Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1127-06.12.2016-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. ա) կազմակերպությունը ունի առնվազն 2 աշխատող աուդիտորներ, որոնք այլ գործատուի մոտ չեն աշխատում` բացառությամբ գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական բնույթի աշխատանքների:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

Մինչ 2011 թվականի մայիսի 26-ը «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 26-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը սահմանված էր հետեւյալ կերպ. «... ա) աշխատողներից առնվազն երկուսն աուդիտոր են, եւ նրանցից մեկը կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարն է...»: 2011 թվականի մայիսի 26-ից հետուստ «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով վերը նշված դրույթը լրացվեց եւ շարադրվեց նոր խմբագրությամբ, այն է. «... ա) կազմակերպությունն ունի առնվազն 5 աշխատող աուդիտորներ, որոնցից առնվազն 3-ը այլ գործատուի մոտ չեն աշխատում` բացառությամբ գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական բնույթի աշխատանքների...»: 2014 թվականի մայիսի 20-ից «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ նույն օրենքի 24-րդ հոդվածից հանվեց խոշոր կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի պարտադիր պահանջը, ինչի հետեւանքով գործող աուդիտորական ընկերությունների պատվիրատուների թիվը զգալիորեն նվազեց: Աուդիտորական ընկերությունների պատվերների ծավալի օբյեկտիվ նվազման հետեւանքով՝ վերջիններիս 5 աշխատող աուդիտորներ ունենալու հանգամանքը չհիմնավորված լրացուցիչ ծախս է առաջացնում: Ընկերությունները ստիպված են աշխատավարձի դիմաց զբաղեցնել աուդիտորին, որն իրապես պարապուրդի մեջ է աշխատանքային ծանրաբեռնվածություն չունի, սրանով իրականում գնելով լիցենզիան, ոչ թե աուդիտորի մասնագիտական որակներին համապատասխան ծառայությունը:

Հարեւան Վրաստանի փորձը ցույց է տալիս, որ մեկ աշխատող աուդիտորով ընկերությունը կարող է գործել, իսկ ծավալների ավելացման պարագայում լրացուցիչ աուդիտորներ ընդունել՝ ընդլայնելով աշխատանքային թիմը:

Հաշվի առնելով վերոգրյալը եւ Հայաստանի Հանրապետության ներկայիս տնտեսական վիճակը գտնում ենք, որ սույն փոփոխությունը հնարավորություն կտա աուդիտորական  ընկերությունների գործունեության շարունակականությունն ապահովել, եւ հետեւաբար նպատակահարմար ենք համարում  օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը շարադրել նոր խմբագրությամբ եւ հինգ աշխատող աուդիտորների  փոխարեն սահմանել երկու աշխատող աուդիտորներ: