Armenian ARMSCII Armenian
Կ-066-11.07.2017-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի յոթերորդ պարբերությունում, 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 5-րդ կետերում, 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 4.1-ին կետերում, 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերում եւ 4-րդ մասում, 12-րդ հոդվածի 2-րդ մասում, 13-րդ հոդվածի 5-րդ մասում, 17-րդ հոդվածում «վկայագիր» բառը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) հաստատում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար սահմանափակումների ենթակա մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային բնօրինակ փաստաթղթերի ցանկը.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1) արտահանման կամ ժամանակավոր արտահանման համար հայտագրված առանց սահմանափակումների արտահանման ենթակա մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների լուսանկարների շրջերեսին վավերացնում է դրանց իսկությունը՝ հայտատուի ցանկությամբ.»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Պարզեցված կարգով՝ առանց արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կամ լիազորված պետական մարմնի կնիքով վավերացված լուսանկարի, արտահանվում են առանց սահմանափակումների ենթակա մշակութային արժեքները եւ մշակութային նշանակության առարկաները, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ընդգրկված մահացած հեղինակների ստեղծագործությունների:»:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: