Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-907-28.06.2006-ՍԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման ոլորտը

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի երկրորդ եւ/կամ հաջորդ գումարումների պատգամավորների (այսուհետ` Պատգամավորներ) կենսաթոշակային ապահովության առանձնահատկությունները, ինչպես նաեւ պատգամավորական լիազորությունների իրականացման ժամկետում աշխատունակության լրիվ կամ մասնակի կորստյան եւ կերակրողին կորցնելու դեպքերում պատգամավորի եւ նրա ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության հետ կապված հարաբերությունները:

2. Պատգամավորական լիազորությունների իրականացման ժամկետում պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու դեպքում պատգամավորի ընտանիքին տրվող միանվագ դրամական օգնության, նրա խնամքի տակ գտնվող ընտանիքի անաշխատունակ անդամների համար մեկ ընդհանուր կենսաթոշակ նշանակելու, աշխատունակությունը լրիվ կորցնելու (1-ին խմբի հաշմանդամ ճանաչվելու) դեպքում կենսաթոշակ նշանակելու եւ այդ դեպքում բուժման ծախսերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով:

Հոդված 2.Պատգամավորի կենսաթոշակային ապահովության եւ նրա ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության մասին օրենսդրությունը

Պատգամավորի կենսաթոշակային ապահովության եւ նրա ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի եւ դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, սույն օրենքից եւ  իրավական այլ ակտերից:

Հոդված 3. Պատգամավորի տարիքային կենսաթոշակը եւ նշանակման պայմանները

1. Պատգամավորի տարիքային կենսաթոշակը պետական կենսաթոշակ է, որը նշանակվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող պատգամավորներին` սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված չափով, պայմաններով եւ կարգով:

2. Պատգամավորի տարիքային կենսաթոշակ նշանակվում է տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող այն պատգամավորին, որը`

ա) հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի երկրորդ եւ/կամ հետագա գումարումներից առնվազն մեկ գումարման պատգամավոր,

բ) հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի,

գ) մշտապես բնակվում է Հայաստանի Հանրապետությունում:

3. Պատգամավորի տարիքային կենսաթոշակ չի նշանակվում տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող այն պատգամավորին, որի պատգամավորական լիազորություններն այլ պաշտոնում նշանակվելու կամ ընտրվելու կապակցությամբ վաղաժամկետ դադարացվել են:

Այլ պաշտոնում նշանակվելու կամ ընտրվելու կապակցությամբ պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարացված պատգամավորի կենսաթոշակի չափը, նշանակման պայմանները եւ կենսաթոշակային ապահովության հետ կապված մյուս հարաբերությունները կարգավորվում են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ իրավական այլ ակտերով:

4. Սույն հոդվածի պայմաններին բավարարող պատգամավորին` պատգամավորական լիազորությունների իրականացման ժամկետում պատգամավորի տարիքային կենսաթոշակ չի նշանակվում եւ չի վճարվում:

Պատգամավորական լիազորությունների իրականացման ժամկետում տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող պատգամավորին կենսաթոշակ նշանակվում եւ վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով եւ կարգով:

Հոդված 4. Պատգամավորի տարիքային կենսաթոշակի չափը

Պատգամավորի տարիքային կենսաթոշակի չափը կազմում է կենսաթոշակի նշանակման պահին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնային դրույքաչափի 75 տոկոսը:

Հոդված 5. Հաշմանդամության համար պատգամավորի կենսաթոշակի նկատմամբ հավելումները

1. Պատգամավորական լիազորությունների իրականացման ժամկետում աշխատունակության լրիվ կամ մասնակի կորստի (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից 1-ին, 2-րդ կամ 3-րդ խմբի հաշմանդամ ճանաչվելու) եւ պատգամավորի տարիքային կենսաթոշակի իրավունքի ձեռքբերման դեպքում պատգամավորին վճարվում է հավելում հետեւյալ չափերով.

ա) 1-ին խմբի եւ մշտական խնամքի կարիք չունեցող հաշմանդամ պատգամավորին` նրա կենսաթոշակի քսան տոկոսի չափով,

բ) 2-րդ խմբի հաշմանդամ պատգամավորին` նրա կենսաթոշակի տաս տոկոսի չափով,

գ)  3-րդ խմբի հաշմանդամ պատգամավորին` նրա կենսաթոշակի հինգ տոկոսի չափով:

2. Հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում պատգամավորի տարիքային կենսաթոշակի նկատմամբ հավելումը նոր չափով վճարվում է այդ հանգամանքի առաջացման ամսին հաջորդող ամսվա 1-ից: Բժշկասոցիալական վերափորձաքննությամբ հաշմանդամ չճանաչվելու դեպքում պատգամավորի տարիքային կենսաթոշակի նկատմամբ հավելումը վճարվում է մինչեւ հաշմանդամության ժամկետը լրանալու ամսվա վերջը:

Հոդված 6. Պատգամավորի մահվան դեպքում նրա ընտանիքի սոցիալական ապահովությունը

Պատգամավորական լիազորությունների իրականացման ժամկետում մահացած պատգամավորի ընտանիքին տրվում է միանվագ դրամական օգնություն` պատգամավորի պաշտոնային դրույքաչափի հնգապատիկի չափով:

Հոդված 7.  Կենսաթոշակները վերահաշվարկելը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնային դրույքաչափի բարձրացման դեպքում սույն օրենքով սահմանված կենսաթոշակների չափերը վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հոդված 8.  Օրենքի ուժի մեջ է մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Արտասահմանյան (Ֆրանսիա, Ավստրիա Բուլղարիա, էստոնիա եւ այլն), ինչպես նաեւ  ԱՊՀ անդամ բոլոր երկրների կենսաթոշակային օրենսդրության ուսումնասիրությունը վկայում է, որ ամենուր գործում են  խորհրդարանների նախկին պատգամավորների սոցիալական  ապահովությանը նվիրված առանձին օրենքներ, որոնց համաձայն կենսաթոշակային տարիքի հասնելու դեպքում նախկին պատգամավորին նշանակվում է պատգամավորի տարիքային  (որոշ երկրներում, օրինակ` Վրաստանում դա կոչվում է ծառայողական) կենսաթոշակ, իսկ պատգամավորական լիազորությունների իրականացման ժամկետում պատգամավորի  հաշմանդամ դառնալու դեպքում նրան եւ նրա ընտանիքի  անգործունակ անդամներին նշանակվում են կենսաթոշակային հավելավճարներ: Ըստ որում, պատգամավորներին կենսաթոշակային տարիքի համար վճարվող պետական  կենսաթոշակի չափը տարբեր երկրներում տարբեր է եւ կազմում է նրանց պաշտոնային դրույքաչափի 100-75 տոկոսը:

Բացի նշվածից, հիշյալ օրենքներով  նախկին պատգամավորերին ու նրանց ընտանիքի անդամներին  տրվում են նաեւ մի շարք այլ արտոնություններ:

Նկատի ունենալով, որ ՀՀ-ում նման օրենքներ ընդունված չեն, ինչպես նաեւ այն, որ Հանրապետության այսօրվա տնտեսական  վիճակը հնարավորություն չի ընձեռում  պատգամավորների համար   սահմանել նաեւ այլ արտոնություններ, նախ՝ սույն օրենքում կարգավորվում է միայն նախկին պատգամավորների կենսաթոշակային ապահովության եւ նրա ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության հարցերը, երկրորդ՝ դատավորների կենսաթոշակային ապահովության մասին օրենքի  սկզբունքի ընդօրինակմամբ, որպես կենսաթոշակային  ապահովման առավելագույն  չափ վերցված է  պատգամավորների պաշտոնային դրույքաչափի 75 տոկոսը:

Սահմանվում է, որ կենսաթոշակային ապահովման ենթակա են  միայն պրոֆեսիոնալ հիմունքներով  աշխատած ԱԺ-ի  (1999 թվականից) պատգամավորները, որոնք ՀՀ քաղաքացիներ են, մշտապես բնակվում են ՀՀ-ում եւ հանդիսացել  են առնվազն մեկ գումարման պատգամավոր: 1999 թվականից հետո մինչեւ այժմ նրանց թիվը ընդամենը 4-ն է, որովհետեւ նման իրավունք  ունեցող մնացած պատգամավորները մահացել են եւ նրանց ընտանիքի  անգործունակ անդամներն արդեն ստանում են կերակրողին կորցնելու կապակցությամբ կենսաթոշակ:  Բացի այդ, նախատեսվում է սույն օրենքի գործողությունն սկսել 2007թ. հունվարի 1-ից: Գործող պատգամավորներին կենսաթոշակների վճարում չի նախատեսվում: