Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 32-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 32. Գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց մասին հայտարարագրման պարտականությունը
1. Սույն օրենքի իմաստով՝ հայտարարատու պաշտոնատար անձինք են բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիսացող քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը եւ աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման ղեկավարը, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ծառայության, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող անձինք, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավարը եւ նրա տեղակալը, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարները եւ նրանց տեղակալները, դատական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող անձինք, հատուկ ծառայությունների բարձրագույն եւ գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք՝ բացառությամբ պաշտպանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմիններում եւ փրկարար ծառայությունների գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձանց, քրեակատարողական եւ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք, դատախազները, ազգային անվտանգության մարմինների, հարկային, մաքսային ծառայությունների, քննչական կոմիտեի եւ հատուկ քննչական ծառայության քննիչները, 15000 եւ ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարները, Երեւան քաղաքի վարչական շրջանների ղեկավարները, գնումների բողոքարկման խորհրդի անդամները:
2. Հայտարարատու պաշտոնատար անձինք սույն օրենքով նախատեսված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում գույքի, եկամուտների հայտարարագրեր։
3. Հայտարարատու պաշտոնատար անձինք սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում փոխկապակցված անձանց մասին հայտարարագիր։
4. Սույն օրենքի իմաստով հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք՝ նրա ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), հայտարարատու պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող ցանկացած անձը, սույն օրենքով հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում եւ կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագիրը: Անչափահաս զավակի հայտարարագիրը ներկայացնում է հայտարարատու պաշտոնատար անձը:
5. Սույն օրենքի իմաստով համատեղ բնակվող են համարվում պաշտոնը ստանձնելու կամ դադարեցնելու օրվան նախորդող կամ հայտարարագրման տարվա ընթացքում 183 եւ ավելի օր Հայտարարատուի հետ բնակվող անձը:
6. Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաեւ նրա հայտարարատուի ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից հայտարարագրերը սույն օրենքով եւ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից սահմանված պահանջների, կարգի եւ ժամկետների պահպանմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չներկայացնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
7. Հայտարարագրի ներկայացման փաստի ուժով հայտարարատու պաշտոնատար անձը եւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տալիս են հաշվետու ժամանակահատվածի համար իրենց վարկային պատմությանը եւ արժեթղթերի, այդ թվում՝ դրանցով կատարված գործարքների վերաբերյալ տեղեկություններին ծանոթանալու համաձայնություն:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել 32.1-ին հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 32.1. Հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու եւ պաշտոնից ազատելու մասին ծանուցելը
1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարը կամ աշխատակազմի ղեկավարի գործառույթներ իրականացնող անձը տվյալ մարմնում հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին եռօրյա ժամկետում Հանձնաժողովի կողմից սահմանված ձեւաթղթով ծանուցում է Հանձնաժողովին:»:
Հոդված 3. Օրենքի 33-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 33. Հայտարարագրման ժամկետները եւ հայտարարագրում փոփոխություն կատարելը
1. Հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականությունները ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագրերը այդ օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Նշված անձինք պաշտոնավարման ընթացքում հայտարարագրեր են ներկայացնում նաեւ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ` ոչ ուշ, քան տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 30-ը։
2. Հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձը կարող են մինչեւ հայտարարագրերի հրապարակման համար օրենքով սահմանված ժամկետը լրանալը դիմել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ հայտարարագրերում իրենց կողմից հայտնաբերված վրիպակներն ուղղելու նպատակով: Վրիպակներն ուղղելու նպատակով տրամադրվող ժամկետը չի կարող գերազանցել հինգ աշխատանքային օրը: Հայտարարագրերը նշված ժամկետում չներկայացվելու դեպքում Հանձնաժողովի կողմից հիմք են ընդունվում սկզբնապես ներկայացված հայտարարագրերը:
3. Հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության ենթարկվելուց հետո նշված օրենսգրքով սահմանված ժամկետում դիմում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ հայտարարագրերում նշված տվյալներն ուղղելու նպատակով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դիմումը ստանալու եւ վրիպակները սահմանված ժամկետում վերացնելու դեպքում Հանձնաժողովը վարույթ չի հարուցում:»
Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածում.
1) «բարձրաստիճան» բառը փոխարինել «հայտարարատու» բառով.
2) 2-րդ մասում «հետ համատեղ ապրող ծնողի, ինչպես նաեւ համատեղ ապրող չափահաս եւ չամուսնացած զավակի» բառերը փոխարինել «ընտանիքի կազմի մեջ մտնող՝ սույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասում նշված այլ անձանց» բառերով.
3) 3-րդ մասի «հետ համատեղ ապրող ծնողի, ինչպես նաեւ իր հետ համատեղ ապրող չափահաս եւ չամուսնացած զավակի» բառերը փոխարինել «ընտանիքի կազմի մեջ մտնող՝ սույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասում նշված այլ անձանց» բառերով:
Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածում.
1) «Բարձրաստիճան պաշտոնատար անձի, նրա ամուսնու, նրա հետ համատեղ ապրող ծնողի, ինչպես նաեւ համատեղ ապրող չափահաս եւ չամուսնացած զավակի» բառը փոխարինել «հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ամուսնու, նրա ընտանիքի կազմի մեջ մտնող՝ սույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասում նշված այլ անձանց» բառերով:
Հոդված 7. Օրենքի 37-րդ հոդվածում.
1) 1-ին մասից հետո ավելացնել 1.1 մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«1.1. Հանձնաժողովը հայտարարագիրը ռեեստրում զետեղելուց անմիջապես հետո ապահովում է դրա հրապարակումն իր պաշտոնական կայքէջում:».
2) 2-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Անչափահասի հայտարարագիրը հրապարակման ենթակա չէ:».
3) ավելացնել 4-րդ եւ 5-րդ մասեր՝ հետեւյալ բովանդակությամբ.
«4. Հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնաթողության դեպքում վերջինիս եւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց հայտարարագրերը մնում են հրապարակված պաշտոնաթողության օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում: Մեկ տարվա ընթացքում կրկին հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոն չստանձնելու դեպքում այդ հայտարարագրերը արխիվացվում են: Այդ ժամկետից հետո տվյալ անձի կողմից հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոն ստանձնելու դեպքում նրա արխիվացված հայտարարագրերը վերականգնվում եւ հրապարակվում են:
5. Հայտարարագրերի արխիվացման կարգն ու պայմանները սահմանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:»:
Հոդված 8. Օրենքը լրացնել 38.1-ին եւ 38.2-րդ հոդվածներով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 38.1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմը
1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է աշխատակազմի միջոցով:
2. Աշխատակազմի աշխատողների թիվը եւ հաստիքացուցակը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի առաջարկությամբ հաստատում է Կառավարությունը, իսկ կառուցվածքն ու կանոնադրությունը՝ հանձնաժողովը:
Հոդված 38.2. Պետական ծառայությունը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմում
1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմում մասնագիտական գործունեությունը, բացառությամբ տեխնիկական սպասարկման գործառույթների հետ կապված աշխատանքային գործունեության, քաղաքացիական ծառայություն է, իսկ աշխատակազմում համապատասխան հաստիքներ զբաղեցնող աշխատողները քաղաքացիական ծառայողներ են։
2. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմում ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 9. Օրենքը լրացնել 41.1-ին հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 41.1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ֆինանսավորումը
1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ֆինանսավորվում է պետական բյուջեի, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
2. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ առաջիկա տարվա բյուջետային գործընթացը սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում առաջիկա տարվա իր բյուջետային ֆինանսավորման հայտը (Հանձնաժողովի ծախսերի նախահաշվի նախագիծը):
3. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի բյուջետային ֆինանսավորման հայտի ցուցանիշների համաձայնեցումը եւ պետական բյուջեի նախագծում դրանց ներառումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի բյուջետային ֆինանսավորման հայտի օրինակն առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
5. Պետական բյուջեի ծախսային մասում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ծախսերը ներկայացվում են առանձին տողով:»:
Հոդված 10. Օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 11. Օրենքի 43-րդ հոդվածում.
1) 1-ին մասի 2-րդ կետում «վերլուծությունը եւ» բառերը փոխարինել «վերլուծության գործընթացի կանոնակարգումը եւ հայտարարագրերի» բառերով.
2) 1-ին մասը լրացնել 7-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«7) հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաեւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից սույն օրենքով նախատեսված հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու, կամ հայտարարագրերի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելու, կամ հայտարարագրերում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելը եւ վարչական տույժեր նշանակելը:»:
Հոդված 12. Օրենքը լրացնել 43.1 հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 43.1. Հայտարարագրերի վերլուծությունը
1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իրականացնում է՝
1) հայտարարագրի լրացման եւ ներկայացման պահանջների պահպանման ստուգում.
2) հայտարարագրված տվյալների արժանահավատության եւ ամբողջականության ստուգում:
2. Հայտարարագրերի վերլուծության մեթոդաբանությունը եւ կարգը սահմանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:
3. Հայտարարագրերի վերլուծության գործընթացում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իրավասու է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, Կենտրոնական դեպոզիտարիայից եւ արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց, ԱՔՌԱ վարկային բյուրոյից, ինչպես նաեւ պահանջել (այդ թվում՝ էլեկտրոնային հարցման եղանակով) հայտարարատու պաշտոնատար անձի եւ նրա ընտանիքի կազմի մեջ գտնվող անձանց առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր եւ ստանալ դրանք, բացառությամբ՝ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:
Տեղեկությունները եւ փաստաթղթերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տրամադրում են անվճար՝ հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան հարցումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ հարցման հասցեատերը պահանջը կատարելու համար այլ ողջամիտ ժամկետ չի առաջարկում, որը չի կարող գերազանցել 30 օրը։ Կենտրոնական դեպոզիտարիայի եւ արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց, ինչպես նաեւ ԱՔՌԱ վարկային բյուրոի կողմից տեղեկություններն ու փաստաթղթերը տրամադրվում է անվճար՝ ներկայացրած հայտարարագրերի թվին հավասար թվով հարցումներ ներկայացնելու դեպքում:
4. Հայտարարագրերի վերլուծության գործընթացում ապահովվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, սույն հոդվածի 3-րդ մասում նշված կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակված տեղեկատվական բազաների՝ հայտարարագրման ենթակա տվյալներին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի առցանց հասանելիությունը, բացառությամբ՝ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:
5. Եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում բավարար հիմքեր կան եզրակացնելու, որ հայտարարագիրը օրենքով սահմանված ժամկետում ներկայացված չէ կամ ներկայացված է համապատասխան պահանջների եւ կարգի խախտմամբ կամ հայտարարագրված տվյալը սխալ է կամ ոչ ամբողջական, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իրականացնում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության վարույթ:
Հոդված 13. Օրենքի 44-րդ հոդվածը լրացնել 4.1. մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«4.1. Եթե վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի ընթացքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը գալիս է այն հետեւության, որ կատարված արարքում առկա են հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու կամ հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու առերեւույթ հատկանիշներ, ապա վարույթի նյութերը պատճառաբանված որոշմամբ անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ընդունելով վարույթը կասեցնելու մասին որոշում։
ՀՀ գլխավոր դատախազությունը նյութերի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ պարտավոր է տեղեկացնել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ կցելով համապատասխան որոշման պատճենը:
Քրեական գործի հարուցումը մերժելու, գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը ստանալու պահից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 5-օրյա ժամկետում վերսկսում է կասեցված վարույթը, իսկ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռը ստանալու դեպքում՝ նույն ժամկետում կարճում է վարույթը:»:
Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ «Կոռուպցիայի կանխարգելմանհանձնաժողովի մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Ազգային ժողովի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների նշանակումը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքը եւ կանոնադրությունը, աշխատողների թիվը եւ հաստիքացուցակը հաստատվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմում համապատասխան նշանակումները կատարվում են Հանձնաժողովի աշխատակազմի ձեւավորումից հետո մեկամսյա ժամկետում:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչեւ 2017 թվականի սեպտեմբերի 15-ը հայտարարատու պաշտոնատար անձինք (բացառությամբ՝ պաշտոնավարող բարձրաստիճան պաշտոնատար անձանց) Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագիր:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
Եզրակացություն
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագծերը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման
1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են ազդարարման հետ կապված իրավահարաբերությունների համալիր կարգավորման ենթարկման եւ ազդարարման իրավունքի արդյունավետ իրացման երաշխավորման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, նախատեսվում է կարգավորել ազդարարման, ազդարարման կարգի, ազդարարի իրավունքների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց` ազդարարման հետ կապված պարտականությունները, ինչպես նաեւ ազդարարի եւ նրա հետ փոխկապված անձանց պաշտպանության հետ կապված հարաբերությունները:
Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային միջավայրի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծերի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
Նախագծերի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Միեւնույն ժամանակ, նախագծերի կարգավորումների ընդունման արդյունքում զգալիորեն կվերանա կոռուպցիայի համակարգային բնույթը, նշանակալիորեն կսահմանափակվի դրա տարածվածության աստիճանը, կմեծանա քաղաքացիներին մատուցվող հանրային ծառայությունների որակը, զգալիորեն կբարելավվի սոցիալական արդարության ընկալումը տնային տնտեսությունների եւ գործարարների շրջանում, նախապայմաններ կստեղծվեն տնտեսության արտադրողականության բարձրացման համար` մեծացնելով երկրի մրցունակությունը եւ տնտեսության գրավչությունը ներդրումների համար:
Նախագծերի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է`
1) ստեղծել Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողով, որի անդամների եւ աշխատակազմի վարձատրությունն իրականացվելու է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով,
2) սահմանել, որ բարձրաստիճան պաշտոնատար անձի եւ հանրային ծառայողի կողմից պաշտոնեական կարգավիճակով կամ լիազորությունների իրականացմամբ պայմանավորված նվեր ընդունելը, ստացված նվերը օրենքով սահմանված մարմնին չհանձնելը, նվերի մասին օրենքով սահմանված չտեղեկացնելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով` նվեր ստացված առարկաների բռնագրավմամբ, (ներկայումս սահմանված է, որ պետական ծառայողների կողմից պետական եւ ոչ պետական ձեռնարկություններից, հիմնարկներից եւ կազմակերպություններից, ինչպես նաեւ արտասահմանյան պետություններից, կազմակերպություններից, ֆիրմաներից պաշտոնի բերումով ստացած արժեքավոր նվերները սահմանված կարգով պետությանը չհանձնելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափով` նվեր ստացված առարկաների բռնագրավմամբ, իսկ դրանց բացակայության դեպքում` տուգանքի նշանակում նվերի արժեքի քառապատիկ չափով),
3) սահմանել, որ կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովին անհրաժեշտ տեղեկությունները կամ պահանջվող նյութերը չտրամադրելը, ինչպես նաեւ հանձնաժողովի անդամի` համապատասխան մարմին մուտք գործելն արգելելը կամ անհրաժեշտ նյութին կամ փաստաթղթին ծանոթանալուն խոչընդոտելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից հիսնապատիկի չափով:
4) հանցագործության վերաբերյալ հաղորդում տվող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց սպանության, առողջությանը վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսունապատիկի չափով,
5) կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ հաղորդում տվող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց սպանության, առողջությանը վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով,
6) հանցագործության վերաբերյալ հաղորդում տվող անձի տվյալների հրապարակումը այն անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահվել կամ հայտնի են դարձել նրա ծառայողական գործունեության կապակցությամբ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով,
7) կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ հաղորդում տվող անձի տվյալների հրապարակումն այն անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահվել կամ հայտնի են դարձել նրա ծառայողական գործունեության կապակցությամբ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով,
8) ազդարարի կողմից ներկայացված հաղորդումը չգրանցելը, դրա հիման վրա վարույթ չհարուցելը, վարույթի գաղտնիությունը չապահովելը, ազդարարին վարույթի ընթացքի եւ ձեռնարկված միջոցների մասին տեղեկություններ չտրամադրելը, գործի նյութերը ուսումնասիրելու հնարավորություն չընձեռելը, վարույթի արդյունքների մասին չծանուցելը առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի կամ նրա կողմից լիազորված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով,
9) ազդարարի անձնական տվյալները մշակելու ընթացքում գաղտնիությունը չապահովելը կամ գաղտնագրման միջոցներ չօգտագործելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի կամ նրա կողմից լիազորված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ՝
1) նկատի ունենալով, որ վերոնշյալ հանձնաժողովի ստեղծմամբ ընդլայնվելու է եկամտային հարկով հարկման բազան` հայտնում ենք, որ նախագծերի ընդունումը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի դրական.
2) «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել դրական.
3) ազդարարների կողմից իրավասու մարմնին ներկայացվող հաղորդումները (միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով) կհանգեցնեն ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի հատկացման անհրաժեշտության, որի ֆինանսական գնահատականը բացակայում է.
4) նախագծերի փաթեթն ընդունվելու դեպքում, մասնավորապես «Կոռուպցիայի կանխարգելման եւ կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվող Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողով ստեղծելու հետ կապված, ՀՀ պետական բյուջեի ելքերի մասով կհանգեցնի պետական բյուջեի ծախսերի ավելացման, ինչը հնարավոր չէ գնահատել համապատասխան տվյալների բացակայության պատճառով:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում: