Հոդված 1. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածը՝
1. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1. մասով՝
«1.1. Հավաստագրման համար կարող են դիմել հետեւյալ տնտեսավարող սուբյեկտները՝
1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած առեւտրային կազմակերպությունները, բացառությամբ տնտեսական ընկերակցություններից, դուստր ընկերություններից, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերից եւ ներկայացուցչություններից,
2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերը:»,
2. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«2. Հավաստագրման համար դիմող տնտեսավարող սուբյեկտները պետք է բավարարեն հետեւյալ պահանջներին՝
1) ստեղծվել են բացառապես սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնելու նպատակով,
2) չեն ստեղծվել այլ տնտեսավարող սուբյեկտի վերակազմակերպման արդյունքում,
3) բաժնետերերից (մասնակիցներից) որեւէ մեկը չի հանդիսանում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լուծարված ընկերության բաժնետեր կամ մասնակից, կամ գործունեությունը դադարեցրած (պետական հաշվառումից հանված) անհատ ձեռնարկատեր,
4) բաժնետերերից (մասնակիցներից) որեւէ մեկը կամ հավաստագրման համար դիմած անհատ ձեռնարկատերը չի հանդիսանում սնանկության ընթացքում գտնվող այլ տնտեսավարող սուբյեկտի բաժնետեր կամ մասնակից,
5) աշխատողների թիվը չի գերազանցում 30-ը:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի`
1. 1-ին մասում «5» թիվը փոխարինել «7» թվով,
2. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.1)-րդ կետով՝
«3.1) Հարկային եւ մաքսային ոլորտներում վարչարարություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը.»,
3. 1-ին մասի 4)-րդ կետում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով:»:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասում «ավարտից առնվազն մեկ ամիս առաջ» բառերը փոխարինել «նոյեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը» բառերով:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1. մասով՝
«1.1. Հավաստագրի տրամադրման դիմումի մերժման հիմք չի կարող հանդիսանալ՝
1) հավաստագրման համար դիմած տնտեսավարող սուբյեկտի բաժնետիրոջ (մասնակցի) այլ տնտեսավարող սուբյեկտի բաժնետեր կամ մասնակից հանդիսանալը կամ այլ ընկերության աշխատող հանդիսանալը,
2) հավաստագրման համար դիմած տնտեսավարող սուբյեկտի մոտ կամ այլ ընկերությունում համատեղությամբ աշխատող հանդիսանալը:»:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2-րդ մասով՝
«2. Սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված կարգով հավաստագրի գործողության դադարեցման դեպքում, հավաստագրված անձինք, պարտավոր են ներկայացնել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հաշվետվությունը հավաստագրի դադարեցման մասին հանձնաժողովի որոշումը ստանալու պահից 15-օրյա ընթացքում, իսկ սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետով նախատեսված դեպքում, հավաստագրի գործողության դադարեցման մասին դիմումի հետ:»:
Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասից հանել վերջին նախադասությունը:
Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի «մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «5 տարի ժամկետով» բառերով:
Հոդված 8. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքով սահմանված կարգով տրամադրված հավաստագրերը գործում են ստացման պահից 5 տարի ժամկետով:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: