Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1137-21.12.2016-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածը՝

1. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1. մասով՝

«1.1. Հավաստագրման համար կարող են դիմել հետեւյալ տնտեսավարող սուբյեկտները՝

1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած առեւտրային կազմակերպությունները, բացառությամբ տնտեսական ընկերակցություններից, դուստր ընկերություններից, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերից եւ ներկայացուցչություններից,

2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերը:»,

2. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Հավաստագրման համար դիմող տնտեսավարող սուբյեկտները պետք է բավարարեն հետեւյալ պահանջներին՝

1) ստեղծվել են բացառապես սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնելու նպատակով,

2) չեն ստեղծվել այլ տնտեսավարող սուբյեկտի վերակազմակերպման արդյունքում,

3) բաժնետերերից (մասնակիցներից) որեւէ մեկը չի հանդիսանում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լուծարված ընկերության բաժնետեր կամ մասնակից, կամ գործունեությունը դադարեցրած (պետական հաշվառումից հանված) անհատ ձեռնարկատեր,

4) բաժնետերերից (մասնակիցներից) որեւէ մեկը կամ հավաստագրման համար դիմած անհատ ձեռնարկատերը չի հանդիսանում սնանկության ընթացքում գտնվող այլ տնտեսավարող սուբյեկտի բաժնետեր կամ մասնակից,

5) աշխատողների թիվը չի գերազանցում 30-ը:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի`

1. 1-ին մասում «5» թիվը փոխարինել «7» թվով,

2. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.1)-րդ կետով՝

«3.1) Հարկային եւ մաքսային ոլորտներում վարչարարություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը.»,

3. 1-ին մասի 4)-րդ կետում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով:»:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասում «ավարտից առնվազն մեկ ամիս առաջ» բառերը փոխարինել «նոյեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1. մասով՝

«1.1. Հավաստագրի տրամադրման դիմումի մերժման հիմք չի կարող հանդիսանալ՝

1) հավաստագրման համար դիմած տնտեսավարող սուբյեկտի բաժնետիրոջ (մասնակցի) այլ տնտեսավարող սուբյեկտի բաժնետեր կամ մասնակից հանդիսանալը կամ այլ ընկերության աշխատող հանդիսանալը,

2) հավաստագրման համար դիմած տնտեսավարող սուբյեկտի մոտ կամ այլ ընկերությունում համատեղությամբ աշխատող հանդիսանալը:»:

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2-րդ մասով՝

«2. Սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված կարգով հավաստագրի գործողության դադարեցման դեպքում, հավաստագրված անձինք, պարտավոր են ներկայացնել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հաշվետվությունը հավաստագրի դադարեցման մասին հանձնաժողովի որոշումը ստանալու պահից 15-օրյա ընթացքում, իսկ սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետով նախատեսված դեպքում, հավաստագրի գործողության դադարեցման մասին դիմումի հետ:»:

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասից հանել վերջին նախադասությունը:

Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի «մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «5 տարի ժամկետով» բառերով:

Հոդված 8. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքով սահմանված կարգով տրամադրված հավաստագրերը գործում են ստացման պահից 5 տարի ժամկետով:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ ոլորտի զարգացման ուղղությամբ ոլորտի նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Օրենքի գործարկման արդյունքում` 2015 թվականից սկսած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրումը, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի եւ եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառումը, խթանել է ոլորտում նոր ընկերությունների եւ աշխատատեղերի ստեղծումը: Մասնավորապես, Օրենքի կիրարկման արդյունքում մինչ օրս հավաստագրվել են ոլորտի 133 տնտեսավարող սուբյեկտներ, որոնց կողմից ստեղծվել են 630-ից ավելի նոր աշխատատեղեր:

Համեմատության համար նշենք, որ 2014 թվականի ընթացքում ՏՏ ոլորտում ստեղծված ընկերությունների քանակը կազմել է 16 ընկերություն:

2016թ. հունվարի 1-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է վճարվել, ընդհանուր առմամբ, 59,893,861 ՀՀ դրամի չափով եկամտահարկ:

Միեւնույն ժամանակ, հավաստագրված տնտեսավարող սուբյեկտների կողմից հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների եւ այլ տեղեկությունների վերաբերյալ ներկայացված կիսամյակային հաշվետվությունների հիման վրա իրականացված հավաստագրված տնտեսավարող սուբյեկտների գործունեության արդյունքների վերլուծության եւ գնահատման արդյունքում եւս նկատվել է ոլորտի դրական աճ:

Այնուամենայնիվ, Օրենքի կիրառման ընթացքում ի հայտ են եկել որոշ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել՝ Օրենքի արդյունավետ կիրառումն ու ՏՏ ոլորտում նորաստեղծ ընկերությունների գործունեությունն ավելի բարելավելու նպատակով: Մասնավորապես, Օրենքի կիրառության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել հավաստագրման համար դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, բացառելով ոչ առեւտրային կազմակերպությունները, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերը եւ ներկայացուցչությունները, այլ տնտեսավարող սուբյեկտի դուստր ընկերությունները, տնտեսական ընկերակցությունները, որոնց համար օրենսդրությամբ սահմանված գործունեության նպատակները եւ մասնակիցների շրջանակը չեն բխում Օրենքով նախատեսված հարկային արտոնությունների տրամադրման նպատակներից:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով Օրենքով սահմանված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրմամբ, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի եւ եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմամբ պայմանավորված ոլորտում նոր ընկերությունների եւ աշխատատեղերի ստեղծումը, ոլորտի դրական աճը եւ կարեւորելով Օրենքի արդյունավետ կիրառման ու ՏՏ ոլորտում նորաստեղծ ընկերությունների գործունեության բարելավումը, ինչպես նաեւ տնտեսական զարգացման ապահովումը` անհրաժեշտ ենք համարում ընդունել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվել է սահմանափակել հարկային արտոնություններից օգտվելու հավաստագրման համար դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, ինչպես նաեւ սահմանափակել հավաստագրման համար դիմելու այն տնտեսավարող սուբյեկտների իրավունքը, որոնց բաժնետերերից (մասնակիցներից) որեւէ մեկը հանդիսանում է սնանկության ընթացքում գտնվող այլ ընկերության մասնակից, ինչը պայմանավորված է հավաստագրման հանձնաժողովի աշխատանքների ընթացքում ի հայտ եկող նման նախադեպերով:

Նախագծով սահմանվել են հավաստագրի տրամադրման մերժման հիմք չհանդիսացող դեպքերը, որոնց բացակայությունն Օրենքի կիրառման ընթացքում տարբեր մեկնաբանությունների եւ մոտեցումների տեղիք են տվել, մասնավորապես, նույն ֆիզիկական անձը, միաժամանակ հանդիսանալով այլ ընկերության տնօրեն, բաժնետեր, ընկերության հաստիքային հաստիքացուցակում ներգրավված եւ լրիվ աշխատանքային ժամանակով աշխատող աշխատակից, իր մասնակցությամբ կարող է կանխորոշել մյուս ընկերության որոշումները, այսինքն, փաստացի առկա է ընկերության կանոնադրական կապիտալում այլ տնտեսավարող սուբյեկտի անուղղակի մասնակցություն եւ միեւնույն անձի միջոցով ընկերության որոշումները կանխորոշելու հնարավորություն, ինչը մեկնաբանվել է, որ բնորոշ է դուստր ընկերություններին եւ հակասում է Օրենքի պահանջներին: Այդ նպատակով նախագծով սահմանվել են համապատասխան դրույթներ վերոնշյալ հանգամանքը հավաստագրի տրամադրման մերժման հիմք չդիտելու համար:

Բացի այդ, հանձնաժողովի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Նախագծով առաջարկվել է հանձնաժողովում ներգրավել նաեւ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցչին եւ մասնավոր հատվածի եւս մեկ ներկայացուցիչ:

Միաժամանակ, նախագծով առաջարկվում է Օրենքով տրամադրվող հարկային արտոնությունների ժամկետը սահմանել 5 տարի, ինչպես նաեւ համապատասխան անցումային դրույթ նախատեսել արդեն իսկ հավաստագրված ընկերությունների համար, համաձայն որի` վերջիններիս տրամադրված հավաստագրերը կգործեն ստացման պահից 5 տարի ժամկետով, ինչը խթան կհանդիսանա նոր աշխատատեղերի ստեղծման եւ ոլորտի հետագա զարգացման համար` նպաստելով նաեւ ընդհանուր տնտեսության զարգացմանը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծի ընդունումը կխթանի ոլորտում սկսնակ ընկերությունների ձեւավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների ներգրավմանը, ոլորտի զարգացմանը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն, Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի քարտուղարությանը աջակցող ՎԶԵԲ գործարարության աջակցման գրասենյակ:

6. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր տնտեսավարող սուբյեկտներ, որոնք կկարողանան դիմել եւ օգտվել Օրենքով սահմանված հարկային արտոնություններից` նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը, ոլորտի զարգացմանը եւ տարածաշրջանում մրցունակության բարձրացմանը:



ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:



ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:



ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1 «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է սահմանափակել հարկային արտոնություններից օգտվելու հավաստագրման համար դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը եւ հարկային արտոնություններից օգտվելու ժամկետը սահմանել 5 տարի:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Նախագծով նախատեսվում է հստակեցնել հարկային արտոնություններից օգտվելու հավաստագրման համար դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը եւ հարկային արտոնություններից օգտվելու ժամկետը սահմանել 5 տարի, որի արդյունքում կստեղծվեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր սուբյեկտներ` նպաստելով աշխատատեղերի ստեղծմանը, ոլորտի զարգացմանը եւ տարածաշրջանում մրցունակության բարձրացմանը:

Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կնախատեսվի դրական ազդեցություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով մասնավորապես առաջարկվում է`

1) սահմանել, որ հավաստագրի տրամադրման դիմումի մերժման հիմք չի կարող լինել հավաստագրման համար դիմած տնտեսվարող սուբյեկտի հիմնադրի այլ տնտեսվարող սուբյեկտի հիմնադիր հանդիսանալը կամ այլ ընկերության աշխատող հանդիսանալը,

2) հանել հավաստագրի տրամադրման դիմումների ընդունման «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված վերջնաժամկետի սահմանափակումը,

3) հանել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով տրամադրվող հարկային արտոնությունների գործողության ժամկետի օրենքով սահմանաված` մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը գործելու սահմանափակումը եւ սահմանել, որ նշյալ օրենքով տրամադրվող հարկային արտոնությունները գործում են 5 տարի ժամկետով:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ այն, որ նախագծի ընդունմամբ կստեղծվեն հարկումից խուսափելու անկառավարելի հնարավորություններ, հայտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական, իսկ պետական բյուջեի ծախսերի, ինչպես նաեւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա` չեզոք:

Եզրակացություն

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն: