Armenian ARMSCII Armenian
Կ-11312-09.12.2016,03.02.2017-ՍՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քազաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 968.1-ին հոդվածում.

1) 1-ին մասում՝

ա. «դրամական միջոցներ» բառերից հետո լրացնել «կամ այլ գույք» բառերով, «այդ միջոցները» բառերը փոխարինել «այդ գույքը» բառերով, իսկ «ֆոնդի միջոցներին» բառերը՝ «ֆոնդի գույքին» բառերով,

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ֆոնդի մասնակցի կողմից ֆոնդի կառավարման պայմանագրով, դրամական միջոցներից բացի, թույլատրելի է տրամադրել միայն այնպիսի տեսակի գույք, որում, տվյալ ֆոնդի կանոնների համաձայն, ֆոնդը պատրաստվում է ներդրում կատարել:».

2) 4-րդ մասը «դրամական միջոցների» բառերից հետո լրացնել «կամ այլ գույքի» բառերով, իսկ «այդ միջոցների» բառերից հետո՝ «եւ այդ գույքի» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 968.2-րդ հոդվածի 1-ին մասը «դրամական միջոցները» բառերից հետո լրացնել «եւ ֆոնդի կանոններով նախատեսված լինելու դեպքում նաեւ այնպիսի տեսակի գույքը, որում ներդրումային ֆոնդը պատրաստվում է ներդրում կատարել» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 968.4-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  2.1-ին կետով.

«2.1) գույքի դիմաց փայ ձեռք բերելու հնարավորության տրամադրման դեպքում՝ գույքի այն տեսակները, որոնց դիմաց կարելի է ձեռք բերել տվյալ ֆոնդի փայերը, այդ գույքի գնահատման կարգը, որը կապահովի գնահատման օբյեկտիվություն.»:

Հոդված 4. Օրենսգրքի 968.9-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) առաջին նախադասության «կառավարիչն ապացուցում է, որ» բառերը փոխարինել «կառավարիչը» բառով.

2) երրորդ նախադասությունը հանել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: