Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 205-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 205. Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը
1. Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը խոշոր չափերով չվճարելու նպատակով.
1) oրենքով սահմանված հաշվետվությունում, հաշվարկում, հայտարարագրում կամ հարկման հիմք հանդիսացող՝ հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր այլ փաստաթղթում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելը, կամ
2) oրենքով սահմանված հաշվետվությունը, հաշվարկը, հայտարարագիրը կամ հարկման հիմք հանդիսացող՝ հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր այլ փաստաթուղթը օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չներկայացնելը, կամ
3) հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը նվազեցնելու համար կեղծ փաստաթուղթ օգտագործելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
3. Սույն հոդվածի իմաստով խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկից տասնհինգհազարապատիկը չգերազանցող գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկը գերազանցող գումարը:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մարտի 18-ի թիվ 212-Ա որոշմամբ՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի քննարկման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ:
Աշխատանքային խմբի կողմից առաջարկվեց անդրադառնալ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի արդյունավետ կիրառման համար օրենսդրական խնդիրներին: Այս առումով, առաջարկվեց քննարկման առարկա դարձնել մի շարք իրավական հարցեր, մասնավորապես. 1) հստակեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի գործող դիսպոզիցիան, 2) վերանայել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը, 3) վերանայել, հարկերը, տուրքերը եւ պարտադիր այլ վճարները վճարելուց խուսափելու առնչությամբ հարուցված վարչական եւ քրեական վարույթների տարանջատման իրավական կառուցակարգերը:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի դիսպոզիցիայի կիրառման պայմաններում գործնականում առաջանում են մի շարք իրավական խնդիրներ: Այսպես, դիսպոզիցիայում առկա են հասկացություններ, որոնց կիրառությունը գործնականում առաջացնում է բարդություններ, մասնավորապես՝ «չարամտորեն խուսափել» եւ «խեղաթյուրված տվյալներ» հասկացությունները: Իրավակիրառողների համար բավականին դժվարություն է առաջանում ապացուցել օրինակ՝ թե որ դեպքերում է տնտեսվարող սուբյեկտի կողմից հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը համարվում չարամտորեն խուսափել, իսկ չվճարելու որ դեպքն իր մեջ չարամտություն չի պարունակում:
Գործնականում իրավակիրառողների համար դժվարություն է առաջանում նաեւ «խեղաթյուրված տվյալներ» գնահատողական հասկացության ապացուցումը, քանի որ շատ դեպքերում անհնար է համարժեք քրեաիրավական գնահատական տալ գործում առկա փաստերին, արդյոք ներկայացված տվյալը խեղաթյուրված է, թե ոչ՝ հաշվի առնելով, որ օրենքում հստակեցված չէ տվյալը խեղաթյուրված համարելու օրենսդրական սահմանները: Ավելին, անհրաժեշտ է ընդգծել, որ օրենքում սահմանված նորմերը եւ դրանում նախատեսված եզրույթները պետք է լինեն որոշակի: Այս առումով, Վճռաբեկ դատարանը Դ.Սիմիդյանի գործով դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(...) Արարքի հանցավորությունն ու պատժելիությունը պետք է նախատեսված լինեն իրավական որոշակիության չափանիշին բավարարող օրենքով: Այս առումով Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում ձեւավորել է «օրենք» հասկացությանն առաջադրվող այնպիսի որակական չափանիշներ, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը (ի թիվս այլ աղբյուրների, տեԲս, Կանտոնին ընդդեմ Ֆրանսիայի (CANTONI v. FRANCE) գործով Եվրոպական դատարանի 1996 թվականի նոյեմբերի 15-ի վճիռ, գանգատ թիվ 17862/91, կետ 29; Է.Կ.-ն ընդդեմ Թուրքիայի (E.K. v. TURKEY) գործով 2002 թվականի փետրվարի 7-ի վճիռ, գանգատ թիվ 28496/95, կետ 51): Որակական այս պահանջները պետք է ապահովվեն ինչպես հանցագործության, այնպես էլ դրա համար պատժի նշանակման ժամանակ (տեԲս վերը՝ Աչորն ընդդեմ Ֆրանսիայի (ACHOUR v. FRANCE) Մեծ պալատի 2006 թվականի մարտի 29-ի որոշում, գանգատ թիվ 67335/01, կետ 41): (...):
«(...) Իրավական որոշակիության չափանիշին բավարարելն առաջին հերթին օրենսդրական կարգավորման խնդիր է, իսկ դատական մեկնաբանումը լրացնող դերակատարություն ունի: Օրենսդրի խնդիրն է հնարավորինս հստակ եւ որոշակի սահմանել հանցավոր համարվող արարքը եւ դրա համար պատիժը, (...)»: Շարունակելով զարգացնել հիշյալ դիրքորոշումը Վճռաբեկ դատարանը նաեւ նշում է, որ «(...) ՀՀ քրեական օրենսգրքի անբաժանելի մասն են կազմում ընդհանրական եւ գնահատողական հասկացությունները, սակայն այդպիսի հասկացությունների կիրառումը պետք է պայմանավորված լինի առավել որոշակի հասկացությունների օգտագործման անհնարինությամբ, հակառակ դեպքում կխախտվի օրինականության սկզբունքը: (...)» (տես ՀՀ վճռաբեկ դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ ԵԷԴ/0122/01/13 որոշման 16, 17, 17.1):
Մեկ այլ օրենսդրական խնդիր, որն առկա է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի դիսպոզիցիայում, այն է, որ նրանում չեն ներկայացվում հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերի ամբողջական պարտադիր ցանկը: Այդ խնդիրը կարող է առաջանալ, քանի որ անձի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով որակելու համար անհրաժեշտ է լինում լրացուցիչ ուսումնասիրել այնպիսի ելակետային փաստաթղթեր, որոնց հիման վրա առաջացել է հարկային այդ պարտավորությունը:
Նախագծով առաջարկվում է նաեւ վերանայել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված խոշոր չափի նվազագույն շեմը, քանի որ 2006թ-ից մինչ օրս՝ գրեթե 9 տարի նշված նորմի շեմը չի վերանայվել՝ պահպանելով հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափը (2.000.000 ՀՀ դրամ)։ Մինչդեռ, 2006թ-ից առ այսօր նվազագույն աշխատավարձի շեմն աճել է մոտավորապես կրկնակի անգամ՝ 20.000-ից հասնելով 55. 000 ՀՀ դրամ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված խոշոր չափը՝ 2.000.000 ՀՀ դրամը փոփոխության չի ենթարկվել։
Նախագծով առաջարկվող ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի նոր խմբագրությունը լուծելու է կարեւորագույն խնդիր՝ վարչական վարույթին վերաբերող գործերը քրեաիրավական հարթություն տեղափոխելու հնարավորության սահմանափակումը, քանի որ քննարկվող նորմի դիսպոզիցիայում հստակեցվել են հանցագործության կատարման եղանակները եւ իրավական պարտադիր այլ չափանիշները:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի դիսպոզիցիայի նոր խմբագրություն, որի արդյունքում՝ հստակեցվում են հանցագործության եղանակները, վերանայվում է խոշոր չափի նվազագույն շեմը եւ գործնականում ապահովվում է նորմի որոշակիությունը:
Նախագծով առաջարկվող ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված հանցագործության կատարման եղանակներին, ապա անհրաժեշտ է նշել, որ դրանք հստակեցվել են, արդյունքում առաջարկվել է սահմանել հանցագործության հետեւյալ եղանակները. ա) հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելը, կամ բ) հարկման հիմք հանդիսացող փաստաթուղթը չներկայացնելը վարչական պատասխանատվության միջոցով, կամ գ) հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը նվազեցնելու համար կեղծ փաստաթուղթ օգտագործելը: Նման պայմաններում առաջարկվում է նախատեսել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի դիսպոզիցիայում հանցագործության կատարման համար բոլոր եղանակների կոնկրետ ցանկը:
Նախագծով վերանայվել է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասում խոշոր չափի նվազգույն շեմը, արդյունքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի (2.000.000 ՀՀ դրամ) փոխարեն առաջարկվել է սահմանել նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը (4.000.000 մլն ՀՀ դրամ):
Նախագծով առաջարկվել է հստակեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի նպատակը՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը խոշոր չափերով չվճարելը:
3. Ակնկալվող արդյունքը
Ներկայացվող Նախագծի ընդունմամբ կհստակեցվի ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի օրենսդրական ձեւակերպումը, եւ կապահովվի գործնականում դրա արդյունավետ կիրառությունը, եւ այդյունքում՝ կսահմանափակվի վարչական վարույթին վերաբերող գործերը քրեաիրավական հարթություն տեղափոխելու հնարավորությունը:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման
1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:
Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի իմաստով խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկից տասնհինգհազարապատիկը չգերազանցող գումարը (ներկայումս սահմանված` երկուհազարապատիկից տասնհինգհազարապատիկի փոխարեն):
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ Նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել բացասական:
Միաժամանակ հայտնում ենք, որ Նախագծի թե ընդունումը, թե չընդունումը ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների, ՀՀ պետական եւ ՀՀ համայնքների բյուջեների ծախսերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխման չի հանգեցնում:
Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագիծը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է հստակեցնել հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարները վճարելուց չարամտորեն խուսափելու համար քրեական գործ հարուցելու հիմքերը եւ հանցագործության եղանակները, ինչպես նաեւ առաջարկվում է վերանայել հարկային պարտավորությունը քրեական հանցանք համարելու շեմը, արդյունքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի (2 միլիոն ՀՀ դրամ) փոխարեն առաջարկվում է սահմանել նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը (4 միլիոն ՀՀ դրամ):
Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքներն` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է `
Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն: