Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-1120-15.11.2016,12.12.2016-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 29-րդ հոդվածում`

1. 1-ին մասի 2-րդ կետում «ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված ընտանիքի անդամների (այդ թվում` վարձու աշխատող համարվող)՝» բառերը փոխարինել «բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատիրոջ`» բառերով.

2. 2-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8) սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 3-րդ կետի «դ», «զ» ենթակետերով սահմանված կարգով հաշվարկված ժամանակահատվածները».

3. 5-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մաս.

«6. Սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված զինվորական ծառայության ժամանակահատվածները աշխատանքային ստաժում հաշվառվում են անկախ պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա լինելու եւ սոցիալական վճար կատարելու հանգամանքից:»:

Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «տարեկան նվազագույն» բառերը, իսկ «Տվյալ տարվա ընթացքում սահմանված» բառերը փոխարինել «Սահմանված» բառով:

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը «հաստատող փաստաթուղթը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի» բառերով:

Հոդված 4. Օրենքի 33-հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունը «նշանակելու» բառից հետո լրացնել «, առաջին խմբի հաշմանդամին եւ հոգեբուժական հաստատությունում բուժվող անձին կենսաթոշակ նշանակելու կարգը» բառերով, իսկ 3-րդ մասի 2-րդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած։

Հոդված 5. Օրենքի 35-հոդվածի 6-րդ մասում «նախորդ տարվա ընթացքում» բառերը փոխարինել «վերջին անգամ» բառերով։

Հոդված 6. Օրենքի 36-հոդվածում.

1. 4-րդ մասի առաջին նախադասությունում «գումարը» բառը փոխարինել «գումարը (այդ թվում՝ դիմելու ամսվա կենսաթոշակի գումարը)» բառերով.

2. 5-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մաս.

«6. Կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նրա, իսկ կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը` սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց դիմումի հիման վրա, անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում: Այդ ժամկետում չվճարված կենսաթոշակի գումարը չվճարելու դեպքում այն վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է դիմելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:»:

Հոդված 7. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է նաեւ, եթե կենսաթոշակի գործում հայտնաբերվել է կեղծ (ոչ հավաստի) փաստաթուղթ, ինչի արդյունքում նվազում է կենսաթոշակի չափը կամ կենսաթոշակի գործում հայտնաբերվել է լրացուցիչ փաստաթուղթ (տեղեկատվություն), ինչի արդյունքում ավելանում է կենսաթոշակի չափը: Այս դեպքում, սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարները հաշվարկվում են այն օրվանից, երբվանից կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթի հիման վրա հաշվարկվել (վերահաշվարկվել) է կենսաթոշակի չափը՝ հաշվի առնելով սույն օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասը: Պակաս վճարված կենսաթոշակի գումարը հաշվարկվում է այն օրվանից, երբվանից լրացուցիչ փաստաթուղթը (տեղեկատվությունը) ներկայացվել է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում (ներառվել է կենսաթոշակի գործում)՝ հաշվի առնելով սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը:»:

Հոդված 8. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասում «անձին» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ կալանավորված անձին» բառերը:

Հոդված 9. Օրենքի 41-րդ հոդվածում.

1. 2-րդ մասի 3-րդ կետի 2-րդ պարբերությունը «2-րդ» բառից հետո լրացնել «, 2.1-ին, 2.2-րդ» բառերով, իսկ 4-րդ մասի 1-ին կետը «կենսաթոշակառուի դեպքում» բառերից հետո լրացնել «(եթե կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում)» բառերով.

2. 4-րդ մասի 3-րդ կետը «ընթացքում» բառից հետո լրացնել «կամ սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով դիմելու (անհրաժեշտ փաստաթղթերը եւ տեղեկատվությունն ստացվելու) ամսին հաջորդող ամսվա 1-ից » բառերով.

3. 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Ուսումնական հաստատությունում սովորող անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու եւ կենսաթոշակ վճարելը վերսկսելու առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 10. Օրենքի 43-րդ հոդվածում.

1. 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Կենսաթոշակից կատարվող պահումների ընդհանուր գումարը պետք է չգերազանցի կենսաթոշակի 30 տոկոսը: Կենսաթոշակից կատարվող պահումների չափը համամասնորեն փոխվում է կենսաթոշակի չափը փոխվելու դեպքում:

4. Սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարները, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման հետ փոխհամաձայնեցված ժամանակացույցի հիման վրա կարող են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնվել նաեւ.

1) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման այն աշխատակցի կողմից, ում մեղքով (գործողությունների կամ անգործության արդյունքում) վճարվել են ավել վճարված կենսաթոշակի գումարները,

2) կենսաթոշակառուի, նրա օրինական ներկայացուցչի, նրանց փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձի կամ այլ անձի կողմից:

5. Սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին ավել վճարված կենսաթոշակի գումարները սույն հոդվածի 4-րդ մասի հիման վրա կարող են հետ գանձվել, եթե առկա է անձի գրավոր դիմումը (համաձայնությունը) այդ մասին: Գրավոր դիմումի (համաձայնության) հիման վրա ժամանակացույց կազմելու կարգը սահմանում է լիազոր մարմինը:

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ եւ 7-րդ մասեր.

«6. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում եւ 4-րդ մասում նշված դեպքերի, սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին ավել վճարված կենսաթոշակի գումարները բռնագանձվում են դատական կարգով` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնի ներկայացրած հայցի հիման վրա:»:

7. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 4-րդ եւ 6-րդ մասերի հիման վրա հետ գանձվում (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնվում, բռնագանձվում) են այն գումարները, որոնք սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին են վճարվել սխալը (խախտումը) հայտնաբերելու օրվան նախորդող 3 տարվա (36 ամսվա) ընթացքում:»:

Հոդված 11. Օրենքը 43-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 43.1-ին հոդվածով.

«Հոդված 43.1. Կենսաթոշակառուին սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) վճարված կենսաթոշակի գումարների չափը հաշվարկելը

1. Կենսաթոշակ ստանալու իրավունքը սույն օրենքով սահմանված կարգով չդադարեցնելու հետեւանքով սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարների չափը հաշվարկելիս, եթե կենսաթոշակառուն նույն ժամանակահատվածում ունի պետական բյուջեից ֆինանսավորվող այլ կենսաթոշակի իրավունք, ապա համարվում է, որ կենսաթոշակառուն ներկայացրել է այլ կենսաթոշակ նշանակելու դիմում այն օրը (բայց ոչ շուտ, քան այլ կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրը), երբվանից կենսաթոշակ ստանալու իրավունքը պետք է դադարեցվեր: Այս դեպքում, կենսաթոշակ նշանակելու դիմում ներկայացնելու օրվանից մինչեւ կենսաթոշակ ստանալու իրավունքը փաստացի դադարեցնելու օրն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված այլ կենսաթոշակի գումար համարվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված կենսաթոշակի գումար եւ հաշվանցվում է ավել վճարված կենսաթոշակի գումարներից:»:

Հոդված 12. Օրենքի 55-րդ հոդվածը 4-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերով.

«5. Կենսաթոշակառուին (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին) սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարների չափում չեն հաշվարկվում այն գումարները, որոնք վճարվել են մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ը, բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակի գումարը վճարվել է.

1) կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար, կամ

2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հետեւանքով, որը հաստատված է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով:

6. 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցվում է սույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ը սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնելու նպատակով կատարվող պահումները։

7. Մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ը սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված եւ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի վերականգնված գումարները չեն վերադարձվում:»:

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ին:


Հիմնավորում

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման մասին

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի նպատակը իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումն է:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի՝ կենսաթոշակից պահումներ կարող են կատարվել`

1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների հիման վրա, սակայն նշանակված կենսաթոշակի 30 տոկոսից ոչ ավելի.

2) սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, ինչպես նաեւ կենսաթոշակառուի` Օրենքի 50-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելու հետեւանքով կամ սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) նրան ավել վճարված գումարները հետ գանձելու մասին կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշման եւ կենսաթոշակառուի գրավոր համաձայնության հիման վրա, սակայն նշանակված կենսաթոշակի 15 տոկոսից ոչ ավելի, եթե ավել վճարված կենսաթոշակի գումարի չափը չի գերազանցում որոշումը կայացնելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի կրկնապատիկը:

Կենսաթոշակառուի համաձայնության բացակայության դեպքում, ինչպես նաեւ այն դեպքում, երբ ավել վճարված կենսաթոշակի գումարի չափը գերազանցում է վերը նշված չափը, ավել վճարված կենսաթոշակի գումարները բռնագանձվում են դատական կարգով` լիազոր մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայացրած հայցի հիման վրա:

Ըստ էության, օրենսդիրը վարչական կարգով ավել վճարված կենսաթոշակի գումարը ՀՀ պետական բյուջե վերականգնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար սահմանել է հետեւյալ պայմանների միաժամանակյա առկայությունը.

1) ավել վճարված կենսաթոշակի գումարի չափը չի գերազանցում որոշումը կայացնելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի կրկնապատիկը,

2) առկա է կենսաթոշակառուի համաձայնությունը (այսինքն՝ ակնհայտ է, որ կենսաթոշակառուն ընդունել է իր մեղքը):

Հարկ է նկատի ունենալ, որ վերը նշված իրավակարգավորումները տրվել են 2012 թվականի մարտին, հաշվի առնելով նախորդ վճարումների վերաբերյալ տեղեկատվության ոչ հավաստի լինելը, եւ նպատակ ունեին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի դրույթներին համահունչ բացառել ոչ հավաստի տեղեկատվություն հիման վրա սխալ որոշումներ կայացնելու հավանականությունը եւ սահմանափակել հայեցողական լիազորությունները (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի համաձայն՝ որպես անհիմն հարստացում ենթակա չեն վերադարձման քաղաքացու մոտ անբարեխղճության բացակայության դեպքում, նրան` որպես գոյության միջոց տրված կենսաթոշակները):

Այսօր վերոնշյալ սահմանափակումը երբեմն արգելակում է ավել վճարված կենսաթոշակի գումարը վարչական կարգով ՀՀ պետական բյուջե վերականգնելու գործընթացի արդյունավետությունը:

Մասնավորապես, գործնականում առկա են դեպքեր, երբ կենսաթոշակառուն ընդունել է իր մեղքը եւ պատրաստ է պարբերական վճարումների միջոցով ՀՀ պետական բյուջե վերականգնել կենսաթոշակի ավել վճարված գումարը, սակայն ավել վճարված կենսաթոշակի գումարի չափը գերազանցում է հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի կրկնապատիկը:

Բազմաթիվ են դեպքերը, երբ դատաքննության ընթացքում կնքվում է հաշտության համաձայնագիր, քանի որ պատասխանողը ընդունում է իր մեղքը եւ պարտավորվում է փոխհամաձայնեցված ժամկետներում (պարբերական վճարումներ կատարելու միջոցով) ՀՀ պետական բյուջե վերկանգնել ավել վճարված գումարները:

Սակայն օրենսդրորեն կարգավորված չեն կենսաթոշակառուի կամ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման այն աշխատակցի կամ այլ անձի եւ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման միջեւ գրավոր համաձայնություն կնքելու (ավել վճարված գումարները վերականգնելու ժամանակացույց կազմելու) հետ կապված հարաբերությունները:

Մյուս կողմից, վերջին տարիներին էապես բարձրացել է կենսաթոշակային ապահովության համակարգի տեղեկատվական ենթակառուցվածքների գործունեության արդյունավետությունը, ինչը պայմանավորված է լիազոր մարմնի կարողությունների հզորացմամբ եւ պետական կառավարման այլ մարմիններից ստացվող տեղեկատվության ծավալների ընդլայնմամբ (ԲՊՌ, ՍԷԿՏ, Անձնավորված հաշվառում եւ այլն):

Մասնավորապես, 2015 թվականի ընթացքում տեղեկատվության հավաստիության եւ որակի ճշտման, համադրումներ իրականացնելու եւ այլ վերլուծությունների արդյունքում հայտնաբերվել է 240.6 մլն դրամ ավել վճարում:

Ընդ որում, վերը նշված չափը ներառում է ավել վճարված ամբողջ գումարը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենսաթոշակային օրենսդրությամբ հայցային վաղեմության ժամկետներ սահմանված չեն, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ հայցային վաղեմության ժամկետների վերաբերյալ դրույթների կիրառման իրավասությունը դատարանինն է:

Իսկ ավել վճարված կենսաթոշակի գումարների բովանդակային վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ խնդրո առարկա գումարները, երբեմն վճարվել են քաղաքացու մոտ անբարեխղճության բացակայությամբ:

Բազմաթիվ են դեպքերը, երբ ավելի շատ գործ ունենք օրենքի չիմացության, քան՝ միտումնավոր գործունեության հետ:

Առկա են նաեւ դեպքեր, երբ անձը, բարեխիղճ վարքագիծ դրսեւորելով, կարող էր ամբողջությամբ ստանալ իրեն հասանելիք գումարը, սակայն դրսեւորում է անբարեխիղճ վարքագիծ, որի արդյունքում հայտնաբերվում է կենսաթոշակի ավել վճարված գումար:

Հարկ է նկատի ունենալ, որ օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների ծավալը, ժամանակին ոչ լիարժեք իրավակարգավորումները եւ առկա տեղեկատվությունը, որպես կանոն, հնարավոր չեն դարձնում պարզել մեղավոր անձին:

Հանդիպում են նաեւ դեպքեր, երբ ոչ իրավաչափ վճարումները կատարվել են համապատասխան ընթացակարգերի բացակայության եւ ոչ լիարժեք տեղեկատվության հետեւանքով:

Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ օրենսդրական կոշտ լուծումները, անկախ վերը նշված հանգամանքներից, պարտադրում են ներկայացնել դատական հայցեր, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ այդ գումարները որպես կանոն վճարվել են սոցիալապես խոցելի խավերին, եւ դատարանի վճռի հիման վրա նրանցից ցանկացած գումարի բռնագանձում կարող է էական ազդեցություն ունենալ նրանց սոցիալական վիճակի վրա:

Վերլուծությունը ցույց է տալիս, որ ցածր է նաեւ այդ գումարների վերադարձելիության մակարդակը:

Մասնավորապես, 2015 թվականին հայտնաբերված 240.6 մլն դրամ ավել վճարված գումարից վերականգնվել է շուրջ 19.5 մլն դրամը:

Միաժամանակ, 2015 թվականին Ծառայության կողմից ներկայացվել է 316 հայցադիմում՝ 98 101 793 ՀՀ դրամ հայցագնով: Ներկայացված հայցադիմումներից հօգուտ Ծառայության կայացվել է 113 վճիռ` 29 038 774 ՀՀ դրամ գումարով: 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ դատական կարգով բռնագանձվել է (վերականգնվել է ՀՀ պետական բյուջե) 8 204 183 ՀՀ դրամ:

Այնինչ գործընթացի վրա ծախսվող ռեսուրսները անհամենատ ավելի շատ են:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում եւ կանոնակարգել կենսաթոշակի ավել վճարված գումարները հետ գանձելու հետ կապված առանձին խնդիրներ:

3. Առկա խնդիրներին առաջադրվող լուծումները

Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ.

1) ավել վճարված կենսաթոշակի գումարները կարող են հետ գանձվել նաեւ կամ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման այն աշխատակցի կամ այլ անձի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման եւ կենսաթոշակառուի միջեւ փոխհամաձայնեցված մարման ժամանակացույցի հիման վրա,

2) հետ են գանձվում (բռնագանձվում) այն գումարները, որոնք սխալմամբ (ՀՀ օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին են վճարվել սխալը (խախտումը) հայտնաբերելու օրվան նախորդող 3 տարվա (36 ամսվա) ընթացքում:

Միաժամանակ, առաջարկվում է կարգավորել կենսաթոշակի ավել վճարված գումարները հաշվարկելու հետ կապված առանձին իրավահարաբերություններ:

Մասնավորապես, կենսաթոշակը անկախիկ եղանակով ստացող կենսաթոշակառուին բանկ ներկայանալու պարտականությունը չկատարելու հետեւանքով ավել վճարված գումարը հաշվարկելիս համարել, որ բանկ ներկայանալու պարտականությունը կատարված է, եթե անձը գտնվել է Հայաստանի Հանրապետությունում:

Սահմանահատում իրականացնելու դեպքում պարտականությունը համարվում է կատարված Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու օրը, իսկ օրենքով սահմանված կենսաթոշակ վճարելը վերսկսելու (բանկ ներկայանալու), կամ կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կամ չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու դիմում ներկայացնելու օր՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրը:

Այսինքն՝ համարվում է, որ եթե անձը տեղեկացված լիներ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների մասին, ապա կդրսեւորեր համապատասխան վարքագիծ:

Արդյունքում՝ բոլոր այն դեպքերում, երբ անձը, իրավաչափ վարքագիծ դրսեւորելով, կարող էր ամբողջությամբ ստանալ իրեն հասանելիք գումարը, կենսաթոշակի ավել վճարված գումար չի հաշվարկվի (բոլոր այն դեպքերում, երբ անձը գտնվել է Հայաստանի Հանրապետությունում, նրա պարտականությունները բովանդակային առումով կհամարվեն կատարված):

Միաժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ խնդրո առարկա գումարները վճարվել են համակարգային լուծումների բացակայության եւ տեղեկատվության ցածր որակի հետեւանքով:

Հաշվի առնելով վերը նշվածը եւ խնդրի սոցիալական էությունը՝ առաջարկվում է մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը ավել վճարված կենսաթոշակների գումարների մասով առաջացած պարտավորությունները զիջել բացառությամբ այն դեպքի, երբ.

1) կենսաթոշակի գումարը վճարվել է կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար, կամ

2) կենսաթոշակի գումարը վճարվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հետեւանքով, որը հաստատված է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով:

Նախագծով առաջարկվում է կանոնակարգել նաեւ քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորված անձի կենսաթոշակի իրավունքի իրացման կարգը, այն սահմանելու իրավասությամբ օժտելով ՀՀ կառավարությունը:

Իրավակիրառ պրակտիկայում ծագած մեկ այլ խնդիր լուծելու նպատակով նախագծով առաջարկվում է վերանայել կենսաթոշակը վերահաշվարկելու հիմքերը, դրանցում ավելացնելով կենսաթոշակառուի ներկայացրած փաստաթղթերում կամ այլ մարմիններից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված տվյալներում կենսաթոշակի չափը փոփոխելուն հանգեցնող տեղեկությունների հայտնաբերման դեպքը:

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ:


Տեղեկանք

Օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Օրենքի նախագծի ընդունումն այլ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնի:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի ավելացման կամ եկամուտների նվազեցման վերաբերյալ

Օրենքի նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի ավելացումներ կամ եկամուտների էական նվազեցումներ չեն նախատեսվում:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված կոռուպցիոն գործոն չի պարունակում:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) կատարվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` նախատեսվում է սահմանել, որ ավել վճարված կենսաթոշակի գումարները կարող են հետ գանձվել նաեւ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման եւ կենսաթոշակառուի միջեւ փոխհամաձայնեցված մարման ժամանակացույցի հիման վրա, ընդ որում այդ գումարները կարող են հետ գանձվել սխալը հայտնաբերելու օրվան նախորդող 3 տարվա ընթացքում ստացած գումարի չափից ոչ ավելի: Առաջարկվում է նաեւ առանձին սոցիալական խմբերին ավել վճարված կենսաթոշակների գումարների մասով առաջացած պարտավորությունները զիջել, այդ խմբերն են` ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ՀՀ-ում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները, ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ՀՀ-ում ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք, մահացած կերակրողի 18 տարին չլրացած երեխան, մահացած կերակրողի երեխային խնամող անձը, 75 տարին լրացած կենսաթոշակառուները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է կանոնակարգել կենսաթոշակի ավել վճարված գումարները հաշվարկելու, ինչպես նաեւ հետ գանձելու հետ կապված իրավահարաբերությունները, մասնավորապես` առաջարկվում է զիջել առանձին սոցիալական խմբերին ավել վճարված կենսաթոշակների գումարների մասով առաջացած պարտավորությունները, սահմանել, որ ավել վճարված կենսաթոշակի գումարները կարող են հետ գանձվել նաեւ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման եւ կենսաթոշակառուի միջեւ փոխհամաձայնեցված մարման ժամանակացույցի հիման վրա եւ այլն:

Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:

Եզրակացություն

««Պետական կենսաթոշակների մասին? Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

««Պետական կենսաթոշակների մասին? Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը ՀՀ պետական եւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների, ինչպես նաեւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

Միաժամանակ հարկ է նշել, որ Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 10-րդ հոդվածով սահմանվող դրույթների ընդունումը կհանգեցնի կենսաթոշակառուներին սխալ վճարված կենսաթոշակների գումարների հետ գանձումից (բռնագանձումից) ՀՀ պետական բյուջե ստացվող մուտքերի նվազմանը, որի չափը որոշել հնարավոր չէ: