Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 1998թ հուլիսի 1-ի թիվ ՀՕ-245 օրենքի այսուհետ` Օրենք/ 27-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար նյութեր նախապատրաստելիս դատախազն իրավունք ունի`
1) պետական մարմիններից պահանջել նորմատիվ եւ այլ իրավական ակտեր, փաստաթղթեր եւ այլ տեղեկություններ,
2) պետական մարմինների պաշտոնատար անձանցից ստանալ բացատրություններ, քաղաքացիներից` պարզաբանումներ,
3) անհրաժեշտության դեպքում պետական մարմիններում, դրանց ենթակա կազմակերպություններում ստուգել պետական շահերի խախտումների մասին հայտարարություններում շարադրված հանգամանքները,
4) պետական մարմինների եւ կազմակերպությունների ղեկավարներին առաջարկել կատարելու ստուգումներ, մասնագիտական փորձաքննություններ եւ ներկայացնել բացատրություններ.
5) պետական մարմիններում, դրանց ենթակա կազմակերպություններում կատարել ստուգումներ եւ նշանակել փորձաքննություններ»:
Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.
Դատախազը տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց ենթակա կազմակերպություններում պետական շահերի խախտումների մասին հայտարարություններում շարադրված հանգամանքները ստուգելու, ստուգման արդյունքում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար նյութեր նախապատրաստելու նպատակով իրավունք ունի.
1/ տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց ենթակա կազմակերպություններից պահանջել նորմատիվ եւ այլ իրավական ակտեր, փաստաթղթեր եւ այլ տեղեկություններ.
2/ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա կազմակերպությունների ղեկավարներին առաջարկել կատարել ստուգումներ, մասնագիտական փորձաքննություններ եւ ներկայացնել բացատրություններ.
3/ տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց ենթակա կազմակերպություններում կատարել ստուգումներ եւ նշանակել փորձաքննություններ»: