Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-11311-09.12.2016,03.02.2017-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «ներդրման» բառից հետո լրացնել «սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերում չնշված» բառերը:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը, զուտ ակտիվների արժեքի հաշվարկում սխալների էականության չափանիշները եւ էական ճանաչված սխալների ուղղման (այդ թվում՝ ֆոնդի մասնակիցներին փոխհատուցման) կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:»:

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասում «71-րդ հոդվածով» բառերը փոխարինել «26-րդ եւ 71-րդ հոդվածներով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել նոր՝ 7-րդ եւ 8-րդ մասերով, հետեւյալ բովանդակությամբ.

«7. Ֆոնդի կանոնների փոփոխությունն իրականացնում է ֆոնդի կառավարիչը, որի համար պահանջվում է ֆոնդի մասնակիցների առնվազն մեծամասնության համաձայնությունը, բացառությամբ բաց պայմանագրային ֆոնդերի եւ այն փակ պայմանագրային ֆոնդերի, որոնց կանոններով նախատեսված է ֆոնդի ժողովի գումարում: Ընդ որում, փակ պայմանագրային ֆոնդի կանոնների` իր իրավունքների սահմանափակմանը հանգեցնող կամ այլ էական փոփոխության դեպքում ֆոնդի մասնակիցն իրավունք ունի ողջամիտ ժամկետում ներկայացնելու իր փայերի հետգնման պահանջ: Եթե փակ պայմանագրային ֆոնդի կանոններով նախատեսված է ֆոնդի ժողովի գումարում, ապա այդ ֆոնդի կանոնների փոփոխությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 50-րդ հոդվածով եւ 32-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթները:

8. Մասնակիցների իրավունքների սահմանափակմանը հանգեցնող կամ այլ էական փոփոխությունները ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից դրանց գրանցման պահից երկու ամիս հետո, եթե կանոններով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ:»:

Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1. մասով.

«1.1 Կառավարիչը որոշակի աշխատանքային օրերի կարող է չհաշվարկել եւ չհրապարակել ֆոնդի զուտ ակտիվների արժեքը, եթե՝

1) տվյալ ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկումը պատվիրակված է այլ անձի, որը օտարերկրյա կազմակերպություն է, եւ

2) այդ օրերը նախապես հրապարակվել են կառավարչի ինտերնետային կայքում: Ընդ որում, այդ օրերը կարող են ներառել միայն սույն կետի 1-ին ենթակետում նշված անձի համար ոչ աշխատանքային օրերը, ինչպես նաեւ շաբաթ եւ կիրակի օրերը (անկախ դրանց աշխատանքային լինելու հանգամանքից):»

Հոդված 6. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ֆոնդի ակտիվները  կարող են  ներդրվել տվյալ ֆոնդի կառավարչի, պահառուի, նրանց ղեկավարների, ֆոնդի մասնակիցների ռեեստրավարի եւ անկախ աուդիտն իրականացնող անձի, ինչպես նաեւ նրանց հետ փոխկապակցված անձանց թողարկած, պատկանող եւ (կամ) նրանց կողմից վաճառվող արժեթղթերում կամ այլ ակտիվներում` Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ (յուրաքանչյուր ներդրման դեպքի համար): Կենտրոնական բանկը կարող է մերժել համաձայնության տրամադրումը, եթե կառավարիչը չունի բավարար ընթացակարգեր եւ պատշաճ ներքին հսկողության համակարգ, որոնք կապահովեն այդպիսի ներդրումների դեպքում մասնակիցների լավագույն շահերի պաշպանությունը եւ(կամ) այդ ներդրման արդյունքում կվտանգվեն մասնակիցների շահերը:

Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը չի պահանջվում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ ֆոնդի ակտիվների հաշվին այդ արժեթղթերը ձեռք են բերվել կարգավորվող շուկայում իրականացված գործարքի արդյունքում:

Պահառուի ակտիվներում ներդրում չի համարվում ֆոնդի ակտիվների պահպանումը պահառուի մոտ, ներառյալ` համապատասխան տոկոսների ստացման դիմաց:»:

Հոդված 7 Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասում բոլոր «փոխառություններ» բառերը փոխարինել «փոխառու միջոցներ» բառերով՝ համապատասխան հոլովվաձեւերով:

Հոդված 8. Օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1 կետով.

«9.1) կառավարչի ներքին գործունեությունը կարգավորող փաստաթղթերի (բացառությամբ կառավարչի խորհրդի գործունեությունը կարգավորող փաստաթղթերի) հաստատումը.»:

Հոդված 9. Օրենքի 65-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Կառավարչի գործադիր տնօրենը կամ գործադիր մարմնի ղեկավարը եւ անդամները, գործադիր տնօրենի տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը եւ անդամները չեն կարող միեւնույն կառավարչի մոտ զբաղեցնել այլ պաշտոն կամ այլ կառավարչի կամ ներդրումային ծառայություն մատուցող այլ անձի մոտ լինել ղեկավար (բացառությամբ դուստր կամ հիմնական ընկերության խարհրդի նախագահի եւ անդամի, ինչպես նաեւ սույն օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի) կամ այլ աշխատակից: Կառավարչի գործադիր մարմնի ղեկավարը կամ անդամը կամ գործադիր տնօրենի տեղեկալը կարող են իրականացնել միեւնույն կառավարչի ֆոնդի կառավարման գործունեություն: Սույն մասում նշված անձինք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքներից, վճարովի այլ աշխատանք կարող են կատարել միայն խորհրդի համաձայնությամբ: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կառավարչի ղեկավարների եւ (կամ) այլ աշխատակիցների համար կարող են նախատեսվել պաշտոնների համատեղելիության այլ սահմանափակումներ` ուղղված շահերի հնարավոր բախումների եւ այլ ռիսկերի կանխարգելմանը:»:

Հոդված 10. Օրենքի 68-րդ հոդվածում՝

1)  3-րդ մասի 1-ին նախադասության «կառավարիչն ապացուցում է, որ» բառերը փոխարինել « կառավարիչը» բառով.

2) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ, 7-րդ, 8-րդ եւ 9-րդ մասերով.

«6. Եթե խախտվել է սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները, որի արդյունքում ֆոնդին կամ ֆոնդի մասնակիցներին պատճառվել է վնաս, ապա կառավարիչը պարտավոր է խախտման մասին Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված ժամկետներում որոշել յուրաքանչյուր մասնակցին (ֆոնդին) պատճառված վնասի չափը եւ վնաս կրած մասնակիցներին որոշմամբ սահմանված կարգով եւ ժամկետներում ծանուցել պատճառված վնասի, դրա չափի եւ վնասի հատուցումը ստանալու կարգի ու ժամկետների մասին:

7. Կառավարիչը պետք է որոշի պատճառված վնասի չափը՝ ելնելով բոլոր գույքային վնասներից, ներառյալ բաց թողնված օգուտը այն իրավիճակի համեմատությամբ, որը կլիներ, եթե խախտումը տեղի չունենար եւ խախտման հետ կապված ակտիվները կառավարվեին այլ ակտիվներին համանման ձեւով:

8. Կառավարչի կողմից պայմանագրային ֆոնդի մասնակիցներին պատճառած վնասի հատուցումն իրականացվում է ֆոնդի համապատասխան մասնակիցներին կառավարչի հաշվին ֆոնդի համապատասխան քանակի փայեր տեղաբաշխելու  կամ ֆոնդին դրամական եղանակով վճարելու միջոցով: Հատուցման վճարման պահին տվյալ ֆոնդի մասնակից չհանդիսացող անձանց պատճառած վնասի հատուցումն իրականացվում է համապատասխան գումար վճարելու միջոցով, բացառությամբ կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների, որոնց համար ձեռք են բերվում նրանց ընտրած պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն մասով նախատեսված հատուցման կարգն ու պայմանները, այդ թվում՝ հատուցման եղանակի ընտրության չափանիշները:

9. Սույն հոդվածը չի սահմանափակում օրենքով սահմանված այլ հիմքերով վնասների հատուցման պահանջի ներկայացումը:»:

Հոդված 11. Օրենքի 70-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի 2-րդ կետը «կոնտրագենտի» բառից հետո լրացնել «(բացառությամբ ոչ ռեզիդենտ կոնտրագենտի)» բառերով:

2) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1 կետով.

«2.1) ոչ ռեզիդենտ կոնտրագենտի համաձայնությունն իրեն պատվիրակված գործառույթների իրականացման նկատմամբ կառավարչի կողմից վերահսկողության, այդ թվում՝ կառավարչի աուդիտի կամ Կենտրոնական բանկի համապատասխան պահանջի դեպքում պատվիրակված գործառույթների վերաբերյալ պահանջվող տեղեկությունների՝ կառավարչին տրամադրման մասին.»:

Հոդված 12. Օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասը «լինել» բառից հետո լրացնել «Կենտրոնական դեպոզիտարիան կամ» բառերով:

Հոդված 13. Օրենքի 87-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի «կառավարչի խորհրդին:» բառերը փոխարինել «կառավարչին:» բառով.

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Պահառուն պատասխանատվություն է կրում իր գործողությունների կամ անգործության հետեւանքով կառավարչին, ֆոնդին կամ ֆոնդի մասնակիցներին պատճառած վնասների (ներառյալ` բաց թողնված օգուտների) համար, բացառությամբ այն դեպքերի, երբ պահառուն գործել է իր ֆիդուցիար պարտականությունների շրջանակում: Ընդ որում, ֆոնդին կամ ֆոնդի մասնակիցներին պատճառված վնասի հատուցման պահանջով ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է հանդես գալ տվյալ ֆոնդի կառավարիչը: Սույն օրենքի 68-րդ հոդվածի 6-9-րդ մասերը կիրառվում են պահառուի կողմից ֆոնդին կամ ֆոնդի մասնակիցներին պատճառված վնասի հատուցման նկատմամբ:»:

Հոդված 14. Օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«6. Պայմանագրային ֆոնդի կառավարչի կամ կորպորատիվ ֆոնդի եւ նոր պահառուի միջեւ ֆոնդի պահառության պայմանագիր կնքվելու, ինչպես նաեւ ֆոնդի պահառության պայմանագրում էական փոփոխություններ կատարվելու դեպքում այդ փոփոխությունները (պայմանագիրը) պետք է 10-օրյա ժամկետում ներկայացվեն Կենտրոնական բանկ: Ներկայացված փոփոխությունները (պայմանագիրը) ենթակա են գրանցման Կենտրոնական բանկի խորհրդի կողմից եւ ուժի մեջ են մտնում գրանցվելու պահից: Նոր պահառուի հետ կնքված պայմանագրի գրանցումը կատարվում է պայմանագրային ֆոնդի կանոններում համապատասխան փոփոխություն կատարելու հետ միաժամանակ: Սույն մասի իմաստով էական են համարվում պահառուի, մատուցվող ծառայությունների շրջանակի, վճարների վերաբերյալ փոփոխությունը, ինչպես նաեւ գործարար շրջանառությունում նմանատիպ պայմանագրերի համար էական հանդիսացող այլ պայմանների փոփոխությունը:»

Հոդված 15. Օրենքի 96-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Կառավարիչը արտաքին աուդիտն իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում պետք է նախատեսի նաեւ արտաքին աուդիտն իրականացնող անձի կողմից եզրակացություն ներկայացնելը`

1) կառավարչի`  ֆինանսական հաշվետվությունների կազմման  համար  ներքին հսկողության համակարգի` սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանելու մասին.

2) Կենտրոնական բանկ ներկայացվող տարեկան ֆինանսական հաշվետվությունների ամբողջականության ու արժանահավատության մասին:»:

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

«Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է վերոնշյալ օրենքների կիրառման ընթացքում մինչ այժմ ի հայտ եկած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

ՀՀ օրենսդրությամբ ներկայումս նախատեսված ներդրումային ֆոնդերի կառավարիչների ֆիդուցիար պարտականությունների կարգավորումը կարիք ունի բարելավման՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը եւ դրա միտումները:

Օրենքը կառավարչի կողմից պայմանագրային ներդրումային ֆոնդի (այդ թվում՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդի) մասնակիցներին պատճառած վնասի հատուցման համար նախատեսում է միայն վնաս կրած մասնակիցների համար կառավարչի հաշվին փայերի թողարկան տարբերակը՝ անհարկիորեն սահմանափակելով ֆոնդին դրամական միջոցներով հատուցման տարբերակը: Մինչդեռ ուղղակիորեն կենսաթոշակային ֆոնդին դրամական միոցներով հատուցելու տարբերակը միանգամայն տրամաբանական է այն դեպքերում, երբ վնաս կրել են բոլոր մասնակիցները, այլ ոչ թե կոնկրետ մասնակիցներ:

Հստակ չէ նաեւ հատուցման ընթացակարգը, այդ թվում՝ ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկում բացահայտված սխալի ճշգրտման դեպքերում, ինչը նմանատիպ դեպքերի ի հայտ գալու պարագայում կարող է առաջացնել լրացուցիչ խնդիրներ:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, եթե անձի ամսական (տարեկան) համախառն եկամուտը չի գերազանցում 500 000 (6 000 000) դրամը, ապա տվյալ անձի համար կատարվող կուտակային հատկացման չափը կազմում է նրա համախառն եկամտի 10 տոկոսը: Սակայն, եթե անձի ամսական (տարեկան) համախառն եկամուտը գերազանցում է 500 000 (6 000 000) դրամը, ապա օրենքում առկա սոցիալական վճարի առավելագույն չափի սահմանափակումների պայմաններում անձի օգտին կատարվող կուտակային հատկացման չափը կազմում է համախառն եկամտի 10 տոկոսից պակաս: Դա նշանակում է, որ անձը չի կարող կուտակել 10 տոկոս (կատարել 5 տոկոսից ավելի սոցիալական վճար), ինչպես դա արվում է ավելի ցածր եկամուտ ունեցող անձանց դեպքում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլոր պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի դեպքում ֆոնդերի ակտիվների արժեքի հաշվարկը փաստացի իրականացնում են արտասահմանյան կազմակերպություններ, ապա տարվա ընթացքում որոշակի օրերին ֆոնդերի ակտիվների արժեքի հաշվարկը դառնում է խնդրահարույց: Մասնավորապես այն օրերին, երբ Հայաստանում աշխատանքային է, իսկ համապատասխան օտարերկրյա պետությունում՝ ոչ աշխատանքային, օրինակ՝ ՀՀ կառավարության որոշմամբ աշխատանքային օրերի տեղափոխության դեպքերում:

Ներդրումային եւ կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների կանոնները կարիք ունեն բարելավման՝ միջազգային լավագույն փորձի ներդրման, ֆոնդերի եկամուտների ավելացման, ինչպես նաեւ կենսաթոշակային խնայողությունների հաշվին տնտեսության ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն իր կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տարեկան հաշվետվություն ստանալու համար անձը պարտավոր է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված դիմում ներկայացնել մասնակիցների ռեեստրը վարողին: Ընդ որում, վերոնշյալ դիմումը անհրաժեշտ է ներկայացնել տեղեկատվությունը ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով ստանալու համար: Դա լրացուցիչ անհարմարություն է ստեղծում այն անձանց համար, ովքեր մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված որեւէ դիմումով ընտրել են տեղեկատվության ստացման էլեկտրոնային եղանակը՝ նշելով իրենց էլեկտրոնային փոստի հասցեները, քանի որ վերջիններս ստիպված են եւս մեկ անգամ դիմում ներկայացնել մասնակիցների ռեեստրը վարողին՝ նշելով էլեկտրոնային փոստի հասցեն:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով նախատեսված մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացվող որոշ դիմումներին կից անհրաժեշտ է նաեւ ներկայացնել համապատասխան փաստաթղթեր տրված նոտարի կամ պետական լիազոր մարմնի կողմից: Ներկայումս մասնակիցների ռեեստրը վարողը վերոնշյալ փաստաթղթերում առկա տեղեկատվությունը ստանում է դիմումատուից, ինչի արդյունքում առկա է դիմումատուի կողմից մասնակիցների ռեեստրը վարողին կեղծ փաստաթղթեր ներկայացնելու ռիսկ: Միեւնույն ժամանակ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն համապատասխան փաստաթղթերում առկա տեղեկատվությունը համարվում է «անձնական տվյալ» եւ փաստաթղթերը տրամադրած մարմինը իրավասու չէ այդ տեղեկատվությունը տրամադրել մասնակիցների ռեեստրը վարողին: Սա խոչընդոտում է զեղծարարության ռիսկը հնարավորինս նվազեցնելու համար գործընթացում ներգրավված իրավասու մարմինների եւ կազմակերպությունների միջեւ տեղեկությունների փոխանակմանը:

«Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածում սահմանված կառավարչի եւ կառավարչի արտաքին աուդիտն իրականացնող անձի միջեւ կնքվող պայմանագրում նախատեսված դրույթները հստակ չեն եւ կարող են տարբեր կերպ մեկնաբանվել, ինչի հետեւանքով կառավարչի կողմից արտաքին աուդիտի համար կատարվող ծախսերը կարող են աճել: Օրինակ, հստակ չէ, թե ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող որ հաշվետվությունների վերաբերյալ պետք է եզրակացություն ներկայացնի արտաքին աուդիտն իրականացնող անձը:

«Կուտակային կենսաթոշակների մասին» եւ «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքներում որոշ հասկացություններ հստակ չեն կամ հակասում են միմյանց, ինչը կարող է տարակարծությունների եւ տարընկալումների տեղիք տալ: Օրենքներում առկա են նաեւ տեխնիկական սխալներ:

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում՝

Միջազգային լավագույն փորձի հիման վրա հստակեցվել է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից ֆոնդի մասնակիցներին պատճառված վնասների հատուցման գործընթացը, այդ թվում՝ կառավարիչների ֆիդուցիար պարտականությունների շրջանակը:

Համաձայն նախագծերի, կառավարիչը եւ պահառուն հնարավորություն կունենան նաեւ հատուցումն իրականացնել համապատասխան ֆոնդին դրամական եղանակով վճարելու միջոցով (օրինակ, երբ վնասը պատճառվել է բոլոր մասնակիցներին): Սա կկրճատի միջոցների ավելորդ հոսքերը, նվազեցնելով գործառնական ռիսկերը: Միասնական մոտեցում է սահմանվում նաեւ ֆոնդերի պահառուների համար:

Նախագծերով հնարավորություն է տրվում ֆոնդի կառավարչին որոշակի աշխատանքային օրերի չհաշվարկելու եւ չհրապարակելու ֆոնդի զուտ ակտիվների արժեքը, եթե դրա հաշվարկումը պատվիրակված է արտասահմանյան կազմակերպության, եւ այդ օրերը նախապես հրապարակվել են կառավարչի ինտերնետային կայքում: Ընդ որում, այդ օրերը կարող են ներառել միայն վերը նշված արտասահմանյան կազմակերպության համար ոչ աշխատանքային օրերը, ինչպես նաեւ շաբաթ եւ կիրակի օրերը (անկախ դրանց աշխատանքային լինելու հանգամանքից):

Նախագծերի համաձայն կենսաթոշակային ֆոնդերը կարող են ներդրումներ կատարել նաեւ նոր թողարկված այնպիսի արժեթղթերում, որոնք ենթակա են ցուցակման ֆոնդային բորսայում, սակայն դեռեւս չեն ցուցակվել: Այս մոտեցումը գործում է այլ ներդրումային ֆոնդերի դեպքում, համապատասխանում է միջազգային փորձին, եւ էական խթան կարող է հանդիսանալ տարբեր կազմակերպությունների կողմից նոր թողարկումների համար:

Տնտեսության համար կենսաթոշակային խնայողությունների հասանելիությունը բարձրացնելու նպատակով բարելավվել են ֆոնդերի ներդրումների սահմանափակումները, ինչը կխթանի զարգացման մեծ ներուժ ունեցող ոլորտներում կենսաթոշակային կուտակումների հաշվին ներդրումները:

Ելնելով ինչպես ցածր, այնպես էլ բարձր եկամուտ ստացող անձանց հավասար իրավունքներ եւ հնարավորություններ ընձեռելու անհրաժեշտությունից՝ նախագծերով հնարավորություն է տրվում բարձր եկամուտ ստացող անձանց կամավորության սկզբունքով կատարելու ներկայիս 25000 դրամը սահմանաչափը գերազանցող չափով սոցիալական վճարներ, որպեսզի կենսաթոշակային հաշվին փոխանցվող գումարը կազմի համախառն եկամտի 10 տոկոսը (կամ որ նույնն է՝ անձը կարող է ընտրել իր նկատմամբ չկիրառելու սոցիալական վճարի համար օրենքով նախատեսված առավելագույն սահմանաչափերը): Անձը կարող է ցանկացած պահի դադարեցնել ավել վճարելը եւ վերադառնալ 25000 դրամ շեմին: Արդյունքում, բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան ձեւավորելու իրենց եկամտին համարժեք կենսաթոշակային խնայողություններ:

Օրենքների նախագծերով հնարավորություն է տրվում անձանց էլեկտրոնային եղանակով ստանալ կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը առանց լրացուցիչ դիմում մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնելու:

Օրենքների նախագծերով կարգավորվել է տեղեկատվության փոխանակման մեխանիզմները մասնակիցների ռեեստրը վարողի եւ նոտարի ու պետական լիազոր մարմնի միջեւ: Նախագծերով հնարավորություն է տրվում վերոնշյալ մարմիններին փոխանակել/տրամադրել պարտադիր կենսաթոշակային համակարգի մասնակիցների վերաբերյալ  անձնական տվյալներ, ինչի արդյունքում հնարավորինս կնվազեցվի զեղծարարության ռիսկը:

Օրենքների նախագծերով հստակեցվում են կառավարչի եւ կառավարչի արտաքին աուդիտն իրականացնող անձի միջեւ կնքվող պայմանագրի բովանդակության նկատմամբ պահանջները:

Նախագծերի ընդունման արդյունքում հստակեցվում են հասկացությունները, ինչպես նաեւ տեխնիկական շտկումներ են կատարվում:

Վերը նշված փոփոխությունները հաշվի են առնում ոչ միայն առկա խնդիրները, այլ միջազգային լավագույն փորձը: Կատարվող փոփոխությունները նպատակ են հետապնդում մեխանիզմներ ստեղծել կենսաթոշակային եւ ներդրումային ֆոնդերի մասնակիցների շահերի լիարժեք պաշտպանության եւ համակարգի նկատմամբ վստահության բարձրացման համար:

Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներ եւ անձինք

Նախագծերի մշակման աշխատանքներին մասնակցել են պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները, ինչպես նաեւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան: