Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի /այսուհետ` Օրենք/` 13.1-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 10-րդ կետով`
«10) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դիմորդների ընդունելության, սովորողների փոխադրման, տեղափոխման, ամփոփիչ ատեստավորման (քննությունների), դիպլոմային աշխատանքների պաշտպանության պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ եՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով գործունեության լիցենզավորման պայմանների եւ պահանջների, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության եւ դրանք չպահպանելու դեպքում պատժամիջոցների կիրառման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:
Ներկայումս բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաների պայմանների եւ պահանջների ինչպես նաեւ օրենսդրական պահանջների խախտումների դեպքում պատժամիջոցների կիրառումը նախատեսված է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով, սակայն տվյալ բնագավառի առանձնահատկությունները գործում են անարդյունավետ, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել դրանք ամրագրել «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում, որի նպատակը կրթության որակի ապահովման երաշխիքների նոր գործիքակազմի բարելավումն է` բարձրագույն մասնագիտական կրթության համակարգում, բարձրագույն ուսումնական հաստատությունների անօրինական գործունեության նկատմամբ զսպող մեխանիզմերի կիրառման միջոցով՝ ընդհուպ մինչեւ լիցենզիայի գործողության դադարեցում` նպատակ ունենալով բարելավել ուսումնական հաստատություններում կրթական գործունեության անհրաժեշտ պայմաններն ու ուսուցման որակը:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է՝ լիցենզիայի պայմանների, պահանջների եւ ՀՀ օրենսդրության խախտումների դեպքում պատժամիջոցների կիրառում, որը կնպաստի բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող կրթական գործունեության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը: