Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-003-24.05.2017-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի (այսուհետ` Օրենք) 46-րդ հոդվածի 2-րդ մասում «հեռուստաընկերությունների» բառից հետո լրացնել «կամ ռադիոընկերությունների» բառերը:

Հոդված 2. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետյալ բովանդակությամբ նոր 8-10-րդ մասերով.

«8. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում հանրապետական սփռման հետեւյալ թեմատիկ ուղղվածությամբ ռադիոընկերությունները.

1) Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն սահմանված Հանրային հեռուստառադիոընկերության մեկ ռադիոծրագիր,

2) երեք մասնավոր ռադիոընկերություն` ընդհանուր ուղղվածության.

9. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում մայրաքաղաքային սփռման հետեւյալ թեմատիկ ուղղվածությամբ ռադիոընկերությունները.

1) Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն սահմանված Հանրային հեռուստառադիոընկերության երկու ռադիոծրագիր,

2) մեկ մասնավոր ռադիոընկերություն` ժամանցային ուղղվածության.

3) մեկ մասնավոր ռադիոընկերություն` երիտասարդական ուղղվածության.

4) մեկ մասնավոր ռադիոընկերություն` երաժշտական ուղղվածության.

5) տաս մասնավոր ռադիոընկերություն` ընդհանուր ուղղվածության.

10. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում մարզային սփռման հետեւյալ թեմատիկ ուղղվածությամբ ռադիոընկերությունները. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն սահմանված Հանրային հեռուստառադիոընկերության մեկ ռադիոծրագիր եւ ընդհանուր ուղղվածության երկու մասնավոր ռադիոընկերություն»:

Հոդված 3. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասում «Հեռուստահեռարձակողների» բառը փոխարինել «Հեռուստառադիոհեռարձակողների» բառով, 1-ին մասի 2-րդ կետում «հեռուստածրագրերի» բառը փոխարինել «հեռուստառադիոծրագրերի» բառով, իսկ 2-րդ մասում «հեռուստաընկերության» բառը փոխարինել «հեռուստառադիոընկերության» բառով:

Հոդված 4. Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «հեռուստաընկերության» բառը փոխարինել «հեռուստառադիոընկերության» բառով, 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի «հեռուստաընկերություններին» բառը փոխարինել «հեռուստառադիոընկերություններին» բառով:

Հոդված 5. Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասում «հեռուստաընկերությունները» բառը փոխարինել «հեռուստառադիոընկերությունները» բառով, 4-րդ մասում «հեռուստաընկերության» բառից հետո լրացնել «եւ համապատասխան սփռման եւ ուղղվածության ռադիոընկերության» բառերը:

Հոդված 6. Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հեռահաղորդակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից ներկայացված ռադիոհեռարձակման համար նախատեսված հաճախությունների համաձայն Ազգային հանձնաժողովը 2017 թվականի հուլիսի 20-ից հետո անցկացնում է ռադիոհեռարձակման թվային լիցենզավորման մրցույթ:

Հայաստանի Հանրապետությունում թվային ռադիոհեռարձակման անցման ժամանակ Օրենքի 47-րդ հոդվածի 8-10-րդ մասերում նշված ռադիոընկերությունները պարտավոր են իրենց տեխնիկական միջոցները համապատասխանեցնելու թվային հեռարձակման ցանցով հեռարձակվելու համար: Այս պայմանի ապահովման դեպքում լիցենզավորված ռադիոընկերությունները կգործեն մինչեւ իրենց գործող լիցենզիայի ժամկետի ավարտը»:

Հոդված 7. Եզրափակիչ դրույթներ

1. Սույն Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Ազգային հանձնաժողովը հայտարարում է Օրենքի 47-րդ հոդվածի 8-10-րդ մասերում նշված թեմատիկ ուղղվածությամբ, համապատասխան սփռման եւ քանակի թվային ռադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթ:

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ եւ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հաշվի առնելով որ 2017թ.-ի հուլիսի 20-ին լրանում է գործող ռադիոընկերությունների լիցենզիաների գործողության ժամկետը եւ դրանք մի քանի անգամ արդեն երկարաձգվել են, ինչպես նաեւ ՀՀ-ի ամբողջ տարածքում այդ թվում սահմանամերձ գոտիներում, ռադիոհեռարձակման ապահովման նպատակով՝ անհրաժեշտ է ռադիոհեռարձակման նոր մրցույթներ հայտարարել՝ համաձայն ՀՀ կառավարության կողմից ռադիոհեռարձակման համար նախատեսված հաճախությունների:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի նախաձեռնությունը պայմանավորված է Հայաստանում թվային ռադիոհեռարձակման անցման ժամկետների փոփոխության անհրաժեշտությամբ։

Համաձայն գործող օրենքի, հեռուստահաղորդումների թվային հեռարձակումը գործարկվել է 2010 թվականից, իսկ ռադիո հեռարձակման համար նախատեսվել է անցումային ժամանակաշրջան՝ մինչեւ 2013 թվականի հուլիսի 20-ը, ինչը երկարաձգվել է մինչեւ 2016 թվականի հուլիսի 20-ը, որից հետո երկարաձգվել է եւս մեկ անգամ մինչեւ 2017 թվականի հուլիսի 20-ը։ Նշված ժամանակահատվածում երկարաձգվել են ռադիոհեռարձակում իրականացնող կազմակերպությունների լիցենցիայի գործողության ժամկետները, ինչպես նաեւ պետք է սահմանվեն ռադիոհեռարձակողների լիցենզավորման կարգն ու պայմանները, այդ թվում` ռադիոհեռարձակման լիցենզիաների համար մրցույթի արդյունքում լիցենզավորվող ռադիոընկերությունների թեմատիկ ուղղվածությունն ու քանակը: Գործող օրենսդրությունը հնարավորություն է տալիս ռադիոընկերություններին՝ մինչ նշված պայմանների ապահովումը, նշված ժամեկտում շարունակել գործունեությունը իրենց լիցենզիաների պայմաններին համապատասխան։

Հեռուստառադիոհեռարձակման թվայնացման ոլորտում ընթացող իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ ՀՀ տարածքում ռադիոհեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրումը կապված է տեխնիկական, նյութական եւ ֆինանսական էական դժվարությունների հետ։ Դրանք դեռեւս անհաղթահարելի են թե պետության, թե հեռարձակողների եւ թե սպառողների համար։

Թվայանցման գործընթացում գտնվող նույնիսկ առաջար երկրների մեծ մասում ռադիոհեռարձակման թվայնացումը նույն խնդիրներն ունեն: Դրանք կամ հայտնվել են ճգնաժամի մեջ՝ կորցնելով էական լսարան կամ չեն մեկնարկել։

Դժվարությունները վերաբերում են ոչ միայն թվային ցանցերի ներդման պայմաններին ու ծախսերին, այլ նաեւ յուրաքանչյուր սպառողի, ռադիոունկնդրի անձնական միջոցներին։ Հայտնի է, որ ռադիոընդունիչները շարժական սարքավորումներ լինելուց բացի հիմնականում կիրառվում են ամրակցված տեսքով, որոնց մեջ առավել մասսայականը ավտոմեքենաների ռադիոհանգույցներն են։

Դրանց բոլորի փոխարինումը թվային սարքերով ենթադրում է լրացուցիչ ծախսեր։ Ավելին, ռադիոհեռարձակման մրցույթների հայտարարման արդյունքում հնարավորություն կտրվի նոր ռադիոընկերությունների առաջացմանը, ինչպես նաեւ ռադիոընկերությունների սփռման տարածքների մեծացմանը, ինչը հնարավորություն կտա ռադիոհեռարձակման քանակի եւ որակի բարձրացմանը ՀՀ ամբողջ տարածքում, այդ թվում նաեւ սահմանամերձ տարածքներում:

Հաշվի առնելով վերոնշյալը եւ ռադիոհեռարձակման թվայնացման հետ կապված անցումային ժամկետների ավարտը, օրենսդրական նախաձեռնությունը դառնում է հրատապ:

Օրենսդրական նախաձեռնության շուրջ խորհրդակցել ենք թե պետական եւ թե միջազգային ու տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք ամբողջությամբ կիսում են մեր մտահոգությունները եւ ողջունում նախաձեռնությունը։

Ելնելով վերոգրյալից եւ հիմք ընդունելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 12-րդ մասը՝ պետք է մինչեւ 2017թ-ի հուլիսի 20-ը օրենքով սահմանել ռադիոհեռարձակողների լիցենզավորման կարգն ու պայմանները, ինչը նշված նախագծով սահմանված է:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ 2017թ.-ի հուլիսի 20-ին լրանում է գործող ռադիոընկերությունների լիցենզիաների գործողության ժամկետը եւ դրանք մի քանի անգամ արդեն երկարաձգվել են, ինչպես նաեւ ՀՀ-ի ամբողջ տարածքում, այդ թվում սահմանամերձ գոտիներում, ռադիոհեռարձակման ապահովման նպատակով՝ անհրաժեշտ է ռադիոհեռարձակման նոր մրցույթներ հայտարարել:

Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստացած հեռուստաընկերությունները հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման համար` տարեկան վճարում են շատ ավելի բարձր պետական տուրք այն դեպքում, որ նրանք չեն օգտագործում սահմանափակ ռեսուրս:

Խնդիրը կայանում է նրանում, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունն ուղղված է ռադիոհաղորդումների հեռարձակման համար ավելի արդարացված հարկային բեռի սահմանմանը:



ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

Օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

Եզրակացություն

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

Օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. Օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

Օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների, ինչպես նաեւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք:

Միաժամանակ հաշվի առնելով, որ վերոհիշյալ օրենքի նախագծին կից տեղեկանք-հիմնավորման համաձայն ՀՀ տարածքում ռադիոհեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրումը կապված է տեխնիկական, նյութական եւ ֆինանսական էական դժվարությունների հետ, որոնք վերաբերում են նաեւ թվային ցանցերի ներդման պայմաններին ու ծախսերին, ուստի հայտնում ենք, որ նշված օրենքի նախագծի ընդունումը կարող է բերել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման, որի չափը հնարավոր չէ գնահատել համապատասխան տվյալների բացակայության պատճառով:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է բարձրացնել ռադիոհաղորդումների հեռարձակման համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափերը:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի դրական, իսկ ՀՀ պետական բյուջեի ծախսերի, ինչպես նաեւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է վերանայել ներկայումս ռադիոհաղորդումների հեռարձակման համար սահմանված տարեկան տուրքերի դրույքաչափերը, մասնավորապես.

Հաշվի առնելով վերոգրյալը եւ ուղեկցող գրությամբ ներկայացված դիրքորոշումը` Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են ՀՀ-ում թվային ռադիոհեռարձակման անցման ժամկետների փոփոխության անհրաժեշտությամբ, մասնավորապես` նախատեսվում է սահմանել ռադիոհեռարձակողների լիցենզավորման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ ռադիոհեռարձակման լիցենզիաների համար մրցույթի արդյունքում լիցենզավորվող ռադիոընկերությունների թեմատիկ ուղղվածությունն ու քանակը:

Նախագծերով կարգավորվող շրջանակներն առնչվում են hեռուստառադիոհաղորդումների հեռարձակման բնագավառում մատուցվող ծառայությունների շուկայի հետ, սակայն Նախագծերի ընդունմամբ նշված շուկայում մրցակցային դաշտի վրա զգալի ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով վերոգրյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: