Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի Քրեական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք)` 266-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Սույն օրենսգրքում թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի չափեր են համարվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն Հայաստանի Հանրապետությանն կառավարության կողմից սահմանված թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի նվազագույն շեմի 5-ապատիկից մինչեւ 25-ապատիկը ներառող չափերը: ».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ եւ 5.4-րդ մասեր.
«5.1. Սույն օրենսգրքում թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի խոշոր չափեր են համարվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի նվազագույն շեմի 25-ապատիկից մինչեւ 125-ապատիկը ներառող չափերը:
5.2. Սույն օրենսգրքում թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի առանձնապես խոշոր չափեր են համարվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի նվազագույն շեմի 125-ապատիկը գերազանցող չափերը:
5.3. Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ հիմք ընդունելով սույն հոդվածի 5-րդ, 5.1-ին եւ 5.2-րդ մասերով սահմանմված չափորոշիչները:
5.4. Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
3) 7-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2. Օրենսգրքի 273-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «ՀՈԴՎԱԾ 273. Շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը».
2) 1-ին մասի «Մշակումն արգելված թմրանյութեր» բառերը փոխարինել «Շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ» բառերով եւ «ապօրինի» բառը հանել:
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ մաս.
«3. Շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 275-րդ հոդվածի`
1) 2.2-րդ մասի 2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
2) 5-րդ եւ 6-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Սույն օրենսգրքում նշված թունավոր նյութերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Սույն օրենսգրքում նշված խիստ ներգործող նյութերի ցանկը, ինչպես նաեւ դրանց խոշոր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 1-5-րդ հավելվածները:
Հոդված 5. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո: