Հոդված 1. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 3. Հիմնական հասկացություններ
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները.
ա) վարչական մարմիններ` Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններ.
բ) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններ՝ Հայաստանի Հանրապետության նախարարություններ եւ Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմիններ.
գ) տարածքային կառավարման մարմիններ` մարզպետներ.
դ) տեղական ինքնակառավարման մարմիններ` համայնքի ավագանի եւ համայնքի ղեկավար.
ե) վարչարարություն` վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաեւ գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետեւանքներ:
2. Սույն օրենքի իմաստով վարչական մարմին է համարվում նաեւ այն մարմինը կամ անձը, որին օրենքով ուղղակիորեն վերապահվել է վարչարարություն իրականացնելու լիազորություն:»:
Հոդված 2. Օրենքի 48-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 48. Վարչական վարույթի ժամկետում վարչական ակտ չընդունելու հետեւանքները :
1. Եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» եւ «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որեւէ որոշում չի կայացնում, վարչական ակտը համարվում է ընդունված եւ դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, եթե դրանով ակտի հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:
3. Եթե դիմումով հայցվում է որոշակի փաստ հաստատելու կամ արձանագրելու վերաբերյալ վարչական ակտի ընդունում, որով սահմանված իրավունքները անձինք կարող են հավաստել սահմանված ձեւի փաստաթղթով, ապա փաստաթուղթը չստացած անձն ազատվում է այն պատասխանատվությունից կամ պարտականություններից, որոնք օրենքով սահմանվում են այդ փաստաթուղթը չունենալու համար:
4. Վարչական մարմինը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթուղթն իր նախաձեռնությամբ կամ համապատասխան դիմումի հիման վրա դիմող անձին է տրամադրում վարչական ակտն ընդունելու ժամկետը լրանալուց հետո ոչ ուշ, քան յոթնօրյա ժամկետում:
5. Վարչական մարմնի կողմից վարչական ակտը սահմանված ժամկետում չտրամադրելու հետեւանքով առաջացած վնասի հատուցման կարգի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի VII բաժնի կանոնները:
Հոդված 3. Օրենքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» եւ «բ» կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ա) Հայաստանի Հանրապետությունը` սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «բ» եւ «գ» կետերում նշված վարչական մարմինների դեպքում, ինչպես նաեւ սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մարմինների եւ անձանց դեպքում.
բ) համապատասխան համայնքը` սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում նշված վարչական մարմինների դեպքում, ինչպես նաեւ օրենքի համաձայն համայնքի կողմից լիազորությունները պատվիրակման դեպքում:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման
Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները
Ներկայումս «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմիններ են հանդիսանում ՀՀ գործադիր իշխանության հանրապետական եւ տարածքային կառավարման, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները, մասնավորապես՝ ՀՀ նախարարությունները, Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմինները, մարզպետները, համայնքի ավագանին եւ համայնքի ղեկավարը: Միաժամանակ, նույն հոդվածով սահմանվում է, որ եթե թվարկված մարմիններից բացի վարչարարություն են իրականացնում պետական այլ մարմիններ, ապա «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի իմաստով դրանք նույնպես համարվում են վարչական մարմիններ:
Մինչդեռ՝ «Վարչական մարմին» հասկացությունը չի կարող ներառել միայն տվյալ հոդվածում նշված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, քանի որ կան նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ չհանդիսացող այլ մարմիններ եւ անձինք, որոնց, օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով վերապահվել է վարչարարություն իրականացնելու լիազորություններ: Ուստի անհրաժեշտ է վարչական մարմնի հասկացության մեջ ներառել նաեւ այդ սուբյեկտներին՝ անձանց հնարավորություն տալով բողոքարկել նաեւ այդ սուբյեկտների որոշումներն ու գործողությունները:
«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի ներկայիս կարգավորմամբ` դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում վարչական ակտը համարվում է ընդունված, եւ դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը:
Նշված նորմի հիմնական նպատակն է վարչական վարույթի շրջանակներում բարձրացնել վարչական մարմինների պատասխանատվությունը: Այս դրույթի կիրառումը կարող է կանխել կամ նվազեցնել այն դեպքերը, երբ մասնավոր անձինք դիմում են իրավասու վարչական մարմնին` բարենպաստ վարչական ակտ ստանալու ակնկալիքով, իսկ վարչական մարմինը սահմանված ժամկետում որեւէ կերպ չի արձագանքում դիմումին:
Սակայն գործնականում առկա է ընդունված համարվող վարչական ակտերով մասնավոր անձին տրամադրված իրավունքի իրացման խնդիր: Մասնավոր անձը գործնականում ոչ միշտ է օգտվում այդ իրավունքից: Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ նման վարչական ակտերին երբեմն ներկայացվում են պահանջներ, որոնք սահմանված չեն օրենքով, օրինակ, մինչեւ վարչական ակտով ստացված իրավունքից օգտվելը այդ ակտի իրավաչափության հաստատումը: Ուստի՝ անհրաժեշտ է հստակեցնել Օրենքի 48-րդ հոդվածը՝ ապահովելով այդ հոդվածի գործնական կիրառելիությունը:
Մասնավորապես պետք է կարգավորվեն այն դեպքերը եւ դրանից բխող հետեւանքները, երբ օրենքով սահմանված ժամկետում դիմումով հայցվող վարչական ակտն այն ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից չի ընդունվում: Անհրաժեշտ է սահմանել, որ այդ դեպքում վարչական ակտը համարվում է ընդունված, եւ դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը: Սակայն անգամ այդ դեպքում վարչական ակտը չի կարող համարվել ընդունված, եթե դրանով ակտի հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք կամ ներկայացված դիմումը չի համապատասխանում օրենքով սահմանված որոշակի պահանջների: Դիմումը պետք է պարունակի դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը, դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկա) եւ դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են): Անհրաժեշտ է սահմանել նաեւ հստակ ժամկետներ, սահմանված ձեւի փաստաթղթով հավաստվող դիմումով հայցվող որոշակի փաստ հաստատելու կամ արձանագրելու վերաբերյալ փաստաթուղթը վարչական մարմնի կողմից տրամադրելու համար:
Նշված փոփոխությունների անհրաժեշտությունը անմիջականորեն բխում է ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 20-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի 5.2-րդ եւ 5.4-րդ եւ միջոցառումների ցանկի 3.2 եւ 3.4-րդ կետերից:
Առաջարկվող լուծումները
Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություններ՝ ընդլայնելով վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինների շրջանակը եւ հստակեցնելով 48-րդ հոդվածի ներկայիս կարգավորումները:
Ակնկալվող արդյունքը
Ներկայացված նախագծերով նախատեսվող փոփոխությունների արդյունքում, մասնավորապես՝ վարչական վարույթի շրջանակներում «վարչական մարմին» հասկացության մեջ օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով վարչարարություն իրականացնելու լիազորություններ վերապահված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ չհանդիսացող այլ մարմիններ եւ անձինք նախատեսելով, կապահովվի նաեւ այդ սուբյեկտների որոշումներից, գործողություններից եւ անգործությունից մասնավոր անձանց դատական պաշտպանությունը:
Միաժամանակ ակնկալվում է նաեւ գործնականում ապահովել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով ընդունված վարչական ակտերով տրամադրվող իրավունքների իրացումը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում
«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման
1. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:
Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է կատարել մի շարք փոփոխություններ, մասնավորապես` սահմանվում է, որ եթե ՀՀ գործադիր իշխանության հանրապետական եւ տարածքային կառավարման, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններից բացի վարչարարություն են իրականացնում այլ մարմիններ կամ անձինք, ապա դրանք նույնպես համարվում են վարչական մարմիններ:
Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, սահմանվում է, որ եթե ՀՀ գործադիր իշխանության հանրապետական եւ տարածքային կառավարման, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններից բացի վարչարարություն են իրականացնում այլ մարմիններ կամ անձինք, ապա դրանք նույնպես համարվում են վարչական մարմիններ եւ Նախագծի ընդունման արդյունքում, դրա կիրարկման դեպքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ընդհանուր առմամբ ազդեցություն չի նախատեսվում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագիծը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
Վերոնշյալ օրենքի նախագիծը ընդունվելու կամ չնդունվելու դեպքում ՀՀ պետական եւ համայնքային բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնի:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ