Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-430-25.11.2004-ՖՎ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ ՄԵԼԻՈՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքով կարգավորվում են հողերի բերրիության պահպանության եւ բարձրացման, հողատարումից եւ աղակալումից պաշտպանման, գյուղատնտեսական շրջանառության մեջ սակավ բերրի հողերի ընդգրկման նպատակով գյուղատնտեսական հողերի մելիորացիայի հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները՝

գյուղատնտեսական հողերի մելիորացիա (այսուհետ՝ մելիորացիա)՝ ջրային, օդային ու ջերմային անբարենպաստ ռեժիմներ, անբավարար քիմիական եւ ֆիզիկական հատկանիշներ ունեցող հողերի արմատական բարելավում` հիդրոտեխնիկական, կուլտուրտեխնիկական, քիմիական, ագրոտեխնիկական եւ այլ մելիորատիվ միջոցառումներ իրականացնելու միջոցով, այդ հողերը գյուղատնտեսական շրջանառության մեջ ներառելու նպատակով.

հողերի արմատական բարելավում` ոչ բերրի կամ սակավ բերրի հողերի բերրիության վերականգնում.

մելիորացվող հողեր՝ հողեր, որոնց սակավ բերրիությունը բարելավվում է մելիորատիվ միջոցառումների իրականացման շնորհիվ.

մելիորացված հողեր՝ հողեր, որոնց վրա իրականացվել են մելիորատիվ միջոցառումներ.

մելիորատիվ հողեր՝ մելիորացվող, ինչպես նաեւ մելիորացիայի ենթակա հողեր.

մելիորատիվ համակարգեր՝ հիդրոտեխնիկական կառուցվածքների համակարգ, որն ապահովում է հողի ջրային, աղային, օդային, ջերմային եւ սնուցման օպտիմալ ռեժիմները, եւ հակահողատարային ու դաշտապաշտպան անտառաշերտեր.

մելիորատիվ միջոցառումներ՝ մելիորարատիվ համակարգերի շինարարություն, վերանորոգում, վերականգնում եւ շահագործում, ջրարբիացման իրականացում, հակահողատարային եւ դաշտապաշտպան անտառաշերտերի հիմնում, հողի ֆիզիկական եւ ագրոքիմիական հատկանիշների բարելավմանն ուղղված աշխատանքներ, այդ աշխատանքների գիտական եւ արտադրատեխնիկական ապահովում:

Հոդված 3. Մելիորացիայի մասին օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետությունում մելիորացիայի բնագավառում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով (այսուհետ՝ ջրային օրենսգիրք), օրենքներով եւ իրավական այլ ակտերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքում, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 4. Մելիորացիայի տեսակները

Մելիորատիվ միջոցառուների բնույթից ելնելով տարանջատվում են մելիորացիայի հետեւյալ տեսակները.

հիդրոտեխնիկական մելիորացիա` մելիորատիվ միջոցառումների համակարգ, որը նպատակաուղղված է բարելավելու չորային, ճահճակալված, գերխոնավ, աղակալված, հողատարված, լվացված եւ այլ կարգի հողերի ջրային, աղային, օդային, ջերմային եւ սնուցման ռեժիմները` ոռոգում, ցամաքեցում, աղուտների աղազերծում եւ լվացում, հակասողանքային, հակահեղեղային, հակահողատարային եւ այլ մելիորատիվ միջոցառումներ իրականացնելու միջոցով.

ագրոտեխնիկական մելիորացիա` հողապաշտպան, ջրակարգավորիչ եւ այլ բնույթի մելիորատիվ միջոցառումների համակարգ, որն իրականացվում է հակահողատարային եւ դաշտապաշտպան անտառաշերտեր հիմնելու միջոցով.

կուլտուրտեխնիակական մելիորացիա` մելիորատիվ միջոցառումների համակարգ, որի նպատակն է հողերի մաքրումը քարերից, կոճղերից, բուսական ծածկույթից եւ այլ առարկաներից, հողերի ռեկուլտիվացիան եւ այլն.

քիմիական մելիորացիա` մելիորատիվ միջոցառումների համակարգ, որը նպատակաուղված է բարելավելու հողերի քիմիական եւ ֆիզիկական հատկանիշները` հատուկ քիմիական նյութեր կիրառելու միջոցով:

ԳԼՈՒԽ 2.

ՄԵԼԻՈՐԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

Մելիորացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ կառավարություն) իրավասություններն են`

1) պետական քաղաքականության որոշումը մելիորացիայի բնագավառում.

2) մելիորացիայի բնագավառը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի ընդունումը.

3) պետական սեփականության մելիորատիվ համակարգերի տիրապետումը, տնօրինումը եւ օգտագործումը.

4) մելիորատիվ միջոցառումների պետական ծրագրերի ընդունումը եւ դրանց իրականացման ապահովումը:

Հոդված 6. Լիազորված պետական մարմինների իրավասությունները

Մելիորացիայի բնագավառում կառավարության կողմից լիազորված պետական մարմինների իրավասություններն են.

1) ծրագրերի մշակումը եւ իրականացումը.

2) հողերի մելիորատիվ վիճակի մոնիտորինգի վարումը.

3) գրունտային ջրերի մակարդակների մոնիտորինգի վարումը.

4) կոլեկտորադրենաժային ցանցերի շահագործման կազմակերպումը.

5) մելիորատիվ միջոցառումների ծրագրավորումը.

6) մելիորատիվ համակարգերի անձնագրավորումը.

7) մելիորատիվ հողերի հաշվառման եւ մոնիտորինգի կազմակերպումը.

8) մելիորացիայի բնագավառի ստանդարտներ եւ նորմեր սահմանող իրավական ակտերի նախագծերի կառավարության քննարկմանը ներկայացումը:

ԳԼՈՒԽ 3.

ՄԵԼԻՈՐԱՏԻՎ ՀՈՂԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ, ՄԵԼԻՈՐԱՏԻՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 7. Մելիորատիվ հողերի հաշվառումը եւ մոնիտորինգը

Մելիորատիվ հողերի հաշվառումը եւ մոնիտորինգը համարվում են հողերի հաշվառուման եւ մոնիտորինգի պետական համակարգի բաղկացուցիչ մասը:

Մելիորատիվ հողերի հաշվառման եւ մոնիտորինգի իրականացման կարգը սահմանում է կառավարությունը:

Հոդված 8 . Մելիորատիվ համակարգերի անձնագրավորումը

Մելիորատիվ համակարգերը ենթակա են անձնագրավորման:

Մելիորատիվ համակարգի կամ համակարգում ընդգրկված առանձին հիդրոտեխնիկական կառուցվածքի համար կազմվում է անձնագիր, որը պարունակում է տվյալներ՝ մելիորատիվ համակարգի, հիդրոտեխնիկական կառուցվածքի տեխնիկական բնութագրերի եւ վիճակի, ինչպես նաեւ դրանց անօտարելի գոտիների մասին:

Մելիորատիվ համակարգի եւ հիդրոտեխնիկական կառուցվածքի անձնագրավորման կարգը սահմանում է կառավարությունը:

Հոդված 9. Մելիորատիվ համակարգերի շինարարության, վերականգնման եւ վերանորոգման նախագծային եւ նախահաշվային փաստաթղթերի փորձաքննությունը

Մելիորատիվ համակարգերի շինարարության եւ վերականգնման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փորձաքննությունն իրականացվում է օրենքով եւ այլ նորմատիվ-իրավական ակտերով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 4.

ՄԵԼԻՈՐԱՏԻՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 10. Մելիորատիվ միջոցառումների իրականացումը

Մելիորատիվ միջոցառումները կարող են իրականացվել միայն հողամասերի սեփականատիրոջ կամ նրա կողմից լիազորված անձի համաձայնությամբ:

Հողամասերի սեփականատերերի կամ օգտագործման իրավունք ունեցող անձանց պատվերով մելիորատիվ միջոցառումների ծրագրավորման դեպքում մելիորացիայի տեսակները եւ իրականացման ծավալները որոշվում են կառավարության կողմից սահմանվող նորմերին, ստանդարտներին եւ կանոններին համապատասխան:

Մելիորացիայի տեսակը որոշվում է՝ հաշվի առնելով մելիորացվող տարածքի բնակլիմայական առանձնահատկությունները եւ գյուղատնտեսության կարիքները:

Հոդված 11. Մելիորատիվ միջոցառումների իրականացման նպատակով հողերի օգտագործման կարգը

Մելիորացիայի ենթակա հողերը մելիորատիվ միջոցառումների անցկացման ամբողջ ժամանակահատվածում, հողամասի սեփականատիրոջ կամ նրա լիազորված անձի եւ մելիորացիա իրականացնողի միջեւ կնքված պայմանագրի համաձայն, հատկացվում են մելիորացիա իրականացնողին:

Հոդված 12. Մելիորացված հողերի օգտագործումը

Իրավասու մարմնի հետ կնքված պայմանագրի համաձայն պետական կամ համայնքային սեփականության հողամասերի վրա սեփական միջոցներով մելիորատիվ միջոցառումներ իրականացրած անձինք ձեռք են բերում այդ հողամասերն առանց մրցույթի վարձակալելու իրավունք:

Հոդված 13. Մելիորատիվ համակարգերի շահագործումը եւ պահպանումը

Մելիորատիվ համակարգերի շահագործումը եւ պահպանումն իրականացնում է սեփականատերը եւ/կամ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման, տիրապետման իրավունք ստացած անձը:

Հոդված 14. Մելիորատիվ համակարգերի պաշտպանությունը

Ցանկացած շինանարություն, որը կատարվել է մելիորացվող (մելիորացված) հողերի վրա եւ չի նախատեսված մելիորատիվ միջոցառումների ծրագրով, չպետք է վատթարացնի մելիորացվող (մելիորացված) հողերի ջրային, աղային, օդային, ջերմային եւ սնուցման ռեժիմները, ինչպես նաեւ խոչնդոտի մելիորատիվ համակարգերի շահագործմանը:

Հոդված 15. Մելիորատիվ միջոցառումների իրականացման բնապահպանական եւ էներգետիկ անվտանգության պահանջները

Մելիորատիվ միջոցառումների իրականացումը չպետք է բացասական ազդեցություն ունենա շրջակա միջավայրի վիճակի վրա:

Մելիորատիվ միջոցառումների իրականացումը չպետք է խախտի էներգետիկական տեղակայանքների բնականոն աշխատանքը կամ հանգեցնի դրանց վնասմանը:

Մելիորատիվ միջոցառումներն իրականացվում են՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության ջրային, հողային, էներգետիկայի, անտառային եւ բնապահպանական ոլորտների օրենսդրության պահանջները:

ԳԼՈՒԽ 5.

ՄԵԼԻՈՐԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԼԻՈՐԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 16. Մելիորացիայի բնագավառում առաջացած վեճերի լուծումը

Ֆիզիկական եւ/կամ իրավաբանական անձանց միջեւ մելիորացիայի բնագավառում առաջացած վեճերը լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ դատական կարգով:

ԳԼՈՒԽ 6.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 17. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից երեք ամիս հետո:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գյուղատնտեսական հողերի մելիորացիայի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

«Գյուղատնտեսական հողերի մելիորացիայի մասին» ՀՀ օրենքի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ պարբերության պահանջից:

Օրենքի անվանման փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Ոռոգման ջրի եւ մելիորատիվ հողերի մասին» անվանումից չի ակնկալվում բնագավառը կարգավորող խնդիրների ամբողջությունը. ռոգման ջուրը, որպես այդպիսին, հանդիսանում է ոռոգման (վերջինս էլ՝ հողերի մելիորացիայի) բաղադրիչներից մեկը, իսկ մելիորատիվ հողը մելիորատիվ միջոցառումների օբյեկտն է:

Համատեղ նեկայացվում է նաեւ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: