Հոդված 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-18-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ, 6-րդ եւ 7-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 5. Կարգավորման հիմնական սկզբունքները
1. Կարգավորման հիմնական սկզբունքներն են`
1) կարգավորման իրականացումն ինքնավար պետական մարմնի կողմից` օրենքներով սահմանված իրավասությունների շրջանակում,
2) կարգավորող մարմնի որոշումների ընդունման կոլեգիալությունը եւ անկախությունը,
3) կարգավորման թափանցիկության ապահովումը հանրության համար,
4) սպառողների կամ որեւէ կարգավորվող անձի նկատմամբ խտրականության բացառումը,
5) սպառողների եւ կարգավորվող անձանց շահերի հավասարակշռումը՝ հաշվի առնելով նաեւ վերջիններիս հիմնավոր տեսակետները, սպառողների համար արդյունավետ ծառայությունների եւ հիմնավորված գների, ինչպես նաեւ ներդրողների համար համարժեք հասույթի ապահովումը,
6) մրցակցային շուկաների զարգացմանը համընթաց` կարգավորման շրջանակների սահմանափակումը, ինչպես նաեւ հանրային ծառայությունների ոլորտում ոչ մրցակցային շուկաների առաջացման դեպքում կարգավորման ներդրումը,
7) հանրային ծառայությունների ոլորտում շուկաներ մուտքի խոչընդոտների կրճատումը եւ կարգավորվող անձանց կողմից մատուցվող ծառայությունների (վաճառվող ապրանքների) հասանելիության կանոնների պահպանման ապահովումը,
8) հասցեական կարգավորումը,
9) հանձնաժողովի կողմից սահմանվող սակագների համապատասխանությունը մատուցվող ծառայությունների (վաճառվող ապրանքների) սպասարկման որակին:
Հոդված 6. Կարգավորող մարմինը
1. Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորումն իրականացնում է օրենքով ստեղծված ինքնավար մարմինը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է եւ ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, ճյուղային եւ այլ օրենքներով:
2. Հանձնաժողովն ունի կնիք, դրոշմակնիք, ձեւաթուղթ եւ անհատականացման այլ միջոցներ: Հանձնաժողովի կնիքի վրա պատկերված են Հայաստանի Հանրապետության զինանշանը եւ «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով» բառերը: Հանձնաժողովի գտնվելու վայրը Երեւան քաղաքն է:
3. Հանձնաժողովն, իր իրավասության սահմաններում, իրավասու է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, ինչպես նաեւ իր գործունեության նպատակներին եւ ամրացված գույքի նշանակությանը համապատասխան, տիրապետել, օգտագործել եւ տնօրինել այդ գույքը:
Հոդված 7. Հանձնաժողովի կազմավորման կարգը եւ անդամներին ներկայացվող պահանջները
1. Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից` հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ եւ երեք անդամ: Հանձնաժողովի անդամների պաշտոնները համարվում են քաղաքացիական պաշտոններ:
2. Հանձնաժողովի նախագահին, նրա տեղակալին եւ անդամներին Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, հինգ տարի պաշտոնավարման ժամկետով, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքի: Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն առաջանալու դեպքում հանձնաժողովը դիմում է Հայաստանի Հանրապետության վարչապետին` ներկայացնելով տվյալ պաշտոնի թեկնածուի համար անհրաժեշտ՝ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ պաշտոնավարման ամբողջ ժամկետով նշանակվել հանձնաժողովի անդամ, ներառյալ՝ հանձնաժողովի նախագահ եւ տեղակալ:
3. Հանձնաժողովի անդամները նշանակվում են տարեկան ռոտացիայի սկզբունքով՝ յուրաքանչյուր տարի հանձնաժողովի մեկ անդամի նշանակմամբ:
4. Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող, բարձրագույն կրթությամբ, առնվազն տասը տարվա աշխատանքային ստաժ ունեցող (որից երեք տարին՝ ստորաբաժանումների համակարգման գործառույթներով օժտված կամ ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում) եւ հայերենին տիրապետող անձը: Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է ունենա իրավաբանական, մեկը` տնտեսագիտական կրթություն, իսկ մյուս անդամները՝ կարգավորվող ոլորտներից որեւէ մեկում` սույն մասով նախատեսված ժամկետով աշխատանքային ստաժ: Կարգավորվող ոլորտի ստաժ է համարվում նաեւ այդ ոլորտում պետական կառավարում կամ կարգավորում իրականացնող մարմիններում կամ այդ ոլորտում սպառողների հետ կապերի գծով աշխատանքային ստաժը:
5. Հանձնաժողովի անդամը պաշտոնավարում է մինչեւ վաթսունհինգ տարին լրանալը:
6. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման (դադարման) դեպքում հանձնաժողովի անդամի նշանակման համար սույն հոդվածով սահմանված ընթացակարգով նշանակվում է հանձնաժողովի նոր անդամ` պաշտոնավարման չլրացած ժամկետի մնացած ժամանակահատվածի համար: Եթե պաշտոնավարման մնացած ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա հանձնաժողովի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի` գումարած մնացած ժամանակահատվածը:
7. Հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել այն անձը, ով`
1) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) օրենքով սահմանված կարգով զրկվել է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-րդ եւ 7.2-րդ հոդվածներով.
«Հոդված 7.1. Հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը եւ անդամները
1. Հանձնաժողովի նախագահը՝
1) համակարգում եւ ապահովում է հանձնաժողովի բնականոն աշխատանքը.
2) հրավիրում եւ նախագահում է հանձնաժողովի նիստերը, ստորագրում է հանձնաժողովի որոշումներն ու նիստերի արձանագրությունները.
3) իրավասու է խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին եւ քննարկվող հարցերի վերաբերյալ կարծիք հայտնել.
4) օրենքով նախատեսված իր լիազորությունների շրջանակում ընդունում է հրամաններ, հանձնաժողովի անունից ստորագրում է պաշտոնական փաստաթղթեր, տալիս լիազորագրեր եւ կնքում պայմանագրեր.
5) իր իրավասությունների սահմաններում ներկայացնում է հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում եւ միջազգային կազմակերպություններում, առանց լիազորագրի հանդես է գալիս հանձնաժողովի անունից.
6) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
2. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի նախագահի տեղակալը, իսկ վերջինիս բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում` հանձնաժողովի այն անդամը, որն ավելի երկար է աշխատում այդ պաշտոնում:
3. Հանձնաժողովի անդամն իրեն վերապահված լիազորությունների սահմաններում հանձնաժողովի անունից ստորագրում է պաշտոնական փաստաթղթեր, նշագրում հանձնաժողովի որոշումներ եւ այլ փաստաթղթեր:
4. Հանձնաժողովի անդամների միջեւ աշխատանքային պարտականությունների բաշխման հետ կապված հարցերը կարգավորվում են հանձնաժողովի որոշմամբ:
Հոդված 7.2. Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարման եւ դադարեցման հիմքերը
1. Հանձնաժողովի անդամի լիազորությունները համարվում են դադարած, եթե՝
1) լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը կամ առավելագույն տարիքը.
2) դադարել է նրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ նա ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.
3) իր հրաժարականի մասին դիմումը օրենքով սահմանված կարգով պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին՝ տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության վարչապետին, եւ նրա լիազորությունների դադարեցման մասին արձանագրությունը ստորագրվել է Ազգային ժողովի նախագահի կողմից եւ հրապարակվել.
4) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.
5) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտով դատապարտվել է հանցագործության համար.
6) մահացել է:
2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե նա՝
1) չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել իր պաշտոնեական պարտականությունները, որի վերաբերյալ առկա է հանձնաժողովի համապատասխան որոշումը.
2) խախտել է սույն օրենքով սահմանված՝ հանձնաժողովի անդամին ներկայացվող անհամատեղելիության պահանջը:
3. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, հանձնաժողովի նախագահը հայտնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ, իսկ վարչապետը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին: Հանձնաժողովի նախագահի պարագայում Հայաստանի Հանրապետության վարչապետին տեղեկացնում է հանձնաժողովի նախագահի տեղակալը: Հանձնաժողովի անդամի լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարեցված օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ եւ 9-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. Հանձնաժողովի աշխատակազմը
1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է հանձնաժողովի աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) միջոցով, որի ղեկավարումն իրականացնում է աշխատակազմի ղեկավարը: Աշխատակազմի աշխատանքը կանոնակարգվում է սույն օրենքով եւ հանձնաժողովի որոշումներով:
2. Աշխատակազմն իր կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով եւ այլ օրենքներով հանձնաժողովին վերապահված լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացումը եւ քաղաքացիաիրավական հարաբերություններին նրա մասնակցությունը:
3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավասությունները, բացառությամբ հայցվոր եւ պատասխանող հանդես գալու իրավունքից, հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են պատվիրակվել հանձնաժողովի աշխատակազմին:
4. Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, աշխատակիցների թվաքանակը եւ աշխատակազմի գործունեության կազմակերպմանն առնչվող ներքին կանոնակարգային այլ հարցերը կարգավորվում են հանձնաժողովի որոշումներով: Հանձնաժողովի աշխատակիցների թվաքանակը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ:
Հոդված 9. Հանձնաժողովի անդամների եւ աշխատակազմի աշխատակիցների իրավունքների սահմանափակումները եւ պատասխանատվությունը
1. Հանձնաժողովի անդամը չի կարող լինել իր կարգավիճակով չպայմանավորված ներկայացուցչական որեւէ մարմնի անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական, ստեղծագործական աշխատանքից` պայմանով, որ այդ աշխատանքները չեն ֆինանսավորվում կարգավորվող անձանց կողմից:
2. Հանձնաժողովի անդամները եւ աշխատակազմի աշխատակիցներն իրենց պաշտոնավարման ընթացքում չեն կարող ունենալ կարգավորվող անձանց արժեթղթեր, բաժնեմաս կամ դրանցում կատարել ներդրումներ:
3. Հանձնաժողովի անդամն իրավունք չունի իր պաշտոնավարման ժամկետը լրանալու կամ լիազորությունները վաղաժամկետ դադարելու պահից մեկ տարվա ընթացքում զբաղեցնել հանրային ծառայությունների ոլորտի կարգավորվող ընկերության՝ ստորաբաժանումների համակարգման գործառույթներով օժտված կամ ստորաբաժանման ղեկավարի պաշտոն:
4. Սույն օրենքի պահանջները խախտելու համար հանձնաժողովի պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 10-րդ հոդվածը:
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 11.Հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգումը
1. Հանձնաժողովը սույն օրենքով, ճյուղային օրենքներով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում ընդունում է որոշումներ, որոնք իրենց բնույթով կարող են լինել նորմատիվ, անհատական կամ ներքին (լոկալ):
2. Որոշումներն ընդունվում են նիստերի միջոցով` բաց քվեարկությամբ: Հանձնաժողովի նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ քննարկվում են պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող կամ հանձնաժողովի ներքին կանոնակարգային հարցեր:
3. Հանձնաժողովի հերթական նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Հանձնաժողովն ըստ անհրաժեշտության կարող է անցկացնել նաեւ արտահերթ նիստեր: Հանձնաժողովի հերթական եւ արտահերթ նիստ հրավիրելու եւ անցկացնելու կարգը սահմանում է հանձնաժողովը:
4. Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված առանձին հարցեր կարող են նշվել որպես քննարկման ոչ ենթակա հարցեր, եթե դրանք ունեն տեխնիկական կամ ներքին կանոնակարգային բնույթ: Եթե քննարկման ոչ ենթակա հարցի մասին հայտարարելուց հետո այդ հարցի վերաբերյալ ներկայացվում է առարկություն կամ առաջարկություն, ապա այն պետք է քննարկվի եւ ընդունվի սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
5. Հանձնաժողովն իր սահմանած կարգի համաձայն հայտարարում է հանձնաժողովի նիստերի անցկացման վայրը, օրը եւ ժամը, հնարավորություն է ընձեռում շահագրգիռ անձանց ու հասարակության ներկայացուցիչներին մասնակցել նիստերին՝ հաշվի առնելով իր վարչական շենքի հնարավորությունները, ստանալ օրակարգը եւ քննարկվող նյութերը, ներկայացնել տեղեկություններ եւ հանդես գալ ելույթներով:
6. Եթե հանձնաժողովի նիստում քննարկվում են սպառողների համար սահմանվող սակագները, սակագների հաշվարկման մեթոդիկաները, բնագավառների (համակարգերի) կառուցվածքին, սպառողների սպասարկման որակին եւ պայմաններին վերաբերող հարցեր, ապա հանձնաժողովն այդ մասին ողջամիտ ժամկետում իրազեկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններին` հնարավորություն ընձեռելով նրանց ներկայացուցիչներին մասնակցել նիստերին, հանդես գալ ելույթներով եւ առաջարկություններով:
7. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի առնվազն երեք անդամ, ներառյալ` հանձնաժողովի նախագահը կամ նրա տեղակալը կամ սույն օրենքի 7.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնեական պարտականությունները կատարող հանձնաժողովի անդամը: Որոշումն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանձնաժողովի առնվազն երեք անդամ:
8. Հանձնաժողովի կառուցվածքը, հանձնաժողով դիմումների ներկայացման ու քննարկման, նիստերի կազմակերպման եւ անցկացման կարգը, ինչպես նաեւ հանձնաժողովի լիազորությունների իրականացմանն առնչվող ներքին կանոնակարգային այլ հարցերը կարգավորվում են հանձնաժողովի որոշումներով:
9. Հանձնաժողովն օրենքով նախատեսված դեպքերում ունի կարգավորվող անձանցից տեղեկություններ պահանջելու եւ իր ներկայացուցիչների միջոցով վերջիններիս տարածք մուտք գործելու իրավունք:
10. Հանձնաժողովն իր աշխատանքներում իրավասու է վճարովի հիմունքներով ներգրավել անկախ փորձագետների:
11. Հանձնաժողովն ապահովում է իր եւ իր կողմից կարգավորվող գործունեության հրապարակայնությունը եւ թափանցիկությունը զանգվածային լրատվամիջոցների, ինտերնետային էջի եւ ժամանակակից այլ միջոցներով:»:
Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 16. Հանձնաժողովի ֆինանսավորումը
1. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի կազմում է հաջորդ տարվա իր պահպանման ծախսերի նախահաշիվը եւ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` բյուջետային գործընթացի համար սահմանված կարգով եւ ժամկետներում:
2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հանձնաժողովին հատկացվող պահպանման ծախսերի տարեկան մեծությունը ձեւավորվում է սույն օրենքի 18-րդ հոդվածի համաձայն ձեւավորված` հանձնաժողովի աշխատավարձի տարեկան ֆոնդը բազմապատկելով 1.75 գործակցով: Հանձնաժողովին հատկացվող պահպանման ծախսերի տարեկան մեծության եւ սույն օրենքի 18-րդ հոդվածի համաձայն ձեւավորված` հանձնաժողովի աշխատավարձի տարեկան ֆոնդի տարբերությունը ուղղվում է հանձնաժողովի պահպանման եւ կարողությունների զարգացման, հանձնաժողովի անդամների եւ աշխատողների նյութական խրախուսման եւ զարգացման, հանձնաժողովի անդամների եւ աշխատողների սոցիալական ծրագրերի իրականացման եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված՝ հանձնաժողովի այլ ֆոնդերի, որոնց չափերը (մեծությունը) սահմանում է հանձնաժողովը: Նյութական խրախուսման եւ զարգացման ֆոնդի, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից յուրաքանչյուրից պարգեւատրմանն ուղղվող միջոցները չեն կարող գերազանցել տվյալ մարմնի աշխատավարձի տարեկան ֆոնդի 30 տոկոսը:
3. Հանձնաժողովին հատկացվող պահպանման ծախսերի տարեկան մեծությունը ձեւավորվում է նաեւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանձնաժողովի անդամների եւ աշխատակիցների նյութական խրախուսման եւ զարգացման, հանձնաժողովի անդամների եւ աշխատողների սոցիալական ծրագրերի իրականացման եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված՝ հանձնաժողովի այլ ֆոնդերի ծախսման կարգը սահմանում է հանձնաժողովը:
5. Սույն հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան հաշվարկված հանձնաժողովի տարեկան բյուջեի մեկ տոկոսի չափով հաշվարկված գումարը, որը ներառվում է հանձնաժողովի պահպանման ծախսերում, ուղղվում է հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գրանցված եւ հանձնաժողովի կողմից սահմանված կարգով ընտրված հասարակական կազմակերպություններին՝ վերջիններիս կարողությունների զարգացման եւ նրանց անդամների մասնագիտական գիտելիքների կատարելագործման նպատակով: Յուրաքանչյուր տարի հաշվարկված գումարը հասարակական կազմակերպություններին տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված պետական լիազոր մարմնի կողմից, իսկ նրանց ընտրության, գումարի տրամադրման կարգն ու պայմանները կարգավորվում են հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:»:
Հոդված 7. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 7-րդ, ինչպես նաեւ սույն օրենքի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող 7.2-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում Հանրապետության նորընտիր Նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
2. Հանրապետության նորընտիր Նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը սույն օրենքով սահմանված կարգով նշանակում է հանձնաժողովի անդամներին պաշտոնավարման հետեւյալ ժամկետներով՝
1) Հանձնաժողովի նախագահ՝ 5 տարի.
2) Հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ 4 տարի.
3) հանձնաժողովի անդամ՝ 3 տարի.
4) հանձնաժողովի անդամ՝ 2 տարի.
5) հանձնաժողովի անդամ՝ 1 տարի:
3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այն անդամները, որոնք նշանակվել են նախքան Հանրապետության նորընտիր Նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրը, շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների՝ Օրենքով սահմանված ժամկետի ավարտը, բայց ոչ ավելի, քան սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նշանակումները կատարելը, մասնավորապես՝
1) Հանձնաժողովի գործող նախագահը՝ մինչեւ Հանձնաժողովի նոր նախագահի նշանակումը.
2) Հանձնաժողովի նախագահի գործող տեղակալը՝ մինչեւ Հանձնաժողովի նախագահի նոր տեղակալի նշանակումը.
3) Հանձնաժողովի յուրաքանչյուր նոր անդամի նշանակմամբ դադարում են Հանձնաժողովի գործող երեք անդամներից նրա լիազորությունները, ով մյուս անդամներից ավելի շուտ է նշանակվել:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ներկա իրավիճակը, առկա խնդիրները
Ներկայումս առաջացել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ օրենք) ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտություն, որով կապահովվի ինքնավար մարմիններին վերաբերող բարեփոխումների իրականացումը փոփոխված Սահմանադրության համատեքստում: Բացի այդ, անհրաժեշտ է օրենքով նախատեսված կարգավորման հիմնական սկզբունքները համապատասխանեցնել ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի 20-րդ հավելվածով սահմանված՝ բնական մենաշնորհի սուբյեկտների գործունեության կարգավորման ընդհանուր սկզբունքներին եւ ծրագրի պահանջներին: Միաժամանակ, առկա է անհրաժեշտություն ապահովել ծրագրով նախատեսված որոշ այլ դրույթների իրացումը:
Բացի այդ, օրենքն ընդունվել է դեռեւս 2003 թվականին եւ դրա գործողության ընթացքում ի հայտ են եկել որոշ կիրառական բացեր, որոնք շտկելու համար նախագծով առաջարկվում է այն լրացնել որոշ նոր դրույթներով, ինչպես նաեւ հստակեցնել են մի շարք դրույթներ:
2. Առաջարկվող լուծումները
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ նախագիծ) մշակումը պայմանավորված է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությունից, ինչպես նաեւ բխում է Ասիական զարգացման բանկի կողմից մշակված «Կարգավորման անկախության բարձրացում» հաշվետվության հիման վրա ՀՀ կառավարության 2016թ. սեպտեմբերի 16-ի ?38 արձանագրային որոշմամբ հաստատված՝ ՀՀ հանրային ծառայությունների ոլորտում կարգավորման անկախության բարձրացման նպատակով իրավական գործողությունների ծրագրից (այսուհետ՝ ծրագիր):
Մասնավորապես.
1) Սահմանադրական փոփոխություններից բխող անհրաժեշտ կարգավորումը կապված է ՀՀ Սահմանադրության 122-րդ հոդվածով սահմանված կարգավորման հետ, որով սահմանվում է ինքնավար մարմինների, այդ թվում՝ նաեւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) անդամների նշանակման նոր կարգ՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընտրության միջոցով: Ուստի նախագծով առաջարկվող փոփոխությամբ գործող կարգավորումը համապատասխանեցվել է ՀՀ Սահմանադրությանը՝ միաժամանակ ամրագրելով սահմանադրական նորմի իրացման մեխանիզմներ:
Ծրագրի հիման վրա սահմանվել են հանձնաժողովի նոր անդամների կրթությանը եւ աշխատանքային փորձին վերաբերող լրացուցիչ չափանիշներ: Հանվել է հանձնաժողովի անդամի՝ աշխատանքից ազատվելուց հետո երեք տարի կարգավորվող ոլորտում չաշխատելու սահմանափակումը: Սահմանվել է մեկ տարի, ընդ որում՝ միայն ստորաբաժանումների համակարգման գործառույթներով օժտված կամ ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի համար: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 12-րդ մասի հիման վրա սահմանվել է նաեւ, որ հանձնաժողովի անդամը չպետք է ունենա այլ երկրի քաղաքացիություն եւ պետք է տիրապետի հայերենին: Բացի այդ, ծրագրին համապատասխան սահմանափակվել է հանձնաժողովի անդամի՝ ավելի քան երկու անգամ անընդմեջ պաշտոնում նշանակվելու իրավունքը:
2) Նախագծով լրացվել են հանձնաժողովի անդամի նշանակմանը խոչընդոտող, ինչպես նաեւ նրա լիազորությունների դադարեցման հիմքերը, այդ թվում՝ հանձնաժողովի անդամի պաշտոնից հրաժարական տալու կարգը, որը համապատասխանեցվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքին:
3) Ծրագրի հիման վրա լրամշակվել են հանրային ծառայությունների ոլորտում կարգավորման հիմնական սկզբունքները: Դրանք համապատասխանեցվել են ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի 20-րդ հավելվածի 3-րդ կետով սահմանված՝ բնական մենաշնորհի սուբյեկտների գործունեության կարգավորման ընդհանուր սկզբունքներին եւ ծրագրին:
4) Ծրագրով նախատեսված պահանջի կատարումն ապահովելու համար սահմանվել է ֆինանսավորում սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների համար, ըստ որի հանձնաժողովը կարգավորման վճարներից գոյացած իր տարեկան բյուջեի 1%-ը պետք է ուղղի հատուկ ֆոնդի՝ ոլորտում նրանց մասնակցությունը խթանելու համար:
5) Լրամշակվել են հանձնաժողովի նախագահի իրավասությունները, ինչպես նաեւ նախատեսվել են հանձնաժողովի անունից պաշտոնական փաստաթղթեր ստորագրելու, հանձնաժողովի որոշումների եւ այլ փաստաթղթեր նշագրելու՝ հանձնաժողովի անդամի իրավունքների վերաբերյալ դրույթներ:
6) Մանրամասնվել են հանձնաժողովի աշխատակազմին վերաբերող դրույթները, այն է՝ ընդհանրական կերպով ամրագրվել են աշխատակազմի եւ նրա կազմում ներառող կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները:
7) Նախագծով ամրագրվել են նաեւ հանձնաժողովի արտահերթ նիստ անցկացնելու իրավական հիմքերը, ինչպես նաեւ հանձնաժողովի նիստում քննարկման ոչ ենթակա հարցեր քննարկելու կարգը:
8) Նախագծի առանձին հոդվածով սահմանվել են նաեւ հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական իրավախախտումների վարույթին վերաբերող տեխնիկական բնույթի որոշ առանձնահատկություններ, որոնք բխում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նախագծի հիմքում դրված մոտեցումներից: Այդ առնչությամբ կազմակերպվել են նաեւ մի շարք քննարկումներ իրավասու մարմինների մասնակցությամբ:
9) Նախագծով կատարվել են որոշ այլ հստակեցումներ եւս:
Նախագծի ընդունման նպատակը հանձնաժողովի համար գործառնական անկախության ավելի լայն հնարավորությունների ստեղծումը, հանձնաժողովի մանդատն իրագործելու կարողությունների բարելավումն է, ինչն էլ բխում է հանրային կարգավորման շահերից:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագծի մշակման աշխատանքներն իրականացվել են «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունների ոլորտում կարգավորման անկախության բարձրացման նպատակով իրավական գործողությունների» ծրագրի 7-րդ կետով նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի եւ Հայաստանի Հանրապետության hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը կնպաստի հանրային ծառայությունների ոլորտում կարգավորման արդյունավետության բարձրացմանը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
Եզրակացություն
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի առնչությամբ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի առնչությամբ կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագծերը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքը ՀՀ Սահմանադրությանը եւ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 20-րդ հավելվածով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես`
- նախագծով լրացվել են հանձնաժողովի անդամի նշանակմանը խոչընդոտող, ինչպես նաեւ նրա լիազորությունների դադարեցման հիմքերը, ինչպես նաեւ լրամշակվել են հանձնաժողովի նախագահի իրավասությունները,
- լրամշակվել են հանրային ծառայությունների ոլորտում բնական մենաշնորհի սուբյեկտների գործունեության կարգավորման ընդհանուր սկզբունքները,
- ամրագրվել են նաեւ հանձնաժողովի արտահերթ նիստ անցկացնելու իրավական հիմքերը, ինչպես նաեւ հանձնաժողովի նիստում քննարկման ոչ ենթակա հարցեր քննարկելու կարգը:
Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցությունը բացակայում է:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Միեւնույն ժամանակ, Նախագծով սահմանվել են հանձնաժողովի նոր անդամների կրթությանը եւ աշխատանքային փորձին վերաբերող լրացուցիչ չափանիշներ, մասնավորապես՝ հանվել է հանձնաժողովի անդամի՝ աշխատանքից ազատվելուց հետո երեք տարի կարգավորվող ոլորտում չաշխատելու սահմանափակումը եւ սահմանվել է մեկ տարի: Բացի այդ, սահմանվել է, որ հանձնաժողովի անդամը չպետք է ունենա այլ երկրի քաղաքացիություն եւ պետք է տիրապետի հայերենին, ինչպես նաեւ սահմանափակվել է հանձնաժողովի անդամի՝ ավելի քան երկու անգամ անընդմեջ պաշտոնում նշանակվելու իրավունքը:
Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին
1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:
Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
Ներկայացված նախագիծը, ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում:
Ներկայացված նախագիծը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի եւ ելքերի հավասարաչափ ավելացմանը՝ կապված Հանձնաժողովին ՀՀ պետական բյուջեից հատկացվող պահպանման ծախսերի տարեկան մեծության հաշվարկման գործակցի 5%-ով ավելացման հետ, ինչը հստակ գնահատել հնարավոր չէ, քանի որ այն իր հերթին կախված է Հանձնաժողովի տվյալ տարվա աշխատավարձի ֆոնդի մեծությունից:
Հաշվի առնելով, որ Օրենքով սահմանված կարգով Կարգավորման պարտադիր վճարները ներառվում են կարգավորվող անձանց սակագներում կամ ծառայությունների մատուցման վճարներում, ապա ՀՀ պետական բյուջե վճարվող Կարգավորման պարտադիր վճարների գումարի ավելացումը կհանգեցնի նաեւ կարգավորման ենթակա սակագների բարձրացման, հետեւաբար նաեւ դրանց գծով ՀՀ պետական բյուջեով նախատեսվող ծախսերի ավելացմանը, ինչը գնահատել հնարավոր չէ համապատասխան տվյալների բացակայության պատճառով:
Նախագծով նախատեսվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործող հասարակական կազմակերպություններին ուղղվող գումար նախատեսելու վերաբերյալ դրույթ՝ Հանձնաժողովի օրենքով հաշվարկվող տարեկան բյուջեի մեկ տոկոսի չափով, ինչը կրկին հանգեցնում է ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման՝ կախված Հանձնաժողովի տարեկան բյուջեի մեծությունից, եւ հնարավոր չէ հստակ գնահատել:
Միեւնույն ժամանակ առաջարկվում է սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հանձնաժողովին հատկացվող պահպանման ծախսերի տարեկան մեծությունը ձեւավորվում է հանձնաժողովի աշխատավարձի տարեկան ֆոնդը բազմապատկելով ոչ թե 1.7 գործակցով, այլ 1.75 գործակցով,
2) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարեկան բյուջեի մեկ տոկոսի չափով հաշվարկված գումարն ուղղվում է հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող, ՀՀ օրենսդրությանը համապատասխան գրանցված եւ հանձնաժողովի կողմից սահմանված կարգով ընտրված հասարակական կազմակերպություններին՝ վերջիններիս կարողությունների զարգացման եւ նրանց անդամների մասնագիտական գիտելիքների կատարելագործման նպատակով:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել դրական: