Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-11312-09.12.2016,03.02.2017-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քազաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 968.1-րդ հոդվածում.

1) 1-ին մասում

ա. «դրամական միջոցներ» բառերից հետո լրացնել «կամ այլ գույք» բառերը, «այդ միջոցները» բառերը փոխարինել «այդ գույքը» բառերով, իսկ «ֆոնդի միջոցներին» բառերը փոխարինել «ֆոնդի գույքին» բառերով,

բ. մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ. «Ֆոնդի մասնակցի կողմից ֆոնդի կառավարման պայմանագրով դրամական միջոցներից բացի թույլատրելի է տրամադրել միայն այնպիսի տեսակի գույք, որում տվյալ ֆոնդի կանոնների համաձայն ֆոնդը պատրաստվում է ներդրում կատարել:»,

2) 4-րդ մասում «դրամական միջոցների» բառերից հետո լրացնել «կամ այլ գույքի» բառերը, իսկ «այդ միջոցների» բառերից հետո լրացնել «եւ այդ գույքի» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 968.2-րդ հոդվածի 1-ին մասում «դրամական միջոցները» բառերից հետո լրացնել «եւ ֆոնդի կանոններով նախատեսված լինելու դեպքում նաեւ այնպիսի տեսակի գույքը, որում ներդրումային ֆոնդը պատրաստվում է ներդրում կատարել» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 968.4-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր՝ 2.1-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1) գույքի դիմաց փայ ձեռք բերելու հնարավորության տրամադրման դեպքում՝ գույքի այն տեսակները, որոնց դիմաց կարելի է ձեռք բերել տվյալ ֆոնդի փայերը, այդ գույքի գնահատման կարգը, որը կապահովի գնահատման օբյեկտիվություն.»:

Հոդված 4. Օրենսգրքի 968.9-րդ հոդվածի 1-ին մասում.

1) 1-ին նախադասության «կառավարիչն ապացուցում է, որ» բառերը փոխարինել « կառավարիչը» բառով,

2) 3-րդ նախադասությունը հանել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

«Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է վերոնշյալ օրենքների կիրառման ընթացքում մինչ այժմ ի հայտ եկած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

ՀՀ օրենսդրությամբ ներկայումս նախատեսված ներդրումային ֆոնդերի կառավարիչների ֆիդուցիար պարտականությունների կարգավորումը կարիք ունի բարելավման՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը եւ դրա միտումները:

Օրենքը կառավարչի կողմից պայմանագրային ներդրումային ֆոնդի (այդ թվում՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդի) մասնակիցներին պատճառած վնասի հատուցման համար նախատեսում է միայն վնաս կրած մասնակիցների համար կառավարչի հաշվին փայերի թողարկան տարբերակը՝ անհարկիորեն սահմանափակելով ֆոնդին դրամական միջոցներով հատուցման տարբերակը: Մինչդեռ ուղղակիորեն կենսաթոշակային ֆոնդին դրամական միոցներով հատուցելու տարբերակը միանգամայն տրամաբանական է այն դեպքերում, երբ վնաս կրել են բոլոր մասնակիցները, այլ ոչ թե կոնկրետ մասնակիցներ:

Հստակ չէ նաեւ հատուցման ընթացակարգը, այդ թվում՝ ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկում բացահայտված սխալի ճշգրտման դեպքերում, ինչը նմանատիպ դեպքերի ի հայտ գալու պարագայում կարող է առաջացնել լրացուցիչ խնդիրներ:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, եթե անձի ամսական (տարեկան) համախառն եկամուտը չի գերազանցում 500 000 (6 000 000) դրամը, ապա տվյալ անձի համար կատարվող կուտակային հատկացման չափը կազմում է նրա համախառն եկամտի 10 տոկոսը: Սակայն, եթե անձի ամսական (տարեկան) համախառն եկամուտը գերազանցում է 500 000 (6 000 000) դրամը, ապա օրենքում առկա սոցիալական վճարի առավելագույն չափի սահմանափակումների պայմաններում անձի օգտին կատարվող կուտակային հատկացման չափը կազմում է համախառն եկամտի 10 տոկոսից պակաս: Դա նշանակում է, որ անձը չի կարող կուտակել 10 տոկոս (կատարել 5 տոկոսից ավելի սոցիալական վճար), ինչպես դա արվում է ավելի ցածր եկամուտ ունեցող անձանց դեպքում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլոր պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի դեպքում ֆոնդերի ակտիվների արժեքի հաշվարկը փաստացի իրականացնում են արտասահմանյան կազմակերպություններ, ապա տարվա ընթացքում որոշակի օրերին ֆոնդերի ակտիվների արժեքի հաշվարկը դառնում է խնդրահարույց: Մասնավորապես այն օրերին, երբ Հայաստանում աշխատանքային է, իսկ համապատասխան օտարերկրյա պետությունում՝ ոչ աշխատանքային, օրինակ՝ ՀՀ կառավարության որոշմամբ աշխատանքային օրերի տեղափոխության դեպքերում:

Ներդրումային եւ կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների կանոնները կարիք ունեն բարելավման՝ միջազգային լավագույն փորձի ներդրման, ֆոնդերի եկամուտների ավելացման, ինչպես նաեւ կենսաթոշակային խնայողությունների հաշվին տնտեսության ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն իր կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տարեկան հաշվետվություն ստանալու համար անձը պարտավոր է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված դիմում ներկայացնել մասնակիցների ռեեստրը վարողին: Ընդ որում, վերոնշյալ դիմումը անհրաժեշտ է ներկայացնել տեղեկատվությունը ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով ստանալու համար: Դա լրացուցիչ անհարմարություն է ստեղծում այն անձանց համար, ովքեր մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված որեւէ դիմումով ընտրել են տեղեկատվության ստացման էլեկտրոնային եղանակը՝ նշելով իրենց էլեկտրոնային փոստի հասցեները, քանի որ վերջիններս ստիպված են եւս մեկ անգամ դիմում ներկայացնել մասնակիցների ռեեստրը վարողին՝ նշելով էլեկտրոնային փոստի հասցեն:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով նախատեսված մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացվող որոշ դիմումներին կից անհրաժեշտ է նաեւ ներկայացնել համապատասխան փաստաթղթեր տրված նոտարի կամ պետական լիազոր մարմնի կողմից: Ներկայումս մասնակիցների ռեեստրը վարողը վերոնշյալ փաստաթղթերում առկա տեղեկատվությունը ստանում է դիմումատուից, ինչի արդյունքում առկա է դիմումատուի կողմից մասնակիցների ռեեստրը վարողին կեղծ փաստաթղթեր ներկայացնելու ռիսկ: Միեւնույն ժամանակ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն համապատասխան փաստաթղթերում առկա տեղեկատվությունը համարվում է «անձնական տվյալ» եւ փաստաթղթերը տրամադրած մարմինը իրավասու չէ այդ տեղեկատվությունը տրամադրել մասնակիցների ռեեստրը վարողին: Սա խոչընդոտում է զեղծարարության ռիսկը հնարավորինս նվազեցնելու համար գործընթացում ներգրավված իրավասու մարմինների եւ կազմակերպությունների միջեւ տեղեկությունների փոխանակմանը:

«Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածում սահմանված կառավարչի եւ կառավարչի արտաքին աուդիտն իրականացնող անձի միջեւ կնքվող պայմանագրում նախատեսված դրույթները հստակ չեն եւ կարող են տարբեր կերպ մեկնաբանվել, ինչի հետեւանքով կառավարչի կողմից արտաքին աուդիտի համար կատարվող ծախսերը կարող են աճել: Օրինակ, հստակ չէ, թե ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող որ հաշվետվությունների վերաբերյալ պետք է եզրակացություն ներկայացնի արտաքին աուդիտն իրականացնող անձը:

«Կուտակային կենսաթոշակների մասին» եւ «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքներում որոշ հասկացություններ հստակ չեն կամ հակասում են միմյանց, ինչը կարող է տարակարծությունների եւ տարընկալումների տեղիք տալ: Օրենքներում առկա են նաեւ տեխնիկական սխալներ:

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում՝

Միջազգային լավագույն փորձի հիման վրա հստակեցվել է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից ֆոնդի մասնակիցներին պատճառված վնասների հատուցման գործընթացը, այդ թվում՝ կառավարիչների ֆիդուցիար պարտականությունների շրջանակը:

Համաձայն նախագծերի, կառավարիչը եւ պահառուն հնարավորություն կունենան նաեւ հատուցումն իրականացնել համապատասխան ֆոնդին դրամական եղանակով վճարելու միջոցով (օրինակ, երբ վնասը պատճառվել է բոլոր մասնակիցներին): Սա կկրճատի միջոցների ավելորդ հոսքերը, նվազեցնելով գործառնական ռիսկերը: Միասնական մոտեցում է սահմանվում նաեւ ֆոնդերի պահառուների համար:

Նախագծերով հնարավորություն է տրվում ֆոնդի կառավարչին որոշակի աշխատանքային օրերի չհաշվարկելու եւ չհրապարակելու ֆոնդի զուտ ակտիվների արժեքը, եթե դրա հաշվարկումը պատվիրակված է արտասահմանյան կազմակերպության, եւ այդ օրերը նախապես հրապարակվել են կառավարչի ինտերնետային կայքում: Ընդ որում, այդ օրերը կարող են ներառել միայն վերը նշված արտասահմանյան կազմակերպության համար ոչ աշխատանքային օրերը, ինչպես նաեւ շաբաթ եւ կիրակի օրերը (անկախ դրանց աշխատանքային լինելու հանգամանքից):

Նախագծերի համաձայն կենսաթոշակային ֆոնդերը կարող են ներդրումներ կատարել նաեւ նոր թողարկված այնպիսի արժեթղթերում, որոնք ենթակա են ցուցակման ֆոնդային բորսայում, սակայն դեռեւս չեն ցուցակվել: Այս մոտեցումը գործում է այլ ներդրումային ֆոնդերի դեպքում, համապատասխանում է միջազգային փորձին, եւ էական խթան կարող է հանդիսանալ տարբեր կազմակերպությունների կողմից նոր թողարկումների համար:

Տնտեսության համար կենսաթոշակային խնայողությունների հասանելիությունը բարձրացնելու նպատակով բարելավվել են ֆոնդերի ներդրումների սահմանափակումները, ինչը կխթանի զարգացման մեծ ներուժ ունեցող ոլորտներում կենսաթոշակային կուտակումների հաշվին ներդրումները:

Ելնելով ինչպես ցածր, այնպես էլ բարձր եկամուտ ստացող անձանց հավասար իրավունքներ եւ հնարավորություններ ընձեռելու անհրաժեշտությունից՝ նախագծերով հնարավորություն է տրվում բարձր եկամուտ ստացող անձանց կամավորության սկզբունքով կատարելու ներկայիս 25000 դրամը սահմանաչափը գերազանցող չափով սոցիալական վճարներ, որպեսզի կենսաթոշակային հաշվին փոխանցվող գումարը կազմի համախառն եկամտի 10 տոկոսը (կամ որ նույնն է՝ անձը կարող է ընտրել իր նկատմամբ չկիրառելու սոցիալական վճարի համար օրենքով նախատեսված առավելագույն սահմանաչափերը): Անձը կարող է ցանկացած պահի դադարեցնել ավել վճարելը եւ վերադառնալ 25000 դրամ շեմին: Արդյունքում, բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան ձեւավորելու իրենց եկամտին համարժեք կենսաթոշակային խնայողություններ:

Օրենքների նախագծերով հնարավորություն է տրվում անձանց էլեկտրոնային եղանակով ստանալ կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը առանց լրացուցիչ դիմում մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնելու:

Օրենքների նախագծերով կարգավորվել է տեղեկատվության փոխանակման մեխանիզմները մասնակիցների ռեեստրը վարողի եւ նոտարի ու պետական լիազոր մարմնի միջեւ: Նախագծերով հնարավորություն է տրվում վերոնշյալ մարմիններին փոխանակել/տրամադրել պարտադիր կենսաթոշակային համակարգի մասնակիցների վերաբերյալ  անձնական տվյալներ, ինչի արդյունքում հնարավորինս կնվազեցվի զեղծարարության ռիսկը:

Օրենքների նախագծերով հստակեցվում են կառավարչի եւ կառավարչի արտաքին աուդիտն իրականացնող անձի միջեւ կնքվող պայմանագրի բովանդակության նկատմամբ պահանջները:

Նախագծերի ընդունման արդյունքում հստակեցվում են հասկացությունները, ինչպես նաեւ տեխնիկական շտկումներ են կատարվում:

Վերը նշված փոփոխությունները հաշվի են առնում ոչ միայն առկա խնդիրները, այլ միջազգային լավագույն փորձը: Կատարվող փոփոխությունները նպատակ են հետապնդում մեխանիզմներ ստեղծել կենսաթոշակային եւ ներդրումային ֆոնդերի մասնակիցների շահերի լիարժեք պաշտպանության եւ համակարգի նկատմամբ վստահության բարձրացման համար:

Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներ եւ անձինք

Նախագծերի մշակման աշխատանքներին մասնակցել են պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները, ինչպես նաեւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան: