Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-039-26.06.2017-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքն ընդունվել է հաշվի առնելով բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման շուկայում սպառողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունը, բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման ոլորտում միասնական կանոնների սահմանման անհրաժեշտությունը, նպատակ ունենալով` բարձրացնել հիփոթեքային կրեդիտներ ստացող անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության մակարդակը, նպաստել ֆինանսական միջնորդության ավելացմանը, ամրապնդել ֆինանսական համակարգի նկատմամբ սպառողների վստահությունը:

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման պայմանագրեր կնքող կրեդիտառուների իրավունքների, կրեդիտավորողի կողմից տեղեկությունների բացահայտման, բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման պայմանագրերի կնքման եւ այդ պայմանագրերի հետ կապված այլ հարաբերություններ, կրեդիտավորողների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառումը:

Հոդված 2. Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին օրենսդրությունը

1. Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, այլ իրավական ակտերով:

2. Բնակարանային հիփոթեքային կրեդիտների տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման, գովազդի, կրեդիտավորողի եւ կրեդիտառուի միջեւ հաղորդակցման կարգի հետ կապված` սույն օրենքով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ եւ 5-րդ գլուխների դրույթները, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքի իմաստով`

1) բնակարան` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 222-րդ հոդվածով սահմանված բնակարանը, ինչպես նաեւ` անհատական բնակելի տունը.

2) բնակարանային հիփոթեքային կրեդիտ, հիփոթեքային կրեդիտ կամ կրեդիտ` կրեդիտավորողի կողմից տրամադրված վարկ, փոխառություն կամ այլ ֆինանսավորում, որը տրամադրվել է հետեւյալ պայմաններով`

ա. կրեդիտի տրամադրման նպատակը բնակարան ձեռքբերելը, կառուցելը, վերակառուցելը, վերանորոգելը, բարեկարգելը կամ արդիականացնելն է, եւ

բ. կրեդիտի վերադարձելիությունն ապահովված է այդ բնակարանի հիփոթեքով կամ կառուցվող  բազմաբնակարան շենքի բնակարանի հիփոթեքով` Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական  օրենսգրքի 270-րդ հոդվածին համապատասխան, կամ բնակարանի կառուցման համար նախատեսված հողամասի, անավարտ շինարարության եւ գրավատուին պատկանող շինարարության համար ձեռք բերված նյութերի ու սարքավորումների հիփոթեքով ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 271-րդ հոդվածին համապատասխան, կամ կրեդիտավորողից եւ կրեդիտառուից անկախ պատճառներով ձեռքբերվող, կառուցվող, վերակառուցվող, վերանորոգվող կամ արդիականացվող բնակարանը գրավադրելու անհնարինության դեպքում՝ այլ գրավով` պայմանով, որ գրավադրումը բացառող պայմանների վերացման դեպքում կգրավադրվի ձեռքբերվող, կառուցվող, վերակառուցվող, վերանորոգվող կամ արդիականացվող բնակարանը, եւ

գ. կրեդիտը տրամադրվել է որոշակի հատուցման դիմաց:

Սույն օրենքի իմաստով հիփոթեքային կրեդիտ են համարվում նաեւ սույն կետում նշված կրեդիտների վերաֆինանսավորման նպատակով կրեդիտառուներին տրամադրված վարկերը կամ փոխառությունները:

3) բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման պայմանագիր կամ կրեդիտավորման պայմանագիր` պայմանագիր, որով կրեդիտավորողը կրեդիտառուին տրամադրում կամ պարտավորվում է տրամադրել բնակարանային հիփոթեքային կրեդիտ.

4) կրեդիտի անվանական տոկոսադրույք` հաստատուն կամ լողացող տոկոսադրույք, որի հիման վրա կրեդիտավորողը հաշվարկում է կրեդիտառուի կողմից վճարման ենթակա տոկոսագումարները.

5) հաստատուն տոկոսադրույք` կրեդիտի այն անվանական տոկոսադրույքը, որը ենթակա չէ փոփոխության կրեդիտավորման պայմանագրի գործողության ընթացքում.

6) լողացող տոկոսադրույք` կրեդիտի այն անվանական տոկոսադրույքը, որը կարող է փոփոխվել կրեդիտավորման պայմանագրի գործողության ընթացքում՝ սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված դեպքերում եւ կարգով.

7) կրեդիտառու` կրեդիտ ստացող ֆիզիկական անձ.

8) կրեդիտավորող` բանկ կամ վարկային կազմակերպություն.

9) կրեդիտի մարմանն ուղղված վճարներ` կրեդիտի գումարի մարմանն ուղղված վճարներ եւ կրեդիտառուի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող վճարներ.

10) տարեկան փաստացի տոկոսադրույք ` ըստ «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

11) կրեդիտավորման ընդհանուր ծախս՝ բոլոր տոկոսներն ու այլ վճարումները, որոնք կրեդիտառուն պարտավոր է վճարել (կատարել) կրեդիտավորման համար.

12) օվերդրաֆտ՝ բանկի կողմից կրեդիտի տեսքով սույն օրենքով նախատեսված նպատակներով բանկային, ավանդային կամ այլ հաշվի վրա տրամադրված գումար կամ այդպիսի գումարի տրամադրման խոստում, այդ թվում վճարային քարտերով:

Հոդված 4. Տեղեկատվական ամփոփագիր

1. Կրեդիտավորողը պարտավոր է իր կողմից առաջարկվող յուրաքանչյուր տեսակի բնակարանային հիփոթեքային կրեդիտի համար ունենալ տեղեկատվական ամփոփագիր: Հիփոթեքային կրեդիտների վերաբերյալ տեղեկատվական ամփոփագրերը կարող են համախմբվել նաեւ մեկ միաuնական տեղեկատվական ամփոփագրում` պայմանով, որ միաuնական տեղեկատվական ամփոփագիրը պարունակի յուրաքանչյուր տեսակի կրեդիտի վերաբերյալ uույն oրենքով uահմանված տեղեկատվությունը:

2. Յուրաքանչյուր տեղեկատվական ամփոփագիրը պետք է պարունակի հետեւյալ տեղեկատվությունը.

1) կրեդիտի նպատակը,

2) կրեդիտի անվանական տոկոսադրույքի չափը, տեսակը (հաստատուն կամ լողացող, ընդ որում այս տեսակները չեն կարող անվանվել այլ կերպ, քան նախատեսված է սույն օրենքով), իսկ եթե անվանական տոկոսադրույքը լողացող է, ապա այն փոփոխելու պայմաններն ու կարգը, ինչպես նաեւ տոկոսադրույքի փոփոխության վրա ազդող գործոնների բացատրությունը,

3) կրեդիտի տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը.

4) նշում այն մասին, որ կրեդիտառուն վճարելու է ապահովագրության, գնահատման կամ այլ օժանդակ ծառայությունների համար կամ նոտարական ծառայությունների համար կամ գույքի նկատմամբ իրավունքների  պետական գրանցման համար  կատարելու է այլ վճարներ, եթե կրեդիտավորողին հայտնի է, որ կրեդիտառուն կատարելու է նման վճարներ,

5) նշում սույն մասի 4-րդ կետում նշված այն վճարների մասին, որոնք չեն ներառվում տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ,

6) եթե կրեդիտավորողը կրեդիտի տրամադրումը պայմանավորում է առանձին ապահովագրական ընկերությունների կամ գնահատողների ծառայություններից օգտվելու հետ, ապա նշում այդ մասին, ինչպես նաեւ Կրեդիտավորողի կողմից սահմանված ցանկերում ներառված ապահովագրական ընկերությունների կամ գնահատողների հետ կապվելու համար անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում` անվանումներ, գտնվելու վայրեր, հեռախոսի համարներ,

7) կրեդիտի գումարի նվազագույն եւ առավելագույն չափերը,

8) կրեդիտավորման նվազագույն եւ առավելագույն ժամկետները,

9) կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն ժամկետից շուտ կատարելու իրավունքի մասին նշում, ինչպես նաեւ սույն օրենքով թույլատրված դեպքերում այդ իրավունքն իրականացնելու արդյունքում կրեդիտառուի կողմից վճարվող տուժանքի չափը կամ կրեդիտառուի համար այլ անբարենպաստ հետեւանքները,

10) նշում կրեդիտառուի պարտավորությունների կատարումն ապահովող միջոցների մասին,

11) տեղեկատվություն կրեդիտի մարմանն ուղղված վճարների վերաբերյալ, մասնավորապես` այդ վճարների պարբերականությունը, կրեդիտավորման պայմանագրի գործողության ընթացքում պարբերական վճարների հաստատուն լինելը կամ ավելացումը կամ նվազումը, կրեդիտի մարմանն ուղղված վճարների ցանկը,

12) կրեդիտի գումարի եւ բնակարանի գնահատված շուկայական արժեքի առավելագույն հարաբերակցությունը,

13) եթե առանձին պայմանների առկայության դեպքում հնարավոր է ընդհանուր պայմաններից տարբերվող արտոնյալ պայմաններով կրեդիտ ստանալ, ապա նշում այդ պայմանների մասին,

14) նախազգուշացում այն մասին, որ կրեդիտառուն կարող է զրկվել բնակարանի նկատմամբ իր իրավունքներից, եթե չկատարի կամ ոչ պատշաճ կերպով կատարի կրեդիտավորման պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները,

15) տեղեկատվություն այն մասին, որ հիփոթեքի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով, բացառությամբ` այն դեպքի, երբ հիփոթեքի պայմանագիրը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի հիման վրա ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված հիփոթեքի օրինակելի պայմանագրի պայմաններին, եւ որ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը, հիփոթեքի իրավունքը եւ այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման,

16) Լողացող տոկոսադրույքի կիրառման դեպքում, պետք է նշվեն առավելագույն շեմեր, որոնցից ավել կրեդիտի անվանական տոկոսադրույքը չի կարող բարձրանալ կամ իջնել,

17) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված` տեղեկատվական ամփոփագրում պարտադիր ներառման ենթակա այլ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է կրեդիտառուների շահերի պաշտպանության նպատակով: Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել նաեւ տեղեկատվական ամփոփագրեր կազմելու ձեւի, տեղեկատվական ամփոփագրերում ներառման ենթակա տեղեկատվությունների բովանդակության, ձեւաչափերի նկատմամբ պահանջներ, պարտադիր կիրառման ենթակա տեքuտեր, օրինակելի տարբերակներ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվությունից բացի այլ տեղեկատվություն տեղեկատվական ամփոփագիրը չի պարունակում: Սույն հոդվածի 2-րդ մասով չսահմանված տեղեկատվությունը կրեդիտառուին կարող է ներկայացվել ամփոփագրին կից հավելվածի տեսքով:

Հոդված 5. Տեղեկատվական ամփոփագրի հրապարակումն ու տրամադրումը

1. Կրեդիտավորողը պարտավոր է տեղեկատվական ամփոփագրերը հրապարակել իր ինտերնետային կայքում, ինչպես նաեւ տեղադրել, այդ թվում՝ տեխնիկական սարքերի օգտագործմամբ, իր տարածքում` հաճախորդների համար տեսանելի վայրում:

2. Կրեդիտավորողը պարտավոր է տեղեկատվական ամփոփագիրն անվճար տրամադրել կրեդիտավորողի տարածքում գտնվող յուրաքանչյուր անձի` վերջինիս պահանջով:

Հոդված 6. Կրեդիտավորման պայմանագրի կնքումը

1. Կրեդիտավորման պայմանագիրը կնքվում է կրեդիտավորողի կողմից կրեդիտավորման պայմանագիր կնքելու գրավոր առաջարկը (օֆերտան) կրեդիտառուին առձեռն կամ փոստով հանձնելու եւ այդ առաջարկը կրեդիտառուի կողմից գրավոր ձեւով ընդունելու (ակցեպտի) միջոցով: Կրեդիտավորման պայմանագիրը կարող է կնքվել մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, մասնավորապես` կրեդիտավորողի կողմից ստորագրված պայմանագրի նախագիծը կրեդիտառուին հանձնելու եւ այդ նախագիծը կրեդիտառուի կողմից ստորագրելու միջոցով: Կրեդիտավորողը պարտավոր է մինչեւ կրեդիտավորման պայմանագրի կնքումն առնվազն 7 օր առաջ կրեդիտավորման պայմանագիր կնքելու առաջարկը եւ կրեդիտավորման պայմանագրի նախագիծը տրամադրել կրեդիտառուին: Կրեդիտավորողն իրավունք ունի կրեդիտառուի ստորագրմանը ներկայացնել միայն կրեդիտավորման պայմանագրի այն նախագիծը, որը սույն մասում սահմանված ժամկետում տրամադրվել է կրեդիտառուին: Եթե կրեդիտառուին տրամադրված կրեդիտավորման պայմանագրի նախագծում ոչ կրեդիտառուի նախաձեռնությամբ կատարվել է որեւէ փոփոխություն, ապա կրեդիտավորման պայմանագրի փոփոխված տարբերակը եւս պետք է ներկայացվի կրեդիտառուին` այդ պայմանագիրը կնքելուց առնվազն 7 օր առաջ:

2. Կրեդիտավորման պայմանագիր կնքելու առաջարկն ուժի մեջ է 7 աշխատանքային օր, եթե առաջարկի մեջ ավելի երկար ժամկետ նախատեսված չէ: Սույն մասում նշված յոթնօրյա ժամկետի հաշվարկը սկսվում է կրեդիտավորման պայմանագիր կնքելու առաջարկը կրեդիտառուին հանձնելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից:

3. Կրեդիտավորման պայմանագիր կնքելու առաջարկը կրեդիտառուն կարող է ընդունել սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետում: Կրեդիտավորման պայմանագիր կնքելու առաջարկը կրեդիտառուն ընդունում է այն ստորագրելու եւ առձեռն, իսկ կրեդիտավորողի համաձայնության դեպքում` նաեւ փոստով կրեդիտավորողին վերադարձնելու միջոցով:

4. Կրեդիտավորման պայմանագիր կնքելու առաջարկը պետք է պարունակի սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված տեղեկությունները, ինչպես նաեւ՝ նշում պարունակի այդ առաջարկը սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետում ընդունելու կրեդիտառուի իրավունքի մասին:

5. Կրեդիտավորողը պարտավոր է ապահովել, որպեսզի կրեդիտառուն` կրեդիտավորման պայմանագրի կնքման պահից ոչ ուշ քան երկու աշխատանքային օրվա ընթացքում uտանա կրեդիտավորման պայմանագրի մեկ բնoրինակ: Կրեդիտավորման պայմանագրի մեկ բնoրինակն իրեն հանձնված չլինելու վերաբերյալ կրեդիտառուի հայտարարությունը համարվում է հավաստի, քանի դեռ այլ բան չի ապացուցվել:

6. Կրեդիտավորողը պարտավոր է կրեդիտառուի պահանջով վերջինիս տրամադրել կրեդիտավորման պայմանագրի՝ կրեդիտավորողի կողմից հաստատված պատճենը: Կրեդիտավորման պայմանագրի պատճենը տրամադրելու համար կրեդիտավորողն իրավունք ունի գանձել միայն այնպիսի վճար, որը ողջամիտ է եւ անհրաժեշտ է կրեդիտավորման պայմանագրի պատճենը պատրաստելու համար:

Հոդված 7. Կրեդիտավորման պայմանագրի նվազագույն պայմանները

1. Կրեդիտավորողը պարտավոր է ապահովել, որպեսզի կրեդիտավորման պայմանագիրն առնվազն ներառի՝

1) Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ եւ 14-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը,

2) կրեդիտի տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը, ինչպես նաեւ` սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի  2-րդ կետով նախատեսված տեղեկատվությունները,

3) կրեդիտառուի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող վճարների չափը, կրեդիտավորման պայմանագրի գործողության ընթացքում այդ վճարների չափի փոփոխման հնարավորության կամ   վերջինիս բացառման մասին նշում, ինչպես նաեւ` նշում այն մասին, թե կրեդիտավորման պայմանագրի կողմերից որ մեկն է  կրելու  այդ վճարների չափի փոփոխման հետ կապված  լրացուցիչ պարտականություններ.

4) կրեդիտի մարման ժամանակացույցը` սույն օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան.

5) կրեդիտի գումարը կրեդիտառուին տրամադրելու օրը.

6) հիփոթեքի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարգը, այդ թվում`

ա. բռնագանձում տարածելը դատական կարգով կամ առանց դատարան դիմելու,

բ. գրավի առարկան իրացնելու եղանակը,

գ. գրավի առարկայի իրացման հետ կապված ծախսերի մոտավոր չափը` պայմանագրի կնքման պահի դրությամբ,

դ. տեղեկատվություն գրավի առարկայի իրացման արդյունքում առաջացող հարկային պարտավորությունների վերաբերյալ` պայմանագրի կնքման պահի դրությամբ.

7) կրեդիտի գումարը կամ դրա մի մասը չվճարելու կամ ուշացումով վճարելու դեպքում գանձվող տույժի եւ(կամ) տուգանքի  չափը: Կրեդիտավորողը պարտավոր է կրեդիտավորման պայմանագրում ամրագրել նաեւ այն առավելագույն չափը, որից  ավել տույժեր, տուգանքներ  գանձվել չեն կարող: Կրեդիտավորողը պարտավոր է նաեւ կրեդիտավորման պայմանագրում սահմանել, որ կրեդիտի գումարը կամ դրա մի մասը չվճարելու կամ ուշացումով վճարելու դեպքում, կրեդիտառուից բացի կրեդիտավորման պայմանագրով նախատեսված տույժից եւ(կամ) տուգանքից որեւէ այլ վճար գանձվել չի կարող.

8) նշում այն մասին, որ կրեդիտաուն իրավունք ունի ապահովագրել կրեդիտավորման պայմանագրի հետ կապված իր ռիսկերը` կրեդիտառուի համար ընդունելի ապահովագրողի միջոցով.

9) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված այլ տեղեկություններ:

2. Ելնելով  կրեդիտառուների  շահերի  պաշտպանության անհրաժեշտությունից՝ Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունների համար uահմանել պարտադիր կիրառման ենթակա տեքuտեր կամ օրինակելի տարբերակներ, այդ թվում` կրեդիտավորման պայմանագրի նվազագույն պայմանների նկատմամբ պահանջներ, օրինակելի ձեւեր:

Հոդված 8. Կրեդիտառուին տրամադրվող տեղեկատվությունը

1. Կրեդիտավորման պայմանագրի գործողության ընթացքում կրեդիտավորողը պարտավոր է կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ժամկետներում` վաղօրոք կրեդիտառուին տեղեկացնել`

1) անվանական տոկոսադրույքների եւ կրեդիտառուի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարների չափի փոփոխության մասին, եթե կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, որ դրանք առաջ են բերում կրեդիտառուի պարտավորությունների համապատասխան փոփոխությունկրեդիտավորման պայմանագրի գործողություն աընթացքում:

2) կողմերի՝ կրեդիտավորման պայմանագրով սահմանված իրավունքների եւ պարտականությունների փոփոխության մասին, որոնք հետեւանք են իրավական ակտերում կատարված փոփոխությունների, եւ բխում են Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 438 հոդվածի 2-րդ մասի պահանջներից,

3) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ հանգամանքների մասին: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով չեն կարող սահմանվել կրեդիտավորման պայմանագրով չնախատեսված այնպիսիս դրույթներ, որոնք վատթարացնում են կրեդիտարուի վիճակը:

2. Կրեդիտավորողը պարտավոր է պարբերաբար, սակայն ոչ ուշ, քան յուրաքանչյուր հերթական վճարումից (մարումից) 20 (քսան) աշխատանքային oր առաջ, կրեդիտառուին անվճար տրամադրել քաղվածք, որտեղ առնվազն պետք է արտացոլվի հետեւյալ տեղեկատվությունը`

1) կրեդիտի մնացորդը,

2) ժամանակահատվածը եւ դրանում ներառված օրերի քանակը, որոնց վերաբերյալ տրամադրվում է տեղեկատվությունը,

3) քաղվածքում նշված ժամանակահատվածում կրեդիտի կիրառված տոկոսադրույքը,

4) կրեդիտառուի կողմից քաղվածքի տրամադրման դրությամբ կատարված վճարումները (մարումները),

5) կրեդիտառուի կողմից հերթական վճարման (մարման) չափը եւ վճարման (մարման) ամսաթիվը,

6) Տուժանք հաշվարկված լինելու դեպքում` հաշվարկված տուժանքները,

7) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:

3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված տեղեկատվությունը կրեդիտավորողին տրամադրվում է փոստային կապի միջոցով` եթե կրեդիտառուի կողմից չի ներկայացվում տեղեկությունը սույն հոդվածի 4-րդ մասում նշված եղանակներով կամ դրանցից մեկով ստանալու վերաբերյալ դիմում:

4. Կրեդիտառուն իր գրավոր, այդ թվում` էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա կարող է հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը եւ (կամ) 2-րդ մասով սահմանված քաղվածքը փոստային կապի միջոցով ստանալու իրավունքից` տեղեկատվությունը եւ (կամ) քաղվածքը էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով կամ կրեդիտավորողի տարածքում ստանալու պայմանով: Տեղեկատվությունը եւ (կամ) քաղվածքը էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով կամ կրեդիտավորողի տարածքում ստանալու կրեդիտառուի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն առ ոչինչ է: Կրեդիտավորողն իրավունք չունի կրեդիտառուին պարտադրելու, այդ թվում` կրեդիտառուի համար ոչ բարենպաստ իրավիճակ ստեղծելու, որ կրեդիտառուն հրաժարվի սույն հոդվածով սահմանված տեղեկատվությունը եւ (կամ) քաղվածքը փոստային կապով ստանալու իր իրավունքից:

5. Եթե սույն հոդվածով սահմանված տեղեկատվությունը եւ (կամ) քաղվածքը կրեդիտառուին պետք է հանձնվի կրեդիտավորողի տարածքում, ապա կրեդիտավորողը պարտավոր է առնվազն 3 տարի թղթային կամ էլեկտրոնային կրիչի վրա պահպանել կրեդիտառուի կողմից չպահանջված տեղեկատվությունը եւ (կամ) քաղվածքները:

6. Կրեդիտավորողի կողմից կրեդիտառուին հասցեագրված ցանկացած գրավոր փաստաթուղթ պետք է շարադրվի պարզ գրական հայերենով (պարզ լեզվի կանոն): Հայերենին զուգահեռ այլ լեզուների օգտագործումը չի արգելվում: Սույն մասում նշված փաստաթղթերը կարող են շարադրվել միայն կրեդիտառուի կողմից նախընտրած լեզվով, եթե կրեդիտառուն նման պահանջ է ներկայացրել եւ այդ պահանջն ընդունվել է կրեդիտավորողի կողմից:

7. Կրեդիտավորողի կողմից կրեդիտառուին տրամադրվող տեղեկատվությունը չպետք է լինի շփոթեցնող, խրթին կամ մոլորեցնող:

8. Ելնելով կրեդիտառուների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել կրեդիտավորողի կողմից կրեդիտառուին հասցեագրված տեղեկատվության համար պարտադիր կիրառման ենթակա ձեւեր, տեքստեր կամ օրինակելի ձեւեր եւ(կամ) այլ նվազագույն պահանջներ:

Հոդված 9. Կրեդիտի մարումը եւ մարման ժամանակացույցը

1. Կրեդիտավորման պայմանագիր կնքելու առաջարկի մեջ ներառվող կրեդիտի մարման ժամանակացույցը պետք է կազմվի` ենթադրելով, որ կրեդիտավորման պայմանագիրը կկնքվի սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված յոթնօրյա ժամկետի վերջին օրը, եթե պայմանագրով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ (նախնական ժամանակացույց):

2. Կրեդիտի մարման նախնական ժամանակացույցը պետք է պարունակի նշում այն մասին, որ նախնական ժամանակացույցը կարող է ճշգրտվել:

3. Այն դեպքում, երբ կրեդիտավորման պայմանագիրը կնքվում է ավելի շուտ, քան սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված յոթնօրյա ժամկետի վերջին օրը, կրեդիտի մարման ժամանակացույցն անհրաժեշտության դեպքում ճշգրտվում է կրեդիտավորողի կողմից (վերջնական ժամանակացույց):

4. Նախնական ժամանակացույցի ճշգրտման արդյունքում կարող են փոփոխվել կրեդիտի մարմանն ուղղված վճարների կատարման ժամկետները: Նախնական ժամանակացույցի ճշգրտման արդյունքում չեն կարող փոփոխվել կրեդիտի մարմանն ուղղված վճարների թիվը եւ հաճախականությունը:

Հոդված 10. Կրեդիտավորման պայմանագրի փոփոխությունը

1. Կրեդիտավորման պայմանագիրը չի կարող պարունակել դրույթ, որը կրեդիտավորողին թույլատրում է միակողմանիորեն փոփոխել պայմանագրի պայմանները: Արգելվում է կրեդիտավորման պայմանագրում նախատեսել դրույթ, որով կրեդիտառուն նախապես թույլատրում է կրեդիտավորողին հետագայում միակողմանիորեն փոփոխել կրեդիտավորման պայմանագրի պայմանները:

2. Սույն հոդվածի 1-ին մասը չի սահմանափակում կողմերի իրավունքը` կրեդիտավորման պայմանագրի պայմանների փոփոխությունը պայմանավորել կրեդիտավորողի կամքից չկախված հանգամանքների հետ, այդ թվում` պայմանագրով նախատեսել լողացող տոկոսադրույք:

3. Կրեդիտի մասնակի վաղաժամկետ մարման արդյունքում սույն օրենքով նախատեսված ժամանակացույցի՝ սույն օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող փոփոխությունը չի համարվում կրեդիտավորողի կողմից կրեդիտավորման պայմանագրի միակողմանի փոփոխում:

Հոդված 11. Կրեդիտառուին նախազգուշացնելը

1. Կրեդիտավորողի կողմից կրեդիտառուին հասցեագրված հիփոթեքային կրեդիտի հետ կապված ցանկացած գրավոր փաստաթուղթ պետք է պարունակի նախազգուշացում այն մասին, որ կրեդիտառուն կարող է զրկվել բնակարանի նկատմամբ իր իրավունքներից, եթե չկատարի կամ ոչ պատշաճ կատարի կրեդիտավորման պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված նախազգուշացումը պետք է լինի առնվազն գրավոր փաստաթղթում առկա այլ տեքստում կիրառվող տառատեսակի չափ:

Հոդված 12. Տոկոսագումարների հաշվարկը

1. Կրեդիտավորման պայմանագրով  նախատեսված անվանական տոկոսադրույքը կիրառվում է կրեդիտի փաստացի մնացորդի նկատմամբ:

2. Տոկոսագումարները, որոնք կրեդիտառուն պարտավոր է վճարել կրեդիտի օգտագործման դիմաց, սկսում են հաշվարկվել կրեդիտի գումարը կրեդիտառուին տրամադրելու օրվանից, իսկ հաշվի վարկավորման (օվերդրաֆտի) միջոցով կրեդիտի տրամադրման դեպքում` կրեդիտառուի կողմից հաշվի միջոցները փաստացի օգտագործելու օրվանից:

3. Կրեդիտավորման պայմանագրում կրեդիտի անվանական տոկոսադրույքը կարող է սահմանվել լողացող տոկոսադրույքի ձեւով:

4. Լողացող տոկոսադրույքի կիրառման դեպքում, կրեդիտի անվանական տոկոսադրույքը պետք է փոփոխվի (բարձրանա կամ իջնի) կախված` այդ տոկոսադրույքի հաշվարկման հիմքում ընկած կոնկրետ, հրապարակվող եւ կրեդիտավորողից չկախված ցուցանիշների, (օրինակ՝ Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույք, քոսթ օֆ ֆանդս ինդեքս (Սի Օ Էֆ Այ)(Cost of Funds Index) (COFI)) փոփոխություններից:

5. Լողացող տոկոսադրույքի կիրառման դեպքում`

1) կրեդիտի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել տարեկան ոչ ավելի քան 2 անգամ.

2) փոփոխված տոկոսադրույքը կիրառվում է կրեդիտի մնացորդի նկատմամբ.

3) փոփոխված տոկոսադրույքը կրեդիտի մնացորդի նկատմամբ կարող է կիրառվել ոչ շուտ, քան կրեդիտառուին այդ մասին տեղեկացնելուց մեկ ամիս հետո:

6. Լողացող տոկոսադրույքի կիրառման դեպքում, կրեդիտավորման պայմանագրում պետք է սահմանվեն առավելագույն շեմեր, որոնցից ավել կրեդիտի անվանական տոկոսադրույքը չի կարող բարձրանալ կամ իջնել` անկախ լողացող տոկոսադրույքի հաշվարկման հիմքում դրված ցուցանիշների փոփոխության չափից: Անվանական տոկոսադրույքի բարձրացման առավելագույն շեմը չի կարող գերազանցել անվանական տոկոսադրույքի իջեցման առավելագույն շեմին:

Հոդված 13. Վաղաժամկետ մարումը

1. Կրեդիտառուն իրավունք ունի վաղաժամկետ մարել կրեդիտի գումարը կամ դրա մի մասը, այդ թվում՝ վերաֆինանսավորման միջոցով: Կրեդիտի գումարը կամ դրա մի մասը վաղաժամկետ մարելու դեպքում, կրեդիտառուն իրավունք ունի պահանջել, որպեսզի համամասնորեն նվազեցվի կրեդիտավորման ընդհանուր ծախսը, այդ թվում` կրեդիտավորման պայմանագրի համաձայն վճարման ենթակա տոկոսագումարը, կրեդիտի տրամադրման եւ սպասարկման վճարները:

2. Կրեդիտավորման պայմանագրով կրեդիտավորողը չի կարող կրեդիտի գումարի կամ դրա մի մասի վաղաժամկետ մարման, այդ թվում՝ վերաֆինանսավորման միջոցով կրեդիտի գումարի կամ դրա մի մասի վաղաժամկետ մարման համար, կրեդիտառուից գանձել որեւէ տույժ, տուժանք, միջնորդավճար, հատուցում կամ կրեդիտառուի համար այլ անբարենպաստ պայմաններ սահմանել, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի:

3. Կրեդիտառուի կողմից կրեդիտի գումարը կամ դրա մի մասը կրեդիտավորման պայմանագրի գործողության առաջին երեք տարիների ընթացքում վաղաժամկետ մարելու դեպքում`

1) Եթե կրեդիտավորման պայմանագրով սահմանված է, որ կրեդիտառուն մեկ տարի անընդմեջ պետք է վճարի հաստատուն տոկոսադրույք, ապա`

ա. կրեդիտավորողն իրավունք ունի կրեդիտառուից պահանջել վճարելու վաղաժամկետ մարված կրեդիտի գումարի վերաներդրման հետ կապված վնասների փոխհատուցում.

բ.կրեդիտառուն, իրավունք ունի կրեդիտավորողից պահանջել համապատասխան չափով նվազեցնել ստացված կրեդիտի հետ կապված իր ապագա ծախսերը, եթե կրեդիտի վաղաժամկետ մարված գումարի վերաներդրման արդյունքում կրեդիտավորողը ստանում է լրացուցիչ եկամուտներ:

2) սույն մասի 1-ին կետին համապատասխան կրեդիտավորողին վճարվող վնասների փոխհատուցման չափը կամ կրեդիտառուի համար կրեդիտի հետ կապված ապագա ծախսերի նվազեցման չափը չի կարող գերազանցել`

ա. փաստացի կրած վնասների կամ ստացված եկամուտների չափը` հաստատուն տոկոսադրույքի մնացած ժամանակահատվածում.

բ. կրեդիտի` վաղաժամկետ մարված գումարի 3 տոկոսը:

3) Ցանկացած տեսակի տոկոսադրույքով տրամադրված կրեդիտի դեպքում, կրեդիտավորողն իրավունք ունի կրեդիտառուից գանձել տույժ` հետեւյալ չափերով`

ա. կրեդիտի վաղաժամկետ մարված գումարի առավելագույնը 0.6 տոկոսի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում կրեդիտավորման պայմանագրի գործողության առաջին տարվա ընթացքում.

բ. կրեդիտի վաղաժամկետ մարված գումարի առավելագույնը 0.4 տոկոսի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում կրեդիտավորման պայմանագրի գործողության երկրորդ տարվա ընթացքում.

գ. կրեդիտի վաղաժամկետ մարված գումարի առավելագույնը 0.2 տոկոսի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում կրեդիտավորման պայմանագրի գործողության երրորդ տարվա ընթացքում:

4. Սույն հոդվածի 3-րդ մաում նշված դրույթները չեն կիրառվում, եթե՝

1) Կրեդիտավորման պայմանագրով սահմանվել է, որ կրեդիտի գումարը կամ դրա մի մասը վաղաժամկետ մարման դեպքում կրեդիտավորման պայմանագրի գործողության ողջ ընթացքուրմ՝ այդ թվում առաջին երեք տարիների ընթացքում, որեւէ տույժ, տուգանք կամ այլ վճար չի գանձվում.

2) Կրեդիտառուն պայմանագրային տարվա որեւէ պահին վաղաժամկետ մարում է այդ պայմանագրային տարվա համար մարման ժամանակացույցի համաձայն մարման ենթակա կրեդիտի մայր գումարը: Սույն մասի կիրառման նպատակով պայմանագրային տարի է համարվում կրեդիտավորման պայմանակրի կնքման ամսաթվին հաջորդող տասներկու ամսյա ժամանակահատվածը: Սույն կետում նշված դեպքում, Կրեդիտառուն իրավունք ունի Կրեդիտավորողից պահանջել, որպեսզի վերջինս վերահաշվարկի վաղաժամկետ մարված գումարի նկատմամբ հաշվարկված եւ ժամանակացույցի համաձայն վճարման ենթակա տոկոսների գումարները եւ կրեդիտառուն այդ պայմանագրային տարվա մնացած ժամանակահատվածում տոկոսներ վճարի վերահաշվարկված չափով: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն կետում նշված տոկոսների վերահաշվարկման կարգ:

5. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտով սահմանում է`

1) կրեդիտի վաղաժամկետ մարված գումարների վերաներդրման հետ կապված վնասի կամ եկամտի չափը որոշելու մեթոդաբանությունը.

2) ուղենիշային տոկոսադրույքը, որը հիմք է հանդիսանում սույն մասի 1-ին կետում նշված վնասների, եկամուտների եւ ծախսերի որոշման համար:

6. Կրեդիտավորողը պարտավոր է կրեդիտավորման պայմանագրի կնքման առաջարկում հստակ նշել, թե արդյոք կրեդիտի գումարը կամ դրա մի մասը վաղաժամկետ մարման համար գանձվելու է տույժ կամ այլ վճար, թե` ոչ եւ կրեդիտառուին առաջարկի ինքնուրույն ընտրել իր համար նախընտրելի տարբերակը: եթե կրեդիտի գումարը կամ դրա մի մասը վաղաժամկետ մարելու համար կրեդիտավորման պայմանագրով պետք է սահմանվի տույժ կամ այլ վճար, ապա այդ պայմանագրով տրամադրվող կրեդիտի տոկոսադրույքը պետք է լինի ավելի ցածր` համեմատած այն տոկոսադրույքի, որը կկիրառվեր, եթե վաղաժամկետ մարման համար տույժ կամ այլ վճար սահմանված չլիներ:

7. Կրեդիտավորողը պարտավոր է կրեդիտառուի կողմից կրեդիտի մարմանն ուղղված` հերթական մարումից ավել կատարված վճարումներն ուղղել կրեդիտի մնացորդի գումարի մարմանը, եթե կրեդիտառուի կողմից գրավոր այլ կարգադրություն (կամ վճարման հանձնարարական) չի ստացել:

Եթե կրեդիտառուի կողմից կրեդիտի մարմանն ուղղված` հերթական մարումից ավել կատարված վճարումները կրեդիտի մայր գումարի մարմանն ուղղելու արդյունքում, կրեդիտառուն կենթարկվի կրեդիտավորման պայմանագրով նախատեսված տույժի եւ(կամ) տուգանքի, ապա հերթական մարումից ավել կատարված վճարումները կրեդիտավորողը կարող է ուղղել կրեդիտի գումարի մարմանը միայն կրեդիտառուի համաձայնությամբ:

8. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանում է կրեդիտի գումարի վաղաժամկետ մարման դեպքում կրեդիտավորողի կողմից կրեդիտի մարման նոր ժամանակացույցի կազմման կարգը, ժամկետները եւ նոր ժամանակացուցը կրեդիտառուին տրամադրելու կարգը:

9. Հերթական մարումներից ավել գումարների վճարման դեպքում, կրեդիտավորողը կրեդիտառուին անվճար տրամադրում է սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված քաղվածքը, ինչպես նաեւ` կրեդիտառուի եւ կրեդիտավորողի կողմից հաստատված ճշգրտված կրեդիտի մարման ժամանակացույցի բնօրինակը:

Հոդված 14. Օժանդակ ծառայություններ

1. Կրեդիտավորողը չի կարող իր կամ այլ անձանց կողմից մատուցվող օժանդակ ծառայություններից օգտվելը դարձնել կրեդիտավորման պայմանագիր կնքելու նախապայման` բացառությամբ ապահովագրության եւ (կամ) գույքի գնահատման ծառայությունների: Սույն օրենքի իմաստով օժանդակ չեն համարվում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ նոտարների կողմից մատուցվող ծառայությունները:

2. Կրեդիտավորողը կարող է կրեդիտավորման պայմանագրի կնքումը պայմանավորել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված առանձին ապահովագրողների ծառայություններից օգտվելու հետ` պայմանով, որ կրեդիտավորողի համար ընդունելի ապահովագրողների ցանկը ներառի ոչ պակաս, քան 3 ապահովագրողի, որոնցից առնվազն 2-ը պետք է կապված չլինեն կրեդիտավորողի հետ: Կրեդիտավորողը պարտավոր է հնարավորություն ընձեռել, որպեսզի կրեդիտառուն կրեդիտավորողին առաջարկի օգտվել կրեդիտառուի համար ընդունելի ապահովագրողի ծառայություններից:

3. Կրեդիտավորողը կարող է կրեդիտավորման պայմանագրի կնքումը պայմանավորել առանձին գնահատողների ծառայություններից օգտվելու հետ` պայմանով, որ

1) կրեդիտավորողի համար ընդունելի գնահատողների ցանկը ներառի ոչ պակաս, քան 4 գնահատողի,

2) կրեդիտավորողի համար ընդունելի գնահատողների ցանկում կարող են ներառվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից հրապարակված՝ անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անձանց անվանացանկում ընդգրկված անշարժ գույքի գնահատողներ,

3) կրեդիտավորողի համար ընդունելի առնվազն 4 գնահատողները չպետք է փոխկապակցված լինեն միմյանց հետ եւ (կամ) կրեդիտավորողի հետ եւ (կամ) կրեդիտավորողի ղեկավարների հետ,

4) կրեդիտավորողը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ եւ բավարար քայլերը պարզելու եւ բացահայտելու համար ընդունելի գնահատողների փոխկապակցվածությունը միմյանց հետ, ինչպես նաեւ իր եւ իր ղեկավարների հետ: Փոխկապակցվածություն կամ շահագրգռվածություն բացահայտելու դեպքում բացառել համագործակցությունը տվյալ գնահատողի հետ,

5) կրեդիտավորողի եւ ընդունելի գնահատողի միջեւ կնքվող պայմանագրով պետք է սահմանվի դրույթ առ այն, որ գնահատողը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ եւ բավարար քայլերը պարզելու եւ բացահայտելու համար գնահատողի կամ նրա աշխատակիցների շահագրգռվածությունը եւ (կամ) ազդեցությունը գնահատման արդյունքների վրա,

6) կրեդիտավորողը չպետք է հաճախորդին ուղղորդի կամ ծառայության մատուցումը պայմանավորի ընդունելի գնահատողների ցանկից որեւէ գնահատողի ծառայություններից օգտվելու հետ:

4. Կրեդիտավորողը պարտավոր է առնվազն տարին մեկ անգամ վերանայել իր կողմից ընդունելի ապահովագրողների եւ գնահատողների ցանկը:

5. Կրեդիտավորողի հետ կապված անձինք են համարվում «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բանկի հետ կապված անձինք:

Հոդված 15. Երաշխավորություն տված անձի պաշտպանությունը

1. Այն դեպքում, երբ կրեդիտառուի պարտավորությունների կատարման համար երաշխավորություն է տվել ֆիզիկական անձ, երաշխավորության պայմանագիրը պետք է առնվազն պարունակի կրեդիտավորման պայմանագրում առկա տեղեկությունները կամ երաշխավորություն տված անձին պետք է տրամադրվի կրեդիտավորման պայմանագրի պատճենը:

2. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել կրեդիտավորման պայմանագրով երաշխավոր հանդիսացող ֆիզիկական անձանց կրեդիտավորողի կողմից պարտադիր տրամադրման ենթակա տեղեկությունների եւ փաստաթղթերի ցանկը, այդ տեղեկությունների ձեւաչափեր, պարտադիր կիրառման ենթակա տեքuտեր, օրինակելի տարբերակներ եւ(կամ) այդ տեղեկությունների տրամադրման կարգ եւ պայմաններ:

3. Կրեդիտավորողը պարտավոր է մինչեւ երաշխավորության պայմանագրի կնքումը՝ դրանից առնվազն 3 օր առաջ, այդ պայմանագրի նախագիծը տրամադրել երաշխավորին: Կրեդիտավորողն իրավունք ունի երաշխավորի ստորագրմանը ներկայացնել միայն երաշխավորության այն պայմանագրի նախագիծը, որը սույն մասում սահմանված ժամկետում տրամադրվել է երաշխավորին: Եթե երաշխավորին տրամադրված երաշխավորության պայմանագրի նախագծում ոչ երաշխավորի նախաձեռնությամբ կատարվել է որեւէ փոփոխություն, ապա երաշխավորության պայմանագրի փոփոխված տարբերակը եւս պետք է ներկայացվի երաշխավորին` այդ պայմանագիրը կնքելուց առնվազն 3 օր առաջ:

Հոդված 16. Կրեդիտառուների դատական, արբիտրաժային, ինչպես նաեւ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով պաշտպանությունը

1. Կրեդիտառուների՝ սույն օրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված իրավունքները ենթակա են պաշտպանության դատական կարգով, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ արբիտրաժային կարգով, ինչպես նաեւ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

2. Եթե կրեդիտավորման պայմանագրի առնչությամբ կրեդիտավորողի եւ կրեդիտառուի միջեւ կնքվում է արբիտրաժային համաձայնություն, ապա կրեդիտավորողը պարտավոր է կրեդիտառուի համար բացահայտել կողմերի իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ բավարար տեղեկատվություն:

3. Կրեդիատառուների իրավունքների պաշտպանության նպատակից ելնելով` Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվության նվազագույն պահանջներ եւ (կամ) օրինակելի ձեւ:

4. Կրեդիտավորողն իրավունք չունի կրեդիտավորման պայմանագրի կնքումը պայմանավորելու արբիտրաժային համաձայնության կնքմամբ:

Հոդված 17. Կրեդիտավորողի պատասխանատվությունը

1. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի եւ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները մեկ տարվա ընթացքում մեկ անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կրեդիտավորողի նկատմամբ նշանակում է տուգանք՝ հարյուր հազար դրամի չափով:

2. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի եւ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները մեկ տարվա ընթացքում երկու անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը նշանակում է տուգանք՝ երեք հարյուր հազար դրամի չափով:

3. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի եւ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները մեկ տարվա ընթացքում երեք եւ ավելի անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը նշանակում է տուգանք՝ հինգ հարյուր հազար դրամի չափով:

4. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով՝ դատարանի վճռով այն դեպքում, երբ կրեդիտավորողը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ տուգանքի չափի հետ:

5. Սույն օրենքի կիրառման նպատակով սույն օրենքի եւ դրա հիման վրա ընդունված այլ ակտերի յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է առանձին խախտում:

6. Սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները Կենտրոնական բանկը կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 18. Կրեդիտավորողի պատասխանատվությունը կրեդիտառուի առջեւ

1. Այն դեպքում, երբ կրեդիտավորողի կողմից խախտվել է կրեդիտառուի՝ սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված որեւէ իրավունք, այդ թվում` եթե կրեդիտավորողը կրեդիտավորման պայմանագրում չի ներառել սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված` կրեդիտավորման պայմանագրում ներառման ենթակա նվազագույն տեղեկությունները (պայմանները) ապա կրեդիտառուն իրավունք ունի անմիջապես դիմելու դատարան կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին, իսկ օրենքով նախատեսված դեպքում՝ առեւտրային արբիտրաժ: Կրեդիտավորողի ծառայություններից օգտվող կրեդիտառուի իրավունքների խախտման փաստը հաստատվելու դեպքում դատարանի վճռով, առեւտրային արբիտրաժի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ հօգուտ կրեդիտառուի բռնագանձվում է երեք հարյուր հազար դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ` դատարան, առեւտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ`

1) կրեդիտավորողը ձեռնարկել է կրեդիտառուի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ բոլոր գործողությունները եւ փաստացի վերացրել է կրեդիտառուի իրավունքի խախտումը, եւ

2) կրեդիտառուի իրավունքի խախտման հետեւանքով կրեդիտառուն փաստացի չի կրել նյութական վնաս, իսկ վնաս կրելու դեպքում` այն փոխհատուցվել է կրեդիտավորողի կողմից:

Սույն հոդվածով նախատեսված կրեդիտուռի իրավունքը չի կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու` կրեդիտառուի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթ:

2. Եթե կրեդիտավորողը կրեդիտավորման պայմանագրում չի ներառել սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված` կրեդիտավորման պայմանագրում ներառման ենթակա նվազագույն տեղեկությունները (պայմանները), ապա Կրեդիտավորողը իր նախաձեռնությամբ կամ կրեդիտառուի պահանջով պարտավոր է կրադիտավորման պայմանագիրը համապատասխանեցնել սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված պահանջներին՝ խախտումը հայտնաբերելու կամ կրեդիտառուի պահանջը ներկայացնելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում: Կրեդիտավորման պայմանագիրը սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված պահանջներին համապատասխանեցնելու հետ կապված բոլոր ծախսերը կրում է կրեդիտավորողը:

Հոդված 19. Օրենքի պահանջներին չհամապատասխանող կրեդիտավորման պայմանագրի կնքման հետեւանքները

1. Կրեդիտավորման պայմանագիրը սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի եւ (կամ) 7-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանելու հիմքով անվավեր չի համարվում:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ եւ 14-րդ կետերի եւ 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերի պահանջները չեն համարվում կրեդիտավորման պայմանագրի էական պայման եւ այդ պահանջներով սահմանված տեղեկությունները կրեդիտավորման պայմանագրում չներառելու հետեւանքով կրեդիտավորման պայմանագիրը չի կարող ճանաչվել չկնքված:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում թվարկված հոդվածներով պահանջվող տեղեկությունները կրեդիտավորման պայմանագրում չներառելը համարվում է կրեդիտառուի իրավունքի խախտում եւ հիմք է հանդիսանում սույն օրենքի 17-րդ եւ 18-րդ հոդվածներում նշված պատասխանատվության միջոցները կիրառելու համար:

Հոդված 20. Վերահսկողությունը սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ

1. Սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը՝ «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 21.Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող վեցերորդ ամսից:

2. Uույն oրենքը չի տարածվում մինչեւ uույն oրենքի ուժի մեջ մտնելը կնքված կրեդիտավորման պայմանագրերի վրա, բացառությամբ այն դեպքի, երբ մինչեւ uույն oրենքի ուժի մեջ մտնելը կնքված կրեդիտավորման պայմանագրի՝ սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված պայմաններից թեկուզեւ մեկը փոփոխվում է: Մինչեւ uույն oրենքի ուժի մեջ մտնելը կնքված կրեդիտավորման պայմանագրի՝ սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված պայմաններից թեկուզեւ մեկը փոփոխվելու դեպքում ամբողջ կրեդիտավորման պայմանագիրը պետք է համապատաuխանեցվի uույն oրենքի պահանջներին: Սույն մասի կիրառման նպատակով, կրեդիտավորման պայմանագրի պայմանի փոփոխություն չի համարվում մինչեւ uույն oրենքի ուժի մեջ մտնելը կնքված կրեդիտավորման պայմանագրով կրեդիտավորողի իրավունքները այլ կրեդիտավորողին զիջելը: Մինչեւ uույն oրենքի ուժի մեջ մտնելը կնքված կրեդիտավորման պայմանագրերի հիման վրա տրամադրված կրեդիտի ապահովման միջոց հանդիսացող` սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերում նշված գույքը կարող է դառնալ հաջորդող գրավի առարկա` հաջորդող գրավի պայմանագիր կնքելու առաջարկը կրեդիտառուի կողմից հաջորդող գրավառուին ներկայացնելու պահի դրությամբ գործող օրենսդրությանը համապատասխան: