Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-007-26.05.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է կոռուպցիայի կանխարգելման, շահերի բախման, հայտարարագրման, էթիկայի կանոնների, անհամատեղելիության պահանջների, բարձրաստիճան պաշտոնատար անձի եւ հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների, նվերներ ընդունելու արգելքի, Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի իրավական կարգավիճակի եւ գործառույթների, վարույթների հարուցման եւ իրականացման, սույն օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվության հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Սույն օրենքի նպատակը

1. Սույն օրենքի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ կանխարգելիչ համակարգի սահմանումը, հանրային ծառայողների կարգապահության եւ բարեվարքության ամրապնդումը, շահերի բախման իրավիճակների կանխարգելման եւ կառավարման, հայտարարագրման համակարգի գործուն կառուցակարգերի ամրագրումը, բարձրաստիճան պաշտոնատար անձի եւ հանրային ծառայողի անհամատեղելիության պահանջների եւ վերջիններիս նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների սահմանումը:

Հոդված 3. Կոռուպցիայի կանխարգելումը

1. Սույն օրենքի իմաստով կոռուպցիայի կանխարգելումը կոռուպցիայի հակազդման արդյունավետ, համակարգված քաղաքականության իրականացմանն ուղղված, սույն օրենքով նախատեսված միջոցների գործադրումն է:

2. Սույն օրենքի իմաստով կոռուպցիայի կանխարգելման հարցերով իրավասու մարմինը Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովն է (այսուհետ` Հանձնաժողով):

3. Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների շրջանակում իրականացնում են կոռուպցիայի կանխարգելում:

Հոդված 4. Կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ իրավական ակտերը

1. Կոռուպցիայի կանխարգելման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայով, «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիայով, «Կոռուպցիայի մասին» քաղաքացիական իրավունքի կոնվենցիայով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով (այսուհետ՝ միջազգային պայմանագրեր), սույն օրենքով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով եւ այլ օրենքներով:

ԳԼՈՒԽ 2
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 5. Հանձնաժողովի կարգավիճակը եւ գործունեության սկզբունքները

1. Հանձնաժողովն ինքնավարության, կոլեգիալության, ֆինանսական ինքնուրույնության, հանրային հաշվետվողականության եւ թափանցիկության, համագործակցության եւ քաղաքական չեզոքության սկզբունքների հիման վրա գործող պետական մարմին է:

Հոդված 6. Հանձնաժողովի ինքնավարությունը

1. Հանձնաժողովն իր աշխատանքների կազմակերպման կարգին եւ իր գործունեությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունելիս ինքնավար է:

2. Հանձնաժողովի անկախության երաշխիքները սահմանվում են սույն օրենքով՝ միջազգային պայմանագրերով սահմանված պահանջներին համապատասխան:

Հոդված 7. Հանձնաժողովի կոլեգիալությունը

1. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում եւ որոշումներն ու եզրակացություններն ընդունում է կոլեգիալ:

Հոդված 8. Հանձնաժողովի ֆինանսական ինքնուրույնությունը

1. Հանձնաժողովը ֆինանսավորվում է պետական բյուջեի, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

2. Հանձնաժողովը «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առաջիկա տարվա բյուջետային գործընթացը սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում եւ ՀՀ կառավարություն է ներկայացնում Հանձնաժողովի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (ՀՀ պետական բյուջեով Հանձնաժողովի գծով նախատեսվելիք ծախսերի նախահաշվի նախագիծը)՝ առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար:

3. Հանձնաժողովի բյուջետային ֆինանսավորման հայտը ՀՀ կառավարության կողմից ընդունվելու դեպքում՝ անփոփոխ, իսկ առարկությունների դեպքում՝ փոփոխված, ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում: ՀՀ կառավարությունը Հանձնաժողովի բյուջետային ֆինանսավորման հայտը պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացնում է ՀՀ Ազգային ժողով:

4. Պետական բյուջեի ծախսային մասում Հանձնաժողովի ծախսերը ներկայացվում են առանձին տողով:

Հոդված 9. Հանձնաժողովի գործունեության հանրային հաշվետվողականությունը եւ թափանցիկությունը

1. Հանձնաժողովը յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո` տասնօրյա ժամկետում, հաշվետու ժամանակահատվածի գործունեության վերաբերյալ հաղորդումը տեղադրում է Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում եւ հրապարակում զանգվածային լրատվության միջոցներով:

2. Հանձնաժողովն իր պաշտոնական կայքէջում հրապարակում է իր կողմից հարուցված վարույթների, դրանց արդյունքում կայացվող որոշումների եւ եզրակացությունների, կատարման ենթակա որոշումների ընթացքի վերաբերյալ տեղեկություններ:

3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված տեղեկատվության ցանկը եւ հրապարակման կարգը հաստատում է Հանձնաժողովը:

4. Հանձնաժողովի գործունեության թափանցիկության ապահովման նպատակով Հանձնաժողովին կից գործում է Հասարակական խորհուրդ` խորհրդակցական մարմնի կարգավիճակով, որն իրականացնում է ներքին հասարակական դիտարկում: Հասարակական խորհրդի անդամների ներգրավման եւ գործունեության կարգը հաստատում է Հանձնաժողովը:

5. Հանձնաժողովի նախագահը պարտավոր է յուրաքանչյուր տարի հաշվետվություն ներկայացնել Հասարակական խորհրդին՝ պատասխանելով խորհրդի անդամների հարցերին:

6. Հանձնաժողովում խախտումները եւ լիազորությունների չարաշահումը կանխելու, ռիսկերի կառավարման, հսկողության եւ այլ նպատակներով Հանձնաժողովի նախագահի ենթակայությամբ գործում է ներքին աուդիտի համակարգ:

Հոդված 10. Համագործակցությունը

1. Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում համագործակցում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային եւ այլ կազմակերպությունների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում օժանդակում են Հանձնաժողովի գործառույթների իրականացմանը:

Հոդված 11. Քաղաքական չեզոքությունը

1. Հանձնաժողովն իր գործունեության անկողմնակալությունը երաշխավորելու նպատակով քաղաքական հարցերում պահպանում է չեզոքություն:

Հոդված 12. Հանձնաժողովի կազմը եւ կազմավորման կարգը

1. Հանձնաժողովը կազմված է հինգ անդամներից:

2. Հանձնաժողովի անդամները նշանակվում են Ազգային ժողովի կողմից` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով, վեց տարի ժամկետով: Հանձնաժողովի անդամների նշանակման գործընթացում իրավասու մշտական հանձնաժողովը Ազգային ժողովի պետաիրավական հարցերով իրավասու հանձնաժողովն է:

3. Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել 30 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, հայերենին տիրապետող, բարոյական բարձր հատկանիշներով օժտված, հասարակության կողմից ճանաչված, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով ունի առնվազն 7 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից ոչ պակաս, քան 5-ը հակակոռուպցիոն ոլորտի։ Սույն օրենքի իմաստով հակակոռուպցիոն ոլորտի ստաժ է համարվում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործունեությունը, բարեվարքության (ինթեգրիթի), հանրային ծառայողների էթիկայի ոլորտներում իրականացվող գործունեությունը, ինչպես նաեւ ցանկացած այլ գործունեություն, որի իրականացման համար պահանջվում է հակակոռուպցիոն ոլորտի աշխատանքային ստաժ:

4. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է Հանձնաժողովի նախագահ եւ նախագահի տեղակալ՝ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

5. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Հանձնաժողովի անդամ:

6. Հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել այն անձը, ով՝

1) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության համար՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է հանցագործության համար եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ կամ էլ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.

3) ունի Հանձնաժողովի անդամի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկով նախատեսված հիվանդություն:

7. Սույն օրենքի իմաստով կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են համարվում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված՝ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունները, ինչպես նաեւ այն հանցագործությունները, որոնք կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով:

Հոդված 13. Հանձնաժողովի անդամի անհամատեղելիությունը եւ նրա նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները

1. Հանձնաժողովի անդամը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն` առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից:

2. Հանձնաժողովի անդամը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ:

3. Հանձնաժողովի անդամի վրա տարածվում են սույն օրենքով հանրային ծառայողի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները:

Հոդված 14. Հանձնաժողովի անդամի վարձատրությունը

1. Հանձնաժողովի անդամների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

Հոդված 15. Հանձնաժողովի անդամի անկախությունը եւ անձեռնմխելիությունը

1. Հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս չի ենթարկվում պետական կամ տեղական ինքնակառավարման որեւէ մարմնի կամ պաշտոնատար անձի եւ անկախ է իրեն նշանակած մարմնից։

2. Հանձնաժողովի անդամն իր պաշտոնավարման ընթացքում չի կարող պատասխանատվության ենթարկվել Հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող գործառույթների եւ լիազորությունների իրականացման կապակցությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ նրա արարքում առկա են վարչական իրավախախտման կամ հանցագործության հատկանիշներ:

3. Հանձնաժողովի անդամին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունը քննարկվում եւ Հանձնաժողովի համաձայնությունը տրվում է անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում վճռորոշ է Հանձնաժողովի նախագահի ձայնը: Հանձնաժողովի անդամին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ համաձայնությունը տրվում է ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան միջնորդությունը ստանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովի անդամն առանց Հանձնաժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Հանձնաժողովի անդամին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Հանձնաժողովի նախագահը:

4. Հանձնաժողովի անդամը պարտավոր չէ բացատրություններ տալ Հանձնաժողովի վարույթում գտնվող կամ Հանձնաժողովի կողմից քննարկվող հարցերի կամ փաստաթղթերի էության վերաբերյալ կամ դրանք տրամադրել ծանոթացման այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:

Հոդված 16. Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարումը եւ դադարեցումը

1. Հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետը լրանում է նրա նշանակման օրվան հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը:

2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են`

1) եթե նա մահացել է.

2) եթե նա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

3) եթե դադարեցվել է նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

4) եթե նա դատապարտվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով` դիտավորյալ հանցագործության համար, կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման է դատապարտվել անզգուշությամբ կատարված հանցագործության համար կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով:

3. Հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են,

1) եթե նա պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել Հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն.

2) եթե նա երկարատեւ անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառների հետեւանքով մեկ տարվա ընթացքում բացակայել է Հանձնաժողովի նիստերի առնվազն կեսից (ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքների հաշվառմամբ).

3) մեկ տարվա ընթացքում ավելի քան երկու անգամ անհարգելի բացակայել է հանձնաժողովի նիստերից.

4) խախտել է Հանձնաժողովի անդամի անհամատեղելիության պահանջները.

5) խախտել է քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքը եւ իր նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները:

4. Հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով եւ հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշմամբ սահմանված կարգով:

5. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում Ազգային ժողովը օրենքով սահմանված կարգով նշանակում է Հանձնաժողովի նոր անդամ՝ սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար: Նման դեպքում, եթե պաշտոնավարման մնացած ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա հանձնաժողովի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է նախորդ անդամի մնացած ժամանակահատվածին գումարած վեց տարի։

6. Հանձնաժողովի անդամը կարող է հրաժարական տալ` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

Հոդված 17. Հանձնաժողովի աշխատակազմը

1. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է աշխատակազմի միջոցով:

2. Աշխատակազմի կառուցվածքը, կանոնադրությունը, աշխատողների առավելագույն թիվը եւ հաստիքացուցակը հաստատում է Հանձնաժողովը:

3. Աշխատակազմի աշխատողների վարձատրության, այդ թվում` հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների եւ չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 18. Պետական ծառայությունը Հանձնաժողովի աշխատակազմում

1. Հանձնաժողովի աշխատակազմում մասնագիտական գործունեությունը, բացառությամբ տեխնիկական սպասարկման գործառույթների հետ կապված աշխատանքային գործունեության, քաղաքացիական ծառայություն է, իսկ աշխատակազմում համապատասխան հաստիքներ զբաղեցնող աշխատողները քաղաքացիական ծառայողներ են։

2. Հանձնաժողովի աշխատակազմում ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ԳԼՈՒԽ 3
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 19. Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման կարգը

1. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով:

2. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են անդամներից առնվազն երեքը:

3. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրության մեջ նշվում են համառոտ տեղեկություններ նիստի անցկացման վայրի, ժամանակի, մասնակիցների, օրակարգի, ելույթների եւ քվեարկության արդյունքների վերաբերյալ:

4. Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Հանձնաժողովի նիստ կարող է հրավիրվել Հանձնաժողովի նախագահի կամ առնվազն երկու անդամների պահանջով:

5. Հանձնաժողովն իր սահմանած կարգին համապատասխան հայտարարում է նիստերի անցկացման տեղը եւ ժամանակը, քննարկման ենթակա հարցերը, կարող է հրավիրել շահագրգիռ անձանց՝ նիստերին մասնակցելու նպատակով:

6. Հանձնաժողովը եզրակացություններ է տալիս եւ որոշումներ ընդունում անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:Հանձնաժողովը էթիկայի կանոնների, շահերի բախման, անհամատեղելիության եւ այլ սահմանափակումների խախտման վերաբերյալ տալիս է եզրակացություններ, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված դեպքերում, էթիկայի հանձնաժողովների եզրակացությունների բողոքարկման արդյունքում, ինչպես նաեւ ընթացակարգային հարցերի քննարկման արդյունքում կայացնում որոշումներ:

7. Քվեարկությունից ձեռնպահ մնալը կամ ձայնի փոխանցումը մեկ այլ անդամի չի թույլատրվում:

8. Հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, բացառությամբ՝ վարչական վարույթի արդյունքում կայացվող որոշումների, որոնք ուժի մեջ են մտնում «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

9. Հանձնաժողովի որոշումները (եզրակացությունները) տեղադրվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում կայացման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:

10. Հանձնաժողովի՝ վարչական վարույթի արդյունքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին համապատասխան` դատական կամ վարչական կարգով` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

11. Հանձնաժողովի եզրակացությունները ենթակա չեն բողոքարկման:

12. Հանձնաժողովը իր նիստերի արձանագրությունները, որոշումները եւ եզրակացությունները եռօրյա ժամկետում հրապարակում է Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանմամբ:

Հոդված 20. Հանձնաժողովի նախագահի լիազորությունները

1. Հանձնաժողովի նախագահը`

1) Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում եւ միջազգային կազմակերպություններում (կառույցներում) հանդես է գալիս Հանձնաժողովի անունից, տալիս է Հանձնաժողովի անունից հանդես գալու լիազորագրեր.

2) կազմակերպում է Հանձնաժողովի աշխատանքները.

3) խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին.

4) նախագահում է Հանձնաժողովի նիստերը, հաստատում նիստերի օրակարգը, ստորագրում Հանձնաժողովի որոշումները, եզրակացությունները եւ նիստերի արձանագրությունները.

5) արձակում է հրամաններ.

6) իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

2. Հանձնաժողովի շարունակական գործունեությունն ապահովելու նպատակով Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Հանձնաժողովի նախագահի տեղակալը, վերջինիս բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում` Հանձնաժողովի՝ առավել երկար պաշտոնավարած անդամը, իսկ պաշտոնավարման ժամկետների հավասարության դեպքում՝ Հանձնաժողովի՝ տարիքով ավագ անդամը:

Հոդված 21. Հանձնաժողովի նախագահի տեղակալի լիազորությունները

1. Հանձնաժողովի նախագահի տեղակալը՝

1) փոխարինում է Հանձնաժողովի նախագահին վերջինիս բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում.

2) համակարգում է իրեն հանձնարարված ոլորտներում աշխատանքների կատարման գործընթացը.

3) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում հանդես է գալիս Հանձնաժողովի անունից.

4) իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 22. Հանձնաժողովի անդամը

1. Հանձնաժողովի անդամը՝

1) մասնակցում է Հանձնաժողովի նիստերին.

2) ներկայացնում է առաջարկություն Հանձնաժողովի նիստերի օրակարգում ներառվելիք հարցերի վերաբերյալ.

3) համակարգում է իրեն հանձնարարված ոլորտներում աշխատանքների կատարման գործընթացը.

4) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում հանդես է գալիս Հանձնաժողովի անունից.

5) իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

ԳԼՈՒԽ 4
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 23. Հանձնաժողովի գործառույթները եւ լիազորությունները

1. Հանձնաժողովի գործառույթներն են`

1) մասնակցությունը կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրավական ակտերի նախագծերի, իր իրավասությանն առնչվող ռազմավարությունների եւ ոլորտային ծրագրերի մշակմանը.

2) հանրային ծառայողների եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, բարձրաստիճան պաշտոնատար անձի եւ հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների պահպանմանը, ակտիվների, եկամուտների եւ շահերի հայտարարագրման համակարգերի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

3) իր իրավասության շրջանակում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում կրթական ծրագրերի մշակումը եւ իրականացումը՝ իրավասու մարմինների հետ համագործակցության միջոցով.

4) իր իրավասության շրջանակում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

5) բարձրաստիճան պաշտոնատար անձի (բացառությամբ պատգամավորի, սահմանադրական դատարանի անդամի եւ դատավորի) եւ հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնագրքի ընդունումը.

6) էթիկայի հանձնաժողովների եզրակացությունների բողոքարկման արդյունքում որոշումներ կայացնելը.

7) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի կողմից ընտրված պաշտոնատար անձի կողմից Սահմանադրության պայմաններից որեւէ մեկը խախտելու վերաբերյալ եզրակացություն տրամադրելը.

8) Ազգային ժողովի պատգամավորի կողմից Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու վերաբերյալ եզրակացություն տրամադրելը.

9) բարձրաստիճան պաշտոնատար անձանց (բացառությամբ՝ Ազգային ժողովի պատգամավորների, սահմանադրական դատարանի անդամների եւ դատավորների) շահերի բախման եւ էթիկայի կանոնների, բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեության անհամատեղելիության եւ այլ սահմանափակումների խախտման դեպքերի բացահայտումը եւ դրանց վերացմանն ու կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացումն իրավասու մարմիններին.

10) օրենքով սահմանված դեպքերում քաղաքացիական ծառայողի ծառայողական քննության վարումը.

11 հայտարարագրերի ռեեստրի եւ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց ռեեստրի վարումը.

12) հայտարարագրերի վերլուծության գործընթացի կանոնակարգումը, հայտարարագրերի վերլուծությունը.

13) հայտարարագիրը Հանձնաժողով օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու կամ հայտարարագրի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների եւ հայտարարագրի ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելու կամ հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելը եւ վարչական տույժեր նշանակելը.

14) ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով իր իրավասությանը վերաբերող հարցերի շրջանակում «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկելը:

2. Հանձնաժողովն իր գործառույթներն իրականացնելիս ունի հետեւյալ լիազորությունները՝

1) իր իրավասության շրջանակում մասնակցությունը կոռուպցիայի կանխարգելման ոլորտում հանրային ծառայողների վերապատրաստման ծրագրերի մշակմանը.

2) կոնկրետ իրավիճակում շահերի բախումը կանխարգելելու նպատակով շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու անհրաժեշտության մասին պարզաբանում տրամադրելը.

3) հանրային ծառայողներին էթիկայի հարցերով խորհրդատվություն տրամադրելը.

4) բարձրաստիճան պաշտոնատար անձի գրավոր հարցման հիման վրա նվերների վերաբերյալ սահմանված դրույթների կիրառության վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելը.

5) իր իրավասության շրջանակում շահերի բախման իրավիճակների, էթիկայի կանոնների, գործունեության անհամատեղելիության եւ այլ սահմանափակումների պահպանմանն առնչվող, ինչպես նաեւ Հանձնաժողովի իրավասությանը վերապահված այլ հարցերով ուսումնասիրությունների իրականացումը.

6) իր իրավասության շրջանակում շահերի բախման իրավիճակների, էթիկայի կանոնների, գործունեության անհամատեղելիության եւ այլ սահմանափակումների պահպանմանն առնչվող, ինչպես նաեւ Հանձնաժողովի իրավասությանը վերապահված այլ հարցերով վիճակագրական տվյալների հավաքումը, վերլուծությունը եւ հրապարակումը.

7) վարույթների հարուցումը, իրականացումը, դրանց իրականացման արդյունքում եզրակացություններ տալը եւ իրավասու մարմնին կամ պաշտոնատար անձին խախտում կատարած բարձրաստիճան պաշտոնատար անձին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը.

8) իր իրավասության շրջանակում շահերի բախման իրավիճակների եւ էթիկայի կանոնների բացահայտված խախտումների, գործունեության անհամատեղելիության եւ այլ սահմանափակումների խախտման դեպքերի կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը.

9) հայտարարագրերի ռեեստրի վարման կարգի եւ ձեւանմուշի սահմանումը.

10) հայտարարագրի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների եւ հայտարարագրի ներկայացման կարգի սահմանումը.

11) հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու կարգի սահմանումը.

12) հայտարարագրերի հրապարակումը, հայտարարագրերի ընտրանքային խմբերի որոշումը, ռիսկային չափանիշների սահմանումը.

13) հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց ցանկի ընդլայնման վերաբերյալ իրավասու մարմիններին առաջարկությունների ներկայացումը.

14) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, հիմնարկից կամ այլ կազմակերպություններից կամ դրանց պաշտոնատար անձանցից Հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ նյութեր, փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ պահանջելը եւ ստանալը՝ պետական, ծառայողական, առեւտրային, բանկային եւ այլ գաղտնիքների մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ.

15) իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրանց պաշտոնատար անձանցից (բացառությամբ` Ազգային ժողովի պատգամավորի, ինչպես նաեւ՝ սահմանադրական դատարանի անդամի, դատավորի, քրեական վարույթն իրականացնող մարմինների՝ իրենց վարույթում գտնվող հարցերի առնչությամբ) Հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրության ընթացքում առաջացած, տվյալ մարմնի իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ եւ տեղեկություններ ստանալը.

16) իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, հիմնարկից կամ այլ կազմակերպություններից կամ դրանց պաշտոնատար անձանցից (բացառությամբ` Ազգային ժողովի պատգամավորի, ինչպես նաեւ՝ սահմանադրական դատարանի անդամի, դատավորի, քրեական վարույթն իրականացնող մարմինների՝ իրենց վարույթում գտնվող հարցերի առնչությամբ) Հանձնաժողովում քննարկվող հարցերով բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ ուսումնասիրությունների, փորձագիտական հետազոտությունների անցկացում եւ դրանց արդյունքների ներկայացում պահանջելը.

17) Կենտրոնական դեպոզիտարիայից եւ արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանցից Հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող տեղեկություններ պահանջելն ու ստանալը.

18) Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքի, աշխատակազմի կանոնադրության, աշխատողների առավելագույն թվի եւ հաստիքացուցակի հաստատումը.

19) սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

3. Հանձնաժողովը հայտարարագրերի վերլուծության գործընթացում ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակված տվյալների տեղեկատվական բազաներին հասանելիություն, բացառությամբ՝ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերի:

4. Հանձնաժողովին տրամադրման ենթակա տվյալների ցանկը եւ դրանց տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Հանձնաժողովի պահանջած նյութերը, փաստաթղթերը կամ այլ տեղեկությունները պետք է Հանձնաժողովին տրամադրվեն անվճար եւ հնարավորինս սեղմ ժամկետում՝ Հանձնաժողովի հարցումն ստանալուց հետո` ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ կամ հարցման հասցեատերը Հանձնաժողովի պահանջը կատարելու համար այլ ողջամիտ ժամկետ չի առաջարկում։ Հանձնաժողովին պահանջվող նյութերը տրամադրվում են պետական, ծառայողական, առեւտրային, բանկային եւ այլ գաղտնիքների մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ:

6. Հայտարարագրերի վերլուծության գործընթացում Հանձնաժողովին տրամադրման ենթակա են միայն այն բարձրաստիճան պաշտոնատար անձանց, հանրային ծառայողների եւ վերջիններիս փոխկապակցված անձանց տվյալները, որոնց վերաբերյալ գործերը գտնվում են Հանձնաժողովի վարույթում կամ քննարկվում Հանձնաժողովի կողմից:

7. Հայտարարագրերի վերլուծության գործընթացում Հանձնաժողովն իրավասու չէ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված մարմիններից հայցել եւ ստանալ սույն հոդվածի 4-րդ մասում նշված անձանցից բացի այլ անձանց վերաբերյալ տվյալներ:

8. Հայտարարագրերի վերլուծության գործընթացում Հանձնաժողովին սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված տվյալների տեղեկատվական բազաներին հասանելիությունն ապահովվում է հետեւյալ մարմինների տեղեկատվական բազաներից.

1) ՀՀ արդարադատության նախարարություն՝

ա. ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի իրավաբանական անձանց պետական միասնական էլեկտրոնային գրանցամատյան,

բ. քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային գրանցամատյան,

գ. շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցամատյան.

2) ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն՝

ա. բնակչության պետական ռեգիստր,

բ. ճանապարհային ոստիկանության տրանսպորտային միջոցների հաշվառման համակարգ.

3) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝

ա. անշարժ գույքի գրանցամատյան.

4) ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝

ա. «Պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան» տեղեկատվական բազա,

բ. ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազա.

գ. Նորք սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական եւ իրազեկման կենտրոն հիմնադրամի էլեկտրոնային շտեմարան:

5) ՀՀ գյուղատնտեսության նախարարություն՝

ա. «Գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման ռեեստր» տեղեկատվական բազա.

6) ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝

ա. Հայաստանի Հանրապետությունում հաշվառման ենթակա ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական եւ այլ մեքենամեխանիզմների, երկաթուղային եւ ջրային տրանսպորտային միջոցների հաշվառման մատյաններ.

7) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե՝

ա. «Հարկատու» տեղեկատվական բազա,

բ.անձնավորված հաշվառման տեղեկատվական բազա.

8) ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ՝

ա. մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական էլեկտրոնային համակարգ.

9) ՀՀ ֆինանսների նախարարություն՝

ա. Պետական գնումների պայմանագրերի ռեեստր.

10) ԱՔՌԱ վարկային բյուրո՝

ա. վարկային պատմություն.

11) «Կենտրոնական դեպոզիտարիա եւ արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձինք.

12) Հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններ՝

ա. կոմունալ վճարումների վերաբերյալ տվյալներ.

13) Երեւան քաղաք եւ համայնքներ՝

ա. գույքահարկի վճարների էլեկտրոնային շտեմարան:

9. Հանձնաժողովի անդամներն իրավասու են սահմանված կարգով այցելելու ցանկացած պետական կամ համայնքային հիմնարկ կամ կազմակերպություն, ինչպես նաեւ ծանոթանալու Հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող ցանկացած նյութի եւ փաստաթղթի: Հանձնաժողովի անդամները պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններին կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով։

10. Սույն հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ Հանձնաժողովի համատեղ որոշմամբ: Արժեթղթերով գործարքների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:

11. Հանձնաժողովը կարող է զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել իր հարցմանը չպատասխանած կամ դրա պահանջները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վերաբերյալ հատուկ տեղեկություն` Հանձնաժողովի հարցման եւ դրա վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձանց պատասխանների հետ միասին, եթե սպառվել են համապատասխան մարմնից կամ դրա պաշտոնատար անձից պահանջի բավարարում ստանալու բոլոր հնարավորությունները:

12. Սույն հոդվածի 5-րդ մասով եւ 9-րդ մասով սահմանված լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

Հոդված 24. Մասնակցությունը կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրավական ակտերի նախագծերի, իր իրավասությանն առնչվող ռազմավարությունների եւ ոլորտային ծրագրերի մշակմանը

1. Հանձնաժողովը իր իրավասության շրջանակում՝

1) պետական մարմինների հետ համագործակցության միջոցով մասնակցում է իրավական ակտերի, իր իրավասությանն առնչվող ռազմավարությունների եւ ոլորտային ծրագրերի մշակման աշխատանքներին.

2) իրականացվող ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա առաջարկություններ է ներկայացնում հակակոռուպցիոն ռազմավարությունում եւ ոլորտային ծրագրերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ.

3) իր իրավասությանն առնչվող հարցերով իրականացնում է կոռուպցիային նպաստող պատճառների եւ պայմանների վերլուծություն եւ իրավասու մարմիններին ներկայացնում դրանց վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություններ.

4) կոռուպցիայի կանխարգելման ոլորտում մասնակցում է իրավական ակտերի նախագծերի մշակմանը, ամփոփում իր իրավասությանն առնչվող ոլորտի օրենսդրության կիրառման փորձը, դրա կատարելագործման նպատակով մշակում առաջարկություններ եւ ներկայացնում իրավասու մարմինների քննարկմանը.

5) մասնակցում է հակակոռուպցիոն ոլորտի իրավական ակտերի նախագծերի քննարկմանը.

6) ուսումնասիրում է սահմանված կարգով իրեն ներկայացված իրավական ակտերի նախագծերը եւ դրանց վերաբերյալ տրամադրում իր կարծիքը:

2. Հանձնաժողովն իրավասու է իր պաշտոնական կայքէջում հրապարակել հակակոռուպցիոն ոլորտում իր կողմից իրավասու մարմիններին սույն հոդվածով սահմանված կարգով ներկայացված առաջարկությունների եւ դրանց ընթացքի վերաբերյալ տեղեկություններ:

Հոդված 25. Կոռուպցիայի կանխարգելման ոլորտում կրթական ծրագրերի մշակումը

1. Կոռուպցիայի կանխարգելման հարցերով գիտելիքների ընդլայնման եւ տարածման նպատակով Հանձնաժողովը իր իրավասության շրջանակում`

1) կոռուպցիայի կանխարգելման ոլորտում մշակում է կրթական ծրագրեր եւ համագործակցում Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի հետ.

2) Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնին ներկայացնում է առաջարկություններ.

3) կրթական ծրագրերի իրականացման համար մշակում է ուսումնամեթոդական նյութեր, կազմում, հրապարակում եւ տարածում է ուսումնական-տեղեկատվական նյութեր եւ ուղեցույցներ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված լիազորությունների իրականացման նպատակով Հանձնաժողովն իրավունք ունի իրավասու մարմիններից պահանջել եւ ստանալ անհրաժեշտ կրթական նյութեր եւ փաստաթղթեր:

3. Հանձնաժողովն իրավասու է իր պաշտոնական կայքէջում հրապարակել կոռուպցիայի կանխարգելման հարցերով կրթական ոլորտում իր կողմից իրավասու մարմիններին ներկայացված առաջարկությունների եւ դրանց ընթացքի վերաբերյալ տեղեկություններ:

Հոդված 26. Հակակոռուպցիոն ոլորտում հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը

1. Կոռուպցիայի կանխարգելման ոլորտում հասարակության իրավագիտակցության բարձրացման նպատակով Հանձնաժողովն իրավասու պետական մարմինների հետ համագործակցության միջոցով մշակում եւ հրապարակում է կրթական եւ տեղեկատվական նյութեր, ուղեցույցներ, կազմակերպում կոնֆերանսներ, քննարկումներ եւ սեմինարներ` էթիկայի եւ բարեվարքության վերաբերյալ, ձեռնարկում հանրության շրջանում կոռուպցիայի կանխարգելման բնագավառի գիտելիքների տարածմանը նպաստող այլ միջոցներ՝ անհրաժեշտության դեպքում մշակելով կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ:

2. Հանձնաժողովն իր իրավասության շրջանակներում ապահովում է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված միջոցառումների՝ պատշաճ եւ ժամանակին իրականացումը՝ անհրաժեշտության դեպքում այդ նպատակով դիմելով իրավասու մարմիններին եւ վերջիններիս ցուցաբերելով մեթոդական եւ այլ աջակցություն:

3. Հանձնաժողովն իրավասու է իր պաշտոնական կայքէջում հրապարակել իրավասու մարմինների կողմից սույն հոդվածի առաջին մասով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ տեղեկություններ:

Հոդված 27. Համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովների եզրակացությունների բողոքարկման արդյունքում որոշումներ կայացնելը

1. Էթիկայի կանոնների խախտման, իրավիճակային շահերի բախման, ինչպես նաեւ անհամատեղելիության պահանջների եւ գործունեության սահմանափակումների խախտումների վերաբերյալ համապատասխան մարմինների էթիկայի հանձնաժողովների եզրակացությունները, եթե այդ խախտումներով վարույթներ հարուցելու եւ դրանց իրականացման արդյունքում եզրակացություններ տալու իրավասությունը վերապահված է համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովին, կարող են բողոքարկվել Հանձնաժողով՝ այն հանրային ծառայողի կողմից, որի վերաբերյալ համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովի կողմից տրվել է եզրակացություն:

2. Համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը կարող է բողոքարկվել ստանալու պահից 3-օրյա ժամկետում:

3. Հանձնաժողովը համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ որոշում է կայացնում բողոքը ստանալու պահից 10-օրյա ժամկետում:

4. Համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովի եզրակացության բողոքարկումը կասեցնում է համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովի եզրակացությունից բխող գործողությունների կատարումը:

5. Հանձնաժողովը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բողոք ստանալու դեպքում այդ մասին մեկօրյա ժամկետում ծանուցում է համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովին՝ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջի կատարումն ապահովելու նպատակով:

Հոդված 28. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի կողմից ընտրված պաշտոնատար անձի կողմից Սահմանադրության պայմաններից որեւէ մեկը խախտելու վերաբերյալ եզրակացություն տրամադրելը

1. Հանձնաժողովը Ազգային ժողովի համապատասխան որոշման նախագիծ ներկայացրած խմբակցության միջնորդությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի, Հաշվեքննիչ պալատի, Կենտրոնական բանկի խորհրդի անդամների կողմից Սահմանադրության պայմաններից որեւէ մեկը խախտելու վերաբերյալ տալիս է եզրակացություն՝ սույն օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով:

Հոդված 29. Ազգային ժողովի պատգամավորի կողմից Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու վերաբերյալ եզրակացություն տրամադրելը

1. Ազգային ժողովի պատգամավորի կողմից Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքում Հանձնաժողովն Ազգային ժողով է ներկայացնում պատգամավորի կողմից Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու վերաբերյալ եզրակացություն՝ սույն օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով:

Հոդված 30. Քաղաքացիական ծառայողների ծառայողական քննության վարումը

1. Հանձնաժողովն օրենքով նախատեսված դեպքերում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմիններում իրականացնում է քաղաքացիական ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննություն: Քաղաքացիական ծառայողների ծառայողական քննության անցկացման կարգը սահմանում է Հանձնաժողովը:

2. Ծառայողական քննության արդյունքում Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումներն ունեն պարտադիր բնույթ:

Հոդված 31. Մասնակցությունը կոռուպցիայի կանխարգելման ոլորտում հանրային ծառայողների վերապատրաստման ծրագրերի մշակմանը

1. Օրինավոր եւ բարեխիղճ հանրային ծառայողների դասի ձեւավորման նպատակով հանրային ծառայողների վերապատրաստման ծրագրերում ներառվում են հակակոռուպցիոն դասընթացներ:

2. Հանձնաժողովը հանրային ծառայողների վերապատրաստման գործընթացը կազմակերպող եւ համակարգող իրավասու պետական մարմինների հետ համագործակցության միջոցով՝

1) մասնակցում է հակակոռուպցիոն ոլորտի վերապատրաստման ծրագրերի մշակման գործընթացին եւ դրանց վերաբերյալ տրամադրում կարծիք.

2) ներկայացնում է առաջարկություններ՝ հակակոռուպցիոն ոլորտի վերապատրաստման ծրագրերում դրանք ներառելու նպատակով:

3. Հանձնաժողովն իրավասու է իր պաշտոնական կայքէջում հրապարակել իրավասու մարմինների կողմից սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ տեղեկություններ:

Հոդված 32. Հանձնաժողովի կողմից վիճակագրության վարումը

1. Հանձնաժողովն իր գործունեության արդյունավետությունը, թափանցիկությունը եւ հանրության առջեւ հաշվետվողականությունն ապահովելու նպատակով վարում է վիճակագրություն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Հանձնաժողովը վիճակագրության վարման գործառույթն իրականացնելիս ուսումնասիրություններ է կատարում շահերի բախման իրավիճակների, հայտարարագրման, էթիկայի կանոնների, գործունեության անհամատեղելիության եւ այլ սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ, հավաքում, վերլուծում եւ հրապարակում վիճակագրական տվյալներ:

Հոդված 33. Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված անանուն հաղորդումներով իր իրավասությանը վերաբերող հարցերի շրջանակում «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկելը

1. Հանձնաժողովն ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված անանուն հաղորդումներով իր իրավասությանը վերաբերող հարցերի շրջանակում ձեռնարկում է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքով նախատեսված միջոցներ:

2. Հանձնաժողովն ապահովում է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված անանուն հաղորդումների հետագա ընթացքը՝ Հանձնաժողովի համար մատչելի տեղեկատվության միջոցով ստուգելով դրանց արժանահավատությունը:

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված անանուն հաղորդումների ուսումնասիրության ընթացքում հանցագործության հատկանիշների (առերեւույթ հատկանիշների) առկայության դեպքում Հանձնաժողովն «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում համապատասխան նյութերն ուղարկում է Հայաստանի Հանրապետության դատախազություն:

ԳԼՈՒԽ 5
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

Հոդված 34. Ծառայողական քննության հասկացությունը եւ քննությամբ պարզաբանման ենթակա հանգամանքները

1. Ծառայողական քննությունը «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով, սույն օրենքով, սահմանված դեպքերում եւ Հանձնաժողովի սահմանած կարգով (այսուհետ՝ Կարգ) քաղաքացիական ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննություն է:

2. Ծառայողական քննությամբ պարզաբանման ենթակա հանգամանքներն են`

1) ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ քաղաքացիական ծառայողի կողմից Հանձնաժողով ներկայացված պահանջում նշված` «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից կիրառվելիք կամ կիրառված կարգապահական տույժի, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայողի կողմից կարգապահական խախտում թույլ տալու հիմնավորվածությունը.

2) ծառայողական քննության կողմերի եւ այլ անձանց ունեցած առնչությունն ու մեղավորությունը քաղաքացիական ծառայողի կատարած կարգապահական խախտման դեպքին.

3) ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ Հանձնաժողով ներկայացված դիմումների հիմնավորվածությունը.

4) կարգապահական խախտումների առաջացմանը նպաստող պայմանները.

5) այլ հանգամանքներ, որոնցով սույն կարգով նախատեսված կողմերը հիմնավորում են իրենց դիմումները:

3. Ծառայողական քննության նյութերում հանցագործության եւ վարչական իրավախախտման հատկանիշներ հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովը դիմում է իրավասու պետական մարմիններին, իսկ ծառայողական քննությունը շարունակվում է սահմանված կարգով:

4 . Պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող ծառայողական քննությունն անցկացվում է «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

5. Ծառայողական քննության նյութերին կցվող փաստաթղթերի ձեւանմուշները հաստատում է Հանձնաժողովը:

Հոդված 35. Ծառայողական քննություն անցկացնելու դեպքերը եւ ծառայողական քննություն անցկացնելու դիմումներ ներկայացնելու ժամկետները

1. Ծառայողական քննությունն անցկացվում է`

1) «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ե» կետով նախատեսված` ծառայողական քննություն անցկացնելու մասին քաղաքացիական ծառայողի կողմից Հանձնաժողով համապատասխան գրավոր պահանջ (այսուհետ` դիմում) ներկայացնելու.

2) քաղաքացիական ծառայողի նկատմամբ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու, 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» եւ «դ» կետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու, 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» եւ «զ» կամ «դ» եւ «զ» կետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու, ինչպես նաեւ 32-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու համաձայնություն ստանալու համար «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից Հանձնաժողով դիմում ներկայացնելու դեպքերում.

2. Քաղաքացիական ծառայողն իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի կապակցությամբ իր անհամաձայնության եւ դրանք վերացնելու վերաբերյալ դիմումը պետք է Հանձնաժողով ներկայացնի կարգապահական տույժը կիրառելու օրվանից հաշված մեկ ամսվա ընթացքում:

3. Քաղաքացիական ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու կապակցությամբ իր անհամաձայնության վերաբերյալ դիմումը պետք է Հանձնաժողով ներկայացնի իր նկատմամբ կիրառվելիք կարգապահական տույժի մասին տեղեկանալու եւ այդ կապակցությամբ բացատրություն տալու կամ դրան հաջորդող օրը եւ այդ մասին նշված ժամկետում գրավոր տեղեկացնի կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: Այս դեպքում կասեցվում է կարգապահական տույժ կիրառող համապատասխան պաշտոնատար անձի (այսուհետ` համապատասխան պաշտոնատար անձ) կողմից քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժի կիրառումը` մինչեւ ծառայողական քննության ավարտը եւ Հանձնաժողովի կողմից համապատասխան որոշում կայացնելը:

Հոդված 36. Ծառայողական քննության մասնակիցները, ծառայողական քննությանը մասնակցող անձինք եւ նրանց մասնակցության կարգը

1. Հանձնաժողովը ծառայողական քննությունն անցկացնում է իր աշխատակազմի միջոցով:

2. Ծառայողական քննության մասնակիցներն են`

1) Հանձնաժողովի աշխատակազմը (այսուհետ` ծառայողական քննություն վարող).

2) սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքերով` իր նկատմամբ կիրառվելիք կամ կիրառված կարգապահական տույժերը վերացնելու նպատակով ծառայողական քննություն անցկացնելու դիմում ներկայացրած քաղաքացիական ծառայողը (ծառայողները) եւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող այն պաշտոնատար անձը, ում կողմից կիրառվելիք կամ կիրառված կարգապահական տույժը վերացնելու համար ծառայողական քննություն անցկացնելու դիմում է ներկայացրել քաղաքացիական ծառայողը (այսուհետ` կողմեր).

3) Օրենքով նախատեսված կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող այն պաշտոնատար անձը, ով Հանձնաժողով է ներկայացրել քաղաքացիական ծառայողի նկատմամբ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` կարգապահական տույժերը կիրառելու համաձայնություն ստանալու վերաբերյալ դիմում, ինչպես նաեւ այդ կարգապահական տույժերին ենթակա քաղաքացիական ծառայողները (այսուհետ` կողմեր):

3. Ծառայողական քննությանը մասնակցող անձինք են ծառայողական քննության արդյունքներով չշահագրգռված մասնագետը (այսուհետ` մասնագետ), ծառայողական քննության արդյունքներով չշահագրգռված թարգմանիչը (այսուհետ` թարգմանիչ), ծառայողական քննությանը մասնակցող այլ անձինք, որոնց կարող են հայտնի լինել քննությանը հետաքրքրող հարցերի ու հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ, ինչի կապակցությամբ նրանք, իրենց համաձայնությամբ, տալիս են համապատասխան բացատրություններ կամ մասնակցում են սույն օրենքով նախատեսված այլ գործողությունների:

Հոդված 37. Ծառայողական քննության մասնակիցների եւ ծառայողական քննությանը մասնակցող անձանց իրավական վիճակը

1. Ծառայողական քննություն վարողը լիազորված է` սույն օրենքով սահմանված դեպքերում եւ Հանձնաժողովի սահմանած կարգով`

1) սահմանված ժամկետներում անցկացնել լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ ծառայողական քննություն, կատարել քննությանն առնչվող բոլոր գործողությունները եւ փաստաթղթային ձեւակերպումներ տալ դրանց.

2) Հանձնաժողովի պահանջով պարբերաբար ներկայացնել ծառայողական քննության նյութերը եւ զեկուցել քննության ընթացքը.

3) ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում իրականացնել իրավական ակտերով, ինչպես նաեւ Կարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

2. Կողմը (կողմերը) իրավունք ունի օրենքով սահմանված դեպքերում եւ Հանձնաժողովի սահմանած կարգով`

1) ներկայացնել ծառայողական քննություն անցկացնելու դիմում.

2) ծառայողական քննություն սկսելու պահից ստանալ իր իրավունքների եւ պարտականությունների մասին գրավոր ծանուցում.

3) ստանալ ծառայողական քննության անցկացման կապակցությամբ Հանձնաժողովի որոշումների պատճենները, որոնք կարող են բողոքարկվել դատական կարգով.

4) ծառայողական քննության ցանկացած փուլում միջնորդություններ ներկայացնել` առանձին գործողություններ կատարելու, ինչպես նաեւ ծառայողական քննության նյութերին իր դիմումը հիմնավորող` փաստական տվյալներ կցելու եւ դրանց ընթացք տալու վերաբերյալ.

5) ծառայողական քննության ցանկացած փուլում գրավոր դիմում ներկայացնելով` հետ վերցնել ծառայողական քննություն անցկացնելու մասին իր դիմումը.

6) տալ բացատրություններ (լրացուցիչ բացատրություններ).

7) ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին եւ դրանց կապակցությամբ դիտողություններ ներկայացնել, որոնք հաշվի չառնելը բողոքարկման ենթակա չէ.

8) ծառայողական քննությունն ավարտվելուց հետո ծանոթանալ քննության նյութերին, դրանց կապակցությամբ ներկայացնել միջնորդություններ:

3. Կողմը (կողմերը) պարտավոր է`

1) ծառայողական քննություն վարողի պահանջով ներկայանալ քննության կատարման վայր եւ տալ բացատրություններ (լրացուցիչ բացատրություններ), մասնակցել այլ անհրաժեշտ գործողությունների եւ ստորագրությամբ հաստատել դրանց կապակցությամբ կազմված արձանագրությունների (տեղեկանքների) ճշտությունը, իսկ չստորագրելու դեպքում` ներկայացնել գրավոր պատճառաբանություն.

2) ծառայողական քննություն վարողի պահանջով ներկայացնել քննության համար անհրաժեշտ իր մոտ եղած առարկաները եւ փաստաթղթերը.

3) ենթարկվել ծառայողական քննություն վարողի` օրենքով եւ Կարգով նախատեսված պահանջներին:

4. Ծառայողական քննության ընթացքում կողմերն ունեն նաեւ օրենքով նախատեսված այլ իրավունքներ ու պարտականություններ:

5. Մասնագետի եւ թարգմանչի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Կարգով:

6. Ծառայողական քննությանը մասնակցող այլ անձինք իրավունք ունեն օրենքով սահմանված դեպքերում եւ Հանձնաժողովի սահմանած կարգով`

1) տեղեկանալ, թե ինչ նպատակով են կանչվել ծառայողական քննություն վարողի կողմից.

2) ծանոթանալ իրենց մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին եւ դրանց կապակցությամբ դիտողություններ ներկայացնել, որոնք հաշվի չառնելը բողոքարկման ենթակա չէ.

3) տրամադրել ծառայողական քննության համար անհրաժեշտ իրենց մոտ եղած առարկաներն ու փաստաթղթերը.

4) տալ բացատրություններ եւ անձամբ շարադրել դրանք:

7. Ծառայողական քննությանը մասնակցող այլ անձինք պարտավոր են ստորագրությամբ հաստատել իրենց մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության եւ արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրություններում (տեղեկանքներում) եղած գրառումների լրիվությունն ու ճշտությունը, իսկ չստորագրելու դեպքում` ներկայացնել գրավոր պատճառաբանություններ:

8. Ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննությանը մասնակցող այլ անձինք ունեն նաեւ օրենքով իրենց վերապահված այլ իրավունքներ եւ պարտականություններ:

Հոդված 38. Ծառայողական քննության նշանակման եւ անցկացման կարգը

1. Սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում կարգապահական տույժեր կիրառելու համաձայնություն ստանալու համար ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ համապատասխան պաշտոնատար անձի դիմումին կից պետք է ներկայացվեն հետեւյալ փաստաթղթերը.

1) քաղաքացիական ծառայողի կողմից կատարված կարգապահական խախտումը հայտնաբերելու մասին վկայող փաստաթուղթը.

2) կարգապահական խախտման վերաբերյալ քաղաքացիական ծառայողից վերցված գրավոր բացատրությունը.

3) կարգապահական խախտումը հայտնաբերելու պահին նախորդած մեկ տարվա ընթացքում քաղաքացիական ծառայողին կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ համապատասխան իրավական ակտի պատճենը, ինչպես նաեւ այդ տույժի հետ կապված քաղաքացիական ծառայողից վերցված գրավոր բացատրության պատճենը.

4) քաղաքացիական ծառայողի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պատճենը.

5) քաղաքացիական ծառայողի կողմից կատարած աշխատանքների մասին վերջին մեկ տարվա հաշվետվությունների ու դրանց վերաբերյալ նրա անմիջական ղեկավարի եզրակացությունների կամ քաղաքացիական ծառայողի վերջին երկու կիսամյակների աշխատանքային ծրագրերի եւ կիսամյակային կատարողականների գնահատականների պատճենները.

6) քաղաքացիական ծառայության ավելի բարձր դասային աստիճան շնորհելու մասին համապատասխան իրավական ակտի պատճենը.

7) այլ անհրաժեշտ փաստաթղթեր (դրանց պատճենները):

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում Հանձնաժողովի պահանջով եռօրյա ժամկետում դրանք ենթակա են համալրման համապատասխան պաշտոնատար անձի կողմից:

3. Ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ քաղաքացիական ծառայողների եւ համապատասխան պաշտոնատար անձանց ներկայացրած դիմումները մերժվում են, եւ դրանց կապակցությամբ ծառայողական քննություններ չեն անցկացվում, եթե`

1) ծառայողական քննություն անցկացնելու դիմում ներկայացնելու օրից եռօրյա ժամկետում ծագում է սույն օրենքով նախատեսված ծառայողական քննության դադարեցման հիմքերից մեկը կամ պարզվում է, որ առկա է այդպիսի հիմք.

2) ծառայողական քննություն անցկացնելու դիմումում հիշատակված են սույն օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված դեպքերին չվերաբերող դեպքեր.

3) քաղաքացիական ծառայողի կողմից ծառայողական քննություն անցկացնելու դիմումը ներկայացվել է սույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետների խախտմամբ.

4) քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու համաձայնություն ստանալու նպատակով ծառայողական քննություն անցկացնելու դիմումը ներկայացվել է նախատեսված ժամկետների խախտմամբ.

5) քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու համաձայնություն ստանալու նպատակով ծառայողական քննություն անցկացնելու դիմումը ներկայացվել է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ կամ երրորդ պարբերություններում նշված ժամկետները լրանալուց հետո.

6) քաղաքացիական ծառայողը կամ համապատասխան պաշտոնատար անձը իր դիմումում նշված դեպքերի կապակցությամբ արդեն դիմել է Հանձնաժողով կամ դատարան, կամ առկա են դրանց վերաբերյալ Հանձնաժողովի կամ դատարանի համապատասխան որոշումներ:

4. Ծառայողական քննությունն սկսվում է Հանձնաժողովի որոշմամբ: Որոշման մեջ նշվում են տվյալներ ծառայողական քննություն վարող անձի (անձանց) մասին:

5. Տարբեր ժամկետներում ծառայողական քննության միեւնույն կողմերի կամ միեւնույն կարգապահական խախտման վերաբերյալ տարբեր կողմերի ներկայացրած դիմումների դեպքում ծառայողական քննության նյութերը Հանձնաժողովի որոշմամբ կարող են միացվել: Այդ դեպքում անցկացվում է մեկ ծառայողական քննություն:

6. Ծառայողական քննությունն անցկացվում է մեկամսյա ժամկետում, որը հաշվվում է քննություն անցկացնելու մասին Հանձնաժողովի կողմից որոշում ընդունելու պահից: Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում մեկամսյա ժամկետը հաշվվում է կողմերի դիմումների հիման վրա ծառայողական քննություն անցկացնելու մասին Հանձնաժողովի ավելի վաղ ընդունած որոշման պահից:

7. Ծառայողական քննությունն անցկացվում է Հանձնաժողովի վարչական շենքում, իսկ ըստ անհրաժեշտության` համապատասխան մարմնի վարչական շենքում:

8. Ծառայողական քննության մեծածավալության, բարդության կամ այլ անհրաժեշտությունից ելնելով, քննության ժամկետի ավարտից երկու օր առաջ, ծառայողական քննություն վարողի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա, Հանձնաժողովը որոշում է կայացնում քննության ժամկետը մինչեւ 15 օր տեւողությամբ երկարացնելու մասին, որում նշվում են ժամկետի երկարացման անհրաժեշտությունը հիմնավորող կատարվելիք գործողությունները: Ծառայողական քննության ժամկետը երկարացնելու մասին զեկուցագրի հետ համաձայն չլինելու դեպքում Հանձնաժողովը որոշում է կայացնում` հիմնական ժամկետում ծառայողական քննությունը սահմանված կարգով ավարտելու մասին:

9. Ծառայողական քննությունը կատարվում է ծառայողական քննություն անցկացնելու մասին կողմերի ներկայացրած դիմումներում նշված հանգամանքների սահմաններում:

10. Ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննություն վարողը ստուգում եւ գնահատում է սույն օրենքով նախատեսված գործողությունների կատարմամբ հավաքված փաստական տվյալները:

11. Ծառայողական քննության նյութերին թույլատրվում է կցել հետեւյալ փաստական տվյալները.

1) կողմերի, ծառայողական քննությանը մասնակցող այլ անձանց, ինչպես նաեւ մասնագետի, թարգմանչի բացատրությունները (լրացուցիչ բացատրությունները): Բացատրություններ (լրացուցիչ բացատրություններ) վերցվում են այն անձանցից, ովքեր կարող են տեղեկություններ ունենալ ծառայողական քննություն անցկացնելու դիմումներում նշված եւ պարզաբանման ենթակա այլ հանգամանքների մասին։ Բացատրությունների կապակցությամբ կազմվում են գրավոր արձանագրություններ: Բացատրություն տվողը ծանոթանում է բացատրության արձանագրությանը, այդ մասին նշում է կատարում դրանում եւ բացատրություն վերցնողի հետ միասին ստորագրում յուրաքանչյուր էջը: Բացատրության արձանագրության բոլոր էջերը ստորագրում են նաեւ բացատրություն վերցնելուն մասնակցած թարգմանիչը եւ այլ անձինք: Բացատրություն տալուց, արձանագրությունը ստորագրելուց բացատրություն տվողի հրաժարվելու, ինչպես նաեւ ֆիզիկապես ոչ լիարժեքության կամ անգրագիտության հետեւանքով արձանագրությունն անձամբ ստորագրելու հնարավորությունից բացատրություն տվողի զրկված լինելու դեպքում բացատրություն վերցնողն այդ մասին նշում է կատարում արձանագրությունում, որը հաստատվում է նրա եւ ծառայողական քննությամբ չշահագրգռված այլ անձի ստորագրություններով.

2) զննության արձանագրությունները: Ծառայողական քննության ընթացքում ծագած առանձին հարցերի պարզաբանման, ինչպես նաեւ պաշտոնական փաստաթղթերում եղած տեղեկությունները ամրագրելու եւ դրանց պատճենները ծառայողական քննության նյութերին կցելու անհրաժեշտությունից ելնելով` ծառայողական քննություն վարողը լիազորված է կատարել փաստաթղթերի, առարկաների, աշխատավայրի զննություններ, որոնց կապակցությամբ կազմվում են գրավոր արձանագրություններ: Զննություն կատարվում է նաեւ այն դեպքերում, երբ ուսումնասիրության ենթակա փաստաթղթերի ամենօրյա օգտագործման անհրաժեշտությունից, մեծածավալությունից ելնելով` նպատակահարմար չէ դրանք կցել ծառայողական քննության նյութերին: Զննության արձանագրություն է կազմվում նաեւ այն դեպքերում, երբ կողմերը ներկայացնում են իրենց կողմից նշված փաստարկները հիմնավորող փաստաթղթեր եւ առարկաներ.

3) սահմանված կարգով կազմված տեղեկանքները, որոնք կազմվում են առանձին փաստերի, հանգամանքների առկայությունը, գործողությունների կատարմանը մասնակցելու ենթակա անձանց բացակայությունը, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված առանձին գործողությունների կատարման անհնարինությունը փաստելու վերաբերյալ: Տեղեկանքում նշվում են այն կազմելու վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը: Տեղեկանքը ստորագրվում է կազմողի եւ ներկա գտնվողների կողմից: Տեղեկանքին որպես հավելվածներ կարող են կցվել փաստաթղթերի բնօրինակներ եւ պատճեններ.

4) ծառայողական քննությամբ պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ համապատասխան եւ այլ մարմիններին Հանձնաժողովի նախագահի հարցումների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայողական եւ այլ գաղտնիք կազմող տեղեկությունների), դրանց պատասխանների եւ այլ փաստաթղթերի պատճենները, ինչպես նաեւ ծառայողական քննությանը մասնակցող մասնագետների գրավոր կարծիքները, որոնք վերաբերում են կարգապահական խախտումների կատարման հանգամանքներին, աշխատանքում քաղաքացիական ծառայողի դրսեւորած վարքագծի եւ ծառայողական պարտականությունների առանձնահատկություններին, քաղաքացիական ծառայողին մեկ տարվա ընթացքում կարգապահական տույժի ենթարկելուն եւ այլ տեղեկությունների.

5) Հանձնաժողովի կողմից հաստատվող ծառայողական քննության նյութերին կցվող փաստաթղթերի ձեւանմուշները:

12. Օրենքով սահմանված դեպքերում եւ Հանձնաժողովի սահմանած կարգով բացատրություններ տալու կամ այլ գործողություններին մասնակցելու համար կողմերը, ծառայողական քննությանը մասնակցող այլ անձինք, մասնագետն ու թարգմանիչը ծառայողական քննություն վարողի կողմից կարող են կանչվել ծանուցագրով, որը ստորագրությամբ հանձնվում է նրանց, իսկ վերջիններիս բացակայության դեպքում` նրանց է փոխանցվում իրենց աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմի միջոցով, ինչպես նաեւ` ըստ բնակության վայրի: Նրանք կարող են կանչվել նաեւ հեռախոսով, հեռատիպով, հեռագրով եւ կապի այլ միջոցներով:

13. Ծառայողական քննության ընթացքն ու արդյունքները ծառայողական քննություն վարողի կողմից պետք է գրանցվեն արձանագրություններում եւ այլ գրավոր փաստաթղթերում, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում դրանց կցված հավելվածներում: Արձանագրությունները թույլատրվում է կազմել ձեռագիր կամ մեքենագիր` արձանագրման համար օգտագործելով մեխանիկական միջոցներ կամ էլեկտրոնային տեխնիկա: Ծառայողական քննության ընթացքն ու արդյունքները արձանագրող փաստաթղթերը պետք է կազմվեն այնպես, որ ապահովվի դրանց բովանդակության հստակ ընկալումը:

14. Ծառայողական քննության հիմքում չեն կարող դրվել եւ օգտագործվել այն փաստական տվյալները, որոնք ձեռք են բերվել`

1) բռնությամբ, սպառնալիքով, խաբեությամբ կամ այլ անօրինական գործողություններով.

2) տվյալ գործողությունը կատարելու իրավունք չունեցող անձի կողմից.

3) օրենքի եւ Կարգի պահանջների խախտմամբ։

15. Ծառայողական քննությամբ հավաքված փաստական տվյալները ենթակա են բազմակողմանի եւ օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված այլ տվյալների վերլուծության, դրանց հետ համադրելու միջոցով:

16. Քաղաքացիական ծառայողի կողմից կարգապահական խախտումներ կատարելու մասին հետեւությունները չեն կարող հիմնվել ենթադրությունների վրա: Այդ հետեւությունները պետք է հաստատվեն ծառայողական քննությանը վերաբերող փոխկապակցված եւ հավաստի փաստական տվյալների բավարար ամբողջությամբ:

17. Ծառայողական քննության ընթացքում օրենքով եւ Կարգով նախատեսված գործողություններ կատարելու, ինչպես նաեւ քննության նյութերին իրենց դիմումը հիմնավորող գրավոր փաստական տվյալներ կցելու, դրանց ընթացք տալու վերաբերյալ կողմերը կարող են ներկայացնել միջնորդություններ: Ծառայողական քննություն վարողը միջնորդությունները քննարկում է մեկօրյա ժամկետում:

18. Միջնորդությունների հետ լրիվ կամ մասնակիորեն համաձայն լինելու դեպքում ծառայողական քննություն վարողը այդ մասին գրավոր պատասխան է ներկայացնում կողմերին եւ դրանցում նշված գործողությունները կատարում է օրենքի եւ Կարգի պահանջների պահպանմամբ: Միջնորդություններում նշված պահանջների կատարումը լրիվ մերժելու դեպքում գրավոր պատճառաբանված պատասխան է տրվում կողմերին:

19. Ծառայողական քննություն վարողի գրավոր պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում կողմերը, պատասխանն ստանալու պահից մեկօրյա ժամկետում, կարող են այն բողոքարկել Հանձնաժողով: Բողոքը ստանալու պահից մեկօրյա ժամկետում Հանձնաժողովը կայացնում է համապատասխան որոշում: Հանձնաժողովի որոշման պատճենը հանձնվում կամ ուղարկվում է միջնորդություն ներկայացրած կողմին:

20. Միջնորդությունների քննարկումը, ինչպես նաեւ դրանց կապակցությամբ կողմերին տրված գրավոր պատասխանների բողոքարկումը չեն կասեցնում ծառայողական քննության ժամկետը:

Հոդված 39. Ծառայողական քննության դադարեցումը

1. Ծառայողական քննությունը ցանկացած փուլում դադարեցվում է, եթե`

1) կողմերն իրենց ներկայացրած դիմումից հրաժարվելու վերաբերյալ գրավոր դիմում են ներկայացնում Հանձնաժողով.

2) քաղաքացիական ծառայողը տվել է գրավոր համաձայնություն իր նկատմամբ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխան կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ.

3) սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքով դիմում ներկայացրած քաղաքացիական ծառայողը մահացել է.

4) սույն օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված դեպքերում քաղաքացիական ծառայողը դադարել է քաղաքացիական ծառայող համարվելուց:

2. Ծառայողական քննությունը դադարեցնելու վերաբերյալ ծառայողական քննություն վարողի կողմից կազմվում է եզրակացություն, որը ներկայացվում է Հանձնաժողովի քննարկմանը: Այս դեպքում ծառայողական քննության անավարտ նյութերը ծանոթանալու համար կողմերին չեն տրամադրվում, եւ նրանք միջնորդություններ չեն կարող ներկայացնել:

3. Հանձնաժողովը եզրակացությունը քննարկում է եւ կայացնում համապատասխան որոշում, որի պատճենը եռօրյա ժամկետում տրվում է կողմերին:

4. Ծառայողական քննությունը դադարեցված է համարվում Հանձնաժողովի կողմից համապատասխան որոշում կայացնելու պահից:

Հոդված 40. Ծառայողական քննության ավարտը եւ արդյունքների ձեւակերպումը

1. Ծառայողական քննության անցկացումն ավարտված է համարվում ծառայողական քննություն վարողի կողմից այդ մասին կողմերին հայտնելու եւ ծանոթանալու համար նյութերը տրամադրելու պահից, ինչի վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն:

2. Ծառայողական քննության նյութերին ծանոթանալու համար կողմերին տրվում է երկօրյա ժամկետ: Ծառայողական քննության նյութերը ծանոթացման համար կողմերին ներկայացվում են համարակալված եւ կարված վիճակում:Նյութերին ծանոթանալիս կողմերը կարող են առկա փաստաթղթերից դուրսգրումներ անել:

3. Ծառայողական քննության նյութերին ծանոթանալիս կամ այդ կապակցությամբ կազմված արձանագրությունը ստորագրելուց կողմերի հրաժարվելու դեպքում, ծառայողական քննություն վարողը պատճառների մասին համապատասխան գրառում է կատարում արձանագրության մեջ:

4. Ծառայողական քննության նյութերին ծանոթանալուց հետո կողմերը կարող են մեկօրյա ժամկետում ներկայացնել գրավոր միջնորդություններ` լրացուցիչ գործողություններ կատարելու, նյութերին փաստական տվյալներ կցելու վերաբերյալ: Ծառայողական քննություն վարողը պարտավոր է մեկօրյա ժամկետում քննարկել եւ լուծել միջնորդությունները: Միջնորդությունների հետ լրիվ կամ մասնակիորեն համաձայն լինելու դեպքում ծառայողական քննություն վարողը ծառայողական քննության մնացած ժամկետի սահմաններում, սույն կարգի պահանջների պահպանմամբ, վերսկսում է քննությունը եւ կատարում միջնորդությունում նշված գործողությունները, ինչի մասին գրավոր տեղեկացնում է կողմերին:Ծառայողական քննության մնացած ժամկետը չբավականացնելու դեպքում այն երկարացվում է Կարգով սահմանված հիմքերով եւ տեւողությամբ, իսկ քննության ընթացքում երկարացված ժամկետը լրացած լինելու դեպքում միջնորդություններում նշված գործողությունները չեն կատարվում:Միջնորդությունները լրիվ մերժելու դեպքում այդ մասին գրավոր պատասխան է տրվում կողմերին:Միջնորդությունները լրիվ կամ մասնակիորեն մերժելու դեպքերում դրանք կարող են բողոքարկվել Հանձնաժողովին, որը կայացնում է համապատասխան որոշում:

5. Կողմերի միջնորդությունները լրիվ կամ մասնակիորեն բավարարելու եւ դրանց հիման վրա նոր գործողություններ կատարելու դեպքում, անկախ այն բանից, թե ով է ներկայացրել միջնորդությունը, ծառայողական քննություն վարողը կողմերին հնարավորություն է ընձեռում սահմանված կարգով կրկին ծանոթանալու նյութերին` լրացված գործողությունների մասով, որի ժամանակ միջնորդություններ չեն կարող ներկայացվել:

6. Ծառայողական քննության արդյունքներն ամփոփվում են քննության անցկացման՝ սույն օրենքով սահմանված ժամկետում կամ ժամկետի (այդ թվում նաեւ երկարացված ժամկետի) ավարտման օրը` ծառայողական քննություն վարողի կողմից երկօրյա ժամկետում կազմված եզրակացությամբ:

7. Ծառայողական քննության եզրակացությունը բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական եւ եզրափակիչ մասերից, որոնցից`

1) ներածական մասում շարադրվում են տվյալներ`

ա. եզրակացությունը կազմելու վայրի եւ տարվա, ամսվա եւ ամսաթվի, կազմողի անվան, ազգանվան, զբաղեցրած պաշտոնի, դասային աստիճանի վերաբերյալ.

բ. ծառայողական քննությունը սկսելու եւ ավարտելու ժամկետների, դեպքերի մասին.

2) նկարագրական-պատճառաբանական մասում շարադրվում են տվյալներ`

ա. ծառայողական քննությամբ պարզված հանգամանքների.

բ. քաղաքացիական ծառայողի կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու.

գ. կողմերին բնութագրող այլ հանգամանքների.

դ. կողմի մեղավորությունը հաստատող փաստական տվյալների, ի պաշտպանություն նրան բերվող փաստարկների բովանդակության մասին` նշելով համապատասխան թերթերի համարները.

3) եզրափակիչ մասում շարադրվում են սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասում նշված` պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ հետեւությունները, ինչպես նաեւ Հանձնաժողով ներկայացվող առաջարկությունները եւ դրանց հիմնավորումները` նշելով մեղավոր եւ կարգապահական տույժերի ենթակա անձանց տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, զբաղեցրած պաշտոնը, դասային աստիճանը):

8. Ծառայողական քննության նյութերն ու դրա արդյունքներով կազմված եզրակացությունը ծառայողական քննություն վարողը ներկայացնում է Հանձնաժողով:

9. Հանձնաժողովի քննարկմանը, ըստ անհրաժեշտության, կարող են հրավիրվել ծառայողական քննության մասնակիցները եւ ծառայողական քննությանը մասնակցող անձինք:

10. Քննարկման արդյունքներով Հանձնաժողովը`

1) լրիվ կամ մասնակի հիմք ընդունելով ծառայողական քննության նյութերի արդյունքներով կազմված եզրակացությունը` կայացնում է սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պարզաբանման ենթակա հանգամանքներին առնչվող` եզրակացության հետ համապատասխանող կամ չհամապատասխանող որոշումներ.

2) հիմք չընդունելով եզրակացությունը` ծառայողական քննություն վարողին գրավոր ցուցում է տալիս փոփոխելու եզրակացությունը` դրանում եղած ձեւակերպումներից եւ հետեւություններից առանձին կետեր հանելու կամ փոփոխելու միջոցով եւ այլն.

3) հիմք չընդունելով եզրակացությունը` կայացնում է որոշում ծառայողական քննության նյութերը ծառայողական քննություն վարողին վերադարձնելու եւ առանձին հանգամանքներ պարզելու, գործողություններ կատարելու նպատակով եռօրյա ժամկետում լրացուցիչ ծառայողական քննություն անցկացնելու մասին:

11. Հանձնաժողովի որոշմամբ ծառայողական քննության եզրակացությունը փոփոխելուց եւ լրացուցիչ ծառայողական քննություն անցկացնելուց հետո, հետագա բոլոր գործողությունները կատարվում են սույն օրենքով եւ Կարգով սահմանված կարգով:

12. Ծառայողական քննության արդյունքում Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումներն ունեն պարտադիր բնույթ:

13. Ծառայողական քննության արդյունքների վերաբերյալ Հանձնաժողովի կայացրած որոշման պատճենը եռօրյա ժամկետում ստորագրությամբ հանձնվում է կողմերին, ինչպես նաեւ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:

ԳԼՈՒԽ 6
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄԸ

Հոդված 41. Շահերի բախումը

1. Շահերի բախումը իրավիճակ է, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձն ունի իր, իրեն փոխկապակցված անձի կամ երրորդ անձի (ֆիզիկական կամ իրավաբանական) հետ կապված մասնավոր շահ (ուղղակի կամ անուղղակի շահագրգռվածություն), որն ազդում է կամ առերեւույթ ազդում է կամ ողջամտորեն կարող է ազդել իր պաշտոնեական լիազորությունների պատշաճ իրականացման վրա (առկա է բախում հանրային եւ մասնավոր շահերի միջեւ):

2. Շահերի փաստացի բախումը բարձրաստիճան պաշտոնատար անձի լիազորությունների եւ մասնավոր շահերի այնպիսի բախումն է, որի պայմաններում անձի մասնավոր շահերը ազդեցություն ունեն նրա լիազորությունների իրականացման վրա:

3. Շահերի առերեւույթ (թվացյալ) բախման դեպքում առկա է մասնավոր շահ, որը ողջամտորեն կարող է դիտարկվել որպես բարձրաստիճան պաշտոնատար անձի լիազորությունների իրականացման վրա ազդեցություն գործելու նպատակ հետապնդող՝ այդ թվում, եթե այդպիսի ազդեցությունը փաստացի բացակայում է կամ չի կարող լինել:

4. Շահերի հնարավոր (պոտենցիալ) բախման դեպքում բարձրաստիճան պաշտոնատար անձն ունի այնպիսի մասնավոր շահ, որն ապագայում ողջամտորեն կարող է հանգեցնել շահերի բախման՝ կապված նրա լիազորությունների իրականացման հետ:

5. Մասնավոր շահերով առաջնորդվելը նշանակում է բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից կամ նրա մասնակցությամբ իր լիազորությունների շրջանակում այնպիսի գործողություն կատարելը (անգործություն դրսեւորելը) եւ (կամ) որոշում ընդունելը, որը հանգեցնում կամ նպաստում է կամ առերեւույթ հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաեւ գույքային կամ իրավական դրության բարելավման, պաշտոնում նշանակման կամ ընձեռել ցանկացած այլ չհիմնավորված առավելություն:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթները չեն ենթադրում մասնավոր շահերով առաջնորդվել, եթե տվյալ գործողությունը եւ (կամ) որոշումն ունի համընդհանուր կիրառելիություն՝ անդրադառնում է անձանց լայն շրջանակի վրա եւ ողջամտորեն չի կարող մեկնաբանվել որպես մասնավոր շահերով առաջնորդվել։

Հոդված 42. Շահերի բախման կանխարգելումը

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձը պետք է խուսափի շահերի բախման հանգեցնող գործողություններից եւ ձեռնպահ մնա շահերի բախման իրավիճակում գործողություն կատարելուց, անգործություն դրսեւորելուց եւ (կամ) որոշում ընդունելուց:

2. Բարձրաստիճան պաշտոնատար անձը պետք է անհապաղ ձեռնարկի շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր, ինչպես նաեւ Հանձնաժողովին տրամադրի իրեն հայտնի դարձած տեղեկություններ այլ պաշտոնատար անձի ներգրավվածությամբ շահերի բախման մասին:

3. Եթե բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից կամ նրա մասնակցությամբ իր լիազորությունների շրջանակում գործողության կատարումը եւ (կամ) որոշման ընդունումն անխուսափելիորեն հանգեցնելու է շահերի փաստացի բախման, ապա նա այդ մասին գրավոր հայտարարություն է ներկայացնում Հանձնաժողովին՝ դրանում նշելով շահերի բախմանը վերաբերող կոնկրետ հանգամանքները: Հանձնաժողովն առաջարկում է ձեռնարկել սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր:

4. Կոնկրետ իրավիճակում շահերի բախումը կանխարգելելու նպատակով շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու անհրաժեշտության մասին պարզաբանում ստանալու համար բարձրաստիճան պաշտոնատար անձը կարող է գրավոր դիմում ներկայացնել Հանձնաժողովին:

5. Ազգային ժողովի պատգամավորի, սահմանադրական դատարանի անդամի եւ դատավորի իրավիճակային («ad-hoc») շահերի բախմանը վերաբերող դրույթները սահմանվում են տվյալ ոլորտի առանձնահատկությունները կարգավորող օրենքներով։

Հոդված 43. Շահերի բախման իրավիճակի կառավարումը

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձը մինչեւ Հանձնաժողովի՝ սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ եւ 5-րդ մասերում նախատեսված առաջարկությունը կամ պարզաբանումը ստանալը չպետք է տվյալ հարցին առնչվող գործողություն կատարի եւ (կամ) դրա վերաբերյալ որոշում ընդունի:

2. Հանձնաժողովը առաջարկությունը կամ պարզաբանումը տրամադրում է սույն օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում նշված գրավոր հայտարարությունը կամ դիմումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

3. Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում առաջարկում է ձեռնարկել շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր, այդ թվում՝

1) Հանձնաժողովին դիմած անձի` համապատասխան որոշման ընդունման գործընթացին ներգրավման բացառումը (ինքնաբացարկը) կամ լիազորությունները սահմանված կարգով ժամանակավորապես կասեցնելը.

2) Հանձնաժողովին դիմած անձի ռոտացիան կամ նրան այլ պաշտոնի տեղափոխելը.

4. Բարձրաստիճան պաշտոնատար անձը պետք է գործի Հանձնաժողովի առաջարկությանը կամ պարզաբանմանը համապատասխան:

5. Եթե բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից կամ նրա մասնակցությամբ իր լիազորությունների շրջանակում գործողության կատարումը եւ (կամ) որոշման ընդունումը հանգեցրել է շահերի բախման, ապա նա այդ մասին գրավոր հայտարարություն է ներկայացնում Հանձնաժողովին՝ դրանում նշելով շահերի բախմանը վերաբերող կոնկրետ հանգամանքները: Շահերի փաստացի բախման իրավիճակն արձանագրվում է Հանձնաժողովի կողմից հարուցված վարույթի արդյունքում ընդունված եզրակացությամբ: Այդ դեպքում հՀանձնաժողովն առաջարկում է ձեռնարկել շահերի բախման հետեւանքով առաջացած իրավիճակի վերացմանն ուղղված քայլեր:

6. Սույն օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված շահերի բախման իրավիճակի մասին հայտարարություն չներկայացնելը, մինչեւ Հանձնաժողովի առաջարկությունը կամ պարզաբանումը ստանալը կամ Հանձնաժողովի առաջարկությանը կամ պարզաբանմանը անհամապատասխան գործելը, ինչպես նաեւ շահերի բախման իրավիճակում գործողություն կատարելը եւ (կամ) որոշում ընդունելը առաջացնում է կարգապահական պատասխանատվություն, եթե առկա չեն վարչական իրավախախտման կամ հանցագործության հատկանիշներ:

7. Հանձնաժողովն անձի կողմից խախտումն արձանագրելու հետ միաժամանակ, կարող է իրավասու մարմնին կամ վերադաս անձին առաջարկել կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում թույլ տված պաշտոնատար անձին, եթե նրա արարքում առկա չեն վարչական իրավախախտման կամ հանցագործության հատկանիշներ (առերեւույթ հատկանիշներ): Պատասխանատվության ենթարկելու առաջարկի հետ մեկտեղ Հանձնաժողովը կարող է առաջարկել կարգապահական տույժի տեսակը:

8. Իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է քննարկել Հանձնաժողովի առաջարկը՝ այն ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում եւ արդյունքների մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Հանձնաժողովին: Հանձնաժողովի առաջարկած կարգապահական տույժի տեսակը չընտրելու կամ պաշտոնատար անձին կարգապահական պատասխանատվության չենթարկելու դեպքում Հանձնաժողովին պետք է ներկայացվի գրավոր հիմնավորում:

9.Վերադաս չունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից սույն մասի 1-ին պարբերությունում նշված խախտման փաստն արձանագրող Հանձնաժողովի եզրակացությունը այն ընդունելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է զանգվածային լրատվամիջոցներով: Վերադաս չունեցող համապատասխան բարձրաստիճան պաշտոնատար անձը պարտավոր է Հանձնաժողովի եզրակացությամբ արձանագրված, իր կողմից կատարված խախտման վերաբերյալ ներկայացնել հրապարակային պարզաբանում, որը ստացվելու պահից 3-օրյա ժամկետում հրապարակվում է այն մարմնի պաշտոնական կայքէջում, որտեղ վերջինս զբաղեցնում է հանրային ծառայության պաշտոն:

10. Բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից շահերի բախման վերաբերյալ սահմանված դրույթների պահանջները խախտելու դեպքում շահագրգիռ անձը (որի իրավունքների եւ օրինական շահերի վրա ազդել է համապատասխան գործողությունը, անգործությունը կամ որոշումը) կարող է դիմել համապատասխան մարմնին, որտեղ բարձրաստիճան պաշտոնատար անձը զբաղեցնում է հանրային ծառայության պաշտոն՝

1) շահերի բախման իրավիճակում ընդունված որոշումներն անվավեր ճանաչելու,

2) շահերի բախման իրավիճակում կատարած գործողությունների հետեւանքները վերացնելու,

3) շահերի բախման իրավիճակում դրսեւորած անգործության դեպքում` գործողություններ կատարելուն կամ որոշում ընդունելուն պարտավորեցնելու պահանջներով:

ԳԼՈԻԽ 7
ԱԿՏԻՎՆԵՐԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՇԱՀԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ

Հոդված 44. Ակտիվների, եկամուտների եւ շահերի հայտարարագիր լրացնող եւ ներկայացնող անձանց շրջանակը

1. Սույն օրենքով սահմանված կարգով ակտիվների, եկամուտների վերաբերյալ հայտարարագիր են լրացնում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձինք եւ նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք, իսկ շահերի հայտարարագիր՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

2. Հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձինք (այսուհետ՝ նաեւ Հայտարարատու) են հանդիսանում բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիսացող քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը եւ աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման ղեկավարը, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարները եւ նրանց տեղակալները, դատական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող անձինք, հատուկ ծառայությունների բարձրագույն եւ գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձանց, դատախազները, ազգային անվտանգության մարմինների, հարկային, մաքսային ծառայությունների, քննչական կոմիտեի եւ հատուկ քննչական ծառայության քննիչները, 15000 եւ ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարները, Երեւան քաղաքի վարչական շրջանների ղեկավարները, պետական մարմինների՝ պետական գնումների համակարգման գործառույթներ իրականացնող եւ գնման գործընթացի համար պատասխանատու աշխատակիցները:

3. Ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք (այսուհետ՝ նաեւ ընտանիքի անդամներ) են հանդիսանում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձի ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող ցանկացած անձ:

4. Սույն օրենքի իմաստով փոխկապակցված անձինք են հանդիսանում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձի եւ նրա ամուսնու հետ առաջին աստիճանի արյունակցական կապով կապված անձինք: Արյունակցական կապի առաջին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրը, եղբայրը, այդ թվում՝ համամայր եւ համահայր քույրը եւ եղբայրը:

5. Սույն օրենքի իմաստով համատեղ բնակվող են հանդիսանում վերջին տարվա ընթացքում 183 եւ ավելի օր Հայտարարատուի հետ բնակվող եւ ընդհանուր տնտեսություն վարող անձինք:

Հոդված 45. Ակտիվների, եկամուտների եւ շահերի հայտարարագիրը լրացնելու եւ ներկայացնելու կարգը

1. Հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձը սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով լրացնում է իր ակտիվների, եկամուտների հայտարարագիրը, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձը՝ շահերի հայտարարագիրը:

2. Հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձը իր հայտարարագրում լրացնում է իր ընտանիքի անչափահաս անդամների, ինչպես նաեւ իր խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց ակտիվների, եկամուտների , բարձրաստիճան պաշտոնատար անձը՝ շահերի վերաբերյալ տվյալները եւ կրում է պատասխանատվություն այդ տվյալների իսկության համար:

3. Հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձի ընտանիքի չափահաս անդամները հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձի հայտարարագրում լրացնում են իրենց ակտիվների, եկամուտների վերաբերյալ տվյալները եւ կրում են պատասխանատվություն այդ տվյալների իսկության համար:

4. Հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձը սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով Հանձնաժողովին է ներկայացնում իր եւ իր ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց կողմից լրացված ակտիվների, եկամուտների, բարձրաստիճան պաշտոնատար անձը՝շահերի հայտարարագիրը:

5. Հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կամ նրա ընտանիքի անդամների կողմից հայտարարագրի լրացման եւ ներկայացման վերաբերյալ օրենքով սահմանված պահանջները չպահպանելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Հոդված 46. Հայտարարատուների պաշտոնի նշանակման եւ ազատման վերաբերյալ ծանուցումը

1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարը կամ աշխատակազմի ղեկավարի գործառույթներ իրականանող անձը տվյալ մարմնում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձի՝ պաշտոնի ստանձնման կամ պաշտոնից ազատման վերաբերյալ եռօրյա ժամկետում Հանձնաժողովի կողմից սահմանված ձեւաթղթով ծանուցում է Հանձնաժողովին:

2. Եթե տվյալ պետական մարմինը չունի աշխատակազմ, ապա հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ պաշտոնի ստանձնման կամ պաշտոնից ազատման վերաբերյալ Հանձնաժողովին ծանուցում է տվյալ պաշտոնում նրան նշանակելու կամ ազատելու իրավասություն ունեցող մարմնի աշխատակազմի ղեկավարը կամ այդ մարմինը:

Հոդված 47. Հայտարարագրման ժամկետները եւ հայտարարագրում փոփոխություն կատարելը

1. Հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձը պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու օրվա դրությամբ ակտիվների, եկամուտների, բարձրաստիճան պաշտոնատար անձը՝ շահերի հայտարարագիրը այդ օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում է Հանձնաժողով: Նշված անձինք պաշտոնավարման ընթացքում հայտարարագրեր են ներկայացնում նաեւ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ` ոչ ուշ, քան տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 30-ը։

2. Հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձը կարող է մինչեւ հայտարարագրերի հրապարակման համար օրենքով սահմանված ժամկետը լրանալը դիմել Հանձնաժողովին՝ հայտարարագրում իր կողմից հայտնաբերված վրիպակներն ուղղելու նպատակով: Վրիպակներն ուղղելու նպատակով տրամադրվող ժամկետը չի կարող գերազանցել երկու աշխատանքային օրը: Ճշգրտված հայտարարագիրը նշված ժամկետի խախտմամբ ներկայացվելու դեպքում Հանձնաժողովի կողմից հիմք է ընդունվում սկզբնապես ներկայացված հայտարարագիրը:

3. Հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության ենթարկվելուց հետո նույն օրենսգրքով սահմանված ժամկետում կարող է դիմել Հանձնաժողովին՝ հայտարարագրում նշված տվյալներն ուղղելու նպատակով:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումը ստանալու եւ վրիպակները սահմանված ժամկետում վերացնելու դեպքում Հանձնաժողովը վարույթ չի հարուցում:

Հոդված 48. Ակտիվների եւ եկամուտների հայտարարագրում ներառվող ընդհանուր տվյալները

1. Հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի ակտիվների եւ եկամուտների հայտարարագրում նշվում են.

1) անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարի, անձնագրի տվյալներ, հանրային ծառայության համարանիշ, բնակության եւ հաշվառման հասցեները, զբաղեցրած պաշտոնը, պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրը ամիսը, տարին, այն մարմնի անվանումը, որտեղ պաշտոն է զբաղեցնում, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարները,

2) ակտիվների եւ եկամուտների հայտարարագրի ներկայացման օրը, ամիսը, տարին, վայրը,

3) ընտանիքի անդամների անձը հաստատող տվյալներ՝ անուն, ազգանուն հայրանուն, ազգակցական կապը պաշտոնատար անձի հետ, ծննդյան օր, ամիս տարի, անձնագրի տվյալներ, հանրային ծառայության համարանիշ, քաղաքացիություն,

4) Պաշտոնատար անձի եւ նրա ամուսնու հետ մինչեւ 1-ին աստիճանի արյունակցական կապի մեջ գտնվող անձանց անձը հաստատող տվյալներ՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան, օր, ամիս, տարի, անձնագրի տվյալներ կամ հանրային ծառայության համարանիշ, ազգակցական կապը պաշտոնատար անձի հետ, քաղաքացիությունը, զբաղեցրած պաշտոնը, կատարած աշխատանքի բնույթը կամ զբաղմունքը, այն մարմնի անվանումը, որտեղ պաշտոն է զբաղեցնում:

2. Եթե պաշտոնատար անձը կորցրել է կապը վերը թվարկված փոխկապակցված անձանց հետ կամ նրանց բացակայության պատճառով ի վիճակի չէ հայտարարագրելու նրանց՝ որպես փոխկապակցված անձանց վերաբերյալ բոլոր տվյալները, ապա նա հայտարարագրում է տվյալներ փոխկապակցված անձի անվան, ազգանվան, հայրանվան, ծննդյան օրվա, ամսվա, տարվա եւ նրա հետ ազգակցական կապի մասին:

Հոդված 49. Ակտիվների հայտարարագրի բովանդակությունը

1. Հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող

պաշտոնատար անձի եւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց ակտիվների հայտարարագիրը ներառում է Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետություններում նրանց սեփականության եւ այլ իրավունքով պատկանող՝

1) անշարժ գույքը՝ հողամասը, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, բազմամյա տնկին, շենքը, շինությունը, հողին ամրակայված այլ գույք (այսուհետ՝ անշարժ գույք),

2) շարժական գույքը՝

ա. ավտոմոբիլային տրանսպորտի միջոցները (այն տրանսպորտային միջոցները, որոնց շարժիչների աշխատանքային ծավալը գերազանցում է 50 խոր. սմ-ը, իսկ առավելագույն արագությունը՝ 50 կմ/ժ-ը, ինչպես նաեւ տարբեր բեռնատարողությամբ կցորդները կամ կիսակցորդները), անիվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենան կամ մեխանիզմը, օդային, ջրային փոխադրամիջոցը, գյուղատնտեսական մեքենաները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ենթակա են հաշվառման,

բ. թանկարժեք իրերը՝ թանկարժեք մետաղները, թանկարժեք զարդերը, արվեստի ստեղծագործական իրերը, արվեստի եւ դրամների (նումիզմատիկա) հավաքածուները, ազգային կամ համաշխարհային մշակութային ժառանգության նմուշները, որոնց միավորի եւ(կամ) հավաքածուի գումարային արժեքը գերազանցում է 1.5 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթի արժեքը (այսուհետ՝ շարժական գույք),

3) ֆինանսական ակտիվները՝ արժեթուղթը (պարտատոմսը, չեկը, մուրհակը, բաժնետոմսը, ՀՀ օրենքներով արժեթղթերի թվին դասվող այլ փաստաթուղթը՝ բացառությամբ բանկային վկայագրի) եւ (կամ) այլ ներդրումը հավաստող փաստաթուղթը (բաժնեմասը, փայաբաժինը) (այսուհետ՝ արժեթուղթ եւ (կամ) այլ ներդրում), տրված փոխառությունը եւ երաշխավորությունը,

4) պարտավորությունները՝ ստացված փոխառություններ, վարկեր (հիպոթեքներ), ստացված երաշխավորություններ, լիզինգով եւ այլ համարժեք եղանակով ձեռքբերված գույքը,

5) հայտարարատու պաշտոնատար անձի եւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց կողմից դրամական կամ գույքային արտահայտությամբ ստացված նվերները, որոնք ստացվել են առանց հատուցման կամ սուբսիդավորվել են մասամբ կամ մինչեւ դրանց շուկայական արժեքը, ներառյալ՝ կրթաթոշակները, մարված կամ վճարված վարկերը, երաշխիքները, կատարված ծախսերի դիմաց վճարումները: Պաշտոնատար անձի եւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց կողմից տրված նվերները հայտարարագրվում են, եթե դրանց միավորի արժեքը գերազանցում է 50 հազար ՀՀ դրամը:

2. Հայտարարագրի «Անշարժ գույք» բաժնի «Հողամաս» եւ «Շենքեր, շինություններ» ենթաբաժիններում նշվում են անշարժ գույքի տեսակը, դրա նկատմամբ գույքային իրավունքի տեսակը, դրա գտնվելու հասցեն, հաշվառման համարը, մակերեսը, մասնաբաժինը՝ տոկոսային արտահայտությամբ, ձեռքբերման տարին եւ եղանակը, ձեռքբերման գինը (արժեքը) եւ արժույթը, պաշտոնը ստանձնելուց հետո ձեռքբերման միջոցների աղբյուրները, սեփականատիրոջ (պաշտոնատար անձ կամ ընտանիքի անդամներ) կամ համասեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հանրային ծառայության համարանիշը, մասնաբաժինը:

3. Հայտարարագրի «Շարժական գույք» բաժնի «Մեքենաներ, մեխանիզմներ»

ենթաժանում նշվում են շարժական ակտիվի տեսակը, դրա նկատմամբ գույքային իրավունքի տեսակը, դրա մակնիշը, սերիան, թողարկման տարին, նույնականացման համարը, ձեռքբերման տարին եւ եղանակը, ձեռքբերման գինը (արժեքը) եւ արժույթը, պաշտոնը ստանձնելուց հետո ձեռքբերման միջոցների աղբյուրները, սեփականատիրոջ (պաշտոնատար անձ կամ ընտանիքի անդամներ) կամ համասեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հանրային ծառայության համարանիշը, մասնաբաժինը:

4. Հայտարարագրի «Շարժական գույք» բաժնի «Թանկարժեք իրեր»

ենթաբաժնում նշվում են շարժական գույքի համառոտ նկարագիրը, ձեռքբերման տարին եւ եղանակը, ձեռքբերման (գնահատված) գինը (արժեքը), արժույթը, պաշտոնը ստանձնելուց հետո ձեռքբերման միջոցների աղբյուրները, սեփականատիրոջ (պաշտոնատար անձ կամ ընտանիքի անդամներ) անունը, ազգանունը, հայրանունը:

5. Հայտարարագրի՝ հայտարարագրման ենթակա տարվա (հունվարի 1-ից

դեկտեմբերի 31-ը) ընթացքում, իսկ պաշտոնեական պարտականությունների ստանձնման կամ դադարեցման դեպքերում՝ տվյալ տարվա հունվարի 1-ից պաշտոնեական պարտականությունների ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ անշարժ եւ շարժական գույքի օտարումներին վերաբերող բաժնում նշվում են օտարված անշարժ եւ շարժական գույքի տեսակը, հասցեն, օտարման օրը, ամիսը, տարին, օտարման եղանակը, օտարման արժեքը (գինը), արժույթը, ձեռքբերողի անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը ֆիզիկական անձի դեպքում՝ հանրային ծառայության համարանիշը:

6. Հայտարարագրի՝ «Ֆինանսական ակտիվներ» բաժնի «Բանկային ավանդներում եւ հաշիվներում (ներառյալ՝ քարտային), ներդրումային հիմնադրամներում, կենսաթոշակային կամ դրանց համարժեք ֆոնդերում առկա խնայողություններ եւ կանխիկ դրամական միջոցներ» ենթաբաժնում նշվում են ֆինանսական ակտիվի տեսակը, կազմակերպության անվանումը եւ հասցեն` ըստ պայմանագրի, արժույթը, սեփականատիրոջ (պաշտոնատար անձ, նրա ընտանիքի անդամներ) անունը, ազգանունը, հայրանունը, հաշվի բացման տարեթիվը (օրը, ամիսը, տարին)՝ ըստ պայմանագրի, գումարի մեծությունը կամ հաշվեկշռային արժեքը դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ըստ պայմանագրի կամ բանկային քաղվածքի:

7. Հայտարարագրի՝ «Ֆինանսական ակտիվներ» բաժնի «Տեղաբաշխված արժեթղթեր, ուղղակի ներդրումներ, տրված փոխառություններ եւ երաշխավորություններ» ենթաբաժնում նշվում են արժեթղթի, ուղղակի ներդրման տեսակը, տրված փոխառությունը, երաշխավորությունը, թողարկողի անվանումը, ստացող կազմակերպության անվանումը կամ անձի անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, գրանցման համարը, թողարկման տարեթիվը, ծավալը, ձեռքբերման տարին, ձեռքբերման գինը (արժեքը կամ չափը), արժույթը, պաշտոնը ստանձնելուց հետո ձեռքբերման միջոցների աղբյուրները, արժեքը հայտարարագրվող տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ:

8. Հայտարարագրի՝ «Ֆինանսական ակտիվներ» բաժնի «Այլ ֆինանսական ակտիվներ» տողում նշվում են հոդվածում չարտացոլված ֆինանսական ակտիվները:

9. Հայտարարագրի «Պարտավորություններ» բաժնի «Ստացված փոխառություններ, վարկեր (հիպոթեքներ), ստացված երաշխավորություններ, լիզինգով եւ այլ համարժեք եղանակով ձեռքբերված գույք» ենթաբաժնում նշվում են պարտավորության տեսակը, պարտատիրոջ անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, պայմանագրի կնքման տարին, գինը (արժեքը), արժույթը, հայտարարագրման տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ պարտավորության մնացորդային արժեքը, ինչպես նաեւ տվյալներ պարտապանի (պաշտոնատար անձ, նրա ընտանիքի անդամներ) մասին:

10. Հայտարարագրի «Նվերներ» բաժնում նշվում են նվերի տեսակը (բարձրաստիճան պաշտոնատար անձին կամ hանրային ծառայողին կամ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձին տրված ապրանքները, ծառայությունները, հյուրընկալությունը եւ ցանկացած այլ օգուտ), նվիրառուի (պաշտոնատար անձ, նրա նրա ընտանիքի անդամներ) անունը, ազգանունը, հայրանունը, նվիրատուի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, ազգակցական կապը եւ նվերի արժեքը:

11. Բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ hանրային ծառայողի կամ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից ստացված նվերները, որոնք պայմանավորված չեն բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ հանրային ծառայողի պաշտոնեական կարգավիճակով կամ լիազորությունների իրականացմամբ հայտարարագրվում են, եթե դրանց միավորի արժեքը գերազանցում է 30000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հոդված 50. Եկամուտների հայտարարագրի բովանդակությունը

1. Հայտարարագրման ենթակա են Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով կամ բնամթերային (ոչ դրամական) ձեւով ստացված հետեւյալ եկամուտները.

1) աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված այլ վճարումները,

2) ռոյալթիները,

3) տոկոսները,

4) ներդրումներից շահաբաժինները կամ եկամուտները,

5) խաղատներում կամ շահումներով խաղերում ստացված եկամուտները (շահումները),

6) մրցույթների կամ մրցությունների, ինչպես նաեւ վիճակախաղերի իրային կամ դրամական շահումները (մրցանակները),

7) ապահովագրական հատուցումները,

8) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը,

9) վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցումը,

10) քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացված եկամուտը,

11) միանվագ վճարները,

12) գույքային իրավունքներից ստացված եկամուտը,

13) գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամուտը,

14) կենսաթոշակը,

15) այլ եկամուտներ:

2. Հայտարարագրի «Պաշտոնատար անձի եւ նրա ընտանիքի անդամների եկամուտներ» բաժնում նշվում են պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անդամների՝ հայտարարագրման տարվա ընթացքում, իսկ պաշտոնեական պարտականությունների ստանձնման կամ դադարեցման դեպքում՝ տվյալ տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնեական պարտականությունների ստանձնման կամ դադարեցման օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները եւ դրանց ստացման աղբյուրները։

3. Եկամուտների ստացման աղբյուր է հանդիսանում այն անձը, ով հայտարարագրման տարում հայտարարատուին վճարել է օրենքով նախատեսված եկամուտ: Եկամուտների ստացման աղբյուր կարող են հանդիսանալ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը, առեւտրային, ոչ առեւտրային կազմակերպությունը, հիմնարկը, մասնաճյուղը, ներկայացուցչությունը, անհատ ձեռնարկատերը կամ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձը։

4. Օրենսդրությամբ սահմանված կարգով հարկերը եւ (կամ) պարտադիր այլ վճարները եկամտի ստացման աղբյուրի մոտ պահված լինելու դեպքում եկամուտները հայտարարագրվում են առանց այդ գումարների:

5. Հայտարարագրման ենթակա գույքի գինը (արժեքը) կամ արտարժույթով եկամուտը որոշելիս արտարժույթի համարժեքը հաշվարկվում է` ելնելով գործարքի օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից, իսկ բնամթերային (ոչ դրամական) արտահայտությամբ ստացված գույքի գինը (արժեքը)՝ ելնելով բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ գույքը հայտարարագրում արտացոլելու կարգով որոշվող գնից (արժեքից)։

6. Եկամուտը հայտարարագրելիս պետք է նշվեն՝ եկամտի տեսակը, եկամտի

ստացման աղբյուրը՝ եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանունը, անունը եւ հայրանունը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը, եկամտի չափը (գումարը), արժույթը, ինչպես նաեւ եկամուտ ստացող անձը:

Հոդված 51. Շահերի հայտարարագրի բովանդակությունը

1. Հայտարարագրի՝ «Մասնակցությունը առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպություններում եւ ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում» բաժնի «Առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունների հիմնադիր կամ մասնակից» ենթաբաժնում նշվում են կազմակերպության անվանումը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, հիմնադիրները, մասնակիցները (բարձրաստիճան պաշտոնատար անձ, նրա ամուսին), կազմակերպությունում անձի կարգավիճակը, մասնաբաժինը, ինչպես նաեւ բաժնեմասի ընդհանուր արժեքը:

2. Հայտարարագրի նույն բաժնի «Ներկայացվածությունը առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունների կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում» ենթաբաժնում նշվում են կազմակերպության անվանումը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, հիմնադիրները, մասնակիցները (բարձրաստիճան պաշտոնատար անձ, նրա ամուսին), կազմակերպությունում անձի կարգավիճակը (ներկայացվածությունը տնօրենների խորհրդում, կառավարման եւ դիտորդական խորհուրդներում կամ ցանկացած կոլեգիալ կառավարման մարմիններում՝ անկախ վարձատրություն ստանալու հանգամանքից), ինչպես նաեւ ստացված օգուտները, այդ թվում՝ ֆինանսական:

3. Հայտարարագրի «Բարձրաստիճան պաշտոնատար անձի մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունում բաժնեմասի հավատարմագրային կառավարման հանձնելը» ենթաբաժնում նշվում են կազմակերպության անվանումը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, հավատարմագրային կառավարիչ առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպության անվանումը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշը, հավատարմագրային կառավարման պայմանագրի կնքման տարեթիվը (օրը, ամիսը, տարին), պայմանագրի գործողության ժամկետը, ինչպես նաեւ պայմանագրի գինը (արժեքը):

4. Հայտարարագրի «Անդամակցությունը ոչ առեւտրային կազմակերպություններին» ենթաբաժնում նշվում են կազմակերպության անվանումը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, հիմնադիրները, մասնակիցները (բարձրաստիճան պաշտոնատար անձ, նրա ամուսին), կազմակերպությունում անձի կարգավիճակը, ինչպես նաեւ ստացված օգուտները, այդ թվում՝ ֆինանսական:

5. Հայտարարագրի «Անդամակցությունը կուսակցություններին եւ ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում» ենթաբաժնում նշվում են կուսակցության անվանումը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, հիմնադիրները (բարձրաստիճան պաշտոնատար անձ, նրա ամուսին), կուսակցությունում անձի կարգավիճակը, ինչպես նաեւ ստացված օգուտները, այդ թվում՝ ֆինանսական:

6. Հայտարարագրի «Բարձրաստիճան պաշտոնատար անձի, նրա ամուսնու, ծնողի եւ զավակի հետ, վերջիններիս մասնակցությամբ կազմակերպությունների հետ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ կազմակերպությունների հետ կնքված պայմանագրեր» ենթաբաժնում նշվում են պայմանագրի կողմերը (ֆիզիկական անձանց անունը, ազգանունը, հայրանունը, իրավաբանական անձանց անվանումը), նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, հարկ վճարողի հաշվառման համարը, այն գործընթացի մասին տվյալներ, որով կնքված է պայմանագիրը, պայմանագրի տեսակը, պայմանագրի կնքման տարեթիվը (օրը, ամիսը, տարին), պայմանագրի գործողության ժամկետը, ինչպես նաեւ պայմանագրի գինը (արժեքը):

Հոդված 52. Հայտարարագրի ռեեստրը եւ տվյալների հրապարակումը

1. Հայտարարագիրն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովն այն զետեղում է հայտարարագրերի ռեեստրում։

2. Հանձնաժողովը հայտարարագիրը ռեեստրում զետեղելուց անմիջապես հետո ապահովում է դրա հրապարակումն իր պաշտոնական կայքէջում:

3. Հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը, բովանդակությունը եւ ձեւը սահմանում է Հանձնաժողովը: Հրապարակման ենթակա տվյալների ցանկը չի կարող պարունակել անձը, գույքը նույնականացնող տվյալներ։

4. Հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձի եւ ընտանիքի կազմի անդամի անձնագրի, նույնականացման քարտի, բանկային հաշիվների տվյալները, թանկարժեք գույքի անվանացանկը, ներդրումային ֆոնդերի, բանկերի, հիմնադրամների անվանումները, վճարողների, պայմանագրի կողմ հանդիսացող անձանց անձնական տվյալները հրապարակման ենթակա չեն: Գույքի եւ ակտիվների գտնվելու վայրը կարող են մասնակիորեն հրապարակվել՝ փակելով դրանց հասցեները եւ ճշգրիտ նույնականացնող տվյալները:

5. Հանձնաժողովն ապահովում է հրապարակման ոչ ենթակա տվյալների պաշտպանությունը։

6. Հայտարարատուի պաշտոնաթողության դեպքում վերջինիս հայտարարագրերը մնում են հրապարակված պաշտոնաթողության օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում: Մեկ տարվա ընթացքում կրկին հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոն չստանձնելու դեպքում այդ հայտարարագրերը արխիվացվում են: Այդ ժամկետից հետո տվյալ անձի կողմից հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոն ստանձնելու դեպքում նրա արխիվացված հայտարարագրերը վերականգնվում եւ հրապարակվում են:

7. Հայտարարագրերի արխիվացման կարգն ու պայմանները սահմանում է Հանձնաժողովը:

Հոդված 53. Հայտարարագրերի վերլուծությունը եւ վերլուծված հայտարարագրերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը

1. Հանձնաժողովը հայտարարագրերը վերլուծելիս կիրառում է հետեւյալ մեթոդները.

1) հայտարարագրի լրացման եւ ներկայացման պահանջների պահպանման ստուգում,

2) հայտարարագրված տվյալների արժանահավատության եւ ամբողջականության ստուգում,

3) հայտարարագրված տվյալների մաթեմատիկական վերլուծություն,

4) ռիսկային ցուցանիշների հիման վրա հայտարարագրերի վերլուծություն:

2. Հայտարարագրերի վերլուծության մեթոդաբանության առանձնահատկությունները սահմանում է Հանձնաժողովը:

3. Հայտարարագրերի վերլուծության արդյունքներով Հանձնաժողովը հայտարարատու պաշտոնատար անձից իրավասու է հայցելու պարզաբանում, բացատրություններ եւ փաստաթղթեր՝ կապված հայտարարագրված տվյալների հետ, ինչից հետո հանցագործության հատկանիշների (առերեւույթ հատկանիշների) առկայության դեպքում անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում համապատասխան նյութերն ուղարկում է Հայաստանի Հանրապետության դատախազություն: Քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է Հանձնաժողով։

4. Հանձնաժողովը հրապարակում է տեղեկատվություն սույն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ, հայտարարագրի լրացման ու ներկայացման ուղեցույցի պահանջների խախտմամբ հայտարարագիր ներկայացրած, ինչպես նաեւ հայտարարագիր չներկայացրած պաշտոնյաների եւ այդ կապակցությամբ կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ:

Գ Լ ՈՒ Խ 8
ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԿԻՐԱՌՎՈՂ ԱՅԼ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆՎԵՐՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ

Հոդված 54. Հանրային ծառայողի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները

1. Հանրային ծառայողի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները նորմերի համակարգ է, որը միտված է ապահովելու հանրային ծառայողի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձի պատշաճ վարքագիծը, բացառելու հանրային եւ մասնավոր շահերի բախումը, ամրապնդելու հասարակության վստահությունը հանրային ինստիտուտների նկատմամբ։

2. Սույն հոդվածի պահանջները վերաբերում են հանրային ծառայողի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձի ինչպես լիազորությունների իրականացմանը, այնպես էլ նրա ամենօրյա վարքագծին։

3. Հանրային ծառայողի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոններն են`

1) հարգել օրենքը եւ ենթարկվել օրենքին.

2) հարգել հանրության բարոյական նորմերը.

3) իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը.

4) ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսեւորել իր պաշտոնին վայել վարքագիծ.

5) հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս.

6) բացառապես ծառայողական նպատակներով օգտագործել իր գործունեության առնչությամբ տրամադրված նյութատեխնիկական, ֆինանսական եւ տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը.

7) ձգտել կառավարել իր ներդրումներն այնպես, որ հնարավորինս բացառվեն շահերի բախման իրավիճակները։

4. Հանրային ծառայողի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձի վարքագծի լրացուցիչ կանոններ եւ դրանց նկատմամբ հսկողության այլ մեխանիզմներ կարող են սահմանվել տվյալ ոլորտի առանձնահատկությունները կարգավորող օրենքներով։

5. Հանրային ծառայողի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից սույն հոդվածով եւ ոլորտային առանձնահատկությունները կարգավորող օրենքներով նախատեսված էթիկայի կանոնների խախտումը կարող է առաջացնել կարգապահական պատասխանատվություն, եթե առկա չեն վարչական իրավախախտման կամ հանցագործության հատկանիշներ:

Հոդված 55. Բարձրաստիճան պաշտոնատար անձի եւ հանրային ծառայողի անհամատեղելիության պահանջները

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձը եւ հանրային ծառայողը չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն` առեւտրային կազմակերպություններում, այդ թվում՝ հասարակական հիմունքներով, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից:

2. Բարձրաստիճան պաշտոնատար անձը եւ հանրային ծառայողը պաշտոնում նշանակվելուց (ընտրվելուց) հետո՝ մեկ ամսվա ընթացքում, պարտավոր են ապահովել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների կատարումը եւ համապատասխանաբար՝ Հանձնաժողով եւ սույն օրենքով նախատեսված համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողով ներկայացնել անհամատեղելիության բացակայության մասին գրավոր հայտարարություն: Հայտարարության ձեւը, բովանդակությունը եւ ներկայացման ժամկետները սահմանում է Հանձնաժողովը:

3. Բարձրաստիճան պաշտոնատար անձը եւ հանրային ծառայողը առեւտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում իրենց ունեցած բաժնեմասն հավատարմագրային կառավարման հանձնելու դեպքում իրավունք ունեն հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալու եկամուտ։

4. Առեւտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ հանրային ծառայողի ունեցած բաժնեմասի հավատարմագրային կառավարիչ կարող է լինել նաեւ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող քաղաքացին կամ ոչ առեւտրային կազմակերպությունը:

5. Առեւտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ հանրային ծառայողի ունեցած բաժնեմասի հավատարմագրային կառավարիչ չեն կարող լինել նրա փոխկապակցված անձինք, ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք, այն առեւտրային կազմակերպությունները, որոնց կանոնադրական կապիտալում մասնակցություն ունեն, ինչպես նաեւ այն առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունները, որոնց կառավարման մարմիններում ներգրավված են բարձրաստիճան պաշտոնատար անձը կամ հանրային ծառայողը, նրանց փոխկապակցված անձինք եւ ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք:

6. Սույն օրենքի իմաստով ձեռնարկատիրական գործունեություն է համարվում`

1) անհատ ձեռնարկատեր լինելը.

2) առեւտրային կազմակերպության մասնակից լինելը, բացառությամբ այն դեպքի, երբ առեւտրային կազմակերպության մասնակցի բաժնեմասն ամբողջությամբ հանձնվել է հավատարմագրային կառավարման.

3) առեւտրային կազմակերպության գույքի հավատարմագրային կառավարիչ լինելը կամ որեւէ այլ ձեւով առեւտրային կազմակերպության ներկայացուցչական, կարգադրիչ կամ կառավարման այլ գործառույթների իրականացմանը ներգրավված լինելը.

4) առանց պետական գրանցման կամ հաշվառման ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում:

7. Սույն օրենքի իմաստով ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում`

1) 75 եւ ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ առեւտրային կազմակերպության տնօրենների խորհրդի (դիտորդ խորհուրդ) կազմում ընդգրկված լինելը, եթե այն ուղղակիորեն առնչվում է բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ հանրային ծառայողի պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ` առանց վարձատրության կամ որեւէ այլ ձեւով փոխհատուցում ստանալու կամ բարձրաստիճան պաշտոնատար անձ կամ հանրային ծառայող չհանդիսացող անձի համար նախատեսված սոցիալական երաշխիքներից կամ այլ ծառայություններից կամ արտոնություններից օգտվելու իրավունքի.

2) վստահության վրա հիմնված ընկերակցության մասնակից ավանդատու (կոմանդիտիստ) լինելը.

3) վարկային կամ խնայողական միության ավանդատու կամ անդամ լինելը.

4) առեւտրային կազմակերպությունից դուրս գալու կամ դրա լուծարվելու դեպքում հասանելիք գույքի մասը կամ դրա արժեքը ստանալը.

5) բանկում ավանդ, ապահովագրական կազմակերպությունում ապահովագրական պոլիս ունենալը.

6) Հայաստանի Հանրապետության, համայնքի կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր ունենալը.

7) սեփականության իրավունքով պատկանող գույքը վաճառելը կամ որոշակի վճարի կամ հատուցման դիմաց վարձակալության հանձնելը.

8) փոխառության դիմաց տոկոսներ եւ այլ հատուցում ստանալը.

9) գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձեւից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների եւ տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առեւտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առեւտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար հատուցում (ռոյալթի) ստանալը.

10) պատճառված վնասի (կրած կորստի) դիմաց հատուցում ստանալը։

8. Սույն օրենքի իմաստով գիտական աշխատանք է համարվում գիտական կազմակերպությունում, հիմնարկում, բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ այլ կերպ գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական, գիտամանկավարժական, փորձատեխնոլոգիական, նախագծակոնստրուկտորական, նախագծատեխնոլոգիական, հետախուզական աշխատանքներ կատարելը։

9. Սույն օրենքի իմաստով կրթական աշխատանք է համարվում ուսուցիչ, դասախոս (դոցենտ, պրոֆեսոր) աշխատելը կամ հանրակրթական (հիմնական, լրացուցիչ) ծրագրերի յուրացման եւ առարկայական չափորոշիչների պահանջների ապահովման գործընթացին, ինչպես նաեւ ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձեւավորմանը նպաստող եւ (կամ) դրանք ապահովող այլ աշխատանք կատարելը։

10. Սույն օրենքի իմաստով ստեղծագործական աշխատանք է համարվում մշակույթի եւ արվեստի երկեր, գեղարվեստական, գեղարվեստական ժողովրդական ստեղծագործություններ եւ արհեստներ, բանահյուսություն, բարոյագիտական եւ գեղագիտական գաղափարատիպեր (իդեալներ), վարվեցողության կանոններ եւ ձեւեր, լեզուներ, բարբառներ եւ խոսվածքներ, ազգային ավանդույթներ եւ սովորույթներ, պատմաաշխարհագրական տեղանուններ, մշակութային գործունեության մասին գիտական հետազոտությունների արդյունքներ եւ մեթոդներ, մշակութային ժառանգության առարկաներ (օբյեկտներ) ստեղծելը կամ մեկնաբանելը։

11. Բարձրաստիճան պաշտոնատար անձի եւ հանրային ծառայողի լիազորությունների իրականացման հետ կապված պարտականությունները գերակա են նրանց կողմից իրականացվող գիտական, կրթական, ստեղծագործական աշխատանքից:

12. Բարձրաստիճան պաշտոնատար անձին եւ հանրային ծառայողին գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքի համար վճարումը չի կարող գերազանցել այն չափը, որին նույնպիսի գործունեության համար համանման որակներ ունեցող, բարձրաստիճան պաշտոնատար անձ կամ հանրային ծառայող չհանդիսացող անձը կարող էր հավակնել:

13. Հանրային ծառայողի կամ բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից սույն հոդվածով նախատեսված անհամատեղելիության պահանջները խախտելը հանրային ծառայողին եւ բարձրաստիճան պաշտոնատար անձի լիազորությունների դադարեցման հիմք է:

14. Հանրային ծառայողի կամ բարձրաստիճան պաշտոնատար անձի՝ սույն հոդվածով նախատեսված անհամատեղելիության պահանջների հետ կապված հանցագործության հատկանիշների (առերեւույթ հատկանիշների) առկայության դեպքում Հանձնաժողովը անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում համապատասխան նյութերն ուղարկում է Հայաստանի Հանրապետության դատախազություն: Քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է Հանձնաժողով։

Հոդված 56. Բարձրաստիճան պաշտոնատար անձի եւ հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձին եւ հանրային ծառայողին արգելվում է`

1) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկվում է իր կողմից.

2) իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների համար փաստացի առավելություններ կամ արտոնություններ ապահովելու համար.

3) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

4) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել նյութատեխնիկական, ֆինանսական եւ տեղեկատվական միջոցները, պետական եւ (կամ) համայնքային այլ գույքը եւ ծառայողական տեղեկատվությունը.

5) լինել պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններում.

6) որպես պետության ներկայացուցիչ՝ գույքային գործարքներ կնքել իր հետ փոխկապակցված անձանց, ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց եւ այն առեւտրային կազմակերպությունների հետ, որոնց կանոնադրական կապիտալում մասնակցություն ունի կամ այն առեւտրային կամ ոչ առեւտրային կազմակերպությունների հետ, որոնց կառավարման մարմիններում ներգրավված են ինքը, իր հետ փոխկապակցված անձինք, ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք.

7) համատեղ աշխատել իր հետ փոխկապակցված անձի, ընտանիքի կազմի մեջ մտնող անձի հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ ոլորտի համակարգման կամ միմյանց նկատմամբ վերահսկողության հետ (բարձրաստիճան պաշտոնատար անձին արգելվում է տվյալ մարմնում պաշտոնի նշանակել իր հետ փոխկապակցված անձին, ընտանիքի կազմի մեջ մտնող անձին).

8) պաշտոնից ազատվելուց հետո՝ առնվազն մեկ տարվա ընթացքում, ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության աշխատողը, որի նկատմամբ նա անմիջական հսկողություն է իրականացրել կամ որի գործունեությունը համակարգել է իր պաշտոնավարման վերջին մեկ տարվա ընթացքում.

9) փոխառություններ հանձնել այն առեւտրային կազմակերպություններին, որոնց կանոնադրական կապիտալում մասնակցություն ունի կամ այն առեւտրային կամ ոչ առեւտրային կազմակերպություններին, որոնց կառավարման մարմիններում ներգրավված է:

2. Սույն օրենքի իմաստով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք պարտավոր են դրամական միջոցներով փոխառություն հանձնելը կամ ստանալը, հանձնած կամ ստացած դրամական միջոցներով փոխառության դիմաց վճարներ (տոկոսներ կամ այլ հատուցում) հանձնելը կամ ստանալը, դրամական միջոցներ նվիրատվություն ստանալը, դրամական միջոցներով արտահայտված շահաբաժիններ ստանալը, ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ ստանալը, գույքը օտարելուց եկամուտ ստանալը, վարձակալության դիմաց վճար կամ այլ հատուցում ստանալը, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտ ստանալը, վճարներ ստանալը, գույքային իրավունքներից եկամուտ ստանալը կատարել բացառապես անկանխիկ ձեւով, եթե միանվագ ստացվող կամ տրվող գումարը գերազանցում է 2.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջի խախտմամբ ստացված եկամուտը սույն օրենքի իմաստով չի համարվում օրինական:

4. Հանրային ծառայության առանձին տեսակների առանձնահատկություններից ելնելով` այդ ծառայությունները կարգավորող օրենքներով կարող են սահմանվել լրացուցիչ սահմանափակումներ։

5. Հանրային ծառայողի կամ բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից սույն հոդվածով նախատեսված այլ սահմանափակումները չպահպանելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն, եթե առկա չեն վարչական իրավախախտման կամ հանցագործության հատկանիշներ:

Հոդված 57. Նվերներ ընդունելու արգելքը

1. Սույն հոդվածի իմաստով «նվեր» հասկացությունն ընդգրկում է բարձրաստիճան պաշտոնատար անձին կամ hանրային ծառայողին կամ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձին առանց համարժեք փոխհատուցման տրվող ցանկացած գույքային կամ ոչ գույքային առավելություն, այդ թվում` գույք, ծառայություն, հյուրընկալություն եւ ցանկացած այլ օգուտ:

2. Նվերը համարվում է բարձրաստիճան պաշտոնատար անձին կամ հանրային ծառայողի պաշտոնեական կարգավիճակով կամ լիազորությունների իրականացմամբ պայմանավորված բարձրաստիճան պաշտոնատար անձին կամ hանրային ծառայողին կամ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձին տրված գույքային կամ ոչ գույքային առավելություն, եթե այն ազդում է կամ առերեւույթ ազդում է կամ ողջամտորեն կարող է ազդել բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ hանրային ծառայողի լիազորությունների իրականացման վրա եւ համանման հանգամանքներում չէր տրամադրվի բարձրաստիճան պաշտոնատար անձ կամ հանրային ծառայող չհանդիսացող անձին կամ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձին:

3. Բարձրաստիճան պաշտոնատար անձը կամ հանրային ծառայողը կամ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձը չպետք է ընդունի նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա՝ պայմանավորված բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ հանրային ծառայողի պաշտոնեական կարգավիճակով կամ լիազորությունների իրականացմամբ, բացառությամբ`

1) ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող գրքերի, համակարգչային ծրագրերի եւ նմանատիպ այլ նյութերի.

2) պետական, պաշտոնական եւ աշխատանքային այցելությունների (տեղական կամ արտասահմանյան) ընթացքում տրվող նվերների, պարգեւների եւ կազմակերպվող հյուրասիրության.

3) oտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից տրվող նվերների.

4) տոնական եւ հիշատակի օրերին պաշտոնատար անձին տրվող նվերների:

4. Բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ հանրային ծառայողի պաշտոնեական կարգավիճակով կամ լիազորությունների իրականացմամբ պայմանավորված ստացված նվերները համարվում են համապատասխան մարմնի սեփականությունը, բացառությամբ՝ անվանական կամ այլ կերպ տվյալ բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ հանրային ծառայողի անձի հետ կապված նվերների, եթե դրանց արժեքը չի գերազանցում 50.000 Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

5. Բարձրաստիճան պաշտոնատար անձի եւ հանրային ծառայողի կողմից նվերի ընդունումը պայմանավորված չէ վերջիններիս պաշտոնեական կարգավիճակով կամ լիազորությունների իրականացմամբ (անձնական նվեր), եթե այն ստացվել է՝

1) Բարձրաստիճան պաշտոնատար անձին եւ հանրային ծառայողին փոխկապակցված անձից կամ ընտանիքի կազմի մեջ մտնող անձից.

2) սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում նշված անձանց կազմի մեջ չմտնող այլ ազգականից, եթե միանվագ ստացվող նվերն իր արժեքով (կամ միեւնույն անձից մեկ տարվա ընթացքում ստացված նվերների ընդհանուր արժեքը) չի գերազանցում 150.000 Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը.

3) ցանկացած այլ անձից կամ կազմակերպությունից, եթե միանվագ ստացվող նվերն իր արժեքով չի գերազանցում 30.000 Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

6. Եթե բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ հանրային ծառայողի կողմից ստացված նվերի արժեքը գերազանցում է սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերում նշված չափը, ապա նվերը համարվում է բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ հանրային ծառայողի պաշտոնեական կարգավիճակով կամ լիազորությունների իրականացմամբ պայմանավորված ստացված, եթե վերջինս չի հիմնավորում, որ նվեր տվողի հետ առկա են կայուն անձնական հարաբերություններ, նվերն իր էությամբ եւ չափով ողջամտորեն համապատասխանում է միմյանց միջեւ հարաբերությունների բնույթին եւ կապված չէ իր պաշտոնեական կարգավիճակի կամ լիազորությունների իրականացման հետ, այսինքն՝ նվեր տվողը չի ակնկալում գործողություններ (ակտեր) բարձրաստիճան պաշտոնատար անձից կամ հանրային ծառայողից կամ այն մարմնից, որտեղ վերջիններս զբաղեցնում են հանրային ծառայության պաշտոն, վերջիններիս հետ չունի գործնական հարաբերություններ կամ դրանց մեջ մտնելու նպատակ, չի իրականացնում նրանց կողմից կարգավորվող կամ վերահսկվող գործունեություն, չի գտնվում նրանց ենթակայության ներքո:

7. Բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ հանրային ծառայողի կամ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ հանրային ծառայողի պաշտոնեական կարգավիճակով կամ լիազորությունների իրականացմամբ պայմանավորված նվեր ընդունելը (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերում նշված դեպքերի), ստացված նվերը համապատասխան մարմնին չհանձնելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

8. Սույն հոդվածով թույլատրելի համարվող նվերի արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական գինը, որը նվեր ստացողը գիտեր կամ կարող էր իմանալ նվերի ընդունման պահին կամ դրա ընդունումից հետո:

9. Հանձնաժողովը եւ համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովը, համապատասխանաբար՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի եւ հանրային ծառայողի գրավոր հարցման հիման վրա նվերների ընդունման հարցով տալիս են խորհրդատվություն:

Հոդված 58. Նվերների հաշվառումը

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձը եւ հանրային ծառայողը իր կամ իր ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից ստացված՝ սույն օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերում նշված յուրաքանչյուր նվերի մասին (պայմանավորված իր պաշտոնեական կարգավիճակով կամ լիազորությունների իրականացմամբ) այն ստանալուց հետո ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում պարտավոր է գրավոր տեղեկացնել այն պետական մարմնի աշխատակազմին, որտեղ զբաղեցնում է հանրային ծառայության պաշտոն: Սույն պահանջը չկատարելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված մարմնի աշխատակազմն իրականացնում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց, հանրային ծառայողների եւ նրանց ընտանիքների կազմի մեջ մտնող անձանց կողմից ստացված նվերների ռեեստրի վարումը:

3. Նվերների ռեեստրի վարման կարգը եւ հրապարակման ենթակա տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈՒԽ 9
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 59. Հանձնաժողովի կողմից վարույթի հարուցումը

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից էթիկայի կանոնների, անհամատեղելիության եւ այլ սահմանափակումների, շահերի բախման, հայտարարատու պաշտոնատար անձի կողմից հայտարարագրման հետ կապված ենթադրյալ խախտման վերաբերյալ հաղորդում ստանալու դեպքում Հանձնաժողովը հաղորդումը ստանալու պահից 5-օրյա ժամկետում կայացնում է վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում: Եթե վարույթ հարուցելու հիմքերի առկայությունը պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա Հանձնաժողովը հաղորդումը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է դիմողին։ Տվյալ դեպքում վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումը կայացվում է հաղորդումը ստանալու պահից՝ 30-օրյա ժամկետում:

2. Հանձնաժողովը վարույթ է հարուցում սեփական նախաձեռնությամբ: Հանձնաժողովը կարող է հարուցել վարույթ՝

1) անձի (անձանց) դիմումի հիման վրա կամ

2) հանրային ծառայողի, բարձրաստիճան պաշտոնատար անձի՝ իր կողմից կատարված խախտման վերաբերյալ տրված դիմումի կամ հայտարարության հիման վրա, կամ

3) ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված անանուն հաղորդման հիման վրա:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված դիմումը պետք է պարունակի.

1) դիմումատուի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը, հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը), բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի.

2) հանրային ծառայողի, բարձրաստիճան պաշտոնատար անձի տվյալները, որի դեմ ներկայացվում է դիմումը, հանրային ծառայողի կամ բարձրաստիճան պաշտոնատար անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը եւ պետական մարմինը, որտեղ վերջինիս զբաղեցնում է հանրային ծառայության պաշտոն.

3) փաստական հանգամանքները, որոնցով ողջամտորեն հիմնավորվում են էթիկայի կանոնների, անհամատեղելիության, այլ սահմանափակումների, շահերի բախման եւ հայտարարագրման հետ կապված խախտումների վերաբերյալ կասկածները, առկայության դեպքում՝ այդ հանգամանքների հիմնավորվածությունը հավաստող ապացույցները (փաստաթղթեր, նյութեր).

4) դիմումատուի ստորագրությունը, եթե դիմումը ներկայացվում է ֆիզիկական անձի կողմից (ներկայացուցչի միջոցով ներկայացվելու դեպքում` վերջինիս ստորագրությունը), իսկ իրավաբանական անձի դեպքում` նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը, բացառությամբ՝ սույն օրենքով նախատեսված դեպքերի.

5) դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկան):

4. Հանձնաժողովի կողմից ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված անանուն հաղորդման հիման վրա վարույթ կարող է հարուցվել այն դեպքում, երբ հաղորդման մեջ նշված հանգամանքները ինքնին կամ Հանձնաժողովի համար մատչելի այլ տեղեկատվության հետ համակցության մեջ առաջացնում են սույն օրենքի պահանջների խախտման վերաբերյալ հիմնավոր կասկած:

5. Հանձնաժողովը սույն հոդվածով սահմանված կարգով վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելուց հետո 5-օրյա ժամկետում պարտավոր է հանրային ծառայողին կամ բարձրաստիճան պաշտոնատար անձին պատշաճ ձեւով ծանուցել հարուցված վարույթի մասին:

6. Հանձնաժողովն իրավասու է պահանջել ներկայացնել հայտնաբերված խախտման վերաբերյալ հանրային ծառայողի կամ բարձրաստիճան պաշտոնատար անձի բացատրությունները:

7. Հանրային ծառայողը եւ բարձրաստիճան պաշտոնատար անձը սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ծանուցումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում կարող է Հանձնաժողովին ներկայացնել իր գրավոր բացատրությունները` կցելով իր փաստարկների հիմնավորվածությունը հավաստող ապացույցներ:

8. Հանրային ծառայողի կամ բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետում եւ կարգով բացատրություններ չներկայացնելու դեպքում Հանձնաժողովը շարունակում է վարույթը` սույն օրենքին համապատասխան:

9. Հանձնաժողովի կողմից վարույթի իրականացման առավելագույն ժամկետը 60 օր է:

Հոդված 60. Վարույթի հետագա ընթացքը

1. Դիմումատուն պարտավոր է Հանձնաժողովի պահանջով եւ նրա կողմից սահմանված ժամկետում ներկայացնել իրեն հայտնի ամբողջ տեղեկատվությունը, իր մոտ առկա փաստաթղթերը եւ այլ նյութերը, որոնց միջոցով հնարավոր է պարզել` վարույթ հարուցելու հիմքերի եւ օրենքի պահանջների խախտման փաստի առկայությունը:

2. Եթե դիմումի ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ առկա չեն վարույթ հարուցելու հիմքեր, Հանձնաժողովն այդ մասին ծանուցում է դիմումատուին:

3. Վարույթ հարուցելու դեպքում Հանձնաժողովը պարտավոր է դիմումատուին ծանուցել վարույթի հետագա ընթացքի մասին:

4. Եթե վարույթի ընթացքում Հանձնաժողովը գալիս է այն եզրակացության, որ կատարված արարքը պարունակում է հանցագործության առերեւույթ հատկանիշներ, ապա բոլոր փաստաթղթերը, արձանագրությունները եւ այլ նյութերը պատճառաբանված որոշմամբ, անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության դատախազություն՝ կայացնելով վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում։ Որոշման պատճենը կայացումից հետո 3-օրյա ժամկետում ուղարկվում է դիմումատուին եւ հանրային ծառայողին կամ բարձրաստիճան պաշտոնատար անձին:

5. Քրեական գործի հարուցումը մերժվելու դեպքում քրեական հետապնդման մարմնից որոշումը եւ անհրաժեշտ նյութերը ստանալու պահից Հանձնաժողովը վերսկսում է կասեցված վարույթը:

6. Մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում Հանձնաժողովը կարճում է վարույթը, իսկ քրեական գործի վարույթը կարճելու դեպքում՝ կայացնում կասեցված վարույթը վերսկսելու մասին որոշում՝ սույն օրենքով սահմանված կարգով շարունակելով վարույթի հետագա ընթացքը: Քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է Հանձնաժողով։

Հոդված 61. Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթների իրականացման արդյունքներով որոշում կայացնելը

1. Հանրային ծառայողի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից սույն օրենքի 59-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով եւ ժամկետում բացատրություններ ներկայացնելուց, իսկ չներկայացվելու դեպքում՝ ներկայացման համար սահմանված ժամկետի ավարտից հետո 10-օրյա ժամկետում Հանձնաժողովը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված դեպքերում ընդունում է որոշումներ:

2. Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի հետ կապված այլ հարաբերությունների նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան դրույթները՝ սույն օրենքով սահմանված վարութային առանձնահատկությունների հաշվառմամբ:

3. Հանձնաժողովի՝ վարչական վարույթի արդյունքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին համապատասխան` դատական կամ վարչական կարգով` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

Հոդված 62. Հանձնաժողովի կողմից իրականացվող այլ վարույթների իրականացման արդյունքներով եզրակացություն տալը

1. Հանրային ծառայողի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից սույն օրենքի 59-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով եւ ժամկետում բացատրություններ ներկայացնելուց, իսկ չներկայացվելու դեպքում՝ ներկայացման համար սահմանված ժամկետի ավարտից հետո 10-օրյա ժամկետում Հանձնաժողովը իր իրավասությանն առնչվող այն հարցերով, որոնցով իրավասու չէ կիրառել պատասխանատվության միջոցներ, տալիս է եզրակացություններ՝ բոլոր փաստթղթերը, արձանագրությունները եւ այլ նյութերն ուղարկելով հանրային ծառայողի կամ բարձրաստիճան պաշտոնատար անձի նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու իրավասություն ունեցող անձին կամ մարմնին:

2. Հանձնաժողովը եզրակացությամբ իրավասու մարմնին կամ պաշտոնատար անձին ներկայացնում է խախտում կատարած հանրային ծառայողին կամ բարձրաստիճան պաշտոնատար անձին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ առաջարկություն:

3. Պատասխանատվության ենթարկելու առաջարկի հետ մեկտեղ Հանձնաժողովը կարող է առաջարկել կարգապահական տույժի տեսակը:

4. Իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է քննարկել Հանձնաժողովի առաջարկը եւ արդյունքների մասին ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան եզրակացությունը ստանալու պահից 30-օրյա ժամկետում տեղեկացնել Հանձնաժողովին:

5. Հանձնաժողովի եզրակացությունները ենթակա չեն բողոքարկման:

ԳԼՈՒԽ 10
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 63. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Օրենքի 12-րդ հոդվածը` բացառությամբ 3-րդ մասով նախատեսված հակակոռուպցիոն ոլորտի աշխատանքային ստաժ ունենալու պահանջի, եւ 16-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Մինչ այդ շարունակում են գործել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամների նշանակման կարգի եւ լիազորությունների դադարեցման վերաբերյալ դրույթները:Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի ՝ հակակոռուպցիոն ոլորտի աշխատանքային ստաժ ունենալու պահանջն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

3. Օրենքի 17-րդ հոդվածը, 23-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը եւ 33-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

4. Օրենքի 30-րդ հոդվածը եւ 5-րդ գլուխն ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Մինչ այդ շարունակում են գործել «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքի՝ ծառայողական քննության վարման վերաբերյալ դրույթները:

Հոդված 64. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը վերանվանվում է Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողով:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ սույն օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան Ազգային ժողովի կողմից Հանձնաժողովի անդամների նշանակումը:

3. Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքը եւ կանոնադրությունը, աշխատողների առավելագույն թիվը եւ հաստիքացուցակը հաստատվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

4. Հանձնաժողովի աշխատակազմում համապատասխան նշանակումները կատարվում են Հանձնաժողովի աշխատակազմի ձեւավորումից հետո եռամսյա ժամկետում:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հայտարարատու պաշտոնատար անձինք (բացառությամբ՝ պաշտոնավարող բարձրաստիճան պաշտոնատար անձանց) Հանձնաժողով են ներկայացնում սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա ակտիվների, եկամուտների եւ շահերի հայտարարագիր՝ մինչեւ 2017 սեպտեմբերի 1-ը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ