ԳԼՈՒԽ 1. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 2. ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
ԳԼՈՒԽ 3. ՆԵՐՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
ԳԼՈՒԽ 4. ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
ԳԼՈՒԽ 5. ԱԶԴԱՐԱՐԻ ԵՎ ՆՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԴԱՐԱՐԻ ԲԱՐԵԽԻՂՃ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԳԼՈՒԽ 6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է ազդարարման, ազդարարման կարգի, ազդարարի իրավունքների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությունների՝ ազդարարման հետ կապված պարտականությունների, ինչպես նաեւ ազդարարի եւ նրա հետ փոխկապակցված անձանց պաշտպանության հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) ազդարարում՝ ազդարարի կողմից պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական հիմնարկներում եւ կազմակերպություններում, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպություններում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների գրավոր կամ բանավոր հաղորդում սույն օրենքով նախատեսված իրավասու անձին կամ մարմին.
2) ազդարար՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը սույն օրենքով նախատեսված կարգով բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ` կապված այն պաշտոնատար անձի կամ մարմնի հետ, որի հետ նա գտնվում կամ գտնվել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական հարաբերությունների մեջ, կամ որին դիմել է ծառայությունների մատուցման նպատակով, կամ որը սխալմամբ ընկալվել է որպես ազդարար: Անձը համարվում է սխալմամբ ընկալվող ազդարար, եթե նա չազդարարելով ընկալվել է որպես ազդարար այլ անձանց կողմից, կամ որի հանդեպ կիրառվել են վնասակար գործողություններ.
3) ազդարարի հետ փոխկապակցված անձինք՝ ազդարարի ամուսինը, զավակները, ծնողները, քույրերը եւ եղբայրները.
4) իրավասու մարմին՝ Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմին, պետական հիմնարկ եւ կազմակերպություն, հանրային նշանակության կազմակերպություն, որը սույն օրենքով սահմանված երաշխիքների ապահովմամբ պարտավոր է ընթացք տալ ազդարարմանը.
5) հանրային նշանակության կազմակերպություն՝ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություն, որի աշխատողների կամ հաստիքների քանակը գերազանցում է հիսունը.
6) վնասակար գործողություն՝ գործողություն կամ անգործություն, որով ազդարարման համար ազդարարին կամ նրա հետ փոխկապակցված անձին հասցվում է վնաս՝ լուծելով աշխատանքային պայմանագիրը կամ նրան ավելի ցածր պաշտոնի փոխադրելով կամ նրա հաստիքը կրճատելով կամ նրան աշխատանքային առաջադրանքներ չտրամադրելով կամ արհեստականորեն հանձնարարականներով կամ առաջադրանքներով ծանրաբեռնելով կամ նրա աշխատանքային գործունեությանն անհարկի եւ ապօրինի միջամտելով կամ նրա նկատմամբ խրախուսանքի միջոցների կիրառումը մերժելով կամ նրա աշխատավարձը կամ պարգեւավճարները կրճատելով կամ նրա գույքին վնաս պատճառելով կամ նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելով կամ նրան պատասխանատվության ցանկացած այլ միջոցի ենթարկելով, որը կվատթարացնի նրա գույքային դրությունը կամ չի արդարացնի գույքային կամ այլ առաջխաղացման ակնկալիքները կամ ազդարարումից հետ պահելուն ուղղված կամ ազդարարման հետ կապված այլ ներգործության միջոցներ կիրառելով.
7) կոռուպցիոն բնույթի դեպքեր՝ պաշտոնի օգտագործմամբ կատարված իրավախախտումներ.
8) հանրային շահերին ուղղված այլ վնաս՝ հանրային առողջությանը կամ շրջակա միջավայրին հասցված վնաս, պետության միջոցների կամ գույքի վատնում, ինչպես նաեւ այլ վնաս, որը պատճառվել է հասարակական կամ պետական կառավարման կարգին:
Հոդված 3. Ազդարարման նպատակները
1. Ազդարարման նպատակներն են՝
1) բացահայտել կոռուպցիոն բնույթի դեպքերը, շահերի բախման, էթիկայի կանոնների, անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների, հայտարարագրման հետ կապված խախտումները, հանրային շահերին ուղղված այլ վնասները.
2) նվազեցնել եւ կանխարգելել կոռուպցիան.
3) նպաստել կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձեւավորմանը:
ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 4. Ազդարարման տեսակները
1. Ազդարարման տեսակներն են՝
1) ներքին ազդարարում.
2) արտաքին ազդարարում:
2. Ներքին ազդարարում է համարվում հաղորդումը ներկայացնելն իր անմիջական ղեկավարին կամ նրա վերադասին կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձի կամ իրավասու մարմնի ղեկավարի լիազորած անձին:
3. Արտաքին ազդարարում է համարվում իրավասու մարմին հաղորդում ներկայացնելը:
Հոդված 5. Ազդարարման ընթացակարգը
1. Ներքին եւ արտաքին ազդարարումն իրականացվում է սույն օրենքի 3-րդ եւ 4-րդ գլուխներով սահմանված կարգով:
2. Ներքին եւ արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման, ձեւակերպման օրինակելի ձեւը, ինչպես նաեւ ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Իրավասու մարմինն ինքնուրույն է սահմանում ներքին եւ արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման, ձեւակերպման, ինչպես նաեւ ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման կարգը՝ որպես նվազագույն պահանջներ դիտարկելով սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջները:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ակտն ընդունելու դեպքում իրավասու մարմինը պարտավոր է այն տեղադրել իր կայքէջում, կայքէջի բացակայության դեպքում՝ իր օգտին աշխատանք կատարող կամ իր կողմից մատուցվող ծառայություններից օգտվող յուրաքանչյուր անձի համար տեսանելի վայրում:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ակտը չընդունելու դեպքում կիրառելի է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված որոշումը:
ՆԵՐՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 6. Ներքին ազդարարումը եւ ներքին ազդարարման վարույթը
1. Ներքին ազդարարումն սկսվում է ազդարարի կողմից իր անմիջական ղեկավարին կամ նրա վերադասին կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձի կամ իրավասու մարմնի ղեկավարի լիազորած անձին հաղորդում ներկայացնելով:
2. Եթե հաղորդումն ստացել է ազդարարի անմիջական ղեկավարը կամ նրա վերադասը կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձ կամ սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված անձը, ապա նա պարտավոր է հաղորդումն անհապաղ փոխանցել իրավասու մարմնի ղեկավարին կամ նրա լիազորած անձին:
3. Իրավասու մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած անձը՝
1) ապահովում է հաղորդման անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվառումը.
2) իր իրավասության շրջանակներում հիմքերի առկայության դեպքում հաղորդման հաշվառման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է վարույթի հարուցումը.
3) ապահովում է հարուցված վարույթի գաղտնիությունը.
4) իր իրավասությունների շրջանակներում միջոցներ է ձեռնարկում հաղորդման իսկությունն ստուգելու նպատակով.
5) իր իրավասության շրջանակներում հաղորդման իսկությունն ստուգելիս հանցագործության առերեւույթ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում անհապաղ այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության դատախազություն.
6) իր իրավասության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում ազդարարներին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաեւ վնասակար գործողությունների եւ դրանց հետեւանքների վերացման նպատակով.
7) ապահովում է ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
8) ազդարարի պահանջով ապահովում է վարույթի ընթացքի եւ ձեռնարկված միջոցների մասին տեղեկությունների տրամադրումը.
9) հնարավորություն է տալիս ազդարարին ներկայացնելու պարզաբանումներ, փաստաթղթեր եւ դիմումներ:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունների չկատարումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
5. Ներքին ազդարարման նկատմամբ ընդհանուր վերահսկողությունն իրականացնում է իրավասու մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած անձը:
6. Ներքին ազդարարման հիման վրա հարուցված վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Հարուցված վարույթի արդյունքում ընդունվում է համապատասխան ակտ, որի մասին ակտի ընդունման պահից եռօրյա ժամկետում ազդարարը ծանուցվում է:
7. Եթե վարույթի ընթացքում պարզվում է, որ ազդարարը սույն օրենքով նախատեսված կարգով հաղորդում ներկայացնելիս գործել է անբարեխղճորեն, ապա իրավասու մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած անձը դադարեցնում է ազդարարին պաշտպանության տրամադրումը, որի մասին որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում ծանուցում է ազդարարին:
8. Եթե ազդարարի ոչ բարեխիղճ գործողությունը պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա հաղորդումն ստացած անձը պարտավոր է անհապաղ այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության դատախազություն:
ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 7. Արտաքին ազդարարումը եւ արտաքին ազդարարման վարույթը
1. Արտաքին ազդարարումն սկսվում է ազդարարի կողմից իրավասու մարմին հաղորդում ներկայացնելով:
2. Եթե հաղորդումը վերաբերում է իրավասու մարմնի աշխատակցին, ապա ազդարարումը կատարվում է իրավասու մարմնի ղեկավարին: Եթե հաղորդումը վերաբերում է իրավասու մարմնի ղեկավարին, ապա այն ներկայացվում է իրավասու մարմնի վերադաս մարմնի ղեկավարին: Իրավասու մարմնի վերադաս մարմնի բացակայության դեպքում հաղորդումը ներկայացվում է համապատասխան մարմնի հանրային ծառայողի էթիկայի հանձնաժողով (առկայության դեպքում), իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձանց դեպքում՝ կոռուպցիայի կանխարգելման ոլորտում լիազոր մարմին:
3. Իրավասու մարմինը՝
1) ապահովում է հաղորդման անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվառումը.
2) իր իրավասության շրջանակներում հիմքերի առկայության դեպքում հաղորդման հաշվառման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում հարուցում է վարույթ.
3) ապահովում է վարույթի գաղտնիությունը.
4) իր իրավասությունների շրջանակներում միջոցներ է ձեռնարկում հաղորդման իսկությունն ստուգելու նպատակով.
5) իր իրավասության շրջանակներում հաղորդման իսկությունն ստուգելիս հանցագործության առերեւույթ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում անհապաղ այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության դատախազություն.
6) իր իրավասության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում ազդարարներին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաեւ վնասակար գործողությունների եւ դրանց հետեւանքների վերացման նպատակով.
7) ապահովում է ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
8) ազդարարի պահանջով ապահովում է վարույթի ընթացքի եւ ձեռնարկված միջոցների մասին տեղեկությունների տրամադրումը.
9) հնարավորություն է տալիս ազդարարին ներկայացնելու պարզաբանումներ, փաստաթղթեր եւ դիմումներ:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունների չկատարումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
5. Եթե հաղորդումը ներկայացվել է ոչ իրավասու մարմին, ապա հաղորդում ստացած մարմինը եռօրյա ժամկետում այն վերահասցեագրում է իրավասու մարմնին՝ ծանուցելով ազդարարին:
6. Արտաքին ազդարարում չի համարվում քրեական հետապնդման մարմինների կողմից հանցագործության վերաբերյալ հաղորդումների քննարկման եւ լուծման` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգը:
7. Եթե ազդարարը համաձայնություն չի տվել իր անձնական տվյալները բացահայտելու վերաբերյալ, ապա մարմինը, որն ստացել է ազդարարի ներկայացրած հաղորդումը եւ իրավասու չէ վարույթ հարուցելու, պարտավոր է մինչեւ հաղորդումն ըստ ենթակայության ուղարկելը ստանալ ազդարարի նախնական համաձայնությունը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Ազդարարի համաձայնության բացակայության դեպքում հաղորդումն ուղարկվում է ըստ ենթակայության՝ առանց ազդարարի անձնական տվյալները բացահայտելու:
8. Արտաքին ազդարարման հիման վրա հարուցված վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Հարուցված վարույթի արդյունքում ընդունվում է համապատասխան ակտ, որի մասին ակտի ընդունման պահից եռօրյա ժամկետում ազդարարը ծանուցվում է:
9. Եթե վարույթի ընթացքում պարզվում է, որ ազդարարը սույն օրենքով նախատեսված կարգով հաղորդում ներկայացնելիս գործել է անբարեխղճորեն, ապա իրավասու մարմինը դադարեցնում է ազդարարին պաշտպանության տրամադրումը, որի մասին որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում ծանուցում է ազդարարին:
10. Եթե ազդարարի ոչ բարեխիղճ գործողությունը պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա իրավասու մարմինը պարտավոր է անհապաղ այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության դատախազություն:
Հոդված 8. Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը
1. Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի (այսուհետ՝ միասնական էլեկտրոնային հարթակ) միջոցով ազդարարը կարող է անանուն եղանակով հաղորդել տեղեկություններ հանցագործության մասին:
2. Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի, երաշխավորում է ազդարարի պաշտպանությունը՝ ապահովելով նրա անանունությունը:
3. Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ազդարարի անանունությունը երաշխավորվում է նրա համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու միջոցով:
4. Միասնական էլեկտրոնային հարթակն ապահովում է հասանելիություն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը:
5. Միասնական էլեկտրոնային հարթակը պետք է օժտված լինի հետադարձ կապի միջոցով անանուն հաղորդմանն առնչվող անհրաժեշտ տեղեկությունների եւ փաստերի հավաքման հնարավորությամբ:
6. Միասնական էլեկտրոնային հարթակը վարում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը:
7. Միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը եւ վարման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 9. Անանուն հաղորդումները եւ դրանց առանձնահատկությունները
1. Ազդարարը անանուն հաղորդումը ներկայացնում է այն միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրելու միջոցով:
2. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն իր իրավասության շրջանակներում ապահովում է միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրված յուրաքանչյուր հաղորդման հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակներում միջոցների ձեռնարկումը եւ անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան ակտի ընդունումը:
3. Հանցագործության հատկանիշներ պարունակող եւ միասնական էլեկտրոնային հարթակով ներկայացված հաղորդումը ենթակա է ստուգման ,Օպերատիվ-հետախուզական գործունեության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե հաղորդմամբ ներկայացվող տեղեկությունը բավարար չափով հիմնավորված է, վերաբերում է կոնկրետ պաշտոնատար անձի կամ մարմնի եւ պարունակում է տվյալներ, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հաղորդումն ստուգելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն այն վերահասցեագրում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին:
5. Սույն օրենքի 7-րդ հոդվածի դրույթները տարածվում են անանուն հաղորդումների վրա այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են:
ԱԶԴԱՐԱՐԻ ԵՎ ՆՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԴԱՐԱՐԻ ԲԱՐԵԽԻՂՃ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 10. Ազդարարի եւ նրա հետ փոխկապակցված անձանց պաշտպանության իրավունքը
1. Ազդարարը, սույն օրենքին համապատասխան, ունի պաշտպանության իրավունք: Ազդարար ֆիզիկական անձին տրվող պաշտպանությունը տարածվում է ազդարար իրավաբանական անձի վրա այնքանով, որքանով այդ պաշտպանությունն իր էությամբ կիրառելի է դրա նկատմամբ:
2. Ազդարարն ունի իր անձնական տվյալների գաղտնիության, վնասակար գործողություններից եւ դրանց հետեւանքներից պաշտպանության իրավունք:
3. Ազդարարը, որ հաղորդում է ներկայացրել, կամ որի հաղորդումն ուղարկվել է քրեական հետապնդման մարմիններ, ենթակա է պաշտպանության Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
4. Յուրաքանչյուր պայմանագիր կամ պայմանագրի դրույթ, որը միտված է անձին ազդարարման կամ ազդարարի պաշտպանության իրավունքից զրկելուն կամ այն սահմանափակելուն, առ ոչինչ է:
5. Ազդարարի հետ փոխկապակցված անձն ազդարարի պաշտպանության միջոցներից օգտվելու իրավունք ունի, եթե ողջամտորեն հիմնավորում է, որ ազդարարի հետ ունեցած կապի պատճառով իր դեմ կարող են կատարվել վնասակար գործողություններ:
Հոդված 11. Ազդարարի անձնական տվյալների պաշտպանությունը անանուն հաղորդում ներկայացնելիս
1. Անանուն հաղորդում ներկայացնելիս երաշխավորվում է ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը ինչպես իրավասու մարմնին, այնպես էլ այլ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ ազդարարը բացահայտում է իր անձնական տվյալները:
2. Իրավասու մարմինն իրավունք չունի միջոցնել ձեռնարկելու անանուն հաղորդում ներկայացրած ազդարարի անձնական տվյալները բացահայտելու ուղղությամբ:
Հոդված 12. Ազդարարի եւ նրա հետ փոխկապակցված անձանց դատական պաշտպանությունը
1. Ազդարարը, որի դեմ ազդարարման հետ կապված ձեռնարկվել է վնասակար գործողություն, ունի դատական պաշտպանության իրավունք:
2. Ազդարարի հետ փոխկապակցված անձը, որի դեմ ազդարարի հետ ունեցած կապի պատճառով ձեռնարկվել է վնասակար գործողություն, ունի դատական պաշտպանության իրավունք:
3. Ազդարարի եւ նրա հետ փոխկապակցված անձանց դատական պաշտպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 13. Ազդարարի բարեխիղճ գործելու պարտականությունը
1. Ազդարարը գործում է բարեխղճորեն, եթե ազդարարելու պահին նա կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ ունի կասկածի ողջամիտ հիմքեր, նրա համոզմամբ տեղեկությունը ճշմարտացի է, եւ եթե նախքան ազդարարումը նա իր իրական հնարավորությունների սահմաններում միջոցներ է ձեռնարկել ստուգելու տեղեկության ճշտությունը եւ ամբողջականությունը:
2. Ազդարարը գործում է անբարեխղճորեն, եթե՝
1) բացակայում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բարեխղճորեն գործելու հատկանիշները, կամ
2) ազդարարումը կատարվել է ապօրինի եղանակով, այդ թվում՝ հանցագործության կատարմամբ կամ մարդու սահմանադրական իրավունքների խախտմամբ ձեռք բերված տեղեկությունների հիման վրա, կամ
3) իր կամ այլ անձի համար պահանջում կամ ստանում է որեւէ առավելություն կամ
4) այլ անձի վնաս պատճառելու նպատակով դիտավորությամբ հաղորդում է կեղծ տեղեկություններ:
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 14. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 15. Միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծումը
1. Անանուն հաղորդումների ընդունման միասնական էլեկտրոնային հարթակը ենթակա է ստեղծման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը: