ունեցվածքը գոյացել է ապօրինի եկամտից», բ) ցանկացած ֆիզիկական եւ իրավաբանական անձ, որն ունի «ողջամիտ կասկածներ այն մասին, որ անձի ունեցվածքը գոյացել է ապօրինի եկամտից»: Անանուն հաղորդումները չեն ընդունվում:

Հատկանշական է, որ ապօրինի հարստացման սուբյեկտը ոչ միայն պաշտոնատար անձինք են, այլ առհասարակ 1-ին հոդվածի համաձայն` ցանկացած «ֆիզիկական կամ իրավաբանական անձինքն»-, որոնց պատկանող ունեցվածքը կարող է ենթարկվել բռնագրավման: Ապօրինի հարստացումը համարվում է առերեւույթ ապացուցված այն դեպքում, երբ ձեռք բերված գույքի արժեքը օրինական եկամտին գերազանցում է առնվազն նվազագույն աշխատավարձի 1500-ապատիկով (480 900 եվրոյին համարժեք):

Արգենտինայի Հանրապետությունը Կոնվենցիան ստորագրել է 2003 թվականի դեկտեմբերի 10-ին եւ վավերացրել 2006 թվականի օգոստոսի 28-ին։ Արգենտինայում ապօրինի հարստացումը որպես հանցակազմ քրեական օրենսգրքում ինկորպորացվել է դեռեւս 1964 թվականին: Նշյալ հանցակազմի դիսպոզիցիայից պարզ է դառնում, որ հանցակազմի հատկանիշների բացակայության ապացուցման բեռը կրում է այդ հոդվածի հասցեատերը։ Իսկ, որպես ապօրինի հարստացման սանկցիա Արգենտինայի օրենսդիրը նախատեսել է 2-ից մինչեւ 6 տարի ժամկետով ազատազրկում, հարստացման արժեքի 50-ից մինչեւ 100 տոկոսի չափով տուգանք կամ զբաղեցրած պաշտոնից կամ աշխատանքից հեռացում կամ ցմահ որակազրկում: Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ Արգենտինայի քրեական օրենքի համաձայն` միեւնույն սանկցիան կիրառելի է նաեւ այն անձի նկատմամբ, ով կպարտակի ապօրինի հարստացումը։

Պերուի Հանրապետությունը Կոնվենցիան ստորագրվել է 2003 թվականի դեկտեմբերի 10-ին եւ վավերացվել 2004 թվականի նոյեմբերի 16-ին։

Ըստ Պերուի քրեական օրենքի` յուրաքանչյուր պաշտոնատար անձ կամ հանրային ծառայող, ով իր գործառույթների իրականացման ընթացքում ապօրինի ավելացնում է իր ակտիվները օրինական վաստակից ավելին եւ չի կարողանում ողջամտորեն հիմնավորել  վերոնշյալ ավելացումը, պետք է պատժվի ոչ պակաս քան 5, ոչ ավել քան 10 տարի ժամկետով ազատազրկմամբ եւ պաշտոն զբաղեցնելու մշտական արգելքով:

Ավստրալիայի Միությունը Կոնվենցիան ստորագրվել է 2003 թվականի դեկտեմբերի 9-ին եւ վավերացվել 2005 թվականի դեկտեմբերի 7-ին։ Ավստրալիայում ապօրինի հարստացումը զետեղվել է «անհիմն հարստություն» եզրաբանության ներքո: 2010 թվականի «Հանցագործություններից ստացված եկամուտների մասին» դաշնային օրենքով կատարվեց լրացում, համաձայն որի` անհիմն հարստացումը դիտվեց որպես հանցանք:

Անհիմն հարստացումը սահմանված է որպես անձի հարստության ընդհանուր արժեքի եւ իր օրինական ճանապարհով ձեռք բերված եկամտի տարբերություն:

Հարկ է նշել, որ Ավստրալիայի օրենսդրությամբ հանցանքի սուբյեկտներ ոչ թե պետական պաշտոնյաները, այլ` յուրաքանչյուր անձ:

Հատկանշական է այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում եւս առկա են նախադրյալներ ապօրինի հարստացման հանցակազմն ամրագրելու ուղղությամբ: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի նախագծում նախատեսվել է ապօրինի հարստացման հանցակազմը հետեւյալ բովանդակությամբ.

«1. Ապօրինի հարստանալը՝ պաշտոնատար անձի եկամտի կամ գույքի չափի էական աճը կամ պաշտոնատար անձի կողմից էական ծախսերի կատարումը, որը չի հիմնավորվում նրա իրավաչափ եկամտով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանքը, որը կատարվել է բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:»:

Ելնելով վերոգրյալից՝ պետք է փաստել, որ ապօրինի հարստացման քրեականացմանն ուղղված ջանքերն արդարացված են:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները եւ միջազգային առաջադեմ փորձի ուսումնասիրությունները՝ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում նախատեսել ապօրինի հարստացման հանցակազմը:

Այսպես, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում նախատեսվող` ապօրինի հարստանալը հանցակազմի վերլուծությունը հանգում է հետեւյալին.

1. Ապօրինի հասրտանալը հանցակազմի գործողությունը տարածվում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց վրա: Այսինքն` հանցակազմի սուբյեկտ են դիտարկվում բարձրաստիճան պաշտոնատար անձը եւ նրա հետ փոխկապակցված անձը (բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողը, ինչպես նաեւ համատեղ ապրող չափահաս եւ չամուսնացած զավակը): Հարկ է նշել, որ հանցակազմի սուբյեկտների նման շրջանակի նախատեսումը պայմանավորված է նաեւ միջազգային փորձի ուսումնասիրությամբ (Լիտվա, Ռումինիա, Արգենտինա, Սլովակիա (քաղաքացիաիրավական հարթությունում), Ավստրալիա):

Վերոգրյալ մոտեցումը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի տրամաբանական շարունակությունն է, քանի որ օրենքը, որպես ռիսկային խումբ, թիրախավորում է բարձրաստիճան պաշտոնատար անձին եւ նրա հետ փոխկապակցված անձանց:

2. Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում (Ուկրաինա, Մոլդովա, Մակեդոնիա, Ռումինիա, Սլովակիա եւ այլն) առաջարկվում է խնդրո առարկա հանցակազմի սանկցիայում որպես հիմնական պատժատեսակ նախատեսել ազատազրկումը, իսկ որպես լրացուցիչ` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը եւ գույքի բռնագրավումը: Մասնավորապես` ելնելով նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի` պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների սանկցիաների ընդհանուր տրամաբանությունից` առաջարկվում է սահմանել ազատազրկում` երեքից վեց տարի ժամկետով: Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը պատժատեսակը, օրինակ` Ուկրաինայում, Մոլդովայում, Արգենտինայում, նախատեսված է տասից տասնհինգ տարի ժամկետով, սակայն, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի ամրագրումը, սույն պատժատեսակը նախատեսվել է առավելագույնը երեք տարի ժամկետով:

3.Օրենսդրորեն թվարկվել են ապօրինի հարստացման հիմնական դրսեւորումները` այդպիսով ապահովելով իրավական որոշակիության սկզբունքը: Այսպես, ապօրինի հարստացման դրսեւորումներն են'

1) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գույքի եւ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող  անձի գույքի ավելացումը եւ (կամ)

2) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, եւ որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով:

4. Քննարկվող հանցակազմում էական չափը հստակեցնելու համար սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացվող 310.1-րդ հոդվածում էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը): Շեմի սահմանումը անհրաժեշտ է նաեւ այն տեսանկյունից, որ, դե մինիմիս նոն կուրատ պրաետոր (de minimis non curat praetor) սկզբունքի համաձայն (օրենքը մանրուքներով չի զբաղվում), չափազանց փոքր անհամապատասխանությունները չպետք է հետապնդվեն:

Նախագծով առաջարկվող` ապօրինի հարստացման քրեականացման շեմի, այն է` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը), նախատեսումը պայմանավորված է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության միջինացված տարբերակի ընտրությամբ: Հաշվարկի հիմքում դրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ նախարարության ոլորտում ծրագրեր իրականացնող գրասենյակի բաժնի պետի գործակիցները, հաշվարկվել է նշյալ պաշտոնների համար տրվող աշխատավարձերի միջին թվաբանականը` նախատեսելով դա 6 ամսվա համար:

Անդրադառնալով նաեւ անմեղության կանխավարկածի սկզբունքին` հարկ է նշել հետեւյալը.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով (2015 թվականի դեկտեմբերի 6) անմեղության կանխավարկածը նախատեսող սահմանադրական դրույթը կրել է էական փոփոխություններ: Մասնավորապես, նախկին սահմանադրական դրույթը նախատեսում էր, որ. «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի (Հոդված 21):  2015 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում Սահմանադրության 66-րդ հոդվածն ամրագրում է անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ նշելով, որ «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Այս համատեքստում քննարկելով ապացուցման բեռի բաշխման հնարավորությունը` տեղին է մատնանշել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Փամ Հոանգն ընդդեմ Ֆրանսիայի գործով վճիռը (տե'ս Case of Pham Hoang v. France, գանգատ թիվ 13191/87, 1992 թվականի սեպտեմբերի 25-ի վճիռ): Մասնավորապես` նշյալ գործով կասկածյալը ձերբակալվել էր Ֆրանսիայի սահմանին` թմրամիջոց տեղափոխելիս: Ֆրանսիական օրենսդրությունը սահմանում է, որ արգելված ապրանքներ տեղափոխելը, որոնց շարքի մեջ է մտնում նաեւ հերոինը, համարվում է անօրինական, եթե այդ ապրանքը տեղափոխող անձը չի ապացուցում հակառակը, օրինակ` ներկայացնում է արդարացնող բավարար ապացույցներ կամ ապացուցում, որ գործողությունը կատարվել է ծայրահեղ անհրաժեշտության վիճակում կամ սխալի հետեւանք է, որից խուսափելն անհնար էր: Նշյալ գործում պաշտպանության կողմը չի ներկայացրել արդարացնող ապացույցներ, իսկ մեղադրյալը հրաժարվել է տալ որեւէ բացատրություն: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննելով դիմողի բողոքը, ընդունել է, որ անթույլատրելի ոչինչ չկա այն ենթադրությունում, թե անձը, որը տիրապետում է ընդհանուր առմամբ արգելված որեւէ բանի, պարտավոր է բացատրել այդ փաստը, հակառակ դեպքում նա կճանաչվի մեղավոր:

Վերոգրյալից բխում է, որ հանցակազմի ապացուցման բեռի բաշխումը չի հակասում անմեղության կանխավարկածի սահմանադրական սկզբունքին:

Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կողմից կապահովվի Կոնվենցիայի 20-րդ հոդվածով նախատեսված առաջադրանք-պարտականության կատարումը: Այսինքն` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում կամրագրվի կոռուպցիայի դեմ պայքարում կարեւորագույն գործիք հանդիսացող ապօրինի հարստացման հանցակազմը:
 


ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: 
 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

1. «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագծի բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է կատարել մի շարք փոփոխություններ, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններից, մասնավորապես` առաջարկվում է ամրագրել դրույթ` ապօրինի հարստացման հանցակազմի վերաբերյալ, ինչպես նաեւ կարգավորվում է անմեղության կանխավարկածը նախատեսող դրույթը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքներն` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: 

ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓՈՔՐ եւ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է սահմանել «ապօրինի հարստանալ» հասկացությունը եւ դրա քրեականացման իրավական հիմքերը:

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:
 


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
 


ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

ՀՀ օրենքի վերոնշված նախագիծն ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների եկամուտների, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում, իսկ ՀՀ պետական բյուջեի մուտքերի մասով` այլ հավասար պայմաններում կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացմանը, որի չափը հնարավոր չէ որոշել բռնագրավվելիք գույքի վերաբերյալ տվյալների անկանխատեսելիության պայմաններում: