ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է թանգարանների ստեղծման, գործունեության, գործունեության դադարեցման եւ հավատարմագրման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է թանգարանների տեսակները, գործառույթները, Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի ձեւավորման, համալրման, հաշվառման, պահպանության եւ անվտանգության իրավական հիմքերը:
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հասկացությունները.
1) թանգարան` ոչ առեւտրային կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում (այսուհետ` կազմակերպություն), որը հավաքում, պահպանում, ուսումնասիրում, ցուցադրում, հանրահռչակում եւ հանրայնացնում է բնության եւ հասարակության պատմական զարգացման ընթացքում ստեղծված նյութական եւ ոչ նյութական ժառանգությունը, որը հասանելի է հանրությանը եւ իրականացնում է սոցիալ-մշակութային, գիտահետազոտական, կրթական եւ ճանաչողական գործունեություն.
2) թանգարանային առարկա` թանգարանում հաշվառված երկրաբանական, բուսական եւ կենդանական աշխարհի նմուշ, հասարակության կենսագործունեության նյութական եւ ոչ նյութական ժառանգության առարկա, որի հատուկ հատկանիշներն անհրաժեշտ են դարձնում վերջինիս պահպանումն ու ուսումնասիրումը հասարակության համար.
3) թանգարանային հավաքածու (այսուհետ՝ հավաքածու)՝ մեկ կամ մի քանի հատկանիշների ընդհանրությամբ համախմբված եւ գիտականորեն համակարգված թանգարանային առարկաների ամբողջություն, որն ունի գիտական, պատմական, գեղարվեստական եւ մշակութային արժեք.
4) թանգարանային առարկաների եւ հավաքածուների հաշվառում՝ թանգարանային առարկաների եւ հավաքածուների ուսումնասիրում եւ փաստաթղթավորում.
5) թանգարանի գլխավոր մատյան՝ թանգարանային առարկաների եւ հավաքածուների հաշվառման հիմնական փաստաթուղթ, որը տվյալներ է պարունակում թանգարանային առարկայի եւ հավաքածուի մասին.
6) թանգարանի ֆոնդ` թանգարանի գլխավոր մատյանում հաշվառված թանգարանային առարկաների եւ հավաքածուների ամբողջություն.
7) Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդ` Հայաստանի Հանրապետության պահպանության ներքո գտնվող, պատմականորեն ձեւավորված, թանգարանների գլխավոր մատյաններում հաշվառված եւ մշտապես համալրվող թանգարանների ֆոնդերի ամբողջություն, որը Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության անբաժանելի մասն է.
8) Հայաստանի Հանրապետության ազգային թանգարանային ֆոնդ` Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մաս կազմող բացառիկ թանգարանային առարկաներ, որոնք ենթակա են հաշվառման հատուկ պահպանության համապատասխան պայմանակարգով.
9) Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի առարկայա-ցուցակ` Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի կազմում ներառված յուրաքանչյուր թանգարանային առարկայի եւ հավաքածուի մասին հիմնական տեղեկություններ պարունակող շտեմարան (ռեեստր).
10) թանգարանային առարկայի եւ հավաքածուի պահպանում, անվտանգության ապահովում՝ թանգարանային առարկայի եւ հավաքածուի ամբողջության ապահովման համար գիտականորեն հիմնավորված պահպանության հատուկ ռեժիմի ստեղծում, բոլոր տեսակի ռիսկերից պաշտպանում եւ վտանգների կանխարգելում.
11) թանգարանային առարկայի եւ հավաքածուի ուսումնասիրում՝ թանգարանային առարկաների եւ հավաքածուների վերաբերյալ հնարավոր տեղեկույթի հայտնաբերում, հավաքում, նկարագրում, համադրում, վերլուծում.
12) թանգարանային առարկայի եւ հավաքածուի հանրայնացում (հանրահռչակում)՝ թանգարանային առարկաների եւ հավաքածուների ներկայացումը հասարակությանը հանրային ցուցադրման, գիտակրթական գործունեության, տպագիր եւ էլեկտրոնային վերարտադրման եղանակներով.
13) հիմնական ցուցադրություն` թանգարանի ֆոնդում ընդգրկված թանգարանային առարկաներն եւ հավաքածուները ներկայացնող միասնական բովանդակություն ունեցող տեւական ցուցադրություն, որն ունի գիտական հայեցակարգ, գեղարվեստորեն ձեւավորված է եւ ապահովված է գիտականորեն հիմնավորված տեղեկատվությամբ։
2. Սույն օրենքը չի արգելում «թանգարան? բառի օգտագործումը այլ կազմակերպական-իրավական ձեւ ունեցող իրավաբանական անձանց անվանման մեջ։
Հոդված 3. Թանգարանների տեսակները
1. Ըստ սեփականության ձեւի` թանգարանները լինում են`
1) պետական թանգարաններ՝ հիմնադրված Հայաստանի Հանրապետության կողմից ի դեմս կառավարության,
2) համայնքային թանգարաններ՝ հիմնադրված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից,
3) ոչ պետական թանգարաններ՝ հիմնադրված իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից:
2. Թանգարանները ըստ հավաքածուի բնույթի հիմնականում լինում են`
1) պատմական թանգարաններ, որոնք ներառում են երկրի, ազգի, ժողովրդի, որեւէ դարաշրջանի կամ երեւույթի պատմությանը վերաբերող թանգարանային առարկաներ ու հավաքածուներ (հնագիտական, ազգագրական, երկրագիտական, գրականության, արվեստի եւ ճարտարապետության, պատմության թանգարան եւ այլն).
2) գեղարվեստական թանգարաններ, որոնք ներառում են համաշխարհային եւ ազգային արվեստի նմուշներ (պատկերասրահներ, ժամանակակից արվեստի, դեկորատիվ կիրառական արվեստի, ժողովրդական արվեստի, լուսանկարչական արվեստի թանգարան եւ այլն).
3) բնագիտական թանգարաններ, որոնք ներառում են երկրաբանական, բուսական եւ կենդանական աշխարհի նմուշներ, հնէաբանական գտածոներ, տեխնիկայի առաջընթացը ներկայացնող առարկաներ եւ այլ վավերագրեր, (բնության, երկրաբանության, բժշկության, տիեզերքի, կապի, տեխնիկայի թանգարան եւ այլն).
4) արգելոց-թանգարաններ, որոնք ներառում են տվյալ տարածքում հայտնաբերված պատմամշակութային համակառույցներ, համալիրներ եւ հուշարձանախմբերն, ինչպես նաեւ նյութական եւ ոչ նյութական ժառանգության առարկաներ.
5) հուշային թանգարաններ, որոնք ներառում են մեկ կամ մի քանի անձանց նվիրված թանգարանային առարկաներ եւ հավաքածուներ, (տուն-թանգարաններ, հուշաթանգարաններ եւ այլն):
Հոդված 4. Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը
1. Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ իրավական ակտերով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
ԳԼՈՒԽ 2.
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ
Հոդված 5. Թանգարանների ստեղծումը եւ գործունեության դադարեցումը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում թանգարանները ստեղծվում եւ գործում են սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Թանգարանի գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 6. Թանգարանի գործունեության նպատակները եւ գործառույթները
1. Թանգարանի գործունեության նպատակներն են.
1) բնության, նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը եւ փոխանցումը սերունդներին.
2) գիտականորեն համակարգված, հաշվառված թանգարանային առարկաների եւ հավաքածուների ձեւավորումը.
3) ազգային արժեհամակարգի եւ քաղաքացիական հասարակության ձեւավորմանը նպաստելը:
2. Թանգարանի գործառույթներն են.
1) թանգարանային առարկաների եւ հավաքածուների հայտնաբերումը, ֆոնդերի համալրումը, հաշվառումը, պահպանումը եւ պաշտպանումը,
2) թանգարանային առարկաների եւ հավաքածուների գիտական մշակումը, հետազոտումը, ուսումնասիրումը եւ թվանայնացումը,
3) թանգարանային առարկաների եւ հավաքածուների հանրայնացումը (ցուցադրում, հրապարակում),
4) ճանաչողական եւ մշակութային ծրագրերի իրականացումը,
5) գիտակրթական եւ կրթամշակութային ծառայությունների մատուցումը:
Հոդված 7. Թանգարանի հավատարմագրումը
1. Թանգարանը կարող է հավատարմագրվել ըստ ցանկության` թանգարանի ղեկավարի դիմումի հիման վրա:
2. Թանգարանը հավատարմագրվում է լիազորված պետական մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: ։
3. Պետական թանգարանները ենթակա չեն հավատարմագրման, դրանք համարվում են հավատարմագրված թանգարաններ:
4. Թանգարանը հավատարմագրվում է՝ ստանալով համապատասխան վկայական, որի վերաբերյալ լիազորված պետական մարմինը կատարում է համապատասխան գրառում գրանցամատյանում։
5. Թանգարանը ենթակա է հավատարմագրման, եթե համապատասխանում է հետեւյալ պահանջներին.
1) իրականացնում է թանգարանային առարկաների եւ հավաքածուների ուսումնասիրում, հաշվառում, պահպանում եւ պաշտպանում, ցուցադրում եւ հանրահռչակում,
2) ունի թանգարանի գործունեության իրականացման համար տարածք` ապահովված թանգարանային առարկաների ու հավաքածուների պահպանության ու անվտանգության պայմաններով եւ գույքով,
3) ունի լիազորված պետական մարմնի սահմանած թանգարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշերին համապատասխան որակավորված մասնագետներ ,
4) ունի ֆինանսավորում,
5) մատչելի է հանրության համար:
6. Սույն հոդվածի 5-րդ մասի պահանջներին չհամապատասխանելը հիմք է թանգարանի հավատագրման մերժման համար, որը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. Հավատարմագրված թանգարանը կարող է օգտվել պետական աջակցությունից:
8. Թանգարանի ղեկավարը` դիմումի համաձայն կարող է հրաժարվել թանգարանի հավատարմագրումից:
9. Թանգարանի հաշվառման, վկայականի տրամադրման կարգը եւ ձեւը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
10. Թանգարանի շենքերը եւ զբաղեցրած տարածքները հասարակության կամ պետության կարիքների համար կարող են օտարվել միայն բացառիկ դեպքերում` օրենքով սահմանված կարգով:
11. Թանգարանի շենքերի եւ զբաղեցրած տարածքների հասարակության կամ պետության կարիքների համար օտարման դեպքում թանգարանին տրամադրվում է համապատասխան տարածք թանգարանի գործունեությունը իրականացնելու համար:
Հոդված 8. Պետական թանգարանների գործունեության եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի նկատմամբ հսկողությունը
1. Պետական թանգարանների գործունեության եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի նկատմամբ հսկողությունն իրականացնում է մշակույթի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազորված պետական մարմին):
ԳԼՈՒԽ 3.
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՖՈՆԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ՀԱՄԱԼՐՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ, ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ՕՏԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՈՒՄԸ
Հոդված 9. Հավատարմագրված թանգարանի թանգարանային առարկաների եւ հավաքածուների հաշվառում
1. Հավատարմագրված թանգարանի կողմից թանգարանային առարկաները եւ հավաքածուները ենթակա են հաշվառման: Դրանց հաշվառման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Պետական եւ համայնքային թանգարանների ֆոնդերում հաշվառված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող թանգարանային առարկաները եւ հավաքածուները հիմնադրի կողմից ամրացվում են թանգարանին որոշակի ժամկետով կամ անժամկետ` անհատույց օգտագործման իրավունքով:
3. Պետական եւ համայնքային թանգարանի գործունեության դադարեցման դեպքում թանգարանի ֆոնդում հաշվառված թանգարանային առարկաներն ու հավաքածուները հիմնադրի կողմից ամրացվում են այլ պետական կամ համայնքային թանգարանի:
4. Հավատարմագրված թանգարանի ֆոնդում հաշվառված թանգարանային հավաքածուները բաժանման (մասնատման) ենթակա չեն:
Հոդված 10. Հավատարմագրված թանգարանի ֆոնդի ձեւավորումը եւ համալրումը
1. Հավատարմագրված թանգարանի ֆոնդը ձեւավորվում է մեկ կամ մի քանի թեմայի (կամ գաղափարի) շուրջ` ըստ անհրաժեշտության համալրվող թանգարանային առարկաների եւ հավաքածուների հիման վրա:
2. Հավատարմագրված թանգարանի ֆոնդը համալրվում է օրենքով չարգելված միջոցներով՝ թանգարանի համալրման ռազմավարությանը համապատասխան, որը հաստատում է հիմնադիրը, եթե այդ լիազորությունը թանգարանի կանոնադրությամբ վերապահված չէ այլ մարմնի:
3. Պետական եւ համայնքային թանգարանի ղեկավարը իր ֆոնդերի համալրման գործընթացը կազմակերպելու նպատակով ստեղծում է ֆոնդային-գնահատող հանձնաժողով, որի աշխատակարգի օրինակելի ձեւը հաստատում է լիազորված պետական մարմինը:
Հոդված 11. Հավատարմագրված թանգարանի թանգարանային առարկաների եւ հավաքածուների պահպանությունը եւ անվտանգության ապահովումը
1. Հավատարմագրված թանգարանի թանգարանային առարկաները եւ հավաքածուները վերցվում են մշտական պահպանության թանգարանի ֆոնդում:
2. Հավատարմագրված թանգարանի թանգարանային առարկաների եւ հավաքածուների պահպանությունը ապահովելու համար թանգարաններում սահմանվում է գիտականորեն հիմնավորված պահպանության հատուկ ռեժիմ եւ իրականացվում է թանգարանային առարկաների եւ հավաքածուների կոնսերվացում (կանխարգելում), ամրակայում եւ վերականգնում:
3. Հավատարմագրված թանգարանի թանգարանային առարկաների եւ հավաքածուների ամրակայման եւ վերականգնման աշխատանքները իրականացնում է համապատասխան որակավորում ունեցող մասնագետը (վերականգնողը):
4. Հավատարմագրված թանգարանի թանգարանային առարկաների եւ հավաքածուների վերականգնողի որակավորման կարգը եւ չափորոշիչները, թանգարանային առարկաների եւ հավաքածուների պահպանության, կոնսերվացման (կանխարգելման), ամրակայման եւ վերականգնման աշխատանքների իրականացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Հավատարմագրված թանգարանը իրականացնում է թանգարանային առարկաների եւ հավաքածուների պահպանություն` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պահպանության կանոններին համապատասխան:
6. Թանգարանի ղեկավարը պարտավոր է ապահովել թանգարանային առարկաների եւ հավաքածուների անվտանգությունը:
Հոդված 12. Թանգարանային առարկաների եւ հավաքածուների ժամանակավոր պահպանությունը
1. Թանգարանները կարող են պայմանագրի հիման վրա` վճարովի կամ անվճար հիմունքներով իրականացնել թանգարանային առարկաների եւ հավածաքուների ժամանակավոր պահպանություն դրանք չընդգրկելով տվյալ թանգարանի գլխավոր մատյանում:
2. Թանգարանը, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք թանգարանային առարկաները եւ հավաքածուները կարող են ժամանակավոր պահպանության հանձնել այլ թանգարանների կամ կազմակերպությունների` պայմանագրի հիման վրա:
3. Թանգարանային առարկաների եւ հավաքածուների ժամանակավոր պահպանության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Պետական կամ համայնքի uեփականությունը համարվող թանգարանային առարկաները կամ հավաքածուները կարող են ժամանակավոր պահպանության հանձնվել պետական, համայնքային կամ ոչ պետական թանգարաններին՝ պայմանագրի հիման վրա: Պետական թանգարանի թանգարանային առարկայի կամ հավաքածուի ժամանակավոր պահպանության հանձնումն իրականացվում է լիազորված պետական մարմնի կողմից, իսկ համայնքային թանգարանի թանգարանային առարկայի կամ հավաքածուի ժամանակավոր պահպանության հանձնումը` համայնքի ավագանու որոշմամբ:
Հոդված 13. Թանգարանային առարկաների եւ հավաքածուների մատչելիության ապահովումը եւ հանրայնացման (հրապարակման) իրավունքը
1. Թանգարանային առարկաները եւ հավաքածուները մատչելի են հանրության համար` բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
2. Թանգարանից օգտվողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են թանգարանների ներքին կանոնակարգով:
3. Պետական եւ համայնքային թանգարանների ֆոնդի մատչելիության ապահովման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Թանգարանային առարկաների եւ հավաքածուների մատչելիությունը կարող է սահմանափակվել`
1) դրանց պահպանվածության ոչ բավարար վիճակի դեպքերում,
2) դրանց վերականգնման ընթացքում լինելու դեպքում,
3) թանգարանի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում:
5. Թանգարանային առարկաների եւ հավաքածուների, թանգարանի շենքերի կամ նրա համալիրի մասերի գծապատկերները, տեսապատկերները, կրկնօրինակները եւ դրանց վերաբերյալ տեղեկույթը գովազդային նպատակով, որպես խորհրդանիշ` հուշանվերների կամ այլ ապրանքների արտադրության համար տրամադրելը ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կատարվում է թանգարանի ղեկավարի համաձայնությամբ, բացառությամբ «Հեղինակային եւ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:
6. Այն թանգարանային շենքերը, որոնք պատմամշակութային հուշարձաններ են, դրանց ֆոտոպատկերները, տեսապատկերները կամ գծապատկերները գովազդային նպատակով որպես խորհրդանիշ, պիտակ, հուշանվերների եւ այլ ապրանքների արտադրության համար օգտագործելը կատարվում է «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
7. Սեփականատերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համապատասխան իրավունքով օժտված անձը իրավունքի ունի արգելելու թանգարանին հանձնված շենքերում եւ տարածքներում իրականացնելու այնպիսի գործունեություն, որը կարող է վտանգել թանգարանային առարկաները եւ հավաքածուն կամ հակասում է թանգարանի կանոնադրությանը:
Հոդված 14. Թանգարանային առարկաների եւ հավաքածուների օտարումն ու հաշվառումից հանելը
1. Պետական կամ համայնքի uեփականությունը համարվող թանգարանային առարկան կամ հավաքածուն օտարման ենթակա չէ:
2. Պետական կամ համայնքի uեփականությունը հանդիսացող թանգարանային առարկան կարող է փոխանակվել թանգարանային համարժեք այլ առարկայով թանգարանի միջնորդությամբ` մշակութաբանական եւ արվեստաբանական անկախ փորձաքննության եզրակացության հիման վրա, որը տրամադրվում է համապատասխան գործունեություն իրականացնող կազմակերպության կողմից: Պետական թանգարանի թանգարանային առարկայի փոխանակումը իրականացվում է լիազորված պետական մարմնի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ համայնքային թանգարանի թանգարանային առարկայի փոխանակումը` համայնքի ավագանու որոշմամբ:
3. Պետական կամ համայնքի uեփականությունը հանդիսացող թանգարանային առարկան կամ հավաքածուն թանգարանի ֆոնդի հաշվառումից կարող են հանվել`
1) թանգարանային առարկայի կամ հավաքածուի ոչնչացման (քայքայման) դեպքում` մշակութաբանական եւ արվեստաբանական անկախ փորձաքննության եզրակացության հիման վրա,
2) թանգարանային առարկայի կամ հավաքածուի` դատարանի որոշմամբ նախկին տիրապետողին վերադարձնելու դեպքում,
3) թանգարանային առարկայի կամ հավաքածուի փոխանակման դեպքում:
4. Պետական սեփականութjուն համարվող թանգարանային առարկան կամ հավաքածուն հաշվառումից հանվում է լիազորված պետական մարմնի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ համայնքային թանգարանի թանգարանային առարկան կամ հավաքածուն` համայնքի ավագանու որոշմամբ:
5. Պետական կամ համայնքային uեփականություն համարվող թանգարանային առարկաներից ու հավաքածուներից կորած (գտնվելու վայրը անհայտ) առարկաները չեն կարող հանվել հաշվառումից եւ մնում են հաշվառված:
6. Ոչ պետական թանգարանի թանգարանային առարկաները եւ հավաքածուները կարող են օտարվել սեփականատիրոջ որոշմամբ` իր դիմումի համաձայն:
7. Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդում ընդգրկված ոչ պետական թանգարանի թանգարանային առարկաները եւ հավաքածուները (ամբողջական կամ առանձին) կարող են օտարվել` այդ մասին նախապես գրավոր տեղեկացնելով լիազորված պետական մարմնին: Օտարման մասին տեղեկություն չհայտնելու դեպքում թանգարանային առարկան եւ հավաքածուն չեն հանվում Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդից:
8. Ոչ պետական թանգարանում ընդգրկված թանգարանային առարկաներն ու հավաքածուները ենթակա են վաճառքի միայն այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը մեկամսյա ժամկետում չի օգտվում դրանց գնման նախապատվության իրավունքից:
ԳԼՈՒԽ 4.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԱՐԿԱՅԱՑՈՒՑԱԿԸ, ԱՌԱՐԿԱՅԱՑՈՒՑԱԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 15. Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդը` որպես Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս
1. Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդը Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության բաղկացուցիչ, անբաժանելի մասն է:
2. Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի առարկայացուցակը (ռեեստրը) վարում է լիազորված պետական մարմինը:
3. Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին կանոնակարգը եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդում ընդգրկելու վկայականի ձեւերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի պետական մասում ընդգրկված, նախկին պետական թանգարանների հիմնական ֆոնդերում ընդգրկված եւ համայնքներին հանձնված թանգարանային առարկաները, հավաքածուները համարվում եմ Հայաստանի Հանրապետության սեփականությունը, որի կառավարումն իրականացնում է լիազորված պետական մարմինը:
5. Պետական եւ համայնքային թանգարանների վերակազմակերպումից եւ գործունեության դադարեցումից հետո Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդում ընդգրկված թանգարանային առարկաները եւ հավաքածուները մնում են Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդում:
Հոդված 16. Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի կազմը եւ այդ կազմում թանգարանների ֆոնդերի ընդգրկումը
1. Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդը կազմված է պետական, համայնքային եւ ոչ պետական թանգարանների ֆոնդերում ընդգրկված թանգարանային առարկաներից եւ հավաքածուներից։
2. Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի պետական մասն են կազմում պետական թանգարաններում մշտապես պահպանվող, նախկին պետական թանգարանների հիմնական ֆոնդերում ընդգրկված եւ համայնքներին հանձնված թանգարանային առարկաները եւ հավաքածուները:
3. Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի համայնքային մասն են կազմում այն թանգարանների հիմնական ֆոնդերում ընդգրկված թանգարանային առարկաները եւ հավաքածուները, որոնց հիմնադիրն է հանդիսանում համայնքը:
4. Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի կազմը համալրվում է Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին կանոնակարգին համապատասխան թանգարանների ֆոնդի առարկայացուցակում գրանցվելու պահից:
5. Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդում ընդգրկված թանգարանի ֆոնդի սեփականատիրոջը լիազորված պետական մարմնի կողմից տրվում է Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդում ընդգրկելու մասին վկայական:
Հոդված 17. Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի առարկայացուցակը
1. Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի առարկայացուցակը կազմված է պետական, համայնքային եւ ոչ պետական թանգարանների ֆոնդերում ընդգրկված թանգարանային առարկաներից եւ հավաքածուներից։
2. Առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների ու հավաքածուների թվանշայնացված տեղեկույթի ստեղծման, վարման, օգտագործման եւ տրամադրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 18. Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի առարկայացուցակում փոփոխություն կատարելը
1. Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի կազմից թանգարանային առարկան հանված է համարվում Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի առարկայացուցակում այդ մասին նշում կատարելու օրվանից:
2. Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի պետական մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի առարկայացուցակից հանվում է լիազորված պետական մարմնի կողմից:
3. Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի համայնքային մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի առարկայացուցակից հանվում է համայնքի ավագանու որոշմամբ, որի օրինակը ներկայացվում է լիազորված պետական մարմին Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի առարկայացուցակում համապատասխան փոփոխություն կատարելու համար:
4. Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի ոչ պետական մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի առարկայացուցակից հանվում է սեփականատիրոջ դիմումի համաձայն:
Հոդված 19. Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի կազմում ընդգրկված թանգարանային առարկաների եւ հավաքածուների պահպանությունը եւ ժամանակավոր արտահանումը
1. Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի կազմում ընդգրկված թանգարանային առարկաների եւ հավաքածուների պահպանությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետությունը։
2. Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի կազմում ընդգրկված թանգարանային առարկաները եւ հավաքածուները ենթակա չեն մշտական արտահանման Հայաստանի Հանրապետության տարածքից։
3. Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի կազմում ընդգրկված մշակութային արժեքների ժամանակավոր արտահանումը կարգավորվում է «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
4. Արտակարգ իրավիճակում Հայաստանի Հանրապետության թանգարանա-յին ֆոնդում եւ Հայաստանի Հանրապետության ազգային թանգարանային ֆոնդում ընդգրկված թանգարանային առարկաների եւ հավաքածուների տարհանման եւ դրանց պաշտպանության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 20. Հայաստանի Հանրապետության ազգային թանգարանային ֆոնդի կազմը
1. Հայաստանի Հանրապետության ազգային թանգարանային ֆոնդի կազմում ընդգրկվում են պետական, համայնքային թանգարանների բացառիկ արժեք ունեցող թանգարանային առարկաները եւ հավաքածուները: Թանգարանների ֆոնդերից բացառիկ արժեք ունեցող թանգարանային առարկաների եւ հավաքածուների ընտրության չափորոշիչները, Հայաստանի Հանրապետության ազգային թանգարանային ֆոնդի կազմում ընդգրկելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սեփականությունը համարվող` բացառիկ արժեք ունեցող առարկաները եւ հավաքածուները, Հայաստանի Հանրապետության ազգային թանգարանային ֆոնդի կազմում կարող են ընդգրկվել սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ:
3. Հայաստանի Հանրապետության ազգային թանգարանային ֆոնդի կազմում ընդգրկված թանգարանային առարկաները եւ հավաքածուները ենթակա չեն մասնավորեցման (սեփականաշնորհման), վաճառքի, փոխանակության, նվիրատվության, նվիրաբերության, ինչպես նաեւ չեն կարող դառնալ այլ գործարքի առարկա:
ԳԼՈՒԽ 5.
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 21. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) իրականացնում է թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի պահպանության եւ օգտագործման ոլորտում պետական քաղաքականությունը.
2) կարգավորում է պետական թանգարանների ստեղծման, վերակազմակերպման եւ գործունեության դադարեցման հետ կապված հարաբերությունները.
3) հաստատում է թանգարանային առարկաների եւ հավաքածուների հաշվառման, պահպանության, անվտանգության, կոնսերվացման (կանխարգելման), ամրակայման եւ վերականգնման աշխատանքների իրականացման կարգը.
4) հաստատում է հավատարմագրված թանգարանի թանգարանային առարկաների եւ հավաքածուների պահպանության կանոնները.
5) հաստատում է թանգարանային առարկաների եւ հավաքածուների վերականգնողի որակավորման կարգը եւ չափորոշիչները.
6) ապահովում է Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի պետական մասի եւ Հայաստանի Հանրապետության ազգային թանգարանային ֆոնդի պահպանությունը, պաշտպանությունը, համալրումը եւ օգտագործումը.
7) ապահովում է պետական թանգարանների լիարժեք գործունեության համար անհրաժեշտ պայմանները.
8) հաստատում է թանգարանների ֆոնդերից բացառիկ արժեք ունեցող թանգարանային առարկաների եւ հավաքածուների ընտրության չափորոշիչները, Հայաստանի Հանրապետության ազգային թանգարանային ֆոնդի կազմում ընդգրկելու կարգը.
9) հաստատում է արտակարգ իրավիճակում Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդում եւ Հայաստանի Հանրապետության ազգային թանգարանային ֆոնդում ընդգրկված թանգարանային առարկաների եւ հավաքածուների տարհանման եւ դրանց պաշտպանության կարգը.
10) հաստատում է թանգարանի հավատարմագրման, հաշվառման, վկայականի տրամադրման կարգը, ձեւը եւ հավատարմագրումից հրաժարվելու կարգը.
11) հաստատում է Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի եւ Հայաստանի Հանրապետության ազգային թանգարանային ֆոնդի մասին կանոնակարգը եւ վկայականի ձեւերը.
12) հաստատում է հավատարմագրված թանգարաններին պետական աջակցության տրամադրման կարգը եւ չափորոշիչները.
13) հաստատում է Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների ու հավաքածուների թվանշայնացված տեղեկույթի ստեղծման, վարման, օգտագործման եւ տրամադրման կարգը.
14) հաստատում է թանգարանների խորհրդի աշխատակարգը եւ անհատական կազմը.
15) սահմանում է պետական եւ համայնքային թանգարանների ֆոնդի մատչելիության ապահովման կարգը.
16) հաստատում է պետական թանգարաններից անվճար օգտվողների եւ պետական թանգարանների կողմից մատուցվող ծառայությունների ցանկերը եւ սակագները.
17) սահմանում է թանգարանային առարկաների եւ հավաքածուների ժամանակավոր պահպանության կարգը:
Հոդված 22. Լիազորված պետական մարմնի լիազորությունները
1. Լիազորված պետական մարմինը`
1) հսկողություն է իրականացնում իր ենթակայության պետական թանգարանների գործունեության նկատմամբ.
2) վարում է Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի առարկայացուցակը (ռեեստրը) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
3) հաստատում է պետական թանգարանների զարգացման հայեցակարգերը, ծրագրերը, հիմնական ցուցադրության գիտական պլանը եւ հիմնական ցուցադրության գեղարվեստական նախագծերը.
4) վերահսկողություն է իրականացնում հավատարմագրված թանգարանի թանգարանային առարկաների եւ հավաքածուների պահպանության կանոնների նկատմամբ.
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է բռնագրավված, հօգուտ պետությանը տիրազուրկ ճանաչված եւ ժառանգության իրավունքով պետությանն անցած թանգարանային առարկաները եւ հավաքածուները պետական թանգարաններ կամ այլ կազմակերպություններ մշտական պահպանության հանձնումը.
6) ապահովում է հավատարմագրված թանգարանների թանգարանային առարկաների եւ հավաքածուների վերականգնումը.
7) սահմանում է թանգարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշերը.
8) սահմանում է իր ենթակայության թանգարանի աշխատողների պաշտոնների օրինակելի նկարագիրը.
9) աջակցում է թանգարանի աշխատողների վերապատրաստման, որակավորման բարձրացման համակարգի զարգացման ծրագրերի մշակմանը եւ դրանց իրականացմանը.
10) հաստատում է թանգարանների ֆոնդային-գնահատող հանձնաժողովի աշխատակարգի օրինակելի ձեւը.
11) վերահսկողություն է իրականացնում պետական թանգարանին ամրացված պետական սեփականության օգտագործման եւ պահպանության նկատմամբ.
12) հաստատում է իր ենթակայության թանգարանային աշխատողների ատեստավորման կարգի օրինակելի ձեւը.
13) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 23. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները
1. Տեղական ինքնակառավարման մարմինները`
1) ապահովում են համայնքային թանգարանների լիարժեք գործունեության համար անհրաժեշտ պայմանները.
2) հսկողություն են իրականացնում համայնքային թանգարանների գործունեության նկատմամբ.
3) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 24. Տարածքային կառավարման եւ այլ պետական մարմինների լիազորությունները
1. Տարածքային կառավարման եւ այլ պետական մարմինները`
1) ապահովում են իրենց ենթակայության թանգարանների լիարժեք գործունեության համար անհրաժեշտ պայմանները.
2) հսկողություն են իրականացնում իրենց ենթակայության թանգարանների գործունեության նկատմամբ.
3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 25. Թանգարանների խորհրդի լիազորությունները
1. Թանգարանների խորհուրդը հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին է, որի նպատակն է թանգարանների զարգացմանը նպաստելը։
2. Թանգարանների խորհրդի կազմում կարող են ընդգրկվել թանգարանների (անկախ ենթակայությունից եւ սեփականության ձեւից), հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, մասնագետներ:
3. Թանգարանների խորհուրդը առաջարկություններ է ներկայացնում լիազորված պետական մարմին` թանգարանների գործունեության եւ գործունեությանը նպաստող պետական ռազմավարության մշակման, թանգարանային քաղաքականության, գիտական ծրագրերի, դրանց ֆինանսավորման, բյուջետային միջոցների բաշխման հարցերի վերաբերյալ:
4. Թանգարանների խորհրդի աշխատակարգը եւ անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` լիազորված պետական մարմնի ներկայացմամբ` 3 տարի ժամկետով:
ԳԼՈՒԽ 6.
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 26. Թանգարանների ֆինանսավորումը
1. Պետական թանգարանների ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
2. Համայնքային թանգարանների ֆինանսավորումն իրականացվում է համայնքի բյուջեի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
3. Թանգարաններին տրամադրվում է պետական աջակցություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով:
ԳԼՈՒԽ 7.
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 27. Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը
1. Սույն օրենքի պահանջները խախտող անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 8.
Եզրափակիչ դրույթ
Հոդված 28. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը
Վերջին տարիներին նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգության վերաբերյալ ընդունվել են մի շարք ՀՀ օրենքներ («Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին», «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին», «Արխիվային գործի մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին», «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին»), որոնք կարգավորում են մեր մշակութային ժառանգության բնագավառները: Չկարգավորված է մնում թանգարանների ոլորտը: Օրենքի նախագիծը մշակելու նպատակով նախարարության կողմից ուսումնասիրվել է թանգարանային գործի զարգացվածության մակարդակով աչքի ընկնող մի շարք երկրների (Կանադա, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, Գերմանիա, Լատվիա, Ճապոնիա) թանգարանային ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերը, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների թանգարանային գործը կարգավորող օրենսդրությունը:
«Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» ՀՀ օրենքի նախագծում կիրառվել է նաեւ Միավորված ազգերի կազմակերպության ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Թանգարանային միջազգային խորհրդի /այսուհետ` ԻԿՕՄ/ կողմից ընդունված Թանգարանների աշխատողների մասնագիտական վարքագծի կանոնագիրքը, ինչը եվրոպական պետությունների` Գերմանիայի Դաշնության, Լյուքսեմբուրգի, Իտալիայի թանգարանների ղեկավարման համար ճանաչվել է իրավական փաստաթուղթ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» ՀՀ օրենքի նախագծի 12-րդ եւ 26-րդ հոդվածների պահանջներով, որոնց չկատարման դեպքում պատասխանատվություն է սահմանվում:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Կարգավորված չեն մշակութային ժառանգության անբաժանելի մաս կազմող Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի, ինչպես նաեւ յուրաքանչյուր թանգարանի ֆոնդի օգտագործման, տնօրինման, թանգարանների ստեղծման (անկախ սեփականության ձեւից) խնդիրները:
«Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» ՀՀ օրենքի նախագծում սահմանվել եւ ճշգրտվել են օրենքի կարգավորման առարկան, օրենքի խնդիրները, թանգարանների ստեղծման նպատակները եւ սկզբունքները, հստակ սահմանվել են օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները: Ներկայացված նախագծով կարգավորվում են ոչ միայն պետական թանգարանային ֆոնդի հետ առնչվող հարաբերությունները, այլեւ մասնավոր թանգարանային ֆոնդի ընդգրկման եւ ֆոնդից դուրսգրման սկզբունքները:
Նախագծում կարգավորվել են պետական uեփականություն չհանդիսացող մշակութային արժեքները Հայաստանի Հանրապետության պետական թանգարաններում ժամանակավոր պահպանության հանձնելու, թանգարանի ֆոնդերը թանգարանային առարկաներով համալրելու, հաշվառելու, հանրահռչակելու սկզբունքները, թանգարանների եւ հավաքածուների սեփականատերերին պետական աջակցության ձեւերը: Հստակեցվել է թանգարանների հավատարմագրման եւ կարգավիճակ ստանալու ընթացակարգը:
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Օրենքների նախագծերի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության եւ պաշտպանության համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների եւ շուկայական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց միջեւ ծագող հարաբերությունների կարգավորումը մշակույթի բնագավառում:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի կողմից: Օրենքների նախագծերը դեռեւս 2009 թ. տեղադրվել են նախարարության կայքէջում: 2011 թ. հունիսին լրամշակված տարբերակը կրկին ուղարկվել է բոլոր թանգարաններին, հասարակական կազմակերպություններին, ՀՀ մարզպետներին, Երեւանի քաղաքապետին: Ներկայացված դիտողությունների հիման վրա օրենքները լրամշակվել են: Օրենքների նախագծերը ՀՀ արդարադատության նախարարությունը թարգմանել է անգլերեն, եւ ՀՀ կառավարության հանձնարարությամբ ՀՀ արտգործնախարարությունը Եվրամիության փորձաքննությանն է ներկայացրել այն: Եվրամիությունը ընդհանուր օրենսդրություն չունենալու պատճառով փորձաքննություն չի կատարել:
2013-2014 թթ. նոր քննարկումների արդյունքում օրենքների նախագծերը հիմնովին լրամշակվել են, որի աշխատանքներին մասնակցել է նաեւ ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեն:
5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Օրենքների նախագծերի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության եւ անվտանգության համակարգված գործունեությունը, կկարգավորվեն թանգարանների ստեղծման, գործունեության, գործունեության դադարեցման, Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի ձեւավորման, համալրման, հաշվառման եւ պահպանության հետ կապված հարաբերությունները, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների եւ շուկայական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց միջեւ ծագող հարաբերությունները մշակույթի բնագավառում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունմամբ պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի սպասվում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
1. «Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի եւ եկամուտների, ինչպես նաեւ ՀՀ համայնքների բյուջեների ծախսերի եւ եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն:
2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի, ինչպես նաեւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների վրա կարող է լինել դրական, որի ազդեցության կոնկրետ չափը հնարավոր չէ գնահատել, քանի որ հնարավոր չէ կանխատեսել, թե նախագծի ընդունումից հետո ինչ ծավալով իրավախախտումներ կկատարվեն:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի, ինչպես նաեւ ՀՀ համայնքների բյուջեների ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում
«Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) կկարգավորվեն թանգարանների ստեղծման, գործունեության, գործունեության դադարեցման, Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի ձեւավորման, համալրման, հաշվառման եւ պահպանության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ պատասխանատվություն կսահմանվի հավատարմագրված թանգարանների թանգարանային առարկաների եւ հավաքածուների պահպանության կանոնների խախտման դեպքում:
Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով կարգավորվում են թանգարանների ստեղծման, գործունեության դադարեցման, Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի ձեւավորման, համալրման, հաշվառման եւ պահպանության հետ կապված հարաբերությունները եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագծերը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
«Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման
1. «Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին առնչվում են, սակայն ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Բաբլոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը, օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատականները, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի N 652- Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը:
Հարգանքով` |
|
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |