Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-117-18.08.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց մասին» Հայաստանի Հանրապետության՝ 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ պարբերության՝ «օրենքով նախատեսված դեպքերի» բառակապակցությունը փոխարինել «սույն օրենքի 48-րդ հոդվածով եւ օրենքով նախատեսված այլ դեպքերի» նախադասությամբ։

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։ 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները

«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը հստակ սահմանում է այն անձանց շրջանակը, ովքեր առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր անարգել ելքի եւ մուտքի իրավունք ունեն եւ նման իրավունք վերապահված է նաեւ ԱԺ պատգամավորին։ Ու չնայած նույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ պարբերությունը սահմանում է, որ կալանավորված կամ ձերբակալված անձանց տեսակցությունները քննության շահերից ելնելով կարող են արգելվել վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, եւ ակնհայտ է, որ 48-րդ հոդվածով սահմանված են հենց նման դեպքեր, անձանց շրջանակ, որոնց հետ ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունները չի կարելի արգելել, որովհետեւ օրենքը նրանց օժտել է ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր անարգել, այսինքն՝ առանց որեւէ արգելքի մուտքի եւ ելքի իրավունքով, քրեկատարողական հիմնարկների վարչակազմերը հաճախ այլ կերպ են մեկնաբանում օրենքը եւ մասնավորապես արգելում են ԱԺ պատգաամավորների տեսակցությունները ձերբակալված կամ կալանավորված այն անձանց հետ, որոնց նկատմամբ տեսակցությունների արգելքի որոշում է կայացված նախաքննության մարմնի կողմից։ Սա հանգեցնում է ԱԺ պատգամավորի գործունեության արհեստական եւ ոչ իրավաչափ խոչընդոտների։

Առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվում է հստակեցնել իրավիճակը եւ արձանագրել, որ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածում նշված անձանց շփումը ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ որեւէ պարագայում չի կարելի արգելել։

Ակնկալվող արդյունքները

Օրենքի ընդունման արդյունքում ԱԺ պատգամավորների գործունեության առաջ վերոնշյալ ձեւով հարուցվող խոչընդոտը կվերացվի, իրավակիրառ պրակտիկայում կվերանա օրենքի տարաբնույթ մեկնաբանության հնարավորությունը, ձերբակալված կամ կալանավորված անձինք իրենց իրավունքները առավել արդյունավետ պաշտպանելու հնարավորություն կունենան։ 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 
N-98-023
«16» օգոստոսի, 2017թ.

    ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին

Հարգելի պարոն Բաբլոյան.

ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածների համաձայն ներկայացնում ենք «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։
Հիմնական զեկուցող՝ Նիկոլ Փաշինյան։

Կից ներկայացնում ենք՝

- ««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը,

- նախագծի ընդունման հիմնավորումը,

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացնում ենք օրենքում առաջարկվող փոփոխությունը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ։

Կանխավ շնորհակալ ենք։