Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 434-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Պատիժը կատարող հիմնարկի ղեկավարը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի (այսուհետ` Անկախ հանձնաժողով)` կողմից դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին եւ 1.2-րդ մասերով կամ 77-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների վերաբերյալ եզրակացությունը ստանալուց հետո այն յոթօրյա ժամկետում ներկայացնում է դատարան:».
2) 3-րդ մասից՝
ա. «վերաբերյալ միջնորդագրի» բառերը հանել.
բ. նույն մասում «անց» բառից հետո լրացնել «իսկ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց դեպքում՝ երեք տարից անց» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 438-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին, 3.2-րդ, 3.3-րդ, 3.4-րդ, 3.5-րդ, 3.6-րդ, 3.7-րդ, 3.8-ր եւ 3.9-րդ մասերով.
«3.1. Պատիժը կատարող հիմնարկի ղեկավարը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով Անկախ հանձնաժողովի կողմից դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին եւ 1.2-րդ մասերով կամ 77-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների վերաբերյալ Եզրակացությունը դատարանի կողմից միանձնյա կարգով քննվում է այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում՝ այդ մասին պատշաճ ծանուցելով դատապարտյալին, դատախազին, տուժողին, Անկախ հանձնաժողովին եւ պատիժը կատարող հիմնարկին:
3.2. Անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայությունից պահանջել խորհրդատվական զեկույց, եթե այն արդեն չի տրամադրվել Անկախ հանձնաժողովին:
3.3. Եթե դատարանը գտնում է, որ Անկախ հանձնաժողովի եզրակացությունը բավարար չափով պարզ չէ կամ լրիվ չէ, հիմնավորված չէ կամ կասկած է հարուցում, ապա կարող է որոշում կայացնել փորձաքննություն նշանակելու մասին:
3.4. Դատարանում եզրակացության քննությանը պարտադիր մասնակցում են`
1) դատախազը.
2) դատապարտյալը եւ նրա փաստաբանը, եթե դատապարտյալը փաստաբան ունի.
3) Անկախ հանձնաժողովի ներկայացուցիչը:
3.5. Եզրակացության քննությանը կարող է մասնակցել նաեւ տուժողը, սակայն պատշաճ ծանուցված տուժողի չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար: Եզրակացության քննությանը դատարանի սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ դատարանի որոշմամբ կարող է հրավիրվել պատիժն ի կատար ածող մարմնի ներկայացուցիչը:
3.6. Եզրկացության քննությունն անցկացվում է դռնբաց դատական նիստում: Քննությունը սկսվում է Անկախ հանձնաժողովի կողմից եզրակացությունը հրապարակելով: Այնուհետեւ դատարանը լսում է դատախազի դիրքորոշումը, ապա՝ դատապարտյալին կամ նրա փաստաբանին, եթե դատապարտյալը փաստաբան ունի:
3.7. Փորձաքննություն նշանակված լինելու դեպքում փորձագետի եզրակացությունը հրապարակվում եւ հետազոտվում է դատական նիստի ընթացքում: Անհրաժեշտության դեպքում փորձագետը կարող է հրավիրվել դատական նիստին եւ հարցաքննվել իր եզրակացության կապակցությամբ:
3.8. Եզրակացության քննության արդյունքում դատարանը որոշում է կայացնում`
1) դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին, կամ
2) պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը մերժելու մասին:
3.9. Դատարանի որոշումն այն կայացնելու պահից եռօրյա ժամկետում ուղարկվում է դատապարտյալին, դատախազին, տուժողին, Անկախ հանձնաժողովին եւ պատիժը կատարող հիմնարկին»:
2) 4-րդ մասը՝
ա. «Պատժից» բառից առաջ լրացնել «Կարգապահական գումարտակում պատիժը կրողների նկատմամբ» բառերով.
բ. նույն մասից հանել «ուղղիչ հիմնարկի վարչակազմի կամ» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: