Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «- հիդրոէներգետիկայի մասին օրենքի նախագիծը՝ երկու տարվա ընթացքում» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
«ՀՀ ջրային օրենսգրքի» հոդված 121, Անցումային դրույթների 4-րդ կետի համաձայն եւ ՀՀ վարչապետի 16.09.2002թ. N 533-Ա որոշման հավելված N1-ի 9-րդ կետով նախատեսված է «Հիդրոէներգետիկայի մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացումը ՀՀ կառավարություն 2004թ-ի հունվարի 2-րդ տասնօրյակում:
Նախատեսված օրենքը ծառայելու էր Հայաստանի հիդրոէներգետիկ ռեսուրսների արագացված իրացման խթանմանը եւ արդյունքում՝ երկրի էներգետիկ անկախության աստիճանի բարձրացմանը:
Ինչպես ցանկացած երկրի, այնպես էլ Հայաստանի համար, հիդրոէներգետիկ ռեսուրսները դասվում են սեփական վերականգնվող էներգետիկ ռեսուրսների շարքին: Ելնելով նշվածից, մեր կողմից որոշում ընդունվեց դիտարկել հիդրոէներգետիկան որպես վերականգնվող էներգետիկայի բաղկացուցիչ մաս եւ ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել մեկ միավորված օրենքի նախագիծ՝ «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին»՝ ներառելով այն ՀՀ կառավարության 2003թ. գործունեության ծրագրի միջոցառումների ցանկի 128-րդ կետում: Նշված օրենքի նախագիծը ս.թ. մայիսի 25-ին առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից:
Ուստի նպատակահարմար ենք գտնում «ՀՀ ջրային օրենսգրքի» հոդված 121, Անցումային դրույթների 4-րդ կետից հանել «հիդրոէներգետիկայի մասին օրենքի նախագիծը՝ 2 տարվա ընթացքում» բառերը: