Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի 27.1-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 27.1. Իրավական ակտի կարգավորման ազդեցության գնահատումը
1. Կարգավորման ազդեցության գնահատումն իրավաստեղծ մարմնի կողմից ընդունվող որոշումների արդյունավետությունը հիմնավորող գործիք է: Այն վերլուծության ենթակա խնդրի լուծմանն ուղղված նպատակին հասնելու համար հնարավոր տարբերակների մշակման, դրանց ծախսերի եւ օգուտների հաշվարկման, ազդեցությունների գնահատման եւ համադրման արդյունքում առավել արդյունավետ տարբերակի առաջադրումն է:
Կարգավորման ազդեցության գնահատման ընթացքում իրականացվող հանրային քննարկումը կարգավորման ազդեցության գնահատում իրականացնող մարմնի կողմից վերլուծության ենթակա խնդիրը, դրա լուծման համար առաջադրվող տարբերակները, ինչպես նաեւ դրանց ազդեցությունները, ծախսերն ու օգուտները հանրությանը ներկայացնելու, դրանց շուրջ հանրային կարծիքը բացահայտելու, դիտողություններ եւ առաջարկություններ ստանալու եւ ամփոփելու գործընթաց է:
Կարգավորումը կարգավորող մարմնի միջամտությունն է շուկայի կամ քաղաքացիների գործունեությանը վարվելակերպի պարտադիր կանոններ սահմանելու միջոցով, որը ձեւակերպված է համապատասխան ՀՀ օրենքներով եւ կառավարության որոշումներով:
Վարչարարական բեռը կարգավորման իրականացմամբ պայմանավորված կարգավորող մարմնի եւ կարգավորվողի փողի եւ ժամանակի ծախսերն են:
Կարգավորող մարմինը կարգավորման լիազորություններ ունեցող կառավարման մարմինն է:
Կարգավորվողը կարգավորման ազդեցությունը կրող անձն է:
2. Կարգավորման ազդեցության գնահատումն իր մեջ ներառում է հետեւյալ քայլերի հաջորդականությունը՝
1) Խնդրի սահմանում,
2) Ելակետային սցենարի սահմանում,
3) Նպատակների սահմանում,
4) Տարբերակների մշակում,
5) Տարբերակների ծախսերի եւ օգուտների հաշվարկում,
6) Տարբերակների հնարավոր ազդեցությունների գնահատում,
7) Հանրային քննարկումների իրականացում,
8) Տարբերակների համադրում,
9) Նախընտրելի տարբերակի առաջադրում:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում սահմանված ծախսերի եւ օգուտների հաշվարկը ներառում է՝
1) Կարգավորմամբ պայմանավորված ծախսերի եւ օգուտների հաշվարկը հանրային հատվածի համար,
2) Կարգավորմամբ պայմանավորված ծախսերի եւ օգուտների հաշվարկը մասնավոր հատվածի համար:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում սահմանված ազդեցությունների գնահատումը ներառում է՝
1) Տնտեսական եւ բյուջետային ազդեցություն,
2) Մրցակցության եւ պետական օժանդակության վրա ազդեցություն,
3) Սոցիալական եւ հանրային անվտանգության ազդեցություն,
4) Առողջապահական ազդեցություն,
5) Շրջակա միջավայրի վրա ազդեցություն,
6) Հակակոռուպցիոն ազդեցություն:
5. Կարգավորման ազդեցության գնահատման ենթակա են կարգավորիչ նորմեր պարունակող ՀՀ օրենքների, կառավարության որոշումների, ազգային, ոլորտային եւ տարածքային զարգացման ծրագրերի նախագծերը եւ գործող ՀՀ օրենքները եւ կառավարության որոշումները, որոնք սահմանում են կարգավորիչ նորմեր եւ էականորեն փոփոխում են վարչարարական բեռը:
6. Կարգավորման ազդեցության գնահատման ենթակա չեն կարգավորիչ նորմեր չպարունակող ՀՀ օրենքների, կառավարության որոշումների եւ ազգային, ոլորտային եւ տարածքային զարգացման ծրագրերի նախագծերը եւ գործող ՀՀ օրենքների եւ կառավարության որոշումները, որոնք չեն սահմանում կարգավորիչ նորմեր եւ չեն փոփոխում վարչարարական բեռը:
7. Կարգավորման ազդեցության գնահատման ենթակա չեն ռազմական եւ արտակարգ դրության, պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին որոշումները, տեխնիկական բնույթի փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող ՀՀ օրենքների եւ կառավարության որոշումների նախագծերը, անհետաձգելի համարվող օրենքների նախագծերը:
8. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունն է Հայաստանի Հանրապետության կառավարության բյուջետային ուղերձը:
9. ՀՀ օրենքների, կառավարության որոշումների եւ ծրագրի նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը կազմակերպում է համապատասխան ՀՀ օրենքների, կառավարության որոշումների եւ ծրագրի նախագիծը մշակող մարմինը, իսկ գործող ՀՀ օրենքների եւ կառավարության որոշումների կարգավորման ազդեցության գնահատումը՝ համապատասխան ՀՀ օրենքները եւ կառավարության որոշումները մշակած կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման կամ նշանակած մարմինը:
10. ՀՀ օրենքների, կառավարության որոշումների եւ ծրագրի նախագծի, ինչպես նաեւ գործող ՀՀ օրենքների եւ կառավարության որոշումների կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվում է՝
1) ՀՀ օրենքների եւ կառավարության որոշումների կամ ծրագրի նախագիծը մշակող մարմնի ղեկավարի որոշմամբ,
2) ՀՀ վարչապետի հանձնարարությամբ,
3) ՀՀ կառավարության որոշմամբ:
11. ՀՀ օրենքների, կառավարության որոշումների եւ ծրագրի նախագիծը մշակող մարմնի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ նախագծի, իսկ գործող ՀՀ օրենքների եւ կառավարության որոշումների դեպքում՝ համապատասխան օրենքը եւ կառավարության որոշումը մշակած մարմնի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ ՀՀ օրենքների եւ կառավարության որոշումների կարգավորման ազդեցության գնահատում կարող են իրականացնել նաեւ գիտական, հետազոտական, խորհրդակցական կազմակերպությունները:
12. Կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվում է քառասունհինգ աշխատանքային օրվա ժամկետում: Կարգավորման ազդեցության գնահատման համար սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ տասնհինգ աշխատանքային օրով, որի վերաբերյալ կարգավորման ազդեցության գնահատողը գրավոր տեղեկացնում է իրավաստեղծ մարմնին:
13. Կարգավորման ազդեցության գնահատման ենթակա ՀՀ օրենքների, կառավարության որոշումների եւ ծրագրի նախագծի, ինչպես նաեւ գործող ՀՀ օրենքների եւ կառավարության որոշումների՝ իրավաստեղծ մարմնի կողմից կարգավորման ազդեցության գնահատման իրականացման դեպքում կցվում է կարգավորման ազդեցության գնահատման հաշվետվությունը, որը ներառում է՝
1) Կարգավորման ազդեցության գնահատման ամփոփաթերթը,
2) Տվյալների հավաքագրման ստուգաթերթը,
3) Հանրային քննարկումների անցկացման ստուգաթերթը,
4) Կարգավորմամբ պայմանավորված ծախսերի եւ օգուտների հաշվարկը հանրային եւ մասնավոր հատվածի համար,
5) Կարգավորման ազդեցության գնահատման հաշվետվությունը:
14. ՀՀ օրենքների, կառավարության որոշումների եւ ծրագրի նախագիծը կամ գործող իրավական ակտը, որոնք ենթակա են կարգավորման ազդեցության գնահատման, պարտադիր ներկայացվում են հանրային քննարկման կարգավորման ազդեցության գնահատում իրականացնող մարմնի կողմից:
15. Կարգավորման ազդեցության գնահատման ենթակա ՀՀ օրենքների, կառավարության որոշումների եւ ծրագրի նախագծի կամ գործող ՀՀ օրենքների եւ կառավարության որոշումների վերաբերյալ հանրային քննարկումն իրականացում է կարգավորման ազդեցության գնահատման իրականացման համար սույն օրենքով սահմանված ժամկետում:
16. Կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄԱՆՎՈՐՈՒՄ
«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Տվյալ նախաձեռնության նպատակը ՀՀ-ում ներկայումս գործող անարդյունավետ Կարգավորման ազդեցության գնահատման (այսուհետ՝ ԿԱԳ) համակարգի վերափոխումն է, որի արդյուքնում հնարավորին կլինի արդիականացնել Հայաստանի Հանրապետությունում ԿԱԳ համակարգի ներկայիս կառուցվածքը, ընթացակարգը եւ մեթոդաբանությունը:
ԿԱԳ-ը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում կարգավորիչ բարեփոխումների ռազմավարության ծրագրի հիմնական մասերից մեկը: Ոչ անհրաժեշտ կարգավորումների կրճատումը «Կարգավորիչ Գիլյոտին» ծրագրի միջոցով նպաստեց բազմաթիվ ծախսերի տնտեսմանը (2012-2015), սակայն այն կարող է ունենալ կարճաժամկետ ազդեցություն, եթե կառավարությունը չիրականացնի իրավական ակտերի որակի եւ արդյունավետության մշտական վերահսկողություն՝ կարգավորման ազդեցության գնահատման միջոցով: Արդյունավետ լինելու համար վերահսկողության այս տեսակը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին եւ միեւնույն ժամանակ հարմարեցված լինի երկրի ինստիտուցիոնալ կարողություններին: Կարգավորման ազդեցության գնահատման ժամանակակից համակարգի ներդրումը հանդիսանում է անհրաժեշտ պայման երկրում փաստերի եւ ծախս-օգուտ հաշվարկի վրա հիմնված որոշումների ընդունման համար:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական կարգավորման դաշտում առկա են մոտ 3000 կոնսոլիդացված իրավական ակտեր, որոնք պարունակում են գործարարությանը եւ քաղաքացիներին վերաբերող կարգավորիչ նորմեր պարունակող օրենսդրական ակտեր: Ի լրումն գոյություն ունեցող օրենսդրական ակտերի, ՀՀ կառավարությունն ամեն տարի ընդունում է շուրջ 2000-2500 իրավական ակտեր, որոնցից մոտավորապես 20%-ը պարունակում է ընդհանուր եւ հատուկ բնույթի կարգավորումներ:
ՀՀ-ում ԿԱԳ-ի իրավական հիմքը դրվել է դեռեւա 2008 թվականին «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելով` իրավական ակտերի նախագծերի ազդեցության գնահատման աշխատանքների իրականացման պարտադիր պահանջի սահմանմամբ: Սույն դրույթի գործողությունն իրավական ուժի մեջ է մտել 2011 թվականի հունվարի 1-ից:
Ներկայումս ՀՀ-ում ազդեցության գնահատում իրականացվում է 7 ոլորտներում` 6 նախարարությունների կողմից: Երկրում գործում է ԿԱԳ-ի իրականացման ապակենտրոնացված համակարգ, որի պայմաններում իրավական ակտի նախագիծը նախապատրաստող մարմինը կազմակերպում է նախագծի ազդեցության գնահատումը, այն է՝ իրակավական ակտի նախագիծը տրամադրում է ազդեցության գնահատողին՝ ծախսերի, բնապահպանական, սոցիալական, առողջապահական, տնտեսական, ներառյալ` փոքր եւ միջին ձեռնարկատիրության, մրցակցության, հակակոռուպցիոն, բյուջետային բնագավառներում պարտադիր կարգավորման ազդեցության գնահատումներն իրականացնելու նպատակով:
Նշված ոլորտներում պատասխանատու մարմինները, (ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների, ՀՀ արդարադատության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ՀՀ առողջապահության եւ ՀՀ բնապահպանության նախարարությունները) իրավական ակտի նախագիծը ստանալու պահից 15-օրյա ժամկետում, իրականացնում են ազդեցության գնահատում իրենց ոլորտներում եւ դրա վերաբերյալ կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը ներկայացնում իրավական ակտի նախագիծը նախապատրաստող մարմնին:
Այնուամենայնիվ, համաձայն երկրում գործող պրակտիկայի՝ վերոնշյալ մարմինները չեն իրականացնում կարգավորման ազդեցության համապարփակ գնահատում եւ արդյունքում ստացվում է, որ հիմնականում նախագիծը նախապատրաստող մարմինն ազդեցության գնահատողից ստանում եւ իր նախագծին պարտադիր կցում է ազդեցության գնահատման եզրակացությունը: Արդյունքում, ինչպես փորձը ցույց է տալիս, նշված մարմինների կողմից տրված ազդեցության գնահատումները պարունակում են զուտ ընդհանրական եզրակացություններ: Նշված եզրակացությունները կցվում են բոլոր իրավական ակտերի նախագծերին (պարտադիր պահանջ)՝ առանց հաշվի առնելով նախագծի/ խնդրի մեծությունը, հրատապությունը կամ առաջնահերթությունը, հաշվի չի առնվում այն հանգամանքը, թե արդյոք տվյալ նախագիծը պարունակում է կարգավորիչ նորմեր, թե ոչ, ինչպեա նաեւ չի հաշվարկվում տվյալ նախագծի ընդունման արդյունքում առաջացող վարչարարական բեռը, իսկ դա հնարավորություն չի տալիս նախագիծը նախապատրաստողին եւ ազդեցությունը գնահատողին ապահովելու որակյալ եւ հիմնավորված ԿԱԳ վերլուծություն՝ թեԲ տրամադրվող ԿԱԳ-երի թվաքանակից, եւ թեԲ ժամանակային սղությունից ելնելով:
Բացի այդ, երկրում իրականացվում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ոլորտային ազդեցության գնահատում` միայն ex-ante վերլուծություն, մինչդեռ ԿԱԳ-ն ինքնին ենթադրում է համակարգային մոտեցում, որի նպատակն է իրականացնել ինչպես օրենքների եւ որոշումների նախագծերի ԿԱԳ-ը մինչեւ դրանց ընդունումը (Ex-ante Impact Assessment), այնպես էլ արդեն իսկ գործող օրենքների եւ որոշումների ԿԱԳ իրականացում (Ex-post Impact Assessment).
Նախագիծը նախապատրաստողի կողմից չի իրականացվում խնդրի եւ խնդրից բխող նպատակների սահմանում, ինչպես նաեւ սահմանված խնդրի եւ խնդրից բխող նպատակի/նպատակների լուծմանն ուղղված ալընտրանքների բացահայտում եւ առաջադրում եւ ընտրված այլընտրանքի հիման վրա մշակված նախագծի հնարավոր ազդեցությունների գնահատում, ինչպեա նաեւ ծախսեր-օգուտներ վերլուծության մեթոդներ:
Բացի այդ, երկրում բացակայում է կառավարության կողմից հաստատված կարգավորման ազդեցության գնահատման միասնական մեթոդաբանությունը՝ հստակ սահմանված չափորոշիչներով եւ ցուցիչներով:
Ներկայումս օրենքով ամրագրված ժամկետները եւս բավարար չեն խորը վերլուծությամբ ԿԱԳ եզրակացությունների տրամադրման համար, քանի որ խնդրի վերլուծության, այլընտրանքների բացահայտման, տարբեր ոլորտներում ազդեցությունների գնահատման, ծախսերի ու օգուտների հաշվարկման եւ ԿԱԳ եզրակացությունների տրամադրման համար գործնականում անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ տեղեկավության/ վիճակագրության հավաքագրում, կատարել հետազոտություններ եւ մի շարք վերլուծություններ, կազմակերպել հանդիպումներ եւ խորհրդակցություններ շահառուների հետ, իսկ գործող օրենսդրությամբ ազդեցության գնահատման ժամանակահատվածը սահմանված է 15 օր:
Օրենքով ամրագրված ժամկետները բավարար չեն նաեւ որակյալ հանրային քննարկումների անցկացման համար: Ավելին, հանրային քննարկման է դրվում նախագիծը, այլ ոչ թե խնդիրը, որի լուծման համար այն նախատեսված է, բացի այդ դրանց անցկացման արդյունքները չեն քննվում եւ արտացոլվում նախագիծը նախապատրաստողի կողմից տրամադրվող ԿԱԳ եզրակացությունների մեջ:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում որակյալ եւ արդյունավետ, ինչպես նաեւ երկրի ինստիտուցիոնալ կարողություններին հարմարեցված ԿԱԳ-ի իրականացման համար:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» Հիմնադրամի եւ Հայաստանի Հանրապետության արդարադատութայն նախարարության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել համապատասխան իրավական դաշտը՝ սահմանելով միասնական ԿԱԳ մեթոդաբանություն, որտեղ ԿԱԳ-ի ենթակա գործող ՀՀ օրենքների, կառավարության որոշումների եւ ծրագրերի, ինչպես նաեւ ՀՀ օրենքների, կառավարության որոշումների եւ ծրագրերի նախագծերին պետք է կցվի ԿԱԳ հաշվետվությունը՝ այդ թվում, 1) ամփոփաթերթը, ներառյալ խնդրի սահմանումը, այլընտրանքների առաջադրումը, դրա ազդեցությունների գնահատականը եւ ծախսերի ու օգուտների հաշվարկւը, հանրային քննարկումների արդյունքները եւ նախագծողի կողմից ԿԱԳ վերլուծություն արդյունքում խնդրի լուծման նախընտրելի/արդյունավետ տարբերակը, 2) տվյալների հավաքագրման ստուգաթերթը, 3) հանրային քննարկումների անցկացման ստուգաթերթը, 4) կարգավորմամբ պայմանավորված ծախսերի եւ օգուտների հաշվարկը հանրային եւ մասնավոր հատվածի համար, եւ 5) կարգավորման ազդեցության գնահատման հաշվետվությունը:
Նախագծով կանոնակարգվում է ԿԱԳ-ի իրականացման քայլերի հաջորդականությունը, այդ թվում, խնդրի սահմանում, ելակետային սցենարի սահմանում, նպատակների սահմանում, տարբերակների մշակում, տարբերակների ծախսերի եւ օգուտների հաշվարկում, տարբերակների հնարավոր ազդեցությունների գնահատում, հանրային քննարկումների իրականացում, տարբերակների համադրում, նախընտրելի տարբերակի առաջադրում:
Սահմանվում են ԿԱԳ-ի իրականացման ընթացքում ազդեցության գնահատման ոլորտները, որոնք են՝ Տնտեսական եւ բյուջետային, Մրցակցության եւ պետական օժանդակության վրա, Սոցիալական եւ հանրային անվտանգության, Առողջապահական, Շրջակա միջավայրի վրա, Հակակոռուպցիոն:
Նախագծով հստակ սահմանվում է նաեւ, թե ովքեր են կազմակերպում ՀՀ օրենքների, կառավարության որոշումների եւ ծրագրի նախագծի, ինչպես նաեւ գործող ՀՀ օրենքների եւ կառավարության որոշումների կարգավորման ազդեցության գնահատումը:
Նախագծով սահմանվում է, թե ում կողմից է որոշվում ԿԱԳ-ի իրականացման անհրաժեշտությունն՝ այսպիսով բացառելով այն պարտադիր դրույթը, որ բոլոր ակտերը ենթական են ԿԱԳ-ի: Ըստ այդմ, ՀՀ օրենքների, կառավարության որոշումների եւ ծրագրի նախագծի, ինչպես նաեւ գործող ՀՀ օրենքների եւ կառավարության որոշումների կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվում է ՀՀ օրենքների եւ կառավարության որոշումների կամ ծրագրի նախագիծը մշակող մարմնի ղեկավարի որոշմամբ, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ եւ ՀՀ կառավարության որոշմամբ:
Հստակեցվում է այն ակտերի շրջանակը, որոնց դեպքում պարտադիր է ԿԱԳ-ի իրականացումը, ինչպես նաեւ սահմանվում են այն դեպքերը, որոնց առկայության դեպքում ԿԱԳ չի իրականացվում: Նախագծով առաջարկվող առանցքային փոփոխությունը հանդիսանում է այն հանգամանքը, որ առաջարկվում է ԿԱԳ-ի ենթարկել այն ակտերը, որոնք պարունակում են կարգավորչ նորմեր եւ էականորեն փոփոխում են վարչարարական բեռը:
Նախագծով նաեւ առաջակվում են իրատեսական ժամկետներ ԿԱԳ-ի իրականացման համար՝ 45 օր, ներառյալ հանրային քննարկումների անցկացման ժամկետը, որն անհրաժեշտ է փաստերի եւ վերլուծությունների վրա հիմնված որակյալ ԿԱԳ-ի իրականացման համար:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի վերաբերյալ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման
1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:
Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է կարգավորել ԿԱԳ-երի տրամադրման գործընթացը:
Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
Եզրակացություն
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի թե ընդունումը, թե չընդունումը ՀՀ պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների եկամուտների, ծախսերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխման չի հանգեցնում:
Եզրակացություն
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագիծը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է կարգավորել ԿԱԳ-երի տրամադրման գործընթացը:
Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում: