Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 10-րդ հոդվածի 20-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«20) «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրում է ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության իրականացման իրավունք.»:
Հոդված 2. Օրենսգրքի 37.1-ին հոդվածում`
1) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեությունը ծանուցման ենթակա գործունեության տեսակ է: Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության ծանուցումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետեւելու տեխնիկական սարքավորումների տեղադրման եւ օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: