Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-040-26.06.2017-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«4. Սույն օրենքի եւ բանկային գործունեությունը կարգավորող այլ օրենքների, ինչպես նաեւ ֆինանսական խմբերի գործունեությունը կարգավորող օրենսդրության իմաստով միեւնույն ընտանիքի անդամ են համարվում ամուսինը, ինչպես նաեւ համատեղ ապրող կամ միեւնույն տնտեսություն վարող հետեւյալ անձինք. ծնողները, 18 տարին լրացած զավակն ու նրա ամուսինը, ամուսնու՝ 18 տարին լրացած զավակը, տատը, պապը, 18 տարին լրացած թոռը, ամուսնու ծնողները, 18 տարին լրացած քույրը եւ եղբայրը, նրանց ամուսիններն ու 18 տարին լրացած զավակները: Միեւնույն տնտեսություն վարելու չափանիշները սահմանում է Կենտրոնական բանկը:»:

Հոդված 2. Օրենքի 21.2 հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը պետք է միաժամանակ բավարարի հետեւյալ երկու պահանջները.

ա) այն չպետք է նախորդի ընդհանուր ժողով գումարելու մասին որոշումը ընդունելու օրվան,

բ) ցուցակը կազմելու օրվա եւ ընդհանուր ժողովի անցկացման օրվա միջեւ ընկած ժամանակահատվածը չի կարող 45 օրվանից ավելի լինել:»:

Հոդված 3. Օրենքի 21.12-րդ հոդվածը՝

1)  2-րդ մասում`

ա.«ա»  ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ա) անկախ գնահատական է տալիս բանկի ներքին հսկողության, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգերի, բանկի կառավարման համակարգի եւգործընթացների որակի, համարժեքության եւ արդյունավետության վերաբերյալ,»:

բ. «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:»:

Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածում

1) 3-րդ կետից հետո լրացնել 3.1-րդ կետով՝

«3.1 Կենտրոնական բանկը կարող է պահանջել բանկից ոչ ուշ , քան վեց ամսվա ընթացքում օտարել այլ անձի կանոնադրական կապիտալում սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգով ձեռք բերված իր մասնակցությունը, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով այդ մասնակցությունը կարող է չհիմնավորված ռիսկեր առաջացնել բանկի համար եւ (կամ) վտանգել բանկի հաճախորդների եւ (կամ) սպառողների շահերը եւ (կամ) խոչընդոտել բանկի նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացմանը: Կենտրոնական բանկը, հաշվի առնելով արժեթղթերի շուկայում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ տվյալ բանկի ֆինանսական վիճակը, կարող է հիշյալ բաժնետոմսերից առավել բարենպաստ պայմաններով օտարելու նպատակով սույն մասով սահմանված ժամկետը երկարացնել եւս վեց ամսով»:

2) 5-րդ կետում «Սույն հոդվածի» բառերից հետո լրացնել «3.1-րդ կետով սահմանված ժամկետում, ինչպես նաեւ» բառերը:

Հոդված 5. Օրենքի 36-րդ հոդվածը լրացնել 4.1-րդ, 4.2-րդ եւ 4.3-րդ մասերով` հետեւյալ բովանդակությամբ.

«4.1. Կենտրոնական բանկը կարող է սահմանափակել բանկի կողմից շահութաբաժիններ բաշխելը, այդ թվում` արտոնյալ բաժնետերերին կամ բանկի այլ մասնակիցներին այլ ձեւով որեւէ եկամուտներ (հատուցումներ) վճարելը, եթե`

ա) շահութաբաժինների բաշխումը կհանգեցնի կամ կարող է հանգեցնել բանկի ֆինանսական վիճակի վատթարացմանը, եւ (կամ)

բ) շահութաբաժինների բաշխման հետեւանքով բանկը խախտում է կամ կարող է խախտել առնվազն մեկ տնտեսական նորմատիվ, եւ (կամ)

գ) բանկը խախտել է կամ շահութաբաժինների բաշխման արդյունքում կխախտի հիմնականտնտեսական նորմատիվների սահմանաչափերից բարձր (ցածր) սահմանված թույլատրելի շեմը (շեմերը):

4.2. Շահութաբաժինների բաշխումը սահմանափակելու կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի կողմից:

4.3. Բանկերը շահութաբաժինների վճարման մասին նախապես ծանուցում են Կենտրոնական բանկին: Ծանուցման կարգը եւ պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի կողմից:»:

Հոդված 6. Օրենքը լրացնել 37.1-րդ հոդվածով.

«Հոդված 37.1 Պարգեւատրումների եւ խրախուսական այլ վճարումների վճարման սահմանափակումը

1. Կենտրոնական բանկը կարող է սահմանափակել բանկի կողմից պարգեւատրումների եւ այլ խրախուսական վճարումների (հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ եւ այլն) վճարումը, եթե

ա) պարգեւատրումների եւ այլ խրախուսական վճարումների (հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ եւ այլն)  վճարումը կհանգեցնի կամ կարող է հանգեցնել բանկի ֆինանսական վիճակի վատթարացմանը, եւ (կամ)

բ) պարգեւատրումների եւ այլ խրախուսական վճարումների (հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ եւ այլն)  վճարման հետեւանքով բանկը խախտում է կամ կարող է խախտել առնվազն մեկ տնտեսական նորմատիվ, եւ (կամ)

գ) բանկը խախտել է կամ պարգեւատրումների եւ այլ խրախուսական վճարումների (հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ եւ այլն) վճարման արդյունքում կխախտի հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերից բարձր (ցածր) սահմանված թույլատրելի շեմը (շեմերը):

2. Պարգեւատրումների եւ այլ խրախուսական վճարումների (հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ եւ այլն) վճարումը սահմանափակելու  կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի կողմից:

3. Բանկերը պարգեւատրումների եւ այլ խրախուսական վճարումների (հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ եւ այլն) վճարման մասին նախապես ծանուցում են Կենտրոնական բանկին: Ծանուցման կարգը եւ պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի կողմից»:

Հոդված 7. Օրենքի 44-րդ հոդվածում`

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Բանկերի գործունեության կարգավորման, բանկային համակարգի ֆինանսական կայունության ապահովման նպատակով Կենտրոնական բանկը կարող է սահմանել բանկային գործունեության հետեւյալ հիմնական տնտեսական նորմատիվները`

ա) բանկի կանոնադրական հիմնադրամի եւ ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը.

բ) բանկի կապիտալի համարժեքության նորմատիվը (նորմատիվները).

գ) բանկի իրացվելիության նորմատիվը (նորմատիվները).

դ) մեկ փոխառուի, խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը).

ե) բանկի հետ կապված անձի, անձանց գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը).

զ) բանկի պարտատերերի գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը).

է) Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը (չափերը).

ը) արտարժույթի տնօրինման նորմատիվը (նորմատիվները).

թ)կապիտալի եւ ակտիվների (այդ թվում՝ հետհաշվեկշռային) սահմանային հարաբերակցության չափը (չափերը) (լեւերիջի նորմատիվ)

ժ) պահանջի եւ գրավի արժեքի սահմանային հարաբերակցության չափը (չափերը).

ժա) հաճախորդի պարտավորության եւ եկամտի սահմանային հարաբերակցության չափը (չափերը):»:

2) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող ու հաշվարկից նվազեցվող տարրերի կազմն ու հաշվարկում մասնակցող տարրերի սահմանաչափերը սահմանում է Կենտրոնական բանկը:»:

3) 4-րդ կետը «բարձր ռիսկայնություն ունեցող ոլորտներում» բառերից հետո լրացնել «, կամ եթե բանկը Կենտրոնական բանկի կողմից համարվում է համակարգային նշանակություն ունեցող բանկ» բառերը:

4) լրացնել նոր 5-րդ եւ 6-րդ կետերով` հետեւյալ բովանդակությամբ.

«5. Բանկը Կենտրոնական բանկի կողմից համարվում է համակարգային նշանակություն ունեցող, եթե այդ բանկի ֆինանսական վիճակի վատթարացումը կամ անվճարունակությունը կամ սնանկացումը կամ լուծարումը կարող է էական բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի եւ (կամ) տնտեսության այլ հատվածների վրա:

Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի եւ (կամ) տնտեսության այլ հատվածների վրա ունեցած Էական բացասական ազդեցությունը գնահատվում է՝ հիմք ընդունելով տվյալ բանկի մեծությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի այլ մասնակիցների հետ փոխկապակցվածությունը, բանկի կողմից մատուցվող ծառայությունների փոխարինելիությունը, բանկի կողմից իրականացվող գործառնությունների բնույթը, բարդությունը եւ (կամ) ռիսկայնությունը:

6. Կենտրոնական բանկը, հիմք ընդունելով սույն հոդվածի 5-րդ կետով սահմանված չափանիշները, սահմանում է բանկերին՝ համակարգային նշանակություն ունեցող համարելու կարգը»:

Հոդված 8. Օրենքի 45-րդ, 47-րդ, 48-րդ, 49-րդ, 50-րդ եւ 52-րդ հոդվածները ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին կետում «սույն» բառը հանել:

Հոդված 10. Օրենքը 54-րդ հոդվածից հետո լրացնել 54.1-րդ հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 54.1. Հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերից բարձր (ցածր) թույլատրելի շեմը (շեմերը)

 1. Բանկերի գործունեության կարգավորման, բանկային համակարգի ֆինանսական կայունության ապահովման նպատակով Կենտրոնական բանկը կարող է բանկերի կամ առանձին բանկի համար սահմանել հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերից բարձր (ցածր) թույլատրելի շեմ (շեմեր):

2. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված` հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերից բարձր (ցածր) թույլատրելի շեմի (շեմերի) հաշվարկման կարգը սահմանում է Կենտրոնական բանկը:»:

Հոդված 11. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 72-րդ հոդվածի 1-ին կետի «ե» պարբերությունը:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: