Հոդված 1. «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 14-ի NՀՕ-276 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.4-րդ հոդվածով.
«Հոդված 2.4. Հաստատել 2017 թվականին Սեւանա լճից ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (այսուհետ` Ժամանակավոր ծրագիր)` համաձայն N 5 հավելվածի :»։
Հոդված 2. Օրենքով հաստատված՝ Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերի 6-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.6-րդ կետով.
«6.6. 2017 թվականին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 270 մլն մ3 : 2017 թվականի ընթացքում Սեւանա լճից բացթողնվող ջրի՝ 170 մլն մ3 -ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մոտ առաջացող լրացուցիչ գումարները (այսուհետ` Lրացուցիչ գումարներ) ենթակա են վճարման` այդ գումարների հավաքագրման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան բացված արտաբյուջետային հաշվին (այսուհետ` Արտաբյուջետային հաշիվ): Լրացուցիչ գումարների հաշվարկման ու վճարման կարգը, ինչպես նաեւ դրանց հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշիվը (նախահաշիվները) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Արտաբյուջետային հաշվի միջոցների շրջանառությունը եւ պետական բյուջեի կատարման հաշվետվություններում արտացոլումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Տարեկան արդյունքներով Արտաբյուջետային հաշվի միջոցների չծախսված մնացորդն ուղղվում է այդ հաշվից հաջորդ տարում կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշվով (նախահաշիվներով) նախատեսվող բյուջետային ելքերի ֆինանսավորմանը:»:
Հոդված 3. Օրենքը լրացնել «2017 թվականին Սեւանա լճից ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը» N5 հավելվածով ՝ համաձայն հավելվածի:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ գործում է մինչեւ արտաբյուջետային հաշվի միջոցների սպառումը (եթե օրենքով այլ բան նախատեսված չէ):
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԾՐԱԳԻՐ
2017 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԻ ԲԱՑ ԹՈՂՆՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2017 թվականին Սեւանա լճից ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) մշակված է համաձայն «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1 կետի երկրորդ պարբերության դրույթների:
Ծրագիրը նպատակաուղղված է 2017 թվականին Սեւան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի ենթակայությամբ գտնվող հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակ ապահովելուն:
2. ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով (այսուհետեւ՝ Օրենք)` ամրագրված է լճից ջրի բացթողնման առավելագույն չափաքանակ 170 մլն մ3 : Ջրբացթողումներն իրականացվում են ՀՀ կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակներում՝ սահմանված կարգին համապատասխան:
Եղել են տարիներ, երբ լճից 170 մլն մ3 ծավալով ջրբացթողնման դեպքում ոռոգման ջրի դեֆիցիտը լրացվել է Մխչյանի, Ռանչպարի, ինչպես նաեւ խորքային հորերի պոմպերով մեխանիկական լրացուցիչ ջրարտադրության միջոցով, ինչն էլ ոռոգման ջրամատակարարման կազմակերպությունների համար բերել է չնախատեսված նոր ֆինանսական պարտավորությունների:
Ըստ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տված տեղեկատվության 2016 թվականի համեմատ 2017 թվականին գրանցվել է գետերի շուրջ 20 % սակավ ջրատվություն, 2017 թվականի հունիսի 20-ի դրությամբ՝ անցած տարվա նույն օրվա համեմատ ջրամբարներում առկա ջրի դեֆիցիտը կազմել է 189 մլն մ3 , չնայած այն հանգամանքին, որ անցած տարվա նկատմամբ այս տարի ջրամբարներից այդ օրվա դրությամբ 35 մլն մ3 -ով պակաս ջրօգտագործում է իրականացվել: Նշվածով պայմանավորված, 2017 թվականի հունիսի 20-ի. դրությամբ Սեւանա լճից ոռոգման նպատակով ջրբացթողումն արդեն կազմում է 58.5 մլն մ3 անցած տարվա 14.3 մլն մ3 -ի փոխարեն:
2016թ. հունիսի 19-ին, 2015թ. նույն օրվա դրությամբ Սեւանա լճի ջրի մակարդակն ավելացել է 16 սմ-ով (տարբերության առավելագույն ցուցանիշը 24.08.2016թ. գրանցվել է 32 սմ), իսկ 2017թ. հունիսի 19-ին 2016թ. նույն օրվա դրությամբ՝ եւս 18 սմ-ով:
3. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ եւ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ծրագրի հիմնական նպատակն է Սեւան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակի ապահովումը:
Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ առաջնային հիմնական խնդիրը նաեւ օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից տարեկան բացթողման 170 մլն մ3 չափաքանակի ավելացումն է՝ դարձնելով այն մինչեւ 270 մլն մ3 :
Սեւանա լճից լրացուցիչ 100 մլն մ3 ծավալով ջրբացթողումները հնարավորություն կտան Սեւան-Հրազդան ոռոգման համակարգի Մխչյանի եւ Ռանչպարի պոմպակայանների շահագործման փոխարեն կատարել մեխանիկական ջրարտադրություն Ախուրյան-Արաքս ոռոգման համակարգի իշխման տակ գտնվող Արմավիրի տարածաշրջանի տեղական խորքային հորերից, ինչի արդյունքում համակարգում շուրջ 1.2 մլրդ դրամի լրացուցիչ էլեկտրաէներգիայի ծախս չի առաջանա:
Լճից մինչեւ լրացուցիչ 100 մլն մ3 ծավալով ջրբացթողնման ավելացումը, ըստ նախնական գնահատականների, հնարավորություն կտա նաեւ Սեւան-Հրազդան դերիվացիոն համակարգի ՀԷԿ-երում լրացուցիչ արտադրել եւս շուրջ 97 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա: Սեւան-Հրազդանյան կասկադի հիդրոէլեկտրակայաններում արտադրված էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մոտ տարեկան արդյունքով լրացուցիչ գումար գործող սակագներով նախատեսված հաշվարկային հասույթների նկատմամբ, որը կուղղվի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նպատակային ներդրումներ իրականացնելու համար:
Էկոլոգիական տեսանկյունից լրացուցիչ ջրբացթողումները լճի վրա բացասական ազդեցություն չեն ունենա, քանի որ լճում առկա է ջրի բավարար քանակություն, մասնավորապես՝ օրենքի ընդունումից հետո (2001թ.) մինչեւ ս.թ. հունիսի 19-ի համեմատ լճի մակարդակի փաստացի բարձրացում՝ 4.59 մ-ով (1896,32 մ - 1900,91 մ), արդյունքում ծավալի ավելացում շուրջ 6.0 մլրդ մ3 -ով (459 սմ x 13 մլն մ3 /սմ):
Լրացուցիչ 100 մլն մ3 ջրբացթողումը ըստ հաշվարկների կարող է բերել Սեւանա լճի ջրի մակարդակի մինչեւ 8 սմ անկման, ինչի պարագայում նույնպես անցած տարվա նույն օրվա նկատմամբ կապահովվի շուրջ 10 սմ (18սմ-8սմ) Սեւանա լճի ջրի մակարդակի բարձր նիշ: Նշվածով պայմանավորված, լրացուցիչ ջրբացթողումները չեն խախտի Օրենքով սահմանված Սեւանա լճի ջրի մակարդակի դրական հաշվեկշռի պահպանման պայմանները:
Որակական առումով առաջարկվող փոփոխությունը նույնպես լճի վրա բացասական ազդեցություն չեն ունենա՝ պայմանավորված լճի ծավալի ավելացմամբ եւ ջրհավաք ավազանում Մարտունի, Գավառ, Վարդենիս եւ Ջերմուկ քաղաքների կեղտաջրերի մաքրման կայանների գործարկմամբ:
4. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետեւյալ արդյունքները`
1) հողերին մատակարարվող ոռոգման ջրի դեֆիցիտի մեղմում,
2) ոռոգում իրականացնող կազմակերպությունների մոտ մեխանիկական ջրարտադրության փոխարինում ինքնահոսով եւ էլեկտրաէներգիայի մասով նոր պարտքերի չձեւավորում:
5. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
«Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1-րդ կետով նախատեսված` Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ3 ) ավել բացթողումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով` ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմնի ներկայացրած կանխատեսումային առաջարկությունների հիման վրա:
Ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմինը յուրաքանչյուր տասնօրյակը մեկ Հայաստանի Հանրապետության կառավարություն պետք է ներկայացնի համապատասխան հաշվետվություն` «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1-րդ կետով նախատեսված` Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ3 ) ավել բաց թողնված ջրաքանակի վերաբերյալ:
Էներգետիկայի բնագավառում լիազորված պետական մարմինը յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության կառավարություն պետք է ներկայացնի համապատասխան հաշվետվություն` «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1-րդ կետով նախատեսված` Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ3 ) ավելի բաց թողնված ջրաքանակի օգտագործման արդյունքում արտադրված էլեկտրական էներգիայի քանակության եւ դրա հետ կապված կատարված վճարումների վերաբերյալ:
Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը սույն ծրագրի գործողության ընթացքում իրականացնում է փորձագիտական հետազոտություններ, որի արդյունքները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին: