Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-064-11.07.2017-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 154-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 154. Ինքնակամ շինարարական կամ առանց քանդման թույլտվության քանդման աշխատանքներ իրականացնելը

1. Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաեւ անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում օրենքով եւ այլ իրավական նորմատիվ ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումներով շենք, շինություն կառուցելը, վերակառուցելը, կամ առանց թույլտվության այնպիսի շինարարական աշխատանքներ կատարելը, որոնք իրականացնելու համար  պահանջվում է շինարարության թույլտվություն`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

2. Հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներ կատարելը պետությանը կամ համայնքներին կամ քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչեւ վեցհարյուրապատիկի չափով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված արարքներ կատարել շարունակելը սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարահինգհարյուրապատիկի չափով:

4. Առանց քանդման թույլտվության քանդման աշխատանքներ իրականացնելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

5. Սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված արարքներ կատարել շարունակելը սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»։

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 154.2-րդ հոդվածով.

«Հոդված 154.2 Առանց ավարտված շինարարության շահագործման փաստագրման ակտի շինարարական օբյեկտի շահագործումը

1. Առանց ավարտված շինարարության շահագործման ընդունումը փաստագրող շահագործման ակտի շինարարական օբյեկտի շահագործումը`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներ կատարել շարունակելը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»։

Հոդված 3. Օրենսգրքի 124.7-րդ հոդվածում «տուրքը» բառը փոխարինել «վճարը» բառով։

Հոդված 4. Օրենսգրքի 219.1-ին հոդվածի 2-րդ մասը «152.2-րդ հոդվածի 1-ին մասով,» բառերից հետո լրացնել «154.2-րդ,» բառով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից ինքնակամ շենքեր եւ շինություններ կառուցելու համար պատասխանատվությունը նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի  154-րդ հոդվածով: Սակայն, բազմաթիվ դեպքերում ինքնակամ շինարարական աշխատանքներն իրականացվում է ոչ թե սեփականատիրոջ, այլ մեկ ուրիշ անձի կողմից: Վարչական պատասխանատվության մեղմ պատժամիջոցները լիարժեք եւ արդյունավետ չեն դարձնում նշված իրավախախտման դեմ պայքարը: Բացի այդ, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն շենքեր եւ շինություններ քանդելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան քանդման թույլտվություն, սակայն առանց դրա շենքեր կամ շինություններ քանդելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով որեւէ պատասխանատվություն նախատեսված չէ: «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «ժ» կետի համաձայն կառուցապատողները պարտավոր են ապահովել ավարտված շինարարական օբյեկտի շահագործման փաստագրումը, սակայն, բազմաթիվ դեպքերում կառուցապատողները շինարարական օբյեկտը շահագործում են առանց ավարտված շինարարության շահագործման ընդունումը փաստագրող շահագործման ակտի, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նույնպես որեւէ պատասխանատվություն նախատեսված չէ: Նշված իրավախախտման դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելը եւ դրանք կանխարգելելը, ինչպես նաեւ քաղաքացիների եւ կառուցապատողների կողմից նրանց պարտականությունների պատշաճ կատարման ապահովումը հնարավոր է միայն նշյալ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու միջոցով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի  124.7-րդ հոդվածի համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին 16.12.2016 թվականի հ. ՀՕ-234-Ն օրենքի համաձայն՝ համանուն օրենքը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի 10-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի համաձայն՝ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում եւ հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային եւ առողջապահական հաստատությունների, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար պարտադիր գանձույթը սահմանվել է որպես տեղական վճար:

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ «ավտոկայանատեղի համար գանձվող վճարը ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու համար սույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու կողմից հաստատված չափով եւ սույն օրենքով սահմանված կարգով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է»: Ըստ այդմ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն սահմանելու նշված նորմատիվ ակտերի դրույթների համապատասխանություն:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Սույն իրավական ակտի ընդունման նպատակը իրավախախտներին վարչական պատասխանատվության ենթարկելիս հնարավոր ակնկալվող դրական արդյունքի հասնելն է, քաղաքացիների եւ կառուցապատողների օրենքով սահմանված պարտականությունները նրանց կողմից պատշաճ կատարելու ապահովումն է, ինչպես նաեւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագծի մշակման գործում այլ ինստիտուտներ կամ անձինք չեն ներգրավվել:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման եւ կիրառման արդյունքում ակնկալվում է ապահովել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված ինքնակամ շինարարական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ իրավախախտումների կատարման դեպքերի հնարավորինս նվազումը եւ հետագայում ի սպառ վերացումը, ինչպես նաեւ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով եւ նույն օրենսգրքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «ժ» կետով սահմանված քաղաքացիների եւ կառուցապատողների պարտականությունները վերջիններիս կողմից պատշաճ կատարումը, իսկ օրենսգրքի 124.7-րդ հոդվածում նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն սահմանելու «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի, «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի  դրույթների համապատասխանությունը:
 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփուխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայատանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավռում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփուխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)  մի շարք իրավախախտումների համար սահմանվում է վարչական պատասխանատվություն:

Նախագծով կարգավորվող շրջանակները  չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերեվելու եզրակացություն։
 
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանարապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանական բնագավառում կարգավորման

1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանարապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրների, ընդերքի, բուսական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի օբյեկտների վրա բացասական հետեւանքներ չի առաջանա:

3.Նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրակման արդյունքում բնապահպանական բնագավառում կանխատեսվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփուխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայատանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփուխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ նախագիծը վերաբերում է ինքնակամ շինարարական կամ քանդման աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաեւ առանց ավարտված շիանարարության շահագործման փաստագրման ակտի շինարարական օբյեկտի շահագործման համար պատասխանատվության ենթարկելուն եւ նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առանց քանդման թույլտվության քանդման աշխատանքներ իրականացման, ինչպես նաեւ առանց ավարտված շինարարության շահագործման փաստագրման ակտի շինարարական օբյեկտի շահագործման, բացառությամբ գյուղական բնակավայրերում իրականացվող կառուցապատման կամ անհատական բնակելի տների համար նախատեսվում է նոր տուգանքների սահամանում: Նշվածով պայմանավորված` ներկայացված նախագծի ընդունումը ենթադրում է բյուջետային եկամուտների ավելացում:

Միաժամանակ հաշվի առնելով վերոնշյալ խախտումների անկախատեսելիության փաստը` հայտնվում է, որ վերոնշյալ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության կոնկրետ գնահատում հնարավոր չէ իրականացնել:

Հայտնվում ենք նաեւ, որ վերոնշյալ օրենքի նախագծի ընդունումը կամ չընդունումը ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխման չի հանգեցնի:


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:  
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության  գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ