Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-428-24.11.2004-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ»ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002թ. մայիսի 7-ի թիվ ՀՕ-337 օրենքի /այսուհետ` Օրենք/ 12-րդ հոդվածի առաջին մասում «5» թիվը փոխարինել «10» թվով, իսկ 3 -րդ մասում «3» թիվը` «7» թվով:

Հոդված 2. Օրենքում լրացնել նոր 12.1 հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 12.1. Տեղեկացումը համայնքի ավագանու նիստերի մասին

1. Ավագանու հերթական նիստից առնվազն 7 օր առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է տեղեկություն ավագանու նիստի ժամանակի, վայրի վերաբերյալ եւ օրակարգի նախագիծը: Հրապարակումն իրականացվում է համայնքներում` համայնքի ավագանու նստավայրում դրանք փակցնելու միջոցով, ինչպես նաեւ այն վայրերում, որոնք մատչելի են համայնքի յուրաքանչյուր մասի բնակչի համար` առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր երկու հազար բնակչի համար:

Հնարավորության դեպքում այդ տեղեկությունը լրացուցիչ կերպով կարող է տարածվել զանգվածային լրատվության միջոցներով եւ ինտերնետային ցանցի միջոցով:

2. Ավագանու անդամներին տրամադրված, նիստի հետ կապված փաստաթղթերը, եթե դրանք քննարկվելու են դռնբաց նիստում, պետք է դրված լինեն համայնքի ավագանու նստավայրում բոլորի համար մատչելի տեղում:

Անձանց պահանջով նրանց պետք է տրամադրվի այդ փաստաթղթերի պատճեները` դրա ծախսերը ծածկող վճարի դիմաց:

3. Սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերի հրապարակումները փակցնելու եւ դնելու տեղերը սահմանվում են ավագանու աշխատակարգով:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով`

«Համայնքի ավագանու անդամը համայնքի ղեկավարի որոշումները ստանալուց հետո եռօրյա ժամկետում կարող է պահանջել հրավիրել ավագանու արտահերթ նիստ, եթե համայնքի ղեկավարի որոշումն, իր կարծիքով, հակասում է օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին: Այս դեպքում ավագանու նիստ պետք է հրավիրվի այդ մասին պահանջը համայնքի ղեկավարին ներկայացվելուց հետո եռօրյա ժամկետում: Եթե համայնքի ավագանին գտնի, որ համայնքի ղեկավարի որոշումն /այսուհետ` բողոքարկվող որոշում/ հակասում է օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին, ապա նա պարտավոր է համայնքի ղեկավարին ներկայացնել գրավոր առարկություններ ու առաջարկություններ` համապատասխան հիմնավորումներով` առաջարկելով համայնքի ղեկավարին փոխել իր բողոքարկվող որոշումը:

Համայնքի ղեկավարի բողոքարկվող որոշումը փոփոխելու մասին համայնքի ավագանու որոշումը համայնքի ղեկավարին հանձնելու պահից համայնքի ղեկավարի բողոքարկվող որոշման գործողությունը կասեցվում է մինչեւ համայնքի ղեկավարի կողմից դրա քննարկումը, եթե բողոքարկվող որոշումը դեռեւս չի կատարվել, եւ եթե բողոքարկվող որոշման կատարումն հնարավոր է հետաձգել:

Համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում պարտավոր է քննարկել համայնքի ավագանու որոշումը եւ դրա վերաբերյալ կայացնել իր բողոքարկվող որոշումը օրենսդրությանը կամ համայնքի ավագանու որոշումներին համապատասխանեցնելու կամ համայնքի ավագանու որոշումը չընդունելու մասին: Իր որոշումը համայնքի ղեկավարը պարտավոր է անմիջապես ուղարկել համայնքի ավագանու անդամներին: Համայնքի ղեկավարի կողմից սույն մասով նշված համապատասխան որոշումներից որեւէ մեկն ընդունելու պահից որոշման կասեցումը դադարեցվում է:

Եթե համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում համայնքի ավագանու որոշման վերաբերյալ որեւէ որոշում չի կայացնում, ապա համայնքի ղեկավարի բողոքարկվող որոշումը համարվում է վերացված:

Համայնքի ղեկավարի որոշումները համայնքի ավագանին կարող է բողոքարկել դատական կարգով»:

Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 1.1 կետ`

«1.1/ Համայնքի ղեկավարը անհատական ակտեր ընդունելուց հետո պարտավոր է 2-օրյա ժամկետում այն ուղարկել համայնքի ավագանու անդամներին եւ փակցնել համայնքի ավագանու նստավայրում, բոլորի համար տեսանելի տեղում»:

Հոդված 5. ՈՒժը կորցրած ճանաչել Օրենքի 77 հոդվածը:

Հոդված 6. Օրենքի 9-րդ գլխից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ. նոր 9.1 գլուխ`

«Գլուխ 9.1. Վարչական հսկողություն տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ

Հոդված 82.1. Վարչական հսկողության բովանդակությունն ու սահմանները

1. Վարչական հսկողությունը տարածվում է համայնքի ղեկավարի պարտադիր եւ պետության պատվիրակած լիազորությունների եւ համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ:

2. Համայնքի ղեկավարի պարտադիր եւ համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ վարչական հսկողությունը սահմանափակվում է բացառապես այդ լիազորությունների իրականացման օրինականությունը ստուգելով /այսուհետ` իրավական հսկողություն/

3. Համայնքի ղեկավարի պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ վարչական հսկողությունը սահմանվում է ստուգելու այդ լիազորությունների իրականացման օրինականությունը, արդյունավետությունն ու միասնականությունը /այսուհետ` մասնագիտական հսկողություն/:

4. Համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի կողմից իրականացվող բյուջետային կամ ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացվում է ֆինանսական հսկողություն «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:

Հոդված. 82.2. Իրավական եւ մասնագիտական հսկողության մարմինները

1. Իրավական եւ մասնագիտական հսկողություն իրականացնող մարմինները մարզպետներն են, իսկ Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետը /այսուհետ` մարզպետ/, որոնք իրականացնում են իրավական ու մասնագիտական հսկողություն համայնքի ղեկավարի պարտադիր եւ պետության պատվիրակած լիազորությունների եւ համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ:

2. Իրավական հսկողության բարձրագույն մարմինը համայնքում կարող է իրականացնել իրավական հսկողություն համայնքի ղեկավարի պարտադիր եւ պետության պատվիրակած լիազորությունների եւ համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նակատմամբ:

Իրավական հսկողության բարձրագույն մարմինը սահմանվում է կառավարության կողմից:

3. Պետության պատվիրակած յուրաքանչյուր լիազորության իրականացման նկատմամբ
մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինը այն պետական մարմինն է, որի իրավասության մեջ է մտնում այդ լիազորությունը:

4. Մասնագիտական հսկողություն բարձրագույն մարմինները համայնքում պատվիրակված լիազորությունների նկատմամբ մասնագիտական եւ իրավական հսկողություն կարող են իրականացնել բացառիկ դեպքերում` բարձրագույն իրավական հսկողություն իրականացնող մարմնի գրավոր համաձայնությամբ, նրա կամ մարզպետի պահանջով:

5. Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ իրավական հսկողություն իրականացնող բարձրագույն մարմինն արդարադատության նախարարությունն է:

6. Մարզպետի, իրավական հսկողության բարձրագույն մարմնի եւ մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինների կողմից վարչական հսկողության իրականացման ընթացքում ձեռնարկվող միջոցներն սահմանվում են բացառապես օրենքով:

Հոդված 82.3. Վարչական հսկողության կանխարգելիչ (պրեվենտիվ) միջոցները

1. Մարզպետը, իրավական հսկողության բարձրագույն մարմինը եւ մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները պարտավոր են խորհրդատվություն մատուցել տեղական ինքնակառավարման մարմիններին իրենց պարտադիր եւ պատվիրակած լիազորությունների իրականացման հարցերով:

2. Իրավական հսկողության բարձրագույն մարմինը պարտավոր է տեղական ինքնակառավարման մարմնի պահանջով պարտադիր լիազորությունների հետ կապված տալ պաշտոնական պարզաբանումներ »Իրավական ակտերի մասին« Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինը պարտավոր է տեղական ինքնակառավարման մարմնի պահանջով պատվիրակված լիազորությունների հետ կապված տալ պաշտոնական պարզաբանումներ »Իրավական ակտերի մասին« Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 82.4 Վարչական հսկողություն իրականացնող մարմինների տեղեկություններ եւ փաստաթղթեր ստանալու իրավունքը

Մարզպետը, իրավական հսկողության բարձրագույն մարմինը, ինչպես նաեւ սույն օրենքի 82.2-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները իրավասու են ծանոթանալ տեղական ինքնակառավարման մարմիններում հսկողության ոլորտին առնչվող փաստաթղթերին: Նրանք կարող են այցելել տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքին պատկանող բոլոր հաստատությունները, ստուգել նրանց գործողությունների եւ անգործության իրավաչափությունը, ինչպես նաեւ պահանջել դրանց հետ կապված փաստաթղթեր:

Իրավական հսկողության բարձրագույն մարմինը եւ մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները սույն օրենքի 82.2-րդ հոդվածով նախատեսված դեպքերում համայնքի ղեկավարի պարտադիր եւ պետության պատվիրակած լիազորությունների եւ համայնքի ավագանու լիազորությունների իրականացման օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում են սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 82.5. Վարչական հսկողություն իրականացնելիս կիրառվող միջամտող միջոցառումները

1. Համայնքի ավագանու օրենսդրությանը հակասող որոշումները փոփոխելու համար մարզպետը համայնքի ղեկավարին առաջարկում է այդ հարցով եռօրյա ժամկետում հրավիրել ավագանու արտահերթ նիստ իսկ մարզպետի առաջարկությունը համայնքի ղեկավարին հանձնելու պահից համայնքի ավագանու բողոքարկվող որոշման գործողությունը կարող է կասեցվել մարզպետի որոշմամբ մինչեւ 14 օր ժամկետով, եթե բողոքարկվող որոշումը դեռեւս չի կատարվել եւ եթե բողոքարկվող որոշման կատարումն հնարավոր է հետաձգել:

Մարզպետի պահանջով հրավիրվող նիստում որոշումը չփոփոխելու կամ ավագանու նիստը չկայանալու դեպքում մարզպետն իրավունք ունի որոշումն բողոքարկել դատական կարգով:

2. Համայնքի ղեկավարի օրենսդրությանը կամ համայնքի ավագանու որոշումներին հակասող որոշումները փոփոխելու նպատակով մարզպետն իրավունք ունի դիմել համայնքի ղեկավարին: Մարզպետի դիմումը համայնքի ղեկավարին հանձնելու պահից համայնքի ղեկավարի բողոքարկվող որոշման գործողությունը կարող է կասեցվել մարզպետի որոշմամբ մինչեւ 14 օր ժամկետով, եթե բողոքարկվող որոշումն դեռեւս չի կատարվել, եւ եթե բողոքարկվող որոշման կատարումն հնարավոր է հետաձգել:

Մարզպետի դիմումն ստանալու օրվանից հետո եռօրյա ժամկետում համայնքի ղեկավարը պարտավոր է քննարկել մարզպետի դիմումը եւ դրա վերաբերյալ կայացնել իր բողոքարկվող որոշումը օրենսդրությանը կամ համայնքի ավագանու որոշումներին համապատասխանեցնելու կամ մարզպետի դիմումը չընդունելու մասին որոշում: Իր որոշումը համայնքի ղեկավարը պարտավոր է անհապաղ ուղարկել մարզպետին: Եռօրյա ժամկետում համայնքի ղեկավարի կողմից բողոքարկվող որոշումն օրենսդրությանը կամ համայնքի ավագանու որոշումներին չհամապատասխանեցնելու դեպքում մարզպետը կարող է բողոքարկվող որոշումն անվավեր ճանաչելու հայցող դիմել դատարան:

3. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում մարզպետն իրավունք ունի նրանց առաջարկել իր կողմից սահմանված ժամկետում վերացնել խախտումները: Իր կողմից սահմանված խելամիտ ժամկետում խախտումները չվերացնելու դեպքում մարզպետն իրավունք ունի տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ կամ կարող է դիմել դատարան` համայնքին համապատասխան գործողություն կատարելու պարտավորեցնելու հայցով:

4. Եթե տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետեւանքով ուղղակի վտանգ է սպառնում անձանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին, ապա մարզպետը վերահսկողության ընթացքում կամ համապատասխան ահազանգ ստանալու դեպքում պարտավոր է իր միջոցներով վերացնել այդ վտանգը նախօրոք այդ մասին ծանուցելով տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնին: ՈՒղղակի վտանգի փաստը պետք է հաստատվի տվյալ բնագավառի լիազոր մարմնի կողմից:

Սույն մասով մարզպետի կողմից կատարված աշխատանքների պետք է հատուցվեն համայնքի միջոցներից այն չափով որքանով դրանք կլինեն համաչափ եւ չեն գերազանցի վտանգը չվերացնելու դեպքում պատճառվելիք գույքային վնասի չափը:

5. Մարզպետը, ինչպես նաեւ մասնագիտական հսկողության բարձրագույն մարմիններն` որպես մասնագիտական հսկողություն իրականացնող մարմին, իրավունք ունեն համայնքի ղեկավարին գրավոր ցուցումներ տալ նաեւ պատվիրակված լիազորությունների իրականացման ձեւի եւ բովանդակության վերաբերյալ: Այդ ցուցումը կարող է տրվել ինչպես առանձին համայնքի ղեկավարին, այնպես էլ բոլոր համայնքների ղեկավարներին:

6. Մարզպետը, իրավական հսկողության բարձրագույն մարմինը, ինչպես նաեւ սույն օրենքի 82.2-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում մասնագիտական հսկողության բարձրագույն մարմիններն իրենց իրավասության սահմաններում իրավունք ունեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառել օրենսդրության պահանջները խախտած համայնքի ղեկավարի նկատմամբ, ինչպես նաեւ նրանց պահանջել օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառել օրենսդրության եւ իրավական այլ ակտերի պահանջները խախտած իր աշխատակիցների, ենթակա հիմնարկների կամ կազմակերպությունների ղեկավարների նկատմամբ:

7. Մարզպետի, իրավական հսկողության բարձրագույն մարմնի, ինչպես նաեւ սույն օրենքի 82.2-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինների կողմից կիրառվող բոլոր միջամտող միջոցառումները պետք է լինեն գրավոր եւ հիմնավորված:

Հոդված. 82.6. Վարչական հսկողության միջոցառումների բողոքարկումը

Մարզպետի, իրավական հսկողության բարձրագույն մարմնի, մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինների գործողությունը կամ անգործությունը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կարող են բողոքարկվել դատարան:»: