Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27.1-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Կարգավորման ազդեցության գնահատումը նորմատիվ իրավական ակտի ընդունման արդյունքում հնարավոր փոփոխությունների վերլուծությունն է, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության բյուջետային ուղերձով ներկայացված տեղեկատվությունն է:
Օրենքի նախագիծը մշակող մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայասանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ կազմակերպում է նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը:
Ազգային ժողովի պատգամավորի կամ խմբակցության կողմից կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված եւ Ազգային ժողովի կողմից շրջանառված օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը կազմակերպում է նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը, որը կցվում է նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության տարեկան ծրագրով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակող մարմինը կազմակերպում է նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը:».
2) 2-րդ մասի 1-ին նախադասության «Նախագիծ մշակող մարմինը» բառերը փոխարինել «Նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը կազմակերպող մարմինը» բառերով.
3) 3-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Ազդեցության գնահատողը նորմատիվ իրավական ակտի նախագիծը ստանալու օրվանից հետո` 15-օրյա, իսկ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանձնարարության մեջ ավելի կարճ ժամկետ սահմանված լինելու դեպքում՝ այդ ժամկետում, պարտավոր է իրականացնել ազդեցության գնահատում եւ դրա վերաբերյալ կազմել կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն (այսուհետ` եզրակացություն) եւ այն ներկայացնել նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը կազմակերպող մարմնին:»:
Հոդված 2 . Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄԱՆՎՈՐՈՒՄ
«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնական նպատակն է բարձրացնել մշակվող նախագծերի որակը՝ դրանց վերաբերյալ իրականացվող կարգավորման ազդեցության գնահատման արդյունավետության բարձրացման միջոցով:
2009 թվականի հուլիս ամսվանից սկսված իրականացվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատում 7 ոլորտներում՝ 6 նախարարությունների կողմից՝ ծախսերի, բնապահպանական, սոցիալական, առողջապահական, տնտեսական, ներառյալ` փոքր եւ միջին ձեռնարկատիրության, մրցակցության, հակակոռուպցիոն, բյուջետային բնագավառներում:
Ընդ որում, ԿԱԳ-ը նշված 7 բնագավառում էլ պարտադիր է, անկախ այն հանգամանքից, թե արդյոք նախագիծը տեխնիկական բնույթի փոփոխություններ է պարունակում, թե կոնցեպտուալ հարցեր է առաջադրում, որոնք իրոք կարող են ազդեցություն ունենալ այս 7 բնագավառներից որեւէ մեկի համար:
Ուստիեւ, առաջարկվում է սահմանել, որ ԿԱԳ-ը կատարվում է ոչ թե պարտադիր կարգով ցանկացած դեպքում եւ ցանկացած օրենքի նախագծի վերաբերյալ (ներառյալ տեխնիկական բնույթի ակտերը), այլ միայն վարչապետի կամ կառավարության հանձնարարությամբ:
Բացի այդ, նախագիծը ԿԱԳ-ի մասով իրավական ակտերի մասին օրենքը համապատասխանեցնում է ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքին, այն տեսանկյունից, որ ներկայումս օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է գալիս ոչ միայն պատգամավորը, այլ նաեւ խմբակցությունը կամ նախագիծը առաջադրվում է քաղաքացիական նախաձեռնության կարգով, եւ այն ոչ թե ուղարկվում է կառավարության եզրակացությանը, այլ շրջանառվում է, եւ Կառավարությունը կարող է ներկայացնել առաջարկություններ: Ուստիեւ, եթե նման նախագծի վերաբերյալ ՀՀ վարչապետի կամ Կառավարության հանձնարարության հիման վրա պետք է ԿԱԳ արվի, ապա եզրակացությունները կկցվեն կառավարության առաջարկություններին: